Changes
Ահա հենց այդ ժամանակ սրբահոր խուցում տեղի ունեցավ այս աններդաշնակ ընտանիքի բոլոր անդամների հանպիպումը կամ, ավելի ճիշտ, ընտանեկան հավաքույթը, որ արտակարգ ազդեցություն գործեց Ալյոշայի վրա։ Հավաքույթի պատրվակն ըստ էության կեղծ էր։ Հենց այդ օրերին Դմիտրի Ֆյոդորովիչի և նրա հոր՝ Ֆյոդոր Պավլովիչի միջև ժառանգության և գույքային հաշիվների վերաբերյալ տարաձայնություններն ըստ երևույթին ծայր աստիճանի էին հասել։ Հարաբերությունները սրվել էին ու դարձել անտանելի։ Կարծեմ առաջինը Ֆյոդոր Պավլովիչն էր, երևի կատակով, հայտնել այն միտքը, թե բոլորը հավաքվեն սրբահայր Զոսիմայի խուցում և, թեկուզ չդիմելով նրա ուղղակի միջնորդությանը, համենայն դեպս ավելի վայելուչ մի համաձայնության գան, ընդ որում սրբահայրն իր աստիճանով ու հեղինակությամբ կարող է որոշ պատկառանք ներշնչել ու հաշտարար ներգործություն ունենալ։ Դմիտրի Ֆյոդորովիչը, որ երբեք չէր եղել սրբահոր մոտ ու նույնիսկ չէր տեսել նրան, անշուշտ մտածեց, թե ուզում են իրեն վախեցնել սրբահոր հեղինակությամբ։ Բայց որովհետև ինքն էլ թաքուն կշտամբում էր իրեն այն հատկապես արտառոց պոռթկումների համար, որ վերջերս թույլ էր տվել հոր հետ վիճելիս, ընդունեց հրավերը։ Ի դեպ պետք է նշել, որ նա ապրում էր ոչ թե հոր տանը, ինչպես Իվան Ֆյոդորովիչը, այլ առանձին, քաղաքի մյուս ծայրում։ Նաև այնպես պատահեց, որ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, այդ օրերին մեզ մոտ գտնվելով, եռանդագին կառչեց Ֆյոդոր Պավլովիչի հայտնած այդ մտքից։ Լինելով քառասնական և հիսնական թվականների լիբերալ, ազատախոհ և աթեիստ, նա իր աշխույժ մասնակցությունը բերեց այդ գործին՝ գուցե ձանձրույթից մղված կամ էլ գուցե թեթևամիտ զվարճության նպատակով։ Նա հանկարծ ցանկություն ունեցավ տեսնելու վանքը և «սուրբ մարդուն»։ Քանի որ դեռ շարունակվում էր իր հին վեճը վանքի հետ և դեռ ձգձգվում էր դատավարությունն իրենց կալվածների հողային սահմանի, անտառահատման ու ձկնորսության իրավունքների և այլ հարցերի շուրջ, նա փութաց օգտվել այս հանգամանքից, պատրվակ բռնելով, թե կցանկանար անձամբ խոսել վանահոր հետ և դատավեճը հաշտ ու խաղաղ վերջացնելու մի փորձ անել։ Այսպիսի բարի նպատակներ ունեցող այցելուին անշուշտ ավելի ուշադիր ու պատրաստակամ կարող էին ընդունել վանքում, քան պարզ հետաքրքրության համար եկողին։ Բոլոր այս նկատառումների շնորհիվ, վանքի ներսում կարող էին նաև որոշ ազդեցություն բանեցնել հիվանդ սրբահոր վրա, որ վերջերս գրեթե երբեք դուրս չէր գալիս իր խուցից և հիվանդության պատճառով մերժում էր նույնիսկ սովորական այցելուներին։ Ի վերջո սրբահայրն իր համաձայնությունը տվեց, և օր նշանակեցին։ «Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար ի վերայ նոցա»,— ասաց նա լոկ, ժպտալով Ալյոշային։
Իմանալով առաջիկա հանդիպման մասին։ Ալյոշան մեծ խռովք ապրեց։ Եթե այդ վիճող ու իրար ամբաստանող կողմերի մեջ կար մեկը, որ կարող էր լուրջ մոտենալ հավաքույթին, միայն Դմիտրին էր անտարակույս։ Իսկ մնացյալները, բոլորն էլ, կգան թեթևամիտ և գուցե սրբահոր համար վիրավորական շարժառիթներով․ Ալյոշան լավ էր հասկանում այդ։ Իվանն ու Միուսովը կգան հետաքրքրությունից մղված, գուցե ամենակոպիտ հետաքրքրությունից, իսկ հայրը գուցե դերասանություն անելու և խեղկատակ մի տեսարան սարքելու։ Օ՜, Ալյոշան թեև լուռ էր մնում, բայց արդեն խորապես ճանաչում էր իր հորը։ Կրկնում եմ, այս տղան բնավ էլ պարզամիտ չէր այնքան, որքան համարում էին նրան բոլորըը։ բոլորը։ Ծանր սրտով սպասում էր նշանակված օրվան։ Անշուշտ հոգու խորքում շատ էր մտածում այն մասին, թե մի կերպ վերջ գտնեն բոլոր այդ ընտանեկան անհամաձայնությունները։ Բայց այնուամենայնիվ Ալյոշայի գլխավոր մտահոգության առարկան սրբահայրն էր, դողում էր նրա համար, նրա փառքի համար, վախենում էր, որ վիրավորանքներ կհասցնեն նրան՝ հատկապես Միուսովն իր նուրբ, քաղաքավարի հեգնանքով և գիտուն Իվանն իր մեծամիտ թերասություններով։ Այդպես էր պատկերացնում այդ ամբողջը։ Նույնիսկ ուզեց սիրտ անել ու նախազգուշացնել սրբահորը, մի որևէ բան ասել նրանց մասին, բայց մտմտաց ու ոչինչ չասաց։ Միայն հավաքույթի նախօրյակին ծանոթի միջոցով հայտնեց Դմիտրիին, որ շատ է սիրում նրան և սպասում է, որ նա խոստումը կատարի։ Դմիտրին մտածմունքի մեջ ընկավ, որովհետև չկարողացավ հիշել, թե ինչ էր խոստացել, և սակայն նամակով պատասխանեց, որ ամեն կերպ կջանա «ստորության դիմաց» զուսպ մնալ, ու թեև խոր հարգանք է տածում սրբահոր և Իվանի նկատմամբ, բայց համոզված է, որ այս հանդիպումը կա՛մ մի ծուղակ է իր դեմ լարված, կամ էլ ստոր մի զավեշտ է։ «Այնուամենայնիվ, ավելի շուտ լեզուս կուլ կտամ, քան թե կարգազանց կլինեմ այն սուրբ մարդու հանդեպ, որին այնքան մեծարում ես»,— գրում էր Դմիտրին նամակի վերջում։ Ալյոշային շատ չսրտապնդեց այդ նամակը։
----
<references />