Վիճակախաղ՝ մեծահասակների համար

Գրապահարան-ից
14:14, 9 Հուլիսի 2013 տարբերակ, Թարումեան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիճակախաղ՝ մեծահասակների համար

հեղինակ՝ Ալեքսանդր Ռոզով
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
աղբյուր՝ [[]]

Որքան էլ տարօրինակ է, սակայն խոսքն ընտրությունների մասին է լինելու։ Հենց այն ընտրությունների, որոնք ընդունված է ժողովրդավարության հիմքը համարել։ Հենց այն արարողության՝ որն իրականացնում են քաղաքացիները, երբ սկզբում լսում են (դիտում են, ընթերցում են) թեկնածուների ելույթները, եւ ապա դրանցից ոմանց ընտրում որեւէ պաշտոնի (պատգամավոր, քաղաքապետ, նախագահ եւ այլն), «ծիտիկ» դնելով նրա անվան դիմաց՝ հատուկ թղթի վրա։ Հիշեցնենք. ընտրված է համարվում այն թեկնածուն, ում ավելի շատ ծիտիկ է հասել։
Բազմակողմանիորեն ուսումնասիրելով այդ ընթացակարգը մաթեմատիկական տնտեսագիտության տեսանկյունից, կարելի է պարզել հետեւյալը.
1. Սա բավական թանկ ընթացակարգ է։ Յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ ընտրությունների պաշտոնական բյուջեին եւ այդ գումարի՝ հասուն քաղաքացիների թվին բաժանելու պարզ գործողության միջոցով իմանալ, թե որքան է անձամբ ի՛ր վրա նստել, օրինակ, քաղաքապետի ընտրությունը։
2. Ընթացակարգն այս չի ապահովում որակյալ ընտրություն։ Լավագույն դեպքում ընտրվելու է միջակ ընդունակություններով մարդ, այն էլ՝ ոչ շատ ազնիվ։ Բավական հավանական է վատագույն դեպքը, այսինքն, երբ կընտրվի անտաղանդ, գող եւ գարշելի մի որեւէ տիպ։ Կառավարման արդյունքները, որպես կանոն, չեն ուրախացնելու։
Պարզ է, որ, արտահայտվելով «գին–որակ» եզրերով, վճարել նման փողեր (տե՛ս կետ 1.) նման արդյունքով ընթացակարգի համար (տե՛ս կետ 2.) նպատակահարմար չէ։

Առաջարկում ենք ընտրությունների այլ ընթացակարգ, որը.
1. Տնտեսապես ավելի ձեռնտու է (ի տարբերություն սովորական ընտրությունների, որոնք ծախսատար են, այս ընթացակարգը բավական շահութաբեր է)։
2. Միջին հաշվով ապահովվում է ընտրության՝ սովորական տարբերակից ոչ ցածր որակ։
Ավելին, առաջարկվող ընթացակարգը ժողովրդավարական է (այսինքն, բոլոր ցանկացողների համար ապահովվում են առաջադրվելու եւ ընտրվելու հավասար հնարավորություններ)։
Առաջարկվող տարբերակը ոչ այլ ինչ է, քան վիճակախաղ՝ լոտո, որն անցկացվում է հետեւյալ սկզբունքներով։
1. Հրատարակվում են վիճակախաղի տոմսեր (ֆինանսավորումը՝ այդ տոմսերի վրա գովազդ տեղադրելու իրավունքը վաճառելու հաշվին)։ Խաղարկվող առարկան ընտրովի պաշտոնն է։ Տոմսի գինը պիտի լինի խելամիտ (օրինակ՝ 20-ական դոլար)։ Գնման ժամանակ տոմսի մեջ ներգրավում են անձնագրային տվյալները։
2. Յուրաքանչյուրը, որ ցանկանում է ընտրվել, կարող է գնել մեկ կամ մի քանի տոմս։ Նկատենք. նրանք, ովքեր կգնեն մի քանի տոմս, ավելի շատ հնարավորություն կունենան շահելու, սակայն սովորական ընթացակարգի դեպքում նույնպես ավելի մեծ է նրա՛ հնարավորությունը, ով ավելի շատ փող կներդնի նախընտրական արշավի ընթացքում։
3. Անցկացվում է հրապարակային խաղարկություն (ֆինանսավորումը՝ այդ խաղարկության հեռարձակման ընթացում գովազդային հոլովակներ տեղադրելու իրավունքը վաճառելու հաշվին)։ Նա, ում համարը շահել է, ներկայացնում է իր տոմսը եւ անմիջապես զբաղեցնում խաղարկվող պաշտոնը։
Ահա եւ ամենը։

Ինչպիսի՞ առարկություններ կարող են լինել։
Առարկություն 1. Իշխանության կարող են հասնել պատահական մարդիկ։
Պատասխան. Առանց այն էլ իշխանության հասնում են պատահական մարդիկ։ Եւ ավելի վատերը, քան պարզապես պատահական։ Համոզվելու համար բավական է նայել ցանկացած մակարդակի վերջին ընտրությունների արդյունքներին։
Առարկություն 2. Նման իշխանությունը քաղաքացիների շրջանում հեղինակություն չի ունենա։
Պատասխան. Փորձը վկայում է, որ իշխանության հեղինակությունը ամենեւին էլ ընտրությունների ընթացակարգով չի որոշվում։
Առարկություն 3. Չի կարելի քաղաքացիներին զրկել գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունից։
Պատասխան. Ընտրական տեխնոլոգիաները վաղուց արդեն զրկել են քաղաքացիներին այդ հնարավորությունից։
Առարկություն 4. Իշխանության կարող է հասնել վերնախավի շարքերում չընդգրկված, այսինքն, կառավարման հմտություններ եւ հատուկ գիտելիքներ չունեցող մարդ։
Պատասխան. Ժողովրդավարությունը դա էլ հենց նշանակում է, որ ընտրովի պաշտոնը չի պահանջում հատուկ գիտելիքների եւ հմտությունների իմացություն։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր քաղաքացի (եւ ոչ թե միայն որոշակի մասնագիտության կամ խավի ներկայացուցիչ) ունի առաջադրվելու իրավունք։ Եթե այդ սկզբնադրույթը ճիշտ չէ, ապա ժողովրդավարություն չպիտի լինի։ Ինչ վերաբերում է կառավարչական գիտելիքներին ու հմտություններին, ապա դրանց գոյությունը լուրջ կասկածներ է հարուցում։
Առարկություն 5. Մարդը, որն ընտրվել է այդ ձեւով չի կարողանա համարժեքորեն ներկայացնել այն մարզը, որից նա ընտրված է։
Պատասխան. Եթե մենք ելնում ենք ընտրություններում մասնակցելու յուրաքանչյուր մարդու իրավունքից, ապա բնականաբար պիտի ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի այնքան առողջ բանականություն, որպեսզի պատկերացնի, թե ինչ է պետք այս կամ այն մարզին։ Եթե դա այդպես չէ, ապա պետք է հրաժարվել համընդհանուր ընտրական իրավունքից։
Առարկություն 6. Անհնար կլինի երկրորդ ժամկետով ընտրել այն մարդուն, որն իրեն լավ է դրսեւորել։
Պատասխան. Ցավալի է իհարկե։ Բայց փոխարենը, մարդը, որն իրեն վատ է դրսեւորել չի կարողանա ապահովել իր վերընտրությունը՝ «վարչական պաշարի» հաշվին։

Այժմ առաջարկվող ընտրական եղանակի լրացուցիչ (այսինքն, ոչ միայն տնտեսական, այլեւ՝ բովանդակային) առավելությունների մասին։
Առաջին. այս դեպքում կա իրական տարբերակ, որ իշխանության կգա որակյալ եւ կարգին մարդ որեւէ այլ խավից (ոչ վերնախավից, այսինքն, դրա արատների համալիրով չվարակված մարդ)։ Գործող համակարգի դեպքում նման մարդը դրա հույսն ունենալ չի կարող։
Երկրորդ. ընտրված մարդը բոլոր դեպքերում ոչ մեկին (ճակատագրից բացի) պարտական չի լինի իր ընտրության համար։ Դա տեղն ու տեղը կվերացնի հիմքը կաշառակերության եւ հովանավորչականության մի զգալի զանգվածի համար (ճակատագիրը ոչ մեկի համար արտոնություններ չի խնդրում)։
Երրորդ. այս դեպքում, զուտ հոգեբանական պատճառներով կնվազի վարչական կամայականությունների մակարդակը։ Փողոցից եկած մարդը, որն ապօրինաբար տուժել է որեւէ պաշտոնյայից, հաջորդ ընտրությունների ժամանակ կարող է, օրինակ, նախագահ դառնալ։ Հետեւանքներն այդ պաշտոնյայի համար պարզ են։
Եւ վերջին։ Կրկին, զուտ հոգեբանական պատճառներով, քաղաքացիների կողմից իշխանությունն ավելի իրականորեն կսկսի ընկալվել. որպես ինչ-որ մարդկային բան։ Իշխանություններից այլեւս չեն պահանջի գերբնական հրաշքներ։ Նաւե չեն հանդուրժվի իշխանությունների գերբնական այլանդակությունները։ Միայն դա բավական է, որ հասարակության կառուցվածքը գունե մի քիչ ավելի խելամիտ դառնա։