Ամբողջ գիշերը Պանուրգը թուղթ էր խաղում մանկլավիկների հետ և քիչ էր մնում, որ իր վարտիքի կոճակներն էլ տարվի։ Իսկ երբ լուսացավ, արթնացրեց Պանտագրյուելին, և նրանք երկուսով գնացին Նավարայի դահլիճը՝ բանավեճն սկսելու։
==Գլուխ VI==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը խայտառակում է անգլիացի գիտնականին
Բանավեճը լսելու էր եկել ամբողջ Փարիզը։
― Այս անգամ, ― ասում էին փարիզեցիք, ― Պանտագրյուելի բանը բուրդ է։ Ոչ մի նշանակություն չունի, որ մինչև այժմ նա հաղթող է հանդիսացել։ Տոումաստն էլ պակաս չի, նա գիտի թե իրեն ինչպես պետք է պաշտպանի։
Հենց որ Պանտագրյուելն ու Պանուրգը դահլիճ մտան, բոլոր գրչակիցները, մագիստրները ու դպրոցականները իրենց սովորության համաձայն սկսեցին բարձր ծափահարել։
― Մի աղմկեք, գրողի տարածներ, ― որոտաձայն գոչեց Պանտագրյուելը, ― եթե շարունակեք աղմկել, ձեր հիմար գլուխները կթռցնեմ։
Այս որ ասաց, զարմանքից բոլորի բերանը բաց մնաց։ Շատերը մինչև անգամ վախենում էին հազալ։
Այդ ժամանակ Պանուրգն առաջ անցավ և ասաց անգլիացուն․
― Ողորմած պարոն, ինչո՞ւ եք դուք եկել այստեղ, մեզ հետ վեճի բռնվելո՞ւ, թե իմ տիրոջից՝ Պանտագրյուելից իսկական իմաստություն սովորելու։
― Ողորմած տեր, ― պատասխանեց Տոումաստը, ― ես ոչ մի ցանկություն չունեմ ավելորդ հակաճառություններ անելու։ Ես ցանկանում եմ միայն մի քանի կասկածելի հարցերի պատասխանները ստանալ։
― Այն ժամանակ, ես, նվաստս, ― ասաց Պանուրգը, ― իմ ուսուցիչ պարոն Պանտագրյուելի համեստ աշակերտս, հանձն եմ առնում փարատել ձեր բոլոր կասկածները։ Թող պարոն Պանտագրյուելը լինի մեր նախագահը, իսկ մենք զբաղված կլինենք մեր գործով։ Ընդունո՞ւմ եք իմ առաջարկը։
― Միանգամայն համաձայն եմ, ― պատասխանեց Տոումաստը, ― ուրեմն սկսենք։
Եվ ահա կատարյալ լռության մեջ անգլիացին ձեռքերը վեր բարձրացրեց և մատները իրար կպցնելով պտղունց կազմեց, հետո մատները չռեց, բարձր ծափ զարկեց և ձեռքերը առաջ մեկնեց, կարծես Պանուրգից մի բան էր աղերսում։
Ի պատասխան դրան Պանուրգը մեծ մատը քթի ծակը խոթեց, իսկ մնացած մատները արագությամբ շարժեց օդի մեջ։
― Իսկ եթե դուք․․․ ― ասաց անգլիացին։
― Ներեցեք, ― ընդհատեց նրան Պանուրգը։ ― Լռեցեք, պարոն։
Այն ժամանակ անգլիացին այսպիսի մի նշան արեց՝ մատները ծալեց, բռունցք կազմեց, ձախ ձեռքը վեր բարձրացրեց և հետո աջ ձեռքի մեծ մատը կպցրեց ձախ ձեռքի ճկույթին։
Այդ ամենևին չզարմացրեց Պանուրգին։ Նա հանեց գրպանից մի կտոր եզան կողոսկր և փայտի երկու փոքրիկ կտոր։ Փայտի կտորները սեղմեց մատների արանքում և սկսեց դրանք չխկչխկացնել, ուրախ դեմքով նայելով անգլիացուն։
Փարիզեցիք այնպես կարծեցին, որ Պանուրգը բրետոնացի բորոտների ծաղրն է անում, որոնք նույնպես չխկչխկացնում են իրենց չխկչխկանները։ Գուցե Պանուրգի կողմից դա մի ակնարկ էր, թե անգլիացին բորոտ է։
Սակայն անգլիացուն այդ ամենևին չվախեցրեց։ Բռունցքները նա դեմ արեց Պանուրգի դեմքին ու միմյանց խփեց։
Պանուրգն առանց ոչ մի խոսք ասելու մատներից թզանշանի պես մի բան կազմեց և այդ նշանը ցույց տվեց անգլիացուն։
Անգլիացին գունատվեց մեռելի պես և շարժեց մատները որպես ձկան լողակներ։
Այն ժամանակ Պանուրգը ծափ տվեց, փչեց իր մատների վրա և կզակն առաջ մեկնած՝ հայացքը սևեռեց անգլիացու վրա։
Փարիզեցիք ոչինչ չէին հասկանում այդ նշաններից, սակայն այժմ գուշակեցին, որ Պանուրգը կարծես հարցնելիս լինի անգլիացուն՝ «Դե, հիմա ինչ կասես»։
Եվ իսկապես, Տոումաստը քրտնակոխ եղավ և խոր մտածմունքի մեջ ընկավ։ Վերջապես նա կարծես մի բան հասկացավ, երկու ձեռքի մատները միմյանց մեջ անցկացրեց և այդպես որքան կարողացավ ձեռքերը վեր բարձրացրեց։
Որպես պատասխան Պանուրգը մեծ մատով շոշափեց իր ծնոտը և բերանը բացուխուփ անելով ատամները բարձր չխկչխկացրեց։
Տոումաստը սաստիկ հուզված՝ տեղից վեր թռավ։ Քրտինքը թափվում էր նրա ճակատից, աչքերը շաղվել էին։ Նա աջ ձեռքը վեր բարձրացրեց, աջ ձեռքի մատներից պտղունց կազմեց, իսկ ձախ ձեռքը դրեց կրծքին և աղերսական հայացք ձգեց Պանուրգի վրա։
Պանուրգը բռնեց իր վարտիքը և որքան ուժ ուներ թափահարեց։
Տոումաստը թշերն ուռցրեց, կարծես ուզում էր փչել և փամփշտիկ արձակել։
Դրան էլ Պանուրգը պատասխանեց նրանով, որ բերանը կիսաբաց արեց, ապա ձեռքով բերանին խփեց, որից առաջանում էր մի տեսակ խուլ ձայն։
― Հա, հասկանում եմ, իսկ սրան ինչ կասեք, ― ասաց Տոումաստը, և լեզուն կախ գցելով, սատկող այծի պես աչքերը պտտտեցրեց։
Այն ժամանակ Պանուրգը երկու կողմից ցուցամատները բերանը կոխելով ձգեց մինչև ականջները։ Հետո բութ մատներով սեղմեց կոպերը և այլանդակորեն ծամածռված ռեխ ցույց տվեց Տոումաստին։
Տոումաստը այդ որ տեսավ, գլխարկը վերցրեց, քաղաքավարի շնորհակալություն հայնտեց Պանուրգին և դառնալով դեպի ժողովականները, ասաց․
― Մեծարգո պարոններ, դուք մի աննման գանձ ունեք ձեզ մոտ։ Այդ գանձը պարոն Պանտագրյուելն է, որի համբավը ինձ բերեց այստեղ Անգլիայի խորքերից։ Պետք է խոստովանեմ, որ մինչև այժմ թվում էր, թե մարդիկ չափազանցության մեջ էին ընկնում, երբ անչափ գովում ու գովաբանում էին պարոն Պանտագրյուելի զարմանալի գիտնական լինելը։ Բայց այժմ տեսնում եմ, որ նրանք ոչ թե չափազանցում էին, այլ ընդհակառակը՝ սաստիկ նսեմացնում էին նրա արժանիքը։ Հենց այս րոպեիս նրա աշակերտը հրաշալի կերպով լուծեց այն բոլոր կնճռոտ հարցերը, որ ես նրան առաջարկում էի և իմ աչքի առաջ բաց արեց իմաստության մի այնպիսի անդունդ, որ ես մնացի բոլորովին հիացած։ Եվ եթե այդ կարողացավ անել նրա աշակերտը, հապա իմաստության ինչպիսի՜ գանձեր պիտի ցույց տար ինձ ինքը ուսուցիչը։ Ըստ երևույթին, նրա գիտությունը աննկարագրելի մի բան է։ Ժամանակին այսօրվա մեր բանավեճի մասին մի մեծ հատոր գիրք կգրեմ։ Այդ գրքից դուք կիմանաք, թե ինչպիսի խորիմաստ հարցերի մասին էր այսօրվա մեր խոսակցությունը։ Իսկ այժմ հայտնում եմ իմ շնորհակալությունը ինձ արած պատվի համար և սրանով վերջացնում եմ իմ խոսքը։
Բանավեճից հետո Պանտագրյուելը շքեղ ճաշկերույթ սարքեց և փառավորապես հյուրասիրեց Տոումաստին։ Ախ, եթե միայն դուք իմանայիք, ինչպե՜ս էին խցանները դուրս թռչում շշերի բերաններից, ինչպե՜ս էին շշերը ձեռքից ձեռք անցնում, ինչպիսի՜ գոռում֊գոչումով էին հյուրերն ասում․ «Էյ, դու, մանկլավիկ, այսինչ բանը դեսը բեր, լցրու, գրողի տարած, լիքը լցրու բաժակները»։
Իսկ ինչ վերաբերում է այն նշաններին, որոնցով խոսում էին բանավեճի ժամանակ, ես իհարկե կարող էի բացատրել ձեզ նրանց իմաստը, բայց ասում են, որ Տոմաստը այդ նշանների մասին Լոնդոնում մի ամբողջ գիրք է հրատարակելու։ Երբ այդ գիրքը լույս կտեսնի, դուք ինքներդ կկարողանաք կարդալ և հանգամանորեն ամեն բան իմանալ։ Իսկ մինչ այդ ավելի լավ է, որ ես լռեմ։
==ԳլուխVII==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը մտադրվում է ամուսնաալ
Մյուս օրը Պանուրգը զուգված֊զարդարված եկավ Պանտագրյուելի մոտ։
― Ի՞նչ է պատահել, Պանուրգ, ― հարցրեց Պանտագրյուելը, ― ինչո՞ւ ես այդպես զուգվել։
― Սատանա է մտել մեջս, ― ասաց Պանուրգը, ― ուզում եմ ամուսնանալ։
― Լավ եք անում, ― նկատեց Պանտագրյուելը, ― ուրախ եմ, թեև ճիշտն ասած, ոչ այնքան, որ ուրախությունից խելքս թռցնեմ։
― Բանն էլ հենց դրանում է, ― ասաց Պանուրգը, ― ով գիտի, թե ինչ տեսակ կին կլինի առածս։ Եթե բարի կին լինի, լավ, իսկ եթե բարի չլինի, ի՞նչ անեմ այն ժամանակ։
― Այո, դրա մասին պետք է մտածել, ― ասաց Պանտագրյուելը։
― Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք, ― հարցրեց Պանուրգը։
― Եթե դուք հաստատ վճռել եք ամուսնանալ, ձեզ հակառակը համոզելը անօգուտ գործ կլինի, ― ասաց Պանտագրյուելը։
― Ասենք, այդպես է, բայց ես, այնուամենայնիվ, չէի ցանկանա ամուսնանալ առանց ձեր բարի խորհրդի, ― ասաց Պանուրգը։
― Համաձայն եմ, ― ասաց Պանտագրյուելը, ― խորհուրդ եմ տալիս ամուսնանալ։
― Բայց եթե դուք կարծում եք, որ լավը չամուսնանալն է, չեմ ամուսնանա, ― ասաց Պանուրգը։
― Այն ժամանակ մի ամուսնացեք, ― ասաց Պանտագրյուելը։
― Լավ, ― ասաց Պանուրգը, ― բայց մի՞թե դուք կամենում եք, որ ամբողջ կյանքումս կին չունենամ։ Չէ՞ որ մենակ մարդը երբեք այնպես բախտավոր չի լինում, ինչպես ամուսնացած մարդը։
― Եթե այդպես է, այն ժամանակ, ի սեր աստծո, ամուսնացեք, ― պատասխանեց Պանտագրյուելը։
― Իսկ եթե իմ կինը անպիտան կին լինի՞։ Չէ՞որ այն ժամանակ ամենադժբախտ մարդը կլինեմ աշխարում, ― ասաց Պանուրգը։
― Կնշանակի՝ չպետք է ամուսնանաք, ― ասաց Պանտագրյուելը։
― Իսկ եթե ես ինձ համար մի ազնիվ կին ընտրե՞մ, ― հարցրեց Պանուրգը։
― Այն ժամանակ, իհարկե, ամուսնացեք, ― ասաց Պանտագրյուելը։
― Բայց ես լսել եմ, ― ասաց Պանուրգը, ― որ բոլոր ազնիվ կանայք ծեծում են իրենց ամուսիններին։ Մի՞թե իմ կինն էլ ինձ կծեծի։ Այդ կատարյալ խայտառակություն կլինի։
― Որ այդպես է՝ մի ամուսնացեք, ― ասաց Պանտագրյուելը։
― Լա՛վ, ― ասաց Պանուրգը, ― իսկ եթե ես հիվանդանամ, ինձ ո՞վ կխնամի։ Չէ, առանց կնոջ բանս վատ կլինի։ Շան պես կսատկեմ և ինձ օգնող չի լինի։
― Դե, այն ժամանակ, ի սեր աստծո, ամուսնացեք, ― ասաց Պանտագրյուելը։
― Գիտեք, տեր իմ, ձեզ հասկանալը այնքան էլ հեշտ բան չի, մեկ ասում եք ամուսնացեք, մեկ՝ մի ամուսնացեք։
― Որովհետև ձեր հարցերի մեջ այնքան «իսկ եթե և եթե որ» կա, որ ես անկարող եմ ձեզ որևէ դրական խորհուրդ տալ, ― ասաց Պանտագրյուելը։ ― Ամեն բան նրանից է կախված, թե ինչ տեսակ կին կլինի ձեր ընտրածը։ Եթե լավ կին լինի, ամուսնացեք, ամուսնությունը լավ բան է։
― Գուցե և այդպես է, ― ասաց Պանուրգը, ― սակայն պետք է խոստովանեմ, ես նույնիսկ չեմ լսում, ինչի՞ մասին եք խոսում։ Սոված փորը խուլ է լինում։ Կես ժամ հետո ճաշ կտրվի, քաղցից գլուխս շշմել է։ Գնանք ճաշելու, սուրբ հայր Ժան։ Առաջ բացի վարդապետներից ու կանոնիկոսներից շատ քիչ մարդ էր ճաշում։ Այն էլ պետք է ասենք, որ նրանք ուրիշ բան ու գործ չունեն, նրանց համար ամեն օր տոն էր։ Դա դու ինձնից լավ գիտես, սուրբ հայր Ժան։ Գնանք ուրեմն, սիրելի բարեկամ, ի սեր բոլոր սատանաների, գնանք։ Իմ ստամոքսը քաղցից շան պես հաչում է։ Նրա բերանը որևէ ապուր գցենք, որ հանգստանա։ Գիտեմ, դու ավլի սիրում ես թանձր, յուղալի ապուր մեջը «հողագործի» մի մեծ կտոր։
― Հասկանում եմ, ինչ ես ուզում ասել, ― պատասխանեց հայր սուրբ Ժանը, ― դու էլ ես սկսել վանքերում ընդունված լեզվով խոսել։ Վանքերում «հողագործ» են անվանում այն եզանը, որը մի ժամանակ վար է արել։ Այդպիսի մի «հողագործը» բավական է ամբողջ միաբանությանը հրաշալի շիլայով կերակրելու համար։ Պետք է ասեմ, որ մեր վանքերում բոլորս հետևում ենք հնուց մնացած մի սովորության՝ յուրաքանչյուր պատարագից առաջ մտնում ենք «մատուռը», այսինքն ավելի հասարակ լեզվով ասած՝ վանքի խոհանոցը։ Խոհանոցում խնդրում, աղաչում ենք խոհարարներին շտապ կրակ անել կաթսաների տակ և տավարի միսը եփել։ Դե գիտես էլի, որ յուրաքանչյուր վարդապետ գլխավորապես մի հոգս, մի ցանկություն ունի միայն՝ լավ ուտել։ Վարդապետը հենց դրա համար էլ ապրում է աշխարհում, որ ինչքան քեֆն ուզում է ուտի։ Դեհ, գնանք, Պանուրգ։
― Այ հիմա ես քեզ հասկացա, վանական սատանա, ― բացականչեց Պանուրգը, ― գնանք ուրեմն նախ խոհանոց, տեսնենք ճաշն ինչ վիճակում է։ Ցտեսություն, պարոններ։ Գնանք։
==ԳլուխVIII==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը խորհրդակցում Պանզուի<ref>Պանզու՝գյուղ Ֆրանսիայում Լաուրա գետի ափին։ Այդ գյուղի շրջակայքում կա մի քարանձավ՝ հինավուրց նկարներով։ Ժողովրդական ավանդության համաձայն, այստեղ է ապրելիս եղել Պանզուի գուշակուհին։</ref> գուշակուհու հետ
Ճաշից հետո Պանտագրյուելը իր մոտ կանչեց Պանուրգին և ասաց․
― Ինչպես տեսնում եմ, Պանուրգ, դուք դեռ չգիտեք, պիտի ամուսնանա՞ք, թե ոչ։ Լսեցեք, ինչ եմ ասում։ Ասում են, Պանզուում, մեզանից ոչ հեռու, ապրում է մի պառավ կախարդ, որը գուշակում է ապագան և զանազան իմաստուն խորհուրդներ է տալիս։ Էպիտեմոնին վերցրեք և գնացեք նրա մոտ։ Տեսնենք, նա ձեզ ինչ խորհուրդ կտա։
Հետևյալ օրը Պանուրգն ու Էպիտեմոնը ճանապարհ ընկան։ Նրանց ճամփորդությունը տևեց երեք օր։ Չորրորդ օրը նրանց ցույց տվեցին կախարդուհու տունը։ Կախարդուհին ապրում էր սարի գագաթին, ծխից սևացած մի փոքրիկ հյուղակում։ Հյուղակը ծածկված էր ծղոտով, իսկ նրա վերևը սոսափում էր բարձր ու սաղարթախիտ թխկի։
Նրանք դուռը հրեցին ու ներս մտան հյուղակը։ Օջախի մոտ նստած էր կեղտոտ ցնցոտիներ հագած մի զառամյալ պառավ։
― Վա՜հ, ― բացականչեց Էպիտեմոնը, ― ազնիվ խոսք, սա կատարյալ կախարդուհի է։
Պառավն իսկապես շատ նման էր կախարդուհու։ Վաղուց արդեն նրա կուզը դուրս էր եկել, աչքերը ջրակալած էին, ատամների հետք անգամ չէր մնացել։ Նա օջախի մոտ նստած եզան հին ոսկորներից ապուր էր եփում։
― Տեսեք ի՜նչ ենք արել, ― ասաց Էպիտեմոնը, ― վախենում եմ, որ դրանից ոչ մի պատասխան չստանանք, որովհետև ամենագլխավորը աչքաթող ենք արել։
― Ես դրա մասին արդեն հոգացել եմ, ― ասաց Պանուրգը, ― իմ որսորդական պայուսակի մեջ մի բան կա պահված։
Այս խոսքերն ասելիս նա խոր գլուխ տվեց պառավին և նրա առաջ դրեց վեց ապխտած լեզու, մի մեծ կճուճ քաշովի, մի շիշ գինի և մի քսակ՝ լիքը նոր ոսկե դրամով։
Այնուհետև նա պատմեց պառավին, թե ինչու համար է եկել և քաղաքավարի խնդրեց մի խորհուրդ տալ իրեն՝ ամուսնանա, թե ոչ։
Պառավը որոշ ժամանակ լուռ մնաց։ Անատամ բերանով մի բան ծամելով, ընկավ մտածմունքի մեջ։ Հետո նստեց շուռ տված տաշտի վրա, ձեռքն առավ երեք հին իլիկ, պտտեցրեց, շոշափեց դրանց ծայրերը և ընտրեց ամենասուր ծայրը։ Այդ իլիկը նա սեղմեց ձեռքի մեջ, իսկ մյուս երկուսը գցեց հին սանդի մեջ։
Դրանից հետո նա առավ ճախարակը և ինն անգամ պտտեցրեց անիվը։ Հետո բաց թողեց ձեռքի անիվը և դիտեց, թե նա ինչպես է պտտվում։ Երբ անիվը կանգ առավ, կախարդուհին ոտից հանեց իր փայտե մաշիկը և քսակից երեք ոսկի։ Ոսկիները նա դրեց ընկույզի երեք կճեպի մեջ և այդ բոլորը գցեց մի կավե թաղարի մեջ։ Այդ բոլորը կատարելուց հետո շշից մի կում գինի խմեց, տեղից վեր թռավ, հեծավ ավելին ու երեք անագամ շրջան կատարեց օջախի շուրջը։ Այդ միջոցին նա օջախի մեջ գցեց դափնու մի փոքրիկ ճյուղ և շարունակ նայում էր, թե ինչպես է վառվում։
Վերջը կախարդուհին մի քանի անհասկանալի խոսքեր արտասանեց ու նայեց Պանուրգին։
― Պատիվս վկա, ― ասաց Պանուրգը, ― զգում եմ, որ կախարդված եմ։ Տեսեք, կարծես նա գինի խմելուց հետո ավելի է մեծացել։ Եվ ինչո՞ւ է նա իր ծնոտը դողացնում։ Ինչո՞ւ է ուսերը թոթվում։ Ինչո՞ւ են նրա շրթունքները դողդողում ինչպես կապկի շրթունքներ, երբ նա խեցգետին է ուտոմ։ Արդյոք նա սատանաներին չի՞ կանչում այստեղ։ Աստված վկա, վախից քիչ է մնում մեռնեմ։ Սատանաներին տանել չեմ կարողանում։ Նրանք ինձ գրգռում են, նրանցից զզվում եմ։ Փախչենք այստեղից։ Մնաք բարով, տիկին։ Մեծապես շնորհակալ եմ մեզ արած շնորհի համար։ Ես երբեք չեմ ամուսնանա։ Ես հրաժարվում եմ ամուսնանալուց, թող գրողի ծոցը գնա ամուսնությունը։
Պանուրգը գնաց դեպի դուռը, բայց պառավը նրանից ավելի շուտ դուրս եկավ բակ՝ իլիկը ձեռքին։ Բակում մի հարյուրամյա թխկի կար։ Պառավը երեք անգամ թափահարեց ծառը, որից ութ տերև ընկավ գետին։ Տերևները հավաքեց, իլիկով մի քանի խոսքեր խզմզեց նրանց վրա և շպրտեց, որ քամին տանի։
Փնտրեցեք, եթե կարող եք, ― ասաց պառավը, ― գտեք, եթե կարող եք, այդ տերևների վրա գրված է ձեր բախտը։
Այդ ասելուց հետո կախարդուհին արագությամբ վազեց դեպի հյուղակը, բայց երբ շեմին հասավ, ետ դարձավ և Պանուրգին լեզու ցույց տվեց։
― Տո սա իսկական վհուկ է, ― սարսափաց ասաց Պանուրգը, ― սրանից պետք է հեռու փախչել։
Բայց Էպիտեմոնը վազեց տերևների ետևից։ Քամին արդեն ցրիվ էր տվել նրանց զանազան կողմեր։ Էպիտեմոնը մի կերպ կարողացավ դրանք գտնել խոտերի մեջ և իրենց նախկին կարգով դասավորել։ Եվ ահա թե ինչ կար գրված այդ տերևների վրա։
<poem>
Կկողոպտի քեզ
Քո կնիկը
Օր ու գիշեր
Կհայհոյի։
Արյունդ կծծի,
Կաշիդ կքերթի,
Բայց ոչ ամբողջապես։
</poem>
Երկու բարեկամները տերևներն առած վերադարձան տուն և դրանք տվեցին Պանտագրյուելին, որ նրանց վրա գրածը կարդա։
― Ձեզ շատ եմ խղճում, ― ասաց Պանտագրյուելը Պանուրգին, ― կախարդուհին ասում է, որ ձեր կինը կկողոպտի, կծեծի և մինչև անգամ կխեղդի։
― Այդ գուշակությունը հասկանալու համար ավելի շատ խելք է պետք, քան ձերը, ― պատասխանեց Պանուրգը։ ― Մի նեղացեք, որ այսպես եմ խոսում, ես մի քիչ բարկացած եմ։ Կախարդուհին ինձ միայն զգուշացնում է, որ վատ կնոջ հետ չամուսնանամ և ուրիշ ոչինչ։ Վատ կինը կարող է ինձ և կողոպտել, և ծեծել, հետևապես ես այդպիսի կին չպետք է առնեմ։ Իսկ եթե ամուսնանամ լավ կնոջ հետ, այդպիսի բան երբեք չի լինի։ Մի՞թե պարզ չի։
― Պանուրգ, ձեռք քաշեք ամուսնանալու մտադրությունից, ― ասաց Էպիտեմոնը։ ― Եթե դուք կախարդին չեք հավատում, ես ձեզ մի ուրիշ խորհուրդ կտամ։ Բուշար կղզուց ոչ շատ հեռու ապրում է նշանավոր գուշակող Հեր֊Տրիպպան։<ref>Հեր֊Տրիպպա՝ XVI դարի նշանավոր գիտնական Հենրիխ Կորնելիոս Ագրիպայի (1485-1535) աղավաղված անունն է։ Նա մի գիրք է գրել կախարդության մասին։ Ագրիպային ժողովուրդը համարում էր կախարդ։</ref> Այդ մարդու մասին ասում են, որ նա իր հինգ մատի պես գիտի բոլոր գիտությունները, հատկապես աստղագիտությունն ու ձեռնահմայությունը։ Նրան էլ տեսեք, և հետը խորհուրդ արեք ձեր գործի մասին։
― Ինքս անձամբ երբեք Հեր֊Տրիպպային տեսած չկամ, ― ասաց Պանուրգը, ― բայց լսել եմ նրա մասին։ Ասում են, մի գող նրա մառանից մի ուլ է գողացել այն ժամանակ, երբ նա խոսելիս է եղել թագավորի հետ զանազան բարձր նյութերի մասին։ Այդ ինչպե՞ս կարող էր պատահել։ Այդ նշանավոր իմաստունը, որ առանց ակնոցի տեսնում է այն ամենը, ինչ որ կատարվում է երկնքում ու երկրի վրա, որ գիտի անցյալի բոլոր դեպքերը և գուշակում է գալիք դեպքերը, ինչպե՞ս չի կարողացել տեսնել ողորմելի գողին, որ նրա քթի տակից գողացել տարել է ուլը։ Սակայն համաձայն եմ։ Եթե ուզում եք, նրա մոտ էլ կգնանք։ Սովորելը միշտ լավ բան է։
==Գլուխ IX==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը խորհուրդ հարցնում Հեր֊Տրիպպայից
Հետևյալ օրը մեր բարեկամները գնացին Հեր֊Տրիպպայի մոտ։ Պանուրգը նվիրեց նրան մի գայլի մուշտակ, ոսկեզօծ սուր՝ թավշե պատյանով և հիսուն ոսկեդրամ։ Այնուհետև Պանուրգն առանց այլևայլուցյան խոսեց նրա հետ իր գործի մասին։
Նախ և առաջ Հեր֊Տրիպպան նայեց ուղիղ Պանուրգի երեսին և ասաց․
― Աշխարհում եղած բոլոր դատարկապորտներից ամենաթշվառ դատարկապորտի կերպարանքը քոնն է։
Հետո Պանուրգի աջ ձեռքը բոլոր կողմերից զննելուց հետո ավելացրեց․
― Այս գիծն ունենում են միայն դժբախտները։
Դրանից հետո Հեր֊Տրիպպան վերցրեց գրատախատակը, մի քանի կետեր նկարեց նրա վրա և գծերով միացրեց իրար։
― Ոչ մի կասկած չկա, ― ասաց նա, ― որ բանդ վատ կլինի, եթե ամուսնանաս։
Այնուհետև հարցրեց Պանուրգից, թե երբ է ծնվել, ու բաց արեց երկնքի մեծ քարտեզը։ Քարտեզը և մոլորակների դիրքը զննելուց հետո Հեր֊Տրիպպան խոր հոգոց հանեց ու ավելացրեց․
― Ես սկզբից արդեն գուշակեցի, որ դու անբախտ պիտի լինես։ Իսկ այժմ աստղերն ինձ ասում են, ծեծված կլինես քո կնոջից և կողոպտված մինչև շապիկդ։ Բանդ շատ վատ է լինելու, խեղճ մարդ։
― Գրողը քեզ տանի, ցնդած ծերուկ, ― ասաց Պանուրգը, ― երբ բոլոր դժբախտները թափոր կազմեն, դու նրանց առաջին դրոշակակիրը կլինես։
Եվ դառնալով դեպի Էպիտեմոնը, Պանուրգն ավելացրեց․
― Տեսնո՞ւմ եք ձեր առջև կանգնած այդ քավթառած հիսուսիկին, որը պարծենում է, թե ամեն բան տեսնում ու հասկանում է, մինչդեռ ամենաողորմելի մի գող առանց դժվարության կարողացել է նրան հիմարեցնել ու կողոպտել։ Այդ մարդը, որ հիմարների մեջ ամենահիմարն է, միաժամանակ պարծենկոտ է, ինքնավստահ և անտանելի, ինչպես տասնյոթ դևեր միասին վերցրած։ Հեռանանք այստեղից։ Թող այդ դիվահարը ինչքան ուզում է գլխիցը դուրս տա իր բարեկամ սատանաների հետ զրուցելիս։ Երբեք չեմ հավատա, որ սատանաները համաձայն են ծառայելու այսպիսի մի խենթուկի։
― Եթե դուք ինձ չեք հավատում, ― ասաց Հեր֊Տրիպպան, ― ես գուշակելու ուրիշ շատ ձևեր էլ գիտեմ, և մենք հեշտությամբ կարող ենք ստուգել ճշմարիտ եմ ասել ձեզ, թե ոչ։ Օրինակ, ես կարող եմ գուշակություններ անել կրակով, օդով, ջրով, հայելիով, մազով, վարսակի ալյուրով, ոսկրներով, պանրով, խնկով, իշի գլխով, մեղրամոմով, ծխով, կացնով, կավով, մոխրով, բույսերով, ձկներով, խոզերով, ոտանավորներով, թռչուններով։ Եվ հավատացած եղեք, ինչ եղանակով էլ որ գուշակություն անեմ, միևնույն պատասխանը կստացվի։
― Գրողի ծողը կորիր, խենթուկ, ― պատասխանեց Պանուրգը։ ― Թող երեսուն հազար սատանաներ վիզդ ոլորեն, դժոխքի ծնունդ։ Շուտ տուն վերադառնաք մեր տիրոջ մոտ։ Գիտեմ, նա շատ դժգոհ կլինի մեզանից, որ եկել ենք այս գիտնական դևի որջը։ Սաստիկ զղջում եմ, որ եկել եմ այստեղ։ Ճիշտ եմ ասում, դա ինձ զայրացրեց՝ իր կախարդությամբ։ Գնանք, գնանք, այստեղից։
Երբ վերադարձան Պանտագրյուելին պատմեցին իրենց տեսածների ու լսածների մասին։
― Կարծում եմ, ― ասաց Պանտագրյուելը, ― որ այլևս ամենևին կարիք չկա, որ Պանուրգը գնա կախարդների ու գրբացների մոտ։ Եկեք մի նոր բան հնարենք։ Լսեցեք, ինչ եմ ասում։ Ամենքը գիտեն, որ մարդ երեք բան ունի՝ խելք, մարմին և գույք։ Մարդուս բանականությունը պահպանում են աստվածաբանները, մարմինը՝ բժիշկները, իսկ գույքը՝ դատավորները։ Եկեք եկող կիրակի մեզ մոտ ճաշի հրավիրենք մի աստվածաբան, մի բժիշկ և մի դատավոր։ Տեսնենք, նրանք ինչ խորհուրդ կտան Պանուրգին։
― Ես գիտեմ, ― ասաց Պանուրգը, ― որ դրանից բան դուրս չի գա։ Մի լավ մտածեք, տեսեք, ինչպես վատ է կառավարվում աշխարհը։ Մենք հավատում ենք աստվածաբաններին, իսկ նրանք մեր բանականությունը լցնում են ամեն տեսակ ցնդաբանությունով։ Մեր մարմինը պահպանում ու բուժում են բժիշկները, մինչդեռ այդ նույն բժիշկները իրենք երբեք չեն խմում այն դեղերը, որ խմեցնում են հիվանդներին։ Ինչո՞ւ։ Նրա համար, որ ամենևին չեն հավատում այդ դեղերին։ Վերջապես, մեր գույքը պետք է պահպանեն դատավորները։ Իսկ դատավորների բան ու գործն այն է միայն, որ կողոպտեն և հանգիստ չտան մեզ։ Այսքանից հետո նրանց հետ ինչի՞ մասին պետք է խորհրդակցենք։ Չէ, բարեկամ, ― շարունակեց Պանուրգը, ― եթե կարիք կա մեկի հետ խորհրդակցելու, ես կգերադասեմ խորհրդակցել ամենավերջին հիմարի հետ, քան թե այդ պարոնների հետ։ Այն էլ պետք է ասեմ, որ կան հիմարներ, որոնք շատ իմաստուններից խելոք են։ Զուր չեն շատ թագավորներ իրենց մոտ ծաղրածուներ պահում։ Քիչ չի պատահում, որ ծաղրածուները թագավորներին էլ են օգնում։ Լսած կա՞ք, թե ինչպես մի անգամ Փարիզի նշանավոր ծաղրածու Ժոանը վճռել է երկու կռվողների դատը։ Չգիտեք։ Այն ժամանակ լսեցեք, պատմեմ ձեզ այդ նշանավոր պատմությունը։
==Գլուխ X==
Այն մասին, թե ինչպես Փարիզի նշանավոր ծաղրածու Ժոանը վճռում է երկու կռվողների դատը
Ամենքին հայտնի է, որ Փարիզում Փոքր Շատլեի մոտ կան մի քանի կրպակներ, որտեղ կարելի է կուշտ ուտել։ Յուրաքանչյուր կրպակում կա մի կրակարան, որի վրա խոհարարները միս են տապակում կամ խորովում։ Ես էլ առիթ եմ ունեցել այնտեղ տապակած մսի համը տեսնել, և հավատացնում եմ ձեզ, որ այդպես համեղ տապակած միս ոչ մի տեղ չեք գտնի։
Այնպես է պատահում, որ մի օր այդ կրպակներից մեկն է մտնում մի սոված բեռնակիր։ Այդ բեռնակիրն աղքատ մարդ է լինում և տապակած միս գնելու դրամ չի ունենում։ Մի մեծ կտոր հաց է լինում նրա կռնատակին։ Բեռնակիրը հացը դնում է կրակարանի վերևը, որպեսզի մսի հոտը կպչի հացին։ Բեռնակիրը կարծում է, որ հացը դրանից ավելի համեղ կդառնա։
Խոհարարը չի խանգարում բեռնակրին այդ բանն անելու, բայց երբ բեռնակիրը հացն ուտում վերջացնում է, խոհարարը բռնում է նրա օձիքից և պահանջում, որ տապակած մսի հոտի գինը վճարի։
― Խելքդ կորցրե՞լ ես, ինչ է, ― ասում է բեռնակիրը, ― չէ՞որ ես քեզանից ոչ միս եմ գնել, և ոչ էլ քեզ մի վնաս պատճառել։ Միևնույն է, քո տապակած մսի գոլորշին ծխնելույզով պետք է վեր բարձրանար ու ապարդյուն կորչեր։ Ո՞վ է տեսել կամ լսել, որ տապակած մսի հոտը վաճառեն։
― Քեզ պես շատ աղքատներ են այստեղ թրև գալիս, ― պատասխանում է խոհարարը, ― ես պարտական չեմ նրանց բոլորին կերակրել այդ համեղ հոտով։ Վճարիր դրամը, եթե ոչ պարանները ձեռքիցդ կխլեմ և այլևս չես կարող բեռնակրություն անել։
Բեռնակիրը մի փայտ է առնում ձեռքը և պատրաստվում է պաշտպանվելու։
Մեծ աղմուկ է բարձրանում։ Աղմուկը մեծ բազմության է գրավում։ Հայտնի, որ Փարիզը լիքն է պարապ֊սարապ մարդկանցով, իսկ այդ պարապ բերանբացների համար ամենասիրելի բանը ուրիշների կռվին նայելն է։
Պատահմամբ նայողների մեջ է լինում Ժոանը, Փարիզի նշանավոր ծաղրածուն։ Երբ խոհարարը նկատում է նրան, ասում է բեռնակրին․
― Տեսնում եմ, դու քո կամքով փող տվողը չես։ Այստեղ է գտնվում մեր ազնիվ Ժոանը, թող նա վճռի մեր դատը, համաձա՞յն ես, թե ոչ։
― Ինչու չէ, համաձայն եմ, ― ասում է բեռնակիրը։
Ծաղրածուին կանչում են ամբոխի միջից և բացատրում նրան բանի էությունը։
― Ինձ մի արծաթե փող տուր, ― ասում է ծաղրածուն բեռնակրին։
Բեռնակիրը տալիս է նրան քսան սու արժողությամբ մի դրամ։ Ժոանը մի քիչ խաղացնում է դրամը ձեռքին, հետո փորձում է ատամով, թե դրամը կեղծ չի արդյոք։ Մոտեցնում է աչքին և նայում, դրամը լավ է կտրված, թե ոչ։
Ամբոխը խոր լռություն է պահպանում ու դիտում Ժոանին։ Խոհարարն իրեն պահում է գոռոզ ու անմատչելի։ Նա հաստատ համոզված է լինում, որ ծաղրածուն գործն իր օգտին կվճռի։ Իսկ բեռնակիրը, ընդհակառակը, ոչ մի հույս չի ունենում։ Արծաթե դրամը գրպանից արդեն դուրս էր թռել, իսկ նրա ունեցած֊չունեցածն էլ այդ էր միայն։
Վերջապես ծաղրածուն դրամը գցում է շեմքի վրա։ Դրամը զրնգոցով գլորվում է հատակի վրայով, բայց ծաղրածուն դրամը նորից բարձրացնում է ու գլորում։ Դրամը դարձյալ զրնգում է։ Այնուհետև ծաղրածուն իր էշի ականջներով թասակը քաշում է մինչև աչքերը, հազում, ինչպես վայել է իսկական դատավորին, ու հանդիսավոր կերպով արտասանում․
― Դատարանը որոշում է, որ բեռնակիրը, որը կերել է տապակած մսի հոտով թաթախված իր հացը, պետք է վճարի խոհարարին իր դրամի զրնգոցը, ուստի դատարանը հրամայում է, որ պարոն խոհարարը այդ զրնգոցը վերցնի իրեն, իսկ բեռնակիրը ետ ստանա իր դրամը։ Այնուհետև կողմերը պետք է հեռանան առանց դատաստանական ծախքեր վճարելու։
Եվ բոլոր փարիզեցիք գտան, որ այդ վճիռը շատ արդար է։ Գուցե ամբողջ Փարիզում չգտնվեր մի դատավոր, որ Ժոանից ավելի լավ վճռեր այդ գործը։ Ինչպես տեսնում եք, կան հիմարներ, որոնք շատ խելոքների աղբյուր կտանեն ու ծարավ ետ կբերեն։