Ամառ առանց այգաբացի - Գլուխ 18

Գրապահարան-ից
13:29, 21 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 17 Ամառ առանց այգաբացի - Վերջաբան ▶


1919 թ. մայիսի 10-ին Մարոն ու Վարդանն իջան «Արևելյան էքսպրեսից» Ժնևի «Կորնավեն» կայարանում։ Նրանք այլևս Կոստանդնուպոլիս չէին վերադառնալու։ Վարդանը համաձայնել էր Վաշինգտոնում աշխատելու Տիրանի ընկերների առաջարկին։ Նա կաշխատեր այնքան, որքան անհրաժեշտ կլիներ։ Նրանց մեկ ամիս էր անհրաժեշտ եղել իրենց ճանապարհորդությունը կազմակերպելու և վիզաները ստանալու համար, ու արդեն վերջում Վարդանը չէր կարողանում զսպել իր անհամբերությունը։ Վերջապես եկավ մեկնելու պահը։ Հրաժեշտը շատ զգացմունքային էր, քանի որ Մեսրոպ քեռին համոզված էր, որ ինքն այլևս նրանց չէր տեսնելու։ Վարդանի ճանապարհորդությանը ավելացել էր ևս մեկ նպատակ։ Տիրանն ու նրա ընկերները հայտնաբերել էին, որ նախկին օսմանյան կառավարության պաշտոնական փաստաթղթերը, հենց այն փաստաթղթերը, որ իրենք փնտրում էին ամիսներ շարունակ, հիմա գտնվում էին Էվիանում՝ Ֆրանսիայում, ոմն Գաբրիել դը Ռոքվիլի մոտ։ Թովմասին որբանոցից վերցնելուց հետո Մարոն ու Վարդանը պետք է գնային Էվիան, որտեղից էլ Մարսել, ուր նրանք պետք է նավ նստեին Միացյալ Նահանգներ մեկնելու համար։ Գաբրիել դը Ռոքվիլը, որը կոլեկցիոներ էր, գնել էր այդ փաստաթղթերը Կոստանդնուպոլսում աշխատող ֆրանսիացի մի լրագրողի միջոցով։ Քանի որ նա համակրում էր հայերին, համաձայնել էր դրանք նվիրել այն մարդկանց, ովքեր կկարողանային ազնիվ նպատակով դրանք օգտագործել։

Թեթև գլխապտույտ զգալով՝ Մարոն անշարժացավ գնացքի սանդուղքի վերևի աստիճանին։ Կառամատույցին, դռան մոտ կանգնած ծառայողը նրան օգնեց իջնելու։

— Ինչպե՞ս ես,— անհանգստացավ Վարդանը։

Մարոն գլխով դրական նշան արեց։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չէին քնել նախորդ գիշեր։ Վիեննայից նրանց տիրած ոգևորությունը անհամբերության էր փոխակերպվել, երբ գնացքը մոտեցել էր Շվեյցարիայի սահմաններին, իսկ այն պահից, որ գնացքը շարժվում էր Ալպյան լեռների երկայնքով, նրանց տիրել էր տագնապը։ Երկու տարի շարունակ Մարոն աղոթել էր Թովմասի հետ այս հանդիպման մասին, Վարդանը՝ չորս տարի, և հիմա նրանք վախենում էին, որ ինչ-որ անսպասելի աղետ կարող էր խոչընդոտել այդ ամենաթանկ երազի իրականացմանը։

Մինչ Վարդանը պայմանավորվում էր բեռնակրի հետ, Մարոն ցրված նայում էր ուղևորներին, որոնք հավաքված էին կառամատույցին։ Հետո նա աչքերը բարձրացրեց Արդյան խոներին նայելու համար։ Նրա կանգնած տեղից լեռները չէին երևում, սակայն նա գիտեր, որ դրանք շատ մոտ էին և փակում էին հորիզոնը։ Քարե այդ պատվարը, որը վեր էր խոյանում իր և Օսմանյան կայսրության միջև, նրան ապահովության զգացում էր պարգևում, որը հարաճուն կերպով ամրապնդվում էր, որքան գնացքը նրան հեռացնում էր Բոսֆորի ափերից։ Նա այլևս չէր վախենում, որ գաղտնի ոստիկանությունը կարող էր ձերբակալել Վարդանին։ Եթե իրենից կախված լիներ, ապա նա այլևս երբեք չէր վերադառնա իր ծննդավայրը՝ Անատոլիա, ուր հանգչում էին հայրն ու մայրը։ Թովմասի և այլ երեխաների համար, որոնց նա մտադիր էր ունենալ, նա ցանկանում էր ազատություն և այնպիսի հայրենիք, ուր նրանց իրավունքներր կհարգվեին, և նրանք առանց վախի կկերտեին իրենց ապագան։

— Արի։

Նա վեր թռավ Վարդանի ձայնից։ Նա բռնեց Մարոյի ձեռքը և հոգատար ձայնով հարցրեց.

— Շատ չե՞ս հոգնել։

— Ոչ, ավեփ շուտ նյարդային եմ։

Վարդանը շոյեց նրա ուսը։

— Ամեն ինչ լավ կլինի, կտեսնես։

Մարոն զգում էր, որ Վարդանը նույնքան հուզված էր, որքան և ինքը։ Սայլակը քաշող բեռնակրի ուղեկցությամբ, նրանք մոլորված մտան սպասասրահը, որը բզզում էր փեթակի պես։ Վարդանը կանգ առավ թերթերի կրպակի մոտ, ուր նա ժամադրվել էր այն զույգի հետ, որը Հայկական կոմիտեի կողմից պետք է իրենց դիմավորեր։ Շրջակայքում չկային այնպիսի մարդիկ, որոնք կհամապատասխանեին Վարդանի ստացած նկարագրությանը։

— Մենք մեր ընկերներին ենք սպասում,— ասաց Վարդանը բեռնակրին։— Կարող եք ճամպրուկներն այստեղ դնել։

Տղամարդը կատարեց Վարդանի խնդրանքը և գնաց նոր հաճախորդներ գտնելու։ Այդ սպասումը նյարդայնացրեց Մարոյին։ Վարդանը նրան առաջարկեց նստել փոստի բաժանմունքի մոտ, պատի տակ դրված նստարանին։ Մարոն հրաժարվեց և սկսեց կարդալ կրպակում ցուցադրված թերթերի խորագրերը։ Վարդանը միաժամանակ հետևում էր մուտքի և դեպի կառամատույց դուրս եկող դռներին։

Սպասասրահը կամաց-կամաց դատարկվեց։ Երբ Վարդանն արդեն վճռել էր ֆայտոն վարձել և հյուրանոց գնալ, հայտնվեցին իրենց դիմավորողները։ Տղամարդը պետք է դեղին փողկապ կրեր, իսկ կինը՝ վանդակավոր բրդյա կտորից կարված զգեստ, իսկ ձեռքին սպիտակ մեխակներ ունենար։ Սուրեն Զաքարյանը՝ մոտ երեսուն տարեկան նիհար դեմքով մի տղամարդ, հանդարտ և ուժեղ մարդու տպավորություն էր թողնում։ Նրա կինը՝ Նազենին, մի քիչ ավեփ երիտասարդ էր և տղայի էր նմանվում իր կարճ կտրած և հարթ սանրած սև մազերով։ Այդուհանդերձ, նա շատ գեղեցիկ էր։

— Սուրեն Զաքարյա՞ն,— հարցրեց Վարդանը։

— Ներող եղեք ուշացման համար,— ասաց Սուրենը՝ ձեռքը մեկնելով։— Մեզ սխալ էին հայտնել գնացքի տեղ հասնելու ժամը։

— Ոչինչ։ Ես երջանիկ եմ ձեզ հետ ծանոթանալու, պարոն Սուրեն։

— Ես էլ, պարոն Պալյան։

— Մենք միշտ մեծ հետաքրքրությամբ ենք կարդում ձեր հոդվածները,— ավելացրեց կինը։

Սուրենը ներկայացրեց իր կնոջը, Վարդանը նույնպես, և Նազենին ծաղիկները Մարոյին հանձնեց։

— Ես այնպես երջանիկ եմ ձեզ համար, տիկին։ Երջանիկ եմ երեխայի համար։

Մարոյի դեմքը լուսավորվեց.

— Դուք տեսե՞լ եք որդուս։

— Նրա գոյության մասին մենք իմացանք, երբ մեզ հայտնեցին, որ Էվիանում կարևոր փաստաթղթեր կան և որ ձեր ամուսինը պետք է գա և դրանք վերցնի։ Ես չկարողացա դիմանալ և գնացի պարոն Բաղրամյանի որբանոցը։

Մարոն երիտասարդ կնոջը բազմաթիվ հարցեր տվեց.

— Խոսե՞լ եք Թովմասի հետ։ Ինչպե՞ս է նա։ Գիտի՞, որ մենք այսօր ենք ժամանելու։

Նազենիի աչքերը փայլում էին, քանի որ բարի լուր հաղորդողի դերը նրան հաճելի էր։ Նա չէր հասցրել պատասխանել, իսկ Մարոն նորից հարցրեց.

— Նա առո՞ղջ է։

— Հոյակապ տղա է, բարձրահասակ, ամրակազմ, գրեթե մեկ մետր վաթսուն սանտիմետր հասակով։ Նա մարզիկի մարմին ունի, պարոն Պալյան, ինչպես դուք։ Խելացի է և ժիր աչքեր ունի։ Աչքերը նման են մոր աչքերին, որքան հասկացա։

— Նա առո՞ղջ է,— կրկնեց Մարոն։

— Երբեք չէիք հավատա, որ նա դժվարին պահեր է ապրել։ Ըստ տնօրենի՝ նա կաշկանդված էր և չէր հաղորդակցվում երեխաների հետ, սակայն ձեր նամակը ստանալուց հետո վարքագիծը փոխվել է։ Նա ավելի անմիջական է դարձել և հաճույքով խաղում է մնացած երեխաների հետ։

Վարդանը նույնպիսի ագահությամբ էր կլանում Նազենիի խոսքերը, որքան և իր կինը։ Նրանք անվերջ կլսեին, եթե Սուրենը չասեր, ճամպրուկները վերցնելով.

— Գնացինք։

Վարդանը վերցրեց ճամպրուկներից մեկը։ Նրանք բեռները բարձեցին տաքսիի մեջ, և Սուրենը վարորդին տվեց իր բնակարանի հասցեն։

— Մենք ձեզ նախ մեր տուն կտանենք մի բան խմելու և հանգիստ զրուցելու համար։

Մարոն հուսահատ նայեց Վարդանին, որը պատասխանեց.

— Դուք շատ բարի եք, Սուրեն, սակայն մենք կգերադասեինք նախ մանկատուն գնալ։

— Պարոն Բաղրամյանը ձեզ ճաշից հետո է սպասում։

— Սուրեն, պատկերացրու, որ դու իրենց վիճակում ես,— պատասխանեց Նազենին, որը հասկանում էր Մարոյի ու Վարդանի անհամբերությունը։— Դու դեռ ժամանակ կունենաս մարդկության ճակատագիրը վճռելու պարոն Պալյանի հետ։

Սուրենը ժպտաց.

— Լա՛վ։ Մենք ձեզ մանկատուն կտանենք, իսկ վերադարձի ճանապարհին իրերը կթողնենք «Բելմոնտ» հյուրանոցում։ Դա մեր տան կողքին է։ Վարորդ, գնացեք դեպի Լոգանի ճանապարհը։

✻    ✻



— Թովմա՜ս։ Արի՛, մեր դարպասը պահիր, թե չէ կպարտվենք։

Թովմասը Գրիգորին ասաց, որ այդ պահին ֆուտբոլն իրեն այնքան էլ չէր հետաքրքրում։ Իմանալով, թե ինչ կարևոր օր էր դա ընկերոջ համար, Գրիգորը չպնդեց։ Նա վերադարձավ խաղահրապարակ՝ մի քիչ նախանձելով իր ընկերոջը, ինչպես մնացած երեխաները։ Այս մանկատան հիսուներեք տղաներից ո՞ր մեկը չէր երազում, որ մի օր կտեսներ իր ծնողներին։ Նույնիսկ նրանք, ովքեր տեսել էին իրենց ծնողների մահը։

Ժնևի ծայրամասում դեպի Լոզան տանող ճանապարհին կառուցված տղաների հին դպրոցի պատին հենված՝ Թովմասը հեռվից հետևում էր դարպասին և միևնույն ժամանակ դպրոցի բակում ընթացող ֆուտբոլի մրցմանը։ Երեք շաբաթ առաջ նա նամակ էր ստացել ծնողներից, և այդ պահից օրերն անվերջ էին թվում նրան։ Երբ Թովմասը հեռագրից իմացավ Կոստանդնուպոլսից իր ծնողների մեկնման օրը, նա դասարանի աշխարհագրական մեծ քարտեզի վրա հետևում էր գնացքի առաջխաղացմանը, ամեն առավոտյան, կեսօրին և երեկոյան տեղաշարժելով քորոցը, հետևելով պարոն Բաղրամյանի ցուցումներին։ Այս առավոտ նա այն տեղադրել էր ժնևը նշող կետի վրա։

Անկանոն քայլերի ձայն լսելով՝ Թովմասը շրջվեց։ Անդրանիկ Բաղրամյանն էր՝ տնօրենը։ Նա ճաղատ և կաղ մարդ էր, որը Թովմասից շատ բարձրահասակ չէր, իսկ կաղում էր ոտքի հին վերքից։ Բաղրամյանը սիրալիր ժպտաց տղային։

— Նրանք կգան ճաշից հետո, համբերիր։

Համբերի՜ր։ Թովմասր հենց դա էլ անում էր։ Բացի դրանից, նա կանխազգացում ուներ, որ ծնողներն անմիջապես կգային իրեն տեսնելու։

— Պարոն Բաղրամյան...– ասաց Թովմասն անվստահ ձայնով։

— Այո՞։

Թովմասը, լուրջ ձայնով, որը զարմանալի էր այդ տարիքի երեխայի համար, սկսեց արտասանել այն բառերը, որոնք նա նախապատրաստել էր այդ առավոտ։

— Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր բարության համար։ Ինձ համար մեծ երջանկություն էր ձեզ հանդիպելը։ Դուք գտաք իմ ծնողներին, ես այդ բանը երբեք չեմ մոռանա։

Տնօրենը, հուզված, թփթփացրեց նրա ուսին.

— Ինձ շնորհակալություն հայտնելու միակ ձևը, Թովմաս, ազնիվ և աստվածավախ մարդ դառնալն Է։ Մարդ, որը մտածում Է ուրիշների մասին և նրանց օգնության Է գալիս։

— Ես հենց այդպիսի մարդ կդառնամ, պարոն։

Երբ տնօրենը պատրաստվում էր հեռանալ, Թովմասը հարցրեց մանկական ձայնով.

— Ի՞նչ եք կարծում, հայրս ինձ կճանաչի՞։

— Նա քեզ չի տեսել չորս տարի։ Կարծում եմ, կճանաչի։

Անդրանիկ Բաղրամյանը գնաց դեպի մուտքի դուռը իր գրասենյակը վերադառնալու համար։ Նա փառք էր տալիս Աստծուն այս երեխայի երջանկության համար և աղոթում էր, որ Բարձրյալը ևս մի քանի նման հրաշքներ կատարեր։ Էջմիածնի ճեմարանի նախկին սանը հրաժարվել էր հոգևոր կարգից ուսուցիչ դառնալու և ամուսնանալու համար։ Նրա բանտարկությունից հետո կինն ու չորս երեխաները այրվել էին իրենց տանը, որը հրդեհել էին ջարդարարները 1915 թ. տեղահանությունների ժամանակ։ Անդրանիկին, ինչպես և Վարդանին, բանտից փրկել էր մի թուրք բարեկամ։ Նա փախել էր երկրից՝ անցնելով Պարսկաստանով և եկել էր Շվեյցարիա, ուր և նա ապրում էր այդ ժամանակից ի վեր։

Մարգագետնում աղմկող կեռնեխներր շեղեցին Թովմասի ուշադրությունը, և նա նկատեց սև ավտոմեքենան միայն դարպասից ներս մտնելուց հետո։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա տաքսի էր, որը չորս ուղևոր էր բերել։ Մեքենայից մի տղամարդ և մի կին իջան։ Թովմասը նախ մորը տեսավ և նկատեց, որ նա կտրել էր մազերը։ Այս բարձր հասակը, այս դեմքը... իր հայրը՝ Վարդանը։ Թովմասը բերանը բացեց բղավելու համար, սակայն նրա կոկորդից ձայն դուրս չեկավ։ Մի վայրկյան նա վախեցավ, որ այդ տեսիլքը կցրվեր երազի պես, սակայն Մարոն ու Վարդանը գնում էին դեպի դպրոցի մուտքը, և պարզորոշ լսվում էր խճի ձայնը նրանց կոշիկների տակ։ Չնայած նրանց գրկում հայտնվելու խելահեղ ցանկությանը, Թովմասը չկարողացավ նետվել ծնողներին ընդառաջ, այլ, հակառակը, հետ-հետ գնաց և թաքնվեց շենքի անկյունում, որպեսզի նրանք իրեն չտեսնեին։

Տեսնես մայրիկը ներե՞լ էր իր փախուստը Ռըզա բեյի տնից։ Շարունակո՞ւմ էր իրեն սիրել այսքան տարիներից հետո։ Հոր սերը կասկած չէր հարուցում, սակայն նա չգիտեր, թե ինչպես իրեն պահեր նրա հետ։ Ինչպե՞ս իրեն բնական պահեր, երբ նա գիտեր մոր դավաճանության մասին։ Թովմասը չէր ուզում հակասություններ առաջացնել ծնողների միջև և, հետևաբար, պետք է հետևեր իր յուրաքանչյուր խոսքին։ Իսկ եթե հայրը իրեն հարցե՞ր տար... Թաքցնե՞լ իրականությունը։ Ստե՞լ։ Ի՜նչ բարդ էր այդ ամենը։

— Թովմա՜ս։ Արի օգնության։

Թիմակիցներր խմբով կանչում էին իրեն։ Ավելի լավ կփներ, եթե ծնողներն իրեն հայտնաբերեին ֆուտբոլ խաղալիս, քան դպրոցի պատի հետևում թաքնվելիս, քանի որ այդ դեպքում նրանք չէին հասկանա, թե ինչու նա իրենց ընդառաջ չէր նետվել։ Թովմասը վազեց դեպի ֆուտբոլի դաշտը և գրավեց դարպասապահի իր սովորական դիրքը։ Խաղը վերսկսվեց։ Նրա թիմակիցները, ոգևորվելով Թովմասի ներկայությունից, լավ էին խաղում և բազմաթիվ հարվածներ կատարեցին դեպի դարպասը, սակայն հարվածները նպատակին չէին հասնում։ Ուշադիր հետևելով խաղին՝ Թովմասը թաքուն հայացքներ էր գցում դեպի ծառուղին, որով գալիս էին ծնողները։ Վերջապես տեսավ, թե ինչպես երեք ուրվագիծ հայտնվեց։

Մարոն հուզմունքից և մի քիչ էլ մեղքի զգացումից կարկամած կանգնել էր դպրոցի պատի մոտ Բաղրամյանի հետ։ Վարդանը մենակ գնաց դեպի դաշտը։ Խաղացողներից մեկը գոռաց Թովմասին.

— Ուշադրությո՜ւն։

Մեծ Թորոսը մոտենում էր գնդակով։ Լավագույն խաղացողն էր, արագաշարժ և ճարպիկ։

— Դե, Թովմա՛ս, փակիր նրա ճանապարհը։

Վարդանի ձայնն էր։ Այն ձայնը, որի ո՛չ տեմբրը, ո՛չ ելևէջներն ինքը չէր մոռացել։ Հայրը նրան իսկույն ճանաչել էր մոտ քսան տղաների մեջ։ Ոգևորված՝ Թովմասը նետվեց դեպի հակառակորդը, որն անցել էր պաշտպանական գիծը։ Ինքը չէր վրիպի։ Թորոսը գնդակն ուղղեց դեպի ձախ անկյունը։ Թովմասը նետվեց և բռնեց գնդակը։ Իր թիմի ողջույնների ներքո նա ոտքի կանգնեց և, հպարտությունից փայլելով, գլուխը դարձրեց դեպի հայրը, որը տարածել էր ձեռքերը և բղավում էր.

— Ապրե՜ս։ Ապրե՜ս։

— Հայրի՜կ։

Թովմասը վազեց։ Հայրը չէր փոխվել, միայն թե այսօր նա իրեն այդքան բարձրահասակ չէր թվում։ Թովմասի աչքերը թրջվեցին, և հոր դեմքը աղոտ դարձավ։ Վարդանը բռնեց նրան և բարձրացրեց նույնպիսի հեշտությամբ, ինչպես ժամանակին բարձրացնում էր թամբի վրա։ Վարդանը Թովմասին կրծքին սեղմեց։ Նրա ձայնը դողաց.

— Թովմա՜ս։ Թովմա՜ս, որդի՜ս։

Հորը փարվելով, Թովմասը երջանկությունից ողջ մարմնով դոդում էր։

— Հայրի՜կ։ Ես համոզված էի, որ դու կվերադառնաս։

— Ես քեզ փնտրել եմ բոլոր այս տարիների ընթացքում, Թովմաս։

Ավելին ասելու անկարող, նրանք այդպես գրկախառնված մնացին մի քանի րոպե։

Քիչ այն կողմ Մարոն հենվել էր պատին, քանի որ ծնկները ծալվում էին։

— Աստված մեծ է,— շշնջաց Բաղրամյանը։

Մարոն չպատասխանեց։

Երբ հայրը նրան վայր իջեցրեց, Թովմասը գրպանից հանեց արծաթյա մի տուփ, որը առավոտյան փայլեցրել էր։ Կնի՜քը։

— Ես այն վերցրել եմ Սվասի քո աշխատասենյակից։

Վարդանը բացեց կափարիչը և զգուշությամբ զննեց երկկողմանի կնիքը, որի մի կողմում փորագրված էր իր անունը հայերենով, իսկ մյուս կողմում՝ թուրքերենով։ Նա փակեց տուփը և հանձնեց Թովմասին։

— Քո պապը նվիրեց ինձ այս կնիքը, երբ գնում էի վարժարանում սովորելու։ Դու այն պահպանել ես այսքան ժամանակ և հիմա կնիքը քեզ է պատկանում։ Պահիր այն։

— Շնորհակալություն, հայրիկ,— ասաց նա հանդիսավոր ձայնով և կնիքը դրեց իր կարճ տաբատի գրպանը։

Վարդանը հիացմունքով նայում էր, թե որքան էր մեծացել որդին և թե ինչպես էր ֆիզիկապես զարգացել։ Մանկությանը հատուկ դիմագծերին հավելվել էին տարրեր, որոնք ուրվագծում էին ապագա պատանու կերպարը։ Թովմասը նայեց մոր կողմը, և մի պահ նրա դեմքին հայտնվեց անորոշ արտահայտություն, ուր միահյուսվել էին ուրախությունն ու տագնապը։ Հասկանալով որդու հոգեվիճակը՝ Վարդանը հարկ համարեց նրան հասկացնել, որ ինքը տեղյակ էր Մարոյի կյանքին Այնթապում։ Այդ դեպքում այլևս ոչ մի երկիմաստություն գոյություն չէր ունենա։ Նա կռացավ դեպի Թովմասը և ասաց.

— Ռըզա բեյը թույլ չի տվել, որ Նուրհանը ուղեկցեր մորդ։ Դու հիմա պետք է մորդ սիրես երկուսի փոխարեն։ Դու միակ որդին ես, որ նրան մնացել ես։

Թովմասը, զարմանալով այդ խոսքերից, թեթևացած հորը նայեց։ Նա այլևս ստիպված չէր փնելու թաքցնել եղբոր՝ Նուրհանի գոյության փաստը։ Հոր մեղմ ձայնից Թովմասը հասկացավ, որ Վարդանը չէր դատապարտում Մարոյին Ռըզա բեյից երեխա ունենալու համար։ Տղան շատ էր վախենում, որ ծնողները կընդհարվեին և չէին սիրի միմյանց։ Նա բարձրացավ մատների ծայրերին և երախտագիտությամբ համբուրեց Վարդանի այտը։ Հետո շրջվեց և վագեց դեպի Մարոն, որը սպասում էր տնօրենի կողքին կանգնած։

— Մայրի՜կ,— բղավեց նա ամբողջ ձայնով։

— Թովմա՜ս։ Թովմա՜ս։

Մարոն ընդառաջ շտապեց Թովմասին և գրկեց նրան։ Թովմասը նույնպես գրկեց մորը և գլուխը սեղմեց նրա կրծքին։

— Մայրիկ, ես այլևս չեմ լքի քեզ,— մրմնջաց նա լացակումած ձայնով։

— Սիրելի՜ս... Վերջապե՜ս։

Մարոյի այտերով արցունքներ էին հոսում։ Նա իրենից հեռացրեց որդուն և շոշափեց նրա գլուխը, դեմքը, ուսերը, կարծես ուզում էր համոզվել, որ դա երազ չէր, որ նա առողջ էր։ Հետո նա երեխայի դեմքը համբույրներով ծածկեց։

— Ես այնքան եմ խնդրել Աստծուն, որ նա քեզ ինձ վերադարձներ։

— Ես էլ եմ աղոթել, մայրիկ։ Ես աղոթել եմ Ազնիվ տատիկին և կնքահայր Արմենին։

— Նրանք քեզ լսել են և միջնորդել են քեզ համար Տիրոջ առջև։

Անդրանիկ Բաղրամյանը, որը մի կողմ էր քաշվել, չկարողացավ իրեն զսպել և գլխով հավանության նշան արեց Մարոյի այդ խոսքերին։ Նրա համար այս ընտանիքի պատմությանը, ինչպես նաև այլ բազմաթիվ ընտանիքների պատմությունները, որոնք միացել էին ողբերգական բաժանումից հետո, Աստծո ողորմածության վկայությունն էր։

Մարոն պայուսակից հանեց Արմենից Թովմասին մնացած ծովային գլխարկը։ Հիացած երեխան աչքերը լայն բացեց և վերցրեց գլխարկը։

— Իմ գլխա՜րկը, իմ գլխա՜րկը։

Նա գլխարկը գլխին դրեց։

— Իսկն է, մայրիկ։ Իսկը գլխովս է։

Իրականում գլխարկը մեծ էր, սակայն Մարոն թուղթ էր դրել աստառի մեջ։ Վարդանը մոտեցավ և գրկեց կնոջն ու որդուն։ Արմենի գլխարկը նրան տարավ դեպի անցյալը։ Նա հիշեց իրեն բանտում, երբ պատին փորագրում էր կախաղան հանվածների անունները, հետո Կապադովկիայի ստորգետնյա մատուռում, երբ փորագրում էր Անուշի անունը։ Մի օր նա պետք է այդ ամենը պատմեր և խոսքերով հուշարձան կանգնեցներ այն մարդկանց հիշատակին, որոնց անունները չէր պահպանել ոչ մի արձանագրություն։ Սակայն նախ պետք էր ապահովել նրանց ապագան, ովքեր վերապրել էին, օգնել հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության ամուր հիմքերը գցել։

— Ինչի՞ մասին ես մտածում, հայրիկ,– հարցրեց Թովմասը։

Վարդանը վեր թռավ և նկատեց, որ մնացածները զարմացել էին իր բացակա տեսքից։

— Օ՜... Անցյալի մասին։ Ամերիկա մեր ճանապարհորդության մասին։

— Հայրիկ, ճի՞շտ է, որ մենք նավով ենք ճանապարհորդելու։ Ես կարո՞ղ եմ կրել նավապետի գլխարկս։

— Իհարկե,— պատասխանեց Վարդանը՝ նրա գլուխը շոյելով։

Մարոն մեկ ամուսնուն էր նայում, մեկ որդուն։ Անսահման երջանկությունից նա կորցրել էր խոսելու ցանկությունը և անխռով ժպտում էր։

— Ձեր երջանկությունը մարդու սիրտը ուրախությամբ է լցնում,— նրան ասաց Անդրանիկ Բաղրամյանը հուզված ձայնով։

Վարդանը պատասխանեց կնոջ փոխարեն.

— Դա ձեր շնորհիվ է, պարոն Անդրանիկ։

Բաղրամյանը, որը մտածում էր իր զոհված կնոջ և երեխաների մասին, գերադասեց փոխել խոսակցության թեման։

— Սուրենն ինձ ասել է այն փաստաթղթերի մասին, որոնք Գաբրիել դը Ռոքվիլը պետք է ձեզ հանձնի։ Ի՞նչ եք մտադիր անել։

— Հետս Վաշինգտոն կտանեմ, որպեսզի զեկուցում պատրաստեմ, որը, կարծում եմ, մեզ կօգնի ներկայանալ ամերիկյան կառավարությանը, իսկ հետո խաղաղության բանակցություններում։ Եթե դա հենց այն փաստաթղթերն են, որոնց մասին խոսում են, ապա դրանց միջոցով մենք անհերքելի կերպով կապացուցենք, որ տեղահանություններին ուղեկցող ջարդերը ոչ թե «չնախատեսված միջադեպեր» էին, այլ սառնասրտորեն ընդունված բնաջնջման քաղաքականության հետևանք։

Վարդանի պերճախոսությունից տպավորված Թովմասը փքվեց։ Իր հայրը ոչնչով պակաս չէր տնօրենից, որն այնքան լավ էր խոսում.

— Մաղթում եմ, որ դուք դրան հասնեք,– հառաչեց Անդրանիկը։

Վարդանը համեստաբար նվազեցվեց իր դերը.

— Ես մենակ չեմ այս գործում, գիտեք։ Մերոնցից շատերն անձնազոհ կերպով ճգնում են, որպեսզի արդարությունը հաղթանակի։ Ի դեպ, ինձ ասացին, որ դուք ճանաչում եք Ռոքվիլին։ Ի՞նչ մարդ է նա։

— Մեծահոգի մարդ է։ Ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում գտնվող մեր մանկատները օգտվում են նրա առատաձեռնությունից։ Նա մեր համակիրն է։ Եվ եթե նա ոսկու գնով, ինչպես ինձ ասել են, ձեռք է բերել ձեզ հետաքրքրող փաստաթղթերը, ապա միայն դրանց ոչնչացումը կանխելու համար։ Այն, որ նա փաստաթղթերը ձեզ է հանձնում, վկայում է նրա մեծահոգության մասին։ Ռոքվիլը հին և հազվագյուտ փաստաթղթերի կրքոտ կոլեկցիոներ է։

— Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ հանդիպմանը։

— Դուք չեք հիսաթափվի։ Ի դեպ, նա կարդացել է ձեր հոդվածները և շատ է հավանում դրանք։ Նա հենց ձեզ է ուզում հանձնել այդ փաստաթղթերը և նույնպես անհամբեր ձեզ է սպասում։

Թովմասը բռնեց հոր ձեռքը.

— Ես այլևս չեմ ուզում քեզնից բաժանվել, հայրիկ։

Մինչդեռ Վարդանը փաստարկներ էր փնտրում, որպեսզի որդուն բացատրեր, որ իր բացակայությունը երկար չէր տևելու, Բաղրամյանն ավելացրեց.

— Դուք պետք է ձեզ հետ տանեք ձեր կնոջն ու Թովմասին։ Գաբրիել դը Ռոքվիլի առանձնատունր Ամֆիոն-լը-Բենում իսկական թանգարան է։ Առանձնատան պարտեզը գտնվում է Լեման լճի մեջ խորացող ցամաքալեզվակի վրա, որտեղից աննման մի տեսարան է բացվում։

Հանգստանալով՝ Թովմասը հայտարարեց.

— Գնամ հրաժեշտ տամ ընկերներիս։

— Կարող ես գնալ և նրանց ցտեսություն ասել,— պատասխանեց տնօրենը,– բայց դու մեզ այսպես չես լքի։ Վաղը մենք տոն կկազմակերպենք քո մեկնելու առիթով։

Նա դարձավ դեպի Մարոն և Վարդանը.

— Կգա՞ք Թովմասի հետ մեզ մոտ ճաշի։ Դա հաճույք կպատճառի իմ պատանի սաներին։ Նրանց հավատ կներշնչի։ Չնայած նրանց հետ իմ կապվածությանը, ես վառ եմ պահում ծնողներին գտնելու նրանց հույսը կամ էլ հուսադրում եմ, որ որևէ ընտանիք նրանց կորդեգրի։

Մարոն Վարդանին նայեց, ապա պատասխանեց.

— Դա պատիվ է մեզ համար, պարոն Բաղրամյան։

— Ես ձեզ կծանոթացնեմ ընկերներիս հետ,— ասաց Թովմասը՝ վազելով դեպի ֆուտբոլի դաշտ, ուր ավարտվում էր խաղը։

Այդ երեկո Վարդանը և նրա ընտանիքը ճաշեցին «Բելմոնտ» հյուրանոցի ճաշասրահում։ Թովմասը պնդեց, որ ծնողները կողք կողքի նստեին, իսկ ինքը տեղավորվեց դեմ դիմաց։ Այդպես նա անընդհատ տեսնում էր նրանց։ Բոլոր այն զգացումները, որ նրանք չէին կարողացել արտահայտել հանդիպման պահին, նրանք ապրել էին հետագա ժամերի ընթացքում, երբ զբոսնում էին քաղաքում։ Այժմ բոլորի հոգում խաղաղություն էր հաստատվել, որն արտաքնապես հոգնության տպավորություն էր թողնում։ Նրանք դժվարությամբ էին հավատում, որ այդքան սպասված իրադարձությունը տեղի էր ունեցել։

Թովմասն իր դանակն ու պատառաքաղը դրեց դատարկ ափսեի մեջ և հանգիստ սկսեց պատմել իր պատմությունը, կարծես այդ ամենը պատահել էր մեկ ուրիշի հետ։

Մութն արդեն ընկել էր, երբ նա հասավ Ռըզա բեյի կալվածքից հարավ-արևելք ընկած և դեպի անապատ տանող սարերին։ Առավոտյան նա փորձել էր գտնել հետդարձի ճանապարհը։ Մոլորվելով՝ նա ձիուն ուղղել էր հեռվում երևացող ուղտերի քարավանի կողմը։ Այդ մարդիկ ո՛չ թուրքերեն էին խոսում, ո՛չ էլ հայերեն և իրեն Այնթապ տանելու փոխարեն, ինչպես ինքն էր խնդրել, խլել էին իր ազնվացեղ ձին։ Չնայած իր դիմադրությանը, մի տղամարդ նրան նստեցրել էր իր ուղտին։ Նրանք երկար ժամանակ ճանապարհին էին եղել, և Թովմասը ստիպված էր եղել մնացած ծառաների հետ վրաններ խփել, անասուն խնամել և ծառայել տղամարդկանց։ Ի վերջո, նրանք Բաղդադ էին հասել, ուր Թովմասը փախել էր ոստիկանությանը հանձնվելու համար։ Նա հանդիպել էր անգլիացի զինվորների, որոնք նրա ասածներից ոչինչ չէին հասկացել։ Փորձելով խոսել իր պարզունակ ֆրանսերենով՝ նա գրավել էր մի սպայի ուշադրությունը, որը թարգմանիչ էր բերել տվել։

— Սակ Նոթ պարետն ինձ ասաց, որ ես չեմ կարող Այնթապ վերադառնալ, քանի որ դա ճակատից այն կողմ էր։ Նա փարթամ շեկ բեղեր ուներ, որոնք հասնում էին մինչև այտերը և վանդակավոր կիսաշրջազգեստ էր կրում։ Նա ինձ համար սենյակ գտավ սպաների գրասենյակի վերևում։ Վարձահատույց լինելու համար ես փայլեցնում էի նրա կոշիկները և մաքրում համազգեստը։

Վարդանն ու Մարոն շունչները պահած լսում էին իրենց որդուն։ Չնայած փաստացի մանրամասներից բացի Թովմասը այլ բան չէր հաղորդում, սակայն երեխայի չեզոք տոնը երբեմն մատնում էր նրա հուզմունքը։ Նա արագ հաղթահարում էր այն և շարունակում ակնհայտ հպարտությամբ։ Ի վերջո, այդ ամենն իրեն պատահել էր, երբ ինքն ընդամենը ութ տարեկան էր։

Մի քանի շաբաթ անց Մակ Նոթ պարետը Թովմասին հանձնել էր շվեյցարացի միսիոներների, որոնց նա ճանաչում էր և գիտեր, որ երկու ամիս անց նրանք վերադառնալու էին իրենց երկիրը։ Ուստի Թովմասը հայտնվել էր Ցյուրիխում, Վարտբուրգ քահանայի և նրա կնոջ հետ։ Արդարացի և բարի այս մարդիկ երբեք չէին ծիծաղում։

— Նրանք ամեն օր մի քանի ժամ աղոթում էին, և ես չէի հասկանում այն խոսքերը, որ կրկնում էի։ Սակայն ֆրաու Վարտբուրգը համով թխվածքներ էր թխում։

Վարտբուրգների մոտ էր, որ Անդրանիկ Բաղրամյանը տեսել էր Թովմասին։ Նա հեշտությամբ համոզել էր քահանային, որ ավելի լավ կլիներ, եթե երեխան դաստիարակվեր հասակակիցների հետ և կրթություն ստանար իր լեզվով և հաճախեր իր ազգային եկեղեցին։

— Պարոն Բաղրամյանը գրել էր Ռըզա բեյին, սակայն պատասխան չէր ստացել։ Որբանոցում սնունդն ավելի վատն էր, քան քահանայի տանը։

Թովմասը խորամանկ ժպտում էր։ Հիմա, երբ ծնողների հետ էր, իր արկածներն իրեն շատ հեռու և գրեթե աննշան էին թվում, մինչղեռ նա գիշերներ շարունակ լացել էր հուսահատությունից։

Մատուցողը հաջորդ ուտեստը բերեց, և երբ նա հեռացավ, Մարոն ասաց.

— Ինչպիսի երջանկություն է, որ քեզ այդքան գթասիրտ մարդիկ են հանդիպել։ Մենք պետք է հատուցենք նրանց՝ ուրիշներին լավություն անելով։

— Ճիշտ է,— համաձայնեց Վարդանը։— Սակայն ակնհայտ է նաև, որ Թովմասը շատ քաջ է եղել։

Նա դարձավ դեպի որդին.

— Դու բարձր ես պահել Պալյանների պատիվը, տղաս։

Թովմասը շիկնեց։ Ոչ մի այլ գնահատական նրան այդքան հաճույք չէր պատճառի։

— Իսկ դո՞ւ, հայրիկ։ Ինչպե՞ս կարողացար փախչել Սվասի բանտից։ Հետո ի՞նչ ես արել։

Վարդանը հասկացավ, որ Թովմասն ուզում էր իմանալ հոր գլխով եկածն այնպես, ինչպես գիտեր մոր հետ պատահածր, քանի որ դա իրենց ընդհանուր պատմությունն էր։ Հակառակ դեպքում ընտանեկան հիշողության մեջ միշտ դատարկ տեղեր կմնային։ Նրա կարծիքով, ողբերգական հիշողություններից հրաժարվելը, ինչպես վարվում էին տեղահանությունը վերապրած հայրենակիցներից շատերը, սխալ էր։ Հակառակը, ոչինչ չէր կարելի մոռանալ։ Վարդանը մի կում գինի խմեց և սկսեց իր պատմությունը՝ դիմելով իր որդուն այնպես, ինչպես կդիմեր իր ընկերոջը կամ վստահելի մարդու։

— Ինձ ձերբակալեցին քո վեցերորդ տարեդարձի տոնական ճաշկերույթից մի քանի ժամ անց։ Սենք պատրաստվում էինք հեռանալ Սվասից Ազնիվ խանումի, Արմենի, Արաքսիի հետ, երբ...

Մարոն նրան շատ ուշադիր էր լսում, քանի որ ոչինչ չգիտեր, իրենց բաժանումից հետո Վարդանի կյանքի մասին։ Եվ երբ նա պատմում էր ինչ-որ իրադարձությունների մասին, Մարոն փորձում էր հիշել, թե ինչ էր ինքն անում այդ պահին, որպեսզի իրենց հիշողությունները համընկնեին։

✻    ✻



Մարսելի հին նավահանգիստը շատ աշխույժ էր։ Ձկնորսական նավերը մոտենում էին նավամատույցին։ Նրանց դիմավորում էին ձկնավաճառները, որոնք գնում էին ամբողջ որսը՝ շուկայում վաճառելու համար։ Սակարկությունն ընթանում էր հետաքրքրասերների աչքի առաջ, և նրանք երբեմն մասնակցում էին դրան։ Երկինքը պարզ էր։

Թովմասը, նավապետի գլխարկը գլխին, քայլում էր հոր և մոր առջևից, որոնք թևանցուկ հետևում էին նրան։ Վարդանի նվիրած հեռադիտակով Թովմասը ուսումնասիրում էր Իֆ կղզու ժայռը, որի վրա կանգնած բանտը ուրվագծվում էր հորիզոնին։

— Այնտե՜ղ,– բացականչեց նա՝ ցույց տալով նավահանգստի մյուս ծայրում կանգնած նավը։— Այս նավը Ամերիկա՞ է գնում, հայրիկ։

— Հեռադիտակդ տուր։

Վարդանն ուսումնասիրեց նավի քթամասը։

— «Պելոպոնեսի աստղ»։ Սա է։

— Արա՜գ, գնանք մոտը։

Մարոն ժպտաց՝ տեսնելով որդու անհամբերությունը։

— Շտապելու կարիք չկա,— ասաց նա։— Մեզ նավ կթողնեն միայն երկու ժամից։

Շրջիկ լուսանկարիչը՝ ցածրահասակ մի մարդ, որը մեջքին էր քարշ տալիս իր ծանր լուսանկարչական սարքը եռոտանիով, մոտեցավ նրանց և ողջունեց։

— Ներեցեք պարոնայք, լսեցի, որ դուք մեկնում եք։ Չէիք ուզենա լուսանկարվել որպես հիշատակ։

Վարդանը տատանվում էր.

— Իսկ ժամանակին պատրաստ կլինի՞։

— Արհեստանոցս գտնվում է հենց այս փողոցի անկյունում, անմիջապես սրճարանի հետևում,— ասաց տղամարդը՝ ցույց տալով սրճարանը։— Մեկ ժամից դուք կստանաք լուսանկարները։

Զգալով, որ դա հաճելի կլիներ Մարոյին, Վարդանը համաձայնեց։

— Նախ երկուսդ միասին նկարվեք,— ասաց Մարոն։— Եվ ես կկարողանամ հիանալ իմ երկու տղամարդով։

Լուսանկարիչը նրանց կանգնեցրեց նավամատույցի եզրին, կայմերի անտառի ֆոնին։ Վարդանը պահել էր մի փոքրիկ ճամպրուկ, այն փաստաթղթերով, որ նրան էր վստահել Գաբրիել դը Ռոքվիլը Վարդանի՝ Էվիան կատարած այցելության ընթացքում։ Մյուս ձեռքը նա դրեց որդու ուսին, որը ցուցադրում էր իր հեռադիտակը։

— Նրանք բոլորը մեր թիկունքում են,– շշնջաց Վարդանը Թովմասին, որը շրջվեց հետ նայելու համար։

— Ո՞վ, ոչ ոք չկա։

— Մեր նախնիները։ Իմ հայրը, իմ պապը... Դու տասնյակ սերունդների արգասիքն ես։ Այդ մարդիկ մշակույթ են ստեղծել, որը քո ժառանգությունն է։ Դու պետք է լինես այդ մշակույթի կրողը և հարստացնես, որպեսզի այն կենդանի մնա, և այդպիսով դու կապրեցնես քո նախորդներին։

Թովմասը համոզված չէր, որ լավ էր հասկանում, և լրացուցիչ պարզաբանումներ կուզենար, սակայն լուսանկարչի համբերությունը հատեց.

— Խնդրում եմ դադարեք խոսել և մի շարժվեք։

Նա լուսանկարեց։ Հետո Մարոն միացավ ամուսնուն և որդան։ Վարդանը ճամպրուկը ոտքերի մոտ դրեց և գրկեց հարազատներին։

Իր սարքի հետևում կանգնած լուսանկարիչը հուզվեց.

— Ի՜նչ հաճելի է տեսնել մի ընտանիք, որն անհոգ կյանք է ունեցել։ Դուք երևի ձեզ վրա չեք զգացել պատերազմի դժվարությունները։

Մարոն ու Վարդանը հազիվ զսպեցին ծիծաղը։

— Մի շարժվե՛ք... Ուշադրությո՛ւն... Ահա՛։

Փոքրիկ տղամարդը շտապ հավաքեց սարքը իրեն մոտեցած Թովմասի հետաքրքրված հայացքի ներքո։ Լուսանկարիչն իր այցեքարտը տվեց տղային։

— Ծնողներիդ կասես, որ մեկ ժամից անցնեն։

Վարդանը շրջվել և առանց տեսնելու նայում էր նավակների վրայով ճախրող ճայերին։ Նա դեպի արևելք էր նայում, մտածելով, որ Միջերկրականի մյուս ծայրամասում գտնվում էր Կոստանդնուպոլիսը, ավելի հեռու՝ Անատոլիան, իսկ է՛լ ավելի հեռու Արարատ լեռան հովանու տակ՝ Հայաստանը։ Մարոն, կռահելով Վարդանի մտքերը, կանգնեց նրա կողքին և նայեց նույն ուղղությամբ։ Այնտեղ ինքր թողնում էր իր որդուն, որին նա այլևս երբեք չէր տեսնելու։ Նրա ձեռքը լարվեց ամուսնու թևին։

Նրանք վեր թռան Թովմասի ձայնից։ Նա մատով ցույց տվեց դեպի արևմուտք և համոզված ասաց.

— Դուք սխալվում եք։ Ամերիկան այն կողմն է։