Դիքերին կենդանիների նվիրաբերելը, մորթելով լինի, թե այրելով, պահանջվում է հատուկ անուն եթե ոչ բովանդակ պաշտամունքարանի, ապա գոնե նրա մի մասի համար (ինչպես մեր եկեղեցիներում էլ մատուռը և խորանը), և ասվում է <i>զոհարան ու զենարան</i>, գուցե և <i>սպանդարան</i>, որ ունի նույն կամ մոտ նշանակությունը (մորթելու տեղ) և որի պաշտամունքավարներին հատուկ եղավ Սպանդունիք անունն ու տոհմը, որոնց, ինչպես ասում է Խորենացին, Վաղարշակը կարգեց «ի վերայ Զենարանաց»։ Վանի բերդում փորված սենյակաձև քարայրներում, նույնպես և Դերջանում գտնվող Բագառիճում մինչև հիմա պատերի ներքևում երևում են խողովակակերպ նեղ ու երկար խորություններ, և կարծվում է, թե զոհերի արյունը թափելու համար են։ Տեսնողներից ոմանք կարծում են, որ պատերի վրա նշմարում են ցամացած արյան հետքեր։
===Բագին===
Երբեմն այսպես է անվանվում նույնիսկ մեհյանը, բայց սովորաբար՝ նրա գլխավոր մասը, ուր դրվում էին պաշտելին, կուռքը և զոհը, ինչպես մեր եկեղեցիների սեղանն է։ Բագինը երբեմն լինում էր նաև շարժական, այսինքն՝ սեղանն ու կուռքը մեկտեղ, փոքր ծածկով կամ առանց դրա վերցնելով, տեղից տեղ էին տանում, ինչպես քրիստոնյաներն էլ պատերազմի ժամանակ շարժական սեղաններ են տանում։ <i>Բագին</i> բառը շատ հին ազգերի մեջ է լսվում։ Օրինակ՝ սլավոնների Bog֊ը, որ «Աստված» է նշանակում, ըստ մեզ՝ դառնում է <i>բոգ</i> կամ <i>բագ</i>, որից էլ <i>հուր֊բագ</i>, հին պարսկերեն՝ <i>բագա</i> (ինչպես Պերսեպոլիսի բևեռագրերում), որից էլ՝ Բաջիստան կամ Բիհիստուն, այսինքն՝ Բագաստան լեռան անունը։ Հիշենք նաև հին հնդիկների գրքերի Բհագա (Bhaga) կոչված չաստվածին և Բհագավանին՝ նրանց Վիշնու և Շիվա չաստվածներին, նաև փռյուգիացիների Բագեոս կամ Բագվե մեծ չաստվածին, չինացիների, հնդիկների և ճապոնացիների <i>բագոտ</i> կամ <i>պագոտ</i> կոչվող մեհյանները։ Ասվածը ենթադրել է տալիս, թե նախքան պարթևների՝ Հայաստանին տիրելը այդ բառը ծանոթ էր մեր ազգակիցներին և սրանց ժամանակներում այլ պահլավերեն անունների հետ ավելի հաճախ գործածվեց, և իբրև օտար՝ Ագաթանգեղոսի թարգմանիչը հարկ է համարել բացատրել, թե Բագավան նշանակում է «դիքերի ավան», Բագահառիճ՝ «դիքերի գյուղ»։ Սասանյանների տիրապետության ժամանակ բագին կոչվեցին նաև պաշտելու կրակի սեղանները, որոնց վրայի մի փոքր փորվածքն էլ բավական էր կրակն ընդունելու համար, և ըստ այդմ՝ շինվում էին նաև փոքրիկ բագիններ՝ շարժական կամ կանգուն։
===Հաշտից տեղեր===
Զոհարանի նշանակությամբ, ըստ պարսկերեն <i>հաշտ</i> բառի, հայերիս մեջ ծանոթ են Տարոնում, որտեղ Վաղարշակն այդ պաշտամունքարանները, ըստ Զենոբի պատմության, հանձնեց հնդիկ Գիսանեին, և վայրը բնակարանների հետ կոչվեց Հաշտիշատ, որը երբեմն թարգմանությամբ էլ կոչվում է Մեհենագյուղ։ Հնդիկները իրենց նախնիներին նվիրած պաշտամունքարանը կոչում էին <i>աշտակա</i>, իսկ պաշտամունքի արժանավորին կամ սրբազանին՝ <i>յաշդանիս</i><ref>Ըստ Պյուռնուֆի՝ նշանակում է Digne qu`on lui offre le sacrifice ըստ Ռոզենի՝ Sacris celebrandis:</ref> <i>Հաշտ</i>֊ը նշանակում է թե՛ բագինը և թե՛ նրա վրա նվիրաբերվածը կամ զոհը։ Թեև հին հայերի հավատքում երկու անուններն էլ ընդունված են, բայց նվիրաբերությունների ու զոհաբերությունների հատուկ տեղը նրանց հասարակ լեզվով կոչվում է <i>սեղան</i>․ այդպես է կոչվում նաև կերակուրներ դնելու տեղը կամ շինվածքը։ Բառի ծագումը անշուշտ պիտի լինի <i>սեղ</i>֊ից, բայց դրա իմաստը անհայտ է<ref>Մի հին բառգիրք ասում է, որ <i>սեղա</i> նշանակում է «թամբ»․ եթե լատիներեն Sella բառը չէ արտաբերված, որ նշանակում է թե՛ «ձիու թամբ», թե՛ «աթոռակ» և ըստ այսմ՝ համապատասխանում է սեղանին։</ref>։
Ի՞նչ պատճառով է Բագառիճը, որ նաև Բագնաց կամ Դից գյուղ էր կոչվում (Բարձր Հայքի Դերջան գավառում), եղել դիցապաշտության գլխավոր կենտրոն։ Թվում է, թե արևմուտքից Արտաշեսի ու Տիգրանի բերած հունական չաստվածներին ընդունելով՝ իբրև հայոց երկրի մոտ ու առաջին բնիկ սահման, կամ քանի որ բերողները հարմար են գտել այն կողմը, որը դրկից է ու ավելի ծանոթ այդպիսի դիքերին․ այնտեղի երեք գետնափոր մեհյանները և դրանց մերձակից լեռան վրայի մի մեհենատեղին հիշատակեցինք։
Նույն վիճակն են ունեցել Դերջանին սահմանակից Եզնկան, Անին, Թորդանը, Սատաղը։ Վերջինում գտնված Արտեմիսը կամ Անահիտը հայ դիցապաշտության ամենանշանավոր մնացորդն է և մեկը հելլենական ճարտարագործության մնացորդներից։ Եզնկայում է գտնվել նաև ներկայացվող քարեղեն քանդակը, որի առյուծները առաջին հայացքից կարծել են տալիս, որ պատկերվածը ս․ Իգանտիոս Աստվածազգյացն է։ Սակայն բազկաբաց անձի կերպարանքը հեթանոսության նշմար է հայտնի դարձնում։ Իսկ հին Թորդանի մոտ՝ Ավագ վանքում, ներկայումս պահվում է <i>դեղթափ</i> կոչված քարեղեն մի քանդակ, որ է՛լ ճշտությամբ և լուսատպությամբ հանել պատկերը, որը մենք ներկայացնում ենք խավարած մոտիտով ու թանաքով գծագրվածից։
Ս․ Եպիփանը հերթվածողներին վերաբերող իր գրքում ջհեղեղից հետո առաջին աղանդը կոչվում է սկյութական մինչ Աբրահամի հոր՝ Թարայի ժամանակը։ Դրանից հետո կարգում է հելլենականը կամ դիցականը։ Այդ հին աղանդը պետք է ընդհանուր համարել և՛ հայերի, և՛ նրանց համանման փռյուգիացիների համար։ Դրա մի նշանն էլ կարող են համարվել նրանց ու մեր լեզուների նույնիմաստ բառերը, ինչպես՝ Պապ, որ նրանց մեծ աստվածն էր, Աբիս կամ Ափիս՝ երկրի չաստվածը․ մեզնում էլ <i>ափ</i>֊ը, որ նշանակում է «ցամաք», գրված կա նաև «հող» կամ «երկիր» նշանակությամբ․ «Տեսի զաստեղս և զլուսին՝ զի կային անկեալ ափի»։ Այդպես էլ Տապիտը կրակի դիցուհի է․ մեզանում <i>տապ</i> բառը նշանակում է «տաքություն», հնդիկների մոտ՝ <i>տապատ</i> բառը, և այլն։
Եթե ստույգ կամ հավանական համարվի հետջրհեղեղյան նահապետների՝ Հայաստանում բնակվելը մինչ լեզուների խառնվելը և բաժանվելը, ս․ Եպիփանի սկյութական աղանդի կենտրոնն էլ կլինի Հայաստանում։ Եվ հայկական ու սակայն անունների մեջ էլ մեծ տարբերություն չկա, եթե հիշենք <i>հ</i> և <i>ս</i> տառերի լծորդությունը, Հայկ և հայ անունների տարրը, շատ անգամ <i>հայ</i>֊ի փոխարեն <i>հա</i> գչվե;ւ ր վրացիների՝ մեզ <i>հաոս</i> կոչելը կամ գրելը։ Այսպիսի բաները թողնելով բանասերներին՝ ասենք, որ կարևոր ընդունելիք թվացող հետևյալներ են՝ սակայն կրոնի հնությունը, փռյուգիացիների էլ նմանությունն ու հնությունը (որոնցից շատ բան առան հույները), հայերի էլ շատ անգամ հիշատակված ազգակցությունը փռյուգիացիների հետ (որոնց նահապետները՝ Գոմերը և Ասքանազը, վկայում են որպես նույնը) և մեր ու այս ազգերի լեզվի, զգեստի, հին կրոնի նմանությունը։ Հուսանք, որ լեզվաբանական, կրոնաբանական, աշխարհագրական կամ ազգաբանական հետազոտությունները ավելի կպարզաբանեն դրանք։
=Վերջաբան=