Changes

Քրիսթոֆեր Մարթինի երկու մահը

Ավելացվել է 40 090 բայտ, 21:23, 23 Հունիսի 2017
/* 5 */
Ժայռը սմքել կղզուց դարձել էր առարկա։ Արևի տակ և առանց ցրտի այն ամբողջությամբ կարելի էր զննել ոչ միայն աչքով, այլև՝ հասկացողությամբ։ Նա իսկույն տեսավ, որ ակոսները հողմահարված ուղղաձիգ նստվածքաշերտեր են, իսկ նրանց միջև ընկած պատերը՝ ավելի կարծր մի նյութ, որը պակաս էր մաշվել։ Այդ շերտերը կոտրված եզրն էին ցեխի այն հսկա ավազանի, որն իր կշռի տակ այնքան էր սեղմվել, մինչև ձուլվել էր ու մասամբ եփվել։ Վերին շերտերի ինչ֊որ ջղաձգում, անգուշակելի մի պոռթկում, երկրի որովայնի հերթական մի կծկում, ավազանը պատռելով, այդ կոտրված եզրը ցեխի ու կավահողի միջով ուղղաձիգ վեր էր տնկել, մինչև որ այն նոր ծլող ատամի պես դուրս էր ցցվել մսոտ ծնոտից։ Հետագայում պակաս սեղմված շերտերը հողմահարվել էին, գրքի կողի պես խորդուբորդ եզրերով ակոսներ գոյացնելով։ Պատերն էլ տեղ֊տեղ փշրվել և այլ փոխակերպումների էին ենթարվկել բնության մասնավոր խաղերից։ Որոշ տեղերում պատերը տապալվել և բեկոր֊բեկոր ցրիվ էին եկած ակոսների մեջ։ Ժայռի ամբողջ կատարը, արևմուտքից արևելք, ակոս֊ակոս թեքվում էր ցած։
 
Ժայռի ծովին հարող մասերում ջուրը հարթել էր տարբերությունները, իսկ շերտավորումը քողարկված էր կենդանաբուսական ժանյակազարդ հաստ ծածկույթով։ Կատարին տեղ֊տեղ սփռված էր գարշահոտ ջրով ծածկված սպիտակի շաղախը, բայց ներքևում, ուր կապույտին էին տալիս միդիաների ցիրուցան գաղութները, ժայռը մաքուր էր կամ ծածկված էր խեցիներով ու ջրիմուռներով։ Ժայռից հետո ծանծաղ մի նեղուց էր, ապա՝ ավելի փոքր ուրիշ մի ժայռ, հետո ևս մեկը, որին հետևում էր վերջինը՝ բոլորն աղեղնաձև իրար հետևից շարված։ Դրանցից քիչ այն կողմ ջուրը մի տեղ էլ էր ընդհատվում, որից հետո կտրուկ բարձրանում էր մինչև երկինք։
 
Նա խոժոռ նայեց ժայռերի շարքին ու գիտակցեց, որ դրանց ատամնաշարի հետ է համեմատում։ Նա պատկերացրեց, թե ինչպես են դրանք աստիճանաբար ծնոտից աճում, սակայն դա ճիշտ չէր։ Նրանք ընկղմվում էին, ավելի շուտ՝ հարվում անսահման դանդաղ շարժումից։ Նրանք ծերության քայքայվող ատամներն էին։ Աշխարհի ապրած կյանքը բթացրել էր նրանց, և նրանք մաշվել էին, շամելով այն կերակուրը, որն ուտում են ժայռերը։
 
Նա զայրացած գլուխը թափ տվեց և շունչը կտրեց, վզի մեջ հանկարծակի ցավ զգալով։
 
― Այդ պրոցեսն այն աստիճան դանդաղ է, որ կարևորություն չի ներկայացնում այն բանի համար, թե․․․
 
Նա լռեց ու վեր նայեց, ապա՝ ուսի վրայով հետ։ Հետո խնամքով կրկնեց իր խոսքերը, նույն առոգանությամբ ու նույն ուժով։
 
― Այդ պրոցեսն այն աստիճան դանդաղ է, որ․․․
 
Բերանից եկող ձայնը յորահատուկ մի որակ ուներ։ Չհաշված այն հասկանալի խռպոտությունը, որը լսվում է նաև մրսածությունը նոր հաղթահարած կամ քիչ առաջ կատաղի գոռացած մարդու ձայնում։
 
Նա բարձր երգեց։
 
― Alouette, gentille Alouette...
 
Նա աջ ձեռքով սեղմեց, քիթն ու բերանը փակ փորձեց փչել, մինչև որ այտեղրը ճնշումից ուռեցին։ Ականջների մեջ ոչինչ չճտաց։ Աչքերը սկսեցին ցավել, նրանց անկյուններից ջուր հոսեց։ Նա կռացավ, ձեռքերը դրեց վիրավոր ծնկներին և գլուխը թեքեց։ Ապա, վզի ցավն անտեսելով, կատաղի ցնցեց գլուխը, հուսալով նշմարել այն չնչին տատանվող կշիռը, որն ականջի մեջ լռված ջուր կվկայեր։
 
Նա շտկվեց և, դիմելով ջրի հսկայական ամֆիթատրոնին, երգեց ամբողջ ութնյակը․
 
― Լա՜, լա, լա, լա, լա, լա, լա, լա՛։
 
Ձայնը մարեց նրա բերանում։
 
Նա համապատասխան դիրք ընդունեց ու արտասանեց․
 
― Հոգնած լուսինը, լապտերը ձեռքին։
 
Թակում է դուռը գորշ լուսաբացի․․․
 
Նրա ձայնը երերաց ու ընդհատվեց։ Նա ձեռքի ներս շրջված ափը պահեց բերանի մոտ երեսուն սանտիմետր հեռավորության վրա։
 
― Փորձարկում։ Փորձարկում։ Լսում եմ․․․
 
Նա շուրթերը սեղմեց և դանդաղ ցած իջեցրեց ձեռքը։ Ժայռի վրա ծառացած կապույտ կտուրը բարձրացավ անսահման հեռուն, տեսանելի աշխարհը մի ոստյունով ընդլայնվեց։ Ջուրը ծուլորեն չլմփում էր Ատլանտյանի մեջտեղում տնկված չնչին ժայռի շուրջը։ Նրա դեմքը ծամածռվեց։ Նա մի քայլ արեց ցաքուցրիվ թղթերի մեջ։
 
― Տե՜ր Աստված։
 
Նա կառչեց քարե թզուկից, փարվեց նրա սապատավար ուսերին ու հայացքը հառեց դիմացը։ Բերանը նորից լայն բաց էր։ Սրտի բաբախոցը երևում էր կողերի արանքից։ Ափերի հոդերը սպիտակեցին։
 
Թզուկից դղրդոց եկավ։ Գլխաքարը շուռ եկավ ու դըխկ֊դըխկալով գլորվեց ժայռն ի վար։
 
Չլը՜մփ։
 
Նա հայհոյեց։ Ապա ցած իջավ, չափից ծանր մի քար գտավ, մոտ մի մետր այն քարշ տվեց ու բաց թողեց։ Քարի վրայով հայհոյելով նետվեց ջրի կողմը, բայց տեսանելիության սահմաններում ոչ մի պիտանի բան չգտավ։ Նա հապճեպ մագլցեց գագաթն ու սարսափահար նայեց անգլուխ թզուկին։ Ապա ցած իջավ ու գոտեմարտի բռնվեց չափից ծանր քարի հետ։ Բարձրացնելով ու շուռ տալով, նա քարն առաջ շարժեց։ Ապա պատը բարձրացող աստիճաններ սարքեց ու քարը վեր գլորեց։ Նա մարմնից ավելի շատ ուժ էր քամում, քան ուներ։ Մարմինն արնում էր։ Վերջապես նա հասավ գագաթին ու քրտնաթաթախ կանգնեց թղթերի միջև։ Ապա քանդեց թզուկն ու շարեց նորից, հիմք ընդունելով այն քարը, որը վերջիվերջո այդքան էլ ծանր չէր կրթություն, խելք ու կամք ունեցողի համար։
 
Չորս ոտնաչափ։
 
Սպիտակ ու չոր կարտոֆիլները նա խցկեց քարերի արանքները։
 
― Մի արհավիրքից պրծանք․․․
 
Օդը ծծանի պես քաշեց նրա խոսքերը։
 
<b>Պի՛նդ կաց։
<br>Կրթություն ու խե՛լք</b>
 
Թզուկի մոտ կանգնած, նա սկսեց խոսել մի մարդու պես, որը դժկամ ունկնդիրներ ունի, բայց և այնպես իր ասելիքն ասելու է, անկախ նրանից, կլսե՞ն նրան, թե՞ ոչ։
 
==6==
 
― Հիմնական նպատակս փրկվելն է։ Դրա համար առնվազն պետք է կենդանի մնալ։ Պետք է հետևել, որ մարմինը գոյատևի։ Պետք է նրան ջուր, սնունդ ու օթևան տրամադրել։ Եթե այդքանն ապահովեմ, կարևոր չի, թե ինչ որակի, հիմնականն արած կլինեմ։ Քանի դեռ կյանքի թելը չի կտրվել, ապագան կմնա անցյալին կապված, ինչքան էլ սոսկալի եղած լինի նախաբանը։ Սա առաջինը։
 
Երկրորդը։ Պետք է ենթադրել, որ ես կհիվանդանամ։ Չի կարելի մարմինը սրա պես չարաշահել ու ակնկալել, որ խեղճ անասունը ձայն չհանի։ Հարկավոր է ուշադիր հետևել հիվանդանալու նշաններին ու տեղնուտեղը բժշկել։
 
Երրորդը։ Պետք է հետևել ողջամտությանս։ Չի կարելի թույլ տալ, որ խելագարությունն ինձ հանկարշակիի բերի։ Առանց այն էլ արդեն․․․ Պետք է հալյուցինացիաներ ակնկալել։ Իսկական կռիվն էստեղ է սկսվում։ Դրա համար էլ ես կշարունակեմ ինքս ինձ հետ խոսել, բանի տեղ չդնելով ծծանը։ Նորմալ կյանքում բարձրաձայն խոսելը խելագարություն կլիներ։ Հիմա դա ինքնությանս գրավականն է։
 
Չորրորդը։ Փրկվելու համար պետք է բաներ նախաձեռնել։ Նկատելի դառնալուց բացի ձեռքիս ուրիշ ճար չկա։ Նույնիսկ մի փայտ չկա, որ շապիկս տնկեմ վրան։ Բայց ժայռի կողքով ոչ ոք չի անցնի, առանց հեռադիտակով նայելու։ Ուրեմն եթե ժայռը տեսնեն, իմ սարքած թզուկին էլ կտեսնեն։ Կհասկանան, որ դրան ինչ֊որ մեկն է շինել ու կգան ինձ կտանեն։ Մնում է միայն ապրելու ու սպասել։ Պետք է իրականությունը ձեռքից բաց չթողնել։
 
Նա անթարթ հայացքը դարձրեց ծովին։ Ճիշտ նույն պահին հայտնաբերեց, որ կրկին լուսամուտի միջով է նայում։ Նա իր ներսում էր գտնվում՝ վերևի ծայրում։ Լուսամուտի վրա ծառայում էին մաշկն ու հոնքերի մազերը, այն բաժանված էր երեք լուսավոր բծի քթերի երկու ստվերով կամ ուրվագծով։ Քթերը թափանցիկ էին։ Աջակողմյան բիծը մշուշոտ էր, ներքևի մասում երեքն էլ իրար էին միանում։ Ցած նայելիս, նա ժայռը տեսնում էր վերին շրթունքի մազմզոտ եզրի վրայով։ Լուսամուտը երիզված էր անթափանց խավարով, որը տարածվում էր մնացած ամբողջ մարմնով մեկ։ Նա առաջ թեքվեց, որ լուսամուտի փեղկից այն կողմ նայի, բայց լուսամուտն իր հետ միասին տեղափոխվեց։ Հոնքերը կիտելով, նա մի պահ փոխեց լուսամուտի ձևը։ Ապա երեք լույսերը շրջեց հորիզոնի կողմն ու խոսեց, հոնքերը կիտելով։
 
― Սա ապրելու սովորական վիճակ է։ Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։
 
Նա գլուխը թափ տվեց, լուսամուտն իջեցրեց մարմնին ու քննեց իր մաշկը։ Նա տեսավ սպիերի վրա կարմրող մեծ բծերն ու գոռաց․
 
― Վառվեցի՛։
 
Նա ճանկեց ու վրա քաշեց ներքնաշապիկը։ Կտորն արդեն համարյա չոր էր, և նա այն ընկալեց որպես չոր, ու մտավ վարտիքի մեջ։ Պայծառ լուսամուտը վերածվեց սովորական տեսողության։ Նա հավաքեց իր թղթերը, դարսեց վկայականի մեջ ու ամբողջը մտցրեց համազգեստի բաճկոնի գրպանը։ Ապա ժայռի կատարից հավաքեց իր շորերը, ամեն մեկի չորությունը ստուգելով։ Հագուտսը ոչ այնքան թաց էր, որքան՝ ծանր։ Մատներին մնացող կամ քամվելու ենթակա խոնավություն չկար, բայց ժայռի վրա հագուստից մուգ ստվեր էր տպվում, որը դանդաղ սմքում էր արևի տակ։
 
Նա խոսեց ծծանի մեջ․
 
― Երանի կոշիկները գցած չլինեի։
 
Նա մոտեցավ բրեզենտե բաճկոնին ու ծնկի իջավ, նայելով վրան։ Ապա հանկարծակի սկսեց քրքրել մոռացված գրպանները։ Նա հանեց բրեզենտե կաթկթացող մի սաղավարտ և վիզը ծածկող բրդյա գործած ջրաթաթախ գլխարկ։ Շտկեց սաղավարտն ու քամեց գլխարկը։ Ապա երկուսն էլ փռեց ու մտավ հաջորդ գրպանը։ Դեմքը մտահոգ կենտրոնացման արտահայտություն ընդունեց։ Նա մի կանաչող մետաղադրամ հանեց, մի քիչ թել ու շոկոլադի սալիկի ճմրթված փաթաթան։ Նա զգուշորեն բացեց փաթաթանը, բայց ներսում ոչինչ չկար։ Ապա փայլուն մակերեսը մոտեցրեց դեմքին ու աչքերը կկոցեց։ Ծալքերից մեկում դարչնագույն մի հատիկ էր մնացել։ Նա լեզուն հանեց ու հատիկը տարավ բերանը։ Շոկոլադը խայթեց սուր քաղցրությամբ, կարճատև ու տանջալի, և անէացավ։
 
Նա հենվեց քարե թզուկին, վերցրեց գուլպաներն ու քաշեց ոտքերին։ Ապա վերցրեց երկրորդ զույգ հաստ երկար գուլպաները, ճտքերը ոլորեց ու հագավ կոշիկների փոխարեն։
 
Նա գլուխը հենեց թզուկին ու աչքերը ծածկեց։ Արևը տնտղում էր նրա ուսը, ներքևում ծփում էր ծովը։ Գլխի ներսում տեսարաններ էին վխտում ու ձայներ խոսում։ Նիրհելու բոլոր նշաններն առկա էին, բայց քնի անկումն ու մոռացումը ոչ մի կերպ չէր գալիս։ Գնդի կենտրոնը զբաղեցնողն անխոնջ էր ու ակտիվ։
 
<b>Մի սավանով անկողին լիներ։ Կոկորդը թրջելու մի բան ու տաք կերակուր։ Վրայից էլ տա՜ք լոգանք։</b>
 
Որոշ ժամանակ նա լուռ նստած էր, մինչև կենտրոնի բնակիչը մտքից միտք էր թռնում։ Նա հիշեց, որ խոսքն ինքնության գրավականն է, և շրթունքները նորից սկսեցին շարժվել։
 
― Քանի դեռ ես այդ բաներն ուզում եմ, բայց առանց դրանց յոլա եմ գնում, քանի դեռ ընդունում եմ, որ մնացել եմ մենակ Ատլանտյանի մեջտեղում ցցված ժայռին ու պիտի պայքարեմ, որ գոյատևեմ, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Ի վերջո իմ վիճակը համեմատաբար ավելի ապահով է, քան Նորին Մեծության նավերի վրայի դմբոներինը։ Նրանք երբեք չգիտեն, թե որ պահին են հօդս ցնդելու։ Իսկ էս ժայռին վնաս տվողը դեռ չի ծնվել։
 
Այն, ինչն ի վիճակի չէր ինքն իրեն զննել, պար էր գալիս աչքերի հետևի աշխարհում։
 
― Ամեն դեպքում չարժի ցերեկով քնել։ Լավ է քունը պահեմ ողորմելի գիերների համար։
 
Նա հանկարծակի ոտքի կանգնեց ու աչքի անցկացրեց հորիզոնը։
 
― Ուտելու ժամն է։ Պետք է ճաշի հագուստ հագնել։
 
Նա հաստ գուլպաները ոտքերից շպրտեց ու հագնվեց, գետնին թողնելով միայն քեչան ու բրեզենտե կոմպլեկտը։ Ապա շալվարի վրայով գուլպաները քաշեց մինչև ծնկները։ Նրա լեզուն բացվեց․
 
― Էս տեղը ես անվանում եմ Դիտակետ։ Սա կլինի Թզուկը։ Արևի տակի էն ժայռը, որին լողալուց եմ դեմ առել, կլինի Ապահովության Ժայռը։ Միդիաներն ու մնացած բաները ճարելու տեղը Սննդի Քարափն է։ Որտեղ որ ուտում եմ․․․ Կարմիր Առյուծ։ Երկար ջրիմուռներով հարավային կողմը անվանում եմ Տեսադաշտի Քարափ։ Ձագարով արևմտյան քարափը լինելու է․․․
 
Նա կանգ առավ, անուն փնտրելով։ Արևի կողմից երկնքից ցած սավառնեց մի ճայ, տեսավ Դիտակետում կանգնած երկու ուրվագծերը, ճչաց, խելակորույս մի կողմ նետվեց ու թևերը թափ տալով թռավ վեր։ Ապա ավելի ցածից աջ կողմից մոտ թռավ ու անհայտացավ ժայռի մեջ։ Նա մոտեցավ ժայռի եզրին ու նայեց։ Ձախից ժայռը սահուն ու հարթ իջնում էր մինչև ներևի խոռոչը, որը պսակվում էր ձագարով։ Աջից ժայռի հիմքը չէր երևում, որովհետև Դիտակետը հագնում էր նրա վրա։ Նա չորեքթաթ սողաց ընդհուպ եզրի մոտ ու ցած նայեց։ Ժայռը մոտ մի մետրի չափ դեռ երևում էր, բայց դրանից ցած ներս էր ծռվում ու թաքնվում։ Հիմքի մոտ ժայռը նորից էր հայտնվում, և նա այնտեղ մի պահ փետուրներ նշմարեց։
 
― Քարափից մի կտոր դուրս է ընկել։
 
Նա ուշադիր զննեց ծովն ու կարծես թե ջրի խորքում մի տեղ քառակուսի ուրվագիծ տեսավ։ Ապա ետ սողաց ու ոտքի կանգնեց։
 
― Ճայի Քարափ։
 
Հորիզոնը դեռևս դատարկ էր։
 
Նա ցած իջավ Կարմիր Առյուծի մոտ։
 
― Երանի հիշեի ամբողջ ժայռի անունը։ Նավապետն ասաց, որ այն համարյա դիպուկ էր, ու ես ծիծաղեցի։ Լեզվիս ծայրին է։ Հա, հետո Դիտակետի ու Կարմիր Առյուծի միջև իմ ամենօրյա զառիվերին էլ է անուն պետք։ Ես այն անվանում եմ Պողոտա։
 
Նա նկատեց, որ ժայռը, որին նստած է, մթնել է, և ուսի վրայով հետ նայեց։ Արևն արդեն լքում էր նրան, Թզուկի հետևն իջնելով, հսկայի վերածելով քարերի կույտը։ Նա վեր թռավ ու հապճեպ հետևանց ցած կախվեց Սննդի Քարափից։ Ապա, ձեռքերով ու ոտքերով բռնված, փոքր֊ինչ մի կողմ տեղափոխվեց ու սկսեց միդիաներ պոկել։ Մակընթացությունը սկսվել էր, նրան գործելու շատ ավելի քիչ տեղ թողնելով։ Երբեմն ստիպված էր կռանալ ու միդիաները ջրի տակից պոկել։ Վերջապես հետ մագլցեց Կարմիր Առյուծի վրա ու սկսեց ուտել։ Ժայռի աժդահա ուրվագիշը կորցրել էր իր հստակությունն ու իրիկնային երկնքի ֆոնին թանաքի բծի էր վերածվել։ Նրա ստվերը ծառանում էր հսկա լեռնագագաթի պես։ Նա նայեց հակառակ կողմը՝ մութ ծովի մեջ հերթով փոքրացող երեք ժայռերին։
 
― Ձեզ երեքիդ անվանում եմ Օքսֆորդ Սըրքըս, Փիքըդիլի և Լեսթըր Սքվեր։
 
Նա գնաց ջրի մութ անձավի մոտ ու ներս խցկվեց։ Լճակի հակառակ, խցանված ծայրից դեռ մի քիչ լույս էր ծորում, և խմելու ընթացքում նա նշմարեց ջրի մակերեսին գոյացող օղակները, բայց տիղմի պարույրները մնացին անտեսանելի։ Ցուցամատն ուղղաձիգ ջրի մեջ մտցնելով, նա դեմ առավ տղմոտ հատակին ու անշարժացավ։
 
― Ոչինչ, էլի անձրև կգա։
 
Նա իսկույն ևեթ վեր թռավ ու սկսեց սրթսրթալ, որովհետև անձավում ուրիշ ինչ֊որ մեկը կար։ Մի ձայն նրա խոսքերին համարյա զուգընթաց եկավ ջրի ու քարե սալի կողմից։ Երբ սիրտը հանդարտվեց և միտքն ընդունակ դարձավ կապակցված դատելու, նա հասկացավ, որ այդ ձայնը վաղուց մոռացված հազվագյուտ մի բան էր՝ արձագանք։ Նա իսկույն գիտակցեց, որ անձավի մեջ իր ձայնն ավելի հնչեղ է, և, հանգստանալով, դիտավորյալ խոսեց։
 
― Տիկնայք և պարոնայք, այստեղ ինքնության պակաս չի զգացվում․․․
 
Նա ձայնը շեշտակի կտրեց, և ժայռն ասաց․
 
― ․․․ ո՜ւմ․․․
 
― Անձրև էլի կգա։
 
― ․․․ գա՜։
 
― Ո՞նց ես։
 
― ․․․ ե՜ս։
 
― Ես, որ գոյատևելով եմ զբաղված։ Ժայռի վրա անուների ցանց եմ գցում, որ սանձեմ։ Ոմանք դրա կարևորությունը չեն էլ հասկանա։ Եթե մի բանի անուն ես տալիս՝ ասել կուզի կնքում ես, շղթայո՛ւմ։ Ժայռը որ փորձի ինձ հնազանդեցնել, ես ինքս նրան ինձ կենթարկեմ։ Ես նրան կպարտադրեմ ի՛մ կարգուկանոնը, ի՛մ աշխարհագրությունը։ Ես նրան անուններով կկապկպեմ։ Եթե նա ինձ փորձի ծծանով ոչնչացնել, ես կգամ ու կխոսեմ էստեղ, ուր իմ խոսքերն արձագանք ու նշանակություն ունեն և հավաստում են ինձ իմ ինքնուրույնությունը։ Ես անձրևաջուր կհավաքեմ ու կավելացնեմ այս լճակին։ Ես ուղեղս կբանեցնեմ նրբին մի մեքենայի կամ գործիքի պես, որը կհասնի ինձ անհրաժեշտ արդյունքներին։ Ապրուստի պայմաններ։ Ապահովություն։ Փրկություն։ Ուստի վաղը ես ազդարարում եմ մտածելու օր։
 
Նա անձավից դուրս սողաց, Պողոտայով մագլցեց վեր ու կանգնեց Դիտակետին՝ Թզուկի կողքը։ Ապա լրիվ հագնվեց, գլխին քաշեց խոնավ գործած գլխարկն ու վրայից հագավ սաղավարտը, կզակի տակ կոճկելով։ նա արագ աչքի անցկացրեց հորիզոնը, ականջ դրեց Ճայի Քարափի տակ անտեսանելի բնից հասնող շարժման թույլ ձայներին ու Պողոտայով իջավ դեպի իր խոռոչը։ Ապա նստեց պատի տակ և ոտքերը փաթաթեց իր գորշ սվիթրի մեջ։ Նա հետևանց սողոսկեց խոռոչը, ներս խցկելով քեչան ու բրեզենտը, ապա պինդ փչեց փրկագոտին ու կրծքի կողմի երկու փոկն իրար կապեց։ Ստացվեց գլխի համար բավականաչափ մեծ ու փափուկ մի բարձ։ Նա շուռ եկավ մեջքի վրա և սաղավարտով գլուխն իջեցրեց փափուկ բարձին, ձեռքերը մարմնի երկայնքով երկու կողմից ներս մտցնելով։ Նա դիմեց երկնքին․
 
― Պետք է ջրիմուռներ չորացնել ու լցնել խոռոչը։ Կապրեմ, ոնց որ փայտոջիլը խալու մեջ։
 
Նա աչքերը փակեց։
 
<b>Հերթով թուլացրու բոլոր մկանները։</b>
 
― Քնի վիճակին, ինչպես և մնացած բոլորին, կարելի է հասնել մտքով։
 
Ժայռի վրա տուն պահելու վատն այն է, որ ծովի չափ գործ կա։ Ոչինչ, գոնե չեմ ձանձրանա։
 
<b>Թուլացրու ոտքերի մկանները։</b>
 
― Ի՜նչ ցնցող պատմություն կլինի։ Ամբողջ մի շաբաթ ժայռի վրա։ Դասախոսություններ․․․
 
«Գայատևելու արվեստը»՝ լեյտենանտ․․․ սպասիր, իսկ ինչո՞ւ ոչ՝ ավագ լեյտենանտ։ Կամ անգամ՝ կապիտան։ Բարձր կոչումներ ու նման բաներ։
 
― Լավ հիշեք, որ․․․
 
Նրա աչքերը բացվեցին։
 
― Տես է՝ չեմ էլ հիշել։ Մտքո՜վս էլ չի անցել։ Մի շաբաթ կլինի, որ արտաքնոց չեմ գնացել։ Համենայն դեպս՝ անիծյալ կամրջակից սրբվելուց սկսած։
 
Սաղավարտի կողերը չէին թողնում, որ նա ընկալի երկնքի հանդեպ իր ձայնի տափակությունը։ Նա պառկած խորհում էր իր աղիքների դանդաղկոտության մասին։ Դա առաջ բերեց ճենապակու, քրմոապատ մասերի ու հարակից հանգամանքների պատկերները։ Նա ցած դրեց ատամի խոզանակը և մնաց կանգնած, հայելու մեջ դիտելով իր դեմքը։ Ուտելու գործողությունն ինքնին խիստ կարևոր էր։ Այն արարողության էին վերածում ամեն մակարդակում։ Ֆաշիստները դրանից պատիժ էին սարքում, հավատացյալները՝ արարողություն, մարդակերները՝ ծես, բժշկում կամ նվաճման ուղղակի հայտարարություն։ Սպանվում ես ու կուլ գնում։ Եվ անշուշտ, բերանով ուտելը սոսկ հաընդհանուր մի գործողության մասնավոր արտահայտությունն էր։ Կարելի էր ուտել առնանադամով կամ բռունցքներով, անգամ՝ ձայնով։ Կարելի էր ուտել նալած կոշիկներով կամ առևտուր անելով, ամուսնանալով, հայրանալով, ուրիշի մահիճը պղծելով․․․
 
Մահիճը պղծելը նրան հիշեցրեց։ Նա հայելուց շուռ եկավ, խալաթը գոտիով կապեց և բաց արեց լողասենյակի դուռը։ Դռան հետևում, ասես բավական հնաոճ այդ արտահայտությունից մարմին առնելով, հայտնվեց Ալֆրեդը։ Բայց այդ Ալֆրեդն ուրիշ Ալֆրեդ էր՝ գունատ, քրտնած, այլայլված, դողացող, վրա քշող։ Նա դաստակից բռնեց ու ոլորեց իր կրծքին հարվածող բռունցքը, մինչև որ Ալֆրեդն սկսեց ատամները կրճտացնել ու ֆշշալ։ Ուտելու տիեզերական բնույթի ապահով իմացությամբ օժտված, նա վերևից ներքև Ալֆրեդին ժպտաց։
 
― Ողջույն, Ալֆրեդ։
 
― Կեղտո՛տ շուն։
 
― Մեծաքիթ, պստլո՜ ջան։
 
― Ո՞ւմ ես էնտեղ պահում, ասա՛։
 
― Լա՜վ, լա՜վ։ Էդքան մի հուզվիր, Ալֆրեդ, աղմուկ մի սարքի։
 
― Մի ձևացրու, թե էնտեղ ուրիշ մեկն է։ Սրիկա՛։ Տե՜ր աստված․․․
 
Նրանք փակ դռան առջևում էին։ Ալֆրեդի խոսքերն ընդհատվում էին հեկեկոցներով, նա փորձում էր կառչել դռան բռնակից։
 
― Ասա ինձ, ո՞վ է այնտեղ, Քրիս։ Ես պե՛տք է իմանամ․․․ Աստծո՜ւ սիրուն։
 
― Ալֆրեդ, լալկան մի եղիր։
 
― Մի ձևացրու, թե էնտեղ Սիբիլը չի, կեղտոտ, ստո՛ր շանորդի։
 
― Կուզե՞ս նայել։
 
Զկռտոցներ։ Թույլ պայքար։
 
― Ուզում ես ասել, որ նա՞ չի։ Ձեռ չե՞ս առնում, Քրիս, ազնիվ խո՞սք։
 
― Ինչե՜ր ասես չեմ անի, որ քեֆդ տեղը գա, ախպերս։ Նայի՛։
 
Դուռը բացվեց։ Սիբիլը, ճվալով, ծածկոցը քաշեց մինչև բերանը, ասես էժանագին մելոդրամայի մեջ, որը, փաստորեն, ամեն իմաստով հենց այդպես էր, որ կար։
 
― Ալֆրեդ, սիրելիս, ազնիվ խոսք, էնպես ես քեզ պահում, կարծես իսկապես ամուսնացած լինես նրա հետ։
 
Սակայն ուտելու ու չինական արկղի միջև ինչ֊որ կապ կար։ Չինական աղրկղն ի՞նչ էր։ Դագա՞ղ։ Թե մեկը մյուսի մեջ փորագրված փղոսկրյա զարդերը։ Չինական արկղի հետ ինչ֊որ բան էր կապված․․․
 
Նա ապշահար պառկած էր քարե մարդու նման, բերանը բաց ու աչքերը չռած երկնքին։ Կուրծքը ծեծող բռունցքները, թուլանում հեկեոցները դեռևս շարունակվում էին արձագանք գտնել նրա խոռոչ վերադարձած ավելի ուժեղ մարմնում։
 
Նա կոկորդը մաքրեց ու նորից խոսեց․
 
― Ո՞ր գրողի ծոցն եմ ընկել։ Որտեղի՞ց։
 
Նա դժվարությամբ շուռ եկավ, երեսնիվայր այտերը հենելով փրկագոտուն։
 
― Քունս չի տանում։
 
Բայց քունն անհրաժեշտ է։ Քնի պակասից մարդիկ խելագարվում են։ Նա բարձրաձայն խոսեց, և փրկագոտին լխկլխկաց կզակի տակ։
 
― Ես քիչ առաջ քնած էի։ Ալֆրեդին ու Սիբիլին երազում էի տեսնում։ Պետք է նորից քնել։
 
Նա մնաց անշարժ ու խորհեց քնի մասին։ Բայց այդ նյութը տանջալի էր ու անորսալի։
 
Ուրեմն մտածիր կանանց կամ ուտելու մասին։ Մտածիր ուտող կանանց մասին, ուտող տղամարդկանց, Ալֆրեդին խժռելու, մյուս աղջկա, տղայի մասին՝ բիրտ ու անհամ էքսպերիմենտի, գերանի պես տեղդ վեր ընկիր ու մտածիր կյանքի որոճող թունելի մասին ընդհուպ մինչև ներկայիս անախորժ այս ընդմիջումը։
 
Այս ժայռը։
 
― Դրսի երեք ժայռերը ես կկոչեմ Ատամներ։
 
Նույն պահին նա երկու ձեռքով կառչեց փրկագոտուց, որ մեղմացնի մարմնով մեկ հանկարծ սփռված խորին սարսուռը։
 
― Չէ՛, մենակ թե ո՛չ Ատամներ։
 
Ատամները մոտ էին, բերանի մեջ։ Նա լեզվով տնտղեց կրկնակի ոսկրյա պատնեշը՝ ամեն մի ատամ ծանոթ ու անձնավորված, բացի ընդմիջումներից, սակայն դրանք էլ էին լցվում, եթե հիշողությունը լարեիր։ Բայց պառկել ծովի միջի ատամնաշարի վրա․․․
 
Նա սկսեց հուսահատ մտածել քնի մասին։
 
Քունը գիտակցության պահակի, զտիչի հանգիստն է։ Քնի ժամանակ ամեն ինչ առանց զտվելու դուրս է հորդում, ինչպես քամուց շուռ եկած աղբամանից։ Քնի ընթացքում ժամանակն ուղիղ գծից շեղվում է, դրա համար էլ ալֆրեդն ու Սիբիլը նրա հետ հայտնվել էին ժայռի վրա, ու նաև այն թնգթնգացող, լացակումած դեմքով տղան։ Կամ թերևս քունը մի զիջում է մահվանը, գիտակցության կատարյալ կորստին, անձի պարտությանը, անկեղծ ընդունումն այն հայտնի փաստի, որ մենք մահկանացու ենք, թքով կպցրած ֊ամանակավոր էակներ, և ի վիճակի չենք դիմանալ գոյությանը առանց ամենօրյա դադար տալու նրան, ինչը համարում ենք մեր ամենից․․․
 
― Այդ դեպքում ինչի՞ քունս չի տանում։
 
Քնի ժամանակ մենք հպվում ենք նրան, ինչն ավելի լավ է հանգիստ թողնել։ Այնտեղ, նշանակությունից զրվկած, կիտված է մեր ամբողջ կյանքը։ Այնտեղ մեր խնամքով պաշարված և վայելած անհատականությունը, մեր միակ գանձը և միաժամանակ փորձաքարը, ի դերև է ելնում իրերի ծայրագույն ճշմարտության մեջ՝ այն սև կայշակի, որը ճեղքում ու ոչնչացնում է ամենը, թողնելով միայն ստույգ, անհերքելի ունայնությունը։
 
<b>Ու ես վեր եմ ընկած էս խոռոչում, բրեզենտի զրահը վրաս, չնչին մի պատառիկ աշխարհի նաշած ատամների վրա։
 
Աստվա՜ծ իմ։ Ինչի՞ չեմ քնում։</b>
 
Երկու ձեռքով փրկագոտուց կառչած, դեմքը բարձրացրած, նայելով ուղիղ դիմացի մռայլ թունելին, նա, ապշահար ու ահաբեկված, շշնջաց իր իսկ հարցի պատասխանը։
 
― Որովհետև վախենում եմ։
 
==7==
 
Լույսը փոփոխվում էր նրա չռված աչքերի առջև, բայց այնքան դանդաղ, որ նրանք տարբերությունը չէին նկատում։ Փոխարենը նայում էին անկանոն հայտնվող խառը պատկերներին։ Լուռ ու անհերքելի էակը դեռևս նստած էր ամեն ինչի կենտրոնում, բայց այն ըստ երևույթին կորցրել էր պատկերներն իրականությունից տարբերելու հնարը։ Ժամանակ առ ժամանակ փափուկ փրկագոտու վրա բացվում էր գնդի ներքևի դարպասը, և խոսքերը դուրս էին գալիս, բայց ստացվող դիտողություններն այն աստիճան տրոհված էին շողշողուն լուսավոր պատկերներով, որոնց մասնակցում էր էակը, որ այն ի վիճակի չէր դրանք շաղկապել իրար։
 
― Ես ասում էի, որ կհիվանդանամ։
 
― Ջուր։ Սնունդ։ Ողջամտություն։ Փրկություն։
 
― Ես նրանց կանվանեմ․․․
 
Շողշողուն պատկերները շարունակվում էին, փոփոխվում, սակայն ոչ թե սահուն անցումներով, այլ՝ կտրուկ, ժամանակի ու տեղի շեշտակի տարբերություններով։
 
― Նստեցեք, Մարթին։
 
― Լսում եմ, սըր։
 
― Մենք ուսումնասիրում ենք ձեզ սպայական կոչման ներկայացնելու հարցը։ Ծխախո՞տ։
 
― Շնորհակալ եմ, սըր։
 
Անսպասելի ժպիտ կրակվառիչի բոցի վրա։
 
― Արդեն հասցրե՞լ են ձեզ անուն կպցնել։
 
Պատասխան ժպիտ, երկչոտ ու հմայիչ։
 
― Կարծես թե, սըր։ Երևի դա անխուսափելի է։
 
― Ալրոտ Միլերի կամ Ոսկրոտ Քլարքի պե՞ս։
 
― Այո, սըր։
 
― Ներքևում կյանքն ինչպե՞ս է։
 
― Ըը․․․ Տանելի, սըր։
 
― Մենք կրթված և խելացի մարդկանց կարիք ենք զգում, բայց ամենից շատ մեզ պինդ բնավորությամբ մարդիկ են պետք։ Ինչո՞ւ եք
նավատորմ զորագրվել։
 
― Ես մի տեսակ զգացում ունեի, որ․․․ դե, հարկավոր է օգտակար լինել, հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ նկատի ունեմ։
 
Դադար։
 
― Որքան հասկանում եմ, նախքան այդ դուք դերասա՞ն էիք։
 
― Այո, սըր։ Չեմ ասի, թե մի երևելի բան էի։
 
Զգույշ։
 
― Գրո՞ւմ եք։
 
― Առանձնապես չէ, առայժմ, սըր։
 
― Այդ դեպքում ի՞նչ էիք ուզում դառնալ։
 
― Ինձ ամեն ինչ մի տեսակ անիրական էր թվում, սըր։ Սրա նման չէ։ Դե, հասկանո՛ւմ եք, սըր։ Այստեղ նավի վրա ուրիշ է։ Այստեղ մենք իսկապես կյանքի հիմքերին ենք հասնում․․․ մեր արածը մի բան արժե։ Երանի թե նավաստի ծնված լինեի։
 
Դադար։
 
― Ինչո՞ւ եք ուզում կոչում ստանալ, Մարթին։
 
― Որպես հասարակ նավաստի, սըր, դու ընդամենը սովորական մի պտուտակ ես մեքենայի մեջ։ Իսկ որպես սպա ավելի շատ հնարավորություններ ունես բոշերի քիթը ջարդելու, ինչպես ասում են։
 
Դադար։
 
― Դուք կամավո՞ր եք, Մարթին։
 
Եթե նա բարեհաճի նայել, առջևի թղթերում ամեն ինչ գրված է։
 
Անկեղծ։
 
― Ճիշտն ասսած, ո՛չ, սըր։
 
Ինքն իր չեզոք դարթմուտյան դիմակի տակ շիկնում է։
 
― Առայժմ այսքանը, Մարթին։ Շնորհակալություն։
 
― Այո, այո, սըր։ Ձեզ էլ շնորհակալություն։
 
Շիկնել է տասնվեցամյա կույսի պես։
 
― Լսիր, ծերուկ, ախր նա պրոդյուսերի կինն է, ո՞ւր ես գնում։
 
Արտակարգ մեծ ռետին հիշեցնող արտակարգ փոքր ֆրանսերենի բառարան։
 
Ոսկեզօծ մասերը մաշված լաքապատ սև դրամարկղ։
 
Չինական արկղը խաբուսիկ էր։ Երբեմն այն մեկը մյուսի ներսում փորագրված փղոսկրերն էր, երբեմն՝ դրամարկղի նման հասարակ մի տուփ։ Բայց, ինչքան էլ որ խաբուստիկ լիներ, այն կարևոր էր ու պնդերես։
 
Նա ռեժիսորի կինն է, ծերուկ։ Չաղ ու սպիտակ։ Ճստլիկ, սև աչքերով թրթուրի պես։ Ես ցանկանում եմ քեզ ուտել։ Ես ուզում եմ Դանիի դերը խաղալ։ Ես հաճույքով կխժռեի քեզ։ Ես ցանկանում եմ քեզ դեր տալ։ Բայց ես ինչպե՞ս կարող եմ քեզ որևէ բան տալ, եթե քեզ դեռ չեմ խժռել։ Նա արվամոլ է։ Նա հաճույքով կխժռեր քեզ։ Ես էլ հաճույքով քեզ կխժռեի։ Դու անձնավորություն չես, քաղցրս, դու հաճույքի գործիք ես։
 
Չինական արկղ։
 
Սուսերը ֆալոս է։ Ինչպիսի՜ երկնամբարձ կատակ։ Ֆալոսը սուսեր է։ Իջի՛ր, շուն, իջի՛ր։ Իջի՛ր չորս թաթերիդ վրա, ա՛յդ է քո տեղը։