Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 50 629 բայտ, 15:19, 27 Մայիսի 2021
/* Գլուխ վեցերորդ․ Ճակատամարտը Պելլենորի դաշտերում */
====Գլուխ վեցերորդ․ Ճակատամարտը Պելլենորի դաշտերում====
Բայց հարձակումը Գոնդորի վրա օրք առաջնորդ չէր գլխավորում, և ոչ էլ ինչ-որ պատահական ավազակ։Խավարը ցրվեց նրա Սև Տիրակալի նշանակված ժամանակից շուտ․ հաջողությունը մի պահ դավաճանեց նրան, և աշխարհը դուրս եկավ նրա վերահսկողությունից։ Հաղթանակը դուրս էր պրծնում նրա ձեռքից հենց այն ժամանակ, երբ նա մեկնել էր ձեռքը` այն ճանկելու համար։ Սակայն նրա ձեռքը երկար էր։ Նա դեռևս ահռելի ուժերի հրամանատար էր․ Արքա, Մատանու Ուրվական, Նազգուլների առաջնորդ՝ մեծ էր նրա զորությունը։ Նա նահանջեց Դարպասից ու անհետացավ։ Թոեդենը, Մարկի թագավորը, հասավ Գետից դեպի Դարպասը ձգվող ճանապարհին և շրջվեց դեպի Քաղաքը, որն այժմ մեկ մղոնից էլ պակաս հեռավորության վրա էր։ Նա մի փոքր դանդաղեցրեց ընթացքը՝ փնտրելով նոր թշնամիներ, և նրա ասպետները հասան նրան, և Դեռնհելմը նրանց հետ էր։ Առջևում, պատերի մոտ, Էլֆհելմի ռազմիկները ջարդում էին պաշարման մեքենաները, խողխողում թշնամիներին ու քշում նրանց դեպի կրակը։ Պելլենորի գրեթե ամբողջ հյուսիսային կողմը մաքրված էր․ այրվում էին թշնամական ճամբարները, օրքերը թռչում էին դեպի Գետը, ինչպես որսորդներից փախչող հոտը, իսկ ռոհիրիմները աջ ու ձախ կոտորում էին։ Բայց նրանք դեռևս չէին տապալել պաշարումը և չէին գրավել Դարպասը, որի առջևում դեռ շատ թշնամիներ կային։ Եվ դաշտի մյուս կողմում էլ պահեստային մեծ ուժեր էին կուտակված, դեռևս մարտի մեջ չմտած։ Հարավում, ճանապարհից այն կողմ, գտնվում էին Հարադրիմցիների հիմնական ուժերը, նրանց հեծյալները հավաքվել էին իրենց առաջնորդի զինադրոշի շուրջը։ Եվ առաջնորդը նայեց ու առավոտյան լույսի տակ տեսավ Թեոդենի զինադրոշը, և հասկացավ, որ նա շատ է հեռացել իր հիմնական ուժերից՝ շրջապատված մի խումբ հեծյալներով։ Նա լցվեց կարմիր բարկությամբ և բարձրաձայն բղավեց, ապա շրջեց իր զինադրոշը՝ սև օձը կարմիրի վրա, և իր ահռելի զորքով սլացավ դեպի կանաչի վրա ճերմակ ձիու զինադրոշը։ Նրանց յաթաղանները փայլում էին, ինչպես հազարավոր աստղեր։ Թեոդենը տեսավ նրանց և չսպասեց հարվածին, այլ ձայնեց Սպիտակբաշին և սլացավ նրանց դեմ հանդիման։ Կատաղի էր նրանց բախումը, բայց հյուսիսցիների ճերմակ կատաղությունն ավելի ուժեղ էր այրում, և ավելի հմուտ էր նրանց ռազմական արվեստը, երկար նիզակներն ավելի ճշգրիտ էին հարվածում։ Նրանք քանակով ավելի քիչ էին, բայց մխրճվեցին հարավցիների մեջ, ինչպես կայծակն է մխրճվում ու հրդեհում անտառը։ Հրդեհի ալիքի ամենակենտրոնում էր Թեոդենը, Թենգելի որդին։ Նրա նիզակը հարվածեց թշնամու առաջնորդին և ճեղքվեց, և այդ ժամանակ նա հափշտակեց թուրն ու մի հարվածով կտրեց զինադրոշի ձողն ու այն կրողին։ Եվ սև օձն ընկավ։ Հարադի ողջ մնացած հեծյալները փախան։  Բայց ավա՜ղ։ Հանկարծակի, թագավորի փառքի գագաթնակետին, խամրեց նրա ոսկե վահանը։ Բացվող առավոտը ջնջվեց երկնքից, և նրան պարուրեց խավարը։ Ձիերը ծառս եղան ու խրխնջացին, ռազմիկներն ընկան թամբերից ու սկսեցին սողալ։ — Ինձ մո՛տ, ինձ մո՛տ,— բացականչեց Թեոդենը։ — Մի՛ վախեցեք խավարից։  Բայց Սպիտակբաշը վայրի սարսափով համակված ծառս եղավ՝ առջևի ոտքերը թափահարելով օդում, և հանկարծ բարձր խրխնջաց ու կողքի վրա տապալվեց գետնին՝ խոցված սև տեգով։ Թագավորն ընկավ նրա տակ։ Հսկայական ստվերն իջնում էր, ինչպես ծանրացած ամպը։ Բայց դա ամպ չէր։ Դա մի թևավոր հրեշ էր․ եթե թռչուն, ապա բոլոր թռչուններից էլ մեծ, և նա մերկ էր, առանց փետուր, սև հարթ մաշկով, եղջուրավոր մատների արանքում ձգված հսկայական թաղանթ-թևերով։ Նրանից գարշահոտություն էր փչում։ Հնարավոր է, այդ արարածը պատկանում էր ավելի հին աշխարհի, բայց նրա տեսակը վերապրել էր իր ժամանակը հեռավոր լեռների ինչ-որ մոռացված անկյունում, սառը լուսնի տակ, և վերջին սարսափելի բնում՝ անհասանելի գագաթների գլխին, ձվադրել էր իր վերջին, անժամանակ սերունդը։ Եվ Սև Տիրակալը գտել էր նրան, կերակրել մսով, մինչև որ նա դարձել էր բոլոր թռչուններից ամենամեծը, և նվիրել էր իր սպասավորին ձիու փոխարեն։Հրեշավոր թռչունը աստիճանաբար իջավ, ծալեց թաղանթավոր թևերը, կռռացող ճիչ արձակեց ու վայրեջք կատարեց Սպիտակբաշի վրա՝ ճանկերը խրելով նրա մարմնի մեջ։ Ապա կախեց երկար, մերկ պարանոցը։  Նրա մեջքին նստած էր մի հեծյալ, սև թիկնոցով, հսկայական, սպառնալի։ Նա պողպատե պսակ էր կրում աներևույթ գլխին, քանզի թիկնոցի և պսակի միջև ոչինչ չկար, միայն աչքեր էին վառվում մահացու կրակով։ Դա Նազգուկների առաջնորդն էր։ Երբ խավարը ցրվեց, նա հեռացավ, որպեսզի փոխի իր ձիուն, և այժմ վերադարձել էր ռազմի դաշտ սարսափ սերմանելու՝ վերածելով հույսը հուսահատության և հաղթանակը՝ պարտության։ Մեծ, սև գուրզ էր բռնել նա իր ձեռքին։ Բայց ոչ բոլորն էին լքել Թեոդենին։ Նրա շուրջը պառկած էին սպանված թիկնապահներն ու իր տան ասպետները, մյուսներին քարշ էին տալիս հեռու խելագարված ձիերը։ Բայց մեկը մնացել էր․ երիտասարդ Դեռնհելմը՝ անշարժ, անկոտրում, նրա հավատարմությունը հաղթել էր վախին։ Նա կանգնած լալիս էր, որովհետև սիրում էր իր տիրակալին սեփական հոր պես։ Հարձակման ժամանակ Մերին անվնաս էր մնացել Դեռնհելմի հետևում՝ մինչև Ստվերի հայտնվելը։ Բայց նրա հայտնվելուց հետո Քամֆոլան ցած էր գցել նրանց թամբից ու սլացել հեռու։ Մերին չորեքթաթ սողում էր, ինչպես շշմած գազանիկ՝ սարսափից կուրացած ու կիսամեռ։  — «Թագավորի զինակիրը, դու թագավորի զինակիրն ես,— համոզում էր նրան սիրտը։ — Դու պետք է պաշտպանես նրան․ ինքդ ասացիր․ Այժմ դու ինձ հոր պես ես»։  Սակայն նրա կամքը չէր պատասխանում, իսկ մարմինն անզոր ցնցվում էր։ Նա չէր համարձակվում բացել աչքերն ու բարձրացնել գլուխը։ Եվ հանկարծ, սև խավարում նրան հասավ Դեռնհելմի ձայնը, բայց այժմ այն տարօրինակ էր հնչում և հիշեցնում էր նրա ականջին ծանոթ մեկ այլ ձայն։ — Կորի՛ր, գարշելի՛ հոգեառ, լեշերի՛ տիրակալ, հանգիստ թո՛ղ զոհվածներին։ Սառը, դաժան մեկ այլ ձայն պատասխանեց․ Մի՛ կանգնիր Նազգուլի և նրա որսի միջև։ Այլապես նա չի սպանի քեզ քո հերթին։ Նա կտանի քեզ անդրշիրիմյան խավարից էլ այն կողմ, հուսահատության որջը, որտեղ քո մարմինը կծվատեն, իսկ մերկացած ու խորշոմած հոգիդ կմնա Անկոպ Աչքի հայացքին դեմ հանդիման։  Լսվեց պատյանից հանվող թրի զրնգոցը։ — Ինչով ուզում ես, կարող ես վախեցնել, բայց ես ամեն ինչ կանեմ, որ քեզ խանգարեմ։ — Խանգարե՞ս, ի՞նձ։ Հիմա՛ր, ոչ մի մահկանացու այր չի կարող ինձ խանգարել։ Եվ այդ պահին Մերին լսեց բոլոր ձայներից ամենտարօրինակը այդ ժամի համար։ Թվում էր, Դեռնհելմը ծիծաղում է, և նրա ձայնը պողպատի պես հնչեղ էր։  — Սակայն ես մահկանացու այր չեմ։ Քո առջև կին է։ Ես Էովինն եմ, Էոմունդի դուստրը։ Դու կանգնած ես իմ՝ և իմ տիրակալի ու հարազատի միջև։ Զգուշացի՛ր, եթե անմահ չես․ ես կխողխողեմ քեզ, խավարի՛ ուրվական, եթե դիպչես նրան։ Թևավոր արարածը ծղրտաց նրա վրա, սակայն Մատանու Ուրվականը չպատասխանեց։ Նա լռում էր, ասես կասկածով համակված։ Մի ակնթարթ Մերին զարմանքով լցված հաղթահարեց կարկամածությունը։ Նա բացեց աչքերը, և սև մութը նահանջեց։ Մի քանի քայլ այն կողմ նստած էր հսկա մի հրեշ՝ շրջապատված սև մշուշով, իսկ նրա մեջքին խոյանում էր, ինչպես հուսահատության ստվեր, Նազգուլների Առաջնորդը։ Մի քիչ ձախ, նրանց դիմաց կանգնած էր նա, ում ինքը Դեռնհելմ էր անվանում։ Այժմ նա առանց սաղավարտի էր, և նրա պայծառ մազերը, կապանքներից ազատված, փայլատ ոսկու պես թափվում էին ուսերին։ Փոթորկածուփ ծովի պես մոխրագույն աչքերը խիստ էին ու բարկությամբ լի, բայց այտերով արցունքներ էին գլորվում։ Նրա ձեռքին թուր կար, իսկ վահանով պաաշտպանվում էր ուրվականի մահաբեր հայացքից։ Այո, Էովինն էր այդ, և, միևնույն ժամանակ, Դեռնհելմը։ Քանզի Մերիի գիտակցության մեջ փայլատակեց երիտասարդ դեմքը, որ տեսել էր Դունհորոուից հեռանալուց, դեմքը, որ գնում էր մահ փնտրելու՝ որևէ հույս չունենալով։ Նրա սիրտը լցվեց խղճահարությամբ ու մեծ զարմանքով, և հանկարծ նրա մեջ արթնացավ հոբիթական դանդաղաբորբ քաջությունը։ Նա սեղմեց ձեռքը։ Չի՛ կարելի թույլ տալ, որ նա մեռնի, այդքան գեղեցիկ, այդքան հուսահատ։ Ամեն դեպքում ինքը գոնե չի թողնի, որ նա մեռնի մենակ ու անպաշտպան։  Թշնամին նրան չէր նայում, բայց նա, միևնույնն է, չէր համարձակվում շարժվել՝ վախենալով, որ մահաբեր աչքերը կտեսնեն իրեն։ Դանդաղ-դանդաղ նա սկսեց սողալ մի կողմ, բայց Ուրվական Արքան, որ չար կասկածով համակված նայում էր աղջկան, այնքան ուշադրություն դարձրեց նրա վրա, որքան կդարձներ ցեխի մեջ սողացող որդին։ Հանկարծ թռչող հրեշը թափահարեց թևերը՝ գարշահոտ քամի ստեղծելով։ Նա կրկին բարձրացավ օդ, ծղրտաց ու արագ ընկավ Էովինի վրա՝ գործի դնելով կեռ կտուցն ու ճանկերը։ Բայց Էովինը նույնիսկ մեկ քայլ հետ չգնաց՝ Ռոհիրիմների դուստրը թագաավորական տոհմից, սլացիկ, ինչպես պողպատե շեղբը, հրաշագեղ, բայց սարսափելի։ Նա արագ մահացու և հմուտ հարված հասցրեց՝ մեկ հարվածով կտրելով առաջ ձգված պարանոցը, և գլուխը քարի պես ընկավ գետնին։ Էովինը հետ ցատկեց, և անգլուխ հրեշը փլվեց նրա առջև՝ թփրտալով, հսկայական թևերը տարածած։ Եվ նրա ընկնելով սև մշուշը ցրվեց․ շուրջը լուսավորվեց, աղջկա ոսկեգույն վարսերը փայլեցին ծագող արևի ճառագայթներից։  Խորտակված հրեշի վրա աճեց, բարձրացավ Սև Հեծյալի հզոր կերպարանքը՝ հսկայական, սարսափազդու։ Ատելության ճիչով, որը թունավոր կատաղությամբ ծվատում էր ականջները, նա իր գուրզով խորտակիչ հարված հասցրեց։ Էովինի վահանը մանր կտորների բաժանվեց․ աղջկա ձեռքը կոտրվեց, և նա ընկավ ծնկների վրա։ Ուրվական Արքան սև ամպի պես կռացավ նրա վրա, և նրա աչքերը չարարկու փայլեցին։ Նա կրկին բարձրացրեց գուրզը՝ վերջին, մահացու հարվածի համար։  Բայց հանկարծ ցավից ճչաց ու սաթաքեց, և նրա հարվածը նպատկակետին չհասավ՝ գուրզը խրվեց հողի մեջ։ Քանզի Մերիի թուրը, հետևից հարվածելով, պատռեց նրա սև թիկնոցը, անցավ օղազրահի տակով ու խրվեց ծնկի հետևի մկանային հյուսվածքի մեջ։  — Էովի՛ն, Էովի՛ն, ճչաց հոբիթը։ Եվ աղջիկը, հավաքելով վերջին ուժերը, իր թրով կտրող հարված հասցրեց թագի և թիկնոցի միջև, երբ հզոր ուսերը խոնարհվում էին նրա վրա։ Թուրը կոտրվեց՝ շողշողալով բազմաթիվ բեկորներով։ Թագ-պսակը զրնգալով գլորվեց։ Էովինն ընկավ իր տապալված թշնամու վրա, բայց ա՜յ քեզ հրաշք՝ թիկնոցն ու օղազրահը դատարկ էին։ Անձև լաթերի ու երկաթի կույտ էր միայն մնացել գետնին։ Եվ սարսափազդու ճիչ տարածվեց դողացող օդում, փոխվելով երկարատև կաղկանձի, քամու հետ քշվելով աստիճանաբար մարեց, դարձավ անմարմին, բարակ մի ձայն, որը մեռավ, կուլ գնաց ու այևս երբեք չլսվեց աշխարհի այդ դարաշրջանում։ Իսկ հոբիթ Մերիադոքը կանգնած մնաց այնտեղ, սպանվածների մեջ, թարթելով աչքերը՝ ինչպես բուն ցերեկային լույսից, որովհետև արցունքները կուրացնում էին նրան․ և ասես մշուշի միջով նա նայում էր անշարժ պառկած Էովինի ոսկեհեր գլխին։ Հետո նայեց իր փառքի գագաթնակետին ընկած թագավորի դեմքին։ Սպիտակբաշը հոգևարքի մեջ փոխել էր իր դիրքը և ազատել թագավորի մարմինը մահացու ծանրությունից՝ ճակատագրական դարձած նրա համար։ Մերին կռացավ և բարձացրեց թագավորի ձեռքը՝ համբուրելու համար։ Եվ հանկարծ Թեոդենը բացեց աչքերը՝ և դրանք ջինջ էին, և նա խոսում էր հանդարտ ձայնով, թեև դժվարությամբ։ — Մնաս բարով, պարոն հոլբիթլա,— ասաց նա։ — Իմ մարմինը ջարդված է։ Եկել է նախնիներիս միանալու ժամանակը, և նրանց փառահեղ ընկերակցությանը միանալով ես ամոթով չեմ մնա։ Ես խողխողեցի սև օձին։ Առավոտը մռայլ էր, բայց օրը պարզվեց, և մայրամուտը ոսկեփայլ կլինի։ Մերին չկարողացավ խոսել, նրան խեղդեցին արցունքները։ — Ներիր ինձ, տիրակալ,— վերջապես արտաբերեց նա,— որ խախտեցի հրամանդ, բայց և ոչինչ չարեցի, բացի բաժանման պահին լացելուց։ Ծեր թագավորը ժպտաց։ — Մի վշտացիր, այդ ներված է․ մեծ սրտի և քաջության համար ներում չեն խնդրում։ Ապրիր այժմ օրհնության մեջ, և երբ հանգիստ նստես ծխամորճ վայելելու, հիշիր ինձ։ Քանզի ես այլևս չեմ կարող նստել քեզ հետ Մեդուսելդում, ինչպես խոստացել էի, և լսել ծխատերևների մասին քո զրույցները։  Նա փակեց աչքերը, և Մերին կռացավ նրա վրա։ Բայց շուտով նորից խոսեց։ Որտե՞ղ է Էոմերը։ Իմ աչքերը մթնում են, և ես կուզեի տեսնել նրան գնալուց առաջ։ Նա պետք է թագավոր լինի ինձանից հետո։ Եվ ես ուզում եմ հրաժեշտի խոսքեր փոխանցել Էովինին։ Նա չէր ուզում, որ ես իրեն լքեմ, և ահա ես այլևս չեմ տեսնի նրան, ով հարազատ աղջկանից էլ թանկ էր։  — Տիրակա՛լ, տիրակա՛լ,— կմկմալով սկսեց Մերին,— նա, ախր․․․  Բայց այդ պահին մեծ աղմուկ բարձրացավ․ շուրջ բոլորը եղջերափողեր ու շեփորներ էին փչում։ Մերին շուրջը նայեց․ նա մոռացել էր պատերազմը և դրանից այն կողմ ամբողջ աշխարհը, և թվում էր, թե շատ ժամեր են անցել այն պահից, երբ թագավորը սլացավ դեպի իր հաղթական ավարտը, թեև իրականում շատ քիչ ժամանակ էր անցել։ Եվ այժմ նա տեսավ, որ իրենց մեծ վտանգ է սպառնում, որ իրենք գտնվում են մեծ ճակատամարտի կիզակետում, որը շուտով նոր թափով կվերսկսվի։  Թշնամական նոր ուժեր էին շտապում Գետից եկող ճանապարհով, պարիսպների տակից դուրս էին գալիս Մորգուլի հրոսակները, և հարավային դաշտերից մոտենում էր Հարադի հետևակազորն ու հեծելազորը, որոնց հետևում խոյանում էին վիթխարի մումակիլները՝ մարտական աշտարակները մեջքներին։ Բայց հյուսիսում Էոմերի ճերմակ մազափունջն էր․ նա գլխավորում էր Ռոհիրիմների մեծ ճակատը, որոնց կրկին հավաքել ու վերադասավորել էր, և Քաղաքից դուրս էին եկել պաշարված մարդկանց ողջ ուժերը, և Դոլ Ամրոթի արծաթե կարապը ծածանվում էր նրանց առջևում՝ քշելով թշնամուն Դարպասի մոտից։  Մի ակնթարթ Մերիի գլխում փայլատակեց․ «Իսկ ու՞ր է Գենդալֆը․ նա էստեղ չէ՞։ Նա, ախր, կարող էր փրկել թագավորին ու Էովինին»։ Հենց այդ պահին մոտ արշավեց Էոմերը՝ թագավորի թիկնազորի ողջ մնացած ասպետների հետ, որոնք կարողացել էին սանձել իրենց ձիերին։ Նրանք զարմացած նայում էին գիշատիչ արարածի լեշին, բայց ձիերը վախենում էին մոտենալ։ Էոմերն իջավ թամբից, և վիշտը պատեց նրա դեմքը, երբ նա մոտեցավ ընկած թագավորին ու լուռ կանգնեց նրա կողքին։ Ռազմիկներից մեկը վերցրեց թագավորական զինադրոշը մեռած զինակիր Գութլաֆի ձեռքից և բարձրացրեց։ Թեոդենը դանդաղ բացեց աչքերը։ Տեսնելով զինադրոշը, նա գլխով արեց՝ հասկացնելով, որ այն պետք է տրվի Էոմերին։  — Ողջույն, Մարկի թագավոր,— ասաց նա։ — Գնա՛, հաղթանակի՛ր։ Եվ Հրաժեշտ կտաս Էովինին։ Եվ մեռավ՝ այդպես էլ չիմանալով, որ Էովինը պառկած է իր կողքին։ Իսկ կողքին կանգնածները լալիս էին՝ բացականչելով․ — Թագավո՛ր Թեոդեն, թագավո՛ր Թեոդեն։ Եվ Էոմերն ասաց նրանց․ <poem>Մի՛ սգացեք գլխիկոր, մեծություն է ընկածը,Ընկավ ինչպես վայել է։ Երբ պատրաստ լինի դամբարանը՝Թող այդժամ սգան բոլորը, իսկ հիմա կանչում է մարտը։</poem>  Այդպես ասաց նա, բայց ինքն էլ էր լալիս։ — Թող նրա ասպետները մնան այստեղ,— ասաց նա,— և պատվով նրա մարմինը դուրս հանեն մարտի դաշտից։ Եվ թագավորի մյուս մարդկանց նույնպես, որ պառկած են այստեղ։  Նա նայեց սպանվածներին՝ հիշելով նրանց անունները։ Եվ հանկարծ տեսավ իր քույր Էովինին ու ճանաչեց նրան։ Նա ցնցվեց, ինչպես մարդը՝ ում սիրտը նետ է խրվել ճիչը բերանին, և նրա դեմքը մահացու ճերմակություն ստացավ։ Սառը կատաղություն ծառացավ նրա մեջ և որոշ ժամանակ զրկեց նրան խոսելու ունակությունից։ Իսկ հետո նա ասես խելագարվեց։ — Էովի՛ն, Էովի՛ն,— ճչաց նա,— ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր։ Այս ի՞նչ խելագարություն է կամ չարի հմայանք։ Մա՛հ, մա՛հ, մա՛հ, մահը տանում է մեզ բոլորիս։ Հետո, չսպասելով գոնդորցիների մոտենալուն և խորհուրդ չանելով, նա հեծավ ձիուն ու սլացավ թշնամական մեծ զորքին դեմ հանդիման՝ ուժեղ փչելով եղջերափողն ու կոչ անելով հարձակման։ Դաշտի վրա հնչեց նրա պարզ, հնչեղ ձայնը․ — Մա՛հ, առա՛ջ, առա՛ջ դեպի մահ և աշխարհի վերջ։ Եվ զորքն առաջ շարժվեց, բայց ռոհանցիներն այլևս չէին երգում։ Մա՛հ էին գոչում նրանք մեկ ձայնով, բարձր և ահազդու, և արագություն հավաքելով, ինչպես մեծ ալիքը, անցան իրենց ընկած թագավորի մոտով ու հեղեղեցին դաշտի հարավային մասը։ Իսկ հոբիթ Մերիադոքը դեռ կանգնած էր այնտեղ, արցունքներից միջից աչքերը թարթելով, և ոչ ոք նրա հետ չխոսեց, և առհասարակ, կարծես ոչ ոք նրան չնկատեց։ Նա մաքրեց արցունքներն ու կռանալով, բարձրացրեց կանաչ վահանը, որ Էովինն էր տվել, ապա կախեց մեջքին։ Հետո սկսեց հայացքով փնտրել իր թուրը․ հարվածը հասցնելիս նրա ձեռքը փայտացել էր, և այժմ անշարժ կախված էր, նա կարող էր օգտագործել միայն ձախ ձեռքը։ Ահա այն, ընկած է գետնին․․․ Բայց սա ի՞նչ է։ Շեղբը ծխում էր, ինչպես կրակն ընկած չոր ճյուղը, և մինչ նա նայում էր, այն բարակեց, ծռմռվեց ու անհետացավ։ Այդպիսին էր վերջը Գերեզմանոցի թրի, կռված հնագույն արևմուտքի մարդկանց կողմից։ Եվ զինագործը, ով շատ հեռավոր ժամանակներում դանդաղ-դանդաղ կռել էր այն Հյուսիսային Թագավորությունում, երբ Դունադանները դեռ երիտասարդ էին, և նրանց գլխավոր թշնամին Անգմար թագավորությունն էր ու նրանց Կախարդ Արքան, շատ կուրախանար, իմանալով, թե ինչ ճակատագիր է ունեցել իր կռած թուը։ Ոչ մի այլ շեղբ, եթե նույնիսկ այն լիներ հզոր ձեռքերում, չէր կարող վիրավորել այդպիսի թշնամուն՝ կտրելով նրա ուրվական մարմինը և քանդելով հմայանքը, որ կապում էր նրա անտեսանելի մարմինն ու կամքը։  Մարդիկ բարձրացրին թագավորին՝ դնելով նիզակների վրա թիկնոց գցված պատգարակի վրա, և շարժվեցին դեպի Քաղաքը։ Ուրիշները զգուշորեն բարձրացրին Էովինին ու հետևեցին նրանց։ Սակայն թագավորական տան մարդկանց նրանք դեռ չէին կարող տանել․ այնտեղ ընկել էին թագավորական տան յոթ աասպետ, որոնց մեջ էր նաև նրանց գլխավորը՝ Դեորվինը։ Նրանց առանձնացրին թշնամիների դիակներից ու գիշատիչ արարածից և շրջապատեցին նիզակներով։ Երբ ամեն ինչ ավարտված էր, նրանք վերադարձան, խարույկ վառեցին ու այրեցին սարսափելի թռչունի մարմինը, իսկ Սպիտակբաշի համար գերեզման փորեցին և քար դրեցին, որի վրա Ռոհանի և Գոնդորի լեզվով փորագրված էր․  <poem>Հավատարիմ նժույգ էր, բայց՝ իր տիրոջ անեծքըԹեթևոտնի քուռակ արագավազ Սպիտակբաշը։</poem>  Երկար ու կանաչ խոտ էր աճում հետագայում Սպիտակբաշի դամբանաթմբին, բայց մշտապես սև ու լերկ մնաց հողը այնտեղ, որտեղ հրկիզվել էր թևավոր հրեշը։ Մերին դանդաղ ու տխուր քայլում էր պատգարակը տանողների կողքով և այլևս ուշադրություն չէր դարձնում ճակատամարտին։ Նա հոգնած էր, ամբողջ մարմինը ցավում էր, ձեռքերն ու ոտքերը դողում էին՝ ասես ցրտից։ Ծովից եկող քամին ուժեղ անձրև բերեց, և թվում էր, թե երկինքն էլ է սգում Թեոդենին ու Էովինին՝ մոխրագույն արցունքներով հանգցնելով Քաղաքի կրակները։ Ասես մառախուղի միջից, Մերին տեսավ մոտեցող գոնդորցիների առաջին շարքերը։ Իմրահիլը՝ Դոլ Ամրոթի իշխանը, մոտ արշավեց ու սանձեց ձիուն։ — Այդ ի՞նչ բեռ եք կրում Ռոհանի՛ մարդիկ,— բացականչեց նա։  — Թեոդեն թագավորին ենք տանում,— պատասխանեցին մարդիկ։ — Նա մահացել է։ Բայց այժմ Էոմեր թագավորն է մարտի ելել՝ քամուն տված սաղավարտի ճերմակ մազափունջը։  Իշխանն իջավ ձիուց և ծնկի եկավ պատգարակի դիմաց՝ փառաբանելով թագավորին ու նրա ահեղ գրոհը, և չկարողացավ զսպել արցունքները։ Վեր կենալով, նա նայեց Էովինին զարմանք ապրեց։ — Բայց ախր սա կի՜ն է,— բացականչեց նա։ — Մի՞թե նույնիսկ Ռոհանի կանայք են հասել օգնության մեծ պատերազմում։  — Ոչ, նրանցից միայն մեկը,— պատասխանեցին նրան։ — Տիրուհի Էովինը, Էոմերի քույրը, և մինչ այժմ մենք ոչինչ չգիտեինք այդ մասին, ու հիմա դառը սգում ենք։ Իշխանի աչքից չվրիպեց նրա գեղեկությունը, թեև դեմքը գունատ էր ու սառը, և նա, կռանալով, դիպավ աղջկա ձեռքին։ — Ռոհա՛նի մարդիկ,— բացականչեց նա,— մի՞թե ձեր մեջ բուժակ չկա։ Նա վիրավոր է և, հնարավոր է՝ մահացու, բայց ես տեսնում եմ, որ նա դեռ ողջ է։ Նա իր ձեռքից հանեց ողորկ ապարանջանը և մոտեցրեց Էովինի սառը շրթունքներին․ մետաղի փայլուն մակերեսը թեթև, գրեթե աննկատելի մշուշվեց։ — Հարկավոր է շտապել,— ասաց իշխանը և իր մարդկանցից մեկին ուղարկեց Քաղաք օգնություն բերելու։ Իսկ ինքը խորը գլուխ տվեց ընկածներին, հրաժեշտի խոսքեր ասաց և արշավեց մարտի։ Իսկ Պելլենորի դաշտերում ճակատամարտը վերսկսվել էր նոր թափով՝ զենքերի շաչյուն էր լսվում ամենուրեք, մարդկանց ճիչեր, աղաղակներ և ձիերի խրխնջոց։ Հնչում էին եղջերափողերը, փչում էին շեփորները, կատաղի մռնչում էին մարտի տարվող մումակիլները։ Քաղաքի հարավային մասում Գոնդորի հետևակազորը մարտի էր բռնվել Մորգուլի հրոսակների հետ, որոնք դեռևս բավական ուժեղ էին ու մեծաքանակ։ Բայց հեծելազորն արշավել էր արևելք՝ Էոմերին օգնության․ Հուրին Բարձրահասակը՝ բանալիների պահապանը, Լոսարնախի տիրակալը, և Հիրլուինը՝ Կանաչ Բլուրներից, և իշխան Իմրահիլն իր ասպետներով։ Եվ նրանք ժամանակին հասան Ռոհիրիմներին օգնության։ Քանզի հաջողությունը շրջվել էր Էոմերի դեմ, և նրա կատաղությունը դավաճանել էր նրան։ Կատաղի գրոհը տապալել էր թշնամիների ճակատը, ռոհանցիների մեծ նիզակները խրվել էին հարավցիների շարքերի մեջ՝ ցիրուցան անելով հեծյալներին և ոտնատակ տալով հետևակ զինվորներին։ Սակայն մումակիլներից ձիերը վախենում էին․ շրջվում էին ու վրնջալով փախչում նրանց ճանապարհից։ Եվ հսկայական հրեշները չէին կռվում, այլ կանգնած էին, ինչպես պաշտպանական աշտարակներ, և Հարադրիմները հավաքվում էին նրանց շուրջը։ Եթե մարտի սկզբում հարադցիները ռոհանցիներից երեք անգամ ավելի էին, ապա այժմ դրությունն ավելի էր ծանրացել, քանզի Օսգիլիաթից օժանդակ ուժ էր մարտի դաշտ ելել։ Դրանց պահել էին թիկունքում՝ Քաղաքն ասպատակելու, ավերելու ու թալանելու համար, և նրանք սպասում էին իրենց զորավարի հրամանին։ Այժմ, երբ նա ոչնչացված էր, Գոթմոգը՝ Մորգուլի օրքերի առաջնորդն էր նրանց մարտի բերել։ Նրանց մեջ կային կացիններով զինված արևելացիներ, Քհանդից ժամանած Վարյագներ, կարմիր հանդերձներով հարավի մարդիկ և Հեռավոր Հարադից ժամանած Սև մարդիկ՝ նման կիսաթրոլների, սպիտակ աչքերով և կարմիր լեզուներով։ Մի մասը սլանում էին Ռոհիրիմների թիկունքը, մյուսները արևմուտք էին շտապում, որպեսզի խանգարեն գոնդորցիներին միանալ ռոհանցիներին։ Հենց այդ ժամանակ, երբ հաջողությունն սկսեց դավաճանել Գոնդորին, և պաշտպանների հույսը տատանվեց, Քաղաքից աղաղակներ լսվեցին։ Գրեթե կեսօր էր, ուժեղ քամի էր փչում, անձրևը քշվել էր հյուսիս, և փայլում էր արևը։ Օդը մաքրվել էր, և պարիսպների վրայի պահակները հեռվում սարսափելի մի տեսարան տեսան, և վերջին հույսը լքեց նրանց։ Հարլոնդի շրջադարձից այն կողմ Անդուինը տեսանելի էր ևս մի քանի լիգ, իսկ հեռատեսները կարող էին նույնիսկ նկատել յուրաքանչյուր մոտեցող նավ։ Եվ, այնտեղ նայելով, պահակները սարսափահար ճչացին, որովհետև փայլփլուն ջրի վրա սևին տվող հսկա նավատորմ տեսան՝ մեծ թիանավեր և բարձր կայմերով նավեր՝ քամուց փքված առագաստներով։  — Ումբարի ծովահեննե՛րը,— ճչում էին մարդիկ,— Ումբարի ծովահեննե՜րը, տեսե՛ք, Ումբարի ծովհեննե՜րն են գալիս։ Ուրեմն Բելֆալասը գրավված է, Էթիրն ու Լեբինինը՝ նույնպես։ Ծովահեններն այստեղ են, սա ճակատագրի վերջին հարվա՛ծն է։ Եվ ոմանք, առանց հրամանի սպասելու, որովհետև հրամայող չէր մնացել Քաղաքում, վազեցին դեպի զանգերը և տագնապ հնչեցրին, իսկ ոմանք էլ՝ նահանջ ազդարարող փողեր։  — Վերադարձեք պատերի մո՜տ,— կանչում էին նրանք։ — Վերադարձե՜ք։ Հետ եկեք Քաղաք, քանի դեռ բոլորիդ չեն ոչնչացրել։  Բայց նավատորմը բերող քամին ցրում էր նրանց բարձրացրած ամբողջ աղմուկը։ Ռոհիրիմները, սակայն, լուրերի կամ տագնապի կարիք չունեին, նրանք չափազանց լավ էին տեսնում սև առագաստները։ Որովհետև Էոմերը գտնվում էր Հարլոնդից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա, և նրանց ու նավահանգստի միջև թշնամու հրոսակներ էին կանգնած, իսկ հետևից նորանոր թշնամիներ էին մոտենում՝ կտրելով նրան իշխան Իմրահիլից։ Նա նայեց Գետին, և հույսը մեռավ նրա սրտում, և մինչ այդ օրհնված քամին նա անիծված անվանեց։ Իսկ Մորդորի զորքերը ոգևորվեցին, ապա ուրախության աղաղակներով ու նոր կատաղությամբ գրոհի նետվեցին։  Բայց Էոմերն արդեն տիրապետել էր իրեն, սառնարյունությունը վերադարձել էր, միտքը՝ պարզվել։ Նա նշան արեց փչել փողերը, որպեսզի բոլորը, ովքեր դեռ ի վիճակի են կռվել, հավաքվեն իր դրոշի տակ։ Քանզի նա մտածել էր վահանների մեծ պատ կառուցել և կռվել տեղում կանգնած, առանց ձիերի, մինչև բոլորը կընկնեն Պելլենորի դաշտերում երգի արժանի մեծ սխրանքներ գործելով, թեև արևմուտքում չի մնա ոչ ոք, ով կհիշեր Ռոհանի վերջին թագավորին։  Այդպես, նա բարձրացավ կանաչ բլրի վրա և իր զինադրոշը ցցեց այնտեղ․ և ճերմակ ձին, քամուց ծածանվելով, կարծես սուրաց։ <poem>Կասկածը հետևում թողնելով, դուրս եկա մթից լուսաբացին ընդառաջ,Սլանում եմ դեպի արևը, երգելով, թուրս մերկացրած։Արշավում էի, մինչև հույսը մարելը, ու սիրտս կոտրվեց,Մնացել է միայն զայրույթ, կործանում, և կարմիր գիշեր։</poem>  Այսպիսի բառեր արտասանեց նա, և ծիծաղում էր դրանք ասելուց։ Քանզի պատերազմի կիրքը հերթական անգամ բորբոքվել էր նրա մեջ, և նա դեռ անվնաս էր, և նա դեռ ջահել էր, և նա թագավոր էր՝ հզոր ժողովրդի տիրակալ։ Եվ ահա, նույնիսկ հուսահատության վրա ծիծաղելով, նա հայացքն ուղղեց դեպի սև նավերը և բարձրացրեց թուրը՝ նրանց մարտահրավեր նետելով։ Եվ հանկարծ զարմանք, ապա մեծ ուրախություն պատեց նրան։ Նա վեր նետեց արևի լույսից ցոլացող իր թուրը և օդում որսալով այն՝ երգեց։ Բոլորը նրա հետևից նայեցին Գետին՝ և ա՜յ քեզ հրաշք․ առաջնային նավն արդեն մոտենում էր Հարլոնդին, ու քամին ցույց տվեց մեծ դրոշը՝ ծաղկող Սպիտակ Ծառի պատկերով։ Եվ դա Գոնդորի նշանն էր, բայց շուրջը յոթ աստղ էր պատկերված և վերևում՝ բարձր թագ։ Էլենդիլի նշանն էր, որը երկար դարեր ոչ մի տիրակալ չէր կրել։ Եվ աստղերը շողշողում էին արևի տակ, քանզի դրանք պատրաստել էր Արվենը՝ Էլրոնդի դուստրը, թանկագին քարերից․ և թագը նույնպես շողում էր, որովհետև պատրաստված էր միթրիլից ու ոսկուց։  Այդպես հայտնվեց Արագորնը, Արաթհորնի որդին, Էլլեսարը, Իսիլդուրի ժառանգը․ Մեռածների արահետով և ծովային քամու թևով՝ ժամանելով Գոնդոր թագավորություն։ Եվ ռոհանցիներն աղաղակեցին ուրախ ծիծաղով, թափահարելով թրերը, իսկ զարմացած և ցնծացող Քաղաքում փչեցին շեփորներն ու ղողանջեցին զանգերը։ Եվ Մորդորի զորքերը լցվեցին տարակուսանքով, և նրանց մեծ կախարդություն թվաց, որ իրենց նավերը լցված են իրենց իսկ թշնամիներով․ սև սարսափը պատեց նրանց, և նրանք հասկացան, որ ճակատագրի ալիքն իրենց դեմ է շրջվել, և վերջը մոտ է։  Արևելք էին արշավում Դոլ Ամրոթի ասպետները՝ առջևից քշելով թշնամիներին՝ մարդ-թրոլներին, Վարյագներին և արևի լույսն ատող օրքերին։ Հարավ էր ընթանում Էոմերը, և մարդիկ փախչում էին նրա երեսը տեսնելով ու հայտնվում մուրճի և զնդանի արանքում։ Քանզի Հարլոնդի նավահանգստում մարդիկ թռչում էին նավերից ու նետվում հյուսիս, ինչպես հեղեղը։ Նրանց մեջ էին Լեգոլասը, Գիմլին իր տապարով, և Հալբբարադը՝ զինադրոշով, Էլլադանն ու Էլրոհիրը՝ աստղերը ճակատներին, և խստադեմ Դունադանները՝ հյուսիսի հետքագետները, իսկ նրանց հետևից գալիս էին խիզախ ռազմիկներ՝ Լեբինինից, Լամեդոնից և հարավային այլ նահանգներից։ Իսկ բոլորի առջևից սլանում էր Արագորնը՝ ձեռքին բռնած շողշողացող Արևմուտքի Կայծակը՝ Անդուրիլը, ոչ պակաս ահեղ, քան Նարսիլը հնում։ Եվ նրա ճակատին փայլում էր Էլենդիլի աստղը։ Եվ ահա վերջապես Էոմերն ու Արագորնը հանդիպեցին ռազմի դաշտում։ Հենվելով իրենց թրերին, նրանք նայեցին իրար և ուրախ ողջունեցին։ — Այսպիսով մենք կրկին հանդիպեցինք, թեև մեր միջև փռված էր Մորդորի ողջ զորքը,— ասաց Արագորնը։ — Մի՞թե այդպիսին չէին Հորնբուրգում ասված իմ խոսքերը։ — Այո, այդպիսին էին,— ծիծաղեց Էոմերը,— բայց հույսը հաճախ է խաբուսիկ լինում, իսկ ես այն ժամանակ չգիտեի, որ դու նաև հեռատես ես։ Բայց և այնպես կրկնակի օրհնված է չսպասված օգնությունը, և բարեկամների հանդիպումն էլ երբեք այսքան ուրախալի չէր եղել։  Նրանք միմյանց ձեռք սեղմեցին։ — Իսկապես, ամենասպասված ժամանակին,— ասաց Էոմերը։ — Այնքան էլ շուտ չհայտնվեցիր, բարեկամս, մենք արդեն մեծ վիշտ և ծանր կորուստներ ենք կրել։ — Ուրեմն եկ վրեժխնդիր լինենք նախքան այդ մասին խոսելը,— ասաց Արագորնը, և նրանք միասին նետվեցին մարտի։ Նրանք դեռ պետք է երկար ու դաժան մարտեր վարեին, քանզի հարավցիները համարձակ ու մռայլ մարդիկ էին և կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Արևելացիները նույնպես ուժեղ, ռազմատենչ մարդիկ էին ու ներում չէին աղերսում։ Այրված բակում կամ մարագում, բլուրների ու բլրակների վրա, պատի տակ կամ դաշտում նրանք նորից հավաքվում էին, բռունցք կազմում ու կռվում, ու այդպես մինչև երեկո։  Վերջապես արևը մտավ Մինդոլուինի հետևը և բոցավառեց ամբողջ երկինքը՝ բլուրներն ու լեռները ներկելով արյունով։ Կրակ էր շողում Գետում, և Պելլենորյան դաշտավայրի խոտը մայրամուտից բոսորագույն էր դարձել։ Եվ հենց այդ ժամին ավարտվեց Մեծ Ճակատամարտը Գոնդորի դաշտերում, և ոչ մի կենդանի թշնամի չմնաց Ռամմասի օղակում։ Բոլորը սպանված էին, բացի նրանցից, ովքեր փախել էին, որ իրենց մահը գտնեին Գետի ջրերի կարմիր փրփուրների մեջ։ Հնարավոր է, քչերը կարողացան փրկվել և հասնել Մորգուլ կամ Մորդոր, բայց Հարադրիմ ոչ ոք չհասավ, միայն պատմություններ հսան այնտեղ Գոնդորի ցասման և վրեժի մասին։ Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը ընթանում էին դեպի Քաղաքի դարպասը, և նրանք հոգնել էին վշտից ու ուրախությունից առավել։ Երեքն էլ աանվնաս էին, քանզի այդպիսին էր նրանց բախտը, զենք բանեցնելու հմտությունն ու ուժը, և քչերը կարող էին դիմանալ նրանց գրոհին կամ սիրտ անել նայել նրանց կողմը ցասման ժամին։ Սակայն մյուսներից շատերը վիրավորվել էին, խեղվել կամ սպանվել դաշտում։ Ֆորլոնգը, կորցնելով ձիուն, կռվել էր միայնակ և սպանվել կացիններով, Մորթոնդցի Դուիլինին և նրա եղբորը ոտնատակ էր տվել մումակիլը, երբ նրանք իրենց նետաձիգների հետ մոտեցել էին գազաններին՝ աչքերը նետահարելու նպատակով։ Հիրլուին Ոսկեհերն այլևս չէր վերադառնալու հարազատ Փինաթ Գելին, Գրմբոլդը՝ Գրիմսլեյդ, սպանվել էր և խստադեմ Հարբարադը՝ հյուսիսցի հետքագետը։ Շատերն էին ընկել, անվանի և անանուն, հրամանատար և ռազմիկ, քանզի դա մեծ ճակատամարտ էր, բայց մանրամասների մասին ոչ մի առասպել չի կարող պատմել։ Շատ տարիներ անց Ռոհանի աշուղներից մեկը այսպես էր երգում Մունդբուրգի գերեզմանների մասին․ <poem>Լսում էինք բլուրներում հնչող փողերը,Հարավային թագավորությունում փայլում էին թրերը,Ձիերը սլանում էին դեպի Քար-քաղաք ինչպես քամին առվոտյան։ Եվ սկսեց մարտը։Այնտեղ ընկավ Թեոդենը, Թենգելի հզոր որդին,Չի տեսնի նա այլևս կանաչ դաշտեր ու ոսկե դահլիճ,Չի վերադառնա իր հյուսիսային սիրելի երկիրը՝Ձիապանների տիրակալը։ Հարդինգն ու Գութլաֆը,Դունհերն ու Դեորվինը, քաջարի Գրիմբոլդը,Հերեֆարան ու Հերուբրանդը, Հորնն ու Ֆասթրեդը,Մարտնչեցին կատաղորեն հեռավոր երկրում ու ընկան բոլորը։Մունբուրգի գերեզմաններում պառկած են նրանք հողի տակԳոնդորցի հրամանատարների կողքին, մարտական ընկերներ են նրանք։Ո՛չ Հիրլուին Ոսկեհերը վերադարձավ ծովափնյա բլուրներ,Ո՛չ Ֆորլոնգ ծերը՝ Լոսարնախի ծաղկող հովիտներ,Ո՛չ էլ նետաձիգներ Դերուֆինն ու ԴուիլինըԱյլևս չեն տեսնի Մորթոնդի հովտի իրենց մութ ջրերը։Մահը տարավ նրանց բոլորին՝ առավոտից իրիկուն,Չխնայեց ո՛չ հրամանատար, ո՛չ էլ ռազմիկ շարքային,Վաղուց են քնած նրանք կանաչ խոտի տակ Մեծ Գետի ափին։Հոսում են հանդարտ, մոխրագույն ջրերը ինչպես արցունքներ,Իսկ այն ժամանակ կարմիր էին կտրել, վշտից հորդացել,Փրփուրը ներկվել էր արյունով ու բոցավառվել մայրամուտին,լեռները վառվում էին առանց կրակի, ինչպես փարոսներ։Կարմիր էր ցողը հաջորդ առավոտ Ռամմաս Էքորում։</poem> ====Գլուխ յոթերորդ․ Դենեթորի Խարույկը==== Սև Ստվերը Դարպասի մոտից հետ քաշվեց, սակայն Գենդալֆը շարունակում էր անշարժ մնալ։ 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits