Փոքրիկ, խղճուկ գազանիկը թաքնվեց սարդի փորի տակ: Գազազած հրեշը ոչ մի կերպ չէր կարողանում խոցել նրան ո՛չ խայթով, ո՛չ ճիրաններով: Սարդի հսկայական փորը ճոճվում էր Սեմի գլխավերևում և սարսափելի գարշահոտություն արձակում: Հոբիթը քիչ էր մնում գիտակցությունը կորցներ, սակայն զսպեց իրեն և, թափ հավաքելով, թրատեց հրեշի փորը:
Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել՝ պատվելով հաստացել, բազմաթիվ նողկալի շերտերովշերտեր աճեցրել: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր թուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական թրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, որը նա այդքան սիրում ու պահպանում էր: Դող անցավ սարդի մարմնով: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան վրա: Հրեշը նայում էր հոբիթին. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, իսկ ծնոտներից թունավոր լորձ էր կախված: Նա չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել ու մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլև սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:
Բռնկվելով ասես Սեմի անկոտրում ոգուց՝ անոթը ջահի պես բոցավառվեց նրա ձեռքում, շողշողաց ինչպես ընկնող աստղը՝ ցրելով խավարը իր կուրացուցիչ ճառագայթներուվ: Շելոբն այդպիսի ահեղ երկնային կրակ երբեք չէր տեսել: Ճառագայթներն այրում էին վիրավոր աչքը և անտանելի ցավ պատճառում, մյուս աչքը, թվում էր նրան՝ կուրացել է: Նա նահանջեց, նստեց հետևի ոտքերի վրա և սկսեց անօգնական թափահարել արջևի ոտքերը՝ փորձելով պաշտպանվել այրող լույսից: Սարդի աչքերը բզկտում էին ներքին կայծակները, միտքը հոգևարքի մեջ էր: Թաքցնելով հաշմված գլուխը՝ նա շրջվեց ու դանդաղ, ճիրաններով կառչելով քարերից, սողաց դեպի թունելի սև անցքը:
Սեմը հետևեց նրան: Նա հարբածի պես օրորվում էր, բայց շարունակում էր գնալ: Պարտված Շելոբը վախից դողալով շտապ հեռանում էր՝ աշխատելով որքան հնարավոր է արագ ազատվել թշնամուց: Վերջապես նա հասավ որջի բերանին և, քարերի վրա դեղնակարմիր լորձի հետք հետքեր թողնելով, ծանր մարմինը խցկեց ներս: Սեմը հասցրեց ևս մեկ անգամ թրով հարվածել նրա հետևի ոտքերին: Եվ անզգայացած ընկավ:
Շելոբն անհետացավ: Թե ինչ պատահեց նրան հետագայում, քանի տարի պառկեց նա իր որջում՝ բուժելով վերքերը փրկարար խավարով, աճեցին արդյոք նորից նրա աչք-ողկույզները, ե՞րբ սովը դուրս քշեց նրան որջից և ստիպեց կրկին սարդոստայններ հյուսել Մթամած Լեռների կիրճերում ու ձորերում՝ այդ մասին տարեգրությունները լռում են:
Սեմը մնաց մենակ: Մթնշաղն արդեն խտանում էր անիծյալ երկրում, երբ նա ուշքի եկավ ու հոգնած ոտքերը քարշ տալով վերջապես հասավ այնտեղ, որտեղ անշարժ պառկած էր տերը:
Պատասխան չկար:
Նա արագ կտրատեց Ֆրոդոյի մարմինը պարուրած սարդոստայնը, ականջը դրեց տիրոջ կրծքին, հետո բերանին, բայց կենդանության ոչ մի նշան չհայտնաբերեց. Ֆրոդոյի սիրտը չէր բաբախում, շուրթերը քարացել էին: Սեմը սկսեց շփել երկար շփեց տիրոջ սառած ձեռքերն ու ոտքերը, ապա հետո ձեռքը դրեց նրա ճակատին:
— Ֆրոդո, պարո՛ն Ֆրոդո, տեր իմ,— թախանձեց նա,— մենակ մի՛ թողեք ինձ: Այդ ես եմ, ձեր Սեմը, պատասխանեք, մի՛ գնացեք առանց ինձ էնտեղ, ուր ես չեմ կարող գալ ձեզ հետ: Արթնացեք, թանկագին տեր իմ, պարոն Ֆրոդո, արթնացեք, խնդրու՛մ եմ:
Սեմը կատաղեց: Նա վեր թռավ տեղից և թուրն անկանոն տարուբերելով օդում սկսեց խելագարի պես վազվզել տիրոջ մարմնի շուրջը՝ ջարդելով քարերն ու անիծելով ողջ աշխարհը: Հետո հանգստացավ, կռացավ Ֆրոդոյի վրա, երկար նայեց նրա գունատ դեմքին՝ և հանկարծ հասկացավ, որ տեսնում է այն, ինչը մի ժամանակ տեսել էր Գալադրիելի հայելու մեջ. մահացու գունատ Ֆրոդոն ամուր քնած է հսկայական սև ժայռի տակ: Համենայն դեպս այն ժամանակ նա մտածեց, որ տերը քնած է, բայց իրականում...
— Նա մահացել է,— ասաց Սեմը: — Այն ժամանակ հայելու մեջ տերը քնած չէր: Նա մեռա՛ծ էր:
Այդ խոսքերն ասես թույն ավելացրին Ֆրոդոյի արյան մեջ, և Սեմին թվաց, թե նրա դեմքն աստիճանաբար կանաչում է:
Սև հուսահատություն պատեց Սեմին: Նա կռացավ, ճակատը հենեց գետնին ու մոխրագույն գլխանոցը քաշեց գլխին. հոբիթի սրտում գիշեր տիրեց, և նա ընկավ մոռացության գիրկը:
Երբ վերջապես սև մութը նահանջեց, Սեմը բարձրացրեց գլուխն ու հասկացավ, որ դեռ գիշեր է: Բայց քանի րոպե կամ ժամ էր անցկացրել մոռացության մեջ, նա չգիտեր: Պառկած էր նա նույն տեղում, և կողքին էլ առաջվա պես պառկած էր մեռած Ֆրոդոն: Լեռները չէին փլուզվել, գետինը չէր ճեղքվել, քարերը չէին վերածվել փոշու:
— Ի՞նչ անեմ ես հիմա, ի՞նչ անեմ,— տնքաց նա: — Ուրեմն էս ամբողջ ճանապարհը, որ անցանք միասին, իզու՞ր էր: