Մարտին Իդեն, Գլուխ XXXIV

Գրապահարան-ից
13:58, 9 Մայիսի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXIII Մարտին Իդեն, Գլուխ XXXV ▶


Արթուրը սպասեց դռնակի մոտ, իսկ Ռութը սանդուղքով արագ բարձրացավ Մարիա Սիլվայի բնակարանը։ Նա լսեց գրամեքենայի հապճեպ թխթխկոց, և երբ Մարտինը ներս հրավիրեց նրան, Ռութը տեսավ, որ նա տպում է ինչ֊որ ձեռագրի վերջին էջը։ Ռութը հատկապես եկել էր իմանալու, թե Մարտինը ճաշի կգա՞ Գոհունակության տոնին, բայց Մարտինը, իր մտքերով տարված, չթողեց, որ նա բերանը բաց անի։

― Թույլ տվեք կարդալ ձեզ համար այս,— բացականչեգ նա մեքենայից հանելով էջը և մի կողմ դնելով պատճենները։— Սա իմ վերջին պատմվածքն է։ Սա այնքան տարբեր է մյուս բոլորից, որ մինչև անգամ մի քիչ սարսափում եմ, բայց համոզված եմ, որ լավն է։ Ահա, ինքներդ դատեցեք, սա հավայական պատմվածք է։ Ես վերնագրել եմ այն «Վիկի-Վիկի»։

Մարտինի դեմքը բոցավառված էր ստեղծագործական ջերմությամբ, թեև Ռութը նրա ցուրտ խցիկում դողում էր, և Մարտինի ձեռքերն էլ սառն էին, ինչպես աղջիկը նկատեց նրան ողջունելիս։

Ռութն ուշադրությամբ լսում էր, թեպետ նրա դեմքին Մարտինը շարունակ կարդում էր միայն չհավանելու նշաններ։ Վերջացնելով ընթերցումը՝ Մարտինը հարցրեց.

— Ասացեք անկեղծ, հավանո՞ւմ եք, թե ոչ։

— Չգիտեմ,— պատասխանեց Ռութը,— ձեր կարծիքով կարելի՞ է որևէ տեղ դասավորել այդ պատմվածքը։

— Կարծում եմ, որ ոչ,— համաձայնեց նա,— դա մամուլի ուժերից վեր է, բայց իրական կյանքից է, մաքուր ճշմարտություն։

— Բայց ինչո՞ւ դուք համառորեն գրում եք այնպիսի բաներ, որոնք անհնար է վաճառել,— անխնա պնդում էր Ռութը։— Չէ՞ որ դուք գրում եք որպեսզի դրամ վաստակեք ապրելու համար։

— Այո՛, իհարկե, բայց իմ հերոսն ինձանից ավելի ուժեղ դուրս եկավ, նա պահանջում էր, որ պատմվածքը գրվի հենց այսպես, և ոչ թե այլ կերպ։

— Բայց ձեր այդ Վիկի-Վիկին. ինչո՞ւ նրան խոսեցնում եք այդպես կոպիտ։ Անկասկած, ձեր ընթերցողները կշշմեն նրա արտահայտություններից և, անկասկած, հրատարակիչներն իրավացի կլինեն մերժելու ձեր պատմվածքը։

— Որովհետև իսկական Վիկի-Վիկին հենց այդպես էլ կխոսեր։

— Դա վատ ճաշակ է։

— Դա կյանքն է,— բացականչեց նա,— դա իրական է, դա ճշմարիտ է։ Եվ ես պետք է գրեմ կյանքի մասին այնպես, ինչպես տեսնում եմ։

Ռութը ոչինչ չպատասխանեց. և մի պահ անհարմար լռություն տիրեց։ Մարտինը չափազանց սիրում էր նրան և այդ պատճառով չէր հասկանում Ռութին, իսկ աղջիկը նրան չէր հասկանում այն պատճառով, որ Մարտինը չէր պարփակվում նրա պատկերացումների նեղ շրջանակում։

— Գիտե՞ք, որ ես «Անդրցամաքային ամսաթերթից» ստացա ինձ հասանելիք գումարը,— ասաց Մարտինը՝ ցանկանալով խոսակցության նյութը փոխել. և հիշելով, թե ինչպես հաշիվ մաքրեց խմբագրական եռյակի հետ, ակամա քրքջաց։

— Հրաշալի՜ է։ Նշանակում է՝ կգաք, այնպես չէ՞,— ուրախ բացականչեց Ռութը։— Ես ուզում էի այդ իմանալ։

— Կգա՞մ,— հարցրեց Մարտինը զարմացած,— ո՞ւր։

— Մեզ մոտ վաղը՝ ճաշի։ Չէ՞ որ դուք ասացիք, թե դուրս կգրեք կոստյումը, հենց որ դրամը ստանաք։

— Ես բոլորովին մոռացել էի այդ,— շվարած ասաց Մարտինը։— Բանն այն է, որ այս առավոտ ոստիկանը վերցրեց Մարիայի երկու կովն ու հորթուկը՝ ապօրինի արածացնելու համար, իսկ նրա մոտ տուգանքը վճարելու դրամ չկար․ ես վճարեցի նրա փոխարեն։ Այնպես որ «Զանգերի ղողանջի» ամբողջ հոնորարը հատկացվեց Մարիայի կովերի փրկագնին։

— Ուրեմն դուք չե՞ք գա։

Մարտինը նայեց իր հագուստին։

— Չեմ կարող։

Ռութի կապույտ աչքերը արտասվակալեցին. նա կշտամբանքով նայեց Մարտինին, բայց ոչինչ չասաց.

— Հաջորդ տարին մենք ձեզ հետ միասին կտոնենք Գոհունակության օրը Դելմոնիկոյի մոտ, կամ Լոնդոնում, կամ Փարիզում և կամ ո՜ւր ուզեք. ես համոզված եմ։

— Վերջերս թերթերում կարդացի,— պատասխանեց Ռութը,— որ փոստի վարչության մեջ թափուր պաշտոններ կան։ Դուք նրանց մոտ առաջինն եք նշանակվել հերթում, այնպես չէ՞։

Մարտինը ստիպված եղավ խոստովանել, որ ծանուցագիր ստացավ, բայց չգնաց։

— Ես այնքա՜ն վստահ եմ ինձ վրա և իմ հաջողության վրա․․․— արդարանում էր նա։— Մի տարուց հետո ես կվաստակեմ տասնապատիկ ավելին, քան փոստի որևէ պաշտոնյա, կտեսնե՛ք։

— Ա՜հ,— կարողացավ միայն ասել Ռութը։ Նա ոտքի կանգնեց և սկսեց ձեռնոցները քաշել ձեռքերին։— Ես պետք է գնամ․ Արթուրը սպասում է ինձ։

Մարտինը պինդ գրկեց նրան և համբուրեց, բայց Ռութն անտարբեր ընդունեց նրա փաղաքշանքը։ Ռութի մարմինը չդողդողաց սովորականի պես․ նա ձեռքերով չփաթաթվեց իր վզին և շրթունքը չսեղմեց իր շրթունքին։

«Չարացավ,— մտածեց Մարտինը, երբ նրան ճանապարհ գցելուց հետո վերադարձավ իր սենյակը․—բայց ինչո՞ւ։ Իհարկե, ցավալի է, որ ոստիկանը հենց այսօր բռնեց կովերին, բայց դա միայն հանգամանքների դժբախտ դասավորություն է, որի համար ոչ ոք մեղավոր չէ»։ Մարտինի մտքովն էլ չանցավ, որ այդ դեպքում նա կարող էր վարվել այլ կերպ։ «Իհարկե,— վճռեց նա վերջապես,— նրա աչքում ես մի քիչ մեղավոր եմ, որ հրաժարվեցի փոստում ծառայելուց։ Եվ հետո՝ «Վիկի-Վիկին» դուր չեկավ նրան։

Հանկարծ սանդուղքի վրա ոտնաձայն լսվեց։ Մարտինը շուռ եկավ ու տեսավ ներս մտնող փոստատարին։ Սովորական հուզմունքով Մարտինը նրանից ընդունեց մեծ ու երկարավուն ծրարների մի ամբողջ կույտ։ նրանց մեջ կար մի փոքր ծրար «Նյու֊Ցորքի տեսությունից»։ Նախքան բանալը Մարտինը մի քիչ դանդաղեց․ դա դժվար թե պատմվածքի ընդունման հաղորդագրություն լինի։ Վերջերս նա ոչ մի գրվածք չի ուղարկել հանդեսին։ «Թերևս նրանք ուզում են հոդված պատվիրել ինձ» — նա գրեթե ուշագնաց եղավ այդ մտքից, բայց իսկույն վանեց իրենից այդ հախուռն, անիրականալի հույսը։

Այդ ծրարում կար խմբագրից մի կարճառոտ պաշտոնական նամակ, որի մեջ հաղորդվում էր առկա անանուն նամակի ստացման մասին, ընդ որում խմբագիրը խնդրում էր Մարտինին չանհանգստանալ, որովհետև խմբագրությունը ոչ մի նշանակություն չի տալիս անանուն նամակներին։

Այդ գրության կցված անանուն նամակը գրված էր անգրագետ, ձեռքով նկարած տպագիր տառերով, դա մի անհեթեթ մատնություն էր այն մասին, որ «այսպես կոչված Մարտին Իդենը», որը ամսագրերին ուղարկում է իր պատմվածքներն ու բանաստեղծությունները, իսկի էլ գրող չէ, այլ պարզապես գողանում է հին հանդեսներից պատմվածքներ, որոնք արտատպում է գրամեքենայի վրա և ուղարկում իր անունից։ Ծրարի վրա կար Սան֊Լեանդրոյի փոստի կնիքը։ Մարտինը անմիջապես գուշակեց անանուն նամակի հեղինակին։ Դա Հիգգինբոթամի քերականությունն է, Հիգգինբոթամի մտքերը, որոնք հայտնաբերվում էին ամեն մի տողում։ Մարտինը շատ լավ հասկանում էր, որ այդ նամակը սարքված էր իր փեսայի ձեռքով։

Սակայն ինչո՞ւ է նա այդ արել, հարցնում էր նա ինքն իրեն, առանց պատասխան գտնելու։ Ի՞նչ վատ բան է արել ինքը Բեռնարդ Հիգգինբոթամին․․․ Դա այնքա՜ն անհեթեթ, այնքա՜ն անմիտ բան էր, ոչ մի բացատրություն չկար դրա համար։ Մի շաբաթվա ընթացքում տասնյակ այդպիսի նամակներ ստացվեցին և արևելյան նահանգների զանազան հանդեսներից։ Մարտինին շատ դուր եկավ խմբագիրների այդ վարմունքը։ Չնայած, որ նա բոլորովին անծանոթ էր նրանց, շատերը մինչև անգամ համակրություն էին հայտնել նրան։ Ակներև էր, որ նրանք զզվանքով էին վերաբերվում մատնություններին։ Նրան վնասելու հիմար փորձը բացահայտորեն անհաջողության մատնվեց։ Ընդհակառակը, դա կարող էր մինչև անգամ օգտակար լինել, որովհետև խմբագիրների ուշադրությունն է հրավիրել դեպի իր անձնավորությունը։ Նրանցից մի քանիսը այսուհետև կարդալով նրա որևէ պատմվածքը կհիշեն, որ դրա հեղինակը այն Մարտին Իդենն է, որ հիշված է անանուն նամակում։ Եվ թերևս դա նպաստավոր ազդեցություն կգործի նրա գրվածքների ճակատագրի վրա։

Մոտավորապես այդ ժամանակ էլ պատահեց մի դեպք, որից հետո Մարտինը զգալիորեն ընկավ Մարիա Սիլվայի աչքում։ Մի օր Մարտինը տեսավ նրան խոհանոցում արտասվալից աչքերով և ցավից տնքալիս․ նա չէր կարողանում տեղից շարժել ծանր արդուկները։ Մարտինն իսկույն վճռեց, որ Մարիան հարբուխ ունի, տվեց նրան մի ումպ վիսկի, որը մնացել էր Բրիսենդենի բերած շշերից մեկի հատակին, և պատվիրեց նրան պառկել, բայց Մարիան ոչ մի կերպ չէր համաձայնում։ Մարիան համառորեն բղավում էր, որ անհրաժեշտ է վերջացնել սպիտակեղենն արդուկելը և հանձնել այս երեկո, հակառակ դեպքում վաղը իր յոթ երեխաներն էլ ոչինչ չեն ունենա ուտելու։

Մարիանճ չափազանց զարմացավ (նա չէր դադարում պատմել այդ մասին մինչև իր մահը), երբ տեսավ, որ Մարտինը վերցրեց արդուկը և արդուկելու տախտակի վրա գցեց բատիստից կարված մի նուրբ կոֆտա։ Դա Կեթ Ֆլենեգենի՝ թաղում ամենամեծ պճնամոլուհու լավագույն տոնական կոֆտան էր։ Միսս Ֆլենեգենը պահանջել էր, որ կոֆտան անպայման պատրաստ լինի երեկոյան։ Բոլորը գիտեին, որ նա մտերմական կապ է պահպանում երկաթագործ Ջոն Քոլլինզի հետ և, Մարիայի ստացած մասնավոր տեղեկություններով, վաղը երկուսն էլ գնում են Ոսկի Դարպասի պարկը։ Մարիան իզուր էր աշխատում ազատել կոֆտան։ Մարտինը բռնի ուժով նստացրեց նրան աթոռին, և Մարիան, աչքերը չռած, սարսափից իրեն կորցրած, տեսավ, որ Մարտինը սկսեց մոլեգին աշխատել արդուկով։ Տասը րոպե անց Մարտինը Մարիային տվեց կոֆտան այնպես լավ արդուկած, որ Մարիան ինքը երբեք այդքան լավ չէր արդուկել։ Մարտինը ստիպեց նրան խոստովանել դա։

— Ես կարող էի ավելի արագ արդուկել, եթե արդուկներն ավելի տաք լինեին,— բացատրեց նա։

Բայց Մարիայի կարծիքով, Մարտինն առանց այն էլ տաքացրել էր արդուկները մինչև վերջին հնարավորությունը։

— Դուք լավ չեք խոնավացնում,— ասաց Մարտինը Մարիային՝ ծայրաստիճան ապշեցնելով նրան,— հիմա ես ցույց կտամ ձեղ, թե ինչպես պիտի անել այդ։ Եթե ուզում ես արագ արդուկել, խոնավացրած սպիտակեղենը պիտի պահել որոշ ճնշման տակ։

Մարտինը մառանից բերեց մի արկղ, մի կափարիչ հարմարեցրեց դրան և վրան դրեց երեխաների հավաքած երկաթի հին կտորները։ Սպիտակեղենը խոնավացվում էր, դրվում արկղը և ծածկվում կափարիչով՝ երկաթի ճնշման տակ. նա բոլորովին էլ դժվար գործ չէր։

— Իսկ հիմա նայեցեք,— բացականչեց Մարտինը, որը մերկացավ մինչև գոտկատեղը և վերցրեց գրեթե շիկացած արդուկը։

Հետագայում Մարիան բոլորին պատմեց, թե ինչպես Մարտինը, արդուկելը վերջացնելուց հետո, սովորեցրեց նրան բրդե գործվածքների լվանալու եղանակը։

— Նա ասում է․ «Մարիա, մեծ հիմար, ես պետք է սովորեցնել ձեզ»։ Եվ նա սովորեցնել արեց։ Տասը րոպե նա մի մեքենա շինել։ Տակառ, երկու գավազան և անիվ կունդ։ Ահա՛։

Այդ գիտությունը Մարտինը սովորել էր Ջոյի մոտ «Տաք աղբյուրների» լվացքատանը։ Հին անիվի կունդը, հարմարեցրած փայտին մխոցի դեր էր կատարում։ Մյուս ծայրին ամրացրած էր մի պարան, որը անց էր կացվել խոհանոցի ձեղունակալից, դա հնարավորություն էր տալիս մի ձեռքով շարժման մեջ դնել մխոցը․ տակառի մեջ դրված բրդե իրերը այդ սարքավորման օգնությամբ շատ լավ էին թափ տրվում։ Մարիան մինչև անգամ տղաներից մեկին ընտելացրեց ձգել պարանը և շատ էր զարմանում Մարտին Իդենի հնարագիտության վրա։

Բայց և այնպես Մարտինի վարքը շատ ընկավ Մարիայի աչքում։ Նրան շրջապատող ռոմանտիկ լուսապսակը ցրիվ եկավ, որպես ծուխ, երբ պարզվեց, որ նա պարզապես նախկին լվացարար է։ Նրա բոլոր գրքերը, պատկառելի այցելուները, վիսկիի դատարկ շշերը․․․ Մարիայի աչքին այդ բոլորը կորցրեց իր թովչանքը։ Ուրեմն այդ խորհրդավոր Իդենը ամենահասարակ բանվոր է եղել, նույնպիսի բանվոր, ինչպես ինքը, և երկուսն էլ միևնույն դասակարգին են պատկանում։ Նրանից Մարտինը ավելի մոտ, ավելի հասկանալի դարձավ նրան, բայց խորհրդավորության թովչանքն անհետացավ։

Մարտինն իր հարազատներից ավելի ու ավելի էր հեռանում։ Միստր Հիգգինբոթամի անհաջող ելույթից հետո իրեն հայտնաբերեց նաև ապագա փեսան՝ Հերման Շմիդտը։ Մի անգամ Մարտինին հաջողվեց վաճառել մի քանի փոքրիկ ոտանավորներ ու պատմվածքներ և մասամբ վերականգնել իր բարեկեցությունը։ Նա հաշիվները մաքրեց իր պարտատերերի հետ, դուրս գրեց կոստյումն ու հեծանիվը։ Զննելով հեծանիվն ու համոզվելով, որ նորոգման կարիք ունի, Մարտինը վճռեց վերանորոգել և, ապագա ազգականի նկատմամբ իր ընկերասիրությունը ցույց տալու համար, հեծանիվն ուղարկեց Հերման Շմիգտի արհեստանոցը։

Նույն օրը երեկոյան Մարտինը զարմացավ ու գոհանակություն զգաց՝ ետ ստանալով հեծանիվը։ Ակներև էր, որ Շմիդտը վճռել էր դրսևորել նույնպիսի ընկերական համակրանք և հերթից դուրս վերանորոգել հեծանիվը, բացի այդ տուն էր ուղարկել, թեև ոչ մի արհեստանոց սովորություն չուներ այդ բանն անելու։ Սակայն հեծանիվը զննելով, Մարտինը համոզվեց, որ ոչ մի վերանորոգում չի կատարվել։ Նա հեռախոսեց արհեստանոց և պատասխան ստացավ, որ Հերման Շմիդտը «չի ցանկանում ոչ մի գործ ունենալ» նրա հետ։

— Պարոն Հերման Շմիդտ,— հանգիստ ասաց Մարտինը,— ես կգամ ձեզ մոտ և մի լավ կքաշեմ ձեր այդ հոլանդական քիթը։

— Եթե դուք գաք ինձ մոտ արհեստանոց,— լսվեց պատասխանը,— ես ոստիկաններ կկանչեմ. ես ցույց կտամ ձեզ։ Մի՛ անհանգստանաք, ձեզ չի հաջողվի կռվի բռնվել ինձ հետ։ Դուք դատարկապորտ եք, ահա թե ինչ, իսկ ես քնած չեմ։ Եթե ես ամուսնանում եմ ձեր քրոջ հետ, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք պլոկել ինձ։ Ինչո՞ւ չեք ուզում գործ անել և ազնվորեն վաստակել ձեր առօրյա ապրուստը։ Հապա՛, պատասխանեցեք։

Մարտինը, որպես ճշմարիտ փիլիսոփա, զսպեց իր զայրույթը, պատասխանեց միայն սուլոցով և լսափողը կախեց։

Սկզբում նրա համար ծիծաղելի էր այդ, բայց հետզհետե մենակության գիտակցությունը սկսեց ճնշել նրան։ Ոչ ոք չէր հասկանում իրեն, ինքը հարկավոր չէր ոչ ոքի՝ բացի Բրիսենդենից, որը անհետացել է՝ աստված գիտի ո՛ւր։

Մթնելու վրա էր, երբ Մարտինը գուրս եկավ բանջարավաճառի խանութից՝ ձեռքին ունենալով այդտեղ գնած ապրանքը։ Տրամվայը կանգնեց փողոցի անկյունում, և վագոնից ցած իջավ նրան ծանոթ բարձրահասակ մի կերպարանք։ Մարտինի սիրտը թռավ ուրախությունից։ Դա նույն ինքը Բրիսենդենն էր, և Մարտինը էլեկտրական լապտերի լույսով նկատեց նրա ուռած գրպանները, մի գրպանում գրքեր կային, իսկ մյուսում՝ շշեր։