Changes
1984
,/* I */
Ինչպես միշտ, էկրանին հայտնվեց ժողովրդի թշնամի էմանուել Գոլդսթայնը։ Հանդիսատեսները ֆշշացրին։ Շիկավուն մազերով փոքրամարմին կինը ծղրտաց վախից ու զզվանքից։ Գոլդսթայնը՝ ուրացող ու ռենեգատ, մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց (այնքա՜ն վաղուց, որ արդեն ոչ ոք չէր հիշում, թե երբ) Կուսակցության ղեկավարներից էր եղել համարյա հավասար անձամբ Մեծ եղբորը, իսկ հետո հակահեղափոխության ճանապարհն էր բռնել, դատապարտվել էր մահապատժի, բայց առեղծվածայնորեն փախել ու անհետացել էր։ Երկրոպեի ծրագիրը փոխվում էր ամեն օր, սակայն գլխավոր գործող անձը միշտ Գոլդսթայնն էր։ Գլխավոր դավաճանը, Կուսակցության անաղարտության առաջին ապականիչը։ Նրա տեսությունից էին ճյուղավորվել հետագա բոլոր հանցագործությունները Կուսակցության դեմ, բոլոր վնասարարությունները, դավաճանությունները, հերձվածները, շեղումները։ Հայտնի չէ՝ որտեղ, նա դեռ շարունակում էր ապրել ու դավադրություն կռել գուցե ծովից անդին՝ իր օտարերկրյա տերերի պաշտպանության ներքո, կամ հնարավոր է (նաև այդպիսի լուրեր էին շրջում) այնտեղ էր՝ Օվկիանիայում, ընդհատակում։
Ուինսթոնի շնչառությունը ծանրացավ։ Գոլդսթայնի դեմքը միշտ նրա մեջ բարդ ու տանջալից զգացումներ էր արթնացնում։ Չոր հրեական դեմքը՝ թեթև ճերմակ հերքի շրջանակում, այծամորուքը, դեմքը՝ խելացի ու դրա հետ մեկտեղ անբացատրելիորեն վանող, և ինչ-որ տարօրինակ բան կար այդ երկար, նիհար քթի մեջ, որի վրայից ակնոցը սահել համարյա հասել էր ծայրին։ Նա նման էր ոչխարի, և ձայնի մեջ էլ մայուն էր լսվում։ Ինչպես միշտ, Գոլդսթայնը չարախնդությամբ հարձակվեց կուսակցական ուսմունքի վրա. այդ հարձակումներն այնքան անմիտ ու անհեթեթ էին, որ չէին խաբի անգամ երեխային, սակայն դրա հետ միասին զուրկ չէին համոզչությունից, և լսողն ակամա երկյուղում էր, որ ուրիշները՝ պակաս սթափները, կարող են հավատալ Գոլդսթայնին։ Նա լուտանքներ էր տեղում Մեծ եղբոր վրա, պսակազերծում էր Կուսակցության դիկտատուրան, պահանջում էր անհապաղ հաշտություն կնքել Եվրասիայի հետ, կոչում էր խոսքի ազատության, մամուլի ազատության, հավաքների ազատության, մտքի ազատության, նւս հիստերիկ ճղավում էր, թե հեղափոխությունը ծախել են, և այղ ամենը շուտասելուկով, կազմածո բառերով՝ ասես նմանակելով կուսակցական հռետորների խոսքը, նույնիսկ նորալեզվի բառերով, որոնք, ի դեպ, նրա խոսքում ավելի հաճախադեպ էին, քան ցանկացած կուսակցականի խոսքում։ Եվ ամբողջ ժամանակ, որպեսզի կասկած անգամ չլիներ, թե ով է կանգնած Գոլդսթայնի կեղծավոր շատախոսության թիկունքին, նրա դեմքից անդին՝ երկրորդ պլանում, երթաքայլում էին եվրասիական անվերջանալի շարասյուները. շարք-շարք պնդակազմ զինվորները՝ ասիական անդրդվելի կերպարանքներով, դուրս էին լողում խորքերից ու լուծվում հեռուներում՝ տեղը զիջելով իրենց նմանակներին։ Զինվորական սապոգների խուլ դոփյունը նվագակցում էր Գոլդսթայնի մկկոցին։
Ատելությունն սկսվել էր ընդամենը մի երեսուն վայրկյան առաջ, բայց հանդիսատեսների կեսն արդեն չէր կարողանում զսպել կատաղի գոչյունները։ Անտանելի էր տեսնել այդ ինքնահավան ոչխարային դեմքը ու դեմքից այն կողմ՝ եվրասիական զորքերի սարսափազդու հզորությունը. բացի այդ, Գոլդսթայնին տեսնելիս և նույնիսկ ընդամենը նրա մասին մտածելիս վախն ու ատելությունը ծնվում էին ինքնաբերաբար։ Նրա հանդեպ ատելությունը շատ ավելի մշտակայուն էր, քան Եվրասիայի և Արևելաասիայի, քանզի երբ Օվկիանիան պատերազմում էր նրանցից մեկի դեմ, մյուսի հետ սովորաբար հաշտություն էր կնքում։ Բայց ահա թե ինչն էր ամենազարմանալին. թեև Գոլդսթայնին ատում ու արհամարհում էին բոլորը, թեև ամեն օր, օրը հազար անգամ ամբիոններից, հեռէկրանով, թերթերում ու գրքերում նրա ուսմունքը ժխտում էին, ջարդուփշուր անում, ոչնչացնում, ծանակում՝ իբրև խղճուկ ցնդա-բանություն, նրա ազդեցությունը բնավ չէր նվազում։ Միշտ կային դյուրահավատ մարդիկ, որոնց նա հրապուրում էր։ Օր չէր անցնում, որ Մտքի ոստիկանությունը չմերկացներ լրտեսներին ու վնասարարներին, ովքեր գործում էին նրա ցուցումներով։ Նա հսկայական ստվերային բանակ էր ղեկավարում, դավադիրների ընդհատակյա ցանց, ովքեր ձգտում էին իրավակարգի տապալմանը։ Ենթադրվում էր, որ այն կոչվում է Եղբայրություն։ Շշուկով խոսում էին նաև մի սարսափելի գրքի մասին, հերձվածների ժողովածուի, որի հեղինակը Գոլդսթայնն էր, և որը գաղտնի էր տարածվում։ Գիրքը վերնագիր չուներ։ Խոսակցություններում այն հիշատակում էին (եթե ընդհանրապես հիշատակում էին) պարզապես որպես ''գիրք''։ Սակայն նման բաների մասին հայտնի էր դառնում միայն անհստակ շշուկներից։ Կուսակցության անդամներն ըստ կարելվույն աշխատում էին չխոսել ո՛չ Եղբայրության մասին, ո՛չ ''գրքի:'':
Երկրորդ րոպեին ատելությունը վերածվեց կատաղության մոլուցքի։ Մարդիկ վեր էին թռչում տեղներից ու բղավում կոկորդով մեկ, որպեսզի խլացնեն Գոլդսթայնի անտանելի, մկկացող ձայնը։ Շիկավուն մազերով փոքրամարմին կինը կարմրատակել էր ու ցամաք ընկած ձկան պես բացուխուփ էր անում բերանը։ Նույնիսկ Օ’Բրայենի ծանր դեմքն էր շառագունել։ Նա նստել էր ձգված, և հզոր կուրծքն ուռչում ու ցնցվում էր, ասես ներսում ալեկոծություն լիներ։ Ուինսթոնի ետևը նստած թխահեր աղջիկը ճչաց. «Սրիկա՛։ Սրիկա՛։ Սրիկա՛», ապա վերցրեց Նորալեզվի ծանր բառարանն ու նետեց հեռէկրանի վրա։ Բառարանը դիպավ Գոլդսթայնի քթին ու հետ թռավ։ Սակայն ձայնն անհնար էր սպանել։ Պայծառացման մի պահի Ուինսթոնը գիտակցեց, որ ինքն էլ է բղավում բոլորի հետ ու կատաղած քացահարում աթոռի թիկնակը։ Ատելության երկրոպեի ժամանակ սարսափելին այն չէր, որ ստիպված էիր խաղալ, այլ այն, որ ուղղակի չէիր կարող անտարբեր մնալ։ Անցնում է ընդամենը ինչ-որ երեսուն վայրկյան, և արդեն ձևանալու կարիք չունես։ Ասես էլեկտրական լիցքից՝ հավաքվածների վրա էին հարձակվում վախի և վրեժխնդրության գարշելի ջղակծկումները, սպանելու, բզկտելու, դեմքերը մուրճով ջնջխելու մոլեգին ցանկությունը, մարդիկ ծամածռում էին երեսներն ու ճղավում խելագարի պես։ Միևնույն ժամանակ՝ կատաղությունը վերացական էր և ոչ ուղղորդված, այն կարելի էր դարձնել ցանկացած կողմ, ինչպես զոդալամպի բոցը։ Եվ հանկարծ պարզվում էր, որ Ուինսթոնի ատելությունն ուղղված է բոլորովին էլ ոչ Գոլդսթայնին, այլ Մեծ եղբորը, Կուսակցությանը, Մտքի ոստիկանությանը. նման պահերին նա սրտով այդ միայնակ, ծանակված հերետիկոսն էր, ողջամտության ու ճշմարտության միակ պահապանը ստի աշխարհում։ Իսկ վայրկյան անց արդեն միակամ էր մնացածի հետ, ու ճշմարտություն էր թվում այն ամենը, որ ասվում էր Գոլդսթայնի մասին։ Այդ ժամանակ արդեն Մեծ եղբոր հանդեպ թաքուն զզվանքը վերածվում էր երկրպագման, և Մեծ եղբայրը բարձրանում էր ամենքից և ամեն ինչից վեր՝ անխոցելի, անվախ պաշտպանը՝ ժայռի պես կեցած ասիական հորդաների դեմ, իսկ Գոլդսթայնը, չնայած վտարակի վիճակին ու անօգնականությանը, չնայած կասկածներին, թե ո՞ղջ է ընդհանրապես, ներկայանում էր որպես չարագուշակ կախարդ, որն ընդունակ է հենց միայն ձայնի ուժով կործանել քաղաքակրթության շինությունը։
Իսկ երբեմն կարելի էր դառնում սեփական ատելությունը գիտակցաբար ուղղել այս կամ այն առարկային։ Կամքի մի կատաղի ջանքով, ինչպես մղձավանջի ժամանակ գլուխդ կտրում ես բարձից, Ուինսթոնը կատաղությունն էկրանային դեմքից տեղափոխում էր ետևը նստած թխահեր աղջկա վրա։ Երևակայության մեջ առկայծում էին հստակ, գեղեցիկ պատկերները. ինքը նրան կծեծի ռետինե մահակով։ Մերկացրած կկապի սյանը, կխոցոտի նետերով, ինչպես սուրբ Սեբաստիանին։ Կբռնաբարի ու վերջին ջղակծկումներում կկտրի կոկորդը։ Եվ առավել պարզ, քան նախկինում, հասկացավ, թե ինչու է նրան ատում։ Նրա համար, որ ջահել էր, գեղեցիկ և սեռազուրկ, նրա համար, որ ինքն ուզում է նրա հետ քնել ու երբեք չի կարողանա, նրա համար, որ աղջկա բարալիկ, նուրբ, ասես գրկելու համար ստեղծված գոտկատեղին ոչ թե իր ձեռքն է, այլ այդ զզվելի ալ կարմիր գոտու՝ կուսականության մարտնչող խորհրդանիշի։