Changes

Ոսկե բզեզը

Ավելացվել է 4095 բայտ, 07:59, 12 Դեկտեմբերի 2015
― Այո, կամ դրա նման մի բան։ Ճշմարիտն ասած, ինձ արդեն տիրել էր վիթխարի հաջողության անկոտրում նախազգացումը։ Թե ինչու, ինքս էլ չգիտեմ։ Գուցե դա ոչ այնքան նախազգացում էր, որքան ինքնաներշնչում։ Կհավատա՞ք, Յուպիտերի հիմար խոսքերը, թե բզեզը զուտ ոսկուց է, ուժեղ էին ազդել երևակայությանս վրա։ Բացի այդ, պատահականությունների և զուգադիպումների նման տարօրինակ շղթան․․․ Չէ որ ամեն ինչ կատարվեց հենց այն օրը, որը լինում է գուցե և տարին մեկ անգամ, երբ ցուրտը ստիպում է բուխարին վառել, իսկ առանց բուխարու և առանց իմ շան մասնակցության, որը երևաց հենց հարկավոր րոպեին, ես երբեք չէի իմանա գանգի մասին ու երբեք գանձի տեր չէի դառնա։
 
― Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ես վառվում եմ անհամբերությունից։
 
― Շատ լավ։ Դուք, իհարկե, գիտեք, որ բազմաթիվ մշուշոտ ավանդություններ կան Քիդդի և նրա մեղսակիցների՝ Ատլանտյան ափերում թաղած գանձերի մասին։ Այդ ավանդությունների հիմքում, իհարկե, փաստեր են ընկած։ Դրանք գոյություն ունեն վաղուց ի վեր և չեն կորցնում իրենց կենդանությունը՝ ենթադրում եմ, որ դա խոսում է այն մասին, որ մինչ այժմ գանձերը չեն գտնվել։ Եթե Քիդդը նախ թաքցներ գանձերը, ապա գար ու վերցներ, հազիվ թե ավանդությունները մեզ հասնեին միևնույն անփոփոխ ձևով։ Նկատի ունեցեք, ավանդությունները պատմում են սոսկ գանձերը որոնելու մասին, գտնելու մասին ոչ մի խոսք չկա։ Բավական է, ծովահենը հաներ գանձերը, և խոսակցությունը կդադարեր։ Ինձ միշտ թվում էր, որ ինչ֊որ պատահականություն, օրինակ, թաքստարանի տեղը նշող պլանը կորցնելն է խանգարել Քիդդին գտնել գանձը։ Քիդդի դժբախտությանը տեղեկացան ուրիշ ծովահեններ, որոնք առանց այդ երբեք չէին իմանա թաքցրած գանձերի մասին։ Բախտի բերմանն ապավինած նրանց ապարդյուն որոնումներն էլ հենց ծնունդ են տվել այդ բոլոր խոսակցություններին ու ավանդություններին, որոնք տարածվել են աշխարհով մեկ ու հասել մեր օրերը։ Երբևիցե լսե՞լ եք, որ մեր ափերին ինչ֊որ մեկը հարուստ գանձարան գտնի։
 
― Ոչ, երբեք։
 
― Բայց չէ որ բոլորը գիտեն, թե ի՜նչ անհամար հարստություն ուներ Քիդդը։ Այսպիսով, ես եզրակացրեցի, որ գանձը դեռևս թաղված է հողում։ Թող, ուրեմն, ձեզ չզարմացնի, որ իմ մեջ վստահությանը հավասար հույս ծնվեց, որ նման անսովոր ճանապարհով ձեռքս ընկած մագաղաթն ինձ ցույց կտա, թե որտեղ են թաղված Քիդդի գանձերը։
 
― Իսկ հետո՞ ինչ արեցիք։
 
― Ես կրկին տաքացրեցի մագաղաթը, աստիճանաբար բորբոքելով կրակը, բայց դա ոչ մի նոր բան չտվեց։ Այդժամ ես որոշեցի, որ խանգարողը մագաղաթի վրա շերտ կապած կեղտն է։ Վերցրեցի մագաղաթը, զգուշորեն լվացի գաղջ ջրով, ապա դրեցի երկաթյա թավայի վրա, գանգ պատկերող երեսը դեպի կրակը, և թավան դրեցի շիկացած ածուխների վրա։ Մի քանի րոպե անց, երբ թավան կարմրեց, հանեցի մագաղաթը և անպատմելի ուրախությամբ տեսա, որ տեղ֊տեղ երևան են եկել տող առ տող գրված ինչ֊որ նշաններ ու թվեր։ Ես թավան կրկին դրեցի կրակին ու մի րոպեի չափ էլ պահեցի։ Այդ ժամանակ գրածը երևան եկավ ամբողջությամբ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։
 
Լըգրանը տաքացրեց մագաղաթն ու ինձ տվեց։ Գանգի և ուլիկի արանքում, կարմիր թանաքով կոշտուկոպիտ գրված, հետևյալ նշաններն էին․
 
 
::::::::::53##+305))6*;4826)4#);806*;48
 
::::::::::+8 I 60))85;;]8*;:# *8+83(88)5*+46
 
::::::::::(;88*96*?;8)*#(485);5+2:*(;4956
Ադմին, Վստահելի
1876
edits