Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 77 378 բայտ, 16:42, 3 Հունիսի 2013
  ― Գոբլինները,― եզրափակեց Բեորնը,― Կարրոկից և իմ տնից հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա գետը անցնել չեն համարձակվի․ գիշերը այն վատ չի պահպանվում։ Բայց ձեր տեղը լինեի, կշտապեի․ եթե նրանք հարձակվումը շուտ սկսեն, ապա կհասցնեն հարվաում գետն անցնել և կսանրեն անտառի ամբողջ այդ մասը, որպեսզի ձեր ճանապրհը փակեն։ Իսկ վարգերը, պետք է ասել, ավելի արագ են վազում, քան պոնիները։ Ուրեմն, արագ ճանապարհ ընկեք։
 
   Նրանք սլանում էին լուռ, ոտքերի տակ ընտրելով փափուկ կամ խոտով ծածկված հողը։ Ձախից սևին էին տալիս լեռները, դիմացից մոտենում էին գետը եզերող ծառերը։ Արևը մինչև ուշ երեկո ոսկեզօծում էր մարգագետինները։ Դժվար էր ամբողջ ժամանակ հիշել գոբլինների ու հետապնդման մասին, և, մի քանի մղոն Բեորնի տնից հեռանալով, նրանք նորից սկսեցին շատախոսել, երգել ու դադարեցին առջևում իրենց սպասող անտառային մութ ճանապարհի մասին մտածել։ Երեկոյան, երբ մթնշաղը սկսեց իջնել և մայրամուտի շողերի մեջ փայլփլեցին լեռների գագաթները, ճանապարհորդները կանգ առան գիշերելու և պարեկներ նշանակեցին։ Բայց անհանգիտ քնեցին, և երազում գայլերի ոռնոց ու գոբլինների ճիչեր էին լսում։
 
   Առավոտը լավ օր էր խոստանում։ Գետնին փռված էր սպիտակ մառախուղը, օդը զով էր, բայց շուտով արևելքում բաձրացավ կարմիր արևը, մշուշը ցրվեց, և ստվերները դեռ չէին հասցրել կարճանալ, երբ ուղևորները նորից ճանապարհ ընկան։ Նրանք արդեն երկու օր է գնում էին, բայց ոչինչ ու ոչ ոքի չէին տեսել, բացի խոտից ու ծաղիկներից, թռչուններից ու մենավոր ծառերից, մեկ֊մեկ էլ ազնիվ եղջերուներից, որ արածում կամ էլ ննջում էին պուրակների ստվերներում։ Երրորդ երեկոյան նրանք այնպես էին շտապում շուտով անտառի մուտքին հասնելու, որ մինչև գիշեր կանգ չառան և նույնիսկ որոշ ժամանակ էլ գնացին գիշերը, լուսնի լուսյով։ Աղջամուղջում Բիլբոյի աչքին մեկ ձախից, մեկ աջից մեծ արջի ուրվագիծ էր երևում, որ թաքնվելով շարժվում էր նույն ուղղությամբ։ Բայց երբ այդ մասին ասաց Հենդալֆին, նա միայն պատասխանեց․
 
   ― Սւ՜ս֊ս․․․ Ուշադրություն մի՛ դարձրու․․․
 
   Հաջորդ օրը նրանք դուրս եկան լուսաբացից առաջ։ Հենց որ լույսը բացվեց, նրանք տեսան անտառի սև, մռայլ պատը, որն ասես իրենց ընդառաջ էր գալիս կամ սպասում էր նրանց։ Ճանապարհը վեր բարձրացավ․ հոբիտին թվաց, թե լռությունը շրջապատում է իրենց։ Թռչունների ձայներն առավել հազվադեպ էին լսվում։ Եղջերուներն անհետացան, նույնիսկ ճագարները կորան։ Կեսօրին նրանք հասան Սև Անտառի եզին և ձիերից իջան, որպեսզի հանգստանան առաջին ծառերի կախված ճյուղերի տակ։ Բները հաստ էին, կոշտուկավոր, ճյուղերը ծռմռված, տերևները երկար ու մուգ։ Բաղեղը փաթաթվել էր ծառերին ու տարածվել գետնին։
 
   ― Դե, ահա և Սև Անտառը,― ասաց Հենդալֆը։― Հյուսիսային երկրում ամենամեծ անտառն է։ Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է։ Հիմա պետք է ետ ուղարկենք հրաշալի պոնիներին։
 
   Թզուկներն անբավական քրթմնջացին, բայց Հենդալֆը խորհուրդ տվեց, որ ավելի շրջահայաց պահեն իրենց։
 
   ― Բեորնը այնքան էլ հեռու չէ, որքան դուք կարծում եք, և, առհասարակ, հարկավոր է խոստումը կատարել։ Բեորնը վտանգավոր թշնամի է։ Միստր Բեգինսի աչքերը ձերից լավն են․ նա վկա է, որ ամեն գիշեր մութն ընկնելուն պես մեր կողքին հայտնվում էր մեծ արջը կամ նստում էր քիչ հեռվում և լուսնի լույսով հետևում մեր ճամբարին։ Նա ոչ միայն պահպանում էր ձեզ և նայում՝ ճի՞շտ եք գնում արդյոք, թե ոչ, այլև հետևում էր իր պոնիներին։ Բեորնը ձեր բարեկամն է, բայց իր կենդանիներին սիրում է հարազատ երեխաների պես։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե նա ինչպիսի շնորհ արեց ձեզ, որ թույլատրեց իր պոնիներիով գնալ այդքան հեռու և այդքան արագ։
 
   ― Իսկ ձին ի՞նչ եք անելու,― հարցրեց Տորինը։― Դուք, կարծեմ, չհիշատակեցիք, որ նրան ետ եք ուղարկում։
 
   ― Ես չեմ էլ ուղարկում։
 
   ― Բա ձեր խոստումն ո՞ւր մնաց։
 
   ― Դա իմ գործն է։ Ես ձին ետ չեմ ուղարկում նրա համար, որ այդ ձիով ինքս եմ վերադառնում։
 
   Այսպես, նրանք իմացան, որ Հենդալֆը մտադիր է իրենց լքել, թողնել Սև Անտառի բացատում, և հուսահատվեցին։ Բայց ինչքան համոզեցին, նա իր որոշումը չփոխեց։
 
   ― Այդ բոլորի մասին մենք պայմանավորվել ենք Կարրոկի վրա,― առարկեց նա։― Վիճելն անիմաստ է։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ անհետաձգելի գործեր են սպասում հարավում։ Ես առանց այդ էլ ձեր պատճառով ուշանում եմ։ Կարող է պատահել մինչև արկածի վերջը դեռ հանդիպենք, կարող է պատահել և չհանդիպենք։ Դա կախված է նրանից, թե դուք որքանով հաջողակ, քաջ և հնարամիտ կլինեք։ Ես ձեզ հետ ուղարկում եմ միստր Բեգինսին, ախր մեկ անգամ չէ, որ ձեզ ասել եմ, թե նա այնքան էլ հասարակ չէ, ինչպես դուք եք կարծում։ Շուտով ինքներդ կհամոզվեք։ Այնպես որ մի՛ ընկճվիր, Բիլբո, հոնքերդ մի՛ կիտիր։ Մի՛ վհատվեք, Տորին և Ընկ․․․ Արշավը ինքներդ եք նախաձեռնել։ Շարունակ մտածեք գանձերի մասին, որ սպասում են ձեզ, և գլխներիցդ հանեք անտառն ու վիշապը։ Գոնե մինչև վաղը առավոտ։
 
   Առավոտյան նա նույնը կրկնեց։ Նրանք հարկադրված եղան տիկերը ջուր լցնել անտառի ճիշտ մուտքի մոտ գտնվող զուլալ աղբյուրից և պոնիների թամբերն արձակել։ Բեռը նրանք հավասար բաժանեցին իրար մեջ, բայց Բիլբոն իր բաժինը անտանելի ծանր համարեց, նրան բոլորովին չէր ժպտում հակը շալակով շատ մղոններ քարշ տալու հեռանկարը։
 
   ― Մի՛ հուզվեք,― նրան մխիթարեց Տորինը։― Հակը շուտ է թեթևանում, դեռ շատ կուզենաք, որ պարկերը ծանրանան, երբ մթերքը կսկսի վերջանալ։
 
   Վերջապես նրանք հրաժեշտ տվեցին իրենց պոնիներին և նրանց գլուխները ուղղեցին տան կողմը։ Սրանք ուրախ տրտիգ տվին դեպի ետ, բացահայտորեն ուրախանալով, որ ետևում են թողնում Սև Անտառի խավարը։ Բիլբոն կարող էր երդվել, որ այն պահին, երբ պոնիները շուռ եկան դեպի տուն, անտառից դուրս եկավ մի մութ կերպարանք, որ նման էր արջի, և գնաց նրանց ետևից։
 
   ― Ցտեսություն,― ասաց Հենդալֆը Տորինին։― Բոլորիդ, բոլորիդ ցտեսություն․․․ Անտառով ուղիղ գնացեք, արահետից դուրս չգաք, թե չէ հազիվ թե նորից գտնեք և հազիվ թե Սև Անտառից դուրս գաք։ Այդ դեպքում էչ ես, էչ էլ ուրիշ մեկը ձեզ այլևս չի տեսնի։
 
   ― Պարտադի՞ր է, որ անտառով գնանք,― տնքաց հոբիտը։
 
   ― Այո, պարտադիր է․․․― կտրեց կախարդը։― Կամ կգնաք անտառի միջով, կամ կհրաժարվեք գանձերից։ Ասենք հիմա չեմ էլ թույլ տա, որ դուք ետ դառնաք, միստր Բեգինս։ Ես ձեր փոխարենն ամաչում եմ։ Ինչպե՞ս կարող եք այդպիսի բան մտածել։ Այժմ դուք իմ առջև պատասխանատու եք բոլոր թզուկների համար։
 
   ― Ո՛չ, ո՛չ,― սկսեց արդարանալ Բիլբոն։― Դուք ինձ ճիշտ չհասկացաք։ Ես ուզում էի ասել՝ շրջանցող ճանապարհ չկա՞ արդյոք։
 
   ― Կա, եթե ցանկություն ունես ավելորդ երկու հարյուր մղոն դեպի Հյուսիս քայլել, իսկ հետո էլ երկու անգամ ավելի՝ դեպի Հարավ։ Ոչ, լավն այն է, որ բռնեք անտառիարահետն ու գնաք, տրամադրություններդ մի՛ գցեք, ապավինեք անտառին և, եթե ձեր բախտը բերի, գուցեև մի գեղեցիկ օր դուրս կգաք անտառից և առջևում կտեսնեք Երկար ճահիճը, իսկ նրանից այն կողմ՝ Արևելքում բարձրացող Մենավոր Լեռը, որտեղ ապրում է ծերուկ Սմոգը։ Հույս ունենանք, որ նա ձեզ չի սպասում։
 
   ― Մխիթարեցիք, խոսք չկա,― փնթփնթաց Տորինը։― Ցտեսությո՛ւն․․․ Եթե չեք ուզում մեզ հետ գալ, ուրեմն ավելի լավ է գնացեք։ Վերջ խոսակցություններին․․․
 
   ― Այդ դեպքում ցտեսություն և թող տեսակցությունը կայանա․․․― ասաց Հենդալֆը և, ձիու գլուխը շուռ տալով, գնաց դեպի Արևմուտք։ Բայց նա չէր կարող համբերել ու չասել ամենավերջին ողջերթի խոսքը։ Նա շրջվեց և ձեռքի ափերը դրեց բերանին․
 
   ―Ցը֊տեսությո՜ւն։ Խնդրում եմ զգույշ ե֊ղե՛ք։ Ա֊րա֊հե֊տից դուրս չգա՜ք,― հազիվ լսեցին նրանք։
 
   Ապա Հենդալֆը ձիուն բաց թողեց վարգով և տեսողությունից անհետացավ։
 
   ― Ցտեսությո՛ւն, ցտեսությո՛ւն, գնաս բարո՜վ,― փնթփնթացին թզուկները էլ ավելի ջղայնանալով այն բանից, որ Հենդալֆի մեկնումն իրենց սարսափելի վշտացրեց։ Ճանապարհորդության ամենավտանգավոր մասը դեռ առջևում էր։ Յուրաքանչյուրը շալակել իր ծանր հակն ու ջրի տիկը, հետո շրջվեցին մեջքով դեպի արևը և մտան Սև Անտառ։
 
==ՍԱՐԴԵՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ==
 
 
   Նրանք մտան անտառ, ասես մի խավար թունել, իծաշարուկի անցնելով կամարի տակով, որ առաջացնում էին երկու բարձր, դեպի իրար թեքված ծառերը՝ այնքան ծեր և բաղեղով այնքան խեղդված, որ ճյուղերի վրա միայն տեղ֊տեղ էին երևում սևացած տերևները։ Շուտով ցերեկվա լույսը մնաց անտառի մուտքի մոտ, հեռվում, ասես պայծառ լուսատու անցք լիներ։ Նեղ արահետը գալարվում էր ծառաբների միջոց։ Լռությունն այնքան խոր էր դառնում, որ քայլերի ձայնը խուլ արձագանքում էր անտառում և թվում էր ծառերը խոնարհվում են ու ականջ դնում։
 
   Երբ նրանց աչքերը վարժվեցին մթությանը, մուգ կանաչ կիսախավարի մեջ սկսեցին որոշ բաներ զանազանել շուրջը։ Երբեմն արևի մի բարալիկ շողի հաջողվում էր թափանցել սաղարթի խճճված ճյուղերի միջով։ Բայց դա հազվադեպ էր պատահում, իսկ հետո բոլորովին վերացավ։
 
   Անտառում ցատկոտում էին սկյուռիկները։ Բիլբոյի սրատես ու հետարքրքասեր աչքերը մթությանը վարժվելով նկատում էին, թե ինչպես, փամփլիկ պոչերը խաղացնելով, սկյուռիկները փախչում էին արահետից ու թաքնվում ծառերի ետևում։ Գետնամած թփուտներում ու չորացած տերևների հաստ շերտում խշխշոց, վազվռտուք ու փնչոց էր լսվում։ Բայց թե ով էր այդ բոլոր ձայները հանում, Բիլբոն չէր կարողնաում տեսնել։ Մի բան շատ զզվելի էր՝ սարդոստայնը, խիտ, արտասովոր հաստ սարդոստայնը ծառից ծառ էր ձգվում և պարուրում արահետի երկու կողմերի ստորին ճյուղերը։ Սարդոստայնը ոչ մի տեղ արահետև չէր հատում՝ կախարդանքով, թե մեկ ուրիշ պատճառով, հայտնի չէր։
 
   Շատ ժամանակ չէր անցել, բայց նրանք ատեցին անտառն այնպես ուժգին, ինչպես ատում էին գոբլինյան թունելները․ նրանց թվում էր, թե այստեղից այլևս երբեք դուրս չեն գա։
 
   Անտառի ծածկույթի տակ մաքուր օդի սյուք անգամ չէր թափանցում, այնտեղ մշտապես բուն էին դրել տոթը, խավարը և լռությունը։ Նույնիսկ թզուկներին դա ճնշում էր, չնայած նրանք սովոր էին հանքահորերում աշխատելու և երկար ժամանակ ապրել էին գետնի տակ։ Իսկ հոբիտը, շատ էլ թե բնում էր ապրում, սիրում էր ամառային օրերը դրսում անցկացնել և այժմ բոլորովին շնչահեղձ էր լինում։
 
   Ամենից վատը գիշերն էր։ Մութը անթափանց էր դառնում, և դա չափազանցություն չէ։ Նրանք իսկապես ոչինչ չէին տեսնում։ Ոչ, ասենք դա ճիշտ չէ։ Նրանք տեսնում էին ինչ֊որ մեկի աչքերը։ Գիշերը շրջապատող մթության մեջ կրակներ էին բռնկվում, ճամփորդների վրա էին հառվում զույգ աչքեր՝ դեղին, կարմիր, կանաչ․ հետո կորչում էին և հառնում արդեն ուրիշ տեղում։ Ժամանակ առ ժամանակ կրակները փայլում էին ինչ֊որ տեղ, վերևում, ճյուղերից, և դա շատ սարսափելի էր։ Բայց ամենից ավելի Բիլբոյին դուր չէին գալիս զզվելի, գունատ, դուրս ընկած աչքերը։ «Ոնց որ միջատներինը,― մտածեց նա,― միայն թե չափազանց խոշոր են»։
 
   Գիշերները նրանք չէին մրսում, բայց, այնուամենայնիվ, սկզբում փորձեցին պարեկային խարույկ վառել։ Շուտով սակայն, ստիպված եղան խարույկից հրաժարվել, քանի որ բավական էր կրակ վառեին, և խավարի միջից բոլոր կողմերից ճամփորդների վրա էին չռվում հարյուրավոր ու հարյուրավոր աչքեր, թեպետ աչքերի տերերն անտեսանելի էին մնում։ Ավելի վատն այն էր, որ կրակը գրավում էր հազարավոր մոխրագույն ու սև թիթեռնիկների, երբեմն ձեռքի ափիմեծության․ սրանք ֆռֆռում ու թպրտում էին ուղիղ երեսիդ։ Թիթեռներն անտանելի ձանձրացնում էին, ճիշտ այնպես, ինչպես հսկայական, վաքսի պես սև չղջիկները։ Ճամփորդները գիշերները ննջում էին համատարած, սահմռկեցուցիչ մթության մեջ։
 
   Այդ բոլորը, ինչպես հոբիտին էր թվում, մի ամբողջ հավիտենականություն շարունակվեց։ Բիլբոն միշտ ուտել էր ուզում, որովհետև այժմ ստիպված էին մթերքը տնտեսել։ Օրերն անցնում էին, իսկ անտառը բոլորովին չէր փոխվում, և ճամփորդները տագնապեցին։ Մթերքի պաշարները սպառվում էին։ Թզուկները փորձում էին սկյուռիկներ նետահարել և բազում նետեր ծախսեցին, բայց միայն մեկին խփեցին։ Երբ այն խորովեցին, պարզվեց որ ուտելու բան չէ, և սկյուռներից ձեռ քաշեցին։
 
   Նրանց տանջում էր ծարավը, որովհետև ջրի պաշարները պակասում էին, իսկ առայժմ ոչ մի աղբյուր կամ առվակ չէր հանդիպել։ Այդպես էլ շարունակեցին առաջ գնալ, մինչև որ մի անգամ նրանց ճանապարհը կտրեց մի վտակ՝ ոչ լայն, բայց արագահոս, և նույնպես սև էր թվում։ Լավ էր, որ Բեորնը նախազգուշացրել էր նարնց, թե չէ անպայման կուշտ կխմեին և դատարկ տկերը կլցնեին։ Իսկ հիմա նրանք մտածեցին, թե ինչպես անցնեն վտակը առանց ջուրը մտնելու։ Ինչ֊որ ժամանակ, երևում է, փայտե կամրջակներ են գցած եղել, բայց հիմա դրանցից կոտրտված սյուներ էին մնացել ափին կպած։
 
   Բիլբոն ծնկի իջավ և, մթության մեջ նայելով, հանկարծ բացականչեց,
 
   ― Այն ափին նավակ կա․․․ Երևանի թե մեր կողմում լիներ․․․
 
   ― Ինչ եք կարծում, հեռո՞ւ է,― հարցրեց Տորինը։ Թզուկներն արդեն համոզվել էին, որ Բիլբոյի աչքերը ամենից սրատեսն են։
 
   ― Իսկի էլ հեռու չէ։ Մի տասը մետր, ոչ ավելի։
 
   ― Ընդամենը տասը մետր․․․ Կարծում էի, ամենաքիչը քսանհինգ կլինի․․․ Ինչ արած, ես հիմա այնքան էլ լավ չեմ տեսնում, ինչպես հարյուր տարի սրանից առաջ։ Ի միջիայլոց, տասը թե քսանհինգ՝ ի՞նչ տարբերություն։ Միևնույն է, առվակը թռչելով չես կարող անցնել, իսկ լողալով կամ ծանծաղուտով անցնելը վտանգավոր է։
 
   ― Որևէ մեկը պարան նետել կարողանո՞ւմ է։
 
   ― Դրանից ի՞նչ օգուտ։ Նույնիսկ եթե հաջողվի նավակը կեռով բռնել, այն հաստատ կապած կլինի։
 
   ― Ինձ թվում է, ոչ,― ասաց Բիլբոն,― բայց այսպիսի մթության մեջ չես տեսնի։
 
   ― Դորին ամենաուժեղն է, բայց Ֆիլին ամենաերիտասարդն է, և նրա աչքերը լավ են տեսնում,― ասաց Տորինը։― Ֆիլի, արի այստեղ, դու տեսնո՞ւմ ես նավակը, որի մասին ասում է միստր Բեգինսը։
 
   Ֆիլին երկար նայելուց և, վերջապես, նավակը զանազանելուց հետո մի կերպ որոշեց հեռավորությունը։ Նրան պարան տվեցին, իրենց հետ վերցրածներից ամենաերկարը, և ծայրին մի մեծ երկաթե կեռ կապեցին, նրանցից, որով հակերը ամրացնում էին կաշեփոկերին, երբ շալակած էին տանում։ Ֆիլին կեռիկը ձեռքն առավ, ափի մեջ տարուբերեց ու շխրտեց վտակի այն ափը։
 
   ― Կեռիկը չլմփաց ջուրը։
 
   ― Չհասավ,― նկատեց Բիլբոն, որ հեռևում էր ընթացքին։― Եվս կես մետր, և այն կկառչի նավակից։ Նորից փորձիր։ Կարծում եմ, եթե ձեռք տաս թաց պարանին, չարքերը քեզ չեն վնասի։
 
   Ֆիլին պարանը քաշեց և բռնեց կեռիկը, բայց դա արեց մեծ զգուշությամբ։ Երկրորդ անգամ նա պարանը ավելի հեռու նետեց։
 
   ― Հանգիստ,― ասաց Բիլբոն։― Կեռիկը մյուս կողին ես գցել։ Կամացուկ ձգիր։
 
   Ֆիլին սկսեց կամացուկ ձգել, իսկ Բիլբոն ասաց․
 
   ― Զգույշ։ Կեռիկը կողին է ընկած, այնպես արա, որ չպոկվի։
 
   Կեռիկը կառչեց կողին, պարանը պրկվեց, Ֆիլին քաշեց հա քաշեց, բայց ապարդյուն։ Նրան օգնության եկավ Կիլին, հետո՝ Օյնը և Գլոյնը։ Նրանք քաշում էին ամբողջ ուժով, և հանկարծ բոլորը միասին բերանքսիվայր փռվեցին։ Բայց Բիլբոն զգաստ հետևում էր․ նա պարանը խլեց նրանց ձեռքից ու փայտով պահեց սև նավակը, որին ջրի հոքսանքն արագ տանում էր։
 
   ― Օգնեցե՛ք,― գոռաց Բիլբոն, և վրա հասած Բալինը բռնեց նավախելից։
 
   ― Ուրեմն, այնուամենայնիվ, նավակը կապած էր,― ասաց Բիլբոն, նայելով նավակին ամրացված ճոպանի կտորին։― Լավ ձգեցինք, բարեկամներ, և լավ էր, որ մեր պարանն ավելի ամուր դուրս եկավ։
 
   ― Առաջինը ո՞վ է անցնելու,― հարցրեց Բիլբոն։
 
   ― Ես,― պատասխանեց Տորինը,― և ինձ հետ՝ դուք, Ֆիլին ու Բալինը։ Նավակում այլևս ոչ ոք չի տեղավորվի։ Հետո Կիլին, Օյնը, Գլոյնը և Դորին, հետո Օրին, Նորին, Բիֆուրն ու Բոֆուրը։ Եվ վերջում՝ Դվալին ու Բոմբուրը։
 
   ― Միշտ ես եմ վերջինը, ձանձրացել եմ,― բողոքեց Բոմբուրը։― Թող այսօր ուրիշ որևէ մեկը լինի վերջինը։
 
   ― Իսկ ինչո՞ւ ես այդքան չաղ։ Դրա համար էլ կգնաս, երբ նավակաում քիչ բեռ կլինի։ Եվ մտքովդ էլ թող չանցնի փնթփնթալ ու վիճարկել հրամանները, թե չէ վերջդ վատ կլինի։
 
   ― Այստեղ թիակներ չկան։ Ինչպե՞ս ենք մյուս ափ հասնելու,― հետաքրքրվեց հոբիտը։
 
   ― Ինձ մի պարան և մի կեռիկ էլ տվեք,― խնդրեց Ֆիլին։ Կեռիկը պարանին կապելով՝ նա նետեց մթության մեջ, որքան կարելի է հեռու և բարձր։ Կեռրիկը ներքև չընկավ, հետևաբար լռվեց ճյուղերի մեջ։
 
   ― Նստեք,― հրամայեց Ֆիլին, մեկնումեկը թող ձգի ճյուղերից կախված պարանը, իսկ մեկ ուրիշը թող բռնի առաջին պարանը։ Երբ մենք կհասնենք մյուս ափը, նավակը ետ կքաշեք։
 
   Այս ձևով բոլորը բարեհաջող անցան կախարդված վտակը։ Նոր էր Դվալինը նավակից ափ իջել, պարանի կծիկը ձեռքին, իսկ Բոմբուրը (ի միջի այլոց շարունակելով փնթփնթալ) պատրաստվում էր հետևել նրան, երբ հանկարծ իսկապես մի վատ բան տեղի ունեցավ։ Առջևում արահետի վրա սմբակների կատաղի դոփյուն լսվեց, խավրի միջից ծառացավ սուրացող եղջերուի ուրվագիծը։ Նա մխրճվեց թզուկների ջոկատի մեջ, սրանց զանազան կողմեր շպրտեց և օդ խոյացավ։ Նա մի ոստյունով թափ առավ վտակն անցնելու, բայց․․․ չհաջողվեց անվնաս մյուս ափ հանել։ Տորինը, առաջինը դիմացի ափ իջնելով, աղեղը լարեց ու նետը դրեց, մտածելով, որ նավակի տերը կարող է թաքնված լինել մոտակայքում։ Տորինը մաիկն էր, որ ոտքի վրա էր մնացել և պահպանել էր արիությունը․ այժմ նա վստահ ու դիպուկ նետն արձակեց եղջերուի վրա։ Վայէջք կատարելով՝ կենդանին ճոճվեց, նրան կուլ տվեց անտառի խավարը, լսվեց սայթաքող սմբակների ձայն, հետո ամեն ինչ լռեց։
 
   Հենց այն է բոլորն ուզում էին դիպուկ կրակողին գովաբանել, երբ լսվեց Բիլբոյի հուսահատ ճիչը․
 
   ―― Բոմբուրը ջուրն ընկավ,― Բոմբուրը խեղդվում է․․․
 
   Եղջերվամսի երազանքները նրանց գլխից դուրս մղվեցին։ Ավա՜ղ, դա ճշմարտություն էր։ Երբ եղջերուն դուրս է թռել անտառից ու Բոմբուրին տապալել, գիրուկը ցամաքին կանգնած է եղել միայն մեկ ոտքով։ Ընկնելով՝ Բոմբուրը ակամա նավակը հեռացրել է ափից, փորձել է բռնել լպրծուն արմատներից, բայց ձեռքերը պոկվել են և նա շրմփացել է ջուրը, իսկ մակույկը հոսանքը քշել տարել է։
 
   Բոլորը նետվեցինդեպի առուն ու ջրի երեսին տեսան Բոմբուրի կնգուղը։ Իսկույն նետեցին կեռիկով պարանը և նրան ցամաք հանեցին։ Բոմբուրը, բնական է, թրջվել էր մինչև վերջին թելը, բայց դա դեռ ոչինչ, այ թե որն էր դժբախտությունը․ նա քնած էր, պարանը ձեռքում սեղմած, ու այնպես էլ պինդ, որ ձեռքը բացել չէին կարողանում։ Չնայած արթնացնելու բոլոր փորձերին՝ նա շարունակում էր քնած մնալ։
 
   Բոլոր թզուկները դեռ կանգնած էին նար շուրջը, անիծելով նրա դանդալոշությունն ու իրենց անհաջողակությունը և ողբալով նավակի կորուստը, որ իրենց զրկեց այժմ սպանված եղջերուն ձեռք գցելու հնարավորությունից, երբ հանկարծ հեռվում փողի ձայն և շների հաչոց լսվեց։ Անսպասելիորեն արահետի վրա մի սպիտակ եղնիկ հայտնվեց, նույնքան կուրացուցիչ ձյունասպիտակ, որքան որ սև էր եղջերուն։ Մինչև Տորինը կհասցներ նախազգուշացնելու համար գոռալ, թզուկները վեր թռան ու նետեր արձակեցին։ Ոչ մի նետ նպատակին չհասավ։ Եղնիկը շրջվեց ու անհետացավ ծառերի մեջ այնպես անաղմուկ, ինչպես հայտնվել էր, և թզուկներն իզուր շարունակում էին նետեր արձակել նրա ետևից։
 
   ― Սպասեցեք, դադարեցեք․․․― գոռաց Տորինը, բայց ուշ էր․ թզուկները գրգռված վերջին նետերն էին արձակում։ Եվ այժմ Բեորնի նվիրած աղեղներն անօգտակար դարձան։
 
   Ընկճվածությունը տիրեց ողջ խմբին, և հետևյալ օրերին այն ավելի ուժեղացավ։ Կախարդված առվից հետո արահետը գալարվում էր ճիշտ նույն ձևով, անտառն էլ ճիշտ ույնն էր։ Եթե նրանք անտառն ավելի լավ ճանաչեին, ապա գլխի կընկնեին, որ մոտենում են անտառի արևելյան բացատին, ևս մի քիչ համբերություն ու խիզախություն, և նրանք դուրս կգային ավելի նոսր անտառ, որտեղ արև էր թափանցում։ Բայց գլխի չէին ընկնում։ Ընդ որում, նրանք հերթով տանում էին ծանրամարմին Բոմբուրին, չորսը նրան էին տանում, իսկ մնացածը տանում էին այդ չորսի բեռը։ Թե որ վերջին օրերին չթեթևանային հակերը, նրանք իսկի չէին էլ կարողանա տակից դուրս գալ։ Բայց նույնիսկ ամենածանր հակերն ավելի լավ էին, քան ծանր Բոմբուրը։ Գիրուկը, ցավոք սրտի, ուտելիքով լի պարկերին չէր փոխարինում։ Հասավ օրը, երբ նրանց մոտ համարյա ոչ ուտելիք էր մնացել, ոչ խմելիք։ Անտառում ոչինչ չէր աճում, միայն սպունգ՝ ծառերի վրա, մեկ էլ դժգույն տերևներ ու անդուր հոտ ունեցող բույսեր։
 
   Վտակն անցնելուց չորս օր հետո համատարած հաճարենու անտառ սկսվեց։ Ճամփորդներն սկզբում ուրախացան այդ փոփոխության համար․ ցածր թփուտներն անհետացան, խավարը նոսրացավ, լուսավորությունը կանաչավուն դարձավ։ Սակայն լուսավորվեցին միայն մոխրագույն բների ուղիղ շարքերը, որ ասես կիսախավար հսկայական դահլիճում վեր խոյացող սյունաշարեր իլնեին։ Զեփյուռ հայտնվեց, տերևները շրշացին, բայց այդ շրշյունն էլ ասես թախծոտ էր։ Վերևից տերևներ էին թափվում, հիշեցնելով այն մասին, որ աշունը մոտենում է։ Ոտքերի տակ խշխշում էր նախորդ աշուններից կուտակված չոր գորգը։
 
   Երկու օր անց նրանք նկատեցին, որ արահետը թեքվեց ներքև, և շուտով հայտնվեցին հզոր կաղինիներով ծածկված մի ձորակում։
 
   ― Այս անիծված անտառը պետք է վերջանա՞, թե թչ,― խոսեց Տորինը։― Ինչ֊որ մեկը պետք է բարձրանա ծառը և տերևների արանքից նայի։ Հարկավոր է ընտրել արահետին մոտ ամենաբարձր ծառը։
 
   Իհարկե, «ինչ֊որ մեկը» ասելով նկատի ուներ Բիլբոյին։ Ընտրությունը նրա վրա էր ընկոնւմ այն պատճառով, որ պետք էր բարձրանալ ծառի գագաթը, իսկ դրա համար հարկավոր է շատ թեթև լինել, որպեսզի բարակ ճյուղերը դիմանան։ Խեղճ միստր Բեգինսը ծառեր մագլցելու մեծ վարպետ չէր, բայց ինչ կարող ես անել․ նրան նստեցրին արահետի եզրին աճած վիթխարի կաղնու ստորին ճյուղերին, և ուզած֊չուզած պետք է բարձրանաս վերև։ Բիլբոն դարավոր կեղևից կանաչ ու սև ներկվեց, շատ անգամ քիչ էր մնում վայր ընկներ և, վերջապես, հաղթահարելով ամենադժվար տեղամասը, որտեղ մի բան չկար, որից բռներ, հասավ գագաթը։ Իսկ քանի դեռ բարձրանում էր, միայն մի բան էր մտածում․ ծառի վրա սարդեր կա՞ն արդյոք, կհաջողվի՞ արդյոք ցած իջնել, չընկնել։
 
   Վերջապես նրա գլուխը բարձրացավ սաղարթե տանիքի վրա։ Բիլբոն լույսից կուրացավ։ Ներքևից նրան ձայն էին տալիս թզուկները, բայց նա չէր պատասխանում և աչքերը կկոցելով միայն ավելի ամուր էր կառչում ճյուղերին։ Արևն այնպես պայծառ էր փայլում, որ նա երկար ժամաակ չէր կարողանում աչքերը բաց անել, իսկ երբ բացեց, քամուց օրորվող մուգ կանաչի ծով տեսավ։ Բիլբոն երկար ըմբոշխնում էր քամին, որ շոյում էր նրա դեմքն ու մազերը։ Վերջապես թզուկների ճիչերը, որոնք ներքևում տառացիորեն պայթում էին անհամբերությունից, հիշեցրին նրան գործի մասին։ Շուրջը նայեց, բայց ինչքան ուզում ես նայիր՝ չորս կողմը կանաչի համատարած ծով էր։
 
   Իսկապես էլ, ինչպես արդեն ասել եմ, մինչև անտառի եզրը քիչ էր մնում։ Բիլբոն մի քիչ խելացի լիներ, կհասկանար, որ բարձր ծառը, որի վրա ինքը նստած էր, աճել էր մի լայն իջվածքի հատակում, և նրա գագաթից հնարավոր չէր տեսնել այդ մեծ թավուտի եզրը և թե որքան հեռու է տարածվում անտառը։ Բայց Բիլբոն դա չհասկացավ, դրա համար էլ, կատարելապես հուսահատված, ճանկռոտված, քրտնած, նա իջավ անտառի մթության մեջ և երկար ժամանակ շուրջը ոչինչ չէր զանազանում։ Նրա հաշվետվությունը մյուսներին էլ հուսահատության գիրկը գցեց։
 
   ― Անտառը ոչ մի տեղ, ոչ մի տեղ չի վերջանում։ Ի՞նչ ենք անելու, ի՞նչ օգուտ ուներ հոբիտին ուղարկելը,― բացականչում էին նրանք, կարծես թե ամեն ինչի մեղավորը Բիլբոն էր։
 
   Այդ երեկո նրանք կերան վերջին փշրանքները, իսկ առավոտյան արթնանալով՝ նորից ստամոքսը կրծող քաղց զգացին։ Անձրև էր մաղում և արդեն տեղ֊տեղ ներծծվում էր անտառի խիտ ծածկույթից ներս։ Ծարավից նրանց բերանները չորացել էին, բայց անձրևը նրանց վիճակը չթեթևացրեց․ հո լեզուդ հանած չե՞ս կանգնելու և սպասելու, թե երբ կաթիլը կընկնի լեզվիդ վրա։ Միակ մխիթարությունը, բոլորովին անսպասելի, Բոմբուրը պարգևեց նրանց։
 
   Նա հանկարծ արթնացավ, նստեց, մտածկոտ քորեց ծոծրակը։ Բոմբուրը ոչ մի կերպ չէր կարողնաւոմ հասկանալ որտեղ է ինքը և ինչու է այդպես սոված։ Նա մոռացել էր ամեն ինչ, որ տեղի էր ունեցել մայիսյան այն առավոտ, հոբիտի տան խնջույքից հետո։ Ահագին ջանքեր պետք եղան նրան համոզելու համար, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես իրենք են պատմում։
 
   Լսելով, որ ուտելու բան չկա, նա դառը լավ եղավ։
 
   ― Ախր ինչու արթնացա,― բացականչեց նա։― Ես այնպիսի հրաշալի երազներ էի տեսնում։ Երազումս տեսա, իբր թափառում էի անտառում, սրա նման մի անտառ էր, ծառերի վրա ջահեր էին վառվում, ճյուղերից լապտերներ էին կախված, գետնին հուրհրում էին խարույկները։ Անտառում քեֆ էր, ուրախություն, որ ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ։ Անտառի արքան նստած էր տերևներից թագը գլխին, բոլորն ուրախ երգեր էին երգում, իսկ թե ինչ խորտիկներ էին ու խմիչքներ․․․ ուղղակի նկարագրել չեմ կարող։
 
   ― Ավելի լավ,― ասաց Տորինը։― Քանի որ դու ուրիշ ոչնչի մասին խոսելու ընդունակ չես, բացի ուտելիքներից, ապա լավ կանես լռես։ Առանց այդ էլ քեզանից միայն անախորժություններ են գալիս։ Եթե հիամ չարթնանայիր, մենք քեզ կթողնեինք անտառում, և թող էն ժամանակ տեսնեիր քո հիմար երազները։ Կարծում ես այսքան երկար պաս պահելուց հետո հե՞շտ է քեզ քարշ տալը։
 
   Նրանց ի՞նչ էր մնում անել։ Ավելի պինդ ձգեցին գոտիները դատարկ փորերի վրա, հակերը գցեցին մեջքներին և կամաց֊կամաց արահետով շարժվեցին առաջ, անտառից նույնիսկ կենդանի դուրս գալու հույս չունենալով։ Նրանք ամբողջ օրը ուժասպառ քարշ եկան, և դեռ Բոմբուրն էլ անընդհատ տնքտնքում էր ու գանգատվում, թե ոտքերը դողում են, և որ ինքը հիմա կպառկի ու կքնի։
 
   Հանկարծ Բալինը, որ առջևից էր գնում, բացականչեց․
 
   ― Էն ի՞նչ է, ծառերի արանքից կրակ է երևում․․․
 
   Նրանք կանգնեցին և սկսեցինուշադիր նայել։ Իսկապես, հեռվում կարմիր կրակ առկայծեց, հետո նորից, էլի նորից։ Ճամփորդներն շտապեցին առաջ, դույզն իսկ չմտածելով՝ հանկարծ ու դրանք գոբլիններն են կամ տրոլներ։ Շուտով նրանք գլխի ընկան, որ դա բազմաթիվ ջահերի և խարույկների լույս է։
 
   ― Իմ երազները կատարվում են,― փնչաց ետևներից հազիվ հասնող Բոմբուրը։ Նա ուզում էր վազել ուղիղ այնտեղ, բայց մյուսները չէին մոռացել հրաշագործի և Բեորնի նախազգուշացումները։
 
   Նրանք երկար վիճեցին, և վերջապես, որոշեցին երկու հետախույզ ուղարկել՝ թող մոտ սողան կրակին և աշխատեն որևէ բան պարզել։ Բայց այստեղ նորից խանգարող հանգամանք ծագեց․ ոչ ոքի չէր հրապուրում մոլորվելու և ընկերներին ընդմիշտ կորցնելու հեռանկարը։ Վերջապես սովը հաղթեց ողջամտությանը․ այլևս անկարող լինելով լսել, թե ինչպես է Բոմբուրը նկարագրում անտառի խնջույքի համադամ խորտիկները, նրանք բոլորը մասին դուրս եկան արահետից և խորացան անտառի մեջ։ Որոշ ժամանակ շոշափելով ծառից ծառ անցնելուց, բների արանքում թափառելուց հետո նրանք, վերջապես, տեսան պայծառ լուսավորված, մաքրած ու հարթեցրած մի բացատ։ Այնտեղ լիքը ժողովուրդ էր, ոչ ավել, ոչ պակաս, էլֆեր։ Կանաչ ու շագանակագույն շորեր հագած՝ նրանք նստած էին կոճղերի վրա, խարույկի շուրջը։ Նրանց ետևում, ծառերի վրա ջահեր էին կախված, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ նարքն ուտում, խմում և ուրախանում էին։
 
   Խորոված մսի բույրն այնքան ձգող էր, որ ճամփորդները, առանց իրար հետ պայմանավորվլեու, ողջ հասակով մեկ ձգվեցին, ուղղվեցն և թփուտների միջով քայլեցին դեպի բացատ, համակված մեն մի ցանկությամբ՝ ուտելիք խնդրել։ Բայց հազիվ էին նրանք շրջան մտել, որ բոլոր կրակները, ասես կախարդական փայտիկի շարժումով, հանգան, էլֆերից մեկը ոտքով հասցրեց վառվող փայտերին, փայլփլուն կայծերի խրձերը վեր խոյացան, ու խարույկը հանգավ։ Ճամփորդները մնացին անթափանցելի խավարի մեջ և երկար ժամանակ մեկը մյուսին գտնել չէին կարողանում։ Մթության մեջ խարխափելով, ծառերին դեմ առնելով, բներից կառչելով, կոճղերին խփվելով ու սայթաքելով, ամբողջ ձայնով հեյ֊հեյ գոռալով և անտարակույս շատ֊շատ կիլոմետր տարածությամբ շրջակա անտառի բոլոր բնակիչներին արթնացնելով, նրանք վերջապես հաջողացրին իրար գլխի հավաքվել և ափլփելով հաշվել մեկը մյուսին։ Այդ ընթացքում նրանք վերջնականապես շշկռվեցին, թե որտեղ է արահետը, և անդառնալիորեն մոլորվեցին, համենայն դեպս՝ մինչև առավոտ։
 
   Մնում էր միայն առանց տեղից շարժվելու պառկել և քնել։ Նրանք երկար չպառկեցին։ Բիլբոն նոր֊նոր էր ննջում, երբ հանկարծ Դորին, որ ժամապահ էր կանգնած, բարձր փսփսաց․
 
   ― Էլի կրակներ։ Ավելի շատ, քան առաջ։
 
   Նրանք նորից վեր թռան ու նետվեցին այն կողմը, որտեղից պարզ լսվում էին ձայներ ու ծիծաղ։ Բայց հենց մոտեցան խարույկներին՝ նույնը կրկնվեց, ինչ և նախորդ անգամ։
 
   Ստիպված նորից պառկեցին քնելու։
 
   Բայց կրակների պատմությունը դրանով չվերջացավ։ Կեսգիշերին նրանց արթնացրեց Կիլին։
 
   ― Այ այնտեղ մի ամբողջ հրդեհ է՝ խարույկներ, ջահեր․ լսո՞ւմ եք, երգում են, տավիղ նվագում․․․
 
   Նրանք երկար ականջ դրեցին և, ի վիճակի չլինելով գայթակղությանը դիմանալ, նորից վեր կացան ու գնացին։ Արդյունքն ավելի քան տխուր եղավ։ Իսկ խնջույքը նախորդներից ավելի ճոխ էր, ավելի շքեղ, նրանց գլխավորում էր անտառի արքան, որ նստած էր տերևներից թագը ոսկեմազ գլխին դրած, ճիշտ֊ճիշտ Բոմբուրի երազի թագավորի պես։ Էլֆերը թասերը փոխանցում էին մեկը մյուսին, ոմանք տավիղ էին նվագում, մյուսները երգում էին։ Նրանց փայլու մազերին ծաղիկներ էին հյուսած, օձիքների և գոտիների վրա շողշողում էին թանկարժեք քարեր, դեմքերն ու ձայները ուրախություն էին ճառագում։ Երգերն այնքան զրնգուն ու սքանչելի էին, որ Տորինը մտավ շրջանի կենտրոնը․․․
 
   Երգողները խոսքի կեսին լռեցին, մեռելային լռություն տրիեց․․․ բոլոր կրակները հանգան, խարույկների տեղում սև ծխի սյուներ բարձրացան, մրի֊մոխրի փոշին փակեց թզուկների աչքերը։ Անտառը նորից լցվեց սրանց ողբ ու կականով։
 
   Բիլբոն վազվզում էր չորս կողմը և կանչում էր հա կանչում․
 
   ― Դորի, Նորի, Օրի, Օյն, Ֆիլի, Կիլի, Բոմբուր, Բիֆուր, Դվալին, Բալին, Տորին Օուքենշի՜լդ․․․
 
   Նրանք, մթության մեջ անտեսանելի, նույնն էին անում, դեռ «Բիլբոն» էլ ավելացնելով։ Բայց աստիճանաբար թուկների ձայները մարեցին, հեռացան, հետո, ինչպես հոբիտին թվաց, օգնություն հայցող վայնասունի վերածվեցին, ապա ամեն ինչ սսկվեց, և Բիլբոն մենակ մնաց լիակատար լռության ու մթության մեջ։
 
   Սա նրա կյանքի ամենածանր պահերից մեկն էր։ Բիլբոն բավական արագ որոշեց, որ մինչև առավոտ ոչինչ անել պետք չէ, անիմաստ է մթության մեջ խարխափել և ուժասպառ լինել․ ան էլ նախաճաշի ոչ մի հույս չունենալով, որպեսզի ուժերը վերականգնի։ Բիլբոն նստեց, մեքով հենվեց ծառին և, արդեն քանիերորդ անգամ, հիշեց իր հեռավոր բույնը, լեփլեցուն մառանները։ Նա խորասուզվեց խոզապուխտի, ձվերի, բոված հացի մասին իր երազանքների մեջ, երբ հանկարծ զգաց ինչ֊որ մեկի հպումը։ Նրա ձեռքին ինչ֊որ ամուր մածուցիկ պարան սեղմվեց, իսկ երբ նա փորձեց վեր կենալ, տեղունտեղն ընկավ, քանի որ նրա ոտքերը խճճվել էին էլի նույն գարշանքով։
 
   Եվ հանկարծ նրա թիկունքից մի հաղթանդամ սարդ հայտնվեց։ Սա էր, որ մինչ ինքը ննջում էր, իրեն փաթաթել էր սարդոստայնով։ Բիլբոն տեսնում էր նրա աչքերը, զգում, թե ինչպես են հպվում իրեն փրչոտ թաթերը․ սարդը շատ բարեխղճորեն աշխատում էր՝ Բիլբոյին փաթաթում էր զզվելի թելերով։ Լավ էր, որ Բիլբոն ժամանակին սթափվեց՝ մեկ րոպե ևս, և նա արդեն շարժվել չէր կարողանա։ Եվ այն ժամանակ սարդը թույն կներարկեր, ինչպես սովորական սարդերը անում են ճանճերին։ Բիլբոն բռունքցներով սկսեց քաջաբար կռվել նողկալի արարածի հետ ու հանկարծ դաշույնը միտն ընկավ։ Հենց որ նա դուրս քաշեց դաշույնը, սարդը ետ թռավ, իսկ Բիլբոն այդ ժամանակ կտրատեց իրեն փաթաթված թելերը։ Այժմ հարձակվելու հերթը իրենն էր, և գրոհեց սարդի վրա։ Եթե սարդն իմանար, թե իրեն ինչ է սպառնում, ապա իսկույն կծլկեր, բայց նա հաստատ այդպիսի խայթով «որսի» սովոր չէր, և Բիլբոն հասցրեց դաշույնով հարվածել նրա գլխին։ Սարդը թռչկոտեց, պար եկավ, թաթերը ահավոր ցնցեց, այդ ժամանակ Բիլբոն երկրորդ հարվածով նրան տապալեց գետնին։ Բայց ինքն էլ տեղնուտեղն ընակվ և երկար ժամաակ գիտակցությունը կորցրեց։
 
   Երբ նա ուշքի եկավ, շուրջը սովորական ցերեկային աղոտ կիսամութ էր։ Սարդը ընկած էր կողքին, դաշույնի բերանը սև խալերով էր պատված։ Սպանել հսկայական սարդին մթության մեջ, միայնակ, առանց կախարդի, առանց թզուկների կամ որևէ մեկի օգնության, դա, պետք է ասեմ, միստր Բեգինսի կյանքում չլսված իրադարձություն էր։ Նա իրեն բոլորովին ուրիշ էր զգում, առավել քաջ ու անողոք։ Նա դաշույնը խոտերին քսելով մաքրեց և դրեց պատյանը։
 
   ― Այսուհետ ես քեզ Խայթ եմ անվանելու,― ասաց նա դաշույնին։
 
   Հետո գնաց հետախուզության։ Անտառում անդորրն էր թագավորում։ Ամենից առաջ հարկ էր բերակամներին փնտրել․ նրանք գնալ չէին կարող, եթե, իհարկե, նրանց գերի չէին վերցրել էլֆերը կամ ավելի վատթար որևէ մեկը։ Բիլբոն հասկանում էր, որ գոռանլն այնտեղ վտանգից զերծ չէ, դրա համար էլ երկար կանգնել էր տեղում ու մտածում էր, թե որ կողմում է արահետն ու որ կողմ շարժվել թզուկներին փնտրելու համար։
 
   «Ինչո՞ւ մենք չլսեցինք Բեորնի ու Հենդալֆի խորհուրդները,― իրեն կոտրում էր նա։― Իսկ հիմա ամեն ինչ խճճեցինք։ «Մենք»։ Լավ է, եթե «մենք» լինենք, թե չէ մենակ շատ սարսափելի է»։
 
   Վերջապես նա հիշեց, թե գիշերը որտեղից էին գալիս օգնության կանչող ճիչերը․ բարեբախտաբար (իսկ դա նրա հետ գալիս էր ծնված օրվանից) մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց ճիշտ որոշեց տեղը և իսկույն էլ սկսեց զգուշությամբ շարժվել այդ ուղղությամբ։ Ինչպես արդեն շատ անգամ ասել եմ, հոբիտները գիտեն անտառում քայլել, ինչպես ոչ ոք, բացի դրանից Բիլբոն դրել էր մատանին։
 
   Նա զգուշորեն գաղտագողի գնաց այնքան ժամանակ, մինչև առջևում մի սև գունդ նշմարեց․ շատ թանձր սև՝ նույնիսկ Սև Անտառի համար, ասես մութ գիշերվա մի կտոր լիներ, որ մոռացել էր օրը բացելու հետ ցրվել։ Մոտրիկ գնալով՝ նա հասկացավ, որ դա սարդոստայն է, մի քանի շերտ իրար վրա փաթաթված։ Եվ այստեղ նա իր վերևում սարդեր տեսավ՝ հսկայական, ահավոր, սարսափելի, իրենց համար նստած էին ճյուղերին։ Բիլբոն դողաց․ մատանին՝ մատանի, բայց հանկարծ ու իր հոտն առնե՞ն․․․ Ծառի ետևում կանգնած, որոշ ժամանակ դիտում էր նրանց անտառի լռության ու անդորրի մեջ և հանկարծ հասկացավ, որ զազրելի արարածները խոսում են իրար հետ։ Նրանց ձայները բարակ ճռռոցի ու սուլոցի էին նմանվում․ բայց Բիլբոն տարբերեց բառերը։ Նրանք թզուկների մասին էին խոսում։
 
   ― Թեժ էր կռիվը, բայց թե արժեր,― ասաց մեկը։― Համա թե պինդ է դրանց կաշին։ Փոխարենը ներսից հաստատ հյութեղ կլինեն։
 
   ― Այո, այո, մի քիչ կախված կմնան՝ ավելի կհամովանան,― հաստատեց մյուսը։
 
   ― Չափից ավելի չպահեք նրանց,― ձայն տվեց երրորդը,― որ չչորանան, թե չէ ինչ֊որ նիհար֊միհար են։ Երևի վատ են սնվել վերջին ժամանակները։
 
   ― Հիմա սպանենք դրանց, ասում եմ ձեզ,― սուլեց չորրորդը,― իսկ հետո թող սատկած մնան կախված։
 
   ― Դե նրանք առանց այդ էլ սատկած են։ Հավատացեք ինձ,― առարկեց առաջինը։
 
   ― Իսկի էլ սատկած չեն։ Նոր մեկը շուռումուռ էր գալիս, երևում է ուշքի է եկել։ Գնանք, ցույց տամ։
 
   Եվ գեր սարդը արագ վազեց ճյուղի մոտ, որից կողք կողքի կախված էին մի դյուժին մեծ֊մեծ փաթեթներ։ Նոր միայն Բիլբոն նրանց նկատեց ծառի ստվերում և սարսափեց․ փաթեթներից դուրս էին ցցված՝ մեկից թզուկի ոտք, մեկից՝ քիթ, մյուսից մորուքի ծայրը, մեկ ուրիշից՝ կնգուղը։
 
   Սարդը ուղղվեց դեպի ամենամեծ փաթեթը։
 
   «Երևի թե խեղճ Բոմբուն է»,― մտածեց Բիլբոն։
 
   Սարդը ուժեղ կսմթեց Բոմբուրի քթի ծայրը։ Անտարակույս Բոմբուրը կենդանի էր։ Մի խուլ վայնասուն լսվեց և դուրս ցցված ոտքը դիպուկ քացի տվեց սարդին։ Այնպիսի մի ձայն լսվեց, ասես խփեցին փուքսը բաց թողնող ֆուտբոլի գնդակին․ կատաղած սարդը ճյուղից ցած ընկավ, բայց ժամանակին կառչեց սեփական ոստայնի թելից։
 
   Մնացածները հռհռացին։
 
   ― Դու ճիշտ ես,― ասացին նրանք,― նախաճաշւ ողջ֊առողջ է և քացի֊քացի է անում։
 
   ― Հիմա կդադարեցնի,― չարությամբ ֆշշացրեց սարդը և սողաց վերև։
 
   Բիլբոն հասկացավ, որ գործելու ժամանակն է։ Մինչև սարդերը հասնել չէր կարող, կրակելու համար ոչինչ չուներ։ Ետ նայելով՝ մի փոսորակ տեսավ, ըստ երևույթին չորացած առվի հուն էր, որտեղ շատ քար կար։ Բիլբոն քար նետելու վարպետ էր։ Երկար չմտածելով՝ նա վերցրեց ձվի նման ողորկ մի քար, որ շատ հարմար տեղավորվեց ափի մեջ։ Տղա ժամանակ Բիլբոն շատ էր վարժություններ արել՝ տարբեր առարակների վրա քարեր շպրտելով, այնպես որ ճագարները, սկյուռներն ու թռչունները դեռ նրա կռանալը տեսնելուն պես խելակորույս փախչում ու թռչում էին զանազան կողմեր։ Մեծանալով՝ նա շատ ժամանակ էր տրամարդում օղեր ու տեգեր նետելու, ձողիկին կրակելու, կեգլի, գնդակ խաղալու և նետելու ու շպրտելու բնույթի ուրիշ շատ խաղերին։ Առհասարակ Բիլբոն շատ բան գիտեր, բացի նրանից, որ ծխի օղակներ էր բաց թողնում, հանելուկներ էր լուծում և եփութափ անում։ Ուղղակի ես առաջ ժամանակ չունեի այդ բոլորի մասին պատմելու։ Հիմա էլ ժամանակ չունեմ։ Մինչև նա քարեր էր ընտրում, սարդը հասավ Բոմբուրին, և մի րոպե հետո նրա երգը երգվելու էր։ Այստեղ Բիլբոն քարը նետեց։ Թըրը՛խկ։ Քարը կպավ սարդի գագաթին, և նաանզգա, ճանկերը չռած, թրմփաց գետնին։
 
   Երկրորդ քարը սուլոցով պատռեց մեծ սարդոստայնը և տեղնուտեղը սպանեց կենտրունում նստած սարդին։ Խուճապն ընկավ սարդերի գաղութը, և միառժամանակ, կարող եմ ձեզ հավատացնել, նարնք թզուկների մասին մտածել անգամ մոռացան։ Բիլբոյին տեսնել չէին կարող։ Բայց հասկացան, թե որ կողմից են քարերը թռչում։ Կայծակի արագությամբ նրանք սլացան ճյուղերի վրայով՝ բոլոր ուղղություննեորվ ոստայն նետելով։ Տարածությունը լցվեց մահաբեր ճոճանակներով։
 
   Բայց Բիլբոն արդեն ուրիշ տեղ վազեց։ Նա սարդերին գժվեցնելու, գրգռելու, ինչպես հարկն է բարկացնելու ցանկություն ունեցավ։ Երբ այնտեղ, ուր մինչ այդ կանգնած էր նա, մոտ հիսուն սարդ հավաքվեց, Բիլբոն սկսեց նրանց վրա քարեր շպրտել, իսկ հետո ծառերի արանքում պարելով երգեց, որպեսզի գրավի սարդերի, ինչպես նաև թզուկների ուշադրությունը
 
   Գեր սարդը ճյուղից
   Կախվել է ներքև
   Եվ ինձ չի տեսնում
   Օրը ցերեկով։
   Հեյ, հիմար ծերուկ,
   Լսո՞ւմ ես դու ինձ,
   Թող ոստայնը քո,
   Եկ իմ ետևից։
 
   Երևի այնքան էլ հաջողակ երգ չէր զայրացնելու համար, բայց մի՛ մոռացեք, որ ինքն էր հնարել, հանպատրաստից, ամենաանպատեհ պահին։ Երգն իր գործը տեսավ․ մինչև Բիլբոն երգում էր, քարեր նետում և ոտքերով դոփում, տառացիորեն բոլորը նետվեցին դեպի նա։ Ոմանք թռան ներքև ու վազեցին գետնի վրայով, մյուսները սուրում էին ճյուղերով և թափ առնելով թռչում ծառից ծառ, երրորդները նոր թելեր էինգ գցում մթին տարածության մեջ։ Սարդերն առավել ճարպիկ դուրս եկան, քան սպասում էր Բիլբոն։ Նրանք ախր շա՜տ էին չարացել։ Առաջինը՝ քարերը նրանց դուր չեկան, երկրորդը՝ սարդերը տանել չեն կարողանում, երբ նարցն «գեր սարդ» են անվանում, դե դե իսկ արդեն «ծեր հիմարը» ում էլ ասես դուր չի գա։
 
   Բիլբոն նետվեց նոր տեղ, բայց սարդերը ցրվեցին ամբողջ բացատով մեկ և արագա֊արագ սկսեցին ոստայն հյուսել ծառաբների միջև։ Ըստ երևույթին նրանց մտահաղացումն այսպիսին էր․ շատ շուտով հոբիտը անխուսափելիորեն կհայտնվի ծուղակում և նրա ճանապարհը փակված կլինի։ Բայց բոլոր կողմերից իրեն հետապնդող միջատնեորվ շրջապատված Բիլբոն իր մեջ ուժ գտավ ևս մի երգ փգելու․
 
   Ցանց են հյուսում ինձ համար
   Եվ իմ շուրջը տարածում,
   Սակայն զուր է ամեն ինչ,
   Ինձ չեն տեսնի այդ ցանցում։
   Ահա և ես։ Դե փորձեք
   Պոկվել խարդախ ձեր թելից։
   Հիմար, ծերուկ սարդուկներ,
   Դե վազեք իմ ետևից։
 
   Այստեղ նա շրջվեց և տեսավ, որ երկու բարձր ծառերի միջև գտնվող վերջին ազատ տարածությունը ևս պարուրված է սարդոստայնի թելերով, բայց բարեբախտաբար, ոչ թե իսկական խիտ ցանցով, այլ առանձին հաստ թելերով՝ փութկոտ այս ու այն կողմ ձգված։ Բիլբոն հանեց դաշույնը, կտրատեց դրանք և երգելով փախավ։
 
   Սարդերը դաշույնը նկատեցին և, չնայած հազիվ թե հասկացած լինեին դրա ինչ լինելը, ամբողջ բազմությամբ ընկան հոբիտի ետևից՝ գետնի երեսով և ճյուղերի վրայով․ մազոտ թաթերը երևում֊անհետանում էին, ծնոտները շխկ֊շխկում էին, աչքերն ակնակապիճներից դուրս էին թռչում, սարդերը կատաղությունից շնչահեղձ էին լինում։
 
   Բիլբոն վազեց անտառի խորքը, հետո անաղմուկ, թաքուն թեքվեց մի կողմ, իսկ սարդերը շարունակեցին նույն ուղղությամբ առաջ սուրալ։
 
   Բիլբոյի ժամանակը շատ սուղ էր․ շուտով հուսախաբված սարդերը, նրան կորցնելով, կվերադառնային թզուկների մոտ։ Մինչ այդ նա պետք է հասցնի փրկել իր բարեկամներին։ Ամենադժվարը այն երկար ճյուղի վրա բարձրանալն էր, որից կախված՝ ճոճվում էին փաթեթները։ Կասկածում եմ, թե նա կարողանար այդ բանն անել, եթե ճյուղից կախված չլիներ սարդերից մեկի անզգուշորեն թողած կպչուն ոստայնաթելը։ Բիլբոն ձեռքերի մաշկը պլոկելով, այդ թելով վեր մագլցեց և քիթ֊քիթ դեմ առավ գերիներին հսկող մի ծեր, չաղ, զզվելի սարդի։ Սրա զբաղմունքն այն էր, որ ժամանակ առ ժամանակ կսմթում էր նրանց, որ իմանա, թե որն է ավելի հյութեղ։ Եվ հենց այն է, մտածում էր մինչև մյուսների վերադարձը համտես անի, երբ հանկարծ միստր բեգինսը, առանց երկար֊բարակ մտածելու, դաշույնը խրեց նրա փորը, և սարդը ցած թրմփաց ծառից։
 
   Հաջորդ խնդիրն էր ազատել մոտակա թզուկին։ Բայց ինչպե՞ս։ Կտրեր թե՞լը,ցորից կախված է նա։ Խեղճն այդ մեծ բարձրությունից ներքև կընկնի։ Բիլբոն սողաց մինչև առաջին փաթեթը, ճյուղը շարժելով, որից թզուկները ցնցվում ու ճոճվում էին։ «Ֆիլին է կամ Կիլին,― մտածեց Բիլբոն՝ երկնագույն կնգուղի ծայրը տեսնելով։― Ավելի շուտ՝ Ֆիլին է»,― որոշեց նա, զննելով փաթեթից ցցված երկար սուր քիթը։ Կռանալով՝ Բիլբոն հաջողությամբ կտրատեց բոլոր ամուր, կպչուն թելերը, որ պարուրել էին Ֆիլիին, և վերջինս քացի֊քացի անելով հայտնվեց Բիլբոյի առջև։ Ենթադրում եմ, որ Բիլբոն, չկարողանալով իրեն զսպել ծիծաղեց, տեսնելով, թե ինչպես է Ֆիլին թափահարում ընդարմացած ոտքերն ու ձեռքերը և պարում թևատակերից կապած թելի վրա, ճիշտ֊ճիշտ պարող խաղալիքի նման։
 
   Վերջապես Ֆիլին Բիլբոյի օգնությամբ բարձրացավ ճյուղին և իրեն լավ դրսևորեց․ օգնեց հոբիտին՝ մնացած թզուկներին ազատելու, չնայած որ շատ վատ էր զգում։ Նրա սիրտը խառնում էր սարդի թույնից և այն բանից, որ կես օր ու կես գիշեր կախված պտտվել էր իր առանցքի շուրջը և շնչել միայն քթով։ Նրան այդպես էլ միանգամից չհաջողվեց կպչուն ոստայնաթելերը մաքրել ունքերի և արտևանունքների վրայից, իսկ մորուքը առավել ևս չէր մաքրվում, հետո ստիպված եղավ տեղ֊տեղ կտրել։ Եվ այսպես նրանք սկսեցին հերթով ճյուղի վրա քաշել թզուկներին և ազատել բոժոժից։ Բոլորը նույնքան վատ էին զգում, որքան Ֆիլին, իսկ ում քիթն ավելի կարճ էր կամ ով թույնի ավելի մեծ բաժին էր ստացել, առավել ևս վատ։
 
   Այս եղանակով նրանք ազատեցին Կիլիին, Բիֆուրին, Բոֆուրին, Դորիին և Նորիին։ Խեղճ Բոմբուրն այնքան տանջահար էր (նրան, որպես ամենագիրուկի, բոլորից շատ էին կսմթել), որ ճյուղից գլորվեց, թրմփաց գետնին, տերևների կույտի վրա, և մնաց անշարժ պառկած։ Բայց հինգ թզուկ դեռ ճոճվում էին ճյուղի ծայրին, երբ սարդերը, է՛լ ավելի կատաղած, սկսեցին վերադառնալ։
 
   Բիլբոն իսկույն ետ վազեց ճյուղի վրայով ու սկես դաշույնով ետ մղել վեր բարձրացող սարդերին։ Բայց Ֆիլիին ազատելիս նա մատանին հանել էր ու մոռացել էր դնել մատին, այնպես որ սարդերն այժմ նրան տեսան և թուք շաղ տալով սուլեցին․
 
   ― Մենք քեզ տեսնում ենք, օձի ձագ․․․ Մենք քո արյունն այնպես կծծենք, որ միայն ոսկորներդ ու կաշիդ մնա։ Ո՜ւխ։ Նա Խայթ ունի։ Թող լինի։ Միևնույն է, մենք նրան մեր ճանկը կգցենք, գլխիվայր կկախենք մեկ֊երկու օր․․․
 
   Այդ միջոցին ազատված թզուկները աշխատում էին․ դանակներով կտրում էին մնացած գերիների կապերը։ Մի քիչ էլ՝ և բոլորն ազատ կլինեն։
 
   Իսկ հետո՞։ Սարդերը նրանց բավական հեշտ որսացին, բայց դա գիշերն էր, մթության մեջ, հանկարծակիի բերելով։ Իսկ այս անգամ մահացու կռվի հոտ էր գալիս։
 
   ― Ցած, ցած իջեք,― գոռաց Բիլբոն թզուկներին։― Այդ տեղ մի՛ նստեք, հիմա ձեզ ցանցի մեջ կառնեն։
 
   Սարդերը հոծ խմբով մագլցում էին հարևան ծառերը և սողում թզուկների գլխավերևի ճյուղերին։
 
   Թզուկները վայրկենապես թռան կամ ընկան ցած, բոլոր տասնմեկն էլ, մի կույտով։ Նրանք հազիվ էին ոտքի վրա կանգնում, այնքան որ թույլ էին։ Այժմ բոլորը հայտնվեցին գետնին, հաստլիկ Բոմբուրն էլ հետները հաշված, որին կողքերից պահում էին նրա զարմիկները՝ Բիֆուրն ու Բոֆուրը։ Բիլբոն թռչկոտում էր նրանց շուրջը, իր Խայթը թափահարելով, իսկ հարյուրավոր մոլեգնած սարդեր աչքերը չռել էին նրանց վրա՝ բոլոր կողմերից․ կողքերից, վերևից, ներքևից։ Դրությունն անհուսալի էր թվում։
 
   Եվ այստեղ մարտն սկսվեց։ Թզուկներից մի քանիսի մոտ դանակներ կային, մյուսների մոտ՝ փայտեր, շուրջը լիքը քար էր թափված, իսկ Բիլբոյի ձեռքին էլֆյան դաշույնն էր։ Նրանք մեկը մյուսի հետևից ետ մղեցին սարդերի գրոհները և շատերին ջարդեցին։ Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող։
 
   Բիլբոն բոլորովին հալից ընկել էր, թզուկներից միայն չորսն էին ոտքի վրա ամուր կանգնած, սարդերն անխուսափելիորեն հաղթելու էին բոլորին, ինչպես ոասպառ եղած ճանճերի։
 
   Բիլբոնյին, որ գլուխ էր ջարդում շարունակ, թե ինչ պետք է լինի հետո, մնում էր միայն թզուկներին հայտնել իր մատանու գաղտնիքը։Ցավալի էր, բայց ուրիշ ելք չկար։
 
   ― Հիմա ես կանհետանամ,― ասաց նա։― Կաշխատեմ սարդերին իմ կողմքը քաշել, իսկ դուք բոլորդ միասին եղեք և ճեղքեք դուրս եկեք հակառակ ուղղությամբ, ձախ, մոտավորապես այնտեղ, ուր մենք տեսանք էլֆերի խարույկները։
 
   Բիլբոն մեծ դժվարությամբ սա մտցրեց նրանց գլուխը, քանի որ նրանք օդում կախվելուց, գոռգոռալուց, քարեր նետելուց ու փայտեր ճոճելուց բթացել էին։
 
   Դանդաղել չէր կարելի․ սարդերը նրանց ավելի ու ավելի խիտ էին շրջապատում։ Բիլբոն դրեց մատանինև, ի մեծ զարմանք թզուկների, վարկենապես անհետացավ։
 
   Նույն պահին ծառերի միջից լսվեց «գեր սարդ», «ծեր հիմար»։ Դա սարդերի մեջ խառնաշփոթություն առաջացրեց։
 
   Նրանք կանգ առան։ Մի քանիսը վազեցին փայնի կողմը։ «Ծեր հիմար» խոսքը նրանց բոլորովին հանեց համբերությունից, նրանք ուղղակի գլուխները կորցրին։ Բալինը, մյուսներից շուտ գլխի ընկնելով, թե որն է Բիլբոյի պլանը, թզուկներին գրոհի տարավ։ Թզուկները հավաքվեցին հոծ խմբով և, քարերի տարափ տեղալով, սարդերին ետ մղեցին ու ճեղքեցին նրանց պատնեշը։
 
   Հակառակ կողմում երգն ու ճիչերը հանկարծ դադարեցին։ Աղոթելով, որպեսզի Բիլբոյին սարդերը չբռնեն, թզուկները շարժվեցին առաջ։ Չափազանց դանդաղ․․․ Նրանք ուժասպառ էին եղել և արդեն հազիվահզ էին քարշ գալիս, իսկ սարդերը կրնկակոխ հետևում էին։ Թզուկները ստիպված էին մի գլուխ շուռ գալ և վանել թշնամուն։ Շատ սարդեր ճյուղերի վրայով վազում էին նրանց գլխավերևում երկար, կպչուն թելեր ցած գցելով։
 
   Դրությունը գնալով ծանրանաում էր, երբ հանկարծ հայտնվեց Բիլբոն և անսպասելի կողքից հարձակվեց սարդերի վրա։
 
   ― Վազեք առաջ,― գոռաց նա։― Ես սրանց կպահեմ։
 
   Եվ, պահեց նարնց։ Նա ետ ու առաջ էր նետվում՝ կտրատելով թելերը, կտոր֊կտոր անելով ճանկերը, ծակծկելով նրանք գեր մարմինները․․․ Սարդերը կատաղությունից փքվում էին, ֆշշացնում էին ու թքում, սարսափելի անեծքներ էին տեղում, բայց Խայթը այնպիսի ահ էր ներշնչում, որ նրանք մոտենալ չէին համարձակվում։ Ոչ մի անեծք չօգնեց․ որսը դանդաղ, բայց հաստատապես ձեռնքերից դուրս էր գալիս։
 
   Սարսափելի մարտը երկար տևեց, երևի մի քանի ժամ։ Վերջապես, երբ Բիլբոն զգաց, որ այլևս չի կարող ո՛չ ձեռքերը բարձրացնել, ո՛չ էլ գոնե մի հարված հասցնել, հետապնդողները հանկարծ նրանց հանգիստ թողեցին և հուսախաբված, ուղևորվեցին դեպի տուն՝ անտառի իրենց մութ անկյունը։
 
   Եվ այդ ժամանակ թզուկները նկատեցին, որ գտնվում են բացատի եզրին, որտեղ առաջ էլֆերի խարույկներ էին վառվում։ Նրանք մտածեցին, որ այստեղ բարի կախարդանք է թաքնված, և դա սարդերի սրտով չէ։ Այստեղ ճամփորդները կարող էին հանգստանալ և լիաթոք շնչել։
 
 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]