Առաջին Բաժին: Կապիտալի Փոխակերպություններն Ու Նրանց Շրջապտույտը

Գրապահարան-ից
20:51, 9 Սեպտեմբերի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երկրորդ հատոր: Գիրք երկրորդ - Կապիտալի Շրջանառության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ Թադ. Ավդալբեկյան (գերմաներենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ԴՐԱՄԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Կապիտալի շրջապտույտի պրոցեսն[1] ընթանում է երեք ստադիայով, որոնք առաջին հատորի շարադրանքի համաձայն կազմում են հետևյալ շարքը.

Առաջին ստադիա. Կապիտալիստը հանդես է գալիս ապրանքաշուկայում ու աշխատաշուկայում իբրև գնորդ, նրա դրամն ապրանքի է փոխարկվում կամ կատարում է շրջանառության Փ—Ա ակտը։

Երկրորդ ստադիա. Գնված ապրանքների արտադրողական սպառումը կապիտալիստի կողմից։ Նա գործում է իբրև կապիտալիստական ապրանքարտադրող. նրա կապիտալն անցնում, կատարում է արտադրապրոցեսը։ Հետևանքը լինում է՝ ապրանքի արտադրատարրերից ավելի մեծ արժեք պարունակող ապրանք։

Երրորդ ստադիա. Կապիտալիստը շուկա է վերադառնում իբրև վաճառորդ, նրա ապրանքը փոխարկվում է դրամի կամ անցնում, կատարում է շրջանառության Ա—Փ ակտը։

Հետևաբար դրամակապիտալի շրջապտույտի ֆորմուլան է՝ Փ—Ա... Արտ... Ա՛—Փ՛, որտեղ կետերը նշում են, թե շրջանառության պրոցեսն ընդհատվել է, իսկ Ա՛-ն, ինչպես և Փ՛-ն, հավելարժեքով շատացած Ա ու Փ են նշանակում։

Առաջին ու երրորդ ստադիաներն առաջին գրքում հետազոտված են լոկ այն չափով, որչափով այս հարկավոր էր երկրորդ ստադիան — կապիտալի արտադրապրոցեսը — հասկանալու համար։ Ուստի այն տարբեր ձևերը, որոնցով զգեստավորվում է կապիտալը յուր տարբեր ստադիաներում և որոնք նա յուր կրկնվող շրջապտույտի ժամանակ մերթ ընդունում է, մերթ թոթափում, մնացել են ուշադրության կենտրոնից դուրս։ Նրանք հիմա կազմում են հետազոտության ամենից անմիջական առարկան։

Ձևերը զուտ կերպարանքով ըմբռնելու համար ամենից առաջ պետք է վերանալ այն բոլոր մոմենտներից, որոնք ոչ մի գործ չունեն ձևափոխության ու ձևագոյացման հետ, իբրև այսպիսիների հետ։ Ուստի այստեղ ընդունում ենք ոչ թե լոկ այն, որ ապրանքները ծախվում են իրենց արժեքների համաձայն, այլ և այն, որ այս տեղի է ունենում անփոփոխ պարագաներում։ Հետևաբար մենք վերանում ենք այն արժեփոփոխություններից էլ, որոնք կարող են պատահել շրջապտույտի պրոցեսի ժամանակ։

I. ԱՌԱՋԻՆ ՍՏԱԴԻԱ. Փ—Ա[2]

Փ—Ա-ն ներկայացնում է մեկ դրամագումարի փոխարկումն ապրանքների մի գումարի. գնորդի համար՝ յուր փողի վերածումն ապրանքի, վաճառորդի համար՝ յուր ապրանքների վերածումը փողի։ Ընդհանրական ապրանքաշրջանառության այս իրադարձությունը մի անհատական կապիտալի ինքնակա շրջապտույտի ֆունկցիապես մեկ որոշ հատվածն է միաժամանակ, և հիշյալ իրադարձությանն այս վերջին կերպարանքը տվողն ամենից առաջ ոչ թե իրադարձության ձևն է, այլ նրա նյութական բովանդակությունը, այն ապրանքների սպառման մասնահատուկ բնույթը, որոնք իրենց տեղը փոխում են դրամի հետ։ Սրանք են՝ մի կողմից արտադրամիջոցները, մյուս կողմից՝ աշխատույժը, ապրանքարտադրության իրեղեն ու անձնական գործոնները, որոնց առանձնահատուկ տեսակն իհարկե պետք է համապատասխանի պատրաստվող առարկայի տեսակին։ Եթե մենք աշխատույժն անվանենք Աշ, արտադրամիջոցներն՝ Ամ, ապա գնելի Ա տպրանքագումարը Աշ + Ամ, կամ, ավելի կարճ, Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Հետևաբար Փ—Ա-ն, ըստ յուր բովանդակության քննելիս, ներկայանում է իբրև Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): , այսինքն Փ—Ա-ն տրոհվում է Փ—Աշ-ի ու Փ—Ամ-ի. Փ դրամագումարը բաժանվում է երկու մասի, որոնցից մեկն աշխատույժ է գնում, մյուսն՝ արտադրամիջոցներ։ Գնումների այս երկու շարքը պատկանում են բոլորովին ու միանգամայն տարբեր շուկաների, մեկը՝ բուն ապրանքաշուկային, մյուսն՝ աշխատաշուկային։

Սակայն, բացի այն ապրանքագումարի այս որակային տրոհումից, որին փոխարկվում է դրամը, Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտը ներկայացնում է մի վերին աստիճանի բնորոշ քանակային հարաբերություն էլ։

Մենք գիտենք, որ աշխատույժի տիրոջը, որն աշխատույժը ծախում է իբրև ապրանք, նրա արժեքը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գինը վճարվում է աշխատավարձի ձևով, այսինքն իբրև մի այնպիսի աշխատագումարի գին, որը հավելաշխատանք է պարունակում. այնպես որ եթե, օրինակ, աշխատույժի օրական արժեքը = 3 մարկի, հինգժամյա աշխատանքի արդյունքի, ապա գնորդի ու վաճառորդի միջև կնքված պայմանագրում այս գումարը կերպակայում է իբրև, ասենք, տասժամյա աշխատանքի գին կամ թե վարձ։ Եթե մի այսպիսի պայմանագրություն կնքվեր, օրինակ, 50 բանվորի հետ, ապա նրանք միասին մեկ օրվա ընթացքում գնորդին կմատակարարեին 500 աշխատաժամ, որի կեսը, 250 աշխատաժամը = տասժամյա 25 աշխատօրը, կազմված է սոսկ հավելաշխատանքից։ Գնելի արտադրամիջոցների քանակը, ինչպես և ծավալը, պետք է բավական լինի այս աշխատամասսան կիրառելու համար։։

Այսպիսով ուրեմն Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտն արտահայտում է ոչ թե մենակ այն որակային հարաբերությունը, որով մի որոշ դրամագումար, օրինակ, 422 ֆունտ.ստերլինգ, փոխարկվում է իրար համապատասխանող արտադրամիջոցների ու աշխատույժի, այլ և արտահայտում է փողի այն մասերի միջև եղած մի քանակային հարաբերություն, որոնք ծախսվել են Աշ-ի, աշխատույժի, վրա ու Ամ-ի, արտադրամիջոցների, վրա, մի հարաբերություն, որը հենց այն գլխից որոշվում է մի որոշ բանվորաթվի կողմից ծախսելիք հավելութային հավելաշխատանքի գումարով։

Հետևաբար եթե, օրինակ, մանարանում 50 բանվորի շաբաթավարձն անում է 50 ֆունտ ստերլինգ, ապա արտադրամիջոցների վրա պետք է ծախսվի 372 ֆունտ ստերլինգ այն դեպքում, երբ սա կազմում է այն արտադրամիջոցների արժեքը, որ 3 000 ժամ պարունակող շաբաթվա աշխատանքը, որից 1 500 ժամն հավելաշխատանք է, մանվածքի է վերածում։

Այստեղ բոլորովին նշանակություն չունի այն, թե տարբեր արդյունաբերաճյուղերում ավելադիր աշխատանքի կիրառումը որչափով է արժեքային մի ավելադրանք պայմանավորում արտադրամիջոցների ձևով։ Այստեղ խոսքը վերաբերում է լոկ այն բանին, թե փողի այն մասը, որ ծախսվել է արտադրամիջոցների վրա, այսինքն Փ—Ամ ակտով գնված արտադրամիջոցները բոլոր պարագաներում պետք է բավարար լինենք ուրեմն հենց այն գլխից հաշվված լինեն՝ համապատասխան համամասնությամբ հայթայթված լինելու համար։ Կամ ուրիշ խոսքով՝ արտադրամիջոցների մասսան պետք է բավարար լինի աշխատամասսան կլանելու համար, սրա միջոցով արդյունքի վերածվելու համար։ Եթե բավարար չափով արտադրամիջոցներ առկա չլինեին, ապա գնորդի տնօրինության տակ եղած ավելցուկ աշխատանքը կմնար առանց կիրառվելու. աշխատանքի տնօրինման նրա իրավունքը ոչ մի հետևանքի չէր հասցնի։ Եթե ավելի շատ արտադրամիջոցներ առկա լինեին, քան տնօրինության տակ ունեցած աշխատանքն է, ապա նրանք կմնային առանց աշխատանքով հագեցած լինելու, արդյունքի չէին վերածվի։

Հենց որ Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտն ավարտված է, գնորդի տրամադրության տակ կան արդեն ոչ թե մենակ այն արտադրամիջոցներն ու աշխատույժը, որոնք հարկավոր են մի օգտակար առարկա արտադրելու համար։ Նրա տրամադրության տակ կա աշխատույժի մի ավելի մեծ հոսունացում կամ աշխատանքի մի ավելի մեծ քանակ, քան հարկավոր է աշխատույժի արժեքի փոխհատուցման համար, և միաժամանակ նրա տրամադրության տակ կան այն արտադրամիջոցները, որոնք պահանջվում են այս աշխատագումարի իրականացման կամ առարկայացման համար, հետևաբար նրա տրամադրության տակ կան իրենց արտադրատարրերից ավելի մեծ արժեք ունեցող առարկաների կամ հավելարժեք պարունակող ապրանքամասսայի արտադրության գործոնները։ Ուրեմն այն արժեքը, որ կապիտալիստը կանխավճարել է դրամաձևով, հիմա գտնվում է մի այնպիսի բնաձևի մեջ, որով նա կարող է իրականացվել իբրև (ապրանքների կերպարանքով) հավելարժեք թխսող արժեք։ Ուրիշ խոսքով, նա գտնվում է արտադրողական կապիտալի կացության կամ ձևի մեջ, մի կապիտալի, որն ընդունակություն ունի իբրև արժեք կամ թե հավելարժեք ստեղծող գործելու։ Այս ձևն ունեցող կապիտալը կրճատ անվանենք Արտ։

Բայց Արտ-ի արժեքը = Աշ + Ամ-ի արժեքին = Աշ-ի ու Ամ-ի փոխարկված Փ-ին։ Փ-ն միևնույն կապիտալարժեքն է, ինչ որ Արտ-ը, միայն թե տարբեր գոյեղանակով, այն է՝ դրամավիճակի կամ դրամաձևի մեջ գտնվող կապիտալարժեք է — դրամակապիտալ է։

Ուստի Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտը կամ թե, յուր ընդհանրական ձևով, Փ—Ա-ն, ապրանքագնումների գումարը, ընդհանրական ապրանքաշրջանառության այս իրադարձությունն իբրև կապիտալի շրջապտույտի ինքնակա պրոցես, միաժամանակ կապիտալարժեքի փոխարկումն է յուր դրամաձևից յուր արտադրողական ձևին, կամ, ավելի կարճ ասած՝ դրամակապիտալի փոխարկումն է արտադրողական կապիտալի։ Այսպիսով ուրեմն շրջապտույտի այն կերպարանքի մեջ, որն ամենից առաջ է այստեղ քննության առնվում, փողը հանդես է գալիս իբրև կապիտալարժեքի անդրանիկ կրիչ, ուստի դրամակապիտալը ներկայանում է իբրև այն ձևը, որով կանխավճարվում է կապիտալը։

Իբրև դրամակապիտալ նա գտնվում է մի այնպիսի կացության մեջ, որով նա կարող է դրամաֆունկցիաներ կատարել, ինչպես, օրինակ, ներկա դեպքում՝ ընդհանրական գնելամիջոցի ու ընդհանրական վճարամիջոցի ֆունկցիաներ։ (Վերջինս այն չափով, որչափով որ աշխատույժը թեև առաջ է գնվում, բայց վճարահատուցվում է այն բանից հետո միայն, երբ նա բանել-պրծել է։ Որչափով որ արտադրամիջոցները պատրաստի չկան շուկայում, այլ նախ պետք է դեռ պատվիրվենք փողը Փ—Ամ ակտի ժամանակ նույնպես իբրև վճարամիջոց է գործում)։ Այս ունակությունն առաջ է գալիս ոչ թե նրանից, որ դրամակապիտալը կապիտալ է, այլ նրանից, որ նա փող է։

Մյուս կողմից էլ՝ դրամավիճակի մեջ գտնվող կապիտալարժեքը կարող է միմիայն դրամաֆունկցիաներ կատարել և ուրիշ ոչ մի ֆունկցիա։ Այս վերջինները կապիտալաֆունկցիաներ դարձնողը նրանց որոշակի դերն է կապիտալի շարժման մեջ, ուրեմն և այն ստադիայի կապը կապիտալարժեքի շրջապտույտի մյուս ստադիաների հետ, որում հանդես են գալիս հիշյալ դրամաֆունկցիաները։ Օրինակ, այն դեպքում, որ ամենից առաջ է դրված մեր հանդեպ, դրամը փոխարկվում է այնպիսի ապրանքների, որոնց զուգորդումն արտադրողական կապիտալի այնպիսի բնաձևն է կազմում, որն ուրեմն ներթաքուն կերպով, հնարավորապես, արդեն յուր մեջ պարփակում է արտադրության կապիտալիստական պրոցեսի հետևանքը։

Փողի այն մի մասը, որը Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի մեջ դրամակապիտալի ֆունկցիան է կատարում, այս շրջանառությունն ավարտելով անցնում է հենց մի այնպիսի ֆունկցիայի, որտեղ նրա կապիտալաբնույթը չքանում է և մնում է նրա դրամաբնույթը։ Փ դրամակապիտալի շրջանառությունը տրոհվում է Փ—Ամ-ի ու Փ—Աշ-ի, արտադրամիջոցների գնման ու աշխատույժի գնման։ Մենք քննենք վերջին իրադարձությունն ըստինքյան։ Փ—Աշ-ն աշխատույժի գնումն է կապիտալիստի կողմից նայած. իսկ բանվորի կողմից, աշխատույժի տիրոջ կողմից նայած՝ հիշյալ իրադարձությունն աշխատույժի վաճառք է — մենք այստեղ կարող ենք ասել աշխատանքի վաճառք, որովհետև աշխատավարձի ձևն է ենթադրվում։ Այն, ինչ որ այստեղ, ինչպես և ամեն մի գնման ժամանակ, Փ—Ա ( = Փ—Աշ) է, վաճառորդի (բանվորի) համար Աշ—Փ (= Ա—Փ) է, յուր աշխատույժի վաճառք է։ Այս՝ շրջանառության առաջին ստադիան է կամ ապրանքի առաջին փոխակերպությունը (I գիրք; III գլուխ, 2a). սա, աշխատանքի վաճառորդի կողմից նայած, յուր ապրանքի վերածումն է նրա դրամաձևին։ Բանվորն այսպիսով ձեռք բերած փողը հետզհետե ծախսում է այնպիսի ապրանքների մի գումարի վրա, որոնք բավարարում են նրա պահանջմունքները, ծախսում է սպառման առարկաների վրա։ Հետևաբար նրա ապրանքի ամբողջ շրջանառությունը ներկայանում է իբրև Աշ—Փ—Ա, այսինքն նախ՝ իբրև Աշ—Փ ( = Ա—Փ) ու երկրորդ՝ իբրև, Փ—Ա, ուրեմն ներկայանում է պարզ ապրանքաշրջանառության Ա—Փ—Ա ընդհանրական ձևով, որտեղ փողը կերպակայում է իբրև շրջանառության սոսկ չքացող միջոց, իբրև ապրանքն ապրանքի հետ փոխանակելու սոսկական միջնորդ։

Փ—Աշ-ը դրամակապիտալն արտադրողական կապիտալի փոխարկելու բնորոշ մոմենտն է, որովհետև սա է այն էական պայմանը, որ իրապես հնարավորություն է տալիս դրամաձևով կանխավճարված արժեքը կապիտալի, հավելարժեք արտադրող արժեքի, փոխարկելու։ Փ—Ամ-ն անհրաժեշտ է Փ—Աշ-ի միջոցով գնված աշխատամասսան իրացնելու համար միայն։ Ուստի Փ—Աշ-ն այu հայեցակետից շարադրվել է I գրքի մեջ, II բաժնում, «Փողի կապիտալ դառնալը» վերնագրի տակ։ Իսկ այստեղ բանը դեռ պետք է քննել մի ուրիշ տեսակետից էլ, դրամակապիտալի, իբրև կապիտալի երևաձևի, մասնահատուկ առնչությամբ։

Փ—Աշ-ն ընդհանրապես բնորոշ է նկատվում արտադրության կապիտալիստական եղանակի համար։ Բայց ոչ երբեք վերևում բերված այն հիմունքով, թե աշխատույժի գնումը գնման մի այնպիսի պայմանադրություն է, որով պայմանավորվում է աշխատանքի մի ավելի մեծ քանակի մատակարարում, քան հարկավոր է աշխատանքի գինը, աշխատավարձը փոխհատուցելու համար, ուրեմն հավելաշխատանքի մատակարարում, որ հիմնապայմանն է կանխավճարված արժեքի կապիտալացման համար, կամ որ միևնույնն է, հավելարժեքի արտադրության համար։ Այլ, ավելի շուտ, հիշյալը բնորոշ նկատվում է յուր ձևի պատճառով, նրա համար, որ աշխատավարձի ձևով ծախսվող փողով է աշխատանք գնվում, իսկ այս համարվում է դրամատնտեսության հատկանիշ։

Դարձյալ, այստեղ ձևի իռռացիոնալությունը չի, որ բնորոշ է համարվում։ Այս իռռացիոնալությունն, ընդհակառակն, անտեսվում է։ Ւռռացիոնալությունն այն է, որ աշխատանքն ինքը, իբրև արժեկազմիչ տարր, չի կարող ոչ մի արժեք ունենալ, ուրեմն և աշխատանքի մի որոշ քանակ չի կարող ունենալ որևէ արժեք, որն արտահայտվեր նրա գնի մեջ, փողի մի որոշ քանակի հետ ունեցած նրա համարժեքության մեջ։ Բայց մենք գիտենք, որ աշխատավարձը սոսկ մի վարագուրված՜ ձև է, մի ձև, որով, օրինակ, աշխատույժի որա գինը ներկայանում է իբրև այս աշխատույժի կող-որվա ընթ՜ացքում հոսուն դարձրած աշխատանքի դին, այնպես որ ուրեէքե այս աշխատույժի կողմից, ասենք, աշխատանքի 6 ժամ ում արտագրված արժեքն արտահայտվում է իրրև աշխատույժի տասներկուժամյա ֆունկցիայի կամ աշխատանքի արժեք։

Փ—Աշ-ը բնորոշ բան է համարվում իբրև այսպես կոչված դրամատնտեսության նշանացույց, որովհետև աշխատանքն այստեղ հանդես է գալիս իբրև յուր տիրոջ ապրանք, ուստի փուլն էլ՝ որպես գնորդ — ուրեմն դրամահարաբերության (այսինքն մարդկային գործունեության առուծախի) պատճառով։ Բայց շատ վաղուց է արդեն, որ փողը հրապարակ է գալիս իբրև այսպես կոչված ծառայությունների գնորդ, առանց այն հետևանքն ունենալու, որ Փ-ն դրամակապիտալի փոխարկված լինի կամ թե տնտեսության ընդհանրական բնույթը՝ հեղաշրջված։

Դրամի համար միանգամայն տարրերազուրկ բան է, թե ինքն ապրանքների որ տեսակին է փոխարկվում։ Նա ընդհանրական համարժեքային ձևն է բոլոր ապրանքների, որոնք իրենց գներով արդեն ցույց են տալիս, թե իրենք իդեապես մի որոշ դրամագումար են ներկայացնում, իրենց՝ դրամի փոխարկվելուն են սպասում և դրամի հետ իրենց տեղը փոխելով միայն ստանում այն ձևը, որով նրանք կարող են սպառարժեքների փոխարկվել իրենց տերերի համար։ Ուրեմն մի անգամ որ աշխատույժը շուկայում է գտնվում իբրև յուր տիրոջ ապրանք, որի վաճառքը կատարվում է աշխատանքի համար հատուցվող վճարի ձևով, ապա նրա առուծախն ավելի զարմանալի ոչինչ չի ներկայացնում, քան ամեն մի ուրիշ ապրանքի առուծախն է։ Բնորոշը ոչ թե այն է, որ աշխատույժ կոչվող ապրանքը գնելի է, այլ այն, որ աշխատույժն իբրև ապրանք է երևան գալիս։

Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի միջոցով, դրամակապիտալն արտադրողական կապիտալի փոխարկելու միջոցով կապիտալիստը գլուխ է բերում արտադրության առարկայական ու անձնական գործոնների զուգորդումը, որչափով որ այս գործոններն ապրանքներից են կազմված։ Եթե դրամն առաջին անգամն է փոխարկվում արտադրողական կապիտալի կամ յուր տիրոջ համար նա առաջին անգամ է գործում իբրև դրամակապիտալ, ապա կապիտալիստն առաջ պետք է արտադրամիջոցներ, աշխատաշենքեր, մեքենաներ և այլև գնի՝ նախքան աշխատույժ գնելը. որովհետև հենց որ վերջինս անցնում է նրա տրամադրության տակ, պետք է արտադրամիջոցներն առկա լինեն, որ հնարավոր լինի հիշյալն իբրև աշխատույժ կիրառել։

Այսպես է ներկայանում բանը կապիտալիստի կողմից նայելիս։

Բանվորի կողմից նայելիս.— սրա աշխատույժի արտադրողական գործադրումը կարելի է լինում այն ակնթարթից միայն, երբ նա յուր վաճառքի հետևանքով զուգորդման մեջ է դրվում արտադրամիջոցների հետ։ Ուրեմն նա ծախվելուց առաջ գոյություն ունի արտադրամիջոցներից անջատ, յուր գործադրման առարկայական պայմաններից անջատ։ Անջատման այս վիճակում նա ոչ կարող է ուղղակի կիրառվել յուր տիրոջն սպառարժեքներ արտադրելու համար, ոչ էլ այնպիսի ապրանքներ արտադրելու համար, որոնց վաճառքով կարող էր այս տերն ապրել։ Բայց հենց որ աշխատույժը յուր ծախվելու հետևանքով զուգորդման մեջ է դրվում արտադրամիջոցների հետ, նա յուր գնորդի արտադրողական կապիտալի մի բաղադրամասն է կազմում ճիշտ այնպես, ինչպես և արտադրամիջոցները։

Ուստի չնայած որ Փ-Աշ ակտի ժամանակ դրամատերն ու աշխատույժի տերն իրար հարաբերում են լոկ իբրև գնորդ ու վաճառորդ, իրար հանդիպակայում են որպես դրամատեր ու ապրանքատեր, ուրեմն այս կողմից վերցրած՝ սոսկական դրամահարաբերության մեջ են գտնվում միմյանց հետ,— սակայն և այնպես գնորդը հենց այն գլխից հանդես է գալիս միաժամանակ նաև որպես արտադրամիջոցների տեր, որոնք աշխատույժը յուր տիրոջ կողմից արտադրողաբար ծախսելու առարկայական պայմաններն են կազմում։ Ուրիշ խոսքով ասած՝ այս արտադրամիջոցներն աշխատույժի տիրոջ դեմ հրապարակ են գալիս իբրև օտարի սեփականություն։ Մյուս կողմից՝ աշխատանքի վաճառորդը յուր գնորդին հանդիպակայում է իբրև օտարի աշխատույժ, որը պետք է անցնի գնորդի տրամադրության տակ, միակցվի նրա կապիտալին, որպեսզի սա իրոք գործադրվի իբրև արտադրողական կապիտալ։ Այսպիսով ուրեմն կապիտալիստի ու վարձու բանվորի միջև դասակարգային հարաբերությունն արդեն առկա է, արդեն նախադրված է հենց այն վայրկյանին, երբ սրանք երկուսով իրար հանդիպակայում են Փ—Աշ (բանվորի կողմից նայելիս՝ Աշ—Փ) ակտի ժամանակ։ Սա առուծախ է, դրամահարաբերություն, բայց մի այնպիսի առուծախ, որտեղ գնորդը կապիտալիստ է ենթադրվում, և վաճառորդը՝ վարձու բանվոր, իսկ այս հարաբերությունը տրված է այն հանգամանքի շնորհիվ, որ աշխատույժի իրականացման պայմանները — կենսամիջոցներն ու արտադրամիջոցներն — իբրև օտարի սեփականություն անջատված են աշխատույժի տիրոջից։

Թե այս անջատումն ինչպես է առաջ գալիս, այստեղ մեզ չի զբաղեցնում այս։ Նա գոյություն ունի, հենց որ կատարվում է Փ—Աշ ակտը։ Մեզ հետաքրքրողն այստեղ հետևյալն է. եթե Փ—Աշ-ը երևան է գալիս իբրև դրամակապիտալի մի ֆունկցիա կամ փողն այստեղ հանդես է գալիս որպես կապիտալի գոյաձև, ապա այս լինում է ոչ երբեք այն պատճառով լոկ, որ փողն այստեղ հրապարակ է ելնում իբրև վճարամիջոց մարդկային մեկ այնպիսի գործունեության համար, որն օգտակար էֆֆեկտ ունի, մի ծառայության համար. ուրեմն ոչ երբեք դրամի, իբրև վճարամիջոցի ֆունկցիայի հետևանքով։ Փողը կարող է այս ձևով ծախսվել լոկ այն պատճառով, որ աշխատույժը գտնվում է յուր արտադրամիջոցներից անջատված լինելու վիճկում (որոնց մեջ մտնում են կենսամիջոցներն էլ, իբրև բուն իսկ աշխատույժի արտադրամիջոցներ), այլ և այն պատճառով, որ այս անջատումը վերացվում է այն հանգամանքի հետևանքով միայն, որ աշխատույժը ծախվում է արտադրամիջոցների տիրոջը, որ ուրեմն նաև հոսունացումն աշխատույժի, որի սահմաններն ամենևին չեն զուգադիպում նրա սեփական գնի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատամասսայի սահմանների հետ, գնորդին է պատկանում։ Կապիտալահարաբերությունն արտադրապրոցեսում դրսևորվում է այն պատճառով միայն, որ նա ըստինքյան արդեն գոյություն ունի շրջանառության ակտի մեջ, տնտեսական այն տարբեր հիմնապայմանների մեջ, որոնցում իրար հանդիպակայում են գնորդն ու վաճառորդը, սրանց դասակարգային հարաբերության մեջ։ Հարաբերությունը տրված է ոչ թե փողի բնության հետ, այլ, ընդհակառակը, այս հարաբերության գոյությունն է, որ կարողանում է մի սոսկական դրամաֆունկցիան կապիտալաֆունկցիայի փոխարկել։

Դրամակապիտալի ըմբռնման ժամանակ (մենք դրամակապիտալի հետ գործ ունենք առայժմ այն որոշ ֆունկցիայի սահմաններում միայն) որով նա այստեղ ելնում է մեր հանդեպ) սովորաբար պատահում կամ թե իրար հետ խճճվում են երկու մոլորություն։ Առաջին. այն ֆունկցիաները, որ կապիտալարժեքը կատարում է իբրև դրամակապիտալ և որոնք նա կարող է կատարել հենց այն պատճառով, որ նա գտնվում է դրամաձևում, սխալաբար բղխեցվում են նրա կապիտալաբնույթից, այնինչ նրանց պատճառը կապիտալարժեքի դրամավիճակն է միայն, նրա իբրև փող երևան գալու ձևը։ Եվ երկրորդ, ընդհակառակը.— դրամաֆունկցիայի այն մասնահատուկ բովանդակությունը, որը նրան կապիտալաֆունկցիա է դարձնում միաժամանակ, բղխեցվում է փողի բնությունից (ուրեմն փողը շփոթվում է կապիտալի հետ), այնինչ հիշյալ կապիտալաֆունկցիան ենթադրում է հասարակական այնպիսի պայմաններ, որոնք այստեղ հնարավոր են դարձնում Փ—Աշ-ի իրականացումը և որոնք ամենևին տրված չեն պարդ ապրանքաշրջանառության ու սրան համապատասխանող դրամաշրջանառության ժամանակ։

Ստրուկներ գնել ու ծախելն էլ ըստ յուր ձևի ապրանքագնումն ու ապրանքավաճառք է։ Բայց առանց ստրկության գոյության՝ փողը չի կարող այս ֆունկցիան կատարել։ Եթե ստրկություն կա, ապա փողը կարող է ստրուկներ գնելու վրա ծախսվել։ Ընդհակառակը, գնորդի ձեռին փող լինելը դեռ ամենևին բավական չի, որ հնարավոր դառնա ստրկությունը։

Որպեսզի սեփական աշխատույժի վաճառքը (սեփական աշխատանքի վաճառքի կամ աշխատավարձի ձևով) ներկայանա ոչ թե իբրև մեկուսացած երևույթ, այլ իբրև ապրանքների արտադրության հանրորեն կերպավորող նախադրյալ, ուրեմն որպեսզի դրամակապիտալն այստեղ քննարկվող Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ֆունկցիան կատարի հասարակական մասշտաբով,— այս ենթադրում է այնպիսի պատմական պրոցեսներ, որոնց շնորհիվ տարալուծվել է արտադրամիջոցների նախասկզբնական միացումն աշխատույժի հետ, պրոցեսներ, որոնց հետևանքով ժողովրդի մասսան, բանվորներն իբրև ոչ-սեփականատերեր ու ոչ-բանվորներն իբրև այս արտադրամիջոցների սեփականատերեր, հանդիպակայում են իրար։ Ընդսմին բանը չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք նրանց անջատումից առաջ հիշյալ միացումն այն ձևն ուներ, որ հենց բանվորն ինքն էլ իբրև արտադրամիջոց պատկանում էր մյուս արտադրամիջոցների շարքի՞ն, թե՞ նա սրանց սեփականատերն էր։

Այսպիսով ուրեմն գործի էությունը, որն այստեղ Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի հիմքն է կազմում, բաշխումն է. ոչ թե բաշխումը սովորական իմաստով, իբրև սպառամիջոցների բաշխում, այլ բաշխումը բուն իսկ արտադրության տարրերի, որոնցից առարկայական գործոնները համակենտրոնացած են մի կողմում, իսկ աշխատույժը սրանցից մեկուսացած՝ մյուս կողմում։

Հետևաբար արտադրամիջոցները, արտադրողական կապիտալի առարկայական մասը, պետք է բանվորին հանդիպակայեն իբրև այսպիսիք, որպես կապիտալ, նախքան Փ—Աշ ակտի՝ մի ընդհանրական հասարակական ակտ դառնալ կարողանալը։

Մենք առաջ տեսել ենք, որ կապիտալիստական արտադրությունը, մի անգամ հաստատվելով, յուր զարգացման ընթացքում ոչ միայն վերարտադրում է այս անջատումը, այլև այս ընդլայնում է մշտապես ավելի ու ավելի մեծ ծավալով, մինչև որ հիշյալ անջատումը դառնում է մի ընդհանրականորեն իշխող հասարակական կացություն։ Բայց գործը դեռ մի ուրիշ կողմ էլ ունի։ Որպեսզի կապիտալը գոյանալ ու արտադրությունը նվաճել կարողանա, սա առևտրի, ուրեմն և ապրանքաշրջանառության ու ընդսմին ապրանքարտադրության զարգացման մի հայտնի աստիճան է ենթադրում. որովհետև առարկաները չեն կարող շրջանառության մեջ մտնել իբրև ապրանքներ, քանի դեռ նրանք վաճառքի համար, ուրեմն որպես ապրանքներ չեն արտադրվում։ Իսկ ապրանքարտադրությունն իբրև արտադրության նորմալ, տիրապետող բնույթ հանդես է գալիս կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա միայն։

Ռուսական կալվածատերերը, որոնք գյուղացիների այսպես կոչված ազատագրության հետևանքով իրենց գյուղական տնտեսությունը ճորտ բռնա-բանվորների փոխարեն հիմա վարում են վարձու բանվորներով, երկու բանից են տրտնջում։ Առաջին՝ դրամակապիտալի պակասությունից։ Այսպես, օրինակ, ասում են.— հունձը ծախելուց առաջ հարկավոր է լինում վարձու բանվորներին վարձ վճարել ավելի մեծ չափերով, և հենց այս դեպքում պակասում է առաջին պայմանը, կանխիկ փողը։ Աշխատավարձի վճարման համար պետք է կապիտալը հենց միշտ առկա լինի դրամի ձևով, որ արտադրությունը կապիտալիստորեն վարվի։ Սակայն հողատերերը կարող են սրա համար չմտահոգվել։ Ժամանակն ամենաբույժ է, և արդյունաբերական կապիտալիստը տնօրինում է ոչ միայն յուր սեփական փողը, այլ և l’argent des autres [ուրիշների դրամը]։

Սակայն բնորոշ է երկրորդ տրտունջը, այն է՝ որ եթե մարդ փող ունենա էլ, գնելի աշխատույժեր չի ճարի բավարար չափերով է ուզած ժամանակին, որովհետև գյուղահամայնքի՝ հողի ու տեղի վրա ունեցած համայնասեփականության հետևանքով ռուսական գյուղական բանվորը դեռ լիովին անջատված չի յուր արտադրամիջոցներից, ուստի նա բառիս լիակատար իմաստով «ազատ վարձաբանվոր» չի ամենևին։ Բայց վերջինիս՝ հասարակական մասշտաբով առկայությունն անհրաժեշտ պայմանն է այն բանի համար, որ Փ—Ա-ն, դրամի՝ ապրանք դառնալը, հնարավոր չինի պատկերացնել իբրև դրամակապիտալի փոխարկում արտադրողական կապիտալի։

Այս պատճառով ըստինքյան հասկանալի է, որ դրամակապիտալի շրջապտույտի ֆորմուլան՝ Փ—Ա... Արտ... Ա՛—Փ՛-ն կապիտալաշրջապտույտի ինքնըստինքյան հասկանալի ձևն է արդեն զարգացած կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա միայն, որովհետև նա ենթադրում է վարձու բանվորների դասակարգի առկայությունը հասարակական մասշտաբով։ Կապիտալիստական արտադրությունը, ինչպես տեսել ենք, միմիայն ապրանք ու հավելարժեք չի արտադրում. նա վերարտադրում է, ու այն էլ միշտ ընդլայնվող չափերով, վարձու բանվորների դասակարգը և վարձու բանվորների է փոխարկում անմիջական արտադրողների ահռելի մեծամասնությունը։ Ուստի Փ—Ա... Արտ... Ա՛—Փ՛-ն, որովհետև սրա շարժընթացքի առաջին նախադրյալը վարձու բանվորների դասակարգի մշտական առկայությունն է, արդեն ենթադրում է կապիտալի առկայությունն արտադրողական կապիտալի ձևով և ուրեմն ենթադրում է արտադրողական կապիտալի շրջապտույտի ձևը։

II. ԵՐԿՐՈՐԴ ՍՏԱԴԻԱ. ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ

Կապիտալի այն շրջապտույտը, որ քննվում է այստեղ, սկսվում է շրջանառության Փ—Ա ակտով, փողի՝ ապրանք դառնալով, գնումով։ Հետևաբար շրջանառությունը պետք է լրացվի հակադիր Ա—Փ փոխակերպությամբ, ապրանքի՝ փող դառնալով, վաճառքով։ Բայց Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի անմիջական հետևանքը դրամաձևով կանխավճարված կապիտալարժեքի շրջանառության ընդհատումն է։ Դրամակապիտալի՝ արտադրողական կապիտալ դառնալով կապիտալարժեքն ընդունել է մի այնպիսի բնաձև, որով նա չի կարող շրջանառությունը շարունակել, այլ պետք է մտնի սպառման, այն է՝ արտադրողական սպառման ոլորտը։ Աշխատույժի գործադրությունը, աշխատանքը, կարող է իրականացվել աշխատապրոցեuում միայն։ Կապիտալիստը չի կարող բանվորին նորից իբրև ապրանք ծախել, որովհետև սա նրա ստրուկը չի, է կապիտալիստն ուրիշ ոչինչ չի գնել, բացի բանվորի աշխատույժը որոշ ժամանակով օգտագործելուց։ Մյուս կողմից՝ նա կարող է աշխատույժն օգտագործել այն բանի շնորհիվ միայն, որ սրան ստիպում է արտադրամիջոցներն օգտագործել իբրև ապրանքակազմիչներ։ Այսպիսով ուրեմն առաջին ստադիայի հետևանքը կապիտալի երկրորդ, արտադրողական ստադիայի մեջ մտնելն է։

Շարժումը ներկայանում է իբրև Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ... Արտ, որտեղ կետերը նշանակում են, թե կապիտալի շրջանառությունն ընդհատվել է, բայց նրա շրջապտույտի պրոցեսը շարունակվում է, որովհետև սա ապրանքաշրջանառության ոլորտից մտնում է արտադրության ոլորտը։ Հետևաբար, առաջին ստադիան, դրամակապիտալի՝ արտադրողական կապիտալ դառնալը հանդես է գալիս լոկ իբրև երկրորդ ստադիայի, արտադրողական կապիտալի ֆունկցիայի նախընթաց ու ներածական փուլ։

Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտը ենթադրում է, թե այն անհատը, որը կատարում այս ակտը, ոչ միայն յուր տրամադրության տակ ունի արժեքներ՝ ուզածդ սպառողական ձևով, այլ և այս արժեքներն ունի դրամաձևով, որ նա դրամատեր է։ Բայց ակտի էությունը հենց փողի բացահանձնումն է, և նա կարող է դրամատեր մնալ այն չափով միայն, որչափով որ implicite [ներառված] փողը հենց բացահանձնման ակտի շնորհիվ հետ է հոսում նրա մոտ։ Իսկ փողը կարող է հետ հոսել նրա մոտ ապրանքների վաճառքի միջոցով միայն։ Այսպիսով ուրեմն ակտը ենթադրում է, որ նա ապրանքարտադրող է։

Փ—Աշ։ Վարձու բանվորն ապրում է աշխատույժը ծախելով միայն։ Աշխատույժի պահպանումը բանվորի հենց յուր ապրուստը — ամենորյա սպառում է պահանջում։ Հետևաբար նրա վարձի վճարումը միշտ պետք է կարճ ժամկետներում կրկնվի, որպեսզի բանվորը կարողանա յուր սեփական ապրուստի համար անհրաժեշտ գնումները, այն է՝ Աշ—Փ—Ա կամ Ա—Փ—Ա ակտը կրկնել։ Ուստի կապիտալիստը միշտ պետք է նրան հանդիպակայի իբրև դրամակապիտալիստ, և սրա կապիտալն էլ՝ որպես դրամակապիտալ։ Բայց մյուս կողմից, որպեսզի անմիջական արտադրողների, վարձու բանվորների մասսան կարողանա Աշ—Փ—Ա ակտը կատարել, միշտ պետք է անհրաժեշտ կենսամիջոցները նրան հանդիպակայեն գնելի ձևով, այսինքն ապրանքաձևով։ Հետևաբար այս կացությունն արդեն պահանջում է արդյունքների, իբրև ապրանքների, շրջանառության, ուրեմն և ապրանքարտադրության ծավալի մի բարձր աստիճան։ Հենց որ վարձու աշխատանքի միջոցով կատարվող արտադրությունը դառնում է ընդհանրական, պետք է ապրանքարտադրությունն արտադրության ընդհանրական ձևը լինի։ Այս վերջինս իբրև ընդհանրական ենթադրելը յուր հերթին պայմանավորում է հասարակական աշխատանքի մի հարաճուն բաժանում, այսինքն այն արդյունքի միշտ ավելի մեծածավալ մեկուսացում, որը մի որոշ կապիտալիստի կողմից արտադրվում է իբրև ապրանք, պայմանավորում է միմյանց լրացնող արտադրապրոցեսների ավելի ու ավելի մեծ տրոհումն ինքնակա պրոցեսների։ Ուստի միևնույն աստիճանով, որով Փ—Աշ-ն է զարգանում, զարգանում է Փ—Ամ-ն էլ, այսինքն արտադրամիջոցների արտադրությունը հենց միևնույն ծավալով անջատվում է այն ապրանքից, որի արտադրամիջոցներն են նրանք, և սրանք հենց յուրաքանչյուր ապրանք արտադրողի հանդիպակայում են իբրև այնպիսի ապրանքներ, որ նա չի արտադրում, այլ գնում է յուր որոշ արտադրապրոցեսում գործածելու համար։ Նրանք դուրս են գալիս նրա արտադրությունից լիովին անջատված, ինքնակայորեն վարվող արտադրաճյուղերից և մտնում են նրա արտադրաճյուղի մեջ իբրև ապրանքներ, ուստի և պետք է գնվեն։ Ապրանքարտադրության իրեղեն պայմաններն ավելի ու ավելի մեծ ծավալով են նրա հանդեպ ելնում իբրև ուրիշ ապրանքարտադրողների արդյունքներ, իբրև ապրանքներ։ Միևնույն ծավալով էլ պետք է կապիտալիստը հանդես գա իբրև դրամակապիտալիuտ, կամ ընդլայնվի այն մասշտաբը, որով պետք է նրա կապիտալը գործի որպես դրամակապիտալ։

Մյուս կողմից.—միևնույն հանգամանքները, որոնք առաջ են բերում կապիտալիստական արտադրության հիմնապայմանը — վարձու բանվորների մի դասակարգի գոյությունը — օժանդակում են ամբողջ ապրանքարտադրության՝ կապիտալիստական ապրանքարտադրությանն անցնելուն։ Այն չափով, որով այս վերջինս է զարգանում, նա խորտակող ու քայքայիչ ներգործություն է անում արտադրության ամեն մի ավելի հին ձևի վրա, որն անմիջական ինքնաբավարարմանն ուղղված լինելով առավելապես՝ արդյունքի միմիայն ավելցուկն է ապրանք դարձնում։ Նա արդյունքի վաճառքը դարձնում է գլխավոր շահագրգռություն՝ ամենից առաջ ըստ երևութին չդիպչելով բուն իսկ արտադրության եղանակին. օրինակ, այսպես եղավ կապիտալիստական համաշխարհային առևտրի առաջին ներգործությունն այնպիսի ժողովուրդների վրա, ինչպիսիք են չինացիք, հնդիկները, արաբները և այլն։ Իսկ երկրորդ՝ այնտեղ, որտեղ նա արմատակալել է, նա կործանում է ապրանքարտադրության այն բոլոր ձևերը, որոնք կամ արտադրողի ինքնաշխատանքի վրա են հիմնված, կամ թե սոսկ ավելցուկ արդյունքն իբրև ապրանք ծախելու վրա։ Նա առաջ ընդհանրականացնում է ապրանքարտադրությունը և հետո աստիճանաբար ամբողջ ապրանքարտադրությունը փոխարկում կապիտալիստականի[3]։

Որոնք էլ որ լինեն արտադրության հասարակական ձևերը, գործավորներն ու աշխատամիջոցները միշտ մնում են նրա գործոնները։ Բայց թե՛ առաջիններն ու թե՛ մյուսները միմյանցից անջատված վիճակում լոկ հնարավորապես են արտադրության գործոններ։ Որպեսզի ընդհանրապես բան արտադրվի, նրանք պետք է միակցվենք։ Այն առանձնահատուկ կերպն ու եղանակը, որով իրականանում է այս միակցումը, իրարից զանազանում է հասարակական կառուցվածքի տարբեր տնտեսական դարաշրջանները։ Առկա դեպքում ագատ բանվորի՝ յուր արտադրամիջոցներից անջատվելը տրված ելակետ է, և մենք տեսել ենք, թե ինչպես ու ինչ պայմաններում են երկուսն էլ միանում կապիտալիստի ձեռքում, այն է՝ իբրև սրա կապիտալի արտադրողական գոյեղանակ։ Ուստի այն իրական պրոցեսը, որի մեջ մտնում են իրար հետ այսպես միաբերված անձնական ու իրեղեն ապրանքակազմիչները, արտադրապրոցեսը հենց ինքը դառնում է կապիտալի մի ֆունկցիան — կապիտալիստական արտադրապրոցես, որի բնությունը մանրամասն շարադրված է այս աշխատության առաջին գրքում։ Ապրանքարտադրության յուրաքանչյուր ընթացավարում դառնում է միաժամանակ նաև աշխատույժի շահագործման ընթացավարում. բայց միմիայն կապիտալիստական ապրանքարտադրությունն է դառնում շահագործման մի այնպիսի դարակազմիկ եղանակ, որը յուր պատմական առաջընթաց զարգացման ժամանակ աշխատապրոցեսի կազմակերպմամբ ու տեխնիկայի հսկայական կատարելագործմամբ հեղաշրջում է հասարակության ամբողջ տնտեսական կառուցվածքը և անհամեմատ գերազանցում է բոլոր նախկին դարաշրջաններից։

Այն տարբեր դերերի հետևանքով, որ արտադրամիջոցներն ու աշխատույժը խաղում են արտադրապրոցեսի ընթացքում արժեգոյացման ժամանակ, ուրեմն և հավելարժեք ստեղծելում,— նրանք, որչափով որ կանխավճարված կապիտալարժեքի գոյաձևերն են, տարբերվում են իբրև հաստատուն ու փոփոխուն կապիտալ։ Իբրև արտադրողական կապիտալի տարբեր բաղադրամասեր նրանք այնուհետև տարբերվում են նրանով, որ առաջինները — արտադրամիջոցները — կապիտալիստի տիրության տակ լինելով սրա կապիտալն են մնում արտադրապրոցեսից դուրս էլ, մինչդեռ աշխատույժը սոսկ այս պրոցեսի մեջ է դառնում մի անհատական կապիտալի գոյաձև։ Եթե աշխատույժը միմիայն յուր վաճառորդի, վարձու բանվորի ձեռքումն է ապրանք, ապա նա, ընդհակառակը, կապիտալ դառնում է յուր գնորդի, կապիտալիստի ձեռին միայն, որին վիճակվում է նրա ժամանակավոր գործադրությունը։ Հենց արտադրամիջոցներն իրենք արտադրողական կապիտալի առարկայական կերպարանքներ կամ արտադրողական կապիտալ դառնում են լոկ այն վայրկյանից, երբ աշխատույժը, իբրև նույն կապիտալի անձնական գոյաձև, արտադրամիջոցներին միակցելի է դարձել։ Ինչպես որ մարդկային աշխատույժն ի բնե կապիտալ չի, այնպես էլ արտադրամիջոցները չեն ամենևին։ Նրանք այս մասնահատուկ հասարակական բնույթն ստանում են որոշ, պատմականորեն զարգացած պայմաններում միայն, ինչպես որ լոկ նույնպիսի պայմաններում է, որ ազնիվ մետաղների վրա դրոշմվում է փողի բնույթը կամ թե հենց փողի վրա՝ դրամակապիտալինը։

Երբ արտադրողական կապիտալը գործում է, նա գործադրում է յուր սեփական բաղադրամասերը՝ սրանք մի ավելի բարձրարժեք արդյունամասսայի փոխարկելու համար։ Որովհետև ա.չխատույժը գործում է իբրև նրա օրգաններից մեկը միայն, ուստի արդյունարժեքի այն հավելույթն էլ, որն աշխատույժի հավելաշխատանքի միջոցով ստեղծվում է կապիտալի կազմիչ տարրերի արժեքից վեր, կապիտալի տված պտուղն է։ Աշխատույժի հավելաշխատանքը կապիտալին պատկանող ձրի աշխատանքն է և այս պատճառով կապիտալիստի համար գոյացնում է հավելարժեք, մի արժեք, որը կապիտալիստի վրա ոչինչ չի նստում։ Ուստի արդյունքը ոչ թե լոկ ապրանք է, այլ և հավելարժեքով պտղավորված ապրանք։ Նրա արժեքը = Արտ + M, հավասար է յուր պատրաստման վրա սպառած արտադրողական կապիտալին՝ Արտ-ին, պլյուս նրա արտադրած M հավելարժեքին։ Ենթադրենք, թե այս ապրանքը կազմված է 10 000 ֆունտ մանվածքից, որի պատրաստման վրա գործադրվել են 372 ֆունտ ստերլինգ արժեքով արտադրամիջոցներ ու 50 ֆունտ ստերլինգ արժեքով աշխատույժ։ Մանելու պրոցեսի ընթացքում մանորդներն իրենց աշխատանքի միջոցով սպառած արտադրամիջոցների արժեքը 372 ֆունտ ստերլինգի չափով փոխանցեցին մանվածքին, ինչպես և միաժամանակ իրենց աշխատածախսման համապատասխան մատակարարեցին, ասենք, ստերլինգի մի նոր արժեք։ Այս պատճառով 10 000 ֆունտ մանվածքը 500 ֆունտ ստերլինգանոց մի արժեքի կրիչ է։

III. ԵՐՐՈՐԴ ՍՏԱԴԻԱ. Ա՛—Փ՛

Ապրանքն իբրև արդեն արժեմեծացած կապիտալարժեքի՝ անմիջաբար բուն իսկ արտադրապրոցեսից ծագած ֆունկցիոնալ գոյաձև դառնում է ապրանքակապիտալ։ Եթե ապրանքարտադրությունը յուր ամբողջ հասարակական ծավալով կապիտալիստորեն վարվեր, ապա ամեն ապրանք հենց այն գլխից մի ապրանքակապիտալի տարր կլիներ, ուզում է՝ այն ապրանքը կազմված լիներ թուջից, կամ թե Բրյուսելի ժանյակներից, ծծմբաթթվից ու կամ գլանակներից։ Այն առեղծվածը, թե ապրանքային բազմության միջից ո՞ր տեսակներն իրենց հատկությամբ բարձրանալու են նախանշված կապիտալի աստիճանակարգին և մյուս որո՞նք՝ սովորական ապրանքային ծառայություն մատուցելու,— սխոլաստիկ տնտեսագիտության այն չքնաղ չարչարանքներից մեկն է, որ նա հենց ինքն է ստեղծել յուր համար։

Մի ապրանքաձևում գտնվելով՝ կապիտալը պետք է ապրանքաֆունկցիա կատարի։ Այն առարկաները, որոնցից կազմված է նա և որոնք հենց սկզբից արտադրված են շուկայի համարք պետք է ծախվեն, դրամի փոխարկվեն, ուրեմն Ա—Փ շարժումն անեն։

Թող կապիտալիստի ապրանքը կազմված լինի 10 000 ֆունտ բամբակամանվածքից։ Եթե մանելու պրոցեսում սպառվել են արտադրամիջոցներ 372 ֆունտ ստերլինգ արժեքով և 128 ֆունտ ստերլինգի մի նոր արժեք է ստեղծվել, ապա մանվածքն ունի 500 ֆունտ ստերլինգի մեկ արժեք, որը նա արտահայտում է յուր համանուն գնի մեջ։ Թող այս գինն իրացվի Ա—Փ վաճառքի միջոցով։ Ի՞նչն է, որ ամեն ապրանքաշրջանառության այս հասարակ իրադարձությունը մի կապիտալաֆունկցիա է դարձնում միաժամանակ։ Այստեղ չկա ոչ մի փոփոխություն, որ կատարվելիս լինի այս ակտի ժամանակ, լինի նա ապրանքի սպառողական բնույթի վերաբերմամբ, քանի որ ապրանքն իբրև սպառման առարկա անցնում է գնորդին, լինի ապրանքի արժեքի վերաբերմամբ, քանի որ սա մեծության ոչ մի փոփոխություն չի կրում, այլ մի ձևափոխություն է միայն կրում։ Արժեքն առաջ գոյություն ուներ մանվածքի մեջ. հիմա գոյություն ունի փողի մեջ։ Այսպիսով հրապարակ է գալիս մի էական տարբերություն առաջին ստադիայի՝ Փ—Ա-ի ու վերջին ստադիայի՝ Ա—Փ-ի միջև։ Կանխավճարված փողն այնտեղ գործում է իբրև դրամակապիտալ, որովհետև շրջանառության միջոցով նա փոխարկվում է մասնահատուկ սպառարժեք ունեցող ապրանքների։ Այստեղ ապրանքը կարող է միմիայն իբրև կապիտալ գործել, որչափով որ նա այս բնույթն արդեն պատրաստի յուր հետ բերել է արտադրապրոցեսից, նախքան յուր շրջանառությունն սկսելը։ Մանելու պրոցեսի ժամանակ մանորդներն ստեղծել են մանվածարժեք 128 ֆունտ ստերլինգի չափով։ Սրանից, ասենք, 50 ֆունտ ստերլինգը կապիտալիստի համար կազմում է աշխատույժի վրա արած նրա ծախսման մեկ համարժեքը միայն, իսկ 78 ֆունտ ստերլինգը — աշխատույժի շահագործման 156%-անոց մի աստիճանի դեպքում — կազմում է հավելարժեք։ Այսպիսով ուրեմն 10 000 ֆունտ մանվածքի արժեքը պարունակում է նախ՝ սպառած արտադրողական կապիտալի՝ Արտ-ի արժեքը, որից հաստատուն մասը = 372 ֆունտ ստ., փոփոխունը = 50 ֆունտ ստ., նրանց գումարը = 422 ֆունտ ստ. = 8 440 ֆունտ մանվածք։ Բայց արտադրողական կապիտալի՝ Արտ-ի արժեքը = Ա, հավասար է նրա այն կազմիչ տարրերի արժեքին, որոնք Փ—Ա ստադիայում իրենց վաճառորդի ձեռքում իբրև ապրանքներ հանդիպակայում էին կապիտալիստին։— Իսկ երկրորդ՝ մանվածքի արժեքը պարունակում է 78 ֆունտ ստերլինգի մի հավելարժեք = 1 560 ֆունտ մանվածք։ Հետևաբար Ա-ն իբրև 10 000 ֆունտ մանվածքի արժեքային արտահայտություն = Ա + ΔԱ, այսինքն Ա, պլյուս Ա-ի մի աճ (= 75 ֆունտ ստ.), որը մենք կանվանենք ա, որովհետև սա հիմա գոյություն ունի միևնույն ապրանքաձևով, որով գոյություն ունի Ա սկզբնական արժեքը։ Այսպիսով ուրեմն 10 000 ֆունտ մանվածքի արժեքը = 500 ֆունտ ստ. = Ա + ա = Ա՛։ Երբ Ա-ն, իբրև 10 000 ֆունտ մանվածքի արժեքային արտահայտություն, դառնում է Ա՛, նրան այսպիսին դարձնողը նրա բացարձակ արժեմեծությունը (500 ֆունտ ստերլինգը) չի, որովհետև սա, ինչպես մյուս բոլոր Ա-երի դեպքում էլ, իբրև մի որևէ այլ ապրանքագումարի արժեքային արտահայտություն, որոշվում է նրա մեջ առարկայացած աշխատանքի մեծությամբ։ Նրան այսպիսին դարձնողը նրա հարաբերական արժեմեծությունն է, նրա արժեմեծությունը համեմատած նրա արտադրության ժամանակ սպառված կապիտալի՝ Արտ-ի արժեքի հետ։ Ա-ի մեջ պարունակվում է այս արժեքը, պլյուս արտադրողական կապիտալի մատակարարած հավելարժեքը։ Ա՛-ի արժեքն ավելի մեծ է, այս ա հավելարժեքի չափով գերազանցում է այս կապիտալարժեքից։ 10 000 ֆունտ մանվածքն արժեմեծացած, մի հավելարժեքով ուռճացած կապիտալարժեքի կրիչ է, և նա այսպիսին է իբրև կապիտալիստական արտադրապրոցեսի արդյունք։ Ա-ն արտահայտում է մի արժեհարաբերություն, արտահայտում է ապրանքարդյունքի արժեքի հարաբերությունը նրա արտադրության վրա ծախսված կապիտալի նկատմամբ, ուրեմն նրա արժեքի՝ կապիտալարժեքից ու հավելարժեքից կազմված լինելը։ 10 000 ֆունտ մանվածքն ապրանքակապիտալ է, Ա՛ է, լոկ որպես արտադրողական կապիտալի, Արտ-ի, փոխակերպյալ ձև, ուրեմն մի կապակցությամբ, որ ամենից առաջ գոյություն ունի այս անհատական կապիտալի շրջապտույտի մեջ միայն, կամ լոկ այն կապիտալիստի համար, որը յուր կապիտալով մանվածք է արտադրել։ Այսպես ասած մի ներքին, ոչ երբեք արտաքին հարաբերությունն է միայն, որ 10 000 ֆունտ մանվածքին, իբրև արժեկրիչի, դարձնում է ապրանքակապիտալ. այս մանվածքը յուր կապիտալիստական բնածին խալր կրում է ոչ թե յուր արժեքի բացարձակ մեծության վրա, այլ յուր հարաբերական մեծության վրա, յուր արժեմեծության վրա, երբ սա համեմատվում է այն արժեքի հետ, որ մանվածքի մեջ պարունակվող արտադրողական կապիտալն ուներ նախքան յուր՝ ապրանքի փոխարկվելը։ Ուստի եթե 10 000 ֆունտ մանվածքը ծախվում է 500 ֆունտ ստ. յուր արժեքի համաձայն, ապա շրջանառության այս ակտն, ըստինքյան քննած, = Ա—Փ ակտին, անփոփոխ մնացող մի արժեքի սոսկական փոխակարպումն և ապրանքաձևից դրամաձևի։ Բայց իբրև մի անհատական կապիտալի շրջապտույտի առանձին ստադիա՝ միևնույն ակտն ապրանքի կրած 422 ֆունտ ստերլինգանոց կապիտալարժեքի + նույն ապրանքի կրած 78 ստերլինգանոց հավելարժեքի իրացումն է, հետևաբար Ա՛—Փ՛ է, ապրանքակապիտալի փոխակերպումն է յուր ապրանքաձևից դրամաձևի[4]։

Այժմ Ա՛-ի ֆունկցիան ամեն ապրանքարդյունքի ֆունկցիան է — դրամի փոխարկվելու, ծախված լինելու, շրջանառության Ա—Փ փուլով անցնելու ֆունկցիան։ Քանի դեռ արժեմեծացած կապիտալն ապրանքակապիտալի ձևի մեջ է հիմա, շուկայում պառկած է, արաադրապրոցեսը կանգ է առնում։ Նա ոչ իբրև արդյունակազմիչ է գործում, ոչ էլ որպես արժեկազմիչ։ Նայած արագության այն տարբեր աստիճանին, որով կապիտալը թոթափում է յուր ապրանքաձևը և յուր դրամաձևն ընդունում, կամ նայած վաճառքի արագությանը՝ միևնույն կապիտալարժեքը շատ անհավասար աստիճանով կծառայի որպես արդյունակազմիչ ու արժեկազմիչ, և վերարտադրության մասշտաբը կընդարձակվի կամ թե կկրճատվի։ Առաջին գրքում ցույց է տրված, թե տվյալ մի կապիտալի գործելու աստիճանը պայմանավորված է արտադրապրոցեսի կարողություններով, որոնք որոշ չափով անկախ են նույն կապիտալի սեփական արժեմեծությունից։ Այստեղ հիմա երևում է, որ շրջանառության պրոցեսը կապիտալի գործելու աստիճանի, նրա տարասփռման ու կծկման, նոր կարողություններ է շարժման մեջ դնում, որոնք անկախ են նույն կապիտալի արժեմեծությունից։

Այնուհետև, Ա՛ ապրանքամասսան իբրև արժեմեծացող կապիտալի կրիչ պետք է յուր ամբողջ ծավալով կատարի Ա՛—Փ՛ փոխակերպությունը։ Ծախածի քանակն այստեղ էական հանգամանք է դառնում։ Առանձին ապրանքը դեռ կերպակայում է իբրև ամբողջ մասսայի բաղկացուցիչ մաս միայն։ 500 ֆունտ ստ. արժեքը գոյություն ունի 10 000 ֆունտ մանվածքի մեջ։ Եթե կապիտալիստին հաջողվում է միմիայն 7 440 ֆունտը ծախել յուր 372 ֆունտ ստ. արժեքի համաձայն, ապա նա փոխհատուցում է յուր հաստատուն կապիտալի արժեքը, ծախսած արտադրամիջոցների արժեքը միայն. եթե ծախում է 8 440 ֆունտ, ապա փոխհատուցում է կանխավճարած ամբողջ կապիտալի արժեմեծությունը միայն։ Հավելարժեքն իրացնելու համար նա պետք է ավելի ծախի և 78 ֆունտ ստ. ամբողջ հավելարժեքը (= 1 560 ֆունտ մանվածք) իրացնելու համար նա պետք է բոլոր 10 000 ֆունտ մանվածքը ծախի։ Հետևաբար նա հանձին 500 ֆունտ ստ. դրամի ստանում է ծախած ապրանքի փոխարեն մեկ համարժեք միայն. նրա գործարքը շրջանառության սահմաններում հասարակ Ա—Փ է։ Եթե նա յուր բանվորներին 50 ֆունտ ստ. վարձի փոխարեն 64 ֆունտ ստ. վճարեր, ապա նրա հավելարժեքը 75 ֆունտ ստերլինգի փոխարեն միմիայն 64 ֆունտ ստ. կլիներ, իսկ շահագործման աստիճանը՝ 156%-ի փոխարեն լոկ 100%. բայց յուր մանվածքի արժեքն առաջվանի նման անփոփոխ կմնար. նրա տարբեր մասերի լոկ հարաբերությունն ուրիշ կլիներ, շրջանառության Ա—Փ ակտն առաջվանի պես կլիներ 10 000 ֆունտ մանվածքի վաճառք 500 ֆունտ ստերլինգով, մանվածքի արժեքի համաձայն։

Ա = Ա + ա ( = 422 ֆունտ ստ. + 78 ֆունտ ստ.)։— Ա-ն հավասար է Արտ-ի կամ արտադրողական կապիտալի արժեքին, իսկ սա հավասար է այն Փ-ի արժեքին, որ կանխավճարվել էր Փ—Ա ակտի, արտադրատարրեր գնելու ժամանակ. մեր օրինակում = 422 ֆունտ ստ.։ Եթե ապրանքամասսան ծախվում է յուր արժեքի համաձայն, ապա Ա = 422 £, և ա = 78 £, հավասար է 1 500 մանվածքից կազմված հավելարդյունքի արժեքին։ Եթե մենք փողով արտահայտված ա-ն կոչենք փ, ապա Ա՛—Փ՛ = (Ա + ա)—(Փ + փ), և ուրմն Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ շրջապտույտը յուր ծավալուն ձևով կլինի Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ... Արտ... (Ա + ա)—(Փ + փ)։

Առաջին ստադիայում կապիտալիստն սպառման առարկաներ է կորզում բուն ապրանքաշուկայից ու աշխատաշուկայից. երրորդ ստադիայում նա ապրանքները հետ է շպրտում, բայց միմիայն դեպի մեկ հատուկ շուկա, դեպի բուն ապրանքաշուկան։ Բայց եթե նա յուր ապրանքի միջոցով հիմա ավելի շատ արժեք է կորզում շուկայից, քան սկզբնապես նետել էր այնտեղ, ապա այս լինում է լոկ այն պատճառով, որ նա ավելի մեծ ապրանքարժեք է շպրտում շուկա, քան սկզբնապես կորզել էր։ Նա շուկա շպրտեց Փ արժեքը և դուրս կորզեց Ա համարժեքը. նա հիմա շուկա շպրտում է Ա + ա և դուրս է կորզում Փ + փ համարժեքը։ Մեր օրինակում Փ-ն հավասար էր 8 440 ֆունտ մանվածքի արժեքին. բայց նա շուկա է նետում 10 000 ֆունտ մանվածք, ուրեմն շուկային տալիս է ավելի մեծ արժեք, քան առել էր նրանից։ Մյուս կողմից՝ նա լոկ այն պատճառով էր շուկա նետել այս աճած արժեքը, որ արտադրապրոցեսում աշխատույժի շահագործմամբ հավելարժեք էր արտադրել (որն իբրև արդյունքի պատկական մաս արտահայտվում է հավելարդյունքի մեջ)։ Ապրանքամասսան լոկ իբրև այս պրոցեսի արդյունք է ապրանքակապիտալ, արժեմեծացած կապիտալարժեքի կրիչ։ Ա՛—Փ՛ ակտի կատարմամբ իրացվում է թե կանխավճարված կապիտալարժեքն ու թե հավելարժեքը։ Երկսի իրացումը համընկնում է մի շարք վաճառքների ժամանակ է կամ ամբողջ ապրանքամասսան հենց մի անգամից ծախելով, որն արտահայտվում է Ա՛—Փ՛ ֆորմուլայով։ Բայց շրջանառության միևնույն Ա՛—Փ՛ իրադարձությունը տարբեր է կապիտալարժեքի ու հավելարժեքի համար այն իմաստով, որ նա այս երկսից յուրաքանչյուրի համար արտահայտում է նրանց շրջանառության մի տարբեր ստադիա, շրջանառության ներսում նրանց կրելիք փոխակերպությունների շարքի մի տարբեր հատված։ Հավելարժեքը, ա-ն, հենց նոր է աշխարհ եկել արտադրապրոցեսում։ Հետևաբար նա առաջին անգամն է ոտք դնում ապրանքաշուկա ու այն էլ՝ ապրանքաձևով. այս նրա շրջանառության առաջին ձևն է, ուստի և ա—փ ակտը նրա շրջանառության անդրանիկ ակտն է կամ նրա անդրանիկ փոխակերպությունը, որն ուրեմն դեռ պետք է լրացվի շրջանառության հակադիր ակտով կամ հակադարձ փ—ա փոխակերպությամբ[5]։

Բանն ուրիշ է այն շրջանառության վերաբերմամբ, որ Ա կապիտալարժեքն է կատարում շրջանառության նույն Ա՛—Փ՛ ակտի ժամանակ, որը համար շրջանառության Ա—Փ ակտ է, որտեղ Ա = Արտ-ին, հավասար է սկզբնապես կանխավճարած Փ-ին։ Կապիտալարժեքը յուր շրջանառության առաջին ակտը բաց է արել, սկսել է իբրև Փ, որպես դրամակապիտալ և Ա—Փ ակտի միջոցով վերադառնում է միևնույն ձևին. ուրեմն նա շրջանառության ու հակադիր 1) Փ—Ա ու 2) Ա—Փ փուլերն անցել, կատարել է և հիմա էլի գտնվում է այն ձևի մեջ, որով նա կարող է շրջապտույտի միևնույն պրոցեսը նորից սկսել։ Այն, ինչ որ հավելարժեքի համար ապրանքաձևի անդրանիկ փոխակերպումն է դրամաձևի, կապիտալարժեքի համար վերադարձ ու հետփոխակերպումն է յուր սկզբնական դրամաձևին։

Փ—<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի միջոցով դրամակապիտալը վերածվեց ապրանքների մի հավասարարժեք գումարի, Աշ-ի ու Ամ-ի։ Այս ապրանքներն այլևս չեն գործում որպես ապրանքներ, իբրև ծախու առարկաներ։ Հիմա նրանց արժեքը գոյություն ունի նրանց գնորդի, կապիտալիստի ձեռին, որպես յուր արտադրողական կապիտալի՝ Արտ-ի արժեք։ Իսկ Արտ-ի ֆունկցիայի, արտադրողական սպառման ժամանակ նրանք փոխարկվում են արտադրամիջոցներից նյութապես տարբերվող մի ապրանքատեսակի, մանվածքի, որի մեջ նրանց արժեքը ոչ միայն պահպանվում, այլ և մեծանում է՝ 422 ֆունտ ստերլինգից դառնալով 500 ֆունտ ստ.։ Այս իրական փոխակերպության հետևանքով այն ապրանքները, որոնք առաջին Փ—Ա ստադիայում դուրս էին կորզվել շուկայից, փոխարինվում են նյութապես ու արժեպես տարբեր ապրանքով, որը հիմա պետք է գործի իբրև ապրանք, դրամի փոխարկվի և ծախվի։ Ուստի արտադրապրոցեսը ներկայանում է լոկ իբրև ընդհատում կապիտալարժեքի շրջանառության պրոցեսի, որից մինչև այժմ միմիայն առաջին Փ—Ա փուլն է անցած, կատարված։ Կապիտալարժեքը երկրորդ ու եզրափակող Ա—Փ փուլն անցնում, կատարում է այն բանից հետո, երբ Ա-ն փոխված է լինում նյութապես ու արժեպես։ Բայց որչափով որ կապիտալարժեքը քննության է առնվում ըստինքյան վերցրած, նա արտադրապրոցեսում յուր լոկ սպառաձևի մի փոփոխություն է կրել։ Նա որպես 422 ֆունտ ստերլինգի արժեք գոյություն ուներ Աշ-ի ու Ամ-ի մեջ, հիմա գոյություն ունի իբրև 8 440 ֆունտ մանվածքի 422 ֆունտ ստերլինգանոց արժեք։ Հետևաբար եթե մենք քննության ենք առնում յուր հավելարժեքից անջատ վերցված կապիտալարժեքի շրջանառության պրոցեսի սոսկ երկու փուլը, ապա նա անցնում, կատարում է 1) Փ—Ա ու 2) Ա—Փ փուլը, որտեղ երկրորդ Ա-ն ունի մի փոփոխված սպառաձև, բայց միևնույն արժեքն ունի, ինչ որ առաջին Ա-ն. ուրեմն կատարվում է Փ—Ա—Փ, շրջանառության մի ձև, որն ապրանքը հակադիր ուղղությամբ երկակի տեղափոխելով, դրամից ապրանքի վերածելով, ապրանքից դրամի փոխարկելով անհրաժեշտորեն պայմանավորում է իբրև դրամ կանխավճարված արժեքի վերադարձը — նրա հետփոխարկումը դրամի։

Շրջանառության միևնույն Ա՛—Փ՛ ակտը, որը դրամով կանխավճարված կապիտալարժեքի համար երկրորդ եզրափակիչ փոխակերպությունն է, նրա վերադարձը դրամաձևին, միաժամանակ ապրանքակապիտալի բերած ու սրա՝ դրամաձևի փոխարկվելու հետ միասին իրացած հավելարժեքի առաջին փոխակերպությունն է, ապրանքաձևից դրամաձևի վերածվելը, Ա—Փ, շրջանառության առաջին փուլը։

Ուրեմն այստեղ պետք է երկու բան նկատել։ Նախ՝ կապիտալարժեքի եզրափակիչ հետփոխարկումը յուր սկզբնական դրամաձևին՝ ապրանքակապիտալի մի ֆունկցիան է։ Երկրորդ՝ այս ֆունկցիան յուր մեջ պարփակում է հավելարժեքի առաջին ձևափոխությունը յուր սկզբնական ապրանքաձևից դրամաձևի։ Հետևաբար դրամաձևն այստեղ մի երկակի դեր է խաղում. նա մի կողմից՝ սկզբնապես դրամով կանխավճարված մի արժեքի հետադարձ ձևն է, ուրեմն վերադարձը դեպի այն արժեձևը, որով սկսվել էր պրոցեսը, մյուս կողմից՝ նա առաջին փոխակերպված ձևն է մեկ արժեքի, որն առաջին անգամն է ապրանքաձևով ոտք դնում շրջանառության մեջ։ Եթե այն ապրանքները, որոնցից կազմված է ապրանքակապիտալը, ծախվում են իրենց արժեքի համաձայն, ինչպես ենթադրվում է այստեղ, ապա Ա + ա-ն փոխարկվում է հավասարարժեք Փ + փ-ի. իրացված ապրանքակապիտալն այս Փ + փ (422 ֆունտ ստ + 78 ֆունտ ստ. = 500 ֆունտ ստ.) ձևով հիմա գոյություն ունի կապիտալիստի ձեռքում։ Այժմ կապիտալարժեքն ու հավելարժեքն առկա են իբրև դրամ, ուրեմն ընդհանրական համարժեքային ձևով։

Այսպիսով ուրեմն պրոցեսի վերջում կապիտալարժեքն էլի գտնվում է նույն ձևի մեջ, որով մտել էր պրոցեսի մեջ, հետևաբար էլի կարող է նորից իբրև դրամակապիտալ սկսել պրոցեսն ու անցնել, կատարել։ Որովհետև պրոցեսի ելաձևն ու ավարտաձևը դրամակապիտալի ձևն է (Փ), հենց այս պատճառով մենք շրջապտույտի պրոցեսի այս ձևը նշանակել ենք իբրև դրամակապիտալի շրջապտույտ։ Կանխավճարված արժեքի ոչ թե ձևը, այլ միմիայն մեծությունն է փոխված լինում վերջում։

Փ + փ-ն ոչ այլ ինչ է, բայց եթե մի որոշ մեծության մեկ դրամագումար, մեր դեպքում՝ 500 ֆունտ ստ.։ Բայց այս դրամագումարն իբրև կապիտալի շրջապտույտի հետևանք, որպես իրացված ապրանքակապիտալ, պարունակում է կապիտալարժեքն ու հավելարժեքը, և այն էլ կա, որ սրանք հիմա այլևս սերտաճված չեն իրար հետ, ինչպես որ էին մանվածքի մեջ. այժմ նրանք պառկած են իրար մոտ կողք կողքի։ Նրանց իրացումը երկսից յուրաքանչյուրին ինքնակա դրամաձև է տվել։ Դրամագումարի -ը կապիտալարժեքն է, 422 ֆունտ ստ., իսկ նրա -ը հավելարժեքն է, 78 ֆունտ ստ.։ Ապրանքակապիտալի իրացմամբ առաջ բերած այս բաժանումը ոչ միայն ձևական բովանդակություն ունի, որի մասին մենք հենց իսկույն պիտի խոսենք, այլ նա կարևոր է կապիտալի վերարտադրապրոցեսի ժամանակ, նայած թե փ-ն ամբողջովի՞ն, մասա՞մբ է միացվում Փ-ին, թե՞ ամենևին չի միացվում, ուրեմն նայած թե փ-ն շարունակո՞ւմ է գործել իբրև կանխավճարված կապիտալարժեքի բաղադրամաս, թե՞ ոչ։ Փ-ն ու փ–ն կարող են հենց միանգամայն տարբեր շրջանառություն կատարել։

Հանձին Փ՛-ի՝ կապիտալը կրկին վերադարձել է յուր սկզբնական Փ ձևին, բայց վերադարձել է մի այնպիսի ձևի մեջ պարուրված, որում նա արդեն իրականացել է իբրև կապիտալ։

Առաջին՝ այստեղ կա մի քանակային տարբերություն։ Նա Փ էր, 422 ստ., հիմա նա Փ՛ է, 500 ֆունտ ստ., և այս տարբերությունն արտահայտված է Փ ... Փ՛ ֆորմուլայի մեջ, շրջապտույտի՝ քանակապես տարբեր ծայրաթևերի մեջ, իսկ շրջապտույտի բուն իսկ շարժումը նշանակված է լոկ այս ... կետերով։ Փ՛-ն > է Փ-ից, Փ՛—Փ = M, հավասար է հավելարժեքին։ Բայց իբրև այս Փ ... Փ՛ շրջապտույտի հետևանք հիմա գոյություն ունի միմիայն Փ՛-ն. սա այն արդյունքն է, որի մեջ մարել, դադարել է սրա գոյացման պրոցեսը։ Փ՛-ն հիմա ինքնակայորեն գոյություն ունի ինքն իրեն համար, անկախ այն շարժումից, որն առաջ է բերել նրան, Շարժումն անցել է, նրա տեղ առկա է Փ արդյունքը։

Բայց Փ՛-ն իբրև Փ + փ, իբրև 500 ֆունտ ստերլինգ, որպես կանխավճարված 422 ֆունտ ստերլինգանոց կապիտալ, պլյուս նույն այս կապիտալի 78 ֆունտ ստերլինգանոց մի աճը, միաժամանակ ներկայացնում է մի որակային հարաբերություն, թեև հենց ինքն այս որակային հարաբերությունը գոյություն ունի լոկ իբրև մի համանուն գումարի մասերի հարաբերություն, ուրեմն որպես քանակային հարաբերություն միայն։ Փ-ն, կանխավճարված կապիտալը, որն այժմ էլի առկա է յուր սկզբնական ձևով (422 ֆունտ ստ.), հիմա գոյություն ունի իբրև իրացված կապիտալ։ Նա ոչ միայն պահպանվել է, այլև, իրացվել է որպես կապիտալ՝ միաժամանակ իբրև այսպիսին տարբերվելով փ-ից (78 ֆունտ ստ.), որին նա հարաբերում է այնպես, ինչպես յուր հավելույթին, յուր պտղին, յուր թխսած մի աճին։ Նա իրացվել է որպես կապիտալ այն պատճառով, որ իրացվել է իբրև այնպիսի արժեք, որը մի արժեք է թխսել։ Փ՛-ն գոյություն ունի իբրև կապիտալահարաբերություն. Փ-ն հանդես է գալիս այլևս ոչ թե իբրև սոսկ փող, այլ արտահայտություն է ստանում որպես դրամակապիտալ, արտահայտվում է իբրև այնպիսի արժեք, որն արժեմեծացել է, ուրեմն և ունի արժեմեծանալու հատկությունը, ավելի շատ արժեք թխսելու, քան հենց ինքն ունի։ Փ-ն կապիտալ է դառնում յուր այն հարաբերության շնորհիվ, որ ունենում է Փ՛-ի մյուս մասի նկատմամբ, որպես յուր առաջ բերած մասի նկատմամբ, իրենից իբրև պատճառից ծագածի նկատմամբ, այն հետևանքի նկատմամբ, որի հիմքն ինքը Փ-ն է։ Այսպիսով Փ՛-ն երևան է գալիս իբրև ինքը յուր մեջ տարբերացված, ֆունկցիապես (գաղափարապես) հենց ինքը յուր մեջ զանազանվող արժեգումար, որը կապիտալահարաբերություն է արտահայտում։

Բայց այս արտահայտված է որպես հետևանք միայն, առանց այն պրոցեսի միջնորդագործման, որի հետևանքն է նա։

Արժեմասերն իբրև այսպիսիք որակապես իրարից չեն տարբերվում, բացի այն դեպքերից, երբ նրանք հանդես են դալիս իբրև տարբեր առարկաների, կոնկրետ իրերի արժեքներ, ուրեմն տարբեր սպառաձևերով, հետևաբար որպես տարբեր ապրանքամարմինների արժեքներ — մի տարբերություն, որն առաջ չի գալիս նրանցից, իբրև սոսկական արժեմասերից։ Փողի մեջ մարած, չքացած է ապրանքների ամեն տարբերություն, որովհետև հենց նա ինքն է նրանց բոլորի համար ընդհանուր համարժեքային ձևը։ 500 £-անոց մի դրամագումար կազմված է միանգամայն համանուն 1 £-անոց տարրերից։ Որովհետև այս դրամագումարի հասարակ կեցության մեջ մարել, ջնջվել է նրա ծագման միջնորդագործումը, և չքացել է այն մասնահատուկ տարբերության ամեն մի հետք, որ կապիտալի տարբեր բաղադրամասերն ունեն արտադրապրոցեսում, ապա տարբերությունը դեռ գոյություն ունի կանխավճարված 422 £-անոց կապիտալին հավասար եղող մի գլխավոր գումարի (անգլերեն՝ principal) ու 78 £-անոց մի հավելութային արժեգումարի գաղափարային ձևի մեջ միայն։ Ասենք, օրինակ, թե Փ՛ = 110 £, որից 100 = Փ, գլխավոր գումար, ու 10 = M, հավելարժեք։ 110 £-անոց գումարի երկու կազմիչ մասի միջև բացարձակ նույնատեսակությունը, ուրեմն գաղափարային տարբերազրկությունն է իշխում։ Որ 10 £-ն էլ որ վերցնես, սա 110 £-անոց ընդհանուր գումարի -ն է միշտ, ուզում է՝ կանխավճարված 100 £-անոց գլխավոր գումարի -ը լինի, թե գլխավոր գումարից վեր ստացված 10 £-անոց հավելույթը լինի, միևնույն է։ Ուստի գլխավոր գումարն ու աճ-գումարը, կապիտալն ու հավելագումարը կարող են արտահայտվել իբրև ամբողջ գումարի կոտորակներ. մեր օրինակում կազմում է գլխավոր գումարը կամ կապիտալը, -ը՝ հավելագումարը։ Հետևաբար երբ իրացված կապիտալը յուր պրոցեսի վերջում հանդես է գալիս յուր դրամարտահայտությամբ, ապա այս՝ կապիտալահարաբերության խռռացիոնալ արտահայտությունն է։

Անշուշտ, այս վերաբերում է Ա՛ (= Ա + ա)-ին էլ։ Բայց այն տարբերությամբ, որ Ա-ն, որի մեջ Ա-ն ու ա-ն էլ միևնույն համասեռ ապրանքամասսայի համամասնական արժեմասերն են միայն, մատնանշում է յուր ծագումն Արտ-ից, որի անմիջական արդյունքն է ինքը, այնինչ Փ՛-ի մեջ, անմիջաբար շրջանառությունից ծագող մի ձևի մեջ, չքացել է Արտ-ի հետ ունեցած անմիջական առնչությունը։

Գլխավոր գումարի ու աճ-գումարի միջև եղած իռռացիոնալ տարբերությունը, որը պարունակվում է Փ՛-ի մեջ, որչափով որ սա Փ ... Փ՛ շարժման հետևանքն է արտահայտում, իսկույն չքանում է, հենց որ Փ՛-ն էլի սկսում է ակտիվորեն գործել իբրև դրամակապիտալ, երբ ուրեմն, ընդհակառակը, չի սևեռվում որպես արժեմեծացած արդյունաբերական կապիտալի դրամարտահայտություն։ Դրամակապիտալի շրջապտույտը երբեք չի կարող Փ՛-ով սկսվել (չնայած որ հիմա Փ՛ն է գործում իբրև Փ), այլ միմիայն Փ-ով կարող է սկսվել. այսինքն երբեք չի կարող ներկայանալ իբրև կապիտալահարաբերության արտահայտություն, այլ որպես կապիտալարժեքի կանխավճարման ձև միայն։ Հենց որ 500 ֆունտ ստերլինգը նորից կանխավճարվում է իբրև կապիտալ նորից արժեմեծանալու համար, նա ելակետ է՝ վերադարձակետ լինելու փոխարեն։ 422 ֆունտ ստերլինգանոց մի կապիտալի փոխարեն հիմա կանխավճարվել է 500 ֆունտ ստերլինգանոց կապիտալ, առաջվանից ավելի շատ փող, ավելի շատ կապիտալարժեք, բայց երկու բաղադրամասի միջև եղած տարբերությունը վերացել է. 422 ֆունտ ստերլինգի փոխարեն բոլորովին նույն կերպ կարող էր հենց սկզբից 500 ֆունտ ստերլինգանոց գումարը գործել որպես կապիտալ։

Իբրև Փ՛ ներկայանալը դրամակապիտալի ակտիվ ֆունկցիան չի ամենևին. նրա ինքնին որպես Փ՛ հանդես գալն, ընդհակառակն, Ա-ի մի ֆունկցիան է։ Արդեն հասարակ 1) Ա—Փ, 2) Փ—Ա ապրանքաշրջանառության մեջ Փ-ն ակտիվ գործում և երկրորդ Փ—Ա ակտի մեջ միայն. նրա իբրև Փ հանդես գալը լոկ հետևանք է առաջին ակտի, որի շնորհիվ միայն նա հանդես է գալիս որպես Ա-ի փոխակերպյալ ձև։ Փ՛-ի մեջ պարունակվող կապիտալահարաբերությունը, այն առնչությունը, որ նրա մի մասն իբրև կապիտալարժեք ունի մյուս մասի հետ, որպես նույնի արժեքային աճի հետ, անշուշտ ֆունկցիոնալ նշանակություն և ստանում, որչափով որ Փ ... Փ՛ շրջապտույտի մշտական կրկնության ժամանակ Փ՛-ն տրոհվում է երկու շրջանառության, կապիտալի շրջանառության ու հավելարժեքի շրջանառության, հետևաբար երկու մասն էլ ոչ միայն քանակապես, այլև, որակապես տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Փ-ն՝ ուրիշ ֆունկցիաներ, փ-ն՝ ուրիշ։ Բայց ըստինքյան քննած՝ Փ ... Փ՛ ձևը յուր մեջ չի պարփակում կապիտալիստի սպառումը, այլ պարզապես արժեքային ինքնաճումն ու կուտակումը միայն, որչափով որ վերջինս ամենից առաջ արտահայտվում է մշտապես նորից ու նորից կանխավճարվող դրամակապիտալի պարբերական աճման մեջ։

Փ՛ = Փ + փ-ն, չնայած որ կապիտալի իռռացիոնալ ձևն է, բայց միաժամանակ դրամակապիտալ է յուր իրացված ձևով միայն, իբրև այնպիսի փող, որը փող է թխսել։ Բայց այստեղ նշված ձևը պետք է տարբերել դրամակապիտալի՝ առաջին Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ստադիայում կատարած ֆունկցիայից։ Այս առաջին ստադիայում Փ-ն իբրև փող է շրջանառում։ Նա լոկ այն պատճառով է շրջանառում իբրև դրամակապիտալ, որ միմիայն յուր դրամավիճակում կարող է մի դրամաֆունկցիա կատարել, իրեն որպես ապրանքներ հանդիպակայող Արտ-ի տարրերի, Աշ-ի ու Ամ-ի փոխարկվել։ Շրջանառության այս ակտում նա գործում է լոկ իբրև փող, բայց որովհետև այս ակտն ընթացարարող կապիտալարժեքի առաջին ստադիան է, ուստի այս ակտը միաժամանակ դրամակապիտալի ֆունկցիան է՛ գնվող Աշ ու Ամ ապրանքների մասնահատուկ սպառաձևի շնորհիվ։ Իսկ Փ՛-ն, ընդհակառակը, կազմված լինելով Փ—ից, կապիտալարժեքից ու փ-ից, այս կապիտալարժեքի արտադրած հավելարժեքից, արտահայտում է արժեմեծացած կապիտալարժեք, կապիտալի շրջապտույտի ամբողջ պրոցեսի նպատակն ու հետևանքը, նրա ֆունկցիան։ Որ այս հետևանքը դրամաձևով, իբրև իրացված դրամակապիտալ է արտահայտվում, այս առաջ է գալիս ոչ թե նրանից, որ նա կապիտալի դրամաձևն է, դրամակապիտալ է, այլ, ընդհակառակը, նրանից, որ նա դրամակապիտալ է, դրամաձևով կապիտալ է, նրանից, որ կապիտալն այս ձևով է պրոցեսն սկսել, դրամաձևով է կանխավճարվել։ Դրամաձևին հետփոխարկվելը, ինչպես տեսել ենք, Ա՛ ապրանքակապիտալի մի ֆունկցիան է, ոչ թե դրամակապիտալի։ Իսկ ինչ վերաբերում է Փ՛-ի՝ Փ–ի հանդեպ ունեցած տարբերությանը, ապա նա (փ-ն) ա-ի, այսինքն Ա-ի աճի, դրամաձևն է միայն. Փ՛-ն լոկ = է Փ + փ, որովհետև Ա՛ = էր Ա + ա։ Հետևաբար այս տարբերությունն ու կապիտալարժեքի՝ հենց յուր թխսած հավելարժեքի նկատմամբ ունեցած հարաբերությունն առկա է և արտահայտված է Ա՛-ի մեջ, նախքան երկսի էլ փոխարկվելը Փ՛-ի, մի դրամագումարի, որի ժամանակ երկու արժեմասն էլ ինքնակայորեն հանդիպակայում են իրար, ուստի և կարող են գործադրվել ինքնակա ու միմյանցից տարբեր ֆունկցիաների համար։

Փ՛-ն Ա՛-ի իրացման հետևանք է միայն։ Երկուսն էլ, ինչպես Ա՛-ն, այնպես և Փ՛-ն, արժեմեծացած կապիտալարժեքի տարբեր ձևերն էլ լոկ, ապրանքաձև ու դրամաձև, երկուսն էլ այս ընդհանուր բանն ունենք որ նրանք արժեմեծացած կապիտալարժեք են։ Երկուսն էլ իրականացած կապիտալ են, որովհետև այստեղ կապիտալարժեքն իբրև այսպիսին գոյություն ունի հավելարժեքի հետ միասին, որպես կապիտալարժեքից տարբեր, բայց սրա տված պտղի հետ միասին, չնայած որ այս հարաբերությունն արտահայտված է մի դրամագումարի կամ մեկ ապրանքարժեքի երկու մասի հարաբերության իռռացիոնալ ձևով միայն։ Բայց որպես արտահայտություններ այն հարաբերության ու տարբերության, որ կապիտալն ունի յուր արտադրած հավելարժեքի նկատմամբ ու համեմատությամբ, ուրեմն իբրև արժեմեծացած արժեքի արտահայտություններ Փ՛-ն ու Ա՛-ն միևնույնն են և նույն բանն են արտահայտում, միայն թե տարբեր ձևով. նրանք իրարից տարբերվում են ոչ թե իբրև դրամակապիտալ ու ապրանքակապիտալ, այլ որպես դրամ ու ապրանք։ Որչափով որ նրանք արժեմեծացած արժեք, իբրև կապիտալ գործարկված կապիտալ են ներկայացնում, նրանք արտահայտում են արտադրողական կապիտալի ֆունկցիայի հետևանքը միայն միակ ֆունկցիայի, որով կապիտալարժեքն արժեք է թխսում։ Նրանց մեջ ընդհանուրն այն է, որ նրանք երկուսն էլ, դրամակապիտալն ու ապրանքակապիտալը, կապիտալի գոյաձևերն են։ Մեկը դրամաձևով կապիտալ է, մյուսն՝ ապրանքաձևով։ Ուստի նրանք իրարից տարբերող, մասնահատուկ ֆունկցիաներն ուրիշ ոչինչ չեն կարող լինել, բայց եթե դրամաֆունկցիայի ու ապրանքաֆունկցիայի միջև եղող տարբերություններ։ Ապրանքակապիտալն իբրև կապիտալիստական արտադրապրոցեսի ուղղակի արդյունք հիշեցնում է յուր այս ծագումը, ուստի և յուր ձևով ավելի ռացիոնալ է, պակաս իռռացիոնալ է, քան դրամակապիտալը, որի մեջ մարել, չքացել է այս պրոցեսի ամեն մի հետք, ինչպես որ ընդհանրապես դրամի մեջ մարում, չքանում է ապրանքի ամեն յուրահատուկ սպառաձև։ Այս պատճառով այնտեղ միայն, որտեղ հենց ինքը Փ՛-ն իբրև ապրանքակապիտալ է գործում, որտեղ նա մի արտադրապրոցեսի անմիջական արդյունքն է և ոչ թե այս արդյունքի փոխակերպյալ ձևը, այնտեղ է միայն չքանում Փ՛-ի տարօրինակ ձևը, ուրեմն հենց դրամանյութեղենի արտադրության մարզում։ Ոսկու արտադրության համար, օրինակ, ֆորմուլան կլիներ՝ Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

... Արտ ... Փ՛ (Փ + փ), որտեղ Փ՛-ն իբրև ապրանքարդյունք է կերպակայում, որովհետև Արտ-ն ավելի է ոսկի մատակարարում, քան առաջին Փ-ի, դրամակապիտալի ժամանակ կանխավճարված էր ոսկու արտադրատարրերի համար։ Ուրեմն այստեղ չքանում է իռռացիոնալությունը Փ ... Փ՛ (Փ + փ) արտահայտության, որի մեջ մի դրամագումարի մեկ մասը հանդես է գալիս իբրև միևնույն դրամագումարի մի ուրիշ մասի մայր։

IV. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Մենք տեսել ենք, որ շրջանառության պրոցեսը յուր առաջին՝ Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

փուլի անցնելուց հետո ընդհատվում է Արտ-ի միջոցով, որտեղ ու Ամ ապրանքները, որոնք գնված են շուկայում, հիմա սպառվում են իբրև արտադրողական կապիտալի նյութական ու արժեքային բաղադրամասեր. այս սպառման արդյունքը մի նոր ապրանք է, Ա՛, որը փոփոխված է նյութապես ու արժեպես։ Շրջանառության ընդհատված պրոցեսը, Փ—Ա-ն, պետք է լրացվի Ա—Փ-ի միջոցով։ Բայց իբրև շրջանառության այս երկրորդ ու եզրափակող փուլի կրիչ՝ հանդես է գալիս Ա՛-ն, առաջին Ա-ից նյութապես ու արժեպես տարբեր մի ապրանք։ Այսպիսով ուրեմն շրջանառության շարքը ներկայանում է իբրև 1) Փ—Ա-ի 2) Ա՛—Փ՛, որտեղ առաջին Ա ապրանքի երկրորդ փուլում ավելի բարձր արժեք ու տարբեր սպառաձև ունեցող մի ուրիշ ապրանք, Ա՛-ն է խցկած՝ Արտ-ի ֆունկցիայի պատճառով առաջացած ընդհատման ժամանակ, Ա-ի տարրերից, արտադրողական կապիտալի՝ Արտ-ի գոյաձևերից Ա՛ արտադրելու ժամանակ։ Ընդհակառակն, այն առաջին երևաձևը, որով մեր հանդեպ էր ելնում կապիտալը (I գիրք, IV գլ., 1) Փ—Ա—Փ՛ն (որը տրոհվում է Փ—Ա-ի, 2) Ա—Փ՛-ի), ցույց է տալիս միևնույն ապրանքը երկու անգամ։ Երկու անգամումն էլ հենց միևնույն ապրանքն է, որին փոխարկվում է դրամն առաջին փուլում, և որն ինքը երկրորդ փուլում հետ է փոխարկվում դրամի։ Չնայած այս էական տարբերությանը՝ երկու շրջանառությունն էլ այն ընդհանուր բանն ունեն, որ նրա առաջին փուլում դրամն է փոխարկվում ապրանքի, իսկ նրա երկրորդ փուլում ապրանքը՝ դրամի, և որ առաջին փուլում ծախսված փողն այսպիսով երկրորդ փուլում էլի հետ է հոսում։ Նրանց ընդհանուր գիծը մի կողմից՝ փողի այս հետհոսումն է դեպի յուր ելակետը, իսկ մյուս կողմից էլ՝ հետհոսող փողի՝ կանխավճարված դրամից գերազանցող հավելույթն է։ Այս իմաստով ահա դուրս է գալիս, որ Փ—Ա ... Ա՛—Փ՛-ն էլ է պարունակվում Փ—Ա—Փ՛ ընդհանրական ֆորմուլայի մեջ։

Այստեղից երևում է այնուհետև, որ շրջանառությանը պատկանող Փ—Ա ու Ա՛—Փ՛ երկու փոխակերպության ժամանակ ամեն մի անգամ հանդիպակայում և իրար փոխարինում են հավասարամեծ, միաժամանակ առկա արժեգոյակներ։ Արժեփոփոխումը բացառապես պատկանում է Արտ փոխակերպությանը, արտադրապրոցեսին, որն այսպիսով, շրջանառության սոսկ ձևական փոխակերպությունների հակառակ, հանդես է գալիս իբրև կապիտալի իրական փոխակերպություն։

Հիմա մենք քննենք Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ ամբողջական շարժումը կամ նրա ծավալուն ձևը՝ Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

... Արտ ... Ա՛ (Ա + ա) —Փ՛ (Փ + փ)։ Կապիտալն այստեղ երևան է գալիս իբրև մի այնպիսի արժեք, որն անցնում է կապակցված, իրարով պայմանավորված կերպարանափոխությունների մի հաջորդական շարքով, փոխակերպությունների մի շարքով, որոնք ամբողջական մի պրոցեսի հենց նույնաքանակ փուլերը կամ թե ստադիաներն են կազմում։ Այս փուլերից երկուսը պատկանում են շրջանառության ոլորտին, մեկն՝ արտադրության ոլորտին։ Այս փուլերից յուրաքանչյուրի ժամանակ կապիտալարժեքը գտնվում է տարբեր կերպարանքի մեջ, որին համապատասխանում է մի տարբեր, մասնահատուկ ֆունկցիա։ Այս շարժման մեջ ոչ միայն պահպանվում է կանխավճարված արժեքը, այլև աճում է, ավելացնում է յուր մեծությունը։ Վերջապես ավարտական ստադիայում նա վերադառնում է նույն այն ձևին, որով հանդես էր եկել ամբողջական պրոցեսի սկզբին։ Ուստի այս ամբողջական պրոցեսը շրջապտույտի պրոցես է։

Այն երկու ձևը, որ կապիտալարժեքն ընդունում է յուր շրջանառության ստադիաների ժամանակ, դրամակապիտալի ու ապրանքակապիտալի ձևերն են. արտադրական ստադիային պատկանող ձևն արտադրողական կապիտալի ձևն է։ Այն կապիտալը, որը յուր ամբողջական շրջապտույտի ընթացքում ընդունում է այս ձևերն ու էլի թոթափում և սրանցից յուրաքանչյուրի ժամանակ սրանց համապատասխանող ֆունկցիաները կատարում,— արդյունաբերական կապիտալ է, այստեղ՝ արդյունաբերական այն իմաստով, որ նա ընդգրկում է կապիտալիստորեն վարվող ամեն մի արտադրաճյուղ։

Այսպիսով ուրեմն դրամակապիտալ, ապրանքակապիտալ, արտադրողական կապիտալ բառերն այստեղ չեն նշում ինքնակա կապիտալատեսակներ, որոնց ֆունկցիաները՝ նույնպես ինքնակա ու իրարից անջատ ձեռնարկաճյուղերի բովանդակությունն են կազմում։ Նրանք այստեղ նշում են լոկ այն առանձնահատուկ ֆունկցիոնալ ձևերն արդյունաբերական կապիտալի, որն ընդունում է բոլոր երեք ձևն իրար հետևից։

Կապիտալի շրջապտույտը նորմալ է ընթանում այնքան ժամանակ միայն, քանի դեռ նրա տարբեր փուլերն առանց կանգառոմների են փոխարկվում իրար։ Եթե կապիտալը կանգ է առնում առաջին Փ—Ա փուլում, ապա րամակապիտալը կարծրանալով գանձ է դառնում. եթե կանգ է առնում արտադրափուլում, ապա մի կողմում արտադրամիջոցներն են ընկած լինում առանց գործելու, այնինչ մյուս կողմում աշխատույժն է մնում պարապ-սարապ. եթե կապիտալը կանգ է առնում վերջին Ա՛—Փ՛ փուլում, ապա անծախ մնալով կիտված ապրանքները խցում են շրջանառության հոսանքի առաջը։

Մյուս կողմից՝ գործի բնությունից է բղխում այն, որ հենց ինքը շրջապտույտն է պայմանավորում կապիտալի՝ որոշ ժամկետներով սևեռումը շրջապտույտի առանձին հատվածներում։ Յուր ամեն մի փուլում արդյունաբերական կապիտալը շաղկապված է մի որոշ ձևի հետ իբրև դրամակապիտալ, արտադրողական կապիտալ, ապրանքակապիտալ։ Այն բանից հետո միայն, երբ նա յուր ամեն մի անգամվա ձևին համապատասխանող ֆունկցիան կատարել, պրծել է, նա ընդունում է այն ձեր, որով նա կարող է փոխակերպության մեկ նոր փուլ մտնել։ Այս պարզ դարձնելու համար մենք ընդունել ենք մեր օրինակում, որ արտադրության ստադիայում ստեղծված ապրանքամասսայի կապիտալարժեքը հավասար է սկզբնապես իբրև փող կանխավճարված արժեքի ամբողջ գումարին. ուրիշ խոսքով ասած՝ իբրև փող կանխավճարված ամբողջ կապիտալարժեքը մեկ անգամից է մի ստադիայից մտնում յուրաքանչյուր անգամ հաջորդող մյուս ստադիան։ Բայց մենք տեսել ենք (I գիրք, IV գլ.), որ հաստատուն կապիտալի մի մասը, բուն աշխատամիջոցները (օրինակ, մեքենաները) միևնույն արտադրապրոցեսի կրկնությունների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր թվի ժամանակ միշտ նորից են ծառայում, ուստի իրենց արժեքն էլ լոկ մաս-մաս են փոխանցում արդյունքին։ Հետո մենք ցույց կտանք, թե այս պարագան որքան է կերպավախում կապիտալի շրջապտույտի պրոցեսը։ Այստեղ բավական է նշել հետևյալը, մեր օրինակում արտադրողական կապիտալի արժեքը, որ = է 422 £-ի, պարունակում է գործարանաշենքերի, մեքենաների և այլոց՝ միջին թվով հաշված մաշվածքը միայն, ուրեմն լոկ այն արժեմասը, որ նրանք 10 600 ֆունտ բամբակը 10 000 ֆունտ մանվածք դարձնելու ժամանակ փոխանցում են վերջինիս, 60-ժամյա մի շաբաթվա մանելու պրոցեսի արդյունքին։ Ուստի այն արտադրամիջոցների մեջ, որոնց որ փոխարկվում է կանխավճարված 372 £-անոց հաստատուն կապիտալը, կերպակայում էին աշխատամիջոցները, շենքերը, մեքենաներն էլ այն եղանակով, որպես թե շուկայում լոկ վարձակալված լինեին շաբաթական մասնավճարումներով։ Սակայն այս բացարձակորեն չի փոխում բանի դրությունը։ Հարկավոր է միայն, որ մենք շաբաթվա մեջ արտադրված 10 000 ֆունտ մանվածքի քանակը բազմապատկենք տարիների մի որոշ շարք կազմող շաբաթների թվով, հավաստելու համար, թե գնված ու այս ժամանակվա ընթացքում գործածված աշխատամիջոցների ամբողջ արժեքը փոխանցվում է մանվածքին։ Այս դեպքում պարզ է լինում, որ կանխավճարված դրամակապիտալն առաջ պետք է փոխարկվի այս միջոցներին, ուրեմն առաջին Փ—Ա ստադիայից դուրս գա նախքան իբրև Արտ, որպես արտադրողական կապիտալ գործել կարողանալը։ Մեր օրինակում պարզ է նմանապես, որ արտադրապրոցեսի ժամանակ մանվածքին միակցված 422 £-անոց կապիտալային արժեգումարը չի կարող շրջանառության Ա՛—Փ՛ փուլի մեջ մտնել իբրև 10 000 ֆունտ մանվածքի արժեբաղադրամաս, քանի դեռ մանվածքը պատրաստ չի։ Մանվածքը չի կարող ծախվել նախքան մանված լինելը։

Ընդհանրական ֆորմուլայի մեջ Արտ-ի արդյունքը քննվում է իբրև արտադրողական կապիտալի տարրերից տարբեր մի նյութական իր, իբրև մի առարկա, որն արտադրապրոցեսից առանձնացած մի գոյություն, արտադրատարրերից տարբեր մի սպառաձև ունի։ Իսկ արտադրապրոցեսի արդյունքի՝ իբրև մեկ իր հանդես գալը միշտ տեղի է ունենում նույնիսկ այնտեղ, որտեղ արդյունքի մի մասը դարձյալ իբրև տարր մտնում է նորոգված արտադրության մեջ։ Այսպես, հացահատիկը որպես սերմացու է ծառայում յուր սեփական արտադրության համար, բայց արդյունքը կազմված է լինում միմիայն հացահատիկից, ուրեմն ունենում է նրա հետ կիրառված տարրերից — աշխատույժից, գործիքներից, պարարտանյութից տարբեր մի կերպարանք։ Սակայն ինքնակա այնպիսի արդյունաբերաճյուղեր կան, որտեղ արտադրապրոցեսի արդյունքն առարկայական նոր արդյունք չի, ապրանք չի ամենևին։ Այս ճյուղերի շարքում տնտեսապես կարևոր է հաղորդակցության արդյունաբերությունը միայն, լինի սա ապրանքների ու մարդկանց բուն փոխադրանքի արդյունաբերություն, թե սոսկ հաղորդումների, նամակների, հեռագրերի և այլոց փոխհանձնում, միևնույն է։

Ա. Չուպրովն[6] այս մասին ասում է. «Գործարանատերը կարող է նախ առարկա արտադրել ու հետո սպառորդ փնտռել նրա համար» [նրա արդյունքն արտադրապրոցեսից պատրաստի դուրս նետվելուց հետո՝ իբրև նրանից անջատված ապրանք անցնում է շրջանառության մեջ] «Այսպիսով արտադրությունն ու սպառումը հանդես են գալիս իբրև ըստ տարածության ու ըստ ժամանակի միմյանցից անջատ երկու ակտ։ Փոխադրանքի արդյունաբերության մեջ, որը ոչ մի նոր արդյունք չի ստեղծում, այլ միմիայն փոխադրում է մարդկանց ու իրեր, այս երկու ակտը համընկնում են. ծառայությունները [տեղափոխումը] պետք է սպառվեն նույն այն վայրկյանում, երբ արտադրվում են նրանք։ Այս պատճառով հենց այն ռայոնը, որից կարող են երկաթուղիները հաճախորդներ ճարել, ամենաշատը 30 վերստ [53 կլմ.] է տարածվում դեպի երկու կողմը»։

Արդյոք մարդի՞կ, թե՞ ապրանքներ են փոխադրվում, միևնույն է,— հետևանքը լինում է նրանց փոփոխված տեղային կեցությունը, օրինակ, այն, որ մանվածքը հիմա Հնդկաստանում է գտնվում Անգլիայի փոխարեն, որտեղ արտադրվել էր նա։

Իսկ փոխադրանքի արդյունաբերության ծախածը հենց տեղափոխությունն է։ Նրա առաջ բերած օգտակար էֆֆեկտն անմիջաբար շաղկապված է փոխադրապրոցեսի հետ, այսինքն փոխադրանքի արդյունաբերության արտադրապրոցեսի հետ։ Մարդիկ ու ապրանքներ ճանապարհորդում են փոխադրամիջոցների հետ, և նրանց ճանապարհորդությունը, նրանց տեղից տեղ շարժվելն է հենց այն արտադրապրոցեսը, որ կատարվում է հիշյալ միջոցներով։ Օգտակար էֆֆեկտը կարող է սպառում ունենալ արտադրապրոցեսի ժամանակ միայն. նա գոյություն չունի իբրև այս պրոցեսից ջոկ մի սպառողական իր, որը յուր արտադրվելուց հետո է միայն գործում իբրև առևտրի առարկա, շրջանառում որպես ապրանք։ Բայց այս օգտակար էֆֆեկտի, ինչպես է ամեն մի ուրիշ ապրանքի, փոխանակարժեքը որոշվում է նրա վրա գործադրված արտադրատարրերի (աշխատույժի ու արտադրամիջոցների) արժեքով, պլյուս այն հավելարժեքով, որ ստեղծել է փոխադրանքի արդյունաբերության մեջ զբաղեցված բանվորների հավելաշխատանքը։ Ինչ վերաբերում է այս օգտակար էֆֆեկտի սպառմանը, այս դեպքում էլ բոլորովին նույն բանն է լինում, ինչ որ ուրիշ ապրանքների ժամանակ։ Եթե նա անհատորեն է սպառվում, ապա նրա արժեքը չքանում է սպառվելուն պես. եթե նա արտադրողաբար է սպառվում, այնպես որ հենց ինքը հանդիսանում է փոխադրանքում գտնվող ապրանքի մի արտադրական ստադիա, ապա նրա արժեքն իբրև ավելադիր արժեք փոխանցվում է հենց ապրանքին։ Այսպիսով ուրեմն փոխադրանքի արդյունաբերության ֆորմուլան կլիներ՝ Փ-Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

... Արտ—Փ՛, որովհետև վճարահատուցվում և սպառվում է բուն արտադրապրոցեսը և ոչ թե նրանից անջատելի մի արդյունք։ Հետևաբար նա գրեթե ճիշտ նույն ձևն ունի, ինչ որ ունի ազնիվ մետաղների արտադրության ֆորմուլան, միայն թե Փ՛-ն այստեղ արտադրապրոցեսի ժամանակ առաջացած օգտակար էֆֆեկտի փոխակերպյալ ձև ունի և ոչ թե այս պրոցեսի ժամանակ արտադրված ու նրանից դուրս նետված ոսկու կամ թե արծաթի բնաձև։

Արդյունաբերական կապիտալը կապիտալի միակ գոյաձևն է, որի ժամանակ կապիտալի ֆունկցիան լինում է հավելարժեքի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հավելարդյունքի ոչ միայն յուրացումը, այլև միաժամանակ նույնի ստեղծումը։ Ուստի արդյունաբերական կապիտալն է պայմանավորում արտադրության կապիտալիստական բնույթը. հենց նրա գոյությունն է, որ յուր մեջ պարփակում է կապիտալիստների ու վարձու բանվորների դասակարգային հակադրությունը։ Այն չափով, որով նա տիրանում է հասարակական արտադրությանը, հեղաշրջվում են տեխնիկան ու աշխատապրոցեսի հասարակական կազմակերպությունը և սրա հետ էլ՝ հասարակության տնտեսական-պատմական տիպը։ Կապիտալի մյուս տեսակները, որոնք նրանից առաջ ասպարեզ են եկել արտադրության անցյալ ու չքացած հասարակական կացությունների ժամանակ, ոչ միայն ենթակարգվում են նրան և իրենց ֆունկցիաների մեխանիզմով փոփոխվում են՝ համապատասխանելով արդյունաբերական կապիտալին, այլև շարժվում են արդեն լոկ սրա պատվանդանի վրա խարսխված, ուրեմն ապրում և մեռնում են, կանգնում և ընկնում են՝ հիմնված իրենց այս պատվանդանի վրա միայն։ Դրամակապիտալն ու ապրանքակապիտալը, որչափով որ նրանք իրենց ֆունկցիաներով հանդես են գալիս արդյունաբերական կապիտալի կողքին իբրև յուրահատուկ ձեռնարկաճյուղերի կրիչներ, աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով արդեն ինքնակայացած ու միակողմանի զարգացած լոկ գոյակերպերն են այն տարբեր ֆունկցիոնալ ձևերի, որ արդյունաբերական կապիտալը մերթ ընդունում, մերթ թոթափում է շրջանառության ոլորտում։

Փ ... Փ՛ շրջապտույտը յուր հերթին միահյուսվում է ընդհանրական ապրանքաշրջանառության հետ, դուրս է գալիս նրանից ու մտնում նրա մեջ և կազմում նրա մի մասը։ Մյուս կողմից՝ նա անհատական կապիտալիստի համար կազմում է կապիտալարժեքի մի հատուկ ինքնակա շարժում, մի շարժում, որը մասամբ կատարվում է ընդհանրական ապրանքաշրջանառության ներսում, մասամբ՝ նույնից դուրս, բայց որը միշտ պահպանում է յուր ինքնակա բնույթը։ Նախ՝ այն հանգամանքի շնորհիվ, որ շրջանառության ոլորտում տեղի ունեցող նրա Փ—Ա ու Ա՛—Փ՛ երկու փուլն իբրև կապիտալաշարժման փուլեր ֆունկցիապես որոշ բնույթ ունեն. Փ—Ա-ի մեջ Ա-ն նյութապես որոշված է իբրև աշխատույժ ու արտադրամիջոցներ. Ա—Փ՛-ի մեջ իրացվում է կապիտալարժեքը + հավելարժեքը։ Երկրորդ. Արտ-ը, արտադրապրոցեսը, յուր մեջ պարփակում է արտադրողական սպառումը։ Երրորդ. փողի՝ յուր ելակետին վերադառնալը Փ ... Փ՛ շարժումը դարձնում է ինքը յուր մեջ պարփակվող շրջապտույտի շարժում։

Այսպիսով ուրեմն ամեն մեկ անհատական կապիտալ յուր շրջանառության Փ—Ա ու Ա՛—Փ՛ զույգ կեսերում մի կողմից հանդիսանում է մի գործակատարն ընդհանրական ապրանքաշրջանառության, որի մեջ նա գործում է կամ թե շղթայակցված է կամ որպես դրամ ու կամ իբրև ապրանք և այսպիսով ինքը կազմում է մի անդամն ապրանքաշխարհի փոխակերպությունների ընդհանրական շարքի մեջ։ Մյուս կողմից՝ նա ընդհանրական շրջանառության ներսում գծում է յուր սեփական ինքնակա շրջապտույտը, որի մեջ արտադրության ոլորտը մի անցումնային ստադիա է կազմում և որի մեջ նա յուր ելակետին վերադառնում է նույն այն ձևում պարուրված, որով չվել էր նրանից։ Յուր սեփական շրջապտույտի սահմաններում, որը յուր մեջ պարփակում է արտադրապրոցեսում տեղի ունեցող նրա իրական փոխակերպությունն էլ, նա միաժամանակ փոխում է յուր արժեմեծությունը։ Նա վերադառնում է ոչ մի այն իբրև դրամարժեք, այլև, որ պես շատացած, աճած դրամարժեք։

Վերջապես եթե մենք Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛-ն քննում ենք իբրև կապիտալի շջրապտույտի պրոցեսի մասնահատուկ ձև՝ հետագայում ուսումնասիրելի մյուս ձևերի կողքին, ապա նա տարբերանշվում է հետևյալով.

1) Նա հանդես է գալիս իբրև դրամակապիտալի շրջապտույտ, որովհետև արդյունաբերական կապիտալը յուր դրամաձևով, իբրև դրամակապիտալ կազմում է նրա ամբողջ պրոցեսի ելակետն ու վերադարձակետը։ Հենց ֆորմուլան ինքն արտահայտում է այն, որ փողն այստեղ ոչ թե ծախսվում է որպես փող, այլ միմիայն կանխավճարվում է, ուրեմն կապիտալի լոկ դրամաձև է, դրամակապիտալ է։ Հետո, նա այն է արտահայտում, որ ոչ թե սպառարժեքը, այլ փոխանակարժեքն է շարժման որոշիչ ինքնանպատակը։ Հենց այն պատճառով, որ արժեքի դրամակերպարանքը նրա ինքնակա, շոշափելի երևաձևն է, ուստի շրջանառության Փ ... Փ՛ ձևը, որի ելակետն ու ավարտակետն իրական փողն է, դրամաստացությունը, ամենից ակնառու է արտահայտում կապիտալիստական արտադրության առաջմղիչ մոտիվը։ Արտադրապրոցեսը հանդես է գալիս իբրև անխուսափելի միջնանդամ ու անհրաժեշտ չարիք դրամաստացության ճանապարհին։ [Այս պատճառով արտադրության կապիտալիստական եղանակի բոլոր ազգերը պարբերաբար բռնվում են մի մոլուցքով, որով նրանք ուզում են դրամաստացությունը գլուխ բերել առանց արտադրապրոցեսի միջնորգագործման։]

2) Արտադրության ստադիան, Արտ-ի ֆունկցիան, այս շրջապտույտի մեջ կազմում է Փ—Ա ... Ա՛—Փ՛ շրջանառության երկու փուլի ընդհատումը, որը յուր հերթին Փ—Ա—Փ՛ պարզ շրջանառության միջնորդագործում է միայն։ Արտադրապրոցեսը բուն իսկ շրջապտույտի պրոցեսի ձևի մեջ ձևականորեն ու որոշակի հանդես է գալիս իբրև այն, ինչ որ է արտադրության կապիտալիստական եղանակի մեջ, որպես կանխավճարված արժեքի արժեմեծացման սոսկական միջոց, ուրեմն հարստացումն իբրև այսպիսին հանդես է գալիս որպես արտադրության ինքնանպատակ։

3) Որովհետև փուլերի հաջորդականությունն սկսվում է Փ—Ա-ով, ուստի շրջանառության երկրորդ անդամն Ա՛—Փ՛-ն է. ուրեմն ելակետը Փ-ն է, արժեմեծացնելի կապիտալարժեքը, իսկ ավարտակետն է արժեմեծացած Փ + փ դրամակապիտալը, որտեղ Փ-ն իբրև իրացված կապիտալ կերպակայում է յուր փ ձագուկի կողքին։ Սրանով Փ-ի շրջապտույտը տարբերվում է մյուս երկու, Արտ-ի ու Ա՛-ի, շրջապտույտներից, և այն էլ երկակի եղանակով։ Մի կողմից՝ երկու ծայրաթևի դրամաձևով. բայց դրամն արժեքի ինքնակա ու շոշափելի գոյաձևն է, արդյունքի արժեքը յուր ինքնակա արժեձևով, որի մեջ ջնջված է ապրանքների սպառարժեքի ամեն մի հետք։ Մյուս կողմից՝ Արտ ... Արտ ձևն անհրաժեշտորեն Արտ ... Արտ՛ (Արտ + արտ) չի դառնում, իսկ Ա՛ ... Ա՛ ձևի մեջ ընդհանրապես ոչ մի արժետարբերություն նկատելի չի երկու ծայրաթևի միջև։ Այսպիսով ուրեմն Փ ... Փ՛ ֆորմուլայի համար բնորոշն այն է մի կողմից, որ կապիտալարժեքը կազմում է ելակետը, իսկ արժեմեծացած կապիտալարժեքը՝ վերադարձակետը, այնպես որ կապիտալարժեքի կանխավճարումը հանդես է գալիս իբրև ամբողջ գործառնության միջոց, արժեմեծացած կապիտալարժեքը՝ որպես նպատակ. մյուս կողմից՝ բնորոշ է այն, որ այս հարաբերությունն արտահայտված է դրամաձևով, ինքնակա արժեձևով, հետևաբար դրամակապիտալն արտահայտված է որպես դրամ թխսող դրամ։ Արժեքի միջոցով հավելարժեք ստեղծելն արտահայտված է ոչ միայն իբրև պրոցեսի ալֆա ու օմեգա, այլև որոշակի արտահայտված է շլացուցիչ դրամաձևով։

Որովհետև Փ՛-ն, այն դրամակապիտալը, որն իրացված է որպես Փ—Ա-ն լրացնող ու ավարտող փուլի՝ Ա՛—Փ՛-ի հետևանք, գտնվում է բացարձակորեն միևնույն ձևում, որով նա յուր առաջին շրջապտույտն էր սկսել, ուստի նա կարող է սրանից ելնելուն պես դարձյալ միևնույն շրջապտույտն սկսել իբրև մեծացած (կուտակվածի դրամակապիտալ, այն է՝ իբրև Փ = Փ + փ. իսկ Փ ... Փ՛ ձևում գոնե չի արտահայտված, թե շրջապտույտի կրկնվելու ժամանակ փ-ի շրջանառությունն անջատվում է Փ՛-ի շրջանառությունից։ Ուրեմն յուր մի անգամվա կերպարանքով քննելիս, ձևականորեն, դրամակապիտալի շրջապտույտն արտահայտում է լոկ արժեմեծացման պրոցեսն ու կուտակման պրոցեսը։ Սպառումը նրա մեջ արտահայտված է միմիայն իբրև արտադրողական սպառում Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի միջոցով. լոկ այս արտադրողական սպառումն է պարփակված անհատական կապիտալի այս շրջապտույտի մեջ։ Փ—Ա-ն Աշ—Փ կամ թե Ա—Փ է բանվորի կողմից նայելիս. հետևաբար առաջին փուլն է այն շրջանառության, որը միջնորդագործում է նրա անհատական սպառումը,— այսինքն՝ Աշ—Փ—Ա (կենսամիջոցներ)։ Երկրորդ Փ—Ա փուլն այլևս չի մտնում անհատական կապիտալի շրջապտույտի մեջ. բայց սա նրա ներածականն է, նրա նախադրյալը, որովհետև որպեսզի բանվորն իբրև կապիտալիստի շահագործելի նյութ միշտ գտնվի շուկայում, նա ամեն բանից առաջ պետք է ապրի, ուրեմն պահպանվի անհատական սպառման միջոցով։ Բայց հենց ինքն այս սպառումն այստեղ ենթադրվում է որպես կապիտալի միջոցով աշխատույժի արտադրողական սպառման պայման միայն, ուրեմն և լոկ այն չափով, որչափով որ բանվորը յուր անհատական սպառման միջոցով պահպանվում և վերարտադրվում է իբրև աշխատույժ։ Իսկ Ամ-ը, բուն ապրանքները, որոնք մտնում են շրջապտույտի մեջ արտադրողական սպառման լոկ սննդանյութն են կազմում։ Աշ—Փ ակտը միջնորդագործում է բանվորի անհատական սպառումը,  կենսամիջոցների՝ նրա միս ու արյուն դառնալը։ Անշուշտ, որպեսզի կապիտալիստը գործի իբրև կապիտալիստ, սա պետք է գոյություն ունենա, ուրեմն և ապրի ու սպառի։ Սրա համար հարկավոր է իրոք լոկ այն, որ նա սպառի բանվորի նման, ուստի շրջանառության պրոցեսի այս ձևում ավելին չի ենթադրվում։ Ձևականորեն այս չի էլ արտահայտված նույնիսկ, որովհետև ֆորմուլան ավարտվում է Փ՛-ով ուրեմն մի այնպիսի հետևանքով, որն իսկույն կարող է դարձյալ գործել իբրև մեծացած դրամակապիտալ։

Ա՛—Փ՛-ի մեջ ուղղակի պարունակվում է Ա՛-ի վաճառքը. բայց Ա՛—Փ՛-ն, մի կողմի համար վաճառքը, Փ—Ա մյուս կողմի համար առք է, իսկ ապրանքը վերջնականորեն գնվում է լոկ յուր սպառարժեքի սիրուն՝ (միջնավաճառքները մի կողմ թողածի սպառապրոցեսի մեջ մտնելու համար, գնված առարկայի բնությանը նայած՝ լինի այս սպառումը հիմա անհատական, թե արտադրողական, միևնույն է։ Բայց այս սպառումը չի մտնում այն անհատական կապիտալի շրջապտույտի մեջ, որի արդյունքն է Ա՛-ն. այս արդյունքը հենց իբրև ծախելի ապրանք դուրս է նետվում շրջապտույտից։ Ա՛-ն որոշակի նախանշված է օտարի սպառման համար։ Ուստի մերկանտիլ սիստեմի մեկնաբանների մոտ (այս սիստեմի հիմքում դրված է Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ ֆորմուլան) մենք գտնում ենք շատ ընդարձակածավալ քարոզներ այն մասին, որ առանձին կապիտալիստը պետք է սպառի լոկ բանվորի նման և որ կապիտալիստների ազգը յուր ապրանքների սպառումն ու ընդհանրապես սպառման պրոցեսը պետք է թողնի մյուս ավելի տխմար ազգերին, իսկ արտադրողական սպառումն, ընդհակառակը, պետք է դարձնի յուր կյանքի խնդիրը։ Այս քարոզները ձևով ու բովանդակությամբ հաճախ հիշեցնում են եկեղեցական հայրերի համանման ճգնապաշտ հորդորները։



Այսպիսով ուրեմն կապիտալի շրջապտույտի պրոցեսը շրջանառության ու արտադրության միասնություն է, յուր մեջ պարփակում է երկուսն էլ։ Որչափով որ Փ—Ա, Ա՛—Փ՛ երկու փուլն էլ շրջանառության իրադարձություններ են, կապիտալի շրջանառությանը կազմում է ընդհանրական ապրանքաշրջանառության մի մասը։ Բայց իբրև ֆունկցիապես որոշ հատվածներ, ստադիաներ կապիտալի շրջապտույտի, որը վերաբերում է ոչ միայն շրջանառության ոլորտին, այլև արտադրության ոլորտին, կապիտալն ընդհանրական ապրանքաշրջանառության մեջ յուր սեփական շրջապտույտն է կատարում։ Ընդհանրական ապրանքաշրջանառությունը նրան առաջին ստադիայում ծառայում է այն կերպարանքն ընդունելու համար, որով նա կարող է գործել իբրև արտադրողական կապիտալ, երկրորդում՝ այն ապրանքաֆունկցիան թոթափելու համար, որով նա չի կարող յուր շրջապտույտը նորոգել, ու միաժամանակ նրա առջև այն հնարավորությունն ստեղծելու համար, որով նա կարող է յուր սեփական կապիտալաշրջապտույտն անջատել յուր վրա աճած հավելարժեքի շրջանառությունից։

Ուստի դրամակապիտալի շրջապտույտը շրջապտույտի ամենամիակողմանի, այս պատճառով էլ ամենացայտուն ու ամենաբնորոշ երևաձևն է արդյունաբերական կապիտալի, որի նպատակն ու առաջմղիչ մոտիվը — արժեքի արժեմեծացումը, դրամաստացությունն ու կուտակումն արտահայտվում է աչքի զարկող ձևով (գնել՝ ավելի թանգ ծախելու համար)։ Այն հանգամանքի շնորհիվ, որ առաջին փուլը Փ—Ա-ն է, երևան է գալիս արտադրողական կապիտալի բաղադրամասերի՝ ապրանքաշուկայից ծագելն էլ, ինչպես է կապիտալիստական արտադրապրոցեսի՝ շրջանառությամբ, առևտրով չպայմանավորված լինելը։ Դրամակապիտալի շրջապտույտը մենակ ապրանքարտադրություն չի. նա գլուխ է գալիս լոկ շրջանառության միջոցով, նա ենթադրում է շրջանառություն։ Այս արդեն պարզ է նրանից, որ շրջանառությանը պատկանող Փ ձևը հանդես է գալիս իբրև կանխավճարված կապիտալարժեքի առաջին ու զուտ ձև, մի բան, որ չի պատահում շրջապտույտի մյուս երկու ձևի ժամանակ։

Դրամակապիտալի շրջապտույտն այնչափով է մնում արդյունաբերական կապիտալի ընդհանրական արտահայտություն մշտապես, որչափով նա միշտ յուր մեջ պարփակում է կանխավճարված արժեքի արժեմեծացումը։ Արտ ... Արտ շրջապտույտի մեջ կապիտալի դրամարտահայտությունը հրապարակ է գալիս լոկ իբրև արտադրատարրերի գին, հետևաբար լոկ որպես հաշվեդրամով արտահայտված արժեք, և հենց այս ձևով է ամրակայվում հաշվապահության մեջ։

Փ ... Փ՛-ն արդյունաբերական կապիտալի շրջապտույտի առանձնահատուկ ձև դառնում է այնչափով, որչափով որ նոր հանդես եկող կապիտալը նախ իբրև փող է կանխավճարվում և հետ է կորզվում միևնույն ձևով, լինի սա մի ձեռնարկաճյուղից մի ուրիշն անցնելիս, թե արդյունաբերական կապիտալի՝ ձեռնարկությունից հետ վերադառնալիս, միևնույն է։ Հիշյալ ձևը յուր մեջ պարփակում է առաջին անգամ կանխավճարվող հավելարժեքի կապիտալաֆունկցիան, և այս ամենից ակնառու երևան է գալիս այն ժամանակ, երբ այս հավելարժեքը գործում է մի ուրիշ ու ոչ թե այն ձեռնարկության մեջ, որտեղից ինքը ծագումն է առել։ Փ ... Փ՛-ն կարող է մի կապիտալի առաջին շրջապտույտը լինել. նա կարող է վերջին շրջապտույտը լինել. նա կարող է հասարակական ամբողջ կապիտալի ձևը նկատվել, նա այն կապիտալի ձևն է, որը նոր է ներդրվում, լինի սա դրամաձևով նոր կուտակված կապիտալ, թե հին կապիտալ, որ ամբողջովին դրամի է վերածվում՝ մի արտադրաճյուղից մի ուրիշը փոխադրելու համար,— միևնույն է։

Իբրև մշտապես բոլոր շրջապտույտներում ընդգրկված ձև, դրամակապիտալն այս շրջապտույտը կատարում է կապիտալի հենց այն մասի համար էլ, որը հավելարժեք է ստեղծում, այն է՝ փոփոխուն կապիտալի համար։ Աշխատավարձի կանխավճարման նորմալ ձևը դրամով վճարումն ե. այս, պրոցեսը միշտ պետք է նորոգվի կարճ ժամկետներում, որովհետև բանվորն օր դատելով, օր ուտելով է ապրում։ Ուստի կապիտալիստը միշտ պետք է բանվորին հանդիպակայի որպես դրամակապիտալիստ, և նրա կապիտալը՝ իբրև դրամակապիտալ։ Այստեղ չի կարող ուղղակի կամ թե անուղղակի հաշվեգոցում տեղի ունենալ, ինչպես որ լինում է արտադրամիջոցների գնման ու արտադրողական ապրանքների վաճառքի ժամանակ (այնպես որ դրամակապիտալի մեծ մասը փաստորեն կերպակայում է լոկ ապրանքների ձևով, փողը՝ լոկ հաշվեդրամի ձևով, և վերջապես կանխիկը՝ հաշվեկշիռների հավասարեցման համար միայն)։ Մյուս կողմից՝ փոփոխուն կապիտալից ծագող հավելարժեքի մի մասը կապիտալիստի կողմից ծախսվում է սրա մասնավոր սպառման համար, որը մանրածախ առևտրին է վերաբերում, և, ինչ շրջուղիներով էլ որ անցնելիս լինի, վերջիվերջո ծախսվում է կանխիկ, հավելարժեքի դրամաձևով։ Որքան էլ մեծ կամ թե փոքր լինի հավելարժեքի այս մասը, բանի էությունը չի փոխվում ամենևին։ Փոփոխուն կապիտալը շարունակ նորից ու նորից հանդես է գալիս իբրև աշխատավարձի մեջ ներդրվող դրամակապիտալ (Փ—Աշ), իսկ փ-ն՝ իբրև հավելարժեք, որը ծախսվում է կապիտալիստի մասնավոր պահանջմունքները գոցելու համար։ Այսպիսով ուրեմն Փ-ն իբրև կանխավճարված փոփոխուն կապիտալարժեք ու փ-ն իբրև նրա աճը, երկուսն էլ անհրաժեշտորեն պահպանվում են դրամաձևով, որ ծախսվեն այսպիսի ձևով։

Փ—Ա ... Արտ... Ա՛—Փ՛ ֆորմուլան Փ՛ = Փ + փ հետևանքի հետ միասին մի խաբկանք է պարունակում յուր ձևի մեջ, կրում է մի պատրանքային բնույթ, որը ծագում է կանխավճարված ու արժեմեծացած արժեքի՝ համարժեքային ձևով, իբրև փող հանդես գալու կեցությունից։ Շեշտը դրված է ոչ թե արժեքի արժեմեծացման վրա, այլ այս պրոցեսի դրամաձևի վրա, այն բանի վրա, որ վերջիվերջո ավելի շատ արժեք է դրամաձևով դուրս կորզվում շրջանառությունից, քան սկզբնապես կանխավճարված էր նրա համար, ուրեմն շեշտը դրվում է կապիտալիստին պատկանող ոսկեմասսայի ու արծաթամասսայի շատացման վրա։ Այսպես կոչված մոնետար սիստեմը սոսկական արտահայտություն է Փ—Ա—Փ՛ իռռացիոնալ ձևի, մի շարժման, որն ընթանում է բացառապես շրջանառության ներսում և հետևաբար l) Փ—Ա, 2) Ա—Փ՛ երկու ակտը միմիայն նրանով կարող է բացատրել, որ Ա-ն երկրորդ ակտում յուր արժեքից բարձր է ծախվում, ուստի ավելի շատ փող է դուրս կորզում շրջանառությունից, քան յուր գնվելիս նետված էր շրջանառության մեջ։ Ընդհակառակը, Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛-ն, սևեռված լինելով իբրև բացառիկ ձև, կազմում է հիմքն ավելի զարգացած մերկանտիլ սիստեմի, որի ժամանակ իբրև անհրաժեշտ տարր հանդես է գալիս ոչ միայն ապրանքաշրջանառությունը, այլև ապրանքարտադրությունը։

Փ—Ա ... Արա ... Ա՛—Փ՛-ի պատրանքային բնույթն ու սրան համապատասխանող պատրանքային մեկնաբանությունն առկա է լինում, հենց որ այս ձևը սևեռվում է ոչ իբրև հոսանուտ, մշտապես նորոգվող, այլ որպես մի անգամվա ձև, ուրեմն հենց որ նա նկատվում է ոչ թե շրջապտույտի ձևերից մեկը, այլ նրա բացառիկ ձևը։ Բայց նա հենց ինքը մատնանշում է մյուս ձևերը։

Նախ՝ այս ամբողջ շրջապտույտը ենթադրում է բուն իսկ արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթը և ուրեմն իբրև պատվանդան ենթադրում է հենց նույն այս արտադրապրոցեսը՝ սրանով պայմանավորված մասնահատուկ հանրավիճակի հետ միասին։ Փ—Ա = Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): . բայց Փ—Աշ-ը ենթադրում է վարձու բանվորին և ուրեմն ենթադրում է արտադրամիջոցներն իբրև արտադրողական կապիտալի մաս, ուստի աշխատապրոցեսն ու արժեմեծացման պրոցեսը, արտադրության պրոցեսն էլ արդեն որպես կապիտալի ֆունկցիա։

Երկրորդ, եթե Փ ... Փ՛-ն կրկնվում է, ապա նրա՝ դրամաձևին վերադառնալը նույնպես անցողիկ է թվում, ինչպես դրամաձևը՝ առաջին ստադիայի ժամանակ։ Փ—Ա-ն անցնում, չքանում է՝ Արտ-ին տեղ տալու համար։ Կապիտալի մշտական վերականխավճարումն իբրև փող, ճիշտ ինչպես և նրա մշտապես վերադարձը որպես դրամ, հենց երկուսն էլ ներկայանում են իբրև շրջապտույտի մեջ չքացող, անցողիկ մոմենտներ միայն։

Երրորդ՝ Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛. Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛. Փ—Ա ... Արտ ... և այլն։

Շրջապտույտի երկրորդ կրկնության ժամանակ արդեն Արտ ... Ա՛—Փ՛. Փ—Ա ... Արտ շրջապտույտը հանդես է գալիս նախքան Փ-ի երկրորդ շրջապտույտի ավարտվելը, և այսպիսով հետագա բոլոր շրջապտույտները կարող են քննության առնվել Արտ ... Ա՛—Փ—Ա ... Արտ ձևի տակ, այնպես որ Փ—Ա-ն, իբրև առաջին շրջապտույտի առաջին փուլ, արտադրողական կապիտալի մշտապես կրկնվող շրջապտույտի անցողակի նախապատրաստությունն է միայն կազմում, ինչպես որ այս հենց իրապես տեղի է ունենում առաջին անգամ դրամակապիտալի ձևով ներդրվող արդյունաբերական կապիտալի ժամանակ։

Մյուս կողմից՝ Արտ-ի երկրորդ շրջապտույտի ավարտվելուց առաջ գծվում, պրծնում է Ա՛—Փ՛. Փ—Ա ... Արտ ... Ա-ի (կրճատ ասած՝ Ա՛ ... Ա-ի) առաջին շրջապտույտը, ապրանքակապիտալի շրջապտույտը։ Այսպիսով ուրեմն առաջին ձևն արդեն յուր մեջ պարփակում է մյուս երկուսը, և հետևաբար դրամաձևը չքանում է այնչափով, որչափով որ նա ոչ թե սոսկական արժեքային արտահայտություն է, այլ արժեքային արտահայտություն է համարժեքային ձևով, դրամով։

Վերջապես, եթե մենք վեր առնենք նոր հանդես եկող մի առանձին կապիտալ, որն առաջին անգամն է Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ շրջապտույտը գծում, ապա Փ—Ա-ն այն առաջին արտադրապրոցեսի նախապատրաստական փուլն է, նախակարապետը, որ կատարում է այս առանձին կապիտալը։ Ուստի այս Փ—Ա փուլը ոչ թե ենթադրվում է արտադրապրոցեսի կողքից, այլ ավելի շուտ՝ սահմանվում կամ թե պայմանավորվում է արտադրապրոցեսով։ Բայց սա իրավացի է այս առանձին կապիտալի վերաբերմամբ միայն։ Որչափով որ արտադրության կապիտալիստական եղանակ է ենթադրվում, ուրեմն կապիտալիստական արտադրությամբ որոշված մի հանրավիճակի մեջ, արդյունաբերական կապիտալի շրջապտույտի ընդհանրական ձևը դրամակապիտալի շրջապտույտն է։ Այս պատճառով կապիտալիստական արտադրապրոցեսն իբրև մի prius [նախապայման, նախադրյալ։ Բառացի նշանակում է՝ նախքան, ավելի վաղ, ավելի շուտ։] է ենթադրվում, է ենթադրվում է եթե ոչ նոր ներդրված մի արդյունաբերական կապիտալի դրամակապիտալի առաջին շրջապտույտի մեջ, ապա նույնի սահմաններից դուրս. այս արտադրապրոցեսի մշտական գոյությունն Արտ ... Արտ-ի մշտապես նորոգվող շրջապտույտ է ենթադրում։ Փ—Ա<Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):

ակտի առաջին ստադիայում հանդես է գալիս արդեն հենց ինքն այս նախադրյալը, որովհետև սա մի կողմից՝ վարձու բանվորների դասակարգի գոյությանն է ենթադրում, որովհետև մյուս կողմից՝ այն, ինչ որ արտադրամիջոց֊ ների գնորդի համար Փ—Ա առաջին ստադիան է, նրա վաճառորդի համար Ա՛—Փ՛ և, հետևաբար Ա՛-ի մեջ ենթադրվում է ապրանքակապիտալը, ուրեմն հենց ինքն ապրանքն իբրև կապիտալիստական արտադրության հետևանք, ու սրանով էլ ենթադրվում է արտադրողական կապիտալի ֆունկցիան։



  1. II ձեռագրից։
  2. Այստեղից սկսած՝ VII ձեռագրից, որն սկսվել է 1878 թվականի հուլիսի 2-ին։
  3. Մինչև այստեղ VII ձեռագիրը։ Այստեղից սկսած՝ VI ձեռագիրը։
  4. Մինչև այստեղ VI ձեռագրից է։ Այստեղից սկսած՝ V ձեռագիրը։
  5. Այս դրույթը յուր նշանակությունը պահպանում է, ինչ եղանակով էլ որ մենք բաժանենք կապիտալարժեքն ու հավելարժեքը, միևնույն է։ 10 000 ֆունտ մանվածքի մեջ պարունակվում է 1 560 ֆունտ հավելարժեք = 78 ֆունտ ստերլինգ, բայց 1 ֆունտ մանվածքի մեջ էլ, որ 1 շիլլինգի, պարունակվում է 2.496 ունցիա = 1.872 պեննի հավելարժեք։
  6. А. Чупров: «Железнодорожное хозяйство». Mocквa, 1875, стp. 75—76.