Մարտին Իդեն, Գլուխ XII
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XI | Մարտին Իդեն, Գլուխ XIII ▶ |
Մի երեկո, երբ Մարտինը տառապում էր մի սոնետի վրա և զուր աշխատում էր նկարագրել իր ուղեղում կուտակված մշուշապատ, բայդ սքանչելի պատկերները, նրան կանչեցին հեռախոսի մոտ։
– Քեզ մի կին է հարցնում։ Ձայնից էլ հայտնի է, որ իսկական դամա է,— հեգնորեն ասաց միստր Հիգգինբոթամը։
Մարտինը մոտեցավ սենյակի անկյունում գտնվող հեռախոսին, և նրա մարմնով մի տաք ալիք անցավ, երբ լսեց Ռութի ձայնը։ Տառապելով իր սոնետի վրա՝ նա մոռացել էր Ռութի գոյության մասին, բայց ծանոթ ձայնի հնչյունի վրա սերը նոր թափով բռնկեց նրա մեջ, շանթահարեց նրան։ Ի՜նչ ձայն էր դա․ քնքուշ ու քաղցրահնչյուն․ կարծես մի հեռավոր երաժշտություն լիներ, բյուրեղային մաքրությամբ արծաթե զանգակների հնչյուն։ Սովորական մահկանացու կինը չէր կարող այդպիսի ձայն ունենալ։ Դրանում ինչ֊որ երկնային բան կար, ոչ այս աշխարհից։ Ենթարկվելով զգացումների հեղեղին՝ նա հազիվ էր կարողանում հասկանալ, թե ինչ էր ասում Ռութը, թեև աշխատում էր պահպանել դեմքի անդորրությունը՝ գիտենալով, որ միստր Հիգգինբոթամի մկնային աչքերը սևեռված էին իր վրա։
Ռութն առանձնապես ոչինչ չասաց, նա այս երեկո ուզում էր Նորմանի հետ միասին գնալ հրապարակային դասախոսության, բայց (անախորժ բան) Նորմանի գլուխն սկսեց ցավել, և որովհետև տոմսերն արդեն գնված են, Մարտինը չի՞ ցանկանում նրա հետ գնալ, եթե զբաղված չէ։
Եթե զբաղված չէ։ Մարտինը հազիվ էր կարողանում սքողել իր ձայնի դողը։ Նա չէր հավատում իր ականջներին։ Մինչև այժմ նա հանդիպել էր աղջկա հետ միայն նրանց մոտ՝ տանը, և երբեք չէր համարձակվել հրավիրել նրան որևէ տեղ։ Հեռախոսի լսափողը ձեռքին կանգնած՝ նա հանկարծ անհաղթահարելի մի ցանկություն զգաց մեռնելու աղջկա համար, և նրա մտքում ծագեցին հերոսական կերպարներ, սիրո համար անձնազոհության տեսարաններ։ Նա այնքա՜ն ուժգին էր սիրում Ռութին, այնքա՜ն սարսափելի, այնքա՜ն անհույս։ Նա այնպիսի խելագար ուրախությամբ համակվեց՝ պատկերացնելով, որ աղջիկը դուրս կգա իր հետ, դասախոսության կգնա իր՝ Մարտին Իդենի հետո, որ այդ պահին միտքը ոչ մի այլ բան չընկավ՝ բացի նրա համար մեռնելուց։ Դա միակ բանն էր, որով ինքը կարող էր ապացուցել իր անսահման ու անշահախնդիր զգացումը։ Դա ամեն մի իսկական սիրահար և ծանոթ անձնուրացության ուժգին խոյանքն էր, որը հեռախոսային կարճատև խոսակցության ժամանակ հրեղեն մրրիկի նման հափշտակեց նրան։ Մեռնել նրա համար․ մտածեց նա, դա կնշանակի իսկապես ապրել ու սիրել։ Նա ընդամենը քսանմեկ տարեկան էր, և դա նրա առաջին սերն էր։
Մարտինը դողդոջուն ձեռքով կախեց լսափողը՝ նոր ապրած ցնցումից հետո թուլություն զգալով։ Նրա աչքերը փայլում էին ինչպես հրեշտակի աչքեր, դեմքը այլակերպվել էր, կարծես ազատված լիներ երկրային աղտից և սուրբ ու անաղարտ դարձել։
— Մի կողմի վրա եք գնում, հա՞,— նենգորեն ֆշշաց փեսան։— Իսկ գիտե՞ս, թե դա ինչով է վերջանում։ Ուղիղ ոստիկանական դատարան կընկնես, սիրելիս։
Սակայն Մարտինը չէր կարող միանգամից ցած իջնել բարձունքներից։ Մինչև անգամ այդ կոպիտ վարմունքը չէր կարող նրան իջեցնել գետին։ Նա զայրույթից ու գրգռումից բարձր էր կանգնած։ Նա դեռ ամբողջովին գտնվում էր այն հրաշագեղ տեսիլքի ազդեցության տակ և, որպես աստվածություն, այդպիսի չնչին արարածներին կարող էր միայն կարեկցել։ Միստր Հիգգինբոթամին նա չէր էլ նկատում։ Մարտինի աչքերը թեև նայում էին, բայց չէին տեսնում նրան, և տղան, կարծես քնի մեջ, դուրս եկավ սենյակից՝ զգեստը փոխելու համար։ Միայն այն ժամանակ, երբ նա, իր փոքր հայելու առաջ կանգնած, փողկապն էր կապում, նրա գիտակցությանը հասավ ինչ-որ անհաճո հնչյուն։ Դա միստր Հիգգինբոթամի՝ իր լսողության մեջ մնացած հռհռոցն էր, որը նա կարծես նոր էր լսում։
Երբ Մորզերի տան դուռը նրանց հետևից փակվեց, և Մարտինը հասկացավ, որ Ռութի հետ կողք-կողքի քայլում է փողոցով, հանկարծ շփոթվեց։ Աղջկա հետ քայլելու ուրախությունը մթագնեց չնախատեսված տարակույսներում։ Նա չգիտեր, թե ինչպես պահեր իրեն։ Քանիցս տեսել էր, որ Ռութի շրջանի մարդիկ դուրս են գալիս փողոց՝ տիկնոջ կամ օրիորդի հետ թևանցուկ, բայց դա միշտ չէր պատահում, և Մարտինը չէր իմանում, ընդունված է թևանցուկ ման դալ միայն երեկոնե՞րը, թե՞ գուցե այդպես են ման գալիս միայն ամուսինները կամ եղբայրները քույրերի հետ։
Ռութի հետ միասին նախասենյակի սանդուղքից իջնելիս նա հիշեց Միննիին։ Միննին միշտ էլ մոլի մոդայասեր էր։ Երբ Մարտինը երկրորդ անգամ զբոսանքի դուրս եկավ նրա հետ, աղջիկը նկատողություն արեց նրան, որ նա մայթի ներսի կսղմից է քայլում, մինչդեռ իսկական ջենտլմենը, որևէ լեդիի հետ զբոսնելիս միշտ պետք է քայլի դրսի կողմից։ Եվ Միննին սովորություն դարձրեց տրորել նրա ոտքը, երբ իրենք անցնում էին փողոցի մյուս կողմը, որպեսզի նա չմոռանա քայլել դրսի կողմից։ Բայց Մարտինը չգիտեր՝ որտեղի՞ց էր Միննին հանել քաղաքավարության այդ կանոնը, իրո՞ք ընդունված է դա բարձր դասում և հարկավոր է հարգել այդ կանոնը։
Վերջ ի վերջո Մարտինը վճռեց, որ դրանից համենայն դեպս, ոչ մի վատ բան չի պատահի, և երբ փողոց դուրս եկան՝ նա թողեց, որ Ռութն առաջ անցնի, իսկ ինքը սկսեց քայլել կողքից, մայթի դրսի եզերքից։ Սակայն այստեղ երկրորդ առեղծվածը երևան եկավ․ հարկավո՞ր էր նրան առաջարկել իր թևը։ Մինչև այժմ նա ոչ մի անգամ իր թևը չի առաջարկել որևէ կնոջ, որին ընկերակցել է։ Այն աղջիկները, որոնց հետ նա ման է եկել, տղաների հետ թևանցուկ ման չէին գալիս։ Ծանոթության սկզբում նրանք պարզապես կողքից էին քայլում, իսկ հետո, ջանալով մութ նրբափողոցներ ընտրել, քայլում էին գլուխները հակած իրենց իրանը գրկող ուղեկցի ուսին։ Սակայն այստեղ հարցը այլ կերպ էր, սա մի այլ շրջանի աղջիկ էր։ Եվ Մարտինը չգիտեր, թե ինչպես վարվի։
Նրա մտքովն անցավ թեթևակի կեռացնել իր աջ թևը, իբր թե պատահմամբ, ըստ սովորության։ Եվ այստեղ հրաշք տեղի ունեցավ։ Մարտինը զգաց, թե ինչպես աղջիկն իր ձեռքը դրեց նրա թևին։ Մի դուրեկան սարսուռ անցավ նրա մարմնով, և մի քանի վայրկյան նրան այնպես թվաց, թե ոտքերը կտրվեցին գետնից, իսկ թիկունքին թևեր բուսան։ Բայց մի նոր բարդություն նրան վերադարձրեց իրականություն։ Նրանք անցան փողոցի մյուս կողմը, այնպես, որ հիմա Մարտինը մայթի ոչ թե դրսի, այլ ներսի կողմն էր։ Ի՞նչ պետք է անել, թողնել աղջկա ձեռքը և անցնել մյո՞ւս կողմը։ Իսկ ի՞նչ անել, եթե կարիք լինի երկրորդ անգամ անցնել փողոցի այն կողմը, երրորդ անգա՞մ։ Այստեղ ինչ֊որ բան այնքան էլ պարզ չէր, և Մարտինը վճռեց անտեսել կանոնը՝ տգետ ձևանալով։ Բայց այդպիսի որոշումը չէր բավարարում նրան և, մայթի ներսի կողմից քայլելով՝ նա սկսեց արագ ու հափշտակված խոսել, այնպես ձևացնելով, թե խոսակցությունից տարվելով մոռացավ տեղը փոխել։ Թող աղջիկը վերագրի այդ նրա խանդավառությանը։
Երբ նրանք անցնում էին Բրոդվեյով, Մարտինին մի նոր փորձություն էր սպասում։ Փողոցի լապտերների լույսի տակ հանկարծ տեսավ Լիզզի Քոննոլլիին և նրա ծիծաղկոտ ընկերուհուն։ Մի պահ, միայն մի պահ նա վարանեց, բայց անմիջապես հանեց գլխարկը և բարևեց։ Նա մտադիր չէր ամաչել իր դասակարգից, և նրա բարևը վերաբերում էր ոչ միայն Լիզզի Քոննոլլիին։ Աղջիկը պատասխանեց նրան գլխով անելով և խիզախորեն նայելով նրան իր գեղեցիկ ու ծաղրական աչքերով, որոնք բոլորովին նման չէին Ռութի հեզ ու քնքուշ աչքերին։ Լիզզին իր հայացքով չափեց նաև Ռութին և ըստ երևույթին, անմիջապես գնահատեց նրա արտաքինն ու զգեստը և հասկացավ նրա հասարակական դիրքը։ Մարտինը նկատեց, որ Ռութն էլ այդ աղջկան ուղղեց հարևանցի ու փաղաքշական մի հայացք, որը բավական էր նկատելու նրա և՛ էժանագին հագուստը, և՛ տարօրինակ գլխարկը, որոնցով այն ժամանակ սիրում էին պճնվել բանվորական շրջանի աղջիկները։
― Ի՜նչ գեղեցիկ աղջիկ է,— ասաց Ռութը մի րոպե անց։
Մարտինը պատրաստ էր օրհնել նրան այդ խոսքի համար, բայց ասաց միայն.
— Չգիտեմ, ճաշակի հարց է, ինչպես երևում է․ ես նրան առանձնապես գեղեցիկ չեմ համարում։
— Ի՜նչ եք ասում։ Այդպիսի ուղիղ դիմագծեր հագարից մեկ է պատահում։ Նրա դեմքը այնքան մաքուր է, կարծես քամեյոն լինի․ աչքերն էլ հիանալի են։
— Կարծո՞ւմ եք,— անտարբեր ասաց Մարտինը, քանի որ նրա համար աշխարհի երեսին կար միայն մի գեղեցիկ կին, որն այս րոպեիս քայլում է իր կողքով, իր հետ թևանցուկ։
— Եթե այդ աղջկան հագցնեին ինչպես հարկն է, և սովորեցնեին, թե ինչպես պիտի պահի իրեն, հավատացնում եմ ձեզ, որ նա կնվաճեր բոլոր տղամարդկանց, դրանց թվում նաև ձեզ, միստր Իդեն։
— Նրան պետք է ամենից առաջ խոսել սովորել,— պատասխանեց Մարտինը,— այլապես տղամարդկանց մեծամասնությունը չէր էլ հասկանա նրան։ Ես վստահ եմ, որ դուք կեսն էլ չեք հասկանա այն բոլորից, ինչ նա կասի ձեզ, եթե խոսի այնպես, ինչպես սովոր է։
— Անմիտ բան եք ասում։ Դուք նույնքան համառ եք, որքան Արթուրը, երբ ուզում եք ապացուցել մի բան։
— Իսկ դուք մոոացե՞լ եք, թե ինչպես էի խոսում ես, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք։ Այժմ ես բոլորովին այլ կերպ եմ խոսում։ Իսկ այն ժամանակ ես էլ էի խոսում այնպես, ինչպես այդ աղջիկը։ Բայց այդ ժամանակաշրջանում ես սովորեցի ձեր լեզուն և կարող եմ հավաստել ձեր հասկանալի բառերով, որ դուք նրա լեզուն ոչ մի կերպ չեք հասկանա։ Իսկ գիտե՞ք ինչու է նա այդպես պահում իրեն։ Ես հիմա շարունակ մտածում եմ այնպիսի բաների մասին, որ առաջներում մտքովս էլ չէր անցնում, և ես սկսել եմ հասկանալ շատ բան։
— Ինչո՞ւ է նա այդպես պահում իրեն։
— Նա արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է ֆաբրիկայում։ Մատղաշ մարմինը մեղրամոմի պես փափուկ է, և ծանր աշխատանքը կաղապարում է նրան, այդպիսի մարմինը ակամա վարժվում է տվյալ աշխատանքին հարմար դիրքի։ Ես մի նայվածքով կարող եմ որոշել, թե փողոցում ինձ հանդիպած բանվորն ի՞նչ գործով է զբաղվում։ Նայեցեք ինձ, ինչո՞ւ եմ ճոճվում քայլելիս։ Պատճառն այն է, որ գրեթե ամբողջ կյանքս անց եմ կացրել ծովի վրա։ Եթե ես այդ տարիներին նավաստի չլինեի, այլ քավբոյ, տատանվելով չէի քայլի, բայց ոտքերս ծուռ կլինեին։ Այն աղջկա հետ էլ ահա այդ է տեղի ունեցել։ Դուք նկատեցի՞ք, թե ինչքան, եթե կարելի է այսպես արտահայտվել, խիստ հայացք ուներ նա։ Չէ՞ որ նա երբեք չի ապրել որևէ մեկի թևի տակ։ Նա շարունակ ինքը պետք է մտածի իր մասին, իսկ երբ աղջիկը ստիպված է ինքը մտածել և հոգալ իր մասին, նա չի կարող ունենալ այնպիսի քնքուշ, հեզ նայվածք, ինչպես... Ինչպես, օրինակի համար, դուք։
— Ընդունում եմ, որ դուք իրավացի եք,— ցածր ձայնով ասաց Ռութը։— Ի՜նչ սարսափելի է այդ, նա այնքա՜ն գեղեցիկ է...
Մարտինը նայեց Ռութին և տեսավ, որ նրա աչքերը կարեկցություն են արտացոլում։ Իսկույն մտածեց այն մասին, թե ինչքա՜ն է սիրում Ռութին և ի՜նչ անսովոր երջանկություն վիճակվեց իրեն նրա հետ քայլել թևանցուկ, դասախոսության գնալու համար։
«Ո՞վ ես դու, Մարտին Իդեն — հարցնում էր նա ինքն իրեն այդ երեկո, երբ տուն վերադարձավ և նայեց հայելուն։ Նա երկար ու հետաքրքրությամբ նայում էր։ Ո՞վ ես դու և ի՞նչ ես դու. ո՞րն է քո տեղը. քո տեղը՝ Լիզզի Քոննոլլիի նման աղջկա մոտ է։ Քո տեղը աշխատավորների բազմության մեջ է․ այնտեղ, ուր ամեն ինչ գռեհիկ է, ստոր և կոպիտ։ Քո տեղն աշխատող անասունների կեղտի և աղբի մեջ է, քո տեղը բանջարեղենի աղբյուսն է, փտած կարտոֆիլը։ Ծծիր այդ գարշահոտությունը, գրողը տանի քեզ, մի կուշտ հոտ քաշիր։ Եվ դու համարձակվում ես քիթդ կոխել գրքերի մեջ, հրաշալի երաժշտություն լսել, հիանալի նկարներով սքանչանալ, հոգ տանել քո լեզվին, մտածել այնպիսի բաների մասին, որոնք չեն հետաքրքրում քո ընկերներից ոչ մեկին, ազատվել Լիզզի Քոննոլլիից և սիրել մի աղջկա, որը միլիոնավոր մղոններով բարձր է քեզանից և ապրում է աստղերի մեջ։ Ո՞վ ես դու, ի՞նչ ես դու, գրողը քեզ տանի, ինչ լավ բան կտա քեզ այդ բոլորը»։
Նա բռունցքով սպառնաց իրեն հայելու մեջ և նստեց մահճակալի ծայրին՝ լայն բացած ու չտեսնող աչքերով նայելով իր առաջ։ Մի քիչ անց նա վերցրեց իր տետրակը, հանրահաշվի դասագիրքը և խորացավ քառակուսի հավասարությունների մեջ։ Իսկ ժամերը թռչում էին, աստղերը աղոտանում էին և պատուհանից արդեն երևում էր առավոտյան աղջամուղջը։