Changes
/* 13 */
― Խելագար,― ասաց բերանը,― կատարյալ խելագար։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել՝ խեցգետինները, թրթուրները, կոշտությունը, բնության օրենքները, ֆիլմանման հուշերը, տեսողական ու լսողական պատկերները, թռչող մողեսները, թշնամությունը․․․ Խելագարությունն էլ ո՞նց է լինում։ Ես կասեմ, թե մարդն ինչ է։ Նա չորեքթաթ մի արարած է, քանի դեռ Անհրաժեշտությունը նրա առջևի մասը չի շտկել ու նրանից հիբրիդ չի սարքել։ Քամակի վերևում ողնաշարի կողքին դեռ մնացել են այդ հպումն ապացուցող մատնահետքերը, եթե չեք հավատում։ Նա ճիվաղ է, բնական զարգացումից զրկված մի սաղմ, որը մագաղաթով պատված դուրս է շպրտվել աշխարհ, տկլոր, ատամներին հատկացված շատ քիչ տեղով ու կակղած պղպջակի պես գանգով։ Սակայն բնությունն իր խմորն է հունցում ու կարծրացող գնդի մեջ ամպրոպ է մղում՝ ճերմակ, լուսափայլ կայծակ, մշտատև բռնկում ու դողդոջ։ Ու բոլոր այդ խեցգետիններն ու ֆիլմ֊հուշերը ոչ այլ ինչ են, քան կայծակի վայրկենական բռնկումների պատահական զուգադրություններ։ Փորի և առնանդամի ողջամիտ կյանքը հիմնված է տարրական շրջանառության վրա, բայց հունցված խմորն ինչպե՞ս հանգիստ մնա։ Երկրի ձգողությամբ քաշված, վարակվելով գիրքը փորագրող սպիտակ շանթից, զրկանքների, տառապանքի ու անսանձ սարսափի խարանած կնճիռներով, ուղեղի ախտով, վերջիվերջո կառչում ես ծովի միջի ժայռից, խմորը բարձրացել է ու թափվել, և ահա՝ արդեն ոչնչով չես զիջում կատարյալ խելագարին։
Զգայություններ։ Սուրճ։ Հռենոսյան գինի։ Ջին։ Փայտ։ Թավիշ։ Նեյլոն։ Բերան։ Ջերմ, խոնավ մերկություն։ Անձավներ, խոռոչի պես ազատ, կամ անեմոնի բերանի պես պիրկ։ Խայթերով լի։ Տիրապետում ու ինքնություն։
― Դու բոլոր հոսանքների հատումն ես։ Դու ինձնից անջատ գոյություն չունես։ Եթե ես խելագարվել եմ, ուրեմն դու էլ ես խելագարվել։ Այդ դու ես խոսում այնտեղ, ներսում, ես ու դու մեկ ենք՝ խելագար։
Ժայռը ցնցվեց և կրկին ցնցվեց։ Հանկարծակի սառնություն հարվածեց դեմքին և լցվեց նրա տակը։
Դա կարելի էր ակնկալել։
― Նաթանե՛լ։
Սև կենտրոն, որ փորձում է ինքն իրեն խմորի պես հունցել։
Խավարը պատառոտվեց ճերմակով։ Նա շուռումուռ եկավ խոռոչի զգայությունների արանքում։ Ամենուր ջուր էր ու աղմուկ, և բերանը երկուսն էլ հոժարում էր։ Այն թքում էր ու հազում։ Նա դուրս մղվեց ծնկների տակ ողողվող ջրից և քամին նրան վայր գցեց։ Ակոսը ծովակ էր հիշեցնում, քարափների միջև մակընթացության վաղուց հայտնի և այժմ վերհիշված խաղերը։ Ժամանակին չոր ակոսն այժմ կիսով չափ լի էր անհանգիստ ջրով, որի մակերեսին օղակվում ու իրար էին խառնվում փրփուրի շիթերը։ Քամին ասես թունելի միջի ճեպընթաց լիներ, ամեն ինչ կաթում էր, հոսում ու լցվում։ Առանց բերանի ասածը լսելու, նա պատով վեր սողաց, և հանկարծ բերանն ու ինքը մեկ դառան։
― Կեղտո՛տ, անիծված կավատ։
Նա դեմքը պատից բարձրացրեց, և քամին ներս գցեց նրա այտերը, ասես օդաչուինը։ Թռչնաղբն ապտակեց դեմքին։ Պառավ կնոջ վրա երկինքը վեր ցատկեց ու ճերմակեց։ Հաջորդ ակնթարթին լույսն անջատեցին, և երկինքը փլվեց։ Սոսկալի ճնշման տակ նա ցած տապալվեց ու խորտակվեց ջրի մեջ։ Ծանրությունը հետ քաշվեց, թույլ տալով նրան թպրտալ։ Նա ոտքի կանգնեց, բայց երկինքը կրկին հարձակվեց վրան։ Այս անգամ ջրի զանգվածը բավական չէր նրան կոտրելու համար, և նա կարողացավ ակոսի երկայնքով սպրդել, մինչև որ ջուրն իջավ ծնկների տակ։ Աշխարհը հետ եկավ, փոթորկագորշ ու պատառոտված, և նա դրան փոթորկի երաժշտություն տվեց՝ թավ թմբուկների համազարկ, պղնձի շառաչ և լարայինների զիլ թրթիռ։ Նա հերոսաբար հաղթահարում էր ակոսն ակոսի հետևից, հագուստը քրքրվում էր, քամաչափի պոչի պես գզվում, ձեռքերը քար էին ճանկռում։ Նա լսեց, թե ինչպես բերանն իրարանցման միջից գոռաց․
― Այա՛քս։ Պրոմեթև՛ս։
Պառավ կինը վերևից դիտում էր, թե ինչպես է նա պայքարում խավարի ու լույսի բռնկումների միջով։ Բայց ճերմակի պայթյունը հափշտակեց արծաթե դիմակով գլուխը, և պառավը մնաց կքված, երկնքի ֆոնին անգլուխ ուսերով ուրվագծվելով։ Գլորվելով սպիտակ ակոսի մեջ, նա դեմքով դեմ առավ գրքի փորագրությանը, և բերանը լցվեց չլուծվող կեղտով։ Ապա հանկարծակի լռություն ու ճնշում իջավ։ Նա վեր խոյացավ ու կրկին նետվեց ցած, խփվելով ժայռին։ Մի պահ, մինչ ջուրը հետ կքաշվեր, նա տեսավ առանց պառավի Դիտակետը, որը, սակայն, փոխվել էր քարերի կուտակումներից։
― Հիմա ժայռով մեկ թրև է գալիս։ Նկուղից դուրս է եկել լույս աշխարհ։ Գտնե՛լ նրան։
Դանակը, ի թիվս այլ զգայությունների, խրվել էր կողերի տակ։ Նա դանակը վերցրեց ու բացեց սայրը։ Ապա սկսեց սողալ, լող տալ ու խուզարկել ակոսից ակոս։ Կինը հենված էր բազրիքին, բայց իսկույն ևեթ չքացավ, և նա կնոջ հետևից սպրդեց կանաչ սենյակը։ Բայց կինն այժմ լուսարձակների տակ էր, և, անդրաբեմում կքված, նա հայտնաբերեց, որ դերին համապատասխան չի հագնված։ Բերանն ու նա մեկ էին։
― Զգեստափոխվի՛ր։ Դարձիր ժայռի վրայի տկլոր մի խելագար փոթորկի կենտրոնում։
Նրա ճանկերը սկսեցին փրթել ու դեն շպրտել ցնցոտիները։ Նա հպանցիկ տեսավ ջրում լողացող ոսկեգույն ժապավենն ու ասես աղբակույտից ընկած դատարկ գուլպան։ Նա տեսավ ոտքը, սպիոտ, թեփուկավոր ու լուցկու պես բարակ, և երաժշտությունը ողբաց ոտքի համար։
Նա հիշեց պառավին ու Պողոտայով նրա հետևից սողաց դեպի Կարմիր Առյուծը։ Երեք ժայռերի մոտ ծովի ողջունող սև խռովությունը քողարկել էր կարմիր խեցգետնի հայտնված տեղը։ Նա գոռաց երեք ժայռերի կողմը, բայց պառավն այնտեղ չէր՝ նորից սպրդել էր նկուղը։ Աա նա պառավին տեսավ խոռոչում կծկված, և դժվարությամբ մոտ սողաց։ Ընկնելով վրան, նա սկսեց պառավին դանակահարել, մինչև բերանը գոռգոռում էր․
― Ես քեզ ցո՛ւյց կտամ, թե ոնց ընկնես հետևիցս։ Ցո՛ւյց կտամ, ոնց ինձ քո նկուղից հալածես մեքենաների, անկողինների ու գինետների միջով, հետապնդելով, աշխատելով խլել ինքնությունս փաստող սկավառակը։ Դե արյունլվա սատկի՛։
Բայց ձայնն ու նա մեկ էին։ Նրանք գիտեին, որ արյունը ծովաջուր է, իսկ սառը, կուչ եկած մարմինը, որ գզգզվում էր ու խոշտանգվում՝ սոսկ բրեզենտե բաճկոն։
Ձայնը վերածվեց բարբաջի, սկսեց երգել, հայհոյել, անիմաստ վանկեր արձակել, հազալ ու թքել։ Այն աղմուկով լցրեց ամեն ակնթարթը, խեղդվելու աստիճան խճողվեց, սակայն կենտրոնն իրեն արդեն անջատ էր գիտակցում, քանի որ ամողջ ժամանակը չէ, որ ձայնով էր լցված։ Բերանը թքեց և մասամբ շեղվեց իմաստի կողմը։
― Իսկ ամենավերջում քեզ սկսում են հալածել տեսիլքները, հալյուցինացիաները, երազները, պատրանքները։ Խելագարն ուրիշ ի՞նչ սպասելիք ունի։ Նրանք հայտնվում են կարծր, իրական ժայռի վրա, շղթայում են ուշադրությունդ, ու դու արդեն խելագարին ոչնչով չես զիջում։
Տեսիլքն իսկույն ևեթ հայտնվեց։ Նա դա հասկացավ նախքան տեսնելը, որովհետև ակոսը համակվեց լուռ սավառնող ջրափոշով երիզված զարհուրով։ Տեսիլքը նստեց ակոսի եզրին, և նա ի վերջո մշուշված լուսամուտով վեր նայեց։ Նա տեսավ ակոսի մնացած մասը և սողաց առաջ ջրի մռայլ ու հանդարտ, մինչև հերթական պոռթուկմն ու փրփրած ջղաձգումները, տարածքով։ Մոտ սողալով, նա կոշիկների ու ծնկների վրայով նայեց վեր, մինչև որ խարսխվեց տեսիլքի բերանին։
― Դու իմ մտքի արգասիքն ես։ Բայց գոնե զբաղմունք ես։ Մնա՛։
Ի պատասխան շուրթերը հազիվ նշմարելի շարժվեցին։
― Դու իմ մտքի արգասիքն ես։
Նա փնչացրեց։
― Անվերջ արտացոլություն, կամ, ավելի հաջող՝ եկ պտտվենք թթենու շուրջ։ Մենք այդպես կարող ենք հավերժ շարունակել։
― Հերիք չեղա՞վ, Քրիսթըֆըր։
Նա նայեց շուրթերին։ Շուրթերը խոսքերի պես հստակ էին։ Աջ անկյունից մի կաթիլ թուք էր կախված։
― Այս մեկը ես կյանքում չէի հորինի։
Դիտակետի կողմի աչքը արտաքին անկյան մոտ արնոտ էր։ Դրանից այն կողմ մայրամուտի կարմիր երիզը ժայռի կողքով ձգվում էր տեսադաշտից դուրս։ Ջրափոշին դեռ սավառնում էր։ Կարելի էր նայել մայրամուտին կամ աչքին, բայց ոչ՝ երկուսին միաժամանակ։ Աչքին ու բերանին միաժամանակ նայել նույնպես չէր լինի։ Նա տեսավ, որ քիթը փայլուն է, դարչնագույն կաշվի նման ու ծակոտկեն։ Ձախ այտը շուտով սափրելու կարիք էր զգալու, առանձին մազերն արդեն երևում էին։ Սակայն ամբողջ դեմքը միանգամից տեսնել չէր ստացվում։ Թերևս այն ավելի ուշ հնարավոր լիներ վերհիշել։ Դեմքը չէր շարժվում։ Այն պարզապես մերժում էր ամբողջապես ընկալվելու հնարավորությունը։ Միայն հերթով։
― Ի՞նչը հերիք եղավ։
― Գոյատևելը։ Յոլա գնալը։
Հագուստը նույնպես ի մի չէր բերվում, և նա ստիպված էր ուսումնասիրել առանձին կտորները։ Բրեզենտե բաճկոնը գոտիով էր կապված, որովհետև կոճակները չկային։ Տակից երկար վզով բրդյա ջեմպր էր։ Բրեզենտե սաղավարտը փոքր ինչ հետ էր գցված։ Ձեռքերը դրված էին ծնկներին, բրդյա երկար գուլպաներից քիչ վերև։ Հետո նավաստիական կոշիկներն էին, փայլուն, խոնավ ու ամուր։ Նրանց համեմատ հետևի ժայռը ներկած ստվարաթուղթ էր թվում։ Նա թեքվեց առաջ, մինչև որ մշուշված լուսամուտն ընդհուպ մոտեցավ աջ թաթին։ Երաժշտական ֆոնն այժմ չկար, չկար նաև քամին, միայն՝ սև, փայլլուն ռետինը։
― Ես դրա մասին չեմ մտածել։
― Դե մտածիր։
― Ի՞նչ օգուտ։ Ես խելագար եմ։
― Այդ խոռոչն էլ կփլուզվի։
Նա փորձեց արնոտ աչքի վրա ծիծաղել, բայց հաչոցի պես մի բան լսեց։ Նա դեմքի վրա շպրտեց խոսքերը։
― Վեցերորդ օրը նա արարեց Աստծուն։ Ուստի ես թույլ եմ տալիս քեզ օգտվել միայն իմ բառապաշարից։ Նա արարեց նրան սեփական օրինակով։
― Դե մտածիր։
Նա տեսավ, թե ինչպես միացան աչքն ու մայրամուտը։
― Չեմ ուզում։ Չեմ կարող։
― Դու ինչի՞ն ես հավատում։
Ցած, կոշիկի սև մակերեսի մոտ, դեպի նկուղի խավարը, իսկ այժմ՝ բռնի պատասխանին ընդառաջ։
― Կյանքիս թելին։
― Ամեն գնով։
Կրկնիր իմ ետևից։
― Ամեն գնով։
― Ուրեմն վերապրեցիր։
― Բախտի բան էր։
― Անխուսափելի էր։
― Թե չէ ուրիշներն ապրել չէին ուզում։
― Ուզելու աստիճաններ կան։
Նա իջեցրեց մազերի ու մաշկի վարագույրն ու կոշիկները ջնջեց։ Ապա գռմռաց։
― Ես իրավո՛ւնք ունեմ ապրել, քանի դեռ կարող եմ։
― Որտե՞ղ է դա գրված։
― Ուրեմն ո՛չ մի բան չի գրված։
― Մտածի՛ր։
Ստվարաթղթե ժայռի վրա անհողդողդ, սև ոտքերի առջև նա մոլեգնեց։
― Չեմ մտածի։ Ես ինքս եմ քեզ ստեղծել ու ես նաև կարող եմ ստեղծել իմ դրախտը։
― Դու արդեն այն ստեղծել ես։
Նա կողքի նայեց ալեկոծվող ջրին, ապա ցած՝ իր կմախք ձեռքերին ու ոտքերին, զգաց անձրևի ու ջրափոշու հպումը և մարմինը համակած կատաղի ցուրտը։
Նա սկսեց մրթմրթալ։
― Ես սա եմ նախընտրում։ Դու ինձ ընտրության իրավունք ես տվել և ամբողջ կյանքում խնամքով առաջնորդել ես մինչև այս տառապանքը, որովհետև այդ ընտրությունն ինձ էր պատկանում։ Դե իհա՜րկե՝ ես գիտեմ նախատիպը։ Ամբողջ կյանքում ինչ էլ որ անեի, մեկ է, վերջում հայնվելու էի նույն կամրջակի վրա, նույն ակնթարթին, նույն հրահանգը տալուց՝ ճիշտ թե սխալ։ Բայց անգամ եթե ես նկուղից դուրս եմ մագլցել պարտված ու քամված մարդկանց մարմիններիով, աստիճաններ սարքել նրանցից քեզնից փախչելու իմ ճանապարհին, ասա, ինչո՞ւ ես ինձ չարչարում։ Եթե ես խժռել եմ նրանց, ո՞վ է ինձ բերան տվել։
Քո բառապաշարում պատասխանը չկա։
Նա պպզեց, բորբոքված վեր նայելով դեմքին, ու գոռաց․
― Ես մտածեցի։ Ես սա՛ եմ նախընտրում՝ ցավն ու մնացած ամեն ինչը։
― Ինչի՞ն։
Մոլեգնությունից ուժասպառ, նա սկսեց խփել կոշիկներին։
― Կորի՛ր սև կայծակի գիրկը։ Չքվի՛ր։ Հե՛տ գնա։
Նա քերթում էր ձեռքերի մաշկը ժայռի փայլուն մակերեսին։ Բերանը բարբաջում էր, բերանի հետ միասին նա նահանջեց ամենավերջին խոռոչը։
― Խե՜ղճ խելագար նավաստի ժայռի վրա։
Նա Պողտայով վեր մագլցեց։
<b>Մռլտա՛, փրփրի՛ր, ժայթքի՛ր։
Թող ոռնան քամին, անձրևը, կարկուտը, արյո՛ւն հորդա
Փոթորիկներ ու մրրիկներ․․․</b>
Նա դես ու դեն էր վազում դիտակետով մեկ, սայթաքելով ցիրուցան քարերի վրա։
<b>․․․հողմեր ու բորաններ․․․</b>
Շուրջը փոթորկահույզ կիսախավար էր։ Լույսը մասնատված էր շերտերի, իսկ ծովը՝ կատարների ու կիրճերի։ Վիթխարի ալիքներն անվերջանալի թափորով ընթանոմ էին արևելքից արևմուտք, նրանց համեմատությամբ ժայռը ոչնչություն էր։ Բայց և այնպես այն առաջ էր մղվում, ալիքների մեջ սպիտակ ճեղք թողնելով, դուրս էր մեկնում Ապահովության ժայռը, նավի քթի պես պատռում կատարները։ Այն քարե սեպով ջուրը պայթցնում էր թանձր փոշու, որը լվանում էր քթահարկն ու խփում կամրջակի հիմքին։ Ապա ջրափոշին ժայթքում էր կամրջակով մեկ, սրբելով նրա մարմնից շունչն ու գիտակցությունը։ Նա կառչեց քառակուսի այն սալից, որն ընկած էր դիմակավոր պառավի տեղում։ Նա հեծնեց այդ քարը, դեմքը դարձնելով ալիքներին ու քամուն։ Նորից սկսեց ֆոնի երաժշտությունն ու բերանի բարբաջը։
― Արա՛գ, ավելի՛ արագ։
Ժայռն առաջ էր սուրում։ Նա կրունկներով խփում էր քարին, ասես խթաններ ունենար։
― Արա՛գ։
Ամեն ալիք ինքնին մի երևույթ էր։ Երերալով ու ծառս գալով, այն գլորվում էր առաջ, մինչ կատարի երկայնքով խաղում էին փոթորիկի լույսերը, նման ուղեղում բռնկվող կայծերի։ Ապա այն վրա էր հասնում ապահովության ժայռի ծանծաղուտին, և առջևի մասը, սայթաքելով ու զայրանալով, վեր էր բարձրանում, ուռչում ու մռլտում։ Ապահովության ժայռն ընկնում էր ջրապտույտի մեջ, որը լորձում ու ծամում էր բերանի նման։ Ալիքի կատարը հարյուրավոր մետրերով վերածվում էր փրփրադեզ զանգվածի, որը վիժում էր ժայռի վրա գրոհող բանակի պես։
― Ավելի՛ արագ։
Ձեռքը գտավ ինքնության սկավառակը, և նա այն առաջ պարզեց։
Բերանը կենտրոնից ճչաց․
― Ես թքա՛ծ ունեմ ձեր կարեկցանքի վրա։
Ծանոթ ձայնը լսվեց ալիքներից ու ամպերից անդին։ Ձայնը այնքան բարձր չէր, ինչքան ծովի շառաչը, երաժշտությունը կամ խոսեքրը, բայց կենտրոնն իր հաշվին առավ։ Այն քարե սալից մարմինն իջեցրեց և թավալ տվեց ակոսը։ Ընկնելու ընթացքում աչքը նշմարեց երկնքի արևմտյան մասը ճեղքող կայծակի սև ճաճանչը, և կենտրոնն ամուր կողպեց մազերի ու մաշկի փեղկը։ Կրկին լսվեց թիթեղյա տուփին հարվածող բահի ձայնը։
― Կտրո՛ւկ աջ։ Հիմա երկուսիս էլ կսպանեմ։ Քո կողմով կխփեմ ծառին ու դու շանսատակ կլինես։ Ո՛չ մի բան գրված չի եղել։
Կենտրոնը գիտեր իր անելիքը։ Այն բերանից իմաստուն էր։ Այն մարմինը սողալով ու գլորվելով ուղարկեց ջրի անձավը։ Այն խրվեց ցեխի ու տիղմի պարույրների մեջ։ Այն ձեռքերն առաջ պարզեց ու երեսնիվայր մխրճվեց ջուրը։ Ապա սկսեց փոկի պես գալարվել, բերանից քաղցրահամ ջուր ծորալով։ Այն հարձակվեց հեռավոր ծայրը խցանող քարերի վրա ու սկսեց հրել։ Լսվեց դղրդյուն ու ճռռոց, ապա՝ գահավիժող քարերի ու ջրի շառաչ" Առջևում լայն բացվեցին ալիքներն ու փոթորկի լույսը։ Մարմինը փռված էր ցեխոտ մի փոսորակում, ուր ժամանակին խմելու ջուրն էր եղել։
― Խելագա՜ր։ Էլ ի՞նչ ապացույց։
Կենտրոնը մարմինն անձավից դուրս հանեց և ուղարկեց այնտեղ, ուր Դիտակետն էր եղել։
Սև կայծակը ճյուղավորվել էր երկնքով մեկ, ամպագոռգոռ որոտ էր լսվում։ Ճյուղերից մեկը վիթխարի ալիքների միջով մխրճվեց ծովն ու աստիճանաբար հատնեց։ Բայց՝ չանհայտացավ։ Ծովն անշարժացավ, սառեց, վերածվեց սև գծով ճեղքված գունավոր ստվարաթղթի։ Ժայռը նկարված էր նույն թղթի վրա։ Ծովը թեքվել էր, բայց սև ճեղքի մեջ ոչինչ չէր լցվում։ Ճեղքը կատարյալ էր, բացարձակ, երիցս իրական։
Կենտրոնը չգիտեր՝ ի՞նքն է մարմինը ցած նետել, թե՞ աշխարհն է շուռ եկած։ Ժայռը դեմքի առջև էր, և կենտրոնը խեցգետնի ճանկերով դրանից կառչեց, բայց ճանկերը ներս ընկղմվեցին։ Կենտրոնը դիտում էր ճանկերի միջի ժայռը։
Բացարձակ կայծակը սփռվեց։ Աղմուկ չկար, որովհետև ձայներն այլևս էական չէին։ Չկար ոչ երաժշտություն, ոչ անշարժ, թեքված ծովի շառաչ։
Բերանը որոշ ժամանակ բարբաջեց, փսլնքոտեց և լռեց։
Բերանը չկար։
Բայց և այնպես կենտրոնը շարունակում էր դիմադրել։ Այն թողել էր, որ կայծակն իր գործն անի համաձայն այդ երկնքի օրենքների։ Արտասովոր մի տեսողությամբ, առանց աչքերի, այն նշմարեց, որ կայծակի ճյուղերի միջև երկնքի դրվագները փոխարինվեցին ոչնչի հորերով։ Դրանից կենտրոնի վախն ու կատաղությունն առանց բերանի փսխեցին։ Անձայն ու անբառ, կենտրոնը գոռաց ոչնչի հորի մեջ։
― Լցրե՛լ եմ ես ձեր դրախտի վրա։
Ճյուղերն ու ճառագայթները սփռվեցին ծովի մեջ։ Փոթորկի մի դրվագ չորացած տերևի պես ընկավ ցած, և գոյացած բացվածքը հորիզոնի միջոցով միացավ երկնքին ու ծովին։ Կայծակը գտավ անշարժ լողացող ու թռչող սողուններին և մի֊մի ճառագայթ ուղարկեց նրանց։ Նրանք փորձում էին դիմադրել, թեթևակի ձևափոխվում էին, սակայն ի վերջո ցած ընկան և չքվեցին։ Ապահովության ժայռի միջոց բացվեց ոչնչի հովիտը։
Կենտրոնը զբաղված էր ճանկերի միջև գտնվող ժայռով։ Ժայռը քարից պինդ էր՝ ավելի պայծառ ու ավելի կարծր։ Այն ցավ էր պատճառում ճանկերի սեղմվող սղոցաձև եզրերին։
Ծովը գալարվեց ու վերացավ։ Դրվագները ոչ թե հեռացան, այլ ներսվեցին, ոչնչացան, անէացան, վրիպակի պես ջնջվեցին։
Բացարձակ սևի ճառագայթները մխր֊վեցին ժայռի մեջ, և այն նույնքան անէական դուրս եկավ, ինչքան նկարված ջուրը։ Դրվագներն անհայտացան, ճանկերի արանքում թողնելով թղթի կղզյակը։ Մնացածն այն էր, ինչ կենտրոնը ճանաչում էր որպես ոչինչ։
Ճանկերի միջի ժայռը պինդ էր։ Այն ուղղանկյուն էր և մակերեսին փորագրություն ուներ։ Սև ճառագայթները խորացան, ընդլայնվեցին և միացան իրար։
Ճանկերի միջի ժայռն էլ չկար։
Չկար ոչինչ, բացի կենտրոնից ու ճանկերից։ Նրանք վիթխարի էին, ուժեղ և ալ կարմիր։ Ճանկերը փակվեցին իրար վրա։ Ջղաձգվեցին։ Բացարձակ ոչնչի ֆոնին գիշերային նշանի պես ուրվագծվելով, նրանք ամբողջ ուժով մխրճվեցին իրար մեջ։ Սղոցաձև եզրերը փշրվեցին։ Նրանք իրական էին ու ցոլցլուն և՝ սեղմված։
Կայծակը սպրդեց ներս։ Կենտրոնը ոչնչի տեղյակ չէր, բացի ճանկերից և սպառնալիքից։ Այն սևեռվել էր փշրված եզրերի և ցոլացող կարմրի վրա։ Կայշակն առաջ դիմեց։ Ճառագայթներից մի քանիսը նշան բռնեցին կենտրոնին, հարմար պահի սպասելով այն խոցելու համար։ Մյուսներն իջան ճանկերի վրա, խաղալով դրանց մակերեսին, փնտրելով թույլ տեղը, մաշելով նրանց անժամանակ ու անգութ կարեկցացնքով։
=14=
Մակընթացության ժամանակ նավամատույցը, եթե այդ բառը կիրառելի էր քարերի երկար շարանի նկատմամբ, համարյա լրիվ մնում էր ջրի տակ։ Շարժիչն անջատած, ականանվան արևմտյան քամու օգնությամբ իներցիայով մոտեցավ մատույցին։ Ափին կանգնողը պաղ մայրամուտի ֆոնին նավը տեսնում էր որպես մի սև ստվեր, որի ամբողջ գույնը քամվել ու խառնվել էր հորիզոնի վրա կախված ցածր ամպերին։ Ջուրն ամենուր արճճագույն երանգ ուներ, բացի նավի թողած հետքից՝ կարմիր, վարդագույն ու սև մի կածանից, որը տանում էր դեպի արևի տակ շողացող հորիզոնը։
Ափից դիտողն անշարժ էր։ Նավաստիական կոշիկները խրված չոր ավազին, տպված իր վերջին ոտնահետքերի մեջ, նա սպասում էր։ Նրա հետևում կղզու սահուն լանջի տակ մի տնակ կար։
Նավը մի պահ հետադարձ ընթացք տվեց, ցռուկի տակ պտուտակներից անսպասելիորեն բաց գույնի շիթ թողնելով։ Քիթը ճռնչալով քսվեց քարերին։ Երկու հոգի ցատկեցին ցած, փնտրելով ու չգտնելով ճոպանասյուները։ Նրանք բռնեցին ու քարերին կապեցին նավախցիկից նետված պարանները և մնացին կանգնած, առանց ծայրերը բաց թողնելու։
Մատույցին իջավ մի սպա, արագ մոտեցավ ափին և ցատկեց չոր ավազի վրա։ Քամին թափահարեց նրա ձեռքի թղթերը, որոնք ուշ ամռան փոշոտ տերևների պես խշխշացին։ Շուրջն ավազ էր, ծով, ժայռեր և տնակը։ Ոտքերը չոր ավազի միջով քարշելով, խշխշացող թղթերը ձեռքին, սպան մոտեցավ և կանգնեց դիտողին քիչ չհասած։
― Միստր Քե՞մբըլ։
― Այո։ Ձեզ ուղարկել են, որ․․․
― Իրավացի եք։
Միստր Քեմբըլը հանեց և կրկին տեղը դրեց իր կտորի գլխարկը։
― Առանձնապես չեք շտապել։
Սպան խոժոռ նայեց նրան։
― Ի դեպ, իմ անունը Դեյվիդսըն է։ Ասում եք չենք շտապել։ Իսկ գիտե՞ք, միստր Քեմբըլ, որ ես շաբաթը յոթ օր այս գործով եմ զբաղված։
Միստը Քեմբըլը հանկարծակի կոշիկները շարժեց և ուշադիր նայեց Դեյվիդսընի գորշ ու կնճռոտված դեմքին։ Նրա շնչից հազիվ նշմարելի դուրեկան հոտ էր գալիս, աչքերի բացվածքը սովորականից փոքր֊ինչ լայն էր։
Միստր Քեմբըլը հանեց և տեղը դրեց գլխարկը։
― Տես է՜։ Պատկերացնում են։
Դեյվիդսընի դեմքի ներքևի մասը ձևափոխվեց, սկսելով վերածվել անխինդ ժպիտի։
― Ինչ արած, լայնածավալ պատերազմ է։
Միստր Քեմբըլը դանդաղ գլխով արեց։
― Կներեք, չպետք է խոսեի։ Ցավալի բերք եք հավաքում, կապիտան։ Չգիտեմ, թե ինչպես եք դիմանում։
Ժպիտն անհետացավ։
― Ինձ ինչ կա։
Միստր Քեմբըլը գլուխը մի կողմ թեքեց և հայացքը հառեց Դեյվիդսընի դեմքին։
― Այո՞։ Ներեցեք, սըր։ Եկեք տեսեք, թե որտեղ ենք գտել։
Նա շրջվեց և ավազով առաջ անցավ։ Այնտեղ, ուր ջուրը գլաքարերով պատված փոքրիկ ծոց էր կազմում, նա կանգ առավ և ցույց տվեց։
― Ահա այստեղ էր՝ փրկագոտին վրան։ Կողքին թիթեղյա տուփ կար։ Եվ մեկ էլ՝ ջրիմուռներ։ Հյուսիս֊արևմտյան քամու ժամանակ այստեղ միշտ ջրիմուռներ են կուտակվում․․․ ընդհանրապես ամեն լողացող բան։
Դեյվիդսընն աչքի տակից նայեց նրան։
― Միստր Քեմբըլ, դա ձեզ էական չի թվա, սակայն ինձ իրականում մի բան է պետք՝ անձը հաստատող սկավառակը։ Դուք այն մարմնից վերցրե՞լ եք։
― Ոչ֊ոչ։ Ես հնարավորին չափ քիչ եմ․․․ միջամտել։
― Մետաղադրամի չափ դարչնագույն մի սկավառակ, հավանաբար վզին գցված։
― Ես ոչինչ ձեռք չեմ տվել։
Դեյվիդսընի դեմքը կրկին մռայլվեց։
― Դե ինչ, գուցե մի բան կլինի։
Միստր Քեմբըլը ձեռքին իրար բերեց և անհանգիստ շփեց, կոկորդը մաքրելով։
― Այսօր տանելո՞ւ եք։
Այժմ արդեն Դեյվիդսընը հայացքը հառեց նրան։
― Երազնե՞ր։
Միստր Քմբըլը հայացքը թեքեց ջրին և մրթմրթաց։
― Կինս․․․
Նա նայեց չափից դուրս լայն աչքերով դեմքին, որը կարծես ավելին գիտեր, քան կարող էր տանել։ Նա այլևս այդ հանդիպումից չէր խուսափում, բայց փոքր֊ինչ սմքեց և հանկարծակի խոնարհությամբ պատասխանեց։
― Այո։
Դեյվիդսընը դանդաղ գլխով արեց։
Երկու նավաստի պատգարակով կանգնած էին տնակի առջև։
Միստր Քեմբըլը ձեռքով ցույց տվեց։
― Մարմինը տան կողքի հյուղակում է, սըր։ Հուսով եմ, դուք հնարավորին չափ քիչ անախորժություն կապրեք։ Մենք պարաֆին ենք բանեցրել։
― Շնորհակալ եմ։
Դեյվիդսընը լողափով առաջ գնաց, միստր Քեմբըլը հետևեց նրան։ Նրանք կանգ առան։ Դեյվիդսընը շուռ եկավ և աչքերն իջեցրեց։
― Դե, ուրեմն․․․
Նա ձեռքը տարավ համազգեստի կրծքագրպանին և մի տափաշիշ հանեց։ Ապա նայեց միստր Քեմբըլի աչքերին, դեմքի ներքևի մասով քմծիծաղ տվեց, խցանը հանեց և շիշը քաշեց գլխին։ Նավաստիներն անխոս նայում էին նրան։
― Գնացի։
Դեյվիդսընը մոտեցավ հյուղակին, շալվարի գրպանից լապտեր հանելով։ Նա կռացավ և կոտրված դնից ներս անցավ։
Նավաստիներն անշարժ կանգնած էին։ Միստր Քեմբըլը լուռ սպասում էր, նայելով հյուղակին այնպես, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Նա զննում էր մամռոտ քարերն ու քարաքսներով պատված ներս ընկած կտուրը, ասես դա բնության խորհրդավոր մի լեզու լիներ, որը մարդիկ արտոնված են կարդալ միայն բացառիկ հանգամանքներում։
Ներսից ոչ մի ձայն չէր գալիս։
Անգամ նավի վրա խոսակցությունները մարել էին։ Միակ աղմուկը փոքրիկ լողափին բախվող կոհակի խշշոցն էր։
Արևի կեսը պառկած էր բոսորագույն ու գորշ մահճին։
Դեյվիդսըհը դուրս եկավ, թելից ճոճվող փոքրիկ մի սկավառակ բռնած։ Նա աջ ձեռքը տարավ կրծքագրպանին և նավաստիներին գլխով արեց։
― Անցեք գործի։
Դեյվիդսընը քրքրում էր իր թղթերը։ Միստր Քեմբըլը տեսավ, թե ինչպես է նա մոտիկից զննում սկավառակը, խնամքով արտագրելով մանրամասերը։ Ապա նա սկավառակը պահեց, կռացավ, և սկսեց ձեռքերը շփել չոր, մաքուր ավազով։ Միստր Քեմբըլն անզորության շարժումով ձեռքերը լայն պարզեց ու ցած գցեց։
― Չգիտեմ, սըր։ Ես ձեզնից մեծ եմ, բայց բան չգիտեմ։
Դեյվիդսընը լուռ էր։ Նա ոտքի կանգնեց և հանեց իր շիշը։
― Մի՞թե դուք ներքին տեսողություն չունեք։
Միստր Քեմբըլը դժբապտ նայեց հյուղակին։
― Մի կատակեք, սըր։ Դա ձեզ արժանի չէր։
Դեյվիդսընը շիշն ու գլուխն իջեցրեց։ Նրանց դեմքերը մոտեցան իրար։ Քեմբըլը կնճիռ առ կնճիռ կարդում էր դիմացի դեմքը, ինչպես մինչ այդ կարդացել էր հյուղակը։ Ապա նրա հայացքը կրկին խույս տվեց և դարձավ այնտեղ, ուր, ասես հավիտյան, մայր էր մտնում արևը։
Նավաստիները հյուղակից դուրս եկան։ Նրանց բռնած պատգարակն այլևս դատարկ չէր։
― Ապրեք, տղերք։ Մի շիշ ստանալիք ունեք։ Գնացեք։
Նավաստիներն ավազի միջով զգուշորեն դիմեցին դեպի մատույցը։ Դեյվիդսընը դարձավ միստր Քեմբըլի կողմը։
― Թույլ տվեք, միստր Քեմբըլ, այս թշվառ սպայի անունից ձեզ շնորհակալություն հայտնել։
Միստր Քեմբըլը հայացքը պատգարակից թեքեց։
― Խարդախ բան են այդ փրկագոտիները։ Մարդուն հույս են ներշնչում, երբ հույսի հնարավորություն արդեն չկա։ Դաժան բան են։ Կարիք չկա ինձ շնորհակալություն հայտնել, միստր Դեյվիդսըն։
Կիսախավարի մեջ նա ուշադիր նայեց ուղիղ Դեյվիդսընի աչքերին։ Դեյվիդսընը գլխով արեց։
― Թերևս։ Բայց և այնպես ես հայտնում եմ։
― Ես ոչինչ չեմ արել։
Նրանք միասին շուռ եկան և նայեցին, թե ինչպես են նավաստիները պատգարակը բարձրացնում մատույցին։
― Իսկ դուք դա ամեն օր եք անում։
― Ամեն օր։
― Միստր Դեյվիդսըն․․․
Միստր Քեմբըլը դադար արեց, և Դեյվիդսընը կրկին շրջվեց նրա կողմը։
― ․․․մենք մարդկային հարաբերությունների եզակի օրինակ ենք։ Մենք այստեղ հանդիպել ենք բախտի բացահայտ քմահաճույքով, մի հանդիպում, որը հնարավոր չէր կանխատեսել և որը երբեք չի կրկնվի։ Ուստի ես կուզենայի ձեզ մի հարց տալ, որը թերևս դաժան պատասխան ունի։
Դեյվիդսընը ետ հրեց իր գլխարկը և հոնքերը կիտեց։ Միստր Քեմբըլը նայում էր հյուղակին։
― Ողորմելի փլատակ։ Գերանները նեխած, կտուրը ներս ընկած, շուտով կընկնի հողի գիրկը։ Ավերակ։ Կհավատա՞ք, որ այդտեղ երբևէ ապրել են։
Հոնքերը շվարեցին։
― Վախենամ, թե ես ձեր մտքին չեմ հետևում։
― Բոլոր այդ թշվառները․․․
― Որոնց ես․․․
― Բերքը։ Տխուր բերքը։ Միստր Դեյվիդսըն, դուք ծանոթ չեք իմ․․․ ինչպես ասեմ՝ դավանանքին, թե ինչ․․․ Բայց այդ թշվառի կողքին ապրած օրերը․․․ Միստր Դեյվիդսըն, ձեր կարծիքով նա․․․ տևե՞ է։ Թե՞ եղած֊չեղածը սա է։ Ինչպես այս հյուղակը։
― Եթե ձեր սիրտը նեղվում է Մարթինի համար՝ արդյոք նա տառապե՞լ է, թե ոչ․․․
Նրանք որոշ ժամանակ լռեցին։ Առջևում արևը հրկիզվող նավի պես խորտակվեց, ոչ մի հուշ չթողնելով, ամպի քուլաներից բացի։
Միստր Քեմբըլը հոգոց հանեց։
― Այո,― ասաց նա,― ես հենց դա նկատի ունեի։
― Կարող եք չանհանգստանալ։ Դուք տեսել եք մարմինը։ Նա անգամ չի հասցրել ջրի մեջ կոշիկները հանել։