Changes

Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը

Ավելացվել է 15 763 բայտ, 21:37, 30 Հուլիսի 2017
/* Խոսակցություն Վոլֆի հետ */
Սակայն նրա ձայնը այնքան էլ հաստատուն չէր։
 
 
==Թյուրինգիայի երթուղիները==
 
Ճամբարը, ինչպես հաջորդ օրը դպրոցում իմացավ Երիցուկը, այս տարի լինելու էր շատ հեռու՝ Թյուրինգիայում։ Դա հետաքրքրեց նրան։ Եվ հանկարծ հաստատ որոշեց․ «Կգնամ ճամբար, իսկ այնտեղից կհասնեմ Ալոիզ պապիկի մոտ ու կխնդրեմ, որ տա Արմատիկ֊Ծերուկին։ Գուցե իրոք օգնում է։ Կպատմեմ նախանախապապին, թե ինչու է արմատն ինձ պետք, և պապիկն անպայման կտա։ Միայն թե ոնց բացատրեմ հայրիկին ու Լիլոյին, թե ինչու հանկարծ միտքս փոխեցի ու որոշեցի գնալ ճամբար»։
 
Բայց նրա բախտը բերեց։ Լիլոն ինքը խոսակցություն բացեց այդ մասին, և Երիցուկին մնում էր միայն համաձայնել։ Լիլոն այնքան ուրախացավ, որ Երիցուկի համար գնեց խանութներում եղած սպորտային պայուսակներից ամենագեղեցիկը։ Երիցուկը մի քիչ ամաչում էր, որ խորամանկում է ու Լիլոյից թաքցնում, թե ինչու հանկարծ փոխեց որոշումը։ Իսկ երբ հայրը նրան նվիրեց մի փոքրիկ դրամապանակ, որի մեջ իսկական փող կար, նա ավելի ամաչեց։
 
Բայց, այնուամենայնիվ, լավ էր, որ նրա մոտ հիմա փող կար՝ ինքը հո գիտեր, թե փողերն ինչի համար պետք կգային։
 
Ավելի շատ ուրախացավ Վոլֆը։ Նրանց երրորդ դասարանը Երիցուկենց երկրորդ դասարանի հետ միավորված էր մի ջոկատի մեջ։
 
― Նմանը նմանին է գտնում, ― ծաղրում էր նրանց Գինան։ Գինան չորրորդ դասարանը զուտ հինգերով էր վերջացրել, և հիմա նրան բոլորովին ուրիշ ճամբար էին ուղարկում։ Դա ուրախացրեց Երիցուկին։ Ով ով, բայց Գինան հաստատ նկատել էր, որ Երիցուկն ու Վոլֆը ինչ֊որ գաղտնիք ունեն։
 
Ամեն ինչ ասես դիտավորյալ այնպես էր ստացվում, որ Երիցուկը իրագործեր իր մտադրությունը։ Թե չէ, հավանաբար, Արմատիկ֊Ծերուկը այդպես էլ երբեք դուրս չէր գա իր հնամենի պահարանից, և այս գիրքն էլ չէր գրվի։
 
 
― Երիցուկ, ես քեզ համար ամեն ինչ կանեմ, ― ասաց Վոլֆը, ― չնայած, իմ կարծիքով, դա ընդհանրապես անմիտ բան է։ Այսօր, հենց հայրիկը տուն գա, Թյուրինգիայի ավտոբուսային բոլոր երթուղիները կիմանամ։
 
Իսկ հաջորդ օրը Երիցուկն ու Վոլֆը հանդիպեցին Նախնախի պարտեզում։ Երիցուկը տատիկի համար խանութից ուտելիք էր առել, կաթ, կարագ, ձու։ Իսկ Ֆրիդրիխը մի ամբողջ զամբյուղ բալ էր քաղել։
 
Նախնախը բալի կարկանդակ թխեց և շատ ուրախացավ, որ թխվածքը բոլորին այդպես դուր եկավ։ Իսկ հետո երեխաները նստեցին խնձորենու տակ դրված նստարանին, և Վոլֆը բացեց Թյուրինգիայի մի քիչ մաշված քարտեզը․ դա հայրիկի տված չվացուցակի հավելվածն էր։ Չվացուցակն, իհարկե, նոր չէր, բայց առայժմ նրանց դա էլ էր ձեռք տալիս։ Չէ որ սկզբում անհրաժեշտ էր իմանալ, թե որտեղ և իրարից ինչ հեռավորության վրա են գտնվում այս քաղաքն ու գյուղը։ Վոլֆը Երիցուկին բացատրում էր, թե ինչ են նշանակում քարտեզի վրայի գծերը, թե դրանցից որոնք են երկաթուղիները, որոնք՝ խճուղիները, որ կետերն են քաղաքները, որոնք՝ գյուղերը։
 
― Մտքովս չէր անցնի, թե Թյուրինգիայն այդքան մեծ է, ― ասաց Երիցուկը, և որ դու այդքան անուններ գիտես։
 
Երիցուկը ոգևորությամբ նայում էր Վոլֆին։ Ամենից շատ նրան զարմացնում էր, թե ինչպես է նա գլուխ հանում չվացուցակից և գտնում բոլոր այն քաղաքներն ու գյուղերը,որոնք իրենց պետք են։ Եվ ինչպես էլ չի խճճվում բոլոր այդ թվերի մեջ։ Թե ո՛ր ավտոբուսը երբ է գալիս, երբ է մեկնում․․․ դա նրան ուղղակի մի տեսակ կախարդություն էր թվում։
 
Նախկին տուրիստական հանգրվանը, ուր պիտի տեղավորված լիներ նրանց ճամբարը, գտնվում էր Ծիծեռնակադաշտ գյուղից ոչ հեռու։ Այդ գյուղը նրանք շատ շուտ գտան, իսկ հետո սկսեցին որոնել Ոսկեսար գյուղը, ուր սարի վրա ապրում էր Ալոիզ Պոսոշոկը։ Ծիծեռնակադաշտն ու Ոսկեսարն իրարից բավականին հեռու են, և ավտոբուսային ուղիղ կապ չկա նրանց միջև։ Ծիծեռնակադաշտից պետք է ավտոբուսով հասնել մինչև մոտակա քաղաքը, իսկ այնտեղից տարբեր ուղղությամբ գնացող ավտոբուսային շատ երթուղիներ կան։ Եվ նրանցից մեկը տանում է դեպի Ոսկեսար։
 
― Բայց դու մենակ ինչպե՞ս կգնաս, ― տարակուսանքով հարցրեց Վոլֆը։ ― Բա որ հանկարծ մոլորվե՞ս։
 
― Չեմ մոլորվի, ― ասաց Երիցուկը։ ― Կարևորն այն է, որ դու ինձ ասես, թե Ծիծեռնակադաշտից ավտոբուսը ո՞ր ժամին է գնում քաղաք։ Ո՞ր ավտոբոսով ես պիտի քաղաքից մեկնեմ։ Եվ ե՞րբ է քաղաք հասնում ավտոբուսը։ Ե՞րբ է քաղաքից Ոսկեսար մեկնում։
 
― Դա արդեն ես հասկանում եմ։ Չէ՞ որ մենք պիտի անցնենք քաղաքով, երբ ճամբար գնանք։ Ես այնտեղ կամ նոր չվացուցակը կգնեմ, կամ էլ կնայեմ այն մեծ չվացուցակը, որ կախված է ավտոբուսի կանգառում։ Դե դու գիտես, որ ես դրանից գլուխ եմ հանում։ Իսկ փող ունենք։
 
Վոլֆի դրամապանակում նույնպես հայրիկը դրամ էր դրել, և նա ուրախացավ․ այդ փողերը Երիցուկին պետք կգան։
 
 
==Ճամբարը Ծիծեռնակադատում==
 
Նախկին տուրիստական հանգրվանը, ուր տեղավորված էր պիոներական ճամբարը, գտնվում էր խճուղուց ոչ հեռու՝ ավտոբուսի կանգառից ոտքով ընդամենը տասը րոպեի ճանապարհ էր։ Բայց այստեղ արդեն անտառ էր։ Սոճիները հասնում էին մինչև ճամբարի շենքը։ Այստեղ հիմնականում սոճիներ էին, իսկ տեղ֊տեղ և՛ կեչի էր երևում, և՛ թղկի, և՛ կաղնի, և՛ հաճարենի։ Անտառում մի փոքրիկ գետակ կար։ Ովքեր լողալ չգիտեն, այստեղ կսովորեն։
 
Տեղ հասան երեկոյան։ Նախ գնացքով, ապա ավտոբուսով երկար ճանապարհորդելուց հետո՝ երեխաներն այնպես էին հոգնել, որ նույնիսկ ուշադրություն չէին դարձրել այս ամբողջ գեղեցկությանը։ Իսկ մեծերը միայն մտածում էին այն մասին, որ երեխաները արագ լվացվեն, ընթրեն ու պառկեն քնելու։
 
Երիցուկն ուշ արթնացավ և անմիջապես մտածեց․ «Սա ի՞նչ բան է։ Ինչո՞ւ է մահճակալս թարս դրված։ Ո՞ւր է մեր պատուհանը»։ Նա նստեց ու նայեց շուրջը։ Չորս կողմը մահճակալներ էին, և բոլորի վրա էլ երեխաներ էին քնած․․․ Միայն այդտեղ Երիցուկը հիշեց, թե որտեղ է ինքը։ Հեռու֊հեռու տանից, հեռու֊հեռու Լիլոյից ու հայրիկից, հեռու֊հեռու Նախնախից։ Առաջին պահին նա ուզեց լաց լինել։ Այդ էր պակաս։ Հո փո՞քր չէ։ Նույնիսկ երբ նա իրոք բոլորովին փոքրիկ էր ու առաջին անգամ մանկապարտեզ գնաց, էլի լաց չեղավ։ Քանի՜֊քանի անգամ է Նախնախը այդ մասին պատմել նրան։
 
Իսկ հետո հիշեց, թե ինչի համար է այստեղ եկել։ Հարկավոր է հնարավորին չափ շուտ ձեռնամուխ լինել պլանի կատարմանը։ Պետք է անմիջապես տեսնի Վոլֆին ու խոսի հետը․․․ Բայց նա, հավանաբար, քնած է․ չէ՞որ բոլորն էլ քնած են։
 
Շուրջը լռություն էր։ Երիցուկը կրկին պառկեց։
 
― Լիլո, Չքնաղ Լիլո․․․ ― մռթմռթաց նա ու նորից քնեց։
 
 
Չվացուցակով ամեն ինչ ավելի հեշտ դուրս եկավ, քան սպասում էին Վոլֆն ու Երիցուկը։ Ճամբարի նախասրահի պատին կախված էր ավտոբուսի նոր չվացուցակը և ուղերթների սխեման։ Ոչ մեկը չէր զարմանում, որ Վոլֆը ուշադիր զննում էր սխեման։ Բոլորն էլ գիտեին, որ նա երթուղիների ու չվացուցակների սիրահար էր։
 
Նա թղթի կտորի վրա գրեց այն բոլոր ավտոբուսների ժամանելու և մեկնելու ժամերը, որոնցով կարող էր գնալ Երիցուկը։ Աղջիկը թղթի այդ կտորը պահեց իր դրամապանակում և համենայն դեպս անգիր սովորեց այն ամենը, ինչ գրված էր այնտեղ․ «Ավտոբուսը Ծիծեռնակադաշտից մեկնում է ժամը վեցին, քաղաք է հասնում ժամը յոթին։ Ավտոբուսային կայանը կայարանի մոտ է։ Նստել Ոսկեսար մեկնող ավտոբուսը։ Մեկնում է յոթն անց երեսուն րոպեին, Ոսկեսար է հասնում ութ անց երեսունին»։
 
Ժամը տասնութին միայն ավտբուսը Ոսկեսարից վերադառնում է քաղաք, իսկ շուտով, այդ ավտոբուսի տեղ հասնելուց անմիջապես հետո, մյուս ավտոբուսը քաղաքից մեկնում է Ծիծեռնակադաշտ։ Ժամանակը կբավականացնի։ Կարելի է հասնել սարի գագաթին գտնվող Ալոիզ Պոսոշոկի տուն, մի քանի ժամ հյուր մնալ այնտեղ, ապա իջնել Ոսկեսար, ավտոբուսային կանգառ։ Միայն մի բան էր դժվար՝ ամբողջ օրը աննկատելիորեն անհետանալ ճամբարից։
 
Բայց անսպասելիորեն Երիցուկին օգնեց այն, ինչը խանգարում էր ողջ ճամբարին՝ անգինան։ Առաջինը Վոլֆը հիվանդացավ․ երեկոյան կողմ նա թուքը կուլ տալ չէր կարողանում, և նրան անկողին պառկեցրին։ Այնուհետև էլի մի քանիսի կոկորդը ցավեց, ու բոլորի ջերմությունն էլ բարձրացավ։ Իսկ հետո հիվանդացավ նաև ինքը՝ ճամբարի պետ ֆրաու Իրենը։ Ծիծեռնակադաշտի պոլիկլինիկայի բժիշկը կարգադրեց հիվանդներին մեկուսացնել, և կողաշենքում մեկուսարան պատրաստեցին։ Այստեղ էլ հենց Երիցուկը վճռեց․ «Հիմա կամ երբեք»։ Ֆրաու Իրենի հիվանդության պատճառով, նրանց ջոկատը բաժանեցին երկու խմբի ու կցեցին տարբեր ջոկատների։ Նշանակում է, վաղը դժվար չի լինի փախչել։
 
Այսպիսի պլան կազմելով՝ Երիցուկը քնեց։ Բայց ա՛յ քեզ սարսափելի բան, հաջորդ առավոտյան, արթնանալով, զգաց, որ կոկորդը ասես չանկռոտում էին, իսկ թուքը կուլ տալիս շատ֊շատ էր ցավում։ Գլուխը մի քիչ պտտվում էր, բայց հիշելով Ոսկեսար գնալու մասին որոշումը, նա իր մեջ վեր կենալու ուժ գտավ։ Մյուս երեխաները դեռ քնած էին։ Ըստ օրվա ռեժիմի, առավոտյան նշանակված էր լող, բայց հիմա դեռ վաղ էր՝ նախասրահի ժամացույցը խփեց հինգ անց կեսը։
 
Ներքևում կամացուկ փակվեց դուռը։ Դա ուսուցիչ Հերբերտն էր, որ հնէաբանների խմբակի հետ մեկնում էր հեռավոր արշավի։ Նրանք ցանկանում էին այսօր հասնել հինավուրց ամրոցի ավերակներին։ Հիմա էլ, վաղ լուսաբացին, նրանք անձայն հեռացան ճամբարից, որպեսզի երեխաներին չարթնացնեն։
 
Մի րոպեում Երիցուկը հագնվեց, և սենյակից դուրս սողոսկելով, իջավ ներքև։ Նախասրահում նրան դիմավորեց խոհարարն ու զարմացած հարցրեց․
 
― Այսքան շուտ արդեն ոտքի վրա՞ ես։
 
Եվ Երիցուկը, չնայած կյանքում երբեք չէր ստել, պատասխանեց․
 
― Մտածեցի, որ ավելի լավ կլինի ես էլ գնամ ուսուցիչ Հերվերտի հետ, ― խնդրեց Երիցուկը։
 
Նա մեծ կումերով խմեց կաթը, նախաճաշի փաթեթը խցկեց սպորտային պայուսակի մեջ ու նետվեց դեպի դուռը։ Արահետով գնալիս մի անգամ էլ շրջվեց՝ ոչ ոք չէր նայում ետևից․ և ոտքերում ինչքան ուժ ուներ վազեց դեպի ավտոբուսի կանգառ։ Ահա և խճուղում երևաց ավտոբուսը։ Նա ձեռքը թափահարեց, ավտոբուսը կանգ առավ, Երիցուկը թռավ ոտնակին։ Ավտոբուսը շարժվեց տեղից։
 
Այսպես սկսվեց նրա ճանապարհորդությունը։