Changes

/* X։ Դատապաշտպանի ճառը։ Երկսայրի մի սուր */
«Պարոնայք երդվյալ ատենակալներ, ես այստեղ նոր մարդ եմ։ Բոլոր տպավորություններն ստացել եմ առանց կանխակալության։ Մեղադրյալը, անզուսպ բնավորությամբ ու սանձարձակ մարդ, ինձ չի վիրավորել նախօրոք, ինչպես որ արել է գուցե հարյուր հոգու այս քաղաքում, որի պատճառով էլ շատերը կանխապես նախատրամադրված են նրա դեմ։ Իհարկե, ես էլ գիտակցում եմ, որ այստեղի հասարակության բարոյական զգացումը բորբոքվել է իրավացիորեն, մեղադրյալը անզուսպ է և ապերասան։ Եվ սակայն ընդունում էին նրան այստեղի հասարակության մեջ, նույնիսկ մեծատաղանդ մեղադրողի ընտանիքում նա փայփայված անձ էր։ (Nota bene։ Այս խոսքի վրա երկու-երեք ծիծաղ լսվեց դահլիճում, ու թեև ծիծաղողներն անմիջապես զսպեցին իրենց, բայց բոլորն էլ նկատեցին դա։ Մեր քաղաքում բոլորին հայտնի էր, որ դատախազը Միտյային ընդունում էր իր կամքին հակառակ, լոկ այն պատճառով, որ նրրան, չգիտես ինչու, հետաքրքրական մարդ էր համարում իր կինը՝ վերին աստիճանի առաքինի ու պատվավոր, բայց ցնորքներով տարված ու քմահաճ մի տիկին, որ սիրում էր որոշ դեպքերում հակադրվել իր ամուսնուն, առավելապես մանրուքների մեջ։ Ի միջի այլոց, Միտյան բավական հազվադեպ էր այցելում նրանց տունը)։ Բայց այնուամենայնիվ համարձակվում եմ ենթադրել,— շարունակեց դատապաշտպանը,— որ նույնիսկ իմ ընդդիմախոսի նման մի մարդ, որ անկախ մտքի և արդար բնավորության տեր է, կարող էր ինչ֊որ կանխակալ ու սխալ կարծիք կազմած լինել իմ դժբախտ պաշտպանյալի հանդեպ։ Օ՜, դա այնքան բնական է. դժբախտ երիտասարդը ամեն ինչ արել է, որ արժանանա նույնիսկ կանխակալ վերաբերմունքի։ Իսկ բարոյական զգացումը և առավել ևս գեղասիրական զգացումը եթե վիրավորվում է, երբեմն անողոք է դառնում։ Իհարկե, մեղադրական մեծատաղանդ ճառում բոլորս էլ լսեցինք մեղադրյալի բնավորության ու արարքների խստապահանջ վերլուծությունը, քննադատական խստապահանջ վերաբերմունք տեսանք գործի նկատմամբ, և մանավանդ՝ հոգեբանական այնպիսի խորություններ ի ցույց դրվեցին գործի էությունը բացատրելու համար, որ անհնար կլիներ թափանցել այդ խորությունների մեջ, եթե իմ ընդդիմախոսը որևէ չափով դիտավորյալ ու չարամտորեն կանխակալ վերաբերմունք ունենար մեղադրյալի անձի նկատմամբ։ Բայց կան բաներ, որ նույնիսկ ավելի վատ, ավելի կործանարար են նման դեպքերում, քան ամենաչարամիտ ու դիտավորյալ վերաբերմունքը գործի հանդեպ։ Այսինքն՝ եթե տարվում ենք, օրինակ, այսպես ասած մի որոշ գեղարվեստական խաղով, և մեզ տիրում է գեղարվեստական ստեղծագործության, այսպես ասած վեպ ստեղծելու պահանջը, մանավանդ երբ աստված մեզ առատորեն օժտել է հոգեբանական ձիրքերով։ Դեռ Պետերբուրգում, երբ դեռ նոր էի պատրաստվում գալ այստեղ, ինձ նախազգուշացրին, և արդեն ինքս էլ գիտեի առանց որևէ նախազգուշացման, թե այս քաղաքում իմ ընդդիմախոսն է լինելու մի խորաթափանց ու շատ նրբամիտ հոգեբան, որն իր այդ հատկությամբ վաղուց արդեն մի յուրահատուկ հռչակ է ձեռք բերել մեր դեռ երիտասարդ իրավաբանական աշխարհում։ Բայց դե հոգեբանությունը, պարոնայք, թեև խորունկ բան է, բայց այնուամենայնիվ նման է երկսայրի սուրի, որ ա՛յս կողմից էլ է կտրում, ա՛յն կողմից էլ (ծիծաղ դահլիճում)։
Օ՜, իհարկե, ներեցեք իմ այս տափակ համեմատությունը. ես պերճախոսության վարպետ չեմ։ Եվ սակայն, ահա մի օրինակ. վերցնում եմ առաջին պատահած կետը իմ ընդդիմախոսի Ճառից։ Մեղադրյալը, փախչելով գիշերը այգում, մագլցում է ցանկապատի վրա և սանդկոթի հարվածով տապալում ծառային, որ հանկարծ իր ոտքից էր բռնել։ Հետո իսկույն ետ է ցատկում այգու մեջ և ամբողջ հինգ րոպե զբաղվում է տապալված ծերունիով, աշխատելով իմանալ սպանե՞լ է նրան, թե ոչ։ Եվ ահա, դատախազը ոչ մի կերպ չի ուզում հավատալ մեղադրյալի այն ցուցմունքին, թե ինքը խղճահարությունից է ետ ցատկել ծերունի Գրիգորիի մոտ։ «Ոչ,— ասում է նա,— կարո՞ղ է այդպիսի դյուրազգացություն լինել այդպիսի րոպեին, անբնական է դա, և մեղադրյալը ետ է ցատկել հենց համոզվելու համար՝ արդյոք կենդանի՞ է, թե սպանված է իր չարագործության միակ վկան, ուստի հենց դրանով էլ հաստատել է, որ կատարե՛լ է այդ չարագործությունը, քանի որ չէր կարող որևէ այլ շարժառիթով կամ զգացումով ետ ցատկել այգու մեջ»։ Ահա սա հոգեբանություն է. բայց վերցնենք այդ նույն հոգեբանությունը և կիրառենք, միայն թե մյուս կողմից, և արդյունքը ճիշտ նույնքան ճշմարտանման կլինի։ Մարդասպանը ետ է ցատկում նախազգուշությունից մղված, որպեսզի համոզվի՝ վկան կենդանի՞ է, թե ոչ, մինչդեռ նա, նույնինքն դատախազի պնդումով, դեռ քիչ առաջ վիթխարի մի հանցանշան է թողել իր սպանած հոր առանձնասենյակում, այսինքն այն պատռված ծրարը, որի վրա գրված էր, թե երեք հազար ռուբլի է եղել մեջը։ «Եթե այդ ծրարը տաներ իր հետ, ամբողջ աշխարհում ոչ ոք չէր իմանա, թե ծրար է գոյություն ունեցել, մեջն էլ փող, և թե ուրեմն մեղադրյալը գողացել է այդ փողը»։ Սրանք հենց դատախազի խոսքերն են։ Ուրեմն, տեսե՜ք, պարզվում է, որ մի դեպքում իսպառ բացակայել է նախազգուշությունը, մարդը գլուխը կորցրել, վախեցել ու փախել է, հանցանշանը թողնելով հատակին, իսկ երբ երկու րոպե հետո մի ուրիշ մարդու է հարվածում և սպանում, իսկույնևեթ մեջտեղ է գալիս նախազգուշության ամենաքարսիրտ ու հաշվենկատ զգացումը՝ պատրաստ մեզ ծառայելու։ Բայց ենթադրե՜նք, ենթադրենք, թե այդպես է եղել, ասում են հոգեբանության նրբությունն էլ հենց այն է, որ այդպիսի հանգամանքներում մարդը անմիջապես արյունարբու ու սրատես է դառնում կովկասյան արծիվի նման, իսկ հաջորդ րոպեին ողորմելի խլուրդի նման կույր ու երկչոտ։ Բայց եթե ես այնքա՜ն արյունարբու եմ և դաժանորեն հաշվենկատ, որ սպանելուց հետո ետ եմ ցատկել պարզապես նայելու համար, թե արդյոք կենդանի՞ է իմ չարագործության վկան կամ ոչ, ապա ի՞նչ կարիք ունեմ ամբողջ հինգ րոպե այդ իմ նոր զոհով զբաղվելու, և մեկ էլ դեռ առիթ տալու, որ գուցե ուրիշ վկաներ ելնեն իմ դեմ։ Ինչո՞ւ այդ տապալված մարդու գլուխը սրբեմ և թաշկինակս թրջեմ արյունով, այնպես որ հետո այդ թաշկինակն էլ հանցանշան լինի իմ դեմ։ Ո՜չ, եթե մարդը այնքա՜ն հաշվենկատ ու քարսիրտ է, ավելի լավ չէ՞ր լինի, որ ետ ցատկելուց հետո ուղղակի նորից ու նորից խփեր տապալված ծառայի գլխին այդ նույն սանդկոթով, որպեսզի վերջնականապես սպաներ նրան և, ոչնչացնելով վկային, ամեն մի մտահոգությունից ազատեր իր սիրտը։ Եվ, վերջապես, մարդը ետ է ցատկում, որպեսզի ստուգի՝ կենդանի՞ է իր չարագործության վկան, թե ոչ, և նույն րոպեին էլ մի ուրիշ վկա է թողնում արահետի վրա, այսինքն այդ սանդկոթը, որ նա վերցրել է երկու կանանց աչքի առաջ, և որոնք հետո միշտ էլ կարող են ճանաչել այդ սանդկոթը որպես իրենցը և վկայել, թե նա իրենցից է վերցրել այդ իրը։ Եվ խնդիրն այն է, որ նա ոչ թե մոռացել է սանդկոթը արահետի վյրա, ոչ թե կորցրել է ցրվածության կամ շփոթմունքի հետևանքով, ո՛չ, նա հենց մի կողմ է շպրտել իր զենքը, որովհետև սանդկոթը գտել են տասնհինգ քայլ հեռու այնտեղից, ուր ընկել էր Գրիգորին։ Հարց է ծագում, ինչո՞ւ է այդպես արել։ Այ հենց որովհետև ցավ է զգացել, որ մարդ սպանեց, ծերունի ծառային սպանեց, ուստի և վրդովմունքով, անիծելով շպրտել է սանդկոթը, որ սպանության զենք էր դարձել, այլապես ինչո՞ւ պետք է այդպիսի թափով նետեր սանդկոթը։ Իսկ եթե նա կարող էր ցավ ու խղճահարություն զգալ այն պատճառով, որ մարդ է սպանել, իհարկե դա նշանակում է, որ հորը չէր սպանել, եթե սպանած լիներ հորը, մի ուրիշի համար ետ չէր ցատկի խղճահարությունից, այդ դեպքում արդեն տարբեր զգացում կունենար, ոչ թե խղճահարության, այլ ինքնափրկոլթյան ինքնափրկության մղումով կգործեր, և դա այդպես է անշուշտ։ Ընդհակառակը, կրկնում եմ, վերջնականապես կջախջախեր նրա գանգը, և ոչ թե հինգ րոպե կզբաղվեր նրանով։ Խղճահարությունն ու բարի զգացումը նրա սրտում տեղ են գտել հենց այն պատճառով, որ մինչ այդ մաքուր է եղել նրա խիղճը։ Ահա ուրեմն, սա արդեն ուրիշ հոգեբանություն է։ Դիտմամբ ես ինքս էլ հոգեբանության դիմեցի հիմա, պարոնայք ատենակալներ, որպեսզի ակնառու կերպով ցույց տամ, թե կարելի է ամեն ինչ ապացուցել դրա շնորհիվ։ Ամբողջ խնդիրն այն է, թե ով է օգտագործում այդ միջոցը։ Հոգեբանությունը ամենալուրջ մարդկանց իսկ տանում է վիպասանության գիրկը, և դա լինում է բոլորովին ակամայորեն։ Ես խոսում եմ ավելորդ հոգեբանության մասին, պարոնայք ատենակալներ, նկատի ունեմ դրա որոշ չարաշահումը»։
Դահլիճում նորից լսվեցին հավանություն տվող ծիծաղներ, և նորից դատախազի հասցեին։ Ես մանրամասնորեն չեմ մեջբերելու դատապաշտպանի ամբողջ ճառը, միայն մի քանի հատվածներ կվերցնեմ, մի քանի կարևորագույն կետեր։
14
edits