|աղբյուր = Կարել Չապեկ
}}
― Րե՛, Մերի, րե՛, ―Մեքենայաբար կրկնում է Օլգան։ Աղջիկը ռոյալի վրա տհաճությամբ նվագում է թեթև մի էտյուդ, որ նրանք ահա երկու շաբաթ է արդեն, ինչ կրկնում են, բայց գործը տեղից ավելի ու ավելի վատ է առաջ գնում։ Այդ անտանելի մանկական եղանակը նույնիսկ քնի մեջ հետապնդում է Օլգային։
― Րե՛, Մերի, այ լսեցեք։ Դո, րե, սոլ, րե, ―
թույլ ձայնով երգում է Օլգան ու նվագակցում ռոյալի վրա։ ― Ավելի ուշադիր եղեք․ դո, րե, սոլ, րե․․․ Ոչ, Մերի, րե՛, րե՛։ Ինչո՞ւ եք շարունակ «մի» վերցնում։
Մերին չգիտի, թե ինչու է սխալվում, հիշում է միայն մի բան՝ հարկավոր է նվագել։ Աչքերում ատելություն կա, ոտքով հարվածում է աթոռին և ահա ուր որ է կփախչի «պապա՛»֊ի մոտ։ Առայժմ աղջնակը «րե»֊ի փոխարեն համառորեն վերցնում է «մի»։ Այլևս չհետևելով նվագին, Օլգան հոգնած նայում է պատուհանից դուրս։ Այգում արև է, վիթխարի ծառերն օրորվում են տաք քամուց․ սակայն այգում էլ ազատություն չկա, ինչպես չկա նաև այգու հետևի հաճարի արտերում։ Ա՛խ, ե՞րբ կգա դասի վերջը։ Եվ նորից «մի», «մի», «մի»․․․
― Րե՛, Մերի, րե՛, ― հուսահատորեն կրկնում է Օլգան ու հանկարծ պայթում․ ― Դուք երբեք նվագել չեք սովորի։
Աղջնակն ուղղվում է տեղում ու ամբարտավան հայացքով չափում տնային դաստիարակչուհուն։
― Մադեմաուզել, ինչո՞ւ այդ բանը չեք ասում պապա՛յի ներկայությամբ։
Օլգան շրթունքն է կծում։
― Դե նվագեցե՛ք, ― բացականչում է նա անհարկի խստությամբ, որսում աղջնակի թշնամական հայացքը և սկսում բարձրաձայն ու ջղային տոնով հաշվել․
― Մեկ, երկու, երեք, չորս։ Մեկ, երկու, երեք, չորս։ Դո, րե, սոլ, րե․․․ Վատ է։ Մեկ, երկու, երեք, չորս․․․
Հյուրասենյակի դուռը կիսաբացվեց։ Այդ, անշուշտ, ծեր կոմսն է՝ կանգնել ու ականջ է դնում․․․ Օլգան իջեցնում է ձայնը․
― Մեկ, երկու, երեք, չորս։ Դո, րե, սոլ, րե։ Հիմա ճիշտ է․․․ (Ասենք, ճիշտ չէ, բայց ախր ծեր կոմսը կանգնած է դռան մոտ)։ Մեկ, երկու, երեք, չորս։ Հիմա լավ է։ Ախր դա այնքան էլ դժվար չի, այնպես չէ՞։ Մեկ, երկու․․․
Դուռը լայն բացվեց, ձեռնափայտը թխկացնելով ներս մտավ ծեր կոմսը։
― Քը՛խմ, Mari, wie gehte? Hast du schon gespielt!<ref>Մերի, գործերն ինչպե՞ս են։ Դու լավ նվագեցիր» (գերմ․)</ref> հը՞, մադեմաուզել։
― Օ՜, այո, ձերդ պայծառափայլություն, ― փութով հաստատեց Օլգան, վեր կենալով ռոյալի մոտից։
― Mari, du hast Talent!<ref>Մերի, դու տաղանդ ես։ (գերմ․)</ref> ― բացականչեց կաղ ծերունին և հանկարծ, ― դա համարյա վանող տեսարան էր, ― ծանր֊ծանր ծունկի իջավ, այնպես որ հատակը ճռճռաց, և ինչ֊որ խանդաղատագին ոռնոցով սկսեց համբույրներ տեղալ իր զավակի վրա։
― Mari, du hast Talent, ― մռթմռթաց նա, բարձրաձայն չմփացնելով աղջնակի պարանոցին։ ― Du bist so gescheit! Sag' mal was soll dir dein Papa schenken?<ref>Դու այնպես խելոք ես, Մերի, այնպե խելոք։ Ասա քո հայրիկին, ի՞նչ նվիրի քեզ։ (գերմ․)</ref>
― Danke, nichts,<ref>Շնորհակալ եմ, ոչինչ։ (գերմ․)</ref> ― պատասխանեց Մերին, թեթևակի կծկվելով հայրական համբույրներից։ ― Ich mochte nur...<ref>Ես կուզեի միայն․․․(գերմ․)</ref>
― Was, was, mochtest du?<ref>Ի՞նչ, ի՞նչ կուզեիր։ (գերմ․)</ref> ― խանդավառությամբ թոթովեց կոմսը։
― Lch mochte nur nicht so viel Stunden haben,<ref>Ուզում եմ, որպեսզի դասերս քիչ լինեն։ (գերմ․)</ref> ― ասաց Մերին։
― Հա՛֊հա֊հա՛, դե, naturlich,<ref>Իհա՜րկե (գերմ.)</ref> ― ծիծաղեց հուզված հայրը։ ― Nein, wie geschhelt bist du!<ref>Ա՛խ, ի՜նչ խելոքն ես դու։ (գերմ․)</ref> Այնպես չէ՞ մադեմաուզել։
― Այո, ― կամացուկ ասաց Օլգան։
― Wie gescheit,<ref>Ի՜նչ խելոքն ես։ (գերն․)</ref> ― կրկնեց ծերունին և ուզեց վեր կենալ։ Օլգան շտապեց օգնեու նրան։ ― Պետք չէ՛, ― խստորեն բղավեց կոմսը և, կանգնելով չորեքթաթ, փորձեց ինքը վեր կենալ։ Օլգան շուռ եկավ։ Այդ պահին հինգ մատներ ջղաձգորեն սեղմեցին նրա ձեռքը․ կառչելով Օլգային ու ամբողջ մարմնով հենվելով նրան, ծերունի կոմսը վեր բարձրացավ։ Օլգան քիչ մնաց վայր ընկներ այդ դժվարաշարժ, սարսափելի, անդամալույծ մարմնի ծանրության տակ։ Դա նրա ուժերից վեր էր։ Մերին ծիծաղեց։
Կոմսն ուղղվեց տեղում, պենսնեն դրեց քթին ու նայեց Օլգային այնպիսի մի տեսքով, ասես առաջին անգամ էր տեսնում նրան։
― Միսս Օ՞լգա։
― Please,<ref>Ի՞նչ եք կամենում։ (գերմ․)</ref> ― արձագանքեց աղջիկը։
― Miss Olga, you speak too much during the lessons; you confound the child with your eternal admonishing: You could make me the pleasure to be a little kinder:<ref>Միսս Օլգա, դուք դասի ժամանակ չափազանց շատ եք խոսում և ձեր անվերջ խրատներով շփոթում եք միայն երեխային։ Շնորհ արեք՝ ավելի սիրալիր լինել աղջկա հետ։ (անգլ․)</ref>
― Yes, sir,<ref>Այո, սեր։ (անգլ․)</ref> ― շշնջաց Օլգան, կարմրելով մինչև մազերի ծայրը։
Մերին հասկացավ, որ պապա՛ն կշտամբում է տնային դաստիարակչուհուն, և անտարբեր տեսք ընդունեց, ասես խոսակցությունն իրեն չէր վերաբերում։
― Եվ այսպես, ցտեսություն, մադեմաուզել, ― վերջացրեց կոմսը։
Օլգան խոնարհվեց և ուղղվեց դեպի ելքը, բայց ենթարկվելով վրեժխնդրության ծարավին, շուռ եկավ և աչքերը փայլեցնելով, նկատեց․
― Մերի, երբ ուսուցչուհին հեռանում է, հարկավոր է հրաժեշտ տալ։
― Ja, mein kind, das kennst du,<ref>Այո, մանկիկս, դա հայտնի է քեզ։ (գերմ․)</ref> ― բարեհաճորեն հաստատեց կոմսը։
Մերին քմծիծաղեց ու սրընթաց կնիքսեն արավ։
Դուրս գալով, Օլգան գլուխը բռնեց։ «Օ՜, աստված իմ, ես չեմ դիմանա, չեմ դիմանա սրան։ Ահա արդեն հինգ ամիսը լրացավ, և չի եղել մի օր, մի ժամ, որ նրանք ինձ չտանջեն․․․»
«Ոչ, քեզ ոչ ոք չի տանջում, ― կրկնում է նա, ձեռքերը սեղմելով քունքերին ու քայլելով զով հոլլում։ ― Դու նրանց համար օտար, վարձու մարդ ես, ոչ ոք քո մասին չի մտածում։ Նրանք բոլորն էլ այդպես են, մարդ ոչ մի տեղ այնպես միայնակ չէ, ինչպես ուրիշների մոտ ծառայելիս։ Իսկ Մերին չար աղջիկ է, ― անակնկալ միտք է ծագում Օլգայի գլխում, ― նա ատում է ինձ։ Նրան հաճույք է պատճառում ինձ տանջելը, և նա կարողանում է այդ անել։ Օսվալդը չարաճճի է, իսկ Մերին՝ չար․․․ Կոմսուհին գոռոզ է, իսկ Մերին՝ չար։ Եվ դա այն աղջիկն է, որին ես պետք է սիրեի։ Երեխա, որի հետ անց եմ կացնում ամբողջ օրեր։ Օ՜, տեր իմ, դեռևս քանի՛ տարի պետք է ապրեմ այստեղ։
Երկու աղախիններ միջանցքում քրքջում էին։ Օլգային տեսնելով, նրանք հանդարտվեցին ու բարևեցին նրան, նայելով ինչ֊որ մի կողմի վրա։ Օլգան մտքում նախանձեց, որ նրանք ծիծաղում են, ուզեց բարձրից մի բան հրամայել նրանց, բայց չգիտեր՝ ի՛նչ։ «Ապրել ծառաների սենյակում, այս աղջիկների հետ, ― մտածեց դաստիարակչուհին։ ― Սրանք այնտեղ մինչև կեսգիշեր հռհռում են, շաղակրատում, քաշքշում իրար։ Լակեյ Ֆրանցը սրանց հետ է․ տեսար մեկ մեկը ճղճղաց, մերթ մյուսը։ Ինչ զզվելի է այդ»։ Օլգան զզվանքով հիշեց երեկվա դեպքը․ իր ննջարանին կից դատարկ «հյուրերի» սենյակում նա պատահաբար Ֆրանցին բռնեց խոհանոցի աղջկա հետ։ Հիշեց Ֆրանցի հիմար քմծիծաղը, երբ կոճկվում էր․․․ Զայրույթով համակված, ուզեց իր փոքրիկ բռունցքով հարվածել լակեյին․․․
Նա դեմքը ձեռքերով ծածկեց։ «Ոչ, ոչ, ես չեմ դիմանա։ Դո, րե, սոլ, րե․․․ Դո, րե, սոլ, րե․․․ Այդ աղախինները գոնե զվարճանում են։ Նրանք այնպես մենակ չեն, հարկադրված չեն պարոնների հետ սեղան նստել, ամբողջ օրը շաղակրատում են, իսկ երեկոյան կամացուկ երգում էին բակում, ծեր լորենու տակ։
<poem>
․․․ Ա՛խ, սիրտս ցավում է, ցավում,
Արցունքը պատրաստ է հոսելու․․․
</poem>
Պատուհանի մոտ նստած, Օլգան լսում էր նրանց, աչքերը լի էին արտասուքով, և նա կամացուկ ձայնակցում էր աղախիններին։ Նա ամեն ինչ ներեց նրանց ու մտովի ամբողջ սրտով բարեկամության ձեռք պարզեց․ «Աղջիկներ, ախր ես էլ ձեզ նման լոկ սպասուհի եմ, և ձեզանից ամենադժբախտը»։
«Ամենադժբախտը, ― կրկնում էր նա, քայլելով հոլլում։ ― Ինչպե՞ս ասաց կոմսը։ «Միսս Օլգա, դասի ժամանակ չափազանց շատ եք խոսում և ձեր անվերջ խրատներով․․․ շփոթում եք միայն երեխային։ Շնորհ արեք՝ ավելի սիրալիր լինել աղջկա հետ»։
Օլգան կրկնում էր այդ ֆրազները բառ առ բառ, որպեսզի մինչև վերջ զգա դրանց դառնությունը։ Նա բռունցքները սեղմում էր, զայրույթից այրվելով ու տանջվելով։ Այո, դրանում էր իր թուլությունը․ ինքը խիստ լուրջ էր վերաբերվել դաստիարակչուհու դերին։ Նա այստեղ, դղյակ եկավ լի ոգևորությամբ, նախապես արդեն սիրահարված աղջնակին, որի դաստիարակությունը վստահել էին իրեն, ու խանդավառված անցավ դասերին․ ջանասեր էր, ճշտապահ, մշտապես պատրաստ։ Նա անսահմանորեն հավատում էր կրթության նշանակությանը, իսկ այժմ, այժմ ձանձրացող Մերիի հետ հազիվ մլուլ է տալիս թվաբանության և քերականության պարզագույն վարժություններում, մշտապես գրգռվում է, սեղանը մատներով թակում ու համարյա արցունքն աչքերին դուրս փախչում դասասենյակից, որտեղ մնում է իր հաղթանակը տոնող քմահաճ Մերին։
Սկզբում Օլգան փորձում էր խաղալ աղջնակի հետ։ Նա այդ բանն անում էր կենդանի հետաքրքրասիրությամբ, նույնիսկ հափշտակված, իսկ հետո հասկացավ, որ իսկապես խաղում է միայն ինքը, իսկ Մերին նայում է նրան պաղ, ձանձրացող ու ծաղրական հայացքով։ Համատեղ խաղերը վերջացան։ Օլգան ստվերի նման քարշ էր գալիս իր սանուհու ետևից, չիմանալով՝ ինչի մասին խոսել նրա հետ, ինչով զբաղեցնել նրան։ Այո, նա այստեղ էր եկել, լի սիրելու երկյուղած պատրաստակամությամբ, ներողամիտ ու համբերատար լինելու ցանկությամբ, իսկ հիմա նայեցեք նրա վառվող աչքերին, ականջ դրեք, թե սիրտն ինչպես է արագ ու ընդհատ բաբախում։ Այդ սրտի մեջ միայն տառապանք կա և ոչ մի կաթիլ սեր։ «Ավելի սիրալիր եղեք աղջնակի հետ», ― կրկնում է Օլգան ցնցվելով։ ― Օ՜, աստված իմ։ Ես դեռ ընդունա՞կ եմ սիրալիր լինելու»։
Օլգայի այտերը հուզմունքից այրվում էին, և նա դես ու դեն էր ընկնում ասպետական զենք ու զրահ հագած մանեկենների միջև, որոնք առաջ այնպես զվարճացնում էին նրան։ Գլխում հազարավոր առարկություններ էին ծնվում կոմսի խոսքերին, պատասխաններ նրա հանդիմանություններին, արժանապատվությամբ լի, վճռական ու հպարտ խոսքեր, որոնք այդ տանը մեկընդմիշտ անկախ վիճակ կստեղծեին նրա համար։ «Պարոն կոմս, ― կասեր նա, գլուխը վեր բարձրացնելով, ― ես գիտեմ, ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ Մերիին սովորեցնել լուրջ վերաբերվելու ողջ շրջապատին ու պահանջկոտ լինելու իր նկատմամբ, ուզում եմ նրանից այնպիսի մարդ պատրաստել, որն զգուշանում է սխալներից։ Բանը կեղծ նոտան չէ, ձերդ պայծառափայլություն, բանը կեղծ դաստիարակությունն է։ Ես կարող էի անտարբեր լինել Մերիի նկատմամբ ու չնկատել նրա թերությունները, բայց եթե սիրում եմ նրան, ապա խստապահանջ կլինեմ, ինչպես ինքս իմ նկատմամբ․․․»
Այդ մենախոսությունը մտովին արտասանելով, Օլգան ալեկոծվեց, աչքերը փայլատակում էին․ քիչ առաջվա վիրավորանքը դեռևս այրում էր սիրտը։ Նա թեթևություն զգաց, հաստատ որոշելով շուտով, հենց վաղն ևեթ խոսել կոմսի հետ։ Կոմսը վատ մարդ չէ, երբեմն մինչև իսկ մեծահոգի է և, բացի դրանից, այնպես է տանջվում։ Եթե միայն չլինեին նրա այդ դուրս պրծած, լուսավոր, սարսափելի աչքերն ու պենսնեի միջից նայող ծակող հայացքը․․․
Նա դուրս եկավ դղյակից։ Արևը կուրացնում էր նրան։ Հենց նոր ջրած սալարկը փայլում էր, գոլորշի արձակում։
― Մադեմաուզել, զգուշացե՛ք, ― բղավեց բեկվող տղայական մի ձայն և ֆուտբոլի թաց գնդակը չլմփաց Օլգայի սպիտակ շրջազգեստին։ Օսվալդը քրքջաց, բայց իսկույն էլ լռեց, նկատելով դժբախտ աղջկա վախը․ շրջազգեստն ամբողջովին ցեխոտվել էր։ Օլգան կիսաբարձրացրեց այն, ու լուռ արտասվեց։ Օսվալդը կարմրեց ու կմկմալով ասաց․
― Ես․․․ ես ձեզ չնկատեցի, մադեմաուզել․․․
― Bek your pardon, Miss,<ref>Ներողություն եմ խնդրում, միսս</ref> ― ավեացրեց Օսվալդի դաստիարակ միստր Քենեդին, որը սպիտակ վերնաշապիկով ու սպիտակ տաբատով պառկել էր մարգախոտերին։ Նա մի ոստյունով վեր թռավ տեղից, մի հատ հասցրեց Օսվալդի ծոծրակին ու նորից պառկեց։
Օլգան ոչինչ չէր տեսնում, բացի իր ցեխոտված շրջազգեստից ― նա այնպես էր սիրում այդ սպիտակ կոստյումը։ Առանց մի բառ ասելու, աղջիկը շուռ եկավ ու մտավ տուն, դժվարությամբ զսպելով արցունքները։
Երբ նա իր սենյակի դուռը բացեց, մի գունդ դեմ էր առել կոկորդին։ Այստեղ Օլգան զարմացած ու վախեցած կանգ առավ, չիմանալով, թե ինչ է կատարվում․ սենյակի մեջտեղում աթոռին բազմել էր կոմսուհին, իսկ սպասուհին խառնշտորում էր զգեստապահարանը։
― Ah, c'est vous,<ref>Ախ, այդ դո՞ւք եք (ֆրաս․)</ref> ― ասաց կոմսուհին, առանց նույնիսկ շուռ գալու։
― Oui, madame la comtesse,<ref>Այո, ձերդ պայծառափայլություն (ֆրանս․)</ref> ― դժվարությամբ պատասխանեց Օլգան, հազիվ շնչելով ու աչքերը լայն չռած։
Սպասուհին ամբողջ մի գիրկ շորեր դուրս հանեց։
― Ձերդ պայծառափայլություն, անկասկած, այստեղ չկա։
― Այդպես, լավ, ― պատասխանեց կոմսուհին և, ծանրորեն վեր բարձրանալով, ուղղվեց դեպի դուռը։ Տեղում քարացած Օլգան նույնիսկ մի կողմ չքաշվեց, որպեսզի ճամփա տա նրան։ Կոմսուհին կանգ առավ երեք քայլի վրա։
― Mademoiselle?
― Oui, madame?<ref>Այո, տիկին (ֆրանս․)</ref>
― Vous, n' attendez pas, peut-etre, gue je m'excuse?<ref>Գուցե սպասում եք՝ ներողությո՞ւն խնդրեմ (ֆրանս․)</ref>
― Non, non, medame,<ref>Ոչ, ոչ, տիկին (ֆրանս․)</ref> ― բացականչեց աղջիկը։
― Alors il n'y a pas pourguol me barrer la passage,<ref>Այդ դեպքում թույլ տվեք անցնել։ (ֆրանս․)</ref> ― ուժեղ ղադասելով, ասաց կոմսուհին։
― Ah, pardon, madame la comtesse,<ref>Ա՛խ, ներեցեք, ձերդ պայծառափայլություն (ֆրանս․)</ref> ― շշնջաց Օլգան ու մի կողմ քաշվեց։ Կոմսուհին և սպասուհին դուրս եկան։ Օլգայի թափռտած շորերը մնացին սեղանի ու անկողնու վրա։
Օլգան նստել էր աթոռին, ինչպես արձան։ Աչքերը չոր էին։ Նրան խուզարկում էին գող սպասուհու նման։ «Գուցե սպասում եք՝ ներողությո՞ւն խնդրեմ»։ Ոչ, ոչ, ձերդ պայծառափայլություն, աստված մի արասցե, ինչո՞ւ ներողություն խնդրել մի աղջկանից, որին ռոճիկ են վճարում։ Կարող եք խուզարկել նաև իմ գրպաններն ու դրամաքսակը, ահա, ու պարզել, թե ուրիշ ինչ եմ գողացել։ Ախր ես աղքատ եմ ու անկասկած ձեռքից անմաքուր․․․ Օլգան հայացքը բութ կերպով հառել էր հատակին։ Այժմ նրա համար պարզվեց, թե ինչու էր հաճախ իր սպիտակեղենն ու հագուստները գտնում անկարգ վիճակում։ «Իսկ ես նրանց հետ նստում եմ միևնույն սեղանին, աշխատում ուրախ լինել․․․» Անսահման նվաստացման զգացումը համակեց Օլգային։ Լայն չռած աչքերը հառելով իր առջև, նա ձեռքերը սեղմում էր կրծքին․ գլխում ոչ մի կապակցված միտք չկար, սիրտն էր միայն տանջալից կերպով բաբախում։
Ճանճը նստեց աղջկա սեղմված ձեռքերին, գլուխը շուռումուռ տվեց, ապա, թևիկները շարժելով, առաջ սողաց։ Օլգայի ձեռքերն առաջվա նման անշարժ էին։ Ժամանակ առ ժամանակ, ախոռից լսվում էր սմբակների թակոց կամ շղթայի զնգոց։ Բուֆետում շխկշխկացին ափսեները, ջրածիծառը ծղրտաց այգու վերևում, հեռվում, երկաթուղու ոլորանում, շոգեքարշը սուլեց։ Ճանճը ձանձրացավ նստելուց, թափ տվեց թևիկներն ու դուրս թռավ պատուհանից։ Դղյակում լիակատար լռություն տիրեց։
Մեկ, երկու, երեք, չորս․․․ Ժամը չորսն է։ Խոհարարուհին, բարձրաձայն հորանջելով, գնաց նախաճաշ պատրաստելու։ Ինչ֊որ մեկը վազեց բակի միջով, ջրհորի անիվը ճռնչաց, տանը թեթև կենդանություն առաջացավ։ Օլգան վեր կացավ տեղից, ձեռքը մեքենայորեն տարավ ճակատի վրայով ու սկսեց շորերը կանոնավոր կերպով ծալել֊դնել սեղանին։ Հետո թեքվեց դեպի կոմոդը, հանեց սպիտակեղենն ու դարսեց անկողնու վրա։ Իր գրքերը հավաքեց աթոռին և, երբ ամեն ինչ պատրաստ էր, կանգ առավ, ասես Երուսաղեմի ավերակների առաջ, ու ճակատը տրորեց․ «Իսկապես, ի՞նչ եմ ուզում։ Ինչո՞ւ եմ անում այս բանը»։
«Բայց ախր ես այստեղից գնում եմ, ― պատասխանեց ներքին պարզ ձայնը։ ― Հայտնում եմ, որ հեռանում եմ անհապաղ, և վաղն առավոտյան ժամը հինգի գնացքով մեկնում։ Ծերուկ Վավրիսը իրերս կայարան կհասցնի»։ ― Ոչ, այդպես չի կարելի, ― շփոթված ինքն իրեն առարկեց Օլգան։ ― Ո՞ւր գնամ։ Առանց աշխատանքի ի՞նչ պիտի անեմ»։ ― «Տուն կգնաս, տուն», ― պատասխանեց ներքին ձայնը, որն արդեն ամեն ինչ չափել֊ձևել էր։ «Մայրիկը, ճիշտ է, լաց կլինի, բայց հայրիկը հավանություն կտա իմ արարքին»։ ― «Ճիշտ ես արել, աղջիկս, ― կասի նա, ― պատիվը կուշտ փորից թանկ է»։ ― «Բայց, հայրիկ, ― մեղմ ու հպարտ ուրախությամբ առարկում է Օլգան, ― ես հիմա ի՞նչ պիտի անեմ»։ ― «Կգնաս ֆաբրիկայում աշխատելու, ― պատասխանում է այն ձայնը, որ ամեն ինչ որոշել է։ ― Կզբաղվես ֆիզիկական աշխատանքով, շաբաթը մեկ աշխատավարձ կստանաս։ Կսկսես տնտեսության մեջ օգնել մորդ, նա արդեն պառավ է և ոտ ու ձեռից ընկնում է, ― սպիտակեղենը կլվանաս, հատակը կմաքրես։ Երբ հոգնես, կարող ես հանգստանալ, սովածանաս՝ ուտելու մի բան կճարվի․․․ Տուն գնա, աղջիկս»։
Օլգան ուրախությունից նույնիսկ ձեռքերն է տարածում։ «Հեռանա՜լ, հեռանա՜լ այստեղից։ Վաղը երեկոյան տանը կլինեմ։ Եվ ինչո՞ւ միայն առաջ սիրտ չէի անում վճռելու։ Ինչպե՞ս եմ դիմացել այստեղ։ Նախաճաշից անմիջապես հետո կհայտնեմ հեռանալու մասին ու կգնամ տուն։ Երեկոյան իրերս կդասավորեմ, կոմսուհուն կբերեմ այստեղ, ցույց կտամ՝ այ, սա առնում եմ ինձ հետ, եթե այստեղ թեկուզ մի շյուղ ձերն է՝ վերցրեք։ Ձեր ունեցածից ինձ հետ տանում եմ ահա զգեստիս վրայի այս ցեխը»։
Ուրախ, կարմրած Օլգան հանեց վրայից կեղտոտված զգեստը։ «Վա՜ղը, վա՜ղը։ Կքաշվեմ վագոնի մի անկյունը, ոչ ոք ինձ չի էլ նկատի․․․ Կթռչեմ, ինչպես թռչնակը վանդակից»։ Չարաճճի տրամադրությունը համակեց նրան։ Սուլելով կապեց կարմիր փողկապը և, ժպտալով հայելուն, հպարտ, խառնված մազերով, ավելի բարձր սուլեց․ դո, րե, սոլ, րե, դո, րե, սոլ, րե․․․
Բակի միջով շտապ մարդիկ անցան․ դռան գոնգը հրավիրեց նախաճաշի։ Օլգան աստիճաններով ուղղվեց ներքև․ նա ուզում էր վերջին անգամ դիտել հետաքրքիր տեսարանը՝ կոմսի ընտանիքի հանդիսավոր մուտքը սեղանատուն։ Ահա ներս է մտնում ծեր, կաղ կոմսը, հենված լող֊լող Օսվալդի ուսին։ Հաստափոր, հիվանդագին կոմսուհին չարանում է Մերիի վրա ու ամեն րոպե ձգում նրա մազերին կապած ժապավենը։ Երթը եզրափակում է միստր Քենեդիի ատլետիկ ֆիգուրը, որի համար միանգամայն մեկ է, թե շուրջն ինչ է կատարվում։
Ծեր արիստոկրատը առաջինն է շտապում դեպի դռները, լայն բացում դրանք ու արտասանում․
― Madame?