Changes
Մենք այլեւս այդ մասին չխոսեցինք։ Եվ Ջոյսին պատմեցի, թե ինպչես էի Ուոլշին առաջին անգամ տեսել Էզրայի ստուդիայում, մորթե երկար թիկնոց հագած երկու աղջկա հետ, եւ այդ պատմությունը նրան հաճույք պատճառեց։
==Իվեն Շիպմենը «Լիլա» սրճարանում==
Այն պահից ի վեր, երբ ես գտա Սիլվիա Բիչի գրադարանը, ընթերցեցի ամբողջ Տուրգենեւը, Գոգոլի՝ անգլերեն թարգմանված բոլոր գործերը, Տոլստոյին՝ Կոնստանս Հառնետի թարգմանությամբ եւ Չեխովի անգլերեն հրատարակությունները։ Տորոնտոյում, դեռեւս նախքան մեր Փարիզ մեկնելը, ինձ ասացին, որ Կետրին Մենսֆիլդը լավ պատմվածքներ է գրում, նույնիսկ շատ լավ պատմվածքներ, բայց Չեխովից հետո նրան կարդալ նշանակում է դեռեւս երիտասարդ, բայց արդեն տանը մնացած աղջկա ջանասիրաբար հնարած պատմությունները լսել խելացի ու գիտակ բժշկի զրույցից հետո, որը, բացի այդ, նաեւ գրող է, լավ ու պարզ գրող։ Մենսֆիլդը ջուր խառնած գարեջուր էր։ Այդ դեպքում ավելի լավ է ջուր խմել։ Բայց Չեխովի մոտ ջուրը միայն հստակություն էր ստեղծել։ Նրա որոշ պատմվածքներից թղթակցության հոտ էր փչում, բայց մի քանիսն էլ սքանչելի էին։
Դոստոեւսկին գրվածքներ ունի, որոնց հավատում ես եւ որոնց չես հավատում։ Բայց ունի եւ այնպիսի ճշմարտացի գործեր, որ կարդալուց զգում ես, թե ինչպես ես փոխվում ինքդ․ թուլությունն ու անմտությունը, արատն ու սրբությունը, մոլեգնության կիրքը նրա մոտ իրական են դառնում, ինչպես որ իրական են Տուրգենեւի նկարագրած բնանկարներն ու ճանապարհները, եւ զորքերի տեղաշարժը, ռազմական գործողությունների թատերաբեմը, սպաները, զինվորներն ու ճակատամարտերը՝ Տոլստոյի մոտ։ Մեր քաղաքացիական պատերազմի նկարագրությունը Ստիվեն Կրեյնի մոտ Տոլստոյի համեմատությամբ թվում էր հիվանդ երեխայի փայլուն հնարանք, երեխա, որը երբեք պատերազմ չի տեսել, այլ սոսկ պատմվածքներ է կարդացել ճակատամարտերի ու քաջագործությունների մասին եւ տեսել է Բրեդիի լուսանկարները, ինչպես ժամանակին ես եմ դրանք տեսել պապիս տանը։ Քանի դեռ չէի կարդացել Ստենդալի «Chartreuse de Parm<ref>«Պարմի մենաստանը»։</ref>»֊ը, ես Տոլստոյից բացի ոչ մեկի մոտ չէի հանդիպել պատերազմի այդպիսի արտացոլման․ ընդսմին, Ստենդալի մոտ Վաթերլոոյի հրաշալի պատկերումը խորթ մարմին է թվում այդ բավականին ձանձրալի վեպում։ Փարիզի նման քաղաքում, որտեղ կարելի է հիանալիորեն ապրել ու աշխատել, որքան էլ աղքատ լինես, բացել գրքերի այդ ամբողջ նոր աշխարհը, նույն բանն է, ինչ եթե գտնես անգին մի գանձ։ Այդ գանձը կարելի է քեզ հետ ճանապարհորդության տանել ե՛ւ Շվեյցարիայի, ե՛ւ Իտալիայի քաղաքները, ուր մենք գնում էինք, քանի դեռ Ավստրիայում չէինք հայտնաբերել Շրունսը՝ Ֆորարլբերգի բարձրադիր հովիտներից մեկում։ Այնտեղ եւս գրքերը մեզ հետ էին, այնպես որ ապրում էի գտած մի նոր աշխարհում։ Ցերեկը ձյուն էի տեսնում, անտառներ ու սառցադաշտեր՝ իրենց ձմեռային առեղծվածներով, եւ իմ ապաստարանը՝ բարձր լեռներում ծվարած «Տաուբե» գյուղական հյուրանոցում, իսկ գիշերը ինձ հետ էր հրաշալի մի այլ աշխարհ, որ պարգեւել էին ռուս գրողները։ Նախ ռուսները, իսկ հետո մնացած բոլորը։ Բայց երկար ժամանակ՝ միայն ռուսները։
Հիշում եմ՝ մի անգամ, երբ մենք Էզրայի հետ թենիս խաղալուց հետո վերադառնում էինք Արագո զբոսայգուց, եւ Էզրան ինձ առաջարկեց մտնել իր մոտ մի բան խմելու, ես նրան հարցրի, թե նա ի՞նչ կարծիքի է Դոստոեւսկու մասին։
— Ճիշտն ասած, Հեմ,— ասաց Էզրան,— ես այդ ռուսներից ոչ ոքի չեմ կարդացել։
Դա ազնիվ պատասխան էր, եւ ընդհանրապես Էզրան զրույցի ժամանակ միշտ ազնիվ էր ինձ հետ։ Բայց նրա պատասխանը ինձ համար ցավալի էր, որովհետեւ նա մի մարդ էր, որին ես սիրում էի եւ որի կարծիքը՝ որպես քննադատի, այն ժամանակ ինձ համար անվիճելի էր։ Դա մի մարդ էր, որը հավատում էր mot juste֊ին՝ միակ ճիշտ խոսքին, մի մարդ, որն ինձ սովորեցրել էր չվստահել ածականներին, ինչպես ավելի ուշ ես սովորեցի չվստահել որոշ մարդկանց որոշ իրադրություններում,— ես ցանկանում էի իմանալ նրա կարծիքը այն մարդու մասին, որ գրեթե երբեք չի գտել mot juste֊ն եւ այսուամենայնիվ հաճախ կարողանում էր իր հերոսներին այնքան կենդանի դարձնել, ինչպես ոչ ոք։
— Կարդացեք ֆրանսիացիներին,— ասաց Էզրան,— նրանցից դուք շատ բան կարող եք սովորել։
— Գիտեմ,— ասացի ես,— ումնից ասես, ես կարող եմ շատ բան սովորել։
Ավելի ուշ, դուրս գալով Էզրայի մոտից, ես ուղեւորվեցի դեպի սղոցարանը, նայելով առաջ, ուր բարձր տների արանքից փողոցի վերջում երեւում էին Սեն֊Միշել բուլվարի մերկ ծառերը եւ Բյուլե պարադահլիճի ճակատը, այնուհետեւ բացեցի դռնակը, անցա թարմ սղոցած տախտակների կողքով եւ ռակետկան դրեցի մամլիչի մեջ՝ սանդուղքի կողքին, որը տանում էր դեպի վերին հարկը։ Ես ձայնեցի, բայց տանը ոչ ոք չկար։
— Տիկինը դուրս է եկել եւ bonne֊ն<ref>Դայակ (ֆրանս․)։</ref> նույնպես՝ երեխայի հետ,— ասաց ինձ սղոցարանի տիրոջ կինը։ Նա ծանր բնավորություն ուներ, ծանր մարմին եւ պղնձագույն֊շիկավուն մազեր։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան։— Ձեզ ինչ֊որ երիտասարդ էր հարցնում,— ասաց նա «մսյո»֊ի փոխարեն նրան անվանելով «jeune homme»<ref>Երիտասարդ (ֆրանս․)։</ref>։— Նա ասաց, թե «Լիլա»֊յում կլինի։
— Շնորհակալություն,— ասացի,— եթե տիկինը վերադառնա, խնդրում եմ հայտնեցեք նրան, որ ես կլինեմ «Լիլա»֊յում։
— Նա գնաց ինչ֊որ ծանոթների հետ,— ասաց տանտիրուհին եւ փաթաթվելով մանուշակագույն խալաթի մեջ, իր բարձրակրունկ կոշիկներով քայլեց դեպի իր տիրույթը, դուռը բաց թողնելով։
Ես անցա լայն փողոցի սպիտակ տների արանքով, արեւով ողողված խաչմերուկում աջ թեքվեցի եւ մտա «Լիլա» սրճարանի կիսախավարը։
Այնտեղ ծանոթ մարդիկ չկային։ Ես դուրս եկա պատշգամբ եւ տեսա Իվեն Շիպմենին, որն ինձ էր սպասում։ Նա լավ պոետ էր եւ, բացի այդ, սիրում ու գնահատում էր նժույգներ, գրականություն ու գեղանկարչություն։ Նա տեղից բարձրացավ, եւ ես տեսա մի բարձրահասակ, դժգույն ու նիհար մարդու, ճմրթված օձիքով մի հին սպիտակ վերնաշապիկ, խնամքով հանգույցած փողկապ, մաշված ու ճմրթված կոստյում, մազերից ավելի սեւ մատներ, կեղտոտ եղունգներ եւ բերկրալից, ամոթխած ժպիտ․ ժպտալուց նա բերանը չէր բացում, որպեսզի չերեւան փչացած ատամները։
— Ուրախ եմ ձեզ տեսնելու, Հեմ,— ասաց նա։
— Ինչպե՞ս եք ապրում, Իվեն,— հարցրի ես։
— Սովորական,— ասաց նա,— թեեւ, կարծեմ, հաղթահարեցի «Մազեպա»֊ն։ Իսկ դո՞ւք ինչպես եք, ամեն ինչ լա՞վ է։
— Կարծես թե՝ այո,— ասացի,— երբ դուք ինձ մոտ էիք եկել, ես Էզրայի հետ թենիս էի խաղում։
— Իսկ Էզրայի գործե՞րն էլ լավ են։
— Շատ։
— Ես այնքան ուրախ եմ։ Գիտեմ, Հեմ, ես, թվում է, դուր չեմ եկել ձեր տանտիրուհուն։ Նա ինձ թույլ չտվեց վերեւում սպասել ձեզ։
— Ես կխոսեմ նրա հետ,— ասացի։
— Մի անհանգստացեք, ես միտ էլ կարող եմ ձեզ այստեղ սպասել։ Այտսեղ արեւ է ու հաճելի։
— Հիմա աշուն է,— ասացի,— իմ կարծիքով, դուք շատ թեթեւ եք հագնվում։
— Միայն երեկոյան դեմ է հով լինում,— ասաց Իվենը,— ես վերարկու կհագնեմ։
— Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ է ձեր վերարկուն։
— Ոչ։ Բայց երեւի ապահով տեղ է։
— Որտեղի՞ց գիտեք։
— Ես վերարկուիս գրպանում մի պոեմ եմ թողել,— նա ուրախ ծիծաղեց, ձգտելով շրթունքները չբացել,— խնդրում եմ, Հեմ, միասին վիսկի խմենք։
— Լավ։
— Ժան։— Իվենը բարձրացավ տեղից, կանչեց մատուցողին,— խնդրում եմ երկու վիսկի։
Ժանը բերեց մի շիշ վիսկի, ըմպանակներ, սիֆոն եւ տասը ֆրանկանոց երկու ափսե։ Նա մենզուրկա չէր օգտագործում եւ վիսկին լցնում էր այնքան, մինչեւ որ ըմպանակները կլցվեին երեք քառորդի չափ։ Ժանը սիրում էր Իվենին, որովհետեւ, երբ Ժանը ազատ օր էր ունենում, հաճախ աշխատում էր նրա այգում, Մոնրուժում, որ գտնվում է Օռլեանի ուղեկալից դենը։
— Պետք չէ հրապուրվել,— բարձրահասակ, տարեց մատուցողին ասաց Իվենը։
— Բայց սա երկու վիսկի է, ճիշտ չէ՞,— հարցրեց մատուցողը։
Մենք ջուր ավելացրինք, եւ Իվենն ասաց․
— Առաջին կումը ամենակարեւորն է, Հեմ։ Եթե ճիշտ խմենք, սա մեզ երկար կբավարարի։
— Դուք գոնե մի քիչ մտածո՞ւմ եք ձեր մասին,— հարցրի ես։
— Իհարկե, մտածում եմ, Հեմ, բայց եկեք ուրիշ բանի մասին խոսենք, լա՞վ։
Պատշգամբում մեզնից բացի ոչ ոք չկար, եւ վիսկին մեզ երկուսիս էլ տաքացրել էր, թեեւ ես ավելի տաք էի հագնված, քան Իվենը, որովհետեւ ներքնաշապկի փոխարեն հագել էի սվիտեր, հետո շապիկ, իսկ շապիկի վրայից՝ բրդե կապույտ պուլովեր, ինչպիսին հագնում են ֆրանսիացի ծովայինները։
— Ես շարունակ մտածում եմ Դոստոեւսկու մասին,— ասացի,— մարդ ինչպե՞ս կարող է այնքան վատ գրել, չլսված վատ, եւ այդքան ուժեղ ներգործել։
— Հազիվ թե բանը թարգմանության մեջ լինի,— ասաց Իվենը։— Կոնստանս Հառնետի մոտ Տոլստոյը լավ է գրում։
— Ես գիտեմ։ Ես դեռեւս չեմ մոռացել, թե քանի անգամ չեմ կարողացել «Պատերազմ ու խաղաղությունը» կարդալ մինչեւ վերջ, նախքան վերջապես կգտնեի Կոնստանս Հառնետի թարգմանությունը։
— Ասում են, այն ավելի լավ կարելի էր թարգմանել,— ասաց Իվենը,— ես նույնպես այդպես եմ կարծում, թեեւ ռուսերեն չգիտեմ։ Բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, թե ինչ ասել է թարգմանություն։ Եվ այսուամենայնիվ, շատ ուժեղ վեպ է, իմ կարծիքով աշխարհում ամենաուժեղը, եւ անվերջ կարելի է կարդալ։
— Ես գիտեմ,— ասացի,— բայց Դոստոեւսկուն հնարավոր չէ վերընթերցել։ Երբ Շրունսում էինք, ես ինձ հետ վերցրել էի «Ոճիր եւ պատիժ»֊ը ու չկարողացա կրկին ընթերցել, թեեւ կարդալու ուրիշ բան չունեի։ Ես ավստրիական թերթեր էի կարդում եւ պարապում էի գերմաներենով, մինչեւ որ գտանք Տրոլոպի մի ինչ֊որ վեպը՝ Տաուխնիցի հրատարակությամբ։
— Աստված օրհնի Տաուխնիցին,— ասաց Իվենը։
Վիսկին արդեն չէր վառում եւ այժմ, երբ մենք էլի ջուր էինք ավելացրել, այն ուղղակի չափազանց ուժեղ էր թվում։
— Դոստոեւսկին շան որդի էր, Հեմ,— ասաց Իվենը,— եւ նրա մոտ ամենից լավ ստացվել են շան որդիներն ու սրբերը։ Նրա մոտ սրբերը հիանալի են։ Շատ վատ է, որ մենք չենք կարողանում նրան վերընթերցել։
— Ես մտադիր եմ մի անգամ էլ կարդալ «Կարամազով եղբայրները»․ գուցե մեղքը նրանը չէ, այլ իմը։
— Սկզբում ամեն ինչ լավ կգնա։ Եվ բավականին երկար ժամանակ, իսկ հետո դուք կսկսեք զայրանալ, թեեւ դա մեծ գիրք է։
— Դե, ինչ կա որ, մեր բախտը բանեց, երբ մենք նրան առաջին անգամն էինք կարդում։ Եվ գուցե երեւան գա ավելի հաջող թարգմանություն։
— Բայց մի գայթակղվեք, Հեմ։
— Չեմ գայթակղվի։ Ես պարզապես կձգտեմ, որ դա ինքն իրեն ստացվի։ Այդ դեպքում որքան շատ ես կարդում, այնքան ավելի լավ։
— Դե, ինչ կա որ, թող Ժանի վիսկին ձեզ օգնի,— ասաց Իվենը։
— Սրա համար նա դեռեւս անախորժությունների մեջ կընկնի,— ասացի։
— Այդ անախորժություններն արդեն սկսվել են,— ասաց Իվենը։
— Ինչպե՞ս։
— Սրճարանը ուրիշի ձեռք է անցնում,— ասաց Իվենը,— նոր տերերը ցանկանում են ավելի հարուստ հաճախորդներ ունենալ եւ մտադիր են այստեղ ամերիկյան բար կազմակերպել։ Մատուցողներին սպիտակ բաճկոններ կհագցնեն, Հեմ, եւ նրանց կարգադրված է խուզել բեղերը։
— Անդրեին եւ Ժանի՞ն։ Չի կարող պատահել։
— Չի կարող, բայց կպատահի։
— Ժանը ամբողջ կյանքում բեղեր է պահում։ Նա դրագունական բեղեր ունի։ Հեծյալ գնդում է ծառայել։
— Եվ այնուամենայնիվ նա իր բեղերը կխուզի։
Ես խմեցի իմ վիսկին։
— Էլի վիսկի բերե՞մ, մսյո,— հարցրեց Ժանը,— վիսկի՞ բերեմ, մսյո Շիմպեն։
Կախ ընկած թավ բեղերը նրա նիհար, բարի դեմքի մի մասն էին կազմում, իսկ սղալած մազերի տակից գագաթին փայլում էր ճաղատը։
— Պետք չէ, Ժան,— ասացի ես,— վտանգավոր է։
— Ոչ մի վտանգ էլ չկա,— ցածր ձայնով ասաց նա,— չափազանց մեծ խառնաշփոթություն է տիրում։ Entendu<ref>Լսում եմ (ֆրանս․)։</ref>, մսյո,— ասաց նա բարձրաձայն, գնաց սրճարան եւ վերադարձավ, իր հետ բերելով մի շիշ վիսկի, երկու բաժակ, երկու տասֆրանկանոց ափսե ու մի շիշ զելտերյան ջուր։
— Պետք չէ, Ժան,— ասացի ես։
Նա բաժակները դրեց ափսեի մեջ, գրեթե մինչեւ վերջ վիսկի լցրեց, եւ շիշը, նրա մեջ մնացած վիսկիով, հետ տարավ սրճարան։ Մենք Իվենի հետ մի քիչ զելտերյան ջուր լցրինք բաժակները։
— Լավ է, որ Դոստոեւսկին ծանոթ չի եղել Ժանի հետ,— ասաց Իվենը։— Թե չէ կխմեր, կկործաներ իրեն։
— Իսկ մենք ի՞նչ անենք։
— Խմենք,— ասաց Իվենը։— Դա բողոք է։ Ակտիվ գործողություն։
Երկուշաբթի օրը, երբ ես առավոտյան «Լիլա» եկա գրելու, Անդրեն ինձ համար bovril բերեց՝ մի բաժակ տավարի մսաջուր։ Անդրեն պնդակազմ էր ու շիկահեր, նրա վերին շրթունքը, որի վրա առաջ խոզանականման բեղեր կային, հարթացել էր, ինչպես քահանայի մոտ է լինում։ Նա հագել էր ամերիկյան բարմենի սպիտակ բաճկոն։
— Իսկ ո՞ւր է Ժանը։
— Նա վաղն է աշխատում։
— Ո՞նց է։
— Նրա համար ավելի դժվար է հաշտվել սրա հետ։ Պատերազմի ամբողջ ընթացքում նա ծառայել է դրագունյան գնդում։ Նա «Ջինվորական խաչ» եւ «Զինվորական մեդալ» ունի։
— Ես չգիտեի, որ նա այդքան ծանր վիրավորված է եղել։
— Դա այն չէ։ Նա իրոք վիրավորված է եղել, բայց «Զինվորական մեդալը» այլ բանի համար է ստացել։ Քաջագործության համար։
— Նրան ասացեք, որ ես հարցրել եմ իր մասին։
— Անշուշտ,— ասաց Անդրեն։— Հուսով եմ, որ նա այնուամենայնիվ կհաշտվի այս ամենի հետ։
— Խնդրեմ, նրան ողջույն հաղորդեք նաեւ պարոն Շիպմենի կողմից։
— Պարոն Շիպմենը նրա մոտ է,— ասաց Անդրեն։— Նրանք միասին են աշխատում նրա այգում։