Changes
/* III */
== III ==
— Առողջ է, առողջ է,— ուրախ բացականչությամբ դիմավորեց Զոսիմովը ներս մտնողներին։ Արդեն մոտ տասը րոպե էր, որ նա եկել էր ու նստել բազմոցին, երեկվա տեղը։ Ռասկոլնիկովը նստել էր նրա դիմաց, անկյունում, բոլորովին հագնված և նույնիսկ խնամքով լվացված ու սանրված, մի բան, որ արդեն վաղուց չէր արել։ Սենյակը միանգամից լցվեց, բայց Նաստասյան այնուամենայնիվ կարողացավ ներս անցնել այցելուների ետևից ու լսել խոսակցությունը։
Իսկապես, Ռասկոլնիկովը համարյա առողջ էր, մանավանդ նախորդ օրվա համեմատությամբ, միայն թե խիստ գունատ էր, մտացրիվ ու նոթոտ։ Արտաքուստ նա կարծես նման լիներ վիրավոր մարդու կամ այնպիսի մեկին, որը մի որևէ ուժեղ ֆիզիկական ցավ է զգում, նա կիտել էր հոնքերը, սեղմել շրթունքները, հայացքը բորբոքված էր։ Նա խոսում էր քիչ և դժկամորեն, ասես ուժ գործադրելով կամ կատարելով ինչ-որ պարտականություն, ու նրա շարժումները երբեմն ինչ-որ անհանգստություն էին արտահայտում։
Եթե նրա ձեռքը կապված լիներ վիրակապով կամ որևէ մատը՝ դիպակե կտորով, նա բոլորովին նման կլիներ այն մարդուն, որի մատը, օրինակ, թարախակալել է և շատ է ցավում կամ վիրավորված է ձեռքը, կամ որևէ այդպիսի մի բան։
Սակայն այդ դալուկ և մռայլ դեմքն էլ ասես լուսավորվեց մի ակնթարթ, երբ ներս մտան մայրն ու քույրը, այնուամենայնիվ առաջվա թախծոտ ցրվածության փոխարեն դա կարծես միայն ավելի խոր տանչանք ավելացրեց այդ դեմքի արտահայտությանր։ Լույսը շուտով մարեց, իսկ տանջանքը մնաց, ու Զոսիմովը, որ բուժման գործը հենց նոր սկսած բժշկի երիտասարդական ամբողջ եռանդով հետամտում և ուսումնասիրում էր իր հիվանդին, հարազատների գալուց հետո ուրախության փոխարեն նրա մեջ նկատեց մի տեսակ ծանր, թաքցրած վճռականություն՝ մի երկու ժամ հանդուրժել խոշտանգումը, որից անկարելի էր խուսափել։ Զոսիմովը հետո տեսնում էր, թե ինչպես սկսված խոսակցության համարյա յուրաքանչյուր բառը ասես շոշափում և բորբոքում էր իր հիվանդի որևէ վերքը. բայց միևնույն ժամանակ նա մասամբ զարմանում էր, թե երեկվա մենամոլը ինչպես էր կարողանում այսօր տիրապետել ինքն իրեն և թաքցնել իր զգացմունքները, մինչդեռ նախորդ օրը ամենաչնչին խոսքից անգամ կատաղության էր հասնում։
— Այո, հիմա ես ինքս եմ տեսնում, որ համարյա առողջ եմ,— ասաց Ռասկոլնիկովը՝ սիրալիր համբուրելով մորն ու քրոջը, որով բուռն ուրախություն պատճառեց Պույլխերիա Ալեքսանդրովնային,— և արդեն ''երեկվա պես'' չեմ ասում սա,— ավելացրեց նա՝ դիմելով Ռազումիխինին ու բարեկամաբար սեղմելով նրա ձեռքը։
— Այսօր ես նույնիսկ զարմացա նրա վրա,— ասաց Զոսիմովը, այցելուների գալուց շատ ուրախացած, որովհետև տասը րոպեում արդեն կորցրել էր իր հիվանդի հետ ունեցած խոսակցության թելը։— Եթե գործը այսպես գնա, մի երեք-չորս օր հետո նա բոլորովին այնպես կլինի, ինչպես առաջ, այսինքն՝ ինչպես եղել է մեկ կամ երկու... կամ թերևա երեք ամիս առաջ։ Այդ հո վաղուց էր սկսվել և նախապատրաստվել... այնպես չէ՞։ Հիմա խոստովանեցեք, որ գուցե ինքներդ եք մեղավոր եղել,— զգույշ ժպիտով ավելացրեց նա՝ ասես դեռ էլի վախենալով որևէ կերպ ջղայնացնել Ռասկոլնիկովին։
— Գուցե և այդպես է,— սառը պատասխանեց Ռասկոլնիկովը։
― Ես սա ասում եմ այն մտքով, որ ձեր կատարյալ առողջացումը հիմա գլխավորապես միայն ձեզնից է կախված,— շարունակեց Զոսիմովը։— Այժմ, երբ արդեն կարելի է խոսել ձեզ հետ, ես կուզենայի ձեզ ներշնչել, որ անհրաժեշա է վերացնել սկզբնական, այսպես ասած՝ արմատական պատճառները, որոնցից առաջացել է ձեր հիվանդոտ վիճակը, և այդ դեպքում բոլորովին կբուժվեք, թե չէ բանը նույնիսկ ավելի վատ կլինի։ Այդ սկզբնական պատճառները ես չգիտեմ, բայց դրանք պետք է որ ձեզ հայտնի լինեն։ Դուք խելացի մարդ եք և, իհարկե, ինքներդ ձեզ հետամուտ եք եղել։ Ինձ թվում է, որ ձեր հիվանդությունը մասամբ սկիզբ է առել համալսարանից ձեր դուրս գալու ժամանակ։ Դուք չպետք է մնաք առանց զբաղմունքների։ Ինձ թվում է, որ աշխատանքը և հաստատապես որոշած նպատակը կարող էին ձեզ շատ օգնել։
— Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք... շուտով ես համալսարան կմտնեմ և այն ժամանակ ամեն ինչ հաջող կգնա․․․
Զոսիմովը, որ սկսել էր խելացի խորհուրդներ տալ մասամբ կանանց վրա տպավորություն թողնելու համար, իհարկե, մի փոքր շփոթվեց, երբ վերջացնելով խոսքը և նայելով իր հիվանդին, նրա դեմքին թունդ հեգնանք նկատեց։ Սակայն դա լոկ մի ակնթարթ տևեց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան իսկույն նրան շնորհակալություն հայտնեց, առանձնապես անցած գիշերը հյուրանոցում իրենց այցելելու համար։
— Ինչպե՜ս, նա գիշերն է՞լ է եղել ձեզ մոտ,— կարծես անհանգստանալով հարցրեց Ռասկոլնիկովը։— Ուրեմն ճանապարհից հետո դուք չե՞ք քնել։
— Ախ, Ռոդյա, այդ միայն մինչև ժամը երկուսն էր։ Ես ու Դունյան տանն էլ երկուսից շուտ չէինք պառկում քնելու։
— Ես նույնպես չգիտեմ ինչով շնորհակալ լինեմ նրանից,— շարունակեց Ռասկոլնիկովը՝ հանկարծ մռայլվելով ու կիտելով հոնքերը։— Մի կողմ թողնելով փողի հարցը, ես չգիտեմ, թե ինչով եմ արժանացել ձեր առանձնահատուկ ուշադրության,— դիմեց նա Զոսիմովին,— դուք ներեցեք, որ ես այդ հիշատակեցի։ Ուղղակի չեմ հասկանում... և... և դա նույնիսկ ծանր է ինձ համար, որովհետև անհասկանալի է. ես սա անկեղծորեն եմ ասում։
— Դուք մի հուզվեք,— բռնազբոսիկ ծիծաղեց Զոսիմովը,— ենթադրեցեք, որ դուք իմ առաջին հիվանդն եք, իսկ ինձ պես բժիշկները, որոնք հենց նոր են պրակտիկա սկսում, սիրում են իրենց առաջին հիվանդներին, ինչպես իրենց երեխաներին, ոմանք էլ համարյա սիրահարվում են նրանց։ Իսկ ես չէ՞ որ շատ հիվանդներ չունեմ։
— Ես չեմ էլ խոսում սրա մասին,— ավելցրեց Ռասկոլնիկովը՝ ցույց տալով Ռազումիխինին,— սա էլ, բացի վիրավորանքներից ու գլխացավանքներից, ուրիշ ոչինչ չի տեսել ինձանից։
— Է՜, ստում է։ Դու այսօր կարեկցության զգացումո՞վ ես համակված, ինչ է,— գոչեց Ռազումիխինը։
Եթե նա ավելի խորաթափանց լիներ, կտեսներ, որ այստեղ կարեկցության զգացում բոլորովին չկար, այլ կար նույնիսկ դրան հակառակ ինչ-որ մի բան։ Ավդոտյա Ռոմանովնան այդ նկատեց։ Նա ուշադիր և անհանգիստ հետամտում էր եղբորը։
— Իսկ ձեր մասին, մայրիկս, ես չեմ էլ համարձակվում խոսել,— շարունակեց Ռասկոլնիկովը, ասես դա առավոտից սերտած դաս լիներ,— ես միայն այսօր կարողացա շատ թե քիչ գլխի ընկնել, թե ինչպես էիք երեկ դուք այստեղ հալումաշ լինում՝ սպասելով իմ վերադարձին։— Այս ասելով, նա հանկարծ ժպտաց և ձեռքը լուռ մեկնեց քրոջը։ Այս անգամ նրա ժպիտը իսպառ անկեղծ զգացմունք արտահայտեց։ Դունյան անմիջապես վերցրեց և ջերմորեն սեղմեց իրեն մեկնված ձեռքը, ուրախացավ և շնորհակալ եղավ։ Նախորդ օրվա գժտությունից հետո աոաջին անգամն էր, որ Ռոդյան դիմում էր քրոջը։ Եղբոր և քրոջ վերջնականապես և առանց երկար խոսելու հաշտվելը ցնծության ու երջանկության լույս վառեց մոր դեմքին։
— Ա՛յ, հենց դրա համար էլ ես սիրում եմ Ռոդյային,— շշնջաց ամեն ինչ չափազանցնող Ռազումիխինը՝ արագ շուռ գալով աթոռի վրա։— Նա զուրկ չէ այդպիսի հակումներից...
«Որքա՜ն լավ է նա վարվում,— մտածում էր մայրը,— ինչպիսի՜ ազնիվ պոռթկումներ ունի և ինչպե՜ս իր և քրոջ միջև երեկ եղած թյուրիմացությանը խոհեմաբար և հեշտությամբ վերջ տվեց հենց միայն նրանով, որ հիմա ձեռք մեկնեց ու լավ նայեց նրան... Եվ ինչպիսի՜ գեղեցիկ աչքեր ունի, և որքա՜ն գեղեցիկ է ամբողջ դեմքը։ Նա իր արտաքինով նույնիսկ Դունեչկայից էլ լավն է․․․ բայց, աստված իմ, այդ ի՞նչ կոստյում է, որքա՜ն նա վատ է հագնված։ Աֆանասի Իվանովիչի խանութի ցրիչ Վասյան նրանից ավելի լավ է հագնված․․․ Օ, որքա՜ն կուզենայի մոտենալ, գրկել նրան և... լաց լինել, բայց վախենում եմ, վախենում եմ... Ինչպիսի՜ն է նա, տեր աստված... ահա և փաղաքշանքով է խոսում, բայց վախենում եմ, ախր ինչի՞ց եմ վախենում...»
— Ախ, Ռոդյա, դու չես հավատա, թե երեկ ես ու Դունյան որքան... դժբախտ էինք,— հանկարծ ասաց նա՝ շտապելով պատասխանել որդու դիտողությանը։— Հիմա, երբ արդեն ամեն ինչ անցել է ու վերջացել, և մենք բոլորս էլ երջանիկ ենք, կարելի է ամեն ինչ պատմել։ Երևակայիր, համարյա թե վագոնից իջնելուն պես վազում ենք այստեղ, որ քեզ գրկենք, իսկ այն կինը, հա՛, նա այստեղ է, բարև, Նաստասյա... նա հանկարծ ասում է մեզ, որ դու հիվանդ ես հարբեցողի տենդով և քիչ առաջ զառանցանքի մեջ, ծածուկ փախել ես բժշկից, տանից, գնացել ես, և քեզ ման են գալիս։ Դու չես հավատա, թե մեզ հետ ինչ էր կատարվում։ Ես հիշեցի, թե ինչպիսի ողբերգական մահով մեռավ պորուչիկ Պոտանչիկովը, մեր ծանոթը, հորդ ընկերը։ Դու նրան չես հիշում, Ռոդյա, նա էլ հիվանդ էր հարբեցողի տենդով, նույնպես տանից դուրս փախավ և բակում ընկավ ջրհորի մեջ, միայն մյուս օրը կարողացան այնտեղից հանել։ Իսկ մենք, իհարկե, բանը է՛լ ավելի չափազանցրինք։ Ուզում էինք վազել, գտնել Պյոտր Պետրովիչին, որ գոնե նրա օգնությամբ... որովհետև մենք մենակ էինք, բոլորովին մենակ,— ծոր տվեց մայրը ցավագին ձայնով և հանկարծ բոլորովին շշկլվեց՝ հիշելով, որ Պյոտր Պետրովիչի մասին խոսելը դեռ բավական վտանգավոր է, չնայելով, որ «բոլորը էլի միանգամայն երջանիկ են»։
— Այո, այո... այդ բոլորը իհարկե... ցավալի է...— պատասխանեց Ռասկոլնիկովը փնթփնթալով և այնպիսի ցրված ու անուշադիր տեսքով, որ Դունեչկան զարմացած նայեց նրան։
— Ը... ըմ... էլ ի՞նչ էի ուզում ասել,— շարունակեց Ռասկոլնիկովը՝ լարելով հիշողությունը,— հա՛, խնդրում եմ քեզ, մայրիկ, և քեզ էլ, Դունեչկա, չկարծեք, թե ես այսօր չէի ուզում առաջինը գալ ձեզ մոտ և սպասում էի, որ դուք առաջինը անցնեք ինձ մոտ։
— Ի՞նչ ես ասում, Ռոդյա,— նույնպես զարմացած Պույլխերիա Ալեքսանդրովնան։
«Նա մեզ ըստ պարտականությա՞ն է պատասխանում, ի՞նչ է,— մտածեց Դունեչկան,— թե հաշտվում է, թե ներողություն է խնդրում, կարծես ծես է կատարում կամ դասն է սերտել»։
— Ես հենց նոր արթնացա և ուզում էի գալ, բայց կոստյումս պատրաստ չլինելու պատճառով ուշացա․ մոռացել էի երեկ նրան... Նաստասյային ասել... որ մաքրեր արյունը․․․ Միայն այժմ կարողացա հագնվել։
— Արյո՞ւնը, ի՞նչ արյուն,— անհանգստացավ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ոչինչ, մի անհանգստանաք։ Այդ արյունը նրանից էր, որ երեկ, երբ ես մի քիչ զառանցելով թրևում էի, շփվեցի կառքի տակ ընկած մի մարդու... մի աստիճանավորի հետ․․․
— Զառանցո՞ւմ էիր, բայց չէ՞ որ դու ամեն ինչ հիշում ես,— ընդհատեց Ռազումիխինը։
— Այդ ճշմարիտ է,— նրան մի ինչ֊որ առանձին հոգատարությամբ պատասխանեց Ռասկոլնիկովը,— հիշում եմ ամեն ինչ, նույնիսկ ամենաչնչին մանրամասնությունները, բայց ախր ինչո՞ւ էի այդ անում, գնում այնտեղ, այլևայլ բաներ ասում— չեմ էլ կարող դա լավ բացատրել։
— Շատ հայտնի երևույթ է,— մեջ մտավ Ջոսիմովը,— գործը երբեմն կատարվում է վարպետորեն, հմտությամբ, իսկ արարքների կառավարումը, արարքների սկիզբը խանգարված է և զանազան հիվանդագին տպավորություններից է կախված։ Երազի է նմանվում։
«Գուցե և դա լավ է, որ նա ինձ համարյա խելագարի տեղ է դնում»,— մտածեց Ռասկոլնիկովը։
— Բայց չէ՞ որ առողջներն էլ են լինում այդպիսի վիճակում,— ասաց Դունեչկան՝ անհանգիստ նայելով Զոսիմովին։
— Բավական ճիշտ դիտողություն է,— պատասխանեց Զոսիմովը,— այդ իմաստով մենք բոլորս իսկապես շատ հաճախ համարյա խելագարված ենք լինում, միայն այն փոքրիկ տարբերությամբ, որ «հիվանդները» մեզնից մի քիչ ավելի են խելագարված լինում, դրա համար էլ այստեղ անհրաժեշտ է իմանալ այդ տարբերությունը։ Իսկ հարմոնիկ մարդ գրեթե բոլորովին չկա, սա ճշմարիտ է. տասնյակներից, գուցե և հարյուր-հազարավորներից եզակի թվով են այդպիսիները լինում, այն էլ բավականին թույլ նմուշներ...
Լսելով «խելագարված» բառը, որ անզգուշությամբ բերանից թռցրեց իր սիրած թեմայի մասին շաղակրատող Զոսիմովը, բոլորը կնճռոտվեցին։ Ռասկոլնիկովը ասես ուշադրություն չդարձնելով, նստել էր մտազբաղ, տարօրինակ ժպիտը դալուկ շուրթերին։ Նա շարունակում էր ինչ֊որ բան կշռադատել։
— Հա՛, ի՞նչ եղավ կառքի տակ ընկածը, ես քեզ ընդհատեցի,— հապճեպ գոչեց Ռազումիխինը։
— Ինչ եղա՞վ,— կարծես քնից զարթնեց Ռասկոլնիկովը,— ը... ը... ես արյունոտվեցի, երբ օգնում էի նրան տուն տանելու․․․ հա՛, մայրիկ, երեկ ես մի աններելի բան արեցի. ուղղակի խելքս գլխիս չէր։ Ամբողջ փողը, որ դուք ուղարկել էիք ինձ, ես երեկ տվի... նրա կնոջը... թաղման համար։ Հիմա մնացել են՝ այրին, թոքախտավոր, ողորմելի մի կին․․․ երեք փոքրիկ, սովալլուկ որբեր... տունը դատարկ է... մի աղջիկ էլ կա... Գուցե դուք ինքներդ էլ փող տայիք, եթե նրանց տեսնեիք... Սակայն ես խոստովանում եմ, որ այդ անելու ոչ մի իրավունք չունեի, մանավանդ որ գիտեի, թե դուք ինչպես էիք ճարել այդ փողը։ Օգնելու համար պետք է նախ՝ այդպիսի իրավունք ունենալ, թե չէ՝ «Crevez chiens, si vous n’êtes pas contents»<ref>Խեղդվեցեք, շներ, եթե ձեզ վատ եք զգում (ֆրանս․)։</ref> Ռասկոլնիկովը քրքջաց։― Այդպես չէ՞, Դունյա։
— Ոչ, այդպես չէ,— կտրուկ պատասխանեց Դունյան։
— Պահ, ուրեմն դո՞ւ էլ... ինչ֊որ դիտավորություններ ունես... — փնթփնթաց Ռասկոլնիկովը, և համարյա ատելությամբ ու հեգնաբար ժպտալով, նայեց քրոջը։— Ես պետք է այդ կշռադատեի... Էհ, գովելի է. քեզ համար դա ավելի լավ է... կհասնես այնպիսի սահմանի, որը չես անցնի, դժբախտ կլինես, իսկ եթե անցար, գուցե է՛լ ավելի դժբախտ կլինես... Սակայն այս բոլորը դատարկ բան է,— ջղայնոտ ավելացրեց նա՝ սրտնեղելով իր ակամա շաղակրատանքից։— Ես ուզում էի միայն ասել, որ ձեզնից ներողություն եմ խնդրում, մայրիկ,— խիստ ու կտրական տոնով եզրափակեց Ռասկոլնիկովը։
— Դե չավ, էլի՛, Ռոդյա, ես հավատացած եմ, որ այն ամենը, ինչ որ դու անում ես, հիանալի է,— ասաց ուրախացած մայրը։
— Հավատացած մի՛ լինեք,— պատասխանեց Ռոդյան՝ ժպիտից ծռմռելով բերանը։ Տիրեց լռության։ Ինչ-որ լարվածություն կար այդ ամբողջ խոսակցության, լռության, հաշտվելու և ներման մեջ, ու բոլորը այդ զգում էին։
«Նրանք իրոք վախենում են ինձնից»,— մտածում էր Ռասկոլնիկովը՝ աչքի տակով նայելով մորն ու քրոջը։ եվ իսկապես, Պույլխերիա Ալեքսանդրովնան որքան շատ էր լռում, այնքան շատ էր երկչոտում։
«Ես հո նրանց սիրում էի, երբ հեռու էին»,― անցավ Ռասկոլնիկովի մտքով։
— Գիտե՞ս, Ռոդյա, Մարֆա Պետրովնան մեռավ,— հանկարծ հայտարարեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այդ ո՞ր Մարֆա Պետրովնան է։
— Ա՛խ, աստված իմ, Մարֆա Պետրովնան, Սվիդրիգայլովնան։ Ախր ես քեզ նրա մասին շատ բան էի գրել։
— Հա՛֊ա֊ա, այո, հիշում եմ... Ուրեմն մեռա՞վ։ Ա՛խ, իսկապե՞ս,— հանկարծ սթափվեց Ռասկոլնիկովը՝ ասես քնից արթնանալով։— Մի՞թե մեռավ։ Ինչի՞ց։
— Երևակայիր, հանկարծամահ եղավ,— վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ քաջալերվելով որդու հետաքրքրությունից,— և հենց այն ժամանակ, նույնիսկ հենց այն օրը, երբ ես քեզ նամակ ուղարկեցի։ Երևակայիր, նրա մահվան պատճառը կարծեմ այդ զարհուրելի մարդն էր։ Ասում են, որ սարսափելի ծեծել էր նրան։
— Մի՞թե նրանք այդպես էին ապրում,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ դիմելով քրոջը։
― Ո՛չ, նույնիսկ ընդհակառակը։ Նրա նկատմամբ ամուսինը շատ համբերատար էր, նույնիսկ քաղաքավարի։ Ամբողջ յոթ տարում, շատ դեպքերում նույնիսկ չափազանց ներողամիտ էր լինում կնոջ բնավորության հանդեպ... Սակայն հանկարծ կորցրեց համբերությունը։
— Ուրեմն նա ամենևին էլ այդքան սարսափելի չէ, եթե համբերել է յոթ տարի։ Դու երեի նրան արդարացնո՞ւմ ես, Դունեչկա։
— Ոչ, ոչ, նա զարհուրելի մարդ է։ Ավելի զարհուրելի բան ես չեմ էլ կարող պատկերացնել,— համարյա ցնցվելով պատասխանեց Դունյան, կիտեց հոնքերը, և մտածմունքի մեջ ընկավ։
— Նրանց մոտ դա պատահեց առավոտյան,— շտապելով, խոսքը շարունակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Հետո Մարֆա Պետրովնան իսկույն հրամայեց ձիերը լծել, որպեսզի ճաշից հետո անմիջապես մեկներ քաղաք, որովհետև նա միշտ այդպիսի դեպքերում քաղաք էր գնում, ասում են, որ մեծ ախորժակով էր ճաշում․․․
— Ծեծ ուտելուց հետո՞։
—... Ասենք նա միշտ էլ այդպիսի սովորություն ուներ, ու հենց որ ճաշեց, իսկույն գնաց լողարան, որպեսզի ճանապարհից չուշանար։ Գիտե՞ս, նա ինչ-որ բուժվում էր լողանալով, նրանց մոտ սառն աղբյուր կա, և նա ամեն օր կանոնավոր կերպով լողանում էր այդ աղբյուրում, այս անգամ հենց որ ջուրը մտավ, հանկարծ կաթվածահար եղավ։
— Դե, իհարկե,— ասաց Զոսիմովը։
— Ամուսինը խի՞ստ էր ծեծել։
— Այդ հո միևնույն է,— ասաց Դունյան։
— Հը՛մ։ Սակայն, մայրիկ, ի՞նչ կարիք կա պատմել այդ անհեթեթության մասին,— հանկարծ ջղայնությամբ ու անզգուշաբար ասաց Ռասկոլնիկովը։
— Ախ, սիրելիս, ես չգիտեի ինչի մասին խոսեի,— պատասխանեց Պույլխերիա Ալեքզանդրովնան։
— Այդ ի՞նչ է, դուք բոլորդ վախենո՞ւմ եք ինձնից,― սառը ժպտաց Ռասկոլնիկովը։
— Դա իրոք ճշմարիտ է,— վրա բերեց Դունյան՝ ուղիղ և խստորեն նայելով եղբորը։— Մայրիկը սանդուղքով բարձրանալիս նույնիսկ խաչակնքում էր վախից։
Ռասկոլնիկովի դեմքը ծռմռվեց ասես ջղաձգությունից։
— Ախ, ի՞նչ ես ասում, Դունյա։ Չբարկանա՛ս, Ռոդյա... Ինչո՞ւ ես այդ ասում, Դունյա,— շփոթվելով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Այդ ճիշտ է, որ երբ մենք գալիս էինք Պետերբուրգ, ամբողջ ճանապարհին, վագոնում ես երազում էի, թե մենք ինչպես կտեսնվենք, ինչպես ամեն ինչ կհաղորդենք միմյանց... Ու այնպես երջանիկ էի, որ ճանապարհն էլ չէի տեսնում։ Եվ ի՞նչ, ես հիմա էլ երջանիկ եմ... Իզուր ես այդ ասում, Դունյա։ Ես երջանիկ եմ հենց միայն նրանով, որ քեզ տեսնում եմ, Ռոդյա...
— Լավ, մայրիկս...— շփոթվելով փնթփնթաց Ռասկոլնիկովը՝ նայելով մորը և սեղմելով նրա ձեռքը,— մենք դեռ ժամանակ կունենանք բավականաչափ զրուցելու։
Այդ ասելով, նա հանկարծ շփոթվեց և գունատվեց, դարձյալ վերջին ժամերին ապրած զարհուրելի մի զգացում նրա հոգին համակեց մեռյալ սառնությամբ, դարձյալ նրա համար հանկարծ բոլորովին պարզ ու հասկանալի դարձավ, որ հիմա ինքը սարսափելի սուտ է ասել, որ իրեն ոչ միայն երբևէ չի վիճակվի բավականաչափ զրուցելու ճար ունենալ, այլև երբեք, ոչ ոքի հետ ոչ մի բանի մասին չպետք է ''խոսի''։ Այդ տանջալից մտքի տպավորությունը այնքան ուժեղ էր, որ նա մի ակնթարթ համարյա բոլորովին ուշքը կորցրեց, վեր կացավ ու ոչ ոքի չնայելով, փորձեց դուրս գալ սենյակից։
— Ի՞նչ ես անում,— գոչեց Ռազումիխինը՝ բռնելով նրա թևից։
Ռասկոլնիկովը դարձյալ նստեց ու սկսեց լուռ դիտել շրջապատը. բոլորը տարակուսանքով նայում էին նրան։
— Հը՛, ինչո՞ւ բոլորդ այդպես տխուր եք,— հանկարծ բոլորովին անսպասելի գոչեց նա,— մի որևէ բան ասեք, հո սուսուփուս չե՞նք նստելու։ Դեհ, խոսեք, էլի, սկսենք զրուցել... Հավաքվել ենք ու լռում ենք... Դեհ, մի որևէ բան ասացեք։
— Փառք աստծո, իսկ ես կարծում էի, թե երեկվա պես նրան ինչ-որ բան է պատահում,— խաչակնքելով ասաց Պույլխերիա Աչեքսանդրովնան։
— Ի՞նչ եղավ քեզ, Ռոդյա,— անվստահ հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Ոչինչ, այնպես, էլի, մի բան հիշեցի,— պատասխանեց Ռասկոլնիկովը և հանկարծ ծիծաղեց։
— Էհ, թե որ մի բան է, դա լավ է, թե չէ ես մտածեցի, որ...— փնթփնթաց Զոսիմովը՝ վեր կենալով բազմոցից։— Ես պետք է գնամ, գուցե էլի գամ... եթե տանը լինի...
Նա գլուխ տվեց ու գնաց։
— Ի՛նչ հիանալի մարդ է,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այո, հիանալի, հրաշալի, կրթված, խելացի մարդ է...— հանկարծ խոսեց Ռասկոլնիկովը ինչ֊որ անակնկալ շուտասելուկով ու մինչև այժմ չտեսնված ինչ֊որ աշխուժությամբ,— չեմ հիշում, թե առաջ, մինչև հիվանդանալս նրան որտեղ էի հանդիպել... Կարծեմ մի տեղ հանդիպել եմ... Սա էլ լավ մարդ է,— գլխով ցույց տվեց նա Ռազումիխինին,— քեզ դուր գալի՞ս է, Դունյա,— հարցրեց նա քրոջը և հայտնի չէ ինչու հանկարծ ծիծաղեց։
— Շա՜տ,— պատասխանեց Դունյան։
— Փո՛ւ, ի՛նչ կոպիտն ես,— ասաց խիստ շփոթված ու կարմրած Ռազումիխինը և աթոռից վեր կացավ։ Պույլխերիա Ալեքսանդրովնան մի քիչ ժպտաց, իսկ Ռասկոլնիկովը բարձրաձայն քրքջաց։
— Ո՞ւր ես գնում։
— Ես էլ․․․ գործ ունեմ։
— Ոչ մի գործ էլ չունես, կաց։ Զոսիմովը գնաց, դու էլ հետևում ես նրան։ Մի գնա... ժամը քանի՞սն է, տասներկուսը կլինի՞։ Ի՛նչ սիրունիկ ժամացույց ունես, Դունյա։ Էլ ինչու դուք նորից լռեցիք։ Հենց միայն ես եմ խոսում․․․
— Սա Մարֆա Պետրովնայի նվերն է,— պատասխանեց Դունյան։
— Եվ շատ թանկ է,— ավելացրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Որքան էլ մեծ է, համարյա կանացի չէ։
— Ես այսպիսի ժամացույց եմ սիրում,— աաաց Դունյան։
«Ուրեմն փեսացուի նվերը չէ»,— մտածեց Ռազումիխինը և չգիտես ինչու ուրախացավ։
— Իսկ ես կարծում էի, թե դա փեսացուի նվերն է,— աաաց Ռասկոլնիկովը։
— Ոչ, նա դեռ ոչինչ չի նվիրհլ Դունեչկային։
— Հա, հիշո՞ւմ եք, մայրիկ, ես սիրահարված էի և ուզում էի ամուսնանալ,— հանկարծակի աաաց Ռասկոլնիկովը՝ նայելով մորը, որ ապշեց որդու անսպասելի հայտարարությունից և խոսելաձևից։
— Ախ, հա, սիրելիս։— Պույլխերիա Ալեքսանդրովնան հայացքներ փոխանակեց Դունեչկայի և Ռազումիխինի հետ։
— Հը՛մ, այո, դե ի՞նչ պատմեմ ձեզ, նույնիսկ լավ չեմ հիշում։ Նա հիվանդ աղջիկ էր,— շարունակեց Ռասկոլնիկովը՝ կարծես հանկարծ, վերստին մտածմունքի մեջ ընկած ու կիտելով հոնքերը,— բոլորովին տկար էր. սիրում էր աղքատներին ողորմություն տալ, երազում էր վանք մտնել, ու մի անգամ, այդ ասելով ինձ, բուռ-բուռ արցունք թափեց, այո, այո... հիշում եմ... պարզ հիշում եմ։ Տգեղ էր... Ուղղակի չգիտեմ, թե ինչի համար գրավվեցի նրանով, գուցե այն պատճառով, որ միշտ հիվանդ էր... եթե նաև կաղ կամ թե կուզիկ լիներ, ես թերևս էլ ավելի սիրեի նրան... (Ռասկոլնիկովը մտախոհ ժպտաց)։ Այնպես էլի, դա մի ինչ֊որ գարնանային զառանցանք էր...
— Ոչ, այդ միայն գարնանային զառանցանք չէր,— ոգևորությամբ ասաց Դունեչկան։
Ռասկոլնիկովը ուշադիր ու լարված նայեց քրոջը․ լավ չլսեց և նույնիսկ չհասկացավ նրա խոսքերը։ Հետո խորապես մտազբաղ վեր կացավ, մոտեցավ մորը, համբուրեց նրան, վերադարձավ իր տեղը ու նստեց։
— Դու նրան հիմա էլ ես սիրում,— ասաց սրտահույզ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Նրա՞ն, հիմա՞։ Ախ, հա՛... դուք նրա մասին եք խասում։ Ոչ, այդ ամենը այժմ կարծես հանդերձյալ աշխարհումն է... և այնքան էլ վաղուց է եղել։ Ու շուրջդ ամեն ինչ կարծես ոչ թե այստեղ, այլ մի ուրիշ տեղ է կատարվում։
Ռասկոլնիկովը ուշադրությամբ նայեց նրանց։
— Ահա և ձեզ էլ․․․ Կարծես հազար վերստ հեռավարությունից եմ նայում... Էհ, սատանան գիտե, թե մենք ինչու ենք այդ մասին խոսում։ Ինչի՞ համար է հարց ու փորձը,— սրտնեղելով ավելացրեց նա և լռեց, կծոտեց եղունգը ու նորից մտածմունքի մեջ ընկավ։
— Որքա՜ն վատ բնակարան ունես, Ռոդյա, կարծես դագաղ լինի,— հանկարծ ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ընդհատելով ծանր լռությունը,— ես հավատացած եմ, որ դու մասամբ բնակարանիդ պատճառով ես այդպես մելամաղձոտ դարձել։
— Բնակարա՞նս․․․— մտացրիվ պատասխանեց Ռասկոլնիկովը։— Այո, բնակարանս դրան շատ բաներով է նպաստել․․․ Ես այդ մասին էլ եմ մտածել․․․ Սակայն երանի թե դուք գիտենայիք, մայրիկ, թե հիմա ինչպիսի տարօրինակ միտք արտահայտեցիք,— ավելացրեց նա հանկարծ և անհարմար քմծիծաղ տվեց։
Էլի մի քանի րոպե, և այդ մարդիկ, երեք տարվա անջատումից հետո հանդիպած այդ հարազատները, խոսակցության այդ ազգակցական տոնը, գեթ որևէ բանի մասին խոսելու լիակատար անկարելիությամբ հանդերձ՝ ի վերջո նրա համար իսպառ անտանելի կդառնային։ Սակայն կար անհետաձգելի մի խնդիր, որը այսպես թե այնպես հարկավոր էր լուծել այդ օրը,— նա այդպես էլ որոշել էր դեռ ժամեր առաջ, երբ արթնացել էր։ Հիմա այդ ''գործը'', որպես ելք, ուրախացրեց նրան։
— Այ թե ինչ, Դունյա,— լրջորեն ու սառնությամբ ասաց նա,— ես, իհարկե, երեկվա վարմունքիս համար քեզնից ներողություն եմ խնդրում, բայց պարտք եմ համարում դարձյալ քեզ հիշեցնել, որ իմ գլխավոր մտադրությունից չեմ շեղվում։ Կամ ես կամ Լուժինը։ Թող ես ստոր լինեմ, բայց դու պետք է նրանից ձեռք քաշես։ Ես, կամ նա։ Իսկ եթե դու ամուսնանաս Լուժինի հետ, ես քեզ այլևս իմ քույրը չեմ համարի։
— Ռոդյա, Ռոդյա, ախր այդ բոլորը նույնն է, ինչ որ երեկ եղավ,— վշտալի բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,― ինչո՞ւ դու քեզ շարունակ ստոր ես անվանում, ես այդ չեմ կարող տանել։ Երեկ էլ այդպես եղավ...
— Եղբայրս,— կտրուկ և նույնպես սառն պատասխանեց Դունյան,— այդ բոլորի մեջ քո կողմից սխալ կա։ Բանն այն է, որ դու կարծեմ ենթադրում ես, թե ես ինչ-որ մեկին և ինչ֊որ մեկի համար զոհաբերում եմ ինձ։ Դա ամենևին այդպես չէ։ Ես ամուսնանում եմ հենց ինձ համար, որովհետև ծանր է հենց իմ վիճակը, ապա և, իհարկե, ուրախ կլինեմ, եթե հաջողվի օգտակար լինել հարազատներիս, բայց տվյալ դեպքում դա իմ գլխավոր ցանկությունը չէ․․․
«Ստում է,— մտածում էր Ռասկոլնիկովը՝ բարկությունից կծոտելով եղունգները,— հպարտ է, չի ուզում խոստովանել, որ ուզում է բարերարություն անել... Գոռոզությո՜ւն։ Օ, ստոր բնավորություն ունեցողներ։ Նրանք սիրում են ճիշտ այնպես, ինչպես և ատում են․․․ Օ, ինչպես եմ ես․․․ ատում նրանց բոլորին»։
— Մի խոսքով, ես ամուսնանում եմ Պյոտր Պետրովիչի հետ,— շարունակեց Դունեչկան,— որովհետև փոքրագույն չարիքն եմ ընտրում։ Ես մտադիր եմ ազնվությամբ կատարել այն ամենը, ինչ որ նա սպասում է ինձնից, հետևաբար նրան չեմ խաբում... Ինչո՞ւ դու հիմա այդպես ժպտացիր։
Դունյան շիկնեց և նրա աչքերում բարկություն նշմարվեց։
— Ամեն ինչ կկատարե՞ս,— թունավոր քմծիծաղով հարցրեց եղբայրը։
— Մինչև որոշ սահման։ Պյոտր Պետրովիչի թե շարժուձևը և թե հարսնախոսության ձևը անմիջապես ինձ ցույց տվին, թե նրան ինչ է հարկավոր։ Իհարկե, նա իրեն գուցե և շատ բարձր է գնահատում, բայց ես հուսով եմ, որ ինձ էլ է գնահատում... Ի՞նչ ես էլի ծիծաղում։
— Իսկ դու ինչո՞ւ ես էլի կարմրում։ Դու ստում ես, քույր, դու դիտմամբ ստում ես, հենց միայն կանացի կամակորությունից դրդված ես ստում, որպեսզի իմ առջև քո ասածին մնաս։ Դու չես կարող հարգել Լուժինին. ես տեսել եմ նրան ու խոսել նրա հետ։ Ուրեմն դու ծախվում ես փողով, ուրեմն, համենայն դեպս, ստոր ես վարվում, ու ես ուրախ եմ, որ դու գոնե կարողանում ես կարմրել։
— Ճիշտ չէ, չեմ ստում,— գոչեց Դունեչկան՝ բոլորովին կորցնելով ինքնատիրապետումը,— ես նրա հետ չեմ ամուսնանա, եթե համոզված չլինեմ, որ նա գնահատում է ինձ, ու ես թանկ եմ նրա համար, ես նրա հետ չեմ ամուսնանա, եթե հաստատ համոզված չլինեմ, որ ինքս կարող եմ հարգել նրան։ Բարեբախտաբար ես կարող եմ դրանում համոզվել հաստատապես և հենց այսօր։ Իսկ այսպիսի ամուսնությունը ստորություն չէ, դու սխալվում ես։ Իսկ եթե դու իրավացի էլ լինեիր, եթե ես իրոք ստորություն անեի, մի՞թե քո կողմից դա անգթություն չէ ինձ հետ այդպես խոսելը։ Ինչո՞ւ ես դու ինձնից հերոսություն պահանջում, որը գուցե և քո մեջ էլ չկա։ Դա բռնակալություն է, դա բռնություն է։ Եթե ես որևէ մեկին կործանեմ, այդ մեկը հենց ես ինքս կլինեմ... Ես դեռ ոչ ոքի չեմ մորթել... Ի՞նչ ես այդպես ինձ նայում։ Ինչո՞ւ այդպես գունատվեցիր, Ռոդյա, ի՞նչ պատահեց քեզ, Ռոդյա, սիրելիս...
— Տեր աստված, ուշաթափության հասցրեց,— բղավեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ոչ, ոչ․․․ Դատարկ բան է․․․ ոչինչ... գլուխս մի քիչ պտտվեց։ Ամենևին ուշաթափություն չէ... թողեք այդ ուշաթափությունները... Հը՛մ։ Այո... Ես ի՞նչ էի ուզում ասել, հա՛, դու ի՞նչ կերպ պիտի հենց այսօր համոզվես, որ կարող ես հարգել նրան և որ նա... կգնահատի թե ինչ, ինչպես դու ասացիր։ Դու կարծեմ ասացիր, որ դա այսօր կլինի, թե՞ ես սխալ լսեցի։
— Մայրիկ, Պյոտր Պետրովիչի նամակը ցույց տվեք եղբորս,— ասաց Դունեչկան։
Պույլխերիա Ալեքսանդրովնան նամակը դողդոջ ձեռքերով տվեց որդուն։ Վերջինս մեծ հետաքրքրությամբ վերցրեց նամակը։ Բայց նախքան բաց անելը նա հանկարծ ինչ-որ զարմանքով նայեց Դունեչկային։
— Տարօրինակ է,— ասաց նա դանդաղ, ասես հանկարծ ապշելով նոր մտքից,— ախր ես ինչո՞ւ եմ գլուխ ցավեցնում։ Ինչի՞ համար է այս ամբողջ ճչոցը։ Ամուսնացիր ում հետ կուզես։
Նա կարծես ինքն իր հետ էո խոսում, բայց իր ասածը լսվեց, և նա շփոթվածի պես մի պահ նայում էր քրոջը։
Վերջապես, նա բացեց նամակը՝ դեռ էլի պահպանելով ինչ֊որ տարօրինակ զարմանք արտահայտող իր տեսքը, հետո սկսեց դանդաղ և ուշադիր կարդալ և երկու անգամ կարդաց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան խիստ անհանգիստ էր. բոլորն էլ ինչ֊որ մի առանձին բան էին սպասում։
— Սա ինձ զարմացնում է,— մի քիչ մտածելուց հետո ասաց Ռասկոլնիկովը՝ նամակը հանձնելով մորը և չդիմելով ներկաներից որևէ մեկին,— նա հո գործեր է անում, փաստաբան է, խոսելն էլ նույնիսկ մի տեսակ․․․ յուրօրինակ է և անգրագետ է գրում։
Բոլորը շարժվեցին, բոլորովին այդ չէին սպասում։
— Նրանք բոլորն էլ այդպես են գրում,— շեշտեց Ռազումիխինը։
— Դու կարդացե՞լ ես։
— Այո։
— Մենք նրան ցույց ենք ավել, Ռոդյա, մենք... առավոտը խորհրդակցել ենք,— շփոթվելով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Սա դատավորի ոճ է,— նրան ընդհատեց Ռազումիխինը,— դատավորների թղթերը մինչև այժմ այդպես են գրվում։
— Դատավորի՞։ Այո, հենց դատավորի, գործնական գրության է... Այնքան էլ անգրագետ չի գրված, սակայն այնքան էլ գրական չէ. գործնական է։
— Պյոտր Պետրովիչը չի էլ թաքցնում, որ կոպեկներով է ուսում առել, և նույնիսկ պարծենում է, որ ինքն է իր համար ճանապարհ հարթել,— ասաց Ավդոտյա Ռոմանովնան՝ մի քիչ նեղացած լինելով եղբոր նոր խոսելաձևից։
— Էհ, եթե պարծենում է, ուրեմն պարծենալու բան կա, ես չեմ հակաճառում։ Դու, քույրս, կարծեմ վիրավորվեցիր, որ ես ամբողջ նամակից այսպիսի անպատշաճ եզրակացության հանգեցի, ու կարծում ես, թե ես դիտմամբ խոսեցի այդ դատարկ բաների մասին, որպեսզի սրտնեղելուց քեզ տհաճություն պատճառեի։ Ընդհակառակը, ոճի առթիվ գլխումս մի դիտողություն ծագեց, որը ամենևին էլ ավելորդ չէ ներկա դեպքում։ Նամակում ասված է՝ «ինքներդ ձեզ մեղադրեք», մի արտահայտություն, որ խիստ նշանակալից է և պարզ, ու բացի դրանից, կա սպառնալիք, որ եթե ես գամ, նա իսկույն կհեռանա։ Հեռանալու այդ սպառնալիքը ցույց է տայիս, որ նա կարող է սպառնալ երկուսիդ էլ թողնել, եթե չհնազանդվեք նրան, ու թողնել այժմ, երբ ձեզ արդեն Պետերբուրգ է կանչել։ Էհ, դու ի՞նչ ես կարծում, արդյո՞ք կարելի է Լուժինի այդ արտահայտությունից վիրավորվել ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, եթե այդպիսի բան գրեր սա (նա ցույց տվեց Ռազումիխինին), կամ Զոսիմովը, կամ մեզնից որևէ մեկը։
— Ո֊ո՛չ,— աշխուժանալով պատասխանեց Դունեչկան,— ես լավ եմ հասկացել, որ դա խիստ պարզամտորեն է գրված, թերևս այն պատճառով, որ նա գրելու վարպետ չէ... Դու այդ լավ ես կշռադատել, եղբայրս։ Ես նույնիսկ չէի սպասում․․․
— Սա դատավորի գրելաձև է, այլ կերպ չէր կարելի գրել, ու դուրս է եկել ավելի կոպիտ, քան գուցե նա կուզենար։ Ի միջի այլոց, ես պետք է քեզ մի քիչ հիասթափեցնեմ, այս նամակում կա ևս մի արտահայտություն, բավական ստոր զրպարտություն իմ հասցեին։ Երեկ ես փողը տվել եմ թոքախտավոր ու վշտահար այրի կնոջը, ոչ թե «թաղման պատրվակով», այլ ուղղակի թաղման համար, և ոչ թե աղջկան,— «վատ վարքի տեր աղջկան»,— ինչպես գրում է նա, այլ հենց այրի կնոջը (այդ աղջկան երեկ ես կյանքումս առաջին անգամ տեսա)։ Այդ բոլորի մեջ ես տեսնում եմ ակնբախ մի ցանկություն, ինձ վարկաբեկել ու կռվեցնել ձեզ հետ։ Դա արտահայտված է դարձյալ ըստ դատավորի մտայնության, այսինքն՝ նպատակի խիստ ակներև դրսևորմամբ և շատ պարզամիտ հապճեպությամբ։ Նա խելացի մարդ է, բայց խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է։ Այս բոլորը պատկերում է այդ մարդուն և․․․ չեմ կարծում, թե նա լավ գնահատի քեզ։ Այս ամենը քեզ ասում եմ որպես խրատ, որովհետև անկեղծորեն քեզ բարիք եմ ցանկանում․․․
Դունեչկան չպատասխանեց, նա վճիռ էր ընդունել օր առաջ և միայն երեկոյին էր սպասում.
— Դե, ուրեմն դու ի՞նչ ես որոշում, Ռոդյա,— հարցրեց, Պույլխերիա Ալեքսանդրովնան, որը առաջվանից ավելի էր անհանգստացել Ռասկոլնիկովի խոսելու հանկարծակի, նոր, ''գործնական'' տոնից։
— Այսինքն՝ ի՞նչ պետք է «որոշեմ»։
― Պյոտր Պետրովիչը գրում է, որ դու երեկոյան մեզ մոտ լիինես, որ ինքը կհեռանա․․․ եթե դու գաս։ Ուրեմն ի՞նչ, կգա՞ս։
— Դա, իհարկե, ոչ թե ես եմ որոշելու, այլ նախ և առաջ դուք, եթե Պյոտր Պետրովիչի այդ պահանջը չի վիրավորում ձեզ, երկրորդ, որոշելու է Դունյան, եթե նա էլ չի վիրավորվում։ Ես կվարվեմ այնպես, ինչպես դուք ցանկանաք,— սառը տոնով ավելացրեց Ռասկոլնիկովը։
— Դունեչկան արդեն որոշել է մեր անելիքը, ու ես միանգամայն համաձայն եմ նրա հետ,— շտապեց հայտնել Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ես որոշել եմ խնդրել քեզ, Ռոդյա, թախանձագին խնդրել, որ անպայման ներկա լինես այդ տեսակցությանը,— ասաց Դունյան,— կգա՞ս։
— Կգամ։
— Ես ձեզ էլ եմ խնդրում ժամը ութին լինել մեզ մոտ,— դիմեց Դունյան Ռազումիխինին,— մայրիկ, ես նրան էլ եմ հրավիրում։
— Շատ լավ ես անում, Դունեչկա։ Էհ, ինչպես որ դուք որոշեցիք, այնպես էլ թող լինի,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ինձ համար դա լավ է. չեմ սիրում կեղծել ու ստել, ավելի լավ է ասենք ամբողջ ճշմարտությունը... Հիմա կուզես բարկացիր, կուզես մի բարկացիր, Պյոտր Պետրովիչ։
== IV ==