«Ջերմաչափը»

Գրապահարան-ից
16:24, 15 Հունվարի 2015 տարբերակ, Ան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«Ջերմաչափը»

հեղինակ՝ Ստեփան Զօրեան
աղբյուր՝ «Արդի հայ գրականութիւն Գ․ հատոր»

Ես մի քիչ ռոմանտիկ բնաւորութիւն ունեմ։ Երբ մեր տխուր, միակերպ կեանքը ձանձրացնում է ինձ, երբեմն նստում մտածում եմ անցեալի կամ հեռու ապագայի մասին, բայց աւելի յաճախ իմ մանկութեան ու դպրոցական օրերի մասին։

Այսօր էլ իմ դպրոցական օրերի վրայ մտածելով, յիշեցի մեր դպրոցի խոհարար պարոն Կարապետին, այն փոքրիկ ու վտիտ ծերունուն, որ ահագին ազդեցութիւն ունէր մեր ուսումնարանում։

Մենք՝ աշակերտներս նրան անւանում էինք «Վերմաչափ»։ Այդ անունը նա ստացել էր մեր դպրոցի նախորդ սերնդից։ Նրան այդպէս կոչում էին այն պատճառով, որովհետեւ նա՝ իր ֆիզիկականով պարզ որոշում էր տարւայ չորս եղանակների փոփոխութիւնը։ Գուցէ շատերին տարօրինակ թւայ, թէ այդ ինչպէս կարող էր լինել։ Սակայն այդպէս էր։ Օրինակ, հէնց որ աշունը գար, ծառերն սկսէցին մերկանալ տերեւներից եւ մշուշը շաբաթներով ծածկէր Արարատի գագաթը, պարոն Կարապետը, ցուրտ զգալով, կը սկսէր ուսերն աստիճանաբար բարձրացնել, եւ մինչեւ ձմեռնամուտ կը հասցնէր ականջների մօտ, իսկ երբ գալիս էր իսկական ձմեռը, Արարատեան դաշտի այն կծու ձմեռը, որ եղեամը սառեցնում մարդկանց բեխերի եւ յօնքերի վրայ, տալով նրանց ծերունու դեր կատարող դերասանի կերպարանք, եւ լուսամուտների ապակիները զարդարում է բազմապիսի ծաղկանկարներով, — այդ ժամանակ պարոն Կարապետի ուսերն այնքան էին բարձրանում, որ նրա փոքրիկ գլուխը թաղւում էր նրանց մէջ։ Սակայն գարունը բացւելուն պէս, երբ ուռիներն սկսում էին կարմրիլ եւ սարեակների առաջին խմբերն երեւում էին բարդիների կատարին, նրա ուսերը հետզհետէ իջնում էին նորից եւ մինչեւ ամառ բռնում իրենց կանոնաւոր դիրքը։ Բայց ամառւան շոգերն սկսւելուն հետ, երբ տաքացած փողոցներում զգացւում էր վառօդի հոտ, պարոն Կարապետի ուսերն սկսում էին իջնել ցած, եւ մինչեւ յուլիս նրանք այնքան իջնում, որ նրա թեւերը, սպաննւած բադի ոտների պէս, ուղիղ կախ էին ընկնում կողքերից։

Ահա՝ այս յատկութիւնների համար էլ նրան անւանում էինք «Ջերմաչափ»։ Բայց, ի հարկէ մեզանից ոչ ոք չէր համարձակւում նրա երեսին տալ այդ անունը։ Մենք նրան դիմում էինք ուղղակի «պարոն Կարապետ» ասելով։

Այս պարոն Կարապետը մի արագախօս ու արագաշարժ ծերունի էր՝ կարճ հասակով եւ երկար ձեռներով, որոնք մինչեւ ծնկներն էին հասնում։ Ամուրի լինելով, նա դպրոցից դուրս ոչ մի հոգս ու մտածմունք չունէր։ Սիրում էր շարունակ խօսել դպրոցի կարգ ու կանոնի մասին, եւ այնքան շատ էր կրկնում «կարգ ու կանոն» բառերը, որ աշակերտները նրան կպցրել էին մի երկրորդ անուն եւս — «Կարգ ու կանոն»։ Լինելով Վանեցի՝ անչափ սէր ունէր վիճելու․ վիճում էր այնպիսի բաների մասին, որ երբեք վէճի առարկայ չէին լինում։ Կը պատահէր, դիցուք, աշակերտներից մէկը կը հարցնէր, թէ ինչու նա կիրակի օրը չի գնում զբօսնելու։ «Ա՜, զբօսնելո՜ւ, — հեգնում էր նա, — իսկ ի՞նչ օգուտ կարելի է ստանալ զբօսնելուց, ասա խնդրեմ…»։ Իսկ եթէ հարցնող աշակերտը լինում էր իմ ընկեր գիշերօթիկներից, նա աւելացնում էր․ «Ա՜, զբօսնելու գնամ, որ այստեղ ամէն ինչ տակն ու վրայ անէ՞ք… Չէ՜, չէք տեսնի՛…»։

Եւ իսկապէս, շաբաթներով, ամիսներով նա դուրս չէր գնում դպրոցի դարպասից, վախենալով, ինչպէս ինքն էր ասում, որ իր բացակայութիւնը կարող է խախտել դպրոցի կարգ ու կանոնը։ Նրան միշտ կարելի էր տեսնել կամ խհանոցում կամ տեսչի տանը (մեր տեսուչն ապրում էր դպրոցի գաւթում) կամ թէ բակում շրջելիս, ուր վերակացուների հետ միասին հսկում էր աշակերտներին։ Եւ ո՜ր աշակերտի արարքը կարող էր վրիպել նրա սուր աչքերից։ «Կարգ ու կանոնով եղիր, — թափ էր տալիս նա մատը այն աշակերտի վրայ, որ երգ էր ասում կամ վազում էր բակում, — Կարգ ու կանոնով, հասկանո՞ւմ ես, սա դպրոց է, վարժարան, այստեղ պէտք է կարգ ու կանոնով լինել»։

«Կարգ ու կանոնը» նրա մէջ, կարծէք, դարձել էր միս ու արիւն․ նոյն իսկ կերակուրների մասին խօսելիս՝ ասում էր․ «Կարգ ու կանոնով կերակուրներ»․ իսկ երբ իր բրդոտ կատւին, որին միշտ թրջած հաց էր ուտեցնում, տեսչի տունը գնալու համար պատժում էր եւ մատը թափ տալով կրկնում․ «Կարգ ու կանոնով եղիր, անպիտա՛ն, կարգ ու կանոնով։ Իմացիր ո՛ւմ տունն ես գնում։ Ամէն տուն չի կարելի մտնել»։

Լինելով դպրոցի խոհարարը, պարոն Կարապետը, առանց մօկի օգնութեան ինքն էր եփում բոլոր կերակուրները մեր գիշերօթիկների համար, որից օգտւում էին թէ՛ տեսուչն իր ընտանիքով եւ թէ՛ վերակացուները։ «Կարգ ու կանոնով» առաջնորդւելով, նա սեղանատուն էր ուղարկում այնքան քիչ կերակուր, որ քաղցած նստում էինք — սոված վեր կենում։ Սրա համար երբեմն բողոքում էինք մեր վերակացուին, բայց նա միշտ ականջի տակով էր անց կացնում մեր բողոքը, որովհետեւ երեկոները, իր բացակայութեան ժամանակ, խոհարարը յաճախ փոխարինում էր իրեն։ Ուստի յուսահատւած դիմում էինք տեսչին․ եւ երբ տեսուչը բացատրութիւն էր պահանջում խոհարարից, սա իր փոքրիկ հասակով կանգնում էր տեսչի առաջ եւ երկար ձեռները կողքից կախած՝ հասկացնում էր տեսչին, թէ դպրոցում պէտք է «կարգ ու կանոն պահպանել»․ «Կարգ ու կանոնը լաւ բան է, պարոն տեսուչ․ եթէ աշակերտներին շատ կերակուր տանք, նրանք ձեզ չեն լսի․ փորձով գիտեմ»։ Եւ, մեր ներկայութեամբ, պարոն Կարապետը սովորեցնում էր տեսչին, թէ ինչպէս պէտք է կառավարել դպրոցը, ինչպէս չպէտք է աշակերտներին երես տալ…

Պարոն Կարապետը յաճախ կատարում էր եւ վերակացուի պաշտօն։ Բացի՝ բակում աշակերտներին հսկելուց, երեկոները շրջում էր գիշերօթիկներիս ննջարանի լուսամուտների տակ՝ տեսնելու՝ թէ ինչով ենք զբաղւած։ Երբեմն էլ, երբ վերակացու Պ․ Միքայէլը գնում էր թուղթ խաղալու (այս մենք իմացել էինք մի աշակերտից, որի քեռու հետ էր խաղում), երեկոները պարոն Կարապետն էր մտնում մեր ննջարանը, իմանալու՝ քնել ենք, վատ գրքեր հօ չե՞նք կարդում կամ, վերջապէս, «կարգ ու կանոնո՞վ ենք թէ՞ ոչ։ Նա մեզ մօտ գալիս էր անշշուկ, անձայն, ինչպէս դաւադիր։ Ննջարանում մոռանում էր իր պաշտօնը եւ սկսում նկատողութիւններ անել, բարկանալ․

— Քնեցէ՛ք, տղե՛րք, իսկո՛յն, — ասում էր, եթէ արթուն էինք լինում։

Իսկ եթէ արթուն էինք լինում եւ լամպը վառ թողած՝ նա գլուխն օրօրում էր․ «Ինչո՞ւ լամպը չէք քաշում․ սա ի՞նչ կարգ ու կանոն է, ա՛յ֊ա՛յ֊ա՛յ»։ Եթէ մէկիս վերմակը ծռւած էր լինում, նա բոլորովին վերցնում էր այն ու նորից խնամքով ծածկում, կարծելով թէ դա շա՜տ հաճելի է մեզ, եւ զարմանում էր, որ շնորհակալ չենք լինում։

Ընդհակառակը, մենք բոլորս ատում էինք նրան։ Ատում էինք եւ վախենում միաժամանակ։ Եւ ոչ միայն մենք՝ գիշերօթիկներս, դպրոցում ամէնքը (բացի տեսչից, որի տանը ձրի ծառայում էր նա) ատում էին նրան եւ վախենում միաժամանակ։ Ուսուցիչները նրա հետ չէին խօսում, վերակացուները խուսափում էին նրանից։ Պատմում էին, թէ նա տեղեկութիւններ է հաւաքում ուսուցիչների վարած կեանքի մասին եւ նրանց գաղտնիքները հաղորդում տեսչին։ Պատմում էին նաեւ, որ տեսուչը նրա խորհուրդով է վարւում Թէ որքան ճիշդ էր այդ բոլորը — դժւար է ասել։

Բայց ամենից շատ նրան ատում էինք մենք՝ գիշերօթիկներս, սակայն վախից չէինք կարողանում արտայայտւել եւ բաւականանում էինք միայն նրանով, որ խոհանոցի մրոտած պատերին կամ օճախի չուգունի երեսին գրում էինք կաւճով․ «չափ֊չափ չափ֊ջերմաչափ»։

Մեր այս արարքը, հարկաւ, անպատիժ չէր մնում։ Խոհարարը սաստիկ բարկանալով՝ ամենից առաջ պակռեցնում էր կերակուրները, յետոյ զեկուցում էր տեսչին անկարգ աշակերտների մասին եւ սաստկացնում գիշերային հսկողութիւնը ննջարանի լուսամուտների տակ, որտեղից երբեմն երեւում էին նրա պրպտող աչքերը, որոնք յիշեցնում էին պատի ճեղքերից նայող մկներին, որ այնքան զգուշ են լինում եւ այնպէս ուզում են ամէն ինչ տեսնել։

Մի անգամ, սակայն, նրա հսկողութիւնը սաստիկ վրդովեց գիշերօթիկներիս։

Մի երեկոյ, երբ վերակացու պ․ Միքայէլը դարձեալ գնացել էր թուղթ խաղալու, պարոն Կարապետը, ինչպէս միշտ, անձայն անշշուկ մտաւ ննջարան։ Բոլորս պառկած՝ լսում էինք մեր ընկեր Աբելեանի ընթերցումը։ Նա կարդում էր Զօլայի վէպերից մէկը։ Դռան բացւելու ձայնը լսելուն պէս նա գիրքը դրեց բարձի տակ ու վերմակը քաշեց գլխին։ Պարոն Կարապետը ոտների ծայրերի վրայ, աչքերը պրպտելով անցաւ մահճակալների արանքով, կանգ առաւ աշակերտ Աբելեանի մահճակալի մօտ։ Մենք ձեւացրինք թէ քնած ենք։ Նա մի րոպէի չափ նայեց Աբելեանին եւ ապա, աւելի մօտենալով, նրա բարձի տակից հանեց Զօլայի գիրքը եւ բացագանչեց․

— Ա՛հ, դուք այստեղ յեղափոխական գիրքեր էք կարդո՜ւմ։

Աբելեանը վեր թռաւ տեղից։

— Դա յեղափոխական գիրք չէ, պարոն Կարապետ, — ասաց նա յուզւած եւ փորձեց գիրքը խլել խոհարարի ձեռից։

Բայց խոհարարը, պահպանիչ ասող քահանայի նման, գիրքը ձեռով բարձրացրեց գլխից վերեւ։

— Լա՜ւ կարգ ու կանոն է,— շարունակեց նա, — էլ ի՛նչ ասել կʼուզի… ի՞նչ է, դուք ուզում էք այստեղ յեղափոխութի՞ւն սարքել… Լա՜ւ, շա՛տ լաւ…

— Դա յեղափոխական գիրք չի, պ․ Կարապետ, — ձայն տւին աշակերտներն իրենց անկողիններից։

— Հապա՛, հապա ի՛նչ զահրումար է, որ յեղափոխական չի։ Մի՞թէ չե՛մ տեսնում ինչ տեսակ կազմ ունի։

— Սա Զօլայի գիրքն է, պարոն Կարապետ, Զօլայի, — կրկնում էր Աբելեանը եւ նորից փորձում գիրքը խլել։

— Ա՜հ, Զօլայի՜, — չարախնդաց խոհարարը, գիրքն աւելի բարձրացնելով։ — Գիտե՛մ, գիտե՛մ ո՛վ է այդ Զօլան․ նա Ինքն ամենամեծ յեղափոխականն է․ ամենամեծ սրիկան։ Ճանաչում եմ ձեր այդ Զօլային, ճանաչո՛ւմ եմ… Բանտը քիչ է նրան…

— Զօլան գրող է, պարոն Կարապետ, — ասում էր Աբելեանը եւ գիշերային շապիկով պտտւոմւ խոհարարի շուրջը։ — Գրող է, յեղափոխական չի…

Նոյնը կրկնում էին եւ աշակերտներն իրենց մահճակալներից, բայց պարոն Կարապետը քմծիծաղ էր տալիս միայն։

— Գիտե՜մ ի՛նչ գրող է, գիտե՜մ…

Կարճ միջոցում աշակերտները՝ գիշերային շորերով՝ շրջապատեցին խոհարարին եւ աշխատեցին գիրքը խլել նրա ձեռից։ Որքան շատ էին հոգ տանում գրքի մասին, այնքան աւելի պարոն Կարապետը կասկածում էր, որ գիրքն անպատճառ յեղափոխական է, ուստի եւ աւելի էր բարձրացնում այն։ Մէկ էլ, յանկարծ՝ մի զարմանալի ճարպիկութեամբ գիրքը կոխեց ծոցը եւ ձեռները կրծքին դնելով, գոռաց․

— Տեղերնի՛դ, անպիտաններ։ Կարգ ու կանոնով եղէք…

Տեսչի երկիւղից եւ սքանդալից խուսափելու համար քաշւեցինք տեղերս, իսկ պարոն Կարապետն իր աւարով յաղթական, արագ֊արագ գնաց դէպի դուռը։ Շէմքի մօտ՝ նա երեսը շրջեց դէպի մեզ եւ սպառնաց մատը թափ տալով․

— Սպասեցէ՛ք, ըմբոստներ, սպասեցէ՛ք, ցոյց կուտամ ձեզ կարգ ու կանոնը…

Ու դուռն ամուր շրխկացնելով՝ անհետացաւ։

Լուսամուտներից նկատեցինք, որ գնաց տեսչի տուն։

Տեսչի առանձնասենեակում լոյս էր վառւում։

Ո՜հ, ինչ օր էր այդ։ Մեր ննջարանից քանի՜֊քանի՜ գլուխներ ու բռունցքներ էին թափահարւում նրա յետեւից եւ ատամներ կրճտում անզօրութիւնից։

Ինչպէս եւ սպասում էինք, հետեւեալ օրը մեր ճաշկ աւելի պակասեց, իսկ տեսուչը խիստ նկատողութիւն արաւ մեզ․ ի՛նչ բան է, աշակերտ մարդիկ, փոխանակ դաս սովորելու, սիրային վէպեր էք կարդում, խոհարարին ծեծում ննջարանում եւ դուրս գցում։

— Մի՞թէ չէք ամաչում, — աւարտեց տեսուչն իր ճառը, բարկացած աչքերը յառելով մեզ վրայ։

Ի՜ զուր աշխատեցինք պաշտպանւել․ ի զո՜ւր փորձեցինք համոզել, թէ խոհարարին չենք ծեծել․ մեզ ոչ ոք չէր լսում, մեզ ոչ ոք չէր հաւատում։

Դէպքն այնպէս վրդովեց գիշերօթիկներիս, որ սկսեցինք հնար մտածել խոհարարից վրէժ առնելու։

Ինչե՜ր ասէք չի հնարում վիրաւորւած դպրոցականի գլուխը, մանաւան զաւառում։ Է՛լ աղէտ, է՛լ հիւանդութիւն չմնաց, որ չցակնկայինք մեր խոհարարին։ Աբելեանը, որ ամենից տուժողն էր, առաջարկում էր, սպաննել խոհարարի սիրելի կատւին, մի ուրիշ աշակերտ խորհուրդ էր տալիս գողանալ խոհարարի գլխարկն ու կօշիկները եւ գցել մի փոսի մէջ։ Այսպէս՝ ամէն մէկը մի բան էր ասում, երբ, վերջապէս, չորրորդ դասարանի մի աշակերտ առաջարկեց՝ խոհարարին տեսչի աչքում վարկաբեկելու համար, թագուն աղ լցնել կերակուրնեի մէջ։

Առաջարկը բոլորիս դիւր եկաւ։ Աշակերտները հորթի պէս ուրախացան։ Վերջապէս գտնւեց մի միջոց անպիտան խոհարարին պատժելու, — մտածում էր ամէն մէկն այդ րոպէին։ Բայց ո՞վ կը կատարի այդ յանդուգն քայլը։

— Ես, — բացագանչեց Աբելեանը կամրած, — ես կʼանեմ… Այդ բանը թողէք ինձ…

Ժամանակը ձմեռ էր․ լուսամուտների ապակիները սառոյց էին բռնել․ եղեամը սառչում էր մարդկանց դէմքի մազերի վրայ եւ բրդէ թելի կտորների նման խաղում օդի մէջ։ Պարոն Կարապետի գլուխն արդէն թաղւել էր ուսերի արանքում։ Մի ամբողջ շաբաթ դպրոցը պատրաստւում էր Վարդանանց տօնի օրը հանդէս կատարելու, որին հրաւիրւած էին եպիսկոպոսը, քաղաքագլուխը եւ մի բանաստեղծ, որ մի ոտանաւոր էր նւիրել մեր դպրոցին։ Աբելեանը հանդէսի պատրաստութեան չէր մասնակցում․ նա վերարկուի օձիքն ականջներին քաշած, ազատ ժամանակը շարունակ պտտւում էր խոհանոցի մօտերքը, կարծես ուսումնասիրում էր մուտքը, յարմարութիւնները, բայց խոհանոց չէր մտնում, որովհետեւ պարոն Կարապետը, ցրտի պատճառով, խոհանոցից չէր հեռանում… Վերջապէս եկաւ հանդէսի օրը։ Խոհարարն առաւօտից մեծ պատրաստութեան մէջ էր, որովհետեւ հանդէսից յետոյ լինելու էր ճաշկերոյթ։ Եկել էին բոլոր հրաւիրւած մարդիկ․ քաղաքագլուխը, բանաստեղծը, եպիսկոպոսը եւ երկու վարդապետ, որոնք իրար այնպէս էին նման՝ ինչպէս երկւորեակներ։

Դպրոցի բեմը զարդարւած էր գորգերով եւ գոյնգոյն թղթերով։ Տեսչի ճառից յետոյ՝ խօսեց եւ եպիսկոպոսը «մեր փառաւոր նախորդաց» մասին եւ էլի մի երկու հոգի։ Ապա սկսւեց երգն ու արտասանութիւնը։

Հանդէսը վերջանալու վրայ էր, երբ դահլիճ մտաւ եւ պ․ Կարապետը․ նա հագել էր իր տօնօրեայ զգեստը — սեւ երկար կապան, իսկ վզին փաթաթել էր մի կարմիր թաշկինակ։ Դահլիճի տաքութեան շնորհիւ նա ուսերն իջեցրել էր մի փոքր եւ սաստող հայեցքով նայում էր աշակերտներին․ կարծես ուզում էր ասել․ «Կարգ ու կանոնով եղէք, անպիտաննե՜ր, հիւրեր կան այստեղ»։

Նրան երեւալուն պէս՝ Աբելեանը չքացաւ յանկարծ եւ մի քանի րոպէից նորից յայտնւեց այլայլւած ու կարմրած այտերով։

Հանդէսից յետոյ սկսւեց ճաշը։ Թէ հիւրերը, թէ ուսուցիչները եւ թէ աշակերտները մի սեղանատան էին։ Գլխաւոր սեղանի գլխին տեղ էր բռնել եպիսկոպոսն իր թիաձեւ միրուքով․ նրա աջ եւ ձախ կողքերին՝ վարդապետները, յետոյ քաղաքագլուխը՝ իր դեղին շղթան վզին, տեսուչը, բանաստեղծը եւ ուսուցիչները կարգով։ Մեր՝ աշակերտներուս սեղանները առանձին էին, բայց, չնայած դրան, մենք ուշադրութեամբ հետեւում էինք մեծերի զրոյցին։ Մինչեւ կերակուրի բերելը սրբազանը պատմում էր սեղանակիցներին, թէ ինչպէս մի անգամ, մանուկ ժամանակ, ձին քացի է տւել իրեն եւ ինչպէս ինքն ուշաթափւել է հարւածից… Սեղանակիցները մեծ ուշադրութեամբ հետեւում էին սրբազանի զրոյցին եւ ոչ ոք չէր համարձակւում որ եւ է խօսքով ընդհատել նրան։ Երբ սպասաւորները կերակուրը բերին — խօսակցութիւնն իսկոյն դադարեց։ Հայր սրբազանն սկսեց միրուքը շփելով սեղանն որհնել։ Ոչ ոք կերակուրին չմօտեցաւ, մինչեւ որ եպիսկոպոսն ինքը չճաշակեց ամենից առաջ։ Եւ քանի որ մեր կերակուրը չէին բերել, մենք շարունակ յօնքի տակով՝ հետաքրքիր նայում էինք հիւրերի կողմը։ Ամենից շատ մեզ գրաւում էր բանաստեղծն իր երկար մազերով… Երբ սրբազանն արծաթէ գդալով կերակուրը տարաւ բերանը, նա դէմքը խոժոռեց՝ փռշտալ պատրաստւողի նման։ Եւ զարմանք բան․ նոյնպէս՝ առաջին գդալից յետոյ դէմքերը խոժոռեցին եւ՛ վարդապետները, ե՛ւ քաղաքագլուխը, եւ բանաստեղծն ու ուսուցիչները, իսկ տեսուչը՝ գունատւեց․ գունաթափւեցին եւ մի քանի ուսուցիչներ։ Բայց ոչ ոք ոչինչ չէր խօսում։ Եւ առաջինը դարձեալ եպիսկոպոսը եղաւ, որ խզեց լռութիւնը։

— Ինչպէս երեւում է, — ասաց նա ծանր ու միրուքը շփելով, — ձեր խոհարարը մի քիչ այնպէս… աղը շատ է արել…

— Այո, — գլխով արին վարդապետները։ — Մի քիչ այնպէս…

Բանաստեղծն ու քաղաքագլուխը լուռ մնացին։

Այս անգամ տեսուչն աւելի գունատւեց։ Այդ րոպէին նա յիշեցնում էր քննութիւն տւող աշակերտի, որ տրւած հարցերին չի կարողանում պատասխանել։ Ուսուցիչները լուռ նայում էին նրան, իսկ նա մեղաւոր հայեացքով նայում էր հիւրերին եւ կարծես ուզում էր ասել «Ներեցէք»… Խե՜ղճ տեսուչ… Այդ միջոցին որքան ողորմելի էիր դու քո անունով, քո ակնոցներով եւ սեպաձեւ միրուքով։

Անյարմար լռութիւնը խզեց դարձեալ եպիսկոպոսը․

— Ոչինչ, ոչինչ, թողէք միւս կերակուրներից բերեն…

Ճաշն անցաւ լուռ․ հանդէսի բարձր տրամադրութիւնը բոլորովին ընկաւ։ Ամէնքն էլ աշխատում էին ցոյց տալ, որ պատահածը ոչինչ բան է, բայց, նրանց շարժ ու ձեւերը, հայեացքը մատնում էին նրանց։

Ամենից անհանգիստ էր տեսուչը․ նա շարունակ կրծում էր վարի շրթունքը։ Դա արդէն ապացոյց էր, որ սաստիկ բարկացած է։

Աբելեանը հասել էր իր նպատակին, որի տխուր հետեւանքն, հարկաւ, չէր նախատեսել։

Հենց միւս օրը խոհարարն արձակւեց պաշտօնից։

Որքան էլ նա աշխատում էր համոզել տեսչին, վերակացուներին, թէ անմեղ է, բայց հիմա էլ նրան չէին հաւատում…

Երբ նա, իրերը հաւաքած, կատուն գրկած, անցնում էր դպրոցի բակով, լալիս էր։ Սակայն, աշակերտներից եւ ոչ մէկը չզգացւեց նրա արցունքներից։

— Կʼերթամ, — ասաց նա դարպասի մօտ երեսը դէպի դպրոցը դարձնելով, — կʼերթա՜մ ուրիշ տեղ խոհարար կը լինեմ, բայց վախենում եմ, որ այս կարգ ու կանոնը խախտւի այս դպրոցում…

Ու գնաց ծերը, փոքրիկ գլուխն ուսերի մէջ խրւած։

Նրա գնալուց յետոյ, դպրոցի «կարգ ու կանոնը» խախտւեց նրանով, որ փոքրիկ աշակերտներն ազատ շրջում էին բակում, ծիծաղում էին առանց վախի, իսկ մենք՝ գիշերօթիկներս, երբեմն երգ էինք ասում մեր տխուր ննջարանում։

Խե՜ղճ՝ «Ջերմաչափ»… Արդեօք ո՞րտեղ ես հիմա։

Ես այժմ պատրաստ եմ ամէն ինչ ներել քեզ…

«Ձմրան գիշեր» հատորէն, գրուած 1916ին