Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 31 286 բայտ, 18:59, 9 Հունիսի 2013
   Եվ այդ ժամանակ թզուկները նկատեցին, որ գտնվում են բացատի եզրին, որտեղ առաջ էլֆերի խարույկներ էին վառվում։ Նրանք մտածեցին, որ այստեղ բարի կախարդանք է թաքնված, և դա սարդերի սրտով չէ։ Այստեղ ճամփորդները կարող էին հանգստանալ և լիաթոք շնչել։
   Եթե որևէ մեկը այդ ճանապարհով ներս մտներ, ապա կհայտնվեր անտաշ քարե պատկերով մութ ջրանցքում, որ տանում էր ճիշտ սարի սիրտը։ Այն մասում, որտեղ գետն անցնում էր քարայրների տակով, քարե առաստաղը ծակված էր և անցքը, որը գտնվում էր թագավորական մառաններում, ծածկված էր կաղնե մեծ կափարիչով։
 
   Մառաններում տակառներ էին դրված, անթիվ անհամար տակառներ։ Անտառայիան էլֆերը, և հատկապես նրանց թագավորը, պաշտում էին գինին, իսկ խաղող այդ կոմղերում չէր աճում։ Գինին և որոշ այլ ապրանքներ բերում էին Հարավի իրենց ազգականներից կամ ավելի հեռավոր տեղերից, որտեղ մարդիկ էին ապրում, որ զբաղվում էին խաղողագործությամբ։
 
   Տակառների ետևում թաքնվելով՝ Բիլբոն հայտնաբերեց անցքի կափարիչը և իմացավ դրա նշանակությունը։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել մառան, ականջ դնել թագավորի սպասավորների շաղակրատանքներին և շուտով պարզեց, որ գինին ու այլ ապրանքները գետով կամ ցամաքով բերվում էին Երկար լճից։ Պարզվում է, որ լճի վրա մինչև հիմա էլ բարեկեցիկ ապրում են մարդիկ, որոնք իրենց քաղաքը կառուցել են ցցագերանների վրա, ուղիղ ջրի մեջ, որպեսզիիրենց պահպանեն ամեն տեսակ թշնամիներից։ Լճաշեն քաղաքից տակառները էլֆերի պալատն էին բերվում Անտառային գետով։ Դրանք լատի ձևով ամրացնում էին մեկը մյուսին և ձողերի կամ թիերի միջով քշում հոսանքով դեպի վեր։ Երբեմն դրանք բարձում էին լաստանավերի վրա։ Դատարկ տակառները էլֆերը գցում էին անցքը, բարձրացնում ջրարգելակի վանդակը, և վտակի գիրկն ընկած տակառները դուրս էին լողում գետի լայնարձակ տարածքները․ սրանք իրենց համար լողում էին հոսանքն ի վար, մինչև ալիքները տանում հասցնում էին Սև Անտառի արևելյան վերջավորության լեզվակարկառին։ Այստեղ դրանք հավաքում էին իրար գլխի, մի կույտ կապում և նորից ջուրը գցում, դեպի Լճաշեն քաղաքը, որ գտնվում էր այնտեղ, ուր Անտառային գետը թափվում էր Երկար լիճը։
 
   Բիլբոն քիչ օր չկորցրեց՝ խորհելով ջրարգելակի մասին և մտածելով, թե չի՞ կարելի արդյոք դա օգտագործել փախուստի համար։ Եվ, վերջապես, նրա գլխում սկսեց մի հանդուգն պլն հասունանալ։
 
   Մի անգամ երեկոյան գերիներին ընթրից էին տանում։ Պահապանները, ջահերը ձեռքներին, դոփելով անցան։ Բիլբոն մնաց մթության մեջ և լսեց, թե ինչպես գլխավոր ծառայապետը պահակապետին բարի գիշեր էր մաղթում։
 
   ― Հապա մի ինձ մոտ անցեք,― ավելացրեց նա,― գինի համտես արեք, հենց նոր բերեցին։ Այսօր երեկոյան չարչարվելու ենք, պետք է մառաններից դուրս գցենք դատարկ տակառները, այնպես որ հարկավոր է նախ խմել, որպեսզի հետո գործը գլուխ բերենք։
 
   ― Հաճույքով,― ծիծաղելով պատասխանեց պահակապետը։― Կփորձենք, տեսնենք թագավորական սեղանին սազակա՞ն է։ Այսօր պալատում քեֆ է, մեզ վայել չէ թթված գինի մատուցել։
 
   Այդ լսելով՝ Բիլբոն հուզմունքից դողաց․ հասկացավ, որ առիթ է ներկայացել իր մտահաղացումն իրականացնելու։
 
   Նա կրկնակոխ հետևեց էլֆերին, մինչև նրանք մտան մի փոքրիկ նկուղային շինություն։ Այստեղ նրանք սեղան նստեցին, որի վրա երկու մեծ գավաթ էր դրված, սկսեցին խմել և ուրախ ծիծաղել։
 
   Բիլբոյի բախտը չտեսնված բերեց․․․ Սովորաբար անտառային էլֆերին այնքան էլ հեշտ չէ հարբեցնելը՝ գինին պետք է շատ թունդ լինի։ Բայց այս նոր գինին, ըստ երևույթին, շատ բարձր որակի էր։ Այն նախատեսված էր միայն թագավորական խնջույքների համար, որ խմում էին փոքրիկ սկահակներով, ոչ էե այնպիսի մեծ գավաթներով, ինչպիսիք դրված էին գլխավոր ծառայապետի սեղանին։
 
   Շուտով պահակպետն սկսեց դանթել, հետո գլուխը դրեց սեղանին ու խռմփացրեց։ Ծառայողապետը, չնկտելով, որ իր բաժակակիցը քնած է, որոշ ժամանակ շարուանկեց բլբլլ ու ծիծաղել, հետո նրա գլուխն էլ խոնարհվեց սեղանին, և նա պինդ քնեց։ Հենց այդ պահին գաղտագողի սենյակ մտավ հոբիտը։ Մեկ րոպե անց պահակապետը մնաց առանց բանալիների, իսկ Բիլբոն միջանցքներով անաղմուկ վազեց դեպի խցիկները։ Բանալիների խրձի ծանրությունից Բիլբոյի թևը տեղից դուրս էր գալիս, ժամանակ առ ժամանակ բանալիները զրնգում էին, և չնայած այն բանին, որ մատանին նրա մատին էր, սիրտը կրծքի տակ մարում էր։
 
   Սկզբում նա բացեց Բալինի խցիկը և, հենց որ թզուկը դուրս եկավ, նորից կողպեց։ Պատկերացրեք, թե ինչպես ուրախացավ ու զարմացավ Բալինը, ինչպես տեղնուտեղը սկսեց հարցեր տալ այն մասին, թե ինչ է մտադրվել Բիլբոն, և առհասարակ ամեն, ամեն ինչի մասին։
 
   ― Ժամանակ չկա, ժամանակ չկա,― պատասխանեց հոբիտը։― Սուսուփուս արի իմ ետևից։ Մենք պետք է բոլորս իրար հետ լինենք և իրար հետ էլ փախչենք, սա մեր վերջին և միակ հնարավորությունն է։ Եթե մեզ բռնեն, աստված գիտի, թե թագավորը ձեզ որտեղ կնստեցնի, դեռ հալա ձեռք ու ոտքերդ էլ կշղթայի։ Բարի եղիր չվիճել․․․
 
   Բիլբոն դռնից դուրս վազեց, մինչև նրա շքախումբը ավելանալով հասավ տասներկու հոգու։ Թզուկները, ճիշտը որ ասենք, ճարպկությամբ աչքի չէին ընկնում․ մութ էր և հետո շատ նստելուց ընդարմացել էին։ Բիլբոյի սիրտը ամեն անգամ թրթռում էր, երբ թզուկներից որևէ մեկը մթության մեջ կպչում էր հարևանին կամ քթի տակ մռթմռթում էր․ «Անիծված թզուկներ, նորից աղմուկ֊աղաղակ են սարքում»,― հուզվում էր Բիլբոն։
 
   Բայց ամեն ինչ լավ անցավ, պահակների չհանդիպեցին։ Այդ երեկո անտառներում և պալատի սրահներում աշնանային տոնի առթիվ խնջույք էր տեղի ունենում։ Դրա համար էլ համարյա բոլոր էլֆերն անհոգ ուրախանում էին։
 
   Վերջապես երկար թափառելուց հետո նրանք հասան Տորինի զնդանին, որը գտնվում էր պալատի հեռավոր ծայրում, շատ խոր և, բարեբախտաբար, մառաններից ոչ հեռու։
 
   ― Պատվովս եմ երդվում,― ասաց Տորինը, երբ Բիլբոն փսփսոցով նրան հրամայեց դուրս գալ, և նա խավարում զանազանեց իր բարեկամների կերպրանքները,― Հենդալֆն իրավացի էր, ինչպես միշտ։ Մենք բոլորս անսահման պարտք ենք ձեզ։ Ի՞նչ ենք անելու այսուհետև․․․
 
   Հասավ պլանը բացատրելու պահը, բայց Բիլբոն բոլորովին էլ համոզված չէր, թե թզուկները դրական վերաբերմունք ցույց կտան։ Նրա կասկածները հաստատվեցին։ Թզուկները խիստ դժգոհ էին և բարձրաձայն բողոքեցին, չնյածա իրենց ծայրահեղ վտանգավոր վիճակին։
 
   ― Մենք անպայման կտոր֊կտոր կլինենք, ուռուցքներ կվաստակենք և, վերջապես, կխեղդվենք,― մռթմռթացին նրանք։― Մենք կարծում էինք, դու իսկապես արժանավոր պլան ունես։ Պետք չէր բանալիները գողանալ և խցիկները բացել։ Ոչ, դա ցնորամիտ պլան է։
 
   ― Դե ինչ արած,― ասաց Բիլբոն, հուզված և ջղայնացած,― գնացեք ձեր խցերը, եթե ձեզ այդքան դուր է գալիս։ Նորից կկողպեմ դռները, նստեք ձեզ համար, ավելի լավ պլան մտածեք։ Բայց նախազգուշացնում եմ․ հազիվ թե ինձ նորից այսպիսի հարմար առիթ ներկայանա բանալիներին տիրանալու, եթե նույնիսկ ինձ մոտ այդպիսի ցանկություն առաջանա։
 
   Այստեղ նրանք սթափվեցին ու սսկվեցին։ Հասկանալի է, նրանց միայն մնում էր անել այն, ինչ Բիլբոն էր առաջարկում, ուրիշ ելք չկար։ Ստիպված եղան գողեգող հոբիտի ետևից իջնել ներքև, ստորին մառանները։
 
   Նրանք անցան բաց դռան մոտով․ այնտեղ դեռ երանելի ժպիտով պինդ քնած էին պահակության պետն ու ծառայապետը։ Թագավորական գինուց հաճելի երազներ էին տեսնում։ Բայց ինչպիսի՞ն կլինի պահակապետի դեմքի արտահայտությունը հաջորդ օրը․․․ Բարեհոգի Բիլբոն բանալիներն զգուշությամբ ամրացրեց նրա գոտուն։ «Գուցե նրան այդքան էլ չնեղեն,― մտածեց միստր Բեգինսը։― Ըստ էության նա չէր չէ և գերիների հետ էլ բավականին տանելի էր վարվում։ Այ թե կզարմանա՜․․․ կմտածի, երևի, որ մենք փակ դռների միջով ենք անցել, կախարդանքի օգնությամբ։ Անցե՜լ։ Դեռ ո՜չ, դրա համար հարկավոր է գործել, և արագ․․․»։
 
   Բալինին թողեցին պահակապետին ու ծառայապետին հսկելու և, եթե սրանք ուշքի գան, իմաց տալու։ Մնացածներն ուղղվեցին դեպի հարևան՝ հատակին անցք ունեցող մառանը։ Չէր կարետլի վայրկյան անգամ կորցնել։ Տակառիկներն արդեն պատրաստ դրված էին մառանի կենտրոնում։ Գինու տակառները հարմար չէին, քանի որ դրանց հատակը դժվար էր բացել առանց աղմուկ բարձրացնելու, և ավելի դժվար էր փակելը։
 
   Բայց այնտեղ ուրիշ տակառներ էլ կային, որոնցով յուղ էին մատակարարում, խնձոր և էլի զանազան մանր բաներ։ Շուտով տասներեք տանելի տակառ գտնվեց՝ թզուկների թվին համապատասխան։ Ոմանք նույնիսկ շատ ընդարձակ դուրս եկան, և, դրանց մեջ մտնելով, թզուկները տագնապով մտածեցին, թե ինչպես կցնցվեն ու պատերին կզարկվեն։ Բիլբոն շատ ջանք թափեց, հարդ և էլի ինչ֊որ փափուկ բան գտավ ու թզուկներին հարմարավետ տեղավորեց տակառների մեջ։
 
   Վերջապես, տասներկու թզուկները բարեհաջող փաթեթավորված էին։ Բոլորից շատ Տորինը հոգս պատճառեց․ նա իր տակառում պտտվում, շուռումուռ էր գալիս ու մռթմռթում՝ իսկը նեղ բնում քնելու պատրաստվող շան նման։ Բալինն էլ վերջում աղմուկ բարձրացրեց օդանցքների անբավարարության մասին և պնդում էր, թե խեղդվում է, երբ դեռ իսկի կափարիչն էլ ծածկված չէր։ Բիլբոն ողջ մանրակրկիտությամբ փակեց անցքերը, հարմարեցրեց կափարիչները և հիմա, մենակ մնալով, տենդագին վերջացնում էր փաթեթավորումը։
 
   Նրա հուզվելն անտեղի չէր։ Հազիվ էր հասցրել կափարիչով ծածկել Բալինին (որը վերջինն էր), երբ ձայներ լսվեցին ու լույս առկայծեց։ Մառան խուժեցին էլֆերը, ծիծաղից թուլանալով, խոսելով ու երգերի պատառրիկներ երգելով։ Նրանք վերևի սրահներից մեկում թողել էին խնջույքի սեղանները ու ցանկացել որքան կարելի է շուտ վերադառնալ։
 
   ― Որտե՞ղ է ծերուկ Գելիոնը, ո՞ւր է ծառայապետը,― բացականչեց մեկը։― Կարծես թե ես նրան չտեսա սեղանի շուրջը։ Նա էստեղ պետք է լինի։
 
   ― Այդ ծեր դանդալոշին ցույց կտամ, թե որ ուշացավ,― վրա բերեց մյուսը։― Ես ոչ մի ցանկություն չունեմ այստեղ ցցվելու, երբ վերևում ուրախություն է։
 
   ― Հա՛֊հա՛֊հա՛,― ծիծաղ լսվեց։― Ծեր խաբեբան քիթը գավաթի մեջ քնած է։ Սա էստեղ, իր բարեկամ կապիտանի հետ արդեն իր քեֆն արել է։
 
   ― Թափ տուր դրան, արթնացրու․․․― անհամբեր գոռացին մյուսները։
 
   Գելիոնին բոլորովին դուր չեկավ, որ իրեն ցնցում ու արթնացնում են, առավել ևս, որ ձեռ են առնում։
 
   ― Էդ դուք եք ուշացել,― փնթփնթաց նա։― Ես էստեղ եմ սպասում, իսկ դուք էնտեղ խմել եք ու մոռացել ձեր պարտականությունները։ Զարմանալու ինչ կա, որ ես հոգնածությունից քնել եմ։
 
   ― Ոչ ոք չի էլ զարմանում,― խոսեցին բոլորը միասին,― պատչառը կողքիդ է, գավաթի մեջ։ Դե տուր մի կում անենք քո քնաբերից, իսկ հետո գործի կանցնենք։ Բանտապահին չենք արթնացնի։ նա իրենն արդեն ստացել է։
 
   Բոլորը հերթով գինի կոնծեցին ու ավելի զվարփացան։ Բայց ամեն ինչ հասկանում էին։
 
   ― Բարի եղիր, Գելիոն,― գոչեցին նրանք՝ ձեռք զարկելով տակառիկներին։― Այդքան շուտ ես սկսել քեֆ անել, որ գլխումդ ամեն ինչ խառնվել է իրար։ Դատարկների փոխարեն լիքը տակառներ ես պատրաստել մեզ համար։
 
   ― Ձեր գործն արեք,― բղավեց ծառայապետը։― Լի՜քն են․․․ Խմածի աչքին ինչ ասես չի երևա։ Դրանք հենց էն տակառներն են, ինչ որ պետք է։ Գցե՛ք, ասում եմ։
 
   ― Լավ, լավ,― համաձայնեցին նրանք՝ տակառները դեպի անցքը գլորելով։― Պատասխանը դու կտաս, երբ որ թագավորական լավագույն յուղով ու գինով լի տակառները լչի մարդկանց բաժին կդառնան։
 
   Տակառները գլորեք
   Ամբողջ թափով ու շնչով,
   Տակառները գլորեք,
   Շըրը՛մփ, շըրը՛մփ, գետ նետեք․․․
 
   երգեցին նրանք, տակառները դղրդյունով գլորելով և մեկը մյուսի ետևից մութ անցքը գցելով։ Որոշ տակառներ իսկապես դատարկ էին, մյուսների մեջ թզուկներն էին։ Սրանք բոլորը ցած էին թռչում ու բարձր ճլմփոցով շրմփում էին ջրի մեջ, երբեմն մեկը մյուսի վրա էին ընկնում, զարկվում թունելի պատերին, կպչում իրար և, պտտվելով, վեր ու վար անելով, քշվում հոսանքով։
 
   Եվ հենց այդ պահին Բիլբոն գիտակցեց, թե ինչ վրիպում է թույլ տվել։ Հնարավոր է, որ դուք վաղուց նկատել եք նրա մտահղացման թույլ տեղը և ծիծաղում եք Բիլբոյի վրա։ Ձեզ համար ծիծաղելը հեշտ է, բայց դեռ հայտնի չէ, թե դուք ինչպես կպահեիք ձեզ, եթե նրա տեղը լինեիք։ Այո, նա անձամբ չէր հասցրել մտնել տակառ, իսկ եթե հասցներ էլ, միևնույն է, ո՞վ պետք է նրան փաթաթեր ու կափարիչը փակեր։ Թվում էր, այս անգամ նա անդառնալիորեն կորցնում էր ընկներներին ու մինչև կյանքի վերջը պետք է քարշ գար քարայրներում ու գողություն աներ։ Եթե նույնիսկ նրան հաջողվեր փախչել գլխավոր դարպասից, հազիվ թե գտներ թզուկներին։ Թե ինչպե՞ս ցամաքով պետք է հասներ այնտեղ, ուր դուրս էին գալու տակառները՝ նա չգիտեր։ Եվ ի՞նչ կպատահի իր ընկերներին։ Չէ՞ որ չհասցրեց ամեն ինչ հայտնել նրանց, ինչ որ լսել էր, նրանք չգիտեն, թե ինքը ինչ էր մտադիր անել անտառի սահմանները լքելուց հետո։
 
   Վերջապես դեպի անցքը գլորեցին վերջին տակառիկը։ Հուսահատությունից իրեն կորցրած՝ խեղճ Բիլբոն ձեռքերով գրկեց տակառիկն ու նրա հետ միասին թռավ ցած։ Չըլը՛մփ․․․ Նա ընկավ սառը սև ջրի մեջ, և տակառիկը նրան վերևից ծածկեց։
 
   Նա դուրս լողաց, փնչացնելով ու ջուր թքելով, և կառչեց տակառի եզրին, իսկական մկան նման, բայց ինչքան չարչարվեց՝ չկարողացավ վերև մագլցել․ տակառիկը ամեն անգամ շուռ էր գալիս ու տակով անում նրան։ Տակառիկը դատարկ էր ու խցանի նման լողում էր, Բիլբոյի ականջները ջուր էր լցվել, բայց նա դեռ լսում էր էլֆերի երգը․
 
   Հե՜յ, լող տվեք ամբողջ ուժով
   Եվ հասեք մայր անտառը ձեր,
   Ու երբ ցրվի մութը մուժոտ՝
   Ճամփա ընկեք այգի հետքով։
 
   Հանկարծ խուլ թրխկոցով անցքի կափարիչը փակվեց, էլֆերը լռեցին։ Բիլբոն հայտնվեց մութ թունելում և սառը ջրում լողաց մեն֊մենակ՝ ախր տակառիկներում խցկված ընկներները միևնույն է թե չկային։ Շուտով առջևում մի գորշ կետ նշմարվեց։ Բիլբոն լսեց բարձրացող վանդակի ճռռոցը և տեսավ, որ գտնվում է թռչկոտող, իրար խփվող տակառիկների ու տակառների միջև, որոնք խռնվել էին կամարի տակ, ձգտելով դուրս գալ ազատություն, գետի բաց տարածությունը։ Բիլբոն ինչքան կարող էր խուսանավեց, որ իրեն տակները չգցեն ու չճզմեն։ Վերջապես հրմշտոցը դադարեց, տակառներն սկսեցին ցրվել զանազան կողմեր և աստիճանաբար, մեկ֊մեկ քարե կամարի տակից դուրս լողալ դեպի լույսի աշխարհ։ Եվ այստեղ Բիլբոն ուրախացավ, որ չի կարողացել տակառին հեծնել․ ելքի մոտ, տակառի և ցածր կամարի արանքում տեղ չէր մնում նույնիսկ հոբիտի համար։
 
   Նրանք լողացին ափերին աճած ծառերի տակով։ «Հետաքրքիր է,― մտածում էր Բիլբոն,― ինչպե՞ս են զգում իրենց թզուկները․․․ Տակառների մեջ շա՞տ ջուր է լցվել ճեղքերից»։ Երևի թզուկները հենց այն տակառների մեջ էին, որոնք ավելի խոր էին նստած ջրի մեջ։ «Միայն թե կափարիչները պինդ մնան»,― անհանգստանում էր նա։ Բայց շուտով թզուկների մասին մտածելն անգամ մոռացավ, նրանցով զբաղվելու ժամանակը չէր։ Նա հարմարվել էր գլուխը ջրից դուրս պահելնուն, բայց սարսափելի սառել էր և վախենում էր, որ այդպես երկար չի դիմանա՝ կամ լրիվ կսառչի, կամ մատները կբացվեն, ու ինքը կսուզվի։
 
   Բախտը նորից նրան ժպտաց․ հորձանքը մի քանի տակառներ քշեց ափ, որոնց թվում և Բիլբոյի տակառիկը։ Դրանք լռվեցին այնտեղ, ինչ որ անտեսանելի խութի դեմ առած։ Բիլբոն օգտվեց դրանից և բարձրացավ իր տակառի գլխին, մինչև սա դեմ էր առել հարևան տակառներին։ Այստեղ նա փռվեց, ձեռքերն ու ոտքերը մեկնելով, որպեսզի հավասարակշռությունը պահպանի։ Քամին կտրում էր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ սառը չէր, ինչքան ջուրը։ Քիչ հետո տակառները պոկվեցին, նորից դուրս լողացին գետի մեջտեղը և օրորվելով առաջ սահեցին։ Ինչպես և ենթադրում էր Բիլբոն, պարզվեց, որ տակառի վրա մնալը անասելի դժվար էր։ Բարեբախտաբար Բիլբոն թեթև էր, իսկ տակառը մեծ էր ու ծանր, ընդ որում ճեղքերից բավականաչափ ջուր էր լցվել։ Եվ, այնուամենայնիվ, Բիլբոն իրեն նույնքն հարմարավետ էր զգում, որքան, եթե հեծած լիներ մի ցմփոր պոնի, առանց սանձի ու ասպանդակների, որի ուշքան ամբողջ ժամանակ խոտերի վրա թավալ տալն է։
 
   Ահա այս կերպ էր, որ միստր Բեգինսը, վերջապես, հասավ այն տեղին, ուր երկու ափերին էլ ծառերը նոսրացան և դրանց արանքից երևաց պայծառ երկինքը։ Գետը միանգամից լայնացավ ու միացավ Անտառայինին, որ արագ֊արագ փախչում էր թագավորական պալատից։ Ծառերն այլևս չէին ստվերում ջրի փայլատ հայելին, և նրա հարթ մակերեևույթին պարում էին ամպերի ու աստղերի վետվետուն արտացոլումները։ Ապա Անտառային արագահոս ջրերը տակառների ու տակառիկների ողջ բազմությունը քշեցին դեպի հյուսիսային ափ, որտեղ ջրի հոսանքը մի ընդարձակ ծովախորշ էր բացել։ Այստեղ էլ, թեք, ողորկ գետաքարերով ծածկված ափը դուրս եկավ տակառների մեծ մասը, բայց մի քանիսը նախ զարկվեցին դուրս ցցված քարե թմբերին։
 
   Ափին արդնե մարդիկ էին կանգնած։ Նրանք ճարպկությամբ և արագորեն կեռաձողերով տակառները մի կույտ արեցին ծանծաղուտում, հաշվեցին, հետո պարաններով կապեցին և թողեցին մինչև առավոտԼ Խե՜ղճ թզուկներ․․․ Բիլբոյի բախտն ավելի բերեց։ Նա տակառի վրայից սահեց ջուրը, դուրս եկավ ափ և վազեց դեպի գետից ոչ հեռու գտնվող տնակները։ Այժմ նա չէր տատանվում, երբ հնարավորություն էր երկայացել առանց հրավերի ընթրել․ նա արդեն վարժվել էր ուրիշների հաշվին գլուխ պահել։ Իր դառը փորձից գիտեր ինչ է նշանակում իսկականից սոված լինել։ Ծառերի միջից առկայում էր խարույկի կրակը՝ դեպի իրեն ձգելով թրջված, դողացող և գզգզված հագուստով Բիլբոյին։
 
   Մանրամասն կանգ չենք առնի այն բանի վրա, թե նա ինչպես անցկարեց գիշերը․ մենք ժամանակ չունենք, մոտենում ենք դեպի Արևելք նրանց ճանապարհորդության ավարտին և վերջին, ամենակարևոր արկածին։ Բնական է, սկզբում, ինչպես միշտ, կախարդական մատանին օգնում էր, բայց հետո նրան մատնում էին թաց ոտնահետքերը և ջրակույտերը, որ մնում էին, երբ քայլում էր կամ նստում։ Բացի դրանից նրա մոտ հարբուխ սկսվեց, և ինչքան էլ որ աշխատում էր զսպել իրեն, ամբողջ ժամանակ բարձրաձայն փռշտում էր։ Շուտով գյուղակում իրարանցում սկսվեց։ Բիլբոն փախավ անտառ և տարավ հացի մի կտոր, գինու կաշվե տափաշիշն ու կարկանդակ, որ նրան չէին պատկանում։ Ստիպված եղավ գիշերվա մնացորդն անցկացնել թաց վիճակում, խարույկից հեռու, դրա փոխարեն տափաշիշն էլ օգնեց նրան տաքանալու և նույնիսկ մի քիչ ննջեց թափված տերևների վրա, թեև աշուն էր ու եղանակը խոնավ։
 
   Արթնացավ այն բանից, որ զարմանալիորեն բարձր փռշտաց։ Մոխրագույն այգաբաց էր, գետափին ուրախ աղմուկ էր։ Այնտեղ տակառներից լաստ էին սարքում, էլֆ լաստավարները պատրաստվում էին դրանք ներքև առաքել, դեպի Լճաշեն քաղաքը։ Բիլբոն նորից փռշտաց։ Նրա վրայից այլևս ջուր չէր կաթում, բայց ամբողջովին սարսռում էր։ Փայտացած ոտքերը չէին ենթարկվում նրան, բայց, այնուամենայնիվ, մի կերպ քարշ եկավ մինչև ափ և ընդհանուր իրարանցման մեջ աննկատ բարձրացավ տակառների կույտի վրա։ Արևը դեռ դուրս չէր եկել, այնպես որ Բիլբոն ստվեր չէր գցում և, բարեբախտաբար, երկար ժամանակ չէր փռշտում։ Կարթաձողերը գործի անցան։ Ծանծաղուտում կանգանած էլֆերն սկսեցին ափից ետ հերլ տակառները, լաստանավը ճռռաց և ճոճվեց։
 
   ― Այսօր ոնց որ թե ծանր են,― փնթփնթացին էլֆերը։― Ու շատ էլ խոր են նստած։ Սրանց մեջ հաստատ մի բան կա։ Թե որ ցերեկով եկած լինեին, բայց կանեինք, կնայեինք։
 
   ― Ժամանակ չկա,― ճչաց լաստավարը։― Հրե՛ք։
 
   Եվ տակառները, վերջապես, տեղներից շարժվեցին, սկզբում դանդաղ, հետո քարե հրվանդանի վրա կանգնած էլֆերը դրանք մեկ անգամ էլ հրեցին, և տակառները լողացին արագ, արագ, դուրս թռան գետի մեջտեղը, և հոսանքը քշեց դրպի լիճ։
 
==ՍՐՏԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ==