Մարտին Իդեն, Գլուխ XXIV

Գրապահարան-ից
11:53, 19 Ապրիլի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXIII Մարտին Իդեն, Գլուխ XXV ▶


Անցան շաբաթներ։ Մարտինի վերջին դրամները հատնում էին, իսկ հրատարակչություններից դեռևս չեքեր չէին ստացվում։ Լուրջ պատմվածքները վերադարձվում էին. նույնպիսի բախտ էր վիճակվում և «եկամտաբեր» գրվածքներին։ Փոքրիկ խոհանոցում արդեն չէին պատրաստվում այլևայլ կերակուրներ, որովհետև Մարտինի մոտ մնացել էր միայն կես տոպրակ բրինձ և ծիրանի չիր, որոնցով և սնվում էր նա վերջին հինգ օրվա ընթացքում։ Հետո նա վճռեց ապառիկ գնումներ անել։ Սակայն փորթուգալացի խանութպանը դադարեց մթերքներ բաց թողնել նրան, երբ Մարտինի պարտքը հասավ երեք դոլլար ութսունհինգ սենթի պես մի պատկառելի գումարի։

— Որովհետև,— ասաց խանութպանը,— դուք աշխատանք չկա. դուք ինչպե՞ս վճարել ինձ։

Մարտինը չէր կարող ոչինչ առարկել դրան։ Խանութպանը միանգամայն տրամաբանորեն էր մտածում։ Մի՞թե կարելի էր վարկ բանալ առողջ և երիտասարդ մի բանվորի, որը ծուլության պատճառով աշխատանք չէր փնտրում։

— Աշխատանք ճարի, ուտելիք կտամ քեզ,― ասում էր խանութպանը,— չկա դրամ, չկա կերակուր։ Բանը այդպե՜ս․․․

Եվ որպեսզի Մարտինին ապացուցի, որ հարցն անձնական նախապաշարմունքը չի, փորթուգալացին ավելացրեց․

— Խմիր մի բաժակ, ես հյուրասիրեմ։ Ես ու դու լավ բարեկամներ։

Եվ Մարտինը, բարեկամությունը հաստատելու համար, խմեց մի բաժակ և առանց ընթրելու պառկեց։

Մարտինը բանջարեղեն գնում էր մի այլ խանութից, որի տերը՝ ամերիկացին, նվազ հաստատամիտ լինելով իր առևտրական սկզբունքներում Մարտինին բացած վարկը հասցրեց մինչև հինգ դոլլարի, որից հետո նույնպես դադարեցրեց ապառիկ ապրանք բաց թողնելը։ Հացավաճառը կանգ առավ երկու դոլլարի վրա, իսկ մսավաճառը՝ չորս դոլլարի։ Գումարելով բոլոր իր պարտքերը՝ Մարտինը տեսավ, որ պարտական է մնում տասնչորս դոլլար և ութսունհինգ սենթ։ Հասավ և գրամեքենայի համար վճարելու ժամկետը, բայց Մարտինը վճռեց, որ միանգամայն կարող է երկու ամիս օգտագործել դա առանց վճարի, այսինքն՝ ևս ութ դոլլար պարտք։ Երբ այդ ժամկետն էլ անցնի, այլևս վարկի ոչ մի հնարավորություն չի մնա։

Բանջարեղենի խանութից Մարտինը վերջին անգամ վերցրեց մի պարկ կարտոֆիլ և շաբաթվա ընթացքում միայն կարտոֆիլ էր ուտում՝ օրական երեք անգամ։ ժամանակ առ ժամանակ նա ճաշում էր Մորզերի տանը և դրանով որոշ չափով պահպանում էր իր ուժերը, թեև, նայելով սեղանի վրա դրված բազմաթիվ համեղ ուտելիքներին և քաղաքավարության համար հրաժարվելով ուտել այնքան, ինչքան տանում էր ախորժակը, նա տանտալոսյան տանջանք էր զգում։ Երբեմն, հաղթահարելով ամոթի զգացումը, Մարտինը ճաշի ժամանակ գնում էր իր քրոջ մոտ և այնտեղ ուտում էր այնքան, ինչքան համարձակվում էր. այնուամենայնիվ ավելի շատ, քան պարոն Մորզի տանը։

Օրեցօր նա նույնպիսի համառությամբ շարունակում էր աշխատել և ամեն օր ցրիչը ետ էր բերում նրա մերժված գրվածքները։ Նա արդեն դրամ չուներ փոստանիշներ գնելու, և վերադարձված գրվածքները մնում էին սեղանի տակ թափված։ Հասավ այն օրը, երբ նա արդեն քառասուն ժամ ոչինչ չէր դրել բերանը։ Նա չէր կարող հույս դնել Մորզի տանը ճաշելու վրա, որովհետև Ռութը երկու շաբաթով հյուր էր գնացել Սան-Ռաֆայել, իսկ քրոջ մոտ գնալ ամաչում էր։ Ի լրումն դժբախտության, այդ օրը ցրիչը միանգամից հինգ ծրար վերադարձրեց նրան։ Այն ժամանակ Մարտինը վերցրեց իր վերարկուն, գնաց Օքլենդ և վերադարձավ առանց դրան, բայց գրպանում ունենալով հինգ դոլլար։ Խանութպաններից յուրաքանչյուրին նա տվեց մեկական դոլլար, և նրա խոհանոցում նորից սկսեց թշշալ սոխով տապակած միսը, եռացած սուրճը, և երևաց մի մեծ պուտուկ սալորի չիր։ Ճաշելուց հետո Մարտինը նստեց սեղանի առաջ, և կեսգիշերին արդեն պատրաստ էր մի նոր հոդված՝ «Վաշխառության ուժը» խորագրով։ Վերջացնելով գրելը՝ նա հոդվածը շպրտեց սեղանի տակ, որովհետև հինգ դոլլարից ոչինչ չէր մնացել, դրամ չկար նամականիշ գնելու համար։

Մարտինը գրավ դրեց ժամացույցը, մի քանի օր հետո նաև հեծանիվը, խնայելով մթերքից՝ նա նամականիշներ գնեց և ուղարկեց իր բոլոր գրվածքները։ «Եկամտավոր» գրվածքները չարդարացրին Մարտինի ակնկալությունները։ Ոչ ոք չէր գնում դրանք։ Բաղդատելով դրանք թերթերում և շաբաթաթերթերում տպվածների հետ՝ նա առաջվա պես գտնում էր, որ ինքն ավելի լավ է գրում։ Բայց և այնպես նա չէր կարողանում վաճառել ոչ մի տալ։ Վճռելով զբաղվել այսպես կոչված «քրոնիկոնով»՝ նա մի քանի գրվածք ուղարկեց մի ընկերության, որը այդպիսի նյութեր էր հայթայթում թերթերին, բայց ետ ստացավ նրանք մի տպագիր բլանկի հետ, որի մեջ ասված էր, որ ընկերությունը կազմում է իր նյութերը հաստիքային աշխատակիցների ուժերով։

Պատանեկան մի հանդեսում նա տեսավ անեկդոտներով ու փոքրիկ պատմվածքներով լիքը սյունակներ։ Ահա դրամ շահելու մի միջոց ևս։ Բայց այս բանում ևս նա լիակատար անհաջողության հանդիպեց, սովորականի պես այդ ամենը վերադարձվեց իրեն։ Հետագայում, երբ Մարտինն արդեն կարիք չէր զգում դրան, նա իմացավ, որ սովորաբար խմբագրատան աշխատակիցներն իրենք են մատակարարում այդպիսի նյութեր՝ իրենց շահույթն ավելացնելու համար։ Զավեշտաթերթերը վերադարձնում էին նրա բոլոր զվարճալիքներն ու ոտանավորները. չէին վաճառվում նաև նրա չափածո ֆելիետոնները, որոնք Մարտինը ուղարկում էր խոշոր հանդեսներին։ Մնում էր դեռ թերթի ֆելիետոնը։ Մարտինը շատ լավ գիտեր, որ կարող է ավելի լավ գրել, քան այն, ինչ տպվում է, և իմանալով երկու գրական գործակալների հասցեները՝ հեղեղեց նրանց իր փոքրիկ պատմվածքներով։ Սակայն, գրելով քսան պատմվածք, որոնցից ոչ մեկը չտպվեց, Մարտինը դադարեց գրելուց։ Բայց և այնպես նա օրական կարդում էր տասնյակ պատմվածքներ ու ֆելիետոններ, որոնք չէին կարող մրցել այս ժանրում նրա փորձերի հետ։ Հասնելով հուսահատության՝ վերջապես նա վճռեց, որ իր գրվածքներից հիպնոսացած կորցրել է քննադատական ամեն զգացում և իր ստեղծագործությունն առողջ դատելու ունակությունը։

Անգութ հրատարակչական մեքենան շարունակում էր իր աշխատանքը։ Մարտինը փոստանիշներ էր փակցնում իր գրվածքները պարունակող ծրարների վրա, գցում էր դրանք փոստարկղը, իսկ երեք֊չորս շաբաթ հետո ցրիչը սեղմում էր դռան զանգը և վերադարձնում այդ գրվածքները։ Ակներև էր, որ իրականում այդ հասցեներով ոչ մի կենդանի մարդ չկար, այլ կային միայն լավ սարքված, յուղած ավտոմատներ։ Բոլորովին հուսահատված՝ Մարտինը սկսեց ընդհանրապես կասկածել խմբագիրների գոյությանը։ Սրանցից ոչ մեկը մինչև այժմ կյանքի նշան ցույց չի տվել, իսկ այն հանգամանքը, որ նրա ամեն գրվածքը անպայման մերժվում է՝ առանց բացատրությունների, կարծես հաստատում էր այն միտքը, թե խմբագիրը մի առասպել է, որը ստեղծվել ու պաշտպանվում է գրաշարների մետրանպաժների և լրագրավաճառների ճիգերով։

Մարտինի կյանքում միակ երջանիկ ժամանակը այն ժամերն էին, որոնք նա անց էր կացնում Ռութի մոտ, այն էլ ոչ միշտ։ Նրա վրա մշտապես իշխող խռովքը ավելի տանջալից դարձավ այն բանից հետո, երբ Ռութը խոստովանեց իր սերը, որովհետև ինքը՝ Ռութը առաջվա պես մնում էր անհասանելի։ Մարտինը խնդրեց նրան սպասել երկու տարի, սակայն ժամանակն անցնում էր, և նա դեռ ոչինչ ձեռք չէր բերել, և, բացի այդ, Ռութը, ինչպես երևում է, չէր հավանում նրա պարապմունքները։ Ճիշտ է, Ռութը ուղղակի չէր ասում այդ, բայց կողմնակի կերպով բավական որոշակի աշխատում էր զգացնել տալ։ Աղջիկը չէր վրդովվում․ նա հենց հավանություն չէր տալիս, թեև նվազ երկչոտ մի կին անկասկած կվրդովվեր այն բանից, որը միայն դառնացնում էր նրան։ Ռութին դառնություն էր պատճառում, որ այն մարդը, որին նա վճռել է վերադաստիարակել, չի ենթարկվում իրեն։ Սկզբում Ռութին թվաց, թե նա բավական ճկուն նյութ էր, բայց հետո միանգամից համառեց և չցանկացավ նմանվել ոչ միստր Մորզին, ոչ միստր Բեթլերին։

Մարտինի մեջ ամենամեծ արժանիքն ու նշանակալի բանը Ռութը չէր նկատում կամ (և դա ավելի վատ էր) չէր հասկանում։ Այդ մարդուն, այնքան ճկուն, որ կարող էր հարմարվել մարդկային գոյության բոլոր ձևերին, Ռութը համարում էր պարզապես պնդագլուխ և կամակոր, որովհետև չկարողացավ վերաձևել նրան իր չափով․ միակ չափը, որ գիտեր նա։ Ռութը չէր կարողանում հետևել նրա մտքի թռիչքին, և երբ Մարտինը հասնում էր նրա համար անմատչելի բարձունքների, նա պարզապես գտնում էր, որ Մարտինը մոլորվում է։ Նրա հոր, մոր, եղբայրների մինչև անգամ Օլնեյի մտքերը միշտ էլ հասկանալի էին իրեն․ դրա համար էլ Ռութը, չհասկանալով Մարտինին, կարծում էր, թե նա է մեղավոր այդ բանում։ Կրկնվում էր աշխարհին ճշմարտություն ներշնչելու փորձ կատարող միայնակ մարդու վաղեմի ողբերգությունը։

— Դուք սովոր եք երկրպագել ամեն բանի, որ ճանաչված է պաշտամունքի արժանի,— ասաց մի անգամ Մարտինը՝ Ռութի հետ վիճելով Պրափսի և Վանդերուոթերի մասին։— Ես համաձայն եմ, որ նրանք վստահելի և կայուն հեղինակություններ են, նրանց համարում են Միացյալ Նահանգների լավագույն գրական քննադատները։ Ամեն մի դպրոցական ուսուցիչ նայում է Վանդերուոթերի վրա որպես ամերիկյան քննադատության առաջնորդի։ Բայց ես նրա գրվածքները կարդացել եմ, և նա ինձ երևաց փայլուն, դատարկաբանության մի գեղեցիկ նմուշ։ Պրափսը նրանից ավելի լավը չէ։ Իհարկե «Հեմլոկ Մոսեսը» գերազանց է գրված։ Ոչ մի ստորակետ չի կարելի դեն գցել, իսկ ընդհանուր տոնը․․․ ա՜հ, ի՜նչ հանդիսավոր տոն։ Դրա համար էլ նրան վճարում են բոլորից լավ։ Բայց, թող տեր աստված ների ինձ այս հանդգնությունը, նա, ըստ էության, առհասարակ քննադատ չէ, Անգլիայում ավելի լավ քննադատել գիտեն։ Ամբողջ բանն այն է, որ մեր քննադատները շարունակ ժողովրդական ճաշակին են հարմարվում, և դա նրանց մոտ ստացվում է և՛ ազնիվ, և՛ բարոյական, և՛ վեհ։ Նրանց քննադատական հոդվածները հիշեցնում են ինձ կիրակնօրյա քարոզները։ Նրանք ամեն կերպ պաշտպանում են անգլիական բանասիրության մեր պրոֆեսորներին, իսկ սրանք էլ դրա համար պաշտպանում են նրանց։ Եվ նրանց գանգում ոչ մի ինքնատիպ միտք բույն չի դրել։ Նրանք գիտեն միայն այն, ինչ ճանաչված է ընդհանուրի կողմից, դրա վրա ավելացրեք և այն, որ իրենք էլ են ճանաչված ընդհանուրի կողմից։ Բոլոր արմատացած գաղափարները կպչում են նրանց նույնքան հեշտ, որքան պիտակները՝ գարեջրի շշերին։ Եվ նրանց գլխավոր պարտականությունը կայանում է նրանում, որ համալսարանական երիտասարդության գլխից դուրս վանեն մտածելակերպի ամեն ինքնատիպություն և ստիպեն մտածել որոշ տրաֆարետով։

— Ինձ թվում է,— առարկեց Ռութը,— որ ես ավելի մոտ եմ ճշմարտությանը՝ հետևելով ընդհանուրի կողմից ընդունվածին, քան թե դուք՝ հարձակվելով հեղինակությունների վրա ինչպես վայրենին՝ նվիրական պատկերների վրա։

— Իրենք՝ առաքելականներն են տապալում վայրենիների նվիրական պատկերները,— ծիծաղեց Մարտինը,— բայց, դժբախտաբար բոլոր առաքելականները ցրվեցին, գնացին հեթանոսական երկրներ և մեզ մոտ չմնաց ոչ մեկը, որ օգներ տապալելու միստր Վանգերուոթերին և միստր Պբափսին։

— Միաժամանակ և համալսարանների բոլոր պրոֆեսորներին,— ավելացրեց Ռութը։

Մարտինը բացասական շարժում արեց։

— Ո՛չ, գիտնականները պետք է մնան։ Նրանք իրոք գործ են անում։ Բայց վնասակար չէր լինի վռնդել անգլիական բանասիրության պրոֆեսորներից՝ մանրադիտակային ուղեղ ունեցող այդ թութակներից ինը տասներորդը։

Բանասերների նկատմամբ այդքան խիստ վերաբերմունքը Ռութին թվում էր պարզապես սրբապղծություն։ Նա ակամա բաղդատում էր հարգարժան, շքեղ հագած, չափված ձայնով խոսող, նուրբ կուլտուրայով համակված պրոֆեսորներին այդ անտանելի մարդուն, որին, չգիտես ինչու, սիրում է, անշնորհք նստող կոստյումը հագին, ֆիզիկական կոպիտ աշխատանք կատարող մարդու պողպատապիրկ մկաններով երեկվա նավաստու հետ։ Ռութին ջղայնացնում էր այն անսովոր գրգռվածությունը, որով Մարտինը խոսում էր վիճաբանությունների ժամանակ, երբեմն միանգամայն կորցնելով ինքնազսպությունը։ Ամեն պարագայում պրոֆեսորները լավ ռոճիկ են ստանում և, այո՛, դա անկարելի է չընդունել, իսկական ջենտլմեններ են, մինչդեռ Մարտինը չի կարող վաստակել ոչ մի սենթ և մինչև իսկ հիմա քիչ է նմանվում ջենտլմենի։

Ռութը մինչև անգամ ավելորդ էր համարում կշռադատել Մարտինի փաստարկությունները․ որ դրանք սխալ էին, պարզ էր ըստինքյան, արտաքին մի քանի նշանների զուգադրությունից։ Անկասկած, պրոֆեսորները իրավացի էին իրենց դատողություններում, քանի որ նրանք հաջողություն են ձեռք բերել կյանքում, իսկ Մարտինը սխալ է դատում գրականության մասին թեկուզ այն պատճառով, որ իր գրվածքներից ոչ մեկը չի կարողացել վաճառել։ Նրա լեզվով խոսելով՝ նրանց «հաջողվել է», իսկ իրեն չի հաջողվում։ Եվ մի՞թե նա կարող է ուղիղ դատել գրականության մասին, նա, որը վաղուց չէ, ինչ կանգնած էր հենց այս սենյակի մեջտեղը՝ շփոթմունքից կարմրած, անշնորհք, երկյուղով չորս կողմ նայելով՝ չլիներ թե վայր գցի որևէ առարկա, հարցնելով, թե վաղուց է մեռել «Սվինբե՛ռնը» և անմտորեն պարծենալով, որ կարդացել է «Excelsior»-ը և «Կյանքի սաղմոսը»։

Այսպիսով, Ռութն ինքը հաստատում էր, որ խոնարհվում է հեղինակությունների առաջ։ Մարտինը շատ լավ էր հասնանում նրա մտքերը, բայց չէր ցանկանում շատ խոր թափանցել դրանց մեջ։ Մարտինը սիրում էր նրան՝ անկախ Պրափսի, Վանդերուոթերի և անգլիական բանասիրության պրոֆեսորների հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքից․ սակայն Մարտինն աստիճանաբար ավելի ու ավելի էր համոզվում, որ կան մտածողության այնպիսի մարզեր, որոնք միանգամայն անմատչելի են Ռութին, որը մինչև անգամ գաղափար չունի դրանց գոյության մասին։

Ռութն իր հերթին գտնում էր, որ Մարտինը ոչ մի հասկացողություն չունի երաժշտությունից, իսկ նրա դատողություններն օպերաների մասին համարում էր ոչ միայն անճիշտ, այլև դիտավորյալ կերպով պարադոքսային։

— Դուք հավանեցի՞ք,— հարցրեց մի անդամ Ռութը, երբ նրանք վերադառնում էին օպերայից։

Այդ երեկո նա իրեն թույլ տվեց Ռութի հետ միասին թատրոն գնալ մի ամբողջ ամիս կերակրի խիստ խնայողություն անելուց հետո։ Իզուր սպասելով, որ Մարտինն ինքը խոսք բանա ներկայացման մասին, որը ուժեղ տպավորություն էր գործել Ռութի վրա, աղջիկը վերջապես վճռեց հարցնել նրան։

— Ինձ շատ դուր եկավ նախերգանքը,— պատասխանեց Մարտինը,— դա հիանալի էր։

— Այո՛, բայց ինքը՝ օպերա՞ն։

― Օպերան նույնպես, այսինքն, հասկանալի է, նվագախումբը։ Բայց ավելի լավ կլիներ, եթե այդ խեղկատակները տեղներումը կանգնած մնային կամ բոլորովին հեռանային բեմից։

Ռութն ապշեց։

— Դուք Տետրալանիի և Բարիլլոյի մասի՞ն եք խոսում,— հարցրեց նա։

— Նրանց մասին էլ... և առհասարակ այդ ամբողջ ոհմակի մասին։

— Բայց չէ՞ որ նրանք մեծ արտիստներ են։

― Միևնույն է․ նրանք իրենց անմիտ ծամածռություններով երաժշտությունն էին փչացնում միայն։

— Մի՞թե ձեզ դուր չի գալիս Բարիլլոյի ձայնը,— բացականչեց Ռութը,― չէ՞ որ նա համարվում է Կարուզոյից հետո երկրորդը։

— Ինչո՞ւ չէ, դուր է գալիս, իսկ Տետրալանին առավել ևս դուր է գալիս։ Նա բացառիկ ձայն ունի՝ որքան ես կարող եմ դատել։

— Բայց․․․ բայց․․․― Ռութը բառեր չէր գտնում։— Այդ դեպքում ես ոչինչ չեմ հասկանում։ Դուք հիանում եք նրանց ձայներով, իսկ ասում եք, որ նրանք փչացրին երաժշտությունը։

― Ճիշտ այդպես։ Ես շատ բան կտայի, որպեսզի լսեի նրանց նվագահանդեսում, և ավելի շատ բան կտայի, որպեսզի չլսեմ նրանց, երբ նվագում է նվագախումբը։ Երևում է, որ ես անուղղելի ռեալիստ եմ. մեծ երգիչները ոչ միշտ են մեծ դերասաններ։ Իհարկե, շատ լավ է, երբ Բարիլլոն հրեշտակային ձայնով սիրային մեղեդի է երգում, իսկ Տետրալանին ձայնակցում է նրան առավել ևս հրեշտակային ձայնով, և այդ բոլորը պայծառ, բոլոր գույներով փայլող նվագախմբային երաժշտության ֆոնի վրա. չեմ վիճում, որ դա վիթխարի վայելք է։ Բայց ամբողջ տպավորությունը վայրկենապես ջախջախվում է, հենց որ նայում եմ բեմին և տեսնում եմ Տետրալանիին համարյա վեց ֆուտ հասակով և հարյուր իննսուն ֆունտ քաշով, և նրա կողքին Բարիլլոյին՝ կարճահասակ և քառակուսի մարդուկին, դարբնի կրծքավանդակով․ նրանք կոտրատվում են, իրենց կուրծքն են բռնում և ձեռքերն են շարժում, ինչպես գժանոցի բնակիչները։ Իսկ ես պետք է պատկերացնեմ, որ դա սիրային տեսարան է երիտասարդ իշխանի և գրավիչ իշխանուհու միջև։ Ո՛չ, ես բողոքում եմ, դա անհեթեթ բան է, դա անմիտ է, դա անբնական է, ահա թե ինչ. դա միանգամայն անբնական է։ Մի՞թե որևէ մարդ այդպես է բացատրում իր սերը։ Եթե ես վճռեի այդպես բացատրվել, դուք ինձ կապտակեիք։

— Դուք չեք հասկանում,— զայրանում էր Ռութը,— գեղարվեստի ամեն մի ձև սահմանափակ է։ (Նա հիշեց վերջերս համալսարանում իր լսած դասախոսությունը գեղարվեստի պայմանականության մասին։) Ահա, նկարչության մեջ մենք ունենք պաստառի ընդամենը երկու չափ, սակայն դուք ընդունում եք երեք չափերի պատրանքը, որ ստեղծում է նկարիչը իր արվեստի ուժով։ Գրականության մեջ հեղինակը ամենազոր և ամենագետ է։ Չէ՞ որ դուք ընդունում եք, որ հեղինակն իրավունք ունի հաղորդել հերոսուհու թաքուն մտքերը, թեև, երբ այդ հերոսուհին մտածում էր, ոչ ոք չէր կարող ծածկաբար լսել նրա մտքերը։ Նույնն է նաև թատրոնում, քանդակագործության մեջ, օպերայում՝ ամեն տեղ։ Հարկավոր է լինում հաշտվել մի քանի հակասությունների հետ։

— Այո, ես հասկանում եմ,— պատասխանեց Մարտինը,— ամեն գեղարվեստ պայմանական է։ (Ռութը զարմացավ, թե նա ինչպես ճիշտ արտահայտվեց. կարծես Մարտինը համալսարանական դասընթացներ է ավարտել և ոչ թե ինքնուս է, որ գրադարանում ընթերցել է ամեն բան, ինչ անցել է ձեռքը)։ Բայց պայմանականության մեջ էլ իրապաշտություն պետք է լինի։ Ստվարաթղթի վրա նկարված և բեմի երկու կողքերին գրած ծառերը մենք համարում ենք անտառ. դա պայմանականություն է, բայց բավական ռեալ։ Սակայն ծովի պատկերը մենք անտառ չենք համարի․ չենք կարող։ Դա կնշանակեր բռնադատել մեր բոլոր զգացումները։ Այդ պատճառով էլ մեր նոր տեսած երկու գժերի ծամածռությունները, կոտրատվելը և ջղաձգությունները ոչ մի կերպ չի կարելի ընդունել իբրև սիրային զգացումների և տրամադրությունների արտահայտություն։

— Մի՞թե դուք երաժշտության մեջ էլ բոլոր քննադատներից բարձր եք համարում ձեզ,— վրդովված ասաց Ռութը։

― Ո՛չ, ո՛չ, ես պարզապես թույլ եմ տալիս ինձ ունենալ սեփական կարծիք։ Ես այդ բոլորն ասում եմ նրա համար, որ բացատրեմ ձեզ, թե ինչու տիկին Տետրալանիի փղային նազանքը փչացրեց օրկեստրի ամբողջ հրապույրը։ Թերևս երաժշտական նշանավոր քննադատնեը միանգամայն իրավացի են․ բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը, որ ես չեմ ենթարկի քննադատների, բոլորին միասին վերցրած, վճռին։ Ինչ որ ինձ դուր չի գալիս, կնշանակի դուր չի գալիս, և ինչո՞ւ համար ես պետք է ձևանամ, որ դուր է եկել, լոկ նրա համար, որ դուր է գալիս ուրիշների՞ն։ Ես չեմ ցանկանում իմ ճաշակը ենթարկել մոդային։

— Բայց երաժշտությունը պատրաստություն պահանջող բան է,― առարկեց Ռութը,— իսկ օպերան պահանջում է հատուկ պատրաստություն։ Թերևս․․․

— ․․․ Ես դեռևս բավական պատրաստված չեմ օպերա լսելու համար,— լրացրեց Մարտինը նրա միտքը։

Ռութը գլխով հաստատական նշան արեց։

— Կարող է պատահել,— համաձայնեց նա,— բայց ես մինչև անգամ ուրախ եմ, որ այդպես է։ Եթե ինձ փոքր տարիքից վարժեցնեին օպերայի, հավանական է, որ այսօր խանդաղատանքի արցունքներ թափեի՝ այդ ծաղրածուների ծամածռություններին նայելով, և չնկատեի ո՛չ նրանց ձայները, ո՛չ օրկեստրի հնչյունները։ Բայց դուք իրավացի եք, դա, իհարկե, ձեռք է բերվում դաստիարակությամբ, իսկ ես արդեն տարիքս առել եմ։ Ինձ հարկավոր է կամ ինչ-որ իրական բան, և կամ, ավելի լավ է՝ ոչինչ։ Այն պատրանքը, որի մեջ ճշմարտության նշույլ էլ չկա, չի հուզում ինձ, և օպերան ինձ թվում է համատարած մի կեղծիք. մանավանդ երբ տեսնում եմ, թե ինչպես կարճահասակ Բարիլլոն ջղաձգորեն գրկում է ահագին Տետրալանիին և ասում, թե ինչպես է սիրում նրան։

Բայց Ռութը, ինչպես միշտ, Մարտինի հայացքների մասին՝ դատում էր ելնելով արտաքին նշաններից և ընդհանուրի կողմից ճանաչվածի առաջ խոնարհվելուց։ Վերջ ի վերջո ո՞վ է Մարտինը, որ միայն իրեն է համարում իրավացի և ամբողջ կուլտուրական աշխարհը մեղադրում է անհասկացողության մեջ։ Մարտինի խոսքերն ու մտքերը նրա վրա ոչ մի տպավորություն չգործեցին։ Ռութը չափազանց սովոր էր հասարակության կողմից ընդունված ամեն բանի և չէր համակրում ըմբոստ մտքերի, բացի այդ, նա մանկությունից պարապում էր երաժշտությամբ, մանկությունից սիրել էր օպերան, ինչպես և նրա շրջանի բոլոր մարդիկ։ Ի՞նչ իրավունքով այդ Մարտին Իդենը, որ նոր է դուրս պրծել ռեգթայմների և փողոցային երգերի թագավորությունից, համարձակվում է դատել ամբողջ աշխարհը հիացնող երաժշտության մասին։ Ռութի ինքնասիրությունը խոցված էր, և Մարտինի կողքով քայլելիս աղոտ կերպով զգում էր վիրավորանք։ Լավագույն դեպքում՝ Մարտինի հայացքներն ու դատողությունները կարելի էր ընդունել իբր քմահաճույք կամ արտառոց կատակ։ Բայց երբ Ռութին տուն ուղեկցելով Մարտինը գրկեց նրան և քնքշաբար համբուրեց, Ռութը, նորից համակված սիրով, մոռացավ ամեն ինչ։ Հետո, անկողնում պառկած, անքուն Ռութը շարունակ մտածում էր, թե ինչպես կարող էր պատահել, որ ինքը սիրեց այդպիսի տարօրինակ մարդու, և այն էլ հակառակ իր ամբողջ ընտանիքի ցանկության։

Հաջորդ օրը Մարտին Իդենը, օպերայի և Ռութի հետ ունեցած խոսակցության թարմ տպավորության տակ, մի հոդված գրեց «Պատրանքների փիլիսոփայությունը» վերնագրով։ Փոստանիշով զարդարված այդ հոդվածը ճամփորդության ելավ, խեղճ «Պատրանքների փիլիսոփայությանը» վիճակված էր փոխել դեռ շատ նամականիշներ և կատարել շատ ու շատ երկարատև ճամփորդություններ։