Մարտին Իդեն, Գլուխ VIII
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ VII | Մարտին Իդեն, Գլուխ IX ▶ |
Անցավ մի քանի շաբաթ, իսկ Մարտին Իդենը շարունակում էր ուսումնասիրել քերականությունը, աչքի էր անցկացնում բարեկրթության վերաբերյալ գրքեր և ագահաբար կարդում էր ամեն գիրք, որը բորբոքում էր նրա երևակայությունը։ Իր նախկին շրջապատից նա բոլորովին հեռացավ։ «Լոտոս» ակումբի աղջիկները չէին հասկանում, թե ինչ է պատահել նրան և անվերջ հարցումներ էին ուղղում Ջիմին, իսկ շատ երիտասարդներ ուրախ էին, որ Մարտինն այլևս չի երևում Ռայլիի մոտ տեղի ունեցող մրցություններին։ Գրադարանի գանձարանում նա մի թանկագին գյուտ ևս արեց։ Ինչպես քերականությունը նրա առաջ բացեց լեզվի հիմքը, այնպես էլ այդ նոր գիրքը նշեց բանաստեղծության հիմքը կազմող կանոնները։ Նա սկսեց ուսումնասիրել տաղաչափության ձևերն ու կանոնները և հասկացավ, թե ինչպես է ստեղծվում իրեն սքանչացնող գեղեցկությունը։ Մի այլ նորագույն գրքում բանասաեղծությունը դիտվում էր որպես կերպարվեստ։ Այդ գրքում սպառիչ կերպով պարզաբանված տեսությունը հաստատվում էր լավագույն գրականությունից մեջ բերված բազմաթիվ օրինակներով։ Ոչ մի վեպ Մարտինը այդքան մեծ հետաքրքրությամբ չէր կարդացել, որքան այդ գրքերը։ Եվ նրա թարմ, չծանրաբեռնված քսանամյա ուղեղը, մղվելով գիտելիքների ծարավից, յուրացնում էր ամեն ինչ շարքային ուսանողների համար անսովոր ակտիվությամբ ու արագությամբ։
Այժմ, երբ Մարտինը իր դիտակետից նայում էր ետ՝ իրեն ծանոթ հին աշխարհին, հեռավոր երկրների, ծովերի, նավաստիների և փողոցային կանանց աշխարհին, դա թվում էր նրան շատ փոքր, բայց և այնպես իր որոշ սահմանագծերով շփվում էր մեծ ու նոր աշխարհին, որը բացվել էր Մարտինի առաջ։ Նրա միտքը միշտ ձգտում էր միասնականության, սակայն նա զարմացավ, երբ առաջին անգամ սկսեց նկատել այդ երկու աշխարհների կապը. միաժամանակ նա բարձրացավ հին աշխարհից վեր՝ շնորհիվ գրքերից քաղած վեհ մտքերի և զգացումների։ Դա մղեց Մարտինին ավելի հաստատ հավատալու, որ այդ բարձր շրջաններում, որոնց պատկանում են Ռութը և նրա ընտանիքը, բոլոր տղամարդիկ ու բոլոր կանայք խորհում են այդ մտքերով և ապրում են դրանցով։ Մինչև այժմ նա ապրել է ճահճում, իսկ այժմ ուզում է մաքրվել ու բարձրանալ վեր։ Դեռ մանկությունից և պատանեկությունից ինչ֊որ աղոտ բան տանջում և հուզում էր նրան, բայց նա, մինչև Ռութի հետ հանդիպելը, երբեք չէր հասկացել, թե ինչ է ուզում։ Այժմ այդ փափագը սրվել և հիվանդագին էր դարձել, նա պարզ ու հաստատ հասկացավ, որ փնտրում է գեղեցկություն, խելք ու սեր։
Այդ շաբաթների ընթացքում նա վեց անգամ տեսակցեց Ռութի հետ, և նրա հետ հանդիպելը ամեն անգամ ոգեշնչում էր Մարտինին։ Աղջիկն ուղղում էր նրա լեզուն և առոգանությունը, թվաբանություն էր պարապում նրա հետ։ Սակայն նրանց խոսակցությունները չէին սահմանափակվում միայն պարապմունքներով։ Մարտինը չափազանց շատ բան էր տեսել կյանքում, նրա միտքը չափազանց հարուստ էր, և նա չէր կարող բավարարվել կոտորակներով, խորանարդ արմատներով, վերլուծությամբ ու խոնարհումներով։ Լինում էին րոպեներ, երբ նրանց խոսակցությունը բոլորովին այլ նյութի շուրջն էր դառնում, նրանք խոսում էին այն ոտանավորների մասին, որոնք Մարտինը նոր էր կարդացել, այն բանաստեղծի մասին, որ ուսումնասիրում էր այժմ Ռութը։ Եվ երբ նա բարձրաձայն կարդում էր իր սիրած բանաստեղծությունները, Մարտինը անասելի երանություն էր զգում։ Նա դեռ երբեք ոչ մի տեղ այդպիսի ձայն չէր լսել։ Անգամ աղջկա խոսքի հնչյունից նրա սերը ծաղկում էր, ամեն մի բառից նրա միտքը տրոփում էր։ Այդ ձայնը հանդարտ ու երաժշտական էր, որպես վսեմ ու ճոխ արգասիք կուլտուրայի և հոգեկան ազնվության։ Լսելով Ռութին՝ նա ակամա հիշում էր վայրենի ցեղերի և նավահանգիստներում թրև եկող կանանց պոռչտուն ձայները, ֆաբրիկայի բանվորուհիների աններդաշնակ զրույցը։ Նրա երևակայությունն անմիջապես սկսում էր աշխատել․ նա տեսնում էր այդ կանանց վիթխարի շարաններ, և նրանցից յուրաքանչյուրը, որպես հակապատկեր, առավել փայլեցնում էր Ռութի լուսապսակը։ Բայց նա ոչ միայն սիրում էր լսել Ռութի ձայնը, նրան անսահմանորեն հաճելի էր այն միտքը, որ Ռութը հասկանում է կարդացածը և վառ արտահայտություն է տալիս բանաստեղծական մտքի գեղեցկությանը։ Աղջիկը շատ էր կարդում նրան «Իշխանուհուց», ընդ որում նա հաճախ Ռութի աչքերում տեսնում էր արտասուքի շիթեր, այնքա՜ն նուրբ էր նա զգում գեղեցկությունը։ Այդպիսի րոպեներին Մարտինին թվում էր, թե ինքը բարձրանում հասնում է մինչև աստվածային ամենաթափանցություն, նայելով աղջկան ու լսելով նրա ձայնը՝ նա կարծես զննում էր հենց կյանքը և ընթերցում էր նրա խորհրդավոր գաղտնիքները։ Հասնելով զգացմունքի այդ բարձունքներին՝ Մարտինը սկսում էր հասկանալ, որ հենց դա է սերը, և որ սերը աշխարհում ամենավսեմ բանն է։ Եվ նրա ներքին հայացքի առջևից անցնում էին՝ ժամանակին իր զգացած բոլոր ուրախությունները՝ արբեցումը, կանացի փայփայանքը, խաղը, կրակոտ ֆիզիկական պայքարը․ և այդ բոլորը թվում էր անտանելիորեն անարգ ու գծուծ, համեմատած այն զգացումների հետ, որոնք համակել են նրան այժմ։
Ռութը չէր գիտակցում, թե ինչ է տեղի ունենում իր հետ։ Նա դեռևս ոչ մի փորձառություն չուներ սրտին վերաբերող գործերում։ Այն ամենը, ինչ նա գիտեր, քաղված էր գրքերից, որոնց առօրյա կյանքի դեպքերը միշտ էլ պատկերացվում էին որպես գեղեցիկ, բայց անիրական բաներ․ աղջկա մտքովն էլ չէր անցնում, որ այս կոպիտ նավաստին նվաճում է իր սիրտը և մի գեղեցիկ օր իր ներսում հասունացող զգացումը կհորդի և հրեղեն ալիքներով կողողի ամբողջ էությունը։ Աղջիկը չէր իմանում, թե իսկապես ինչ է սիրո բոցը։ Նրա բոլոր պատկերացումներն այդ մասին բացառապես տեսական էին, իսկ «սեր» բառը նրանում ոգեկոչում էր աստղերի հեզիկ փայլը, ծովի հանդարտ մակերեսի մեղմիկ ալյակները, ամառային թավշյա գիշերից հետո՝ թեթև ցողը։ Սերը պատկերանում էր նրան որպես քնքուշ անձնվիրություն, ծառայություն իր սիրած էակին՝ ծաղիկների բույրով և երջանկավետ անդորրությամբ համակված զով լռության մթնոլորտում։ Նա չէր էլ հասկանում սիրո հրաբխային պոռթկումները, դրա սոսկալի տոթը, որը վերածում է սիրտը տաք մոխրով պատած ամայության։ Նա ոչինչ չգիտեր աշխարհում թաքնված ուժերի, իր մեջ իսկ թաքնված ուժերի մասին, կյանքի խորքերը նրա համար պատրանքների մշուշապատ ծով էին։ Իսկ հոր ու մոր ամուսնական նվիրվածությունը նրա համար սիրո միության իդեալն էր, և նա հանգիստ սպասում էր, որ ապագայում կգա այն օրը, երբ ինքը առանց հուզմունքի ու ցնցումների կթևակոխի նույնպիսի խաղաղ կենակցություն՝ իր սիրելի մարդու հետ։
Այսպիսով, նա Մարտին Իդենի վրա նայում էր որպես մի նորության, մի անօրինակ, բացառիկ էակի, և այդ նորությանն էր վերագրում այն անսովոր զգացումները, որը Մարտինը ոգեշնչում էր նրա մեջ։ Դա բնական էր։ Նա նույնպիսի զգացմանքներ էր ունենում, երբ գազանանոցում նայում էր վայրի կենդանիներին կամ երբ տեսնում էր փոթորիկն ու սարսռում ամպրոպից։ Այդպիսի երևույթներում կար ինչ-որ տիեզերական բան, և Մարտինի մեջ էլ անկասկած կա տիեզերական ինչ֊որ բան։ Մարտինը նրան բերեց ծովի շունչը, երկրագնդի տարածությունների անսահմանությունը։ Արևադարձային արևի փայլը դրոշմվել է նրա դեմքին, իսկ նրա պինդ, երկաթե մկաններում կենսական նախնական ուժ կա։ Նա ամբողջովին ծածկված է սպիներով ու քերծվածքներով, որոնք ստացել է դաժան մարդկանց և դաժան արարքների այդ անծանոթ աշխարհում, որը սկսվում է աղջկա տեսահորիզոնի սահմաններից դենը։ Նա դեռ ձեռնասուն չդարձած՝ վայրենի է, և Ռութի ինքնասիրությունը շոյում է այն միտքը, որ Մարտինը այդքան հլու է իրեն։ Աղջկան ղեկավարում էր վայրենուն ձեռնասուն դարձնելու ցանկությունը, ուրիշ ոչինչ։ Այդ ցանկությունն անգիտակցական էր, և նրա մտքովն էլ չէր անցնում, թե ուզում է Մարտինից ստեղծել իր հոր նման մի մարդ, որովհետև հայրը նրան թվում էր կատարելության տիպար։ Իր անգիտությամբ նա չէր կարող հասկանալ և այն, որ Մարտինի կողմից նրա մեջ առաջացած տիեզերական զգացումը հենց սերն է՝ այն անհաղթահարելի ուժը, որ տղամարդուն ու կնոջն իրար է ձգում ամբողջ աշխարհի վրայով, որը եղջերուներին ստիպում է զուգավորման շրջանում իրար սպանել, և բոլոր կենդանի էակներին մղում է միավորման։
Մարտինի արագ զարգացումը չափազանց զարմացնում ու հետաքրքրում էր աղջկան։ Աղջիկը նրա հոգում հայտնաբերել էր այնպիսի կողմեր, որոնց գոյության մասին չէր էլ կարող մտածել, իսկ դրանք բացվում էին ամեն օր, ինչպես ծաղիկները բարեբեր հողում։ Ռութը բարձրաձայն կարդում էր Բրաունինգից և երբեմն ապշում էր, երբ Մարտինը անակնկալ կերպով մեկնաբանում էր խրթին տեղերը։ Աղջիկը չէր հասկանում, որ կյանքի և մարդկանց ճանաչողության վրա հիմնված նրա մեկնաբանությունները հաճախ ավելի ուղիղ էին, քան իր մեկնաբանությունները։ Նրա դատողությունները աղջկան թվում էին միամիտ, թեև երբեմն նրան հրապուրում էր Մարտինի մտքի սլացքը, որ նրան տանում է անդրաստեղային այնպիսի հեռավորություններ, ուր աղջիկը նրան չէր կարող հետևել և միայն սարսռում էր ինչ-որ անհասկանալի աժի հետ ընդհարվելուց։ Հետո Ռութը նվագում էր նրա համար, և երաժշաությունը թափանցում էր Մարտինի էության խորքերը, որոնք անչափելի էին աղջկա համար։ Նրա ամբողջ էությունը բացվում էր երաժշտության հնչյուններից, ինչպես ծաղիկն է բացվում արևի ճառագայթների ներքո։ Նա շատ շուտով մոռացավ ստորին դասակարգի երաժշտության ընդհատ ռիթմերը, բութ ու ճչան ներդաշնակությունը և սովորեց գնահատել Ռութի սիրած դասական ռեպերտուարը։ Սակայն Մարտինը դեմոկրատական կողմնակալություն ուներ դեպի Վագները և «Թանհոյզերի» նախերգանքը, որը Ռութի բացատրությունից հետո, նրան ավելի ևս դուր եկավ։ Այդ նախերգանքը կարծես Մարտինի կյանքի նախատիպարն էր։ Դա անմիջականորեն անձնավորում էր Մարտինի կյանքը։ Նրա ամբողջ կյանքը արտահայտված էր Վեներայի քարանձավի մոտիվում, իսկ Ռութի կյանքը նա որոշ չափով նույնացնում էր ուխտավորների խմբերի մոտիվի հետ։ Թվում էր, որ Վագների մեղեդիները նրան տանում էին ոգու երևակայական աշխարհը, ուր չարն ու բարին հավիտենական պայքար են մղում։
Երբեմն Մարտինը հարցեր էր տալիս, և Ռութին սկսում էր թվալ, թե ինքը սխալ է հասկանում երաԺշտությունը․ իսկ երբ Ռութը երգում էր, Մարտինը ոչինչ չէր հարցնում։ Ակնածող լռությամբ նա ականջ էր դնում աղջկա զուլալ սոպրանոյին, և թվում էր, թե ունկնդրում է Ռութի հոգու ձայնին։ Եվ կրկին հիշում էր ֆաբրիկայի աղջիկների ճղճղան երգերն ու նավահանգստի գինետներում հարբած մեհեբնների խզխզան խմբերգը։ Ռութը հաճույքով էր նվազում և երգում նրա համար։ Ըստ էության Ռութը առաջին անգամ էր գործ ունենում մարդկային կենդանի հոգու հետ, այնպիսի փափուկ և ճկուն հոգու, որին հաճելի էր կաղապարել ու կոփել։ Ռութին թվում էր, թե ինքը մի բան քանդակում է Մարտինի հոգուց և այդ անում է լավագույն մտադրություններով։ Բացի այդ բոլորից, Ռութը բավականություն էր զգում Մարտինի հետ միասին լինելուց։ Մարտինը այլևս վախ չէր ներշնչում նրան։ Առաջին անգամ նա Ռութի վրդովված հոգում իսկապես մի տարտամ վախ ծնեց, բայց այդ վախը այժմ անհետացել էր։ Ռութը, առանց գիտակցելու, արդեն զգում էր, թե ինչ֊որ իրավունքներ ունի Մարտինի վրա։ Մյուս կողմից, Մարտինը նրա վրա Կենարար ազդեցություն էր գործում։ Ռութը խիստ շատ էր զբաղվում համալսարանում, և նրա համար, ըստ երևույթին, օգտակար էր երբեմն պոկվել գրքերի փոշուց և շնչել ծովի զով քամին, որով սնվել էր Մարտինը։ Ուժ․ այո, նրան հարկավոր էր ուժ, և Մարտինը վեհանձնորեն բաժանում էր այդ ուժը նրա հետ։ Մարտինի հետ միևնույն սենյակում գտնվելը, նրան դիմավորելը արդեն իսկ նշանակում էր լիաթոք շնչել։ Եվ երբ Մարտինը հեռանում էր, Ռութը կրկնակի եռանդով էր սկսում պարապել։
Ռութը շատ լավ գիտեր Բրաունինգին, բայց նա երբեք չէր մտածում, որ մարդկային հոգու հետ խաղալը բավական վտանգավոր է։ Ինչքան շատ էր նա հետաքրքրվում Մարտինով, այնքան ուժեղ էր ցանկանում վերաձևել նրա կյանքը։
— Ահա, վերցրեք միստր Բեթլերի գիրքը,― ասաց մի օր Ռութը, երբ քերականության, թվաբանության ու բանաստեղծության մասին զրույցն ավարտվեց,— նա սկզբում ոչ մի բանում հաջողություն չուներ։ Նրա հայրը բանկում գանձապահ էր, բայց մի քանի տարի հիվանդացավ և Արիզոնայում մեռավ հյուծախտից, այնպես որ միստր Բեթլերը (նրա անունը Չարլզ Բեթլեր է) բոլորովին մենակ մնաց։ Նրա հայրը ծագումով ավստրալիացի էր, և նա Կալիֆորնիայում ազգականներ չուներ։ Աշխատանքի տեղավորվեց տպարանում (մի քանի անգամ նա պատմել է ինձ այդ մասին) և սկզբում շաբաթական երեք դոլլար էր վաստակում, իսկ հիմա տարեկան մոտ երեսուն հազար դոլլարի եկամուտ ունի։ Ինչպե՞ս հասավ այդ աստիճանին։ Նա ազնիվ, աշխատասեր և խնայող մարդ էր։ Նա հրաժարվում էր բավականություններից, որ առհասարակ շատ են սիրում երիտասարդները։ Նա իր համար սահմանել էր ամեն շաբաթ ետ գցել մի որոշ գումար՝ ամեն տեսակ զրրկանքների գնով։ Եվ շուտով սկսեց ստանալ շաբաթական երեք դոլլարից ավելի, ու իր եկամտի ավելանալուն զուգընթաց շատանում էր նրա խնայողությունը։ Ցերեկը աշխատում էր, իսկ աշխատանքից հետո հաճախում էր երեկոյան դպրոց։ Նա շարունակ մտածում էր ապագայի մասին․ հետո սկսեց հաճախել երեկոյան դասընթացներ։ Տասնյոթ տարեկան հասակում արդեն գրաշար էր և ստանում էր լավ ռոճիկ, բայց փառասեր էր։ Նա ուզում էր առաջ գնալ և ոչ թե ունենալ մի պատառ ապահովված հաց, և պատրաստ էր ամեն զոհողության՝ ի սեր ապագայի։ Նա վճռեց փաստաբան դառնալ և ծառայության մտավ իմ հոր գրասենյակը... երևակայեցեք, որպես ցրիչ շաբաթը միայն չորս դոլլար ռոճիկով։ Բայց նա սովորել էր խնայող լինել և մինչև անգամ այդ չորս դոլլարից էլ կարողանում էր խնայել։— Ռութը մի պահ լռեց շունչ առնելու և տեսնելու համար, թե Մարտինը ինչպես է ընդունում այդ պատմությունը։ Մարտինի դեմքին աշխույժ հետաքրքրասիրություն առաջացավ միստր Բեթլերի ճակատագրի նկատմամբ․ բայց միևնույն ժամանակ կիտեց հոնքերը։
— Երևում է, որ զրկանքներ շատ է կրել,— ասաց Մարտինը,— շաբաթական չորս դոլլար... Ինչպե՞ս կարոդ էր նա ապրել դրանով։ Ես շաբաթական հինգ դոլլար եմ վճարում բնակարանի և ճաշի համար, և, աստված վկա, ոչ մի լավ բան չունեմ։ Հավանաբար շան կյանք էր վարում։ Նա անպայման սնվում էր...
— Նա ինքն էր կերակուր պատրաստում իր համար նավթավառի վրա,— ընդհատեց նրան Ռութը։
— Հավանաբար նա նույնքան վատ էր սնվում, որքան և ձկնորսանավերի նավաստիները, իսկ դա նշանակում է, որ դրանից ավելի վատ բան չի կարող լինել։
— Բայց տեսեք, թե նա ո՜ւր հասավ,— ոգևորված բացականչեց աղջիկը։— Պատկերացրեք, թե ի՜նչ եկամուտ ունի հիմա։ Նրա առաջվա զրկանքները այժմ հազարապատիկ են հատուցվում։
Մարտինը շեշտակի նայեց նրան։
— Գիտե՞ք ինչ,— առարկեց նա,— ձեր այդ միստր Բեթլերը այնքան էլ ուրախ կյանք չունի հիմա, երբ արդեն հարուստ է։ Տարիներ շարունակ նա այնքա՜ն վատ է սնվել, որ կարծում եմ, նրա ստամոքսը այլևս բանի պետք չէ։
Ռութը մի կողմ դարձրեց հայացքը, չդիմանալով Մարտինի հայացքին։
— Ես գրազ կգամ, որ նա տառապում է կատառով։
— Այո,— համաձայնեց Ռութը,— բայց․․․
— Եվ ենթադրում եմ,— շարունակեց Մարտինը,― նա հիմա բարկացկոտ ու տաղտկալի է, ինչպես ծեր բվեճը, և նրա երեսուն հազարը ոչ մի ուրախություն չի պատճառում նրան։ Հավանաբար նա չի էլ հանդուրժում, երբ իր շուրջը ուրախանում են. ճի՞շտ եմ ասում, թե ոչ։
Ռութը գլխով հաստատական նշան արեց և շտապեց բացատրել․
— Բայց նրան այդ ամենը պետք էլ չեն։ Բնականից նա մռայլ, ինքնամփոփ ու լուրջ մարդ է։ Նա միշտ էլ այդպիսին է եղել։
– Իհարկե, այդպես էլ պիտի լիներ,— բացականչեց Մարտինը,— շաբաթը երեք կամ չորս դոլարո՜վ։ Երիտասարդը ինքն է ճաշ եփում, որպեսզի դրամ խնայի, ցերեկն աշխատում է, գիշերը սովորում, աշխատանքից զատ ոչինչ չգիտե, ոչ մի անգամ չի զվարճանում, երբեք քեֆ չի անում, թերևս չգիտի էլ, թե ինչպես պիտի քեֆ անել։ Անկասկած նրա այդ երեսուն հազարը չափազանց ուշ է եկել։
Մարտինի հաճոյակատար երևակայությունը իսկույն մանրամասնորեն գծագրեց աչքի առաջ այդ խնայասեր պատանու կյանքը և այն հոգեկան նեղ շավիղը, որ նրան հետագայում առաջնորդեց դեպի տարեկան երեսունհազարանոց եկամուտը։ Չարլզ Բեթլերի բոլոր մտքերն ու արարքները նրա առաջ պատկերացան՝ կարծես հեռադիտակով տեսնելիս լիներ։
— Գիտե՞ք,— ավելացրեց Մարտինը,— ես խղճում եմ նրան, այդ միստր Բեթլերին։ Նա այն ժամանակ չափազանց երիտասարդ էր և չէր հասկանում, որ ինքը գողացել է իր ամբողջ կյանքը՝ այդ երեսուն հազարի սիրույն, որն այժմ նրան ոչ մի ուրախություն չի պատճառում։ Այժմ նա արդեն երեսուն հազարով չի կարող գնել այն, ինչ այն ժամանակ կարող էր գնել տասը սենթով՝ ասենք որևէ շաքարեղեն, երբ երեխա էր, կամ ընկույզ և կամ վերնասրահի տոմս։
Այսպիսի մոտեցումը միշտ էլ որոշ չափով ապշեցնում էր Ռութին։ Դա ոչ միայն բոլորովին նոր էր Ռութի համար, այլև չէր համապատասխանում նրա հայացքներին. նա աղոտ կերպով այս ամենի մեջ կռահում էր ճշմարտության որոշ բաժին, որն սպառնում էր տապալել և հիմնովին այլափոխել կյանքի մասին նրա ունեցած բոլոր գաղափարները։ Եթե Ռութը լիներ ոչ թե քսանչորս, այլ տասնչորս տարեկան, թերևս Մարտինի ազդեցության տակ, շատ շուտ փոխեր իր հայացքները։ Բայց նա քսանչորս տարեկան էր և, բացի այդ, խառնվածքով պահպանողական, իսկ նրա ստացած կրթությունն արդեն հարմարեցրել էր նրան այն շրջապատի ապրելակերպին ու գաղափարներին, ուր նա ծնվել ու զարգացել էր։ Ճիշտ է, խոսակցության ժամանակ Մարտինի տարօրինակ դատողությունները երբեմն վրդովում էին նրան, բայց Ռութը դա վերագրում էր նրա անձնավորության և ճակատագրի ինքնատիպությանը և աշխատում էր շուտով մոռանալ դրանք։ Թեև Ռութը չէր համաձայնում նրա մտքերին, այնուամենայնիվ, նրա համոզելու ուժը, նրա աչքերի փայլն ու դեմքի լրջութունը խոսելիս միշտ էլ հուզում և հրապուրում էին աղջկան։ Ռութի մտքովն էլ չէր անցնում, որ իր աշխարհայացքի սահմանների դրսից եկած այս մարդը շատ հաճախ արտահայտվում էր իր համար չափազանց խոր մտքեր և չափազանց վեր էր բարձրանում իր սովորական մտամակարդակից։ Իր աշխարհայացքի սահմանները, Ռութի կարծիքով, միակ ուղիղ սահմաններն էին։ Բայց սահմանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են նկատում սահմանափակվածություն։ Այդպիսով, նա իր աշխարհայացքը համարում էր շատ լայն և դրանով էլ բացատրում իր և Մարտինի միջև ծագած գաղափարական ընդհարումները և երազում էր սովորեցնել նրան դիտել իրերը իր՝ Ռութի աչքերով և ընդլայնել նրա տեսահորիզոնը մինչև իր հորիզոնի սահմանները։
— Բայց ես դեռ չեմ վերջացրել իմ պատմությունը,— ասաց Ռութը։— Ինչպես պատմել է իմ հայրը, նա աշխատում էր հազվագյուտ եռանդով ու ջանասիրությամբ։ Միստր Բեթլերը միշտ էլ աչքի էր ընկնում արտասովոր աշխատունակությամբ։ Նա երբեք չէր ուշանում աշխատանքից, ընդհակառակը, շատ հաճախ ներկայանում էր Ժամանակից շուտ. բայց և այնպես նա կարողանում էր ժամանակ խնայել։ Յուրաքանչյուր ազատ րոպեն նա հատկացնում էր ուսման համար։
Ուսումնասիրում էր հաշվապահություն, սովորեց տպել գրամեքենայով, սղագրության դասեր էր վերցնում և, այդ ամենին որպես վարձատրություն, գիշերները թելադրում էր իր ուսուցչին՝ դատական մի լրագրողի, որը պրակտիկայի կարիք էր զգում։ Շուտով նա ցրիչից դարձավ գրագիր և իր տեսակի մեջ անփոխարինելի էր։ Իմ հայրը կատարելապես գնահատեց նրան և տեսավ, որ նա մեծ ապագա ունեցող մարդ է։ Իմ հոր խորհրդով նա մտավ իրավաբանական քոլեջ, դարձավ փաստաբան, և գրասենյակ վերադարձավ իբրև հորս գործի կրտսեր գործընկեր։ Նա ականավոր մարդ է։ Նա արդեն մի քանի անգամ հրաժարվել է Միացյալ Նահանգների սենատորությունից և եթե ուզենար, կարող էր դառնալ Գերագույն դատարանի անդամ։ Այդպիսի կյանքը պետք է ոգևորի մեզ բոլորիս, դա ապացուցում է, որ համառ և ուժեղ կամք ունեցող մարդը կարող է իր շրջապատից շատ ավելի վեր բարձրանալ։
― Այո, նա ականավոր մարդ է,— միանգամայն անկեղծորեն համաձայնեց Մարտինը։
Եվ սակայն այդ պատմության մեջ ինչոր բան վատ էր կապակցվում կյանքի ու գեղեցկության մասին ունեցած նրա հասկացողությունների հետ։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում բավականաչափ հիմք գտնել բոլոր այն զրկանքների ու կարիքների համար, որոնց ենթարկվել է միստր Բեթլերը։ Եթե նա այդ աներ հանուն սիրած կնոջ կամ գեղեցիկով հրապուրված, Մարտինը կհասկանար նրան։ Սիրուց տառապող երիտասարդը կարող է մեռնել մի համբույրի, բայց ոչ տարեկան երեսուն հազար դոլլարի համար։ Միստր Բեթլերի կարիերայում կար ինչ-որ խղճուկ բան, և դա առանձնապես չէր ոգեշնչում Մարտինին։ Երեսուն հազար դոլլարն, իհարկե, վատ չէ, բայց կատառը և կյանքով ուրախանալու անընդունակությունը ոչնչացնում էին այդ դոլլարների արժեքը։
Մարտինը այդ նկատառումներից շատերն արտահայտեց Ռութին և դրանով իսկ մի ավելորդ անգամ համոզեց աղջկան, թե անհրաժեշտ է զբաղվել իր վերադաստիարակությամբ։ Ռութի համար հատկանշական էր այդ առանձնահատուկ նեղմտությունը, որր ստիպում էր որոշ շրջանակի մարդկանց մտածել, թե միայն իրենց ռասան, կրոնը և քաղաքական համոզմունքներն են լավ և ճիշտ, և որ աշխարհի երեսին բոլոր մյուս մարդկային էակները իրենցից ցած են կանգնած։ Դա նույն այդ նեղմտությունն էր, որը ստիպում էր հինավուրց հրեային շնորհակալ լինել աստծուց նրա համար, որ կին չի ծնվել, իսկ հիմա առաքելականներին ստիպում է ճամփորդել ամբողջ երկրագնդում, որպեսզի բոլորին պարտադրեն իրենց աստծուն։ Այդ նույն նեղմտությունն էլ ներշնչում էր Ռութին՝ կյանքի բոլորովին այլ պայմաններում մեծացած այդ մարդուն Մարտինին, վերցնել և վերաձևել իր շրջանակի մարդկանց կերպարով։