Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 62 015 բայտ, 16:07, 10 Հունիսի 2021
/* Գլուխ ութերորդ․ Բուժման Տները */
Այս խոսքերով նա շրջվեց ու Փիփինի հետ իջավ Քաղաքի ներքին օղակներ։ Մինչդեռ նրանք գնում էին, քամին մոխրագույն անձրև բերեց, և բոլոր կրակները մարեցին, և ծխի մեծ ամպեր քուլա-քուլա բարձրացան Քաղաքի վրա։
====Գլուխ ութերորդ․ Բուժման Բժշկման Տները====
Մերիի աչքերը մշուշվել էին արցունքներից ու հոգնածությունից, երբ նրանք վերջապես մոտեցան Մինաս Թիրիթի ավերված Դարպասին։Նա քիչ ուշադրություն էր դարձնում ավերածություններին ու սպանվածներին, որոնք ամենուրեք էին։ Օդը հագեցած էր կրակով, ծխով ու գարշահոտությամբ, քանզի շատ ռազմական մեքենաներ էին այրվել կամ գցվել հրե խրամուղիների մեջ, որտեղ այրվում էին բազմաթիվ սպանվածներ։ Այստեղ և այնտեղ ընկած էին հարավային հսկա հրեշների կիսաայրված դիակները՝ սպանված քարե արկերով կամ Մորթոնդի անվրեպ նետաձիգների արձակած նետերով, որ ցցված էին հրեշների աչքերի մեջ։ Թռչող անձրևը մի պահ դադարել էր, և երկնքում շողում էր արևը, բայց ամբողջ ներքին քաղաքը դեռևս պարուրված էր ծխացող գարշահոտությամբ։ Մարդիկ արդեն աշխատում էին՝ ջանալով ճանապարհ հարթել ճակատամարտի մնացորդների միջով, և Քաղաքից արդեն պատգարակավորներ էին դուրս գալիս։ Նրանք Էովինին զգուշությամբ պառկեցրին փափուկ բարձերի վրա, սակայն թագավորի մարմինը ծածկեցին մեծ ոսկե ծածկոցով, և ջահեր էին կրում նրա շուրջը, որոնց կրակները արևի լույսից գունատ, թրթռում էին քամուց։  Այսպես Թեոդենն ու Էովինը մտան Գոնդորի գահաքաղաք, և բոլորը, ովքեր տեսնում էին նրանց, մերկացնում էին գլուխներն ու խոնարհվում։ Նրանք անցան այրված ներքին օղակի մոխրի ու ծխի միջով և շարունակեցին բարձրանալ քարե փողոցներով։ Մերիին վերելքը անվերջ էր թվում՝ անիմաստ ճամփորդություն ատելի երազում, որտեղ պետք էր շարունակ գնալ ու գնալ դեպի ինչ-որ աղոտ ավարտ, որը հիշողությունը չէր ընկալում։  Առջևում երևացող ջահերի կրակները դանդաղ թրթռացին ու մարեցին, և նա գնում էր մթության մեջ՝ մտածելով․ «Սա թունել է ու տանում է գերեզման, որտեղ մենք կմնանք հավիտյան»։ Բայց հանկարծ նրա անուրջների մեջ կենդանի ձայն թափանցեց․ — Վերջապե՛ս, Մերի՜, ես գտա՛ քեզ, ա՜յ քեզ հաջողություն։ Նա բարձրացրեց գլուխը, և աչքերը շղարշած մշուշը մի փոքր ցրվեց։ Նրա առջև Փիփինն էր։ Նրանք դեմ հանդիման կանգնած էին նեղ նրբանցքում, և շուրջը ոչ ոք չկար։ Մերին տրորեց աչքերը։ — Որտե՞ղ է թագավորը,— զարմացավ նա։ — Եվ Էովի՞նը։ — Հետո սայթաքեց, նստեց շեմին ու նորից լաց եղավ։  — Նրանք գնացին, բարձրացան Միջնաբերդ,— բացատրեց Փիփինը։ — Իսկ դու երևի քնել ես ոտքի վրա ու թեքվել սխալ ուղղությամբ։ Մենք երբ տեսանք, որ դու նրանց հետ չես, Գենդալֆն ինձ անմիջապես ուղարկեց քեզ փնտրելու։ Խեղճ ծերուկ Մերրի, շատ ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար։ Բայց դու հազիվ ես ոտքի վրա մնում, իսկ ես լեզվիս եմ զոռ տալիս։ Ասա մենակ՝ լա՞վ ես։ Քեզ չե՞ն վիրավորել։ — Ինձ թվում է, չէ, պատասխանեց Մերին։ — Բայց աջ ձեռքս չեմ կարողանում շարժել, Փիփին, էն պահից սկսած, երբ նրան հարվածեցի։ Եվ թուրս ամբողջութամբ այրվեց փայտի կտորի պես։ Փիփինն անհանգստացած նայեց նրան։ — Լսիր, ավելի լավ է, արի գնանք, ու ինչքան արագ, էնքան լավ,— ասաց նա։ — Ափսոս, չեմ կարող քեզ գրկած տանել՝ դու երևում է, քայլելու ունակ չես։ Նրանք, առհասարակ չպետք է քեզ թողնեին մենակ, բայց դու ներիր նրանց․ Էնքան սարսափելի բաներ են կատարվել Քաղաքում, Մերի, որ էս խառնաշփոթում մարտից եկող մի խեղճ հոբիթի չնկատելը դժվար չէ։  — Երբեմն դա էդքան էլ վատ չէ,— ասաց Մերին։ — Քիչ առաջ նա էլ ինձ չնկատեց․․․ Ոչ-ոչ, չեմ կարող էդ մասին խոսել։ Օգնիր ինձ, Փիփին, նորից մթնում է, ձեռքս էլ շատ սառն է։ — Հենվիր ինձ վրա, Մերի, իմ ընկեր,— թևանուկ արեց Փիփինը։ — Գնանք, հանգիստ-հանգիստ, քայլ առ քայլ։ Այստեղ, հեռու չէ։ — Պատրաստվում ես ինձ թաղե՞լ,— հարցրեց Մերին։ — Իհարկե ոչ, սրան տեսեք,— պատասխանեց Փիփինը՝ փորձելով զվարթ ձևանալ, թեպետ սիրտը կծկվել էր վախից ու խղճահարությունից։ — Չէ, մենք գնում ենք Բժշկման Տներ։ Նրանք դուրս եկան նրբանքից, որն անցնում էր բարձր տների չորորդ օղակի և արտաքին պատի միջով, ու վերադարձան Միջնաբերդ բարձրացող գլխավոր ուղի։ Նրանք գնում էին դանդաղ, քայլ առ քայլ, քանի որ Մերին օրորվում էր զառանցում՝ ասես քնի մեջ։ «Ես նրան տեղ չեմ հասցնի,— մտածեց Փիփինը։ — Մի՞թե ոչ ոք չի օգնի։ Հո չեմ թողնի էստեղ»։Այդ պահին, ի զարմանս Փիփինի, հետևից քայլերի ձայն լսվեց, վազելով մի տղա մոտեցավ, և Փիփինը ճանաչեց Բերգիլին՝ Բերեգոնդի որդուն։  — Բարև, Բերգիլ,— կանչեց նա,— էդ ու՞ր ես գնում։ Ուրախ եմ քեզ նորից ողջ առողջ տեսնել։ — Ես բուժարարների մոտ վազվռտուքի մեջ եմ,— պատասխանեց Բերգիլը։ — Չեմ կարող ուշանալ։ — Մի ուշացիր,— ասաց Փիփինը,— բայց վերևում ասա նրանց, որ ես էստեղ հիվանդ հոբիթ ունեմ, դե, փերիան, հասկացա՞ր։ Մարտի դաշտից՝ թող նկատի ունենան։ Եթե Միթրանդիրն էնտեղ լինի, շատ կուրախանա էս լուրի համար։  Բերգիլը վազեց։ «Էստեղ էլ կսպասեմ»,— մտածեց Փիփինը։ Նա զգուշորեն պառկեցրեց Մերիին ճամփեզրին, արևի տակ, իսկ ինքը նստեց կողքին՝ ընկերոջ գլուխը դնելով ծնկներին։ Հետո շոշափեց նրան ոտքից գլուխ, ապա ձեռքերն առավ իր ափերի մեջ։ Աջ ձեռքը կարծես սառույց լիներ։ Շուտով նրանց փնտրեց-գտավ Գենդաալֆն ինքը։ Նա կռացավ Մերիի վրա ու շոյեց ճակատը, հետո զգուշորեն բարձրացրեց նրան։  — Այս հոբիթին պետք է փառքով բերեին Քաղաք,— ասաց նա։ — Նա լավ արդարարեց իրեն, որովհետև եթե Էլրոնդն ինձ չզիջեր՝ ոչ մեկդ ճանապարհ չէինք ընկնի, և այսօրվա չարիքները շատ ավելի սարսափելի կլինեին։ — Նա հառաչեց։ — Եվ ահա իմ ձեռքում ևս մեկ վիրավոր կա, իսկ ճակատամարտը դեռ մազից է կախված։ Այսպիսով, վերջապես Ֆարամիրին, Էովինին ու Մերիադոքին պառկեցրին Բժշկման Տներում։ Այնտեղ նրանց շատ լավ էին խնամում։ Քանզի, թեև հնագույն շատ գիտելիքներ կորստյան էին մատնվել, այնուամենայնիվ Գոնդորի բուժարարներն իրենց հավասարը չունեին վերքերի և այն բոլոր հիվանդությունների բուժման մեջ, որոնցով հիվանդանում էին Ծովից արևելք ապրող մահկանացուները։ Միայն ծերությունը չէին բուժում՝ դրա համար դարման չէին գտել։ Առհասարակ, նրանց կյանքի տևողությունը պակասել էր, դարձել էր սովորական մարդկանց կյանքի տևողությունից մի փոքր ավելի։ Քչերն էին կարողանում անցնել հարյուր տարեկանի շեմը առանց զառամելու՝ երևի միայն որոշ ազնվատոհմ տների զտարյուն ժառանգները։ Բայց այժմ նույնիսկ ամենահմուտ և շատ գիտելիքներ ունեցող բուժարարները շփոթված էին, որովհետև հայտնվել էին ծանր դրության մեջ և դարման չէին գտնում նոր ախտի դեմ, որը անվանեցին Սև Թուլություն, քանզի այն տարածում էին Նազգուլները։ Նրանք, ովքեր վարակվել էին դրանով, դանդաղ խորասուզվում էին ավելի ու ավելի խորը քնի մեջ, լռում, հետո նրանց վրա մահացու սառնություն էր իջնում և այդպես մեռնում էին։ Բուժարարները կասկածում էին, որ հենց այդ հիվանդությունն է դիպել կոլոտիկին և Ռոհանի օրիորդին։ Դեռ որոշ ժամանակ, մինչև օրվա կեսը նրանք խոսում էին, տրտնջում քնի մեջ, և խնամողները ուշադիր լսում էին՝ հուսալով ինչ-որ կարևոր բան լսել, որը կօգներ բուժել նրանց ցավերը։ Բայց շուտով նրանք սկսեցին ընկնել խավարի մեջ, և երբ արևը թեքվեց արևմուտք, նրանց դեմքերին մոխրագույն ստվեր իջավ։ Բայց ֆարամիրը այրվում էր չհանդարտվող տենդից։ Գենդալֆն անհանգիստ մահճակալից մահճակալ էր գնում, և խնամողները տեղեկացնում էին նրան լսված ամեն խոսքի մասին։ Այդպես անցավ օրը, իսկ դաշտերում դեռ մոլեգնում էր մեծ ճակատամարտը՝ փոփոխական հույսով ու հաջողությամբ, և լուրերը խառն էին ու տարօրինակ։ Գենդալֆը շարունակում էր հոգ տանել հիվանդների մասին՝ չուզենալով լքել նրանց։ Վերջապես կարմիր մայրամուտը լցրեց ամբողջ երկինքը, և լույսը պատուհաններից ընկավ հիվանդների գորշ դեմքերին։ Մոտ կանգնածներին թվաց, թե նրանց դեմքերը մեղմորեն շառագունեցին, ասես առողջության վերականգնումից, բայց դա միայն ծաղրանք էր հույսի։ Այդ ժամանակ մի ծեր կին՝ Իորեթը, տներում ծառայող կանանցից ամենաավագը, նայելով Ֆարամիրի դեմքին, արտասվեց, քանզի բոլորն էին սիրում նրան։ Եվ նա ասաց․ Ավա՜ղ, եթե նա մեռնի, մեծ դժբախտություն կլինի։ Ա՜խ, գոնե Գոնդորում արքաներ լինեին, ինչպես առաջ։ Որովհետև հին ավանդություններում ասվում է, որ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն իրենց մեջ։ Հենց դրանով էլ ճանաչում էին իսկական արքային։ Իսկ Գենդալֆը, որ կանգնած էր նրա կողքին, ասաց․ — Մարդիկ դեռ երկար կհիշեն քո խոսքերը, Իորե՛թ։ Քանզի դրանք իրեն մեջ հույս են պարունակում։ Գուցե արքան իսկապես վերադարձել է Գոնդո՞ր։ Թե՞ դու չես լսել Քաղաքում տարածվող այդ տարօրինակ լուրերը։ — Ես այստեղ մինչև կոկորդս զբաղված եմ, ի՞նչ իմանամ՝ ինչ են խոսում Քաղաքում,— պատասխանեց նա։ — Հույս ունեմ, միայն, որ այդ մահաբեր չարքերը չեն ներխուժի այս տուն ու չեն անհանգստացնի հիվանդներին։ Այնուհետև Գենդալֆը շտապ դուրս եկավ, իսկ մայրամուտի կրակը երկնքում արդեն մարում էր, և այրվող բլուրները հանգչում էին, և մոխրագույն երեկոն սողում էր դաշտերի վրայով։  Երբ արևը մայր մտավ, Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը՝ իրենց հրամանատարներով ու ասպետներով, մոտեցան Քաղաքին։ Եվ երբ նրանք հասան Դարպասին, Արագորնն ասաց․ — Ահա, տեսե՛ք, թե ինչպես է արևը մայր մտնում մեծ կրակի մեջ։ Սա նշան է վերջի ու սկզբի, ինչպես նաև՝ մեծ փոփոխությունների․ հինը դառնում է անցյալ։ Բայց այս Քաղաքն ու թագավորությունը երկար տարիներ կառավարել են Փոխարքաները, և ես վախենում եմ, որ եթե ներս մտնեմ առանց հրավերի, ապա կարող են կասկածներ ու վեճեր առաջանալ, որոնք անթույլատրելի են, քանի դեռ մղվում է այս պատերազմը։ Ես մուտք չեմ գործի Քաղաք և ոչ մի պահանջ չեմ ներկայացնի, մինչև պարզ չլինի՝ մենք ենք արդյոք հաղթելու, թե Մորդորը։ Մարդիկ վրաններ կխփեն դաշտում, և ես այստեղ կսպասեմ Քաղաքի Տիրակալի ողջույնին։ Բայց Էոմերն առարկեց․ Դու արդեն բարձրացրել ես Արքաների զինադրոշը և ցուցադրել Էլենդիլի տան նշանները։ Պատրաստ ես թույլ տալ, որ նրանք վիճարկե՞ն դրանք։  — Ոչ,— պատասխանեց Արագորնը,— բայց ես համարում եմ, որ դեռ ժամը չի հասել և չեմ ուզում, որ վեճեր ծագեն հուրախություն Թշնամու։  Եվ իշխան Իմրահիլն ասաց․ — Դու իմաստուն ես վարվում, տեր իմ Արագորն՝ եթե ականջ կդնես Դենեթորի մոտ ազգականի խորհրդին այդ հարցում։ Նա կամային է ու հպարտ, թեև ծեր է։ Եվ տարօրինակ են նրա մտքերը այն պահից ի վեր, ինչ զոհվեց նրա որդին։ Բայց ես չէի ուզենա, որ դու մնայիր դռան մոտ, ինչպես չքավորը։ — Ինչու՞ չքավոր,— ասաց Արագորնը։ — Ես հյուսիսային հետքագետների հրամանատար եմ, և մենք սովոր չենք Քաղաքի ու քարե տների։ Եվ նա հրամայեց իջեցնել իր զինադրոշն ու հանեց Հյուսիսային Թագավորության Աստղը ճակատից՝ տալով այն Էլրոնդի որդիներին։  Եվ Իշխան Իմրահիլն ու Ռոհանցի Էոմերը թողեցին նրան, անցան Քաղաքի թոհուբոհի միջով ու բարձրացան Միջնաբերդ։ Նրանք մտան Աշտարակի գահադահլիճ՝ փնտրելով փոխարքային, բայց տեսան, որ նրա աթոռը դատարկ է, իսկ Գահի դիմաց, բարձր մահճում պառկած էր Թեոդենը՝ Մարկի թագավորը․ և տասներկու ջահեր էին վառվում նրա շուրջը, և կանգնած էին տասներկու պահապան՝ գոնդորցի և ռոհանցի ասպետներ։ Մահճի կախոցները կանաչ և սպիտակ էին, բայց թագավորի վրա ոսկե մեծ ծածկոց էր գցված, վրան դրված նրա թուրը, և ոտքերի տակ՝ վահանը։ Ջահերի թրթռուն լույսը խաղում էր նրա խիտ, ալեհեր մազերի վրա, ինչպես արևի ցոլքը՝ շատրվանի շիթերի մեջ, բայց նրա դեմքը գեղեցիկ էր ու երիտասարդ, բացառությամբ, որ այն երիտասարդության համար անհասանելի խաղաղությամբ էր լցված, և թվում էր, թե նա քնած է։  Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնած էին թագավորի կողքին, իսկ հետո Իմրահիլը հարցրեց․ — Իսկ ու՞ր է Տիրակալը, և որտե՞ղ է Գենդալֆը։ Եվ պահապաններից մեկը պատասխանեց նրան․ Գոնդորի փոխարքան գտնվում է Բժշկման Տներում։ Ապա հարցրեց Էոմերը․ Իսկ որտե՞ղ է օրիորդ Էովինը, իմ քույրը, նա պետք է պառկած լիներ թագավորի կողքին ու ոչ պակաս պատվով շրջապատված։ Ու՞ր են տարել նրան։  Եվ Իմրահիլը պատասխանեց․ Օրիորդ Էովինը դեռ ողջ էր, երբ նրան բերում էին Քաղաք։ Դու այդ չգիտե՞իր։ Էոմերի սրտում հույս ծագեց, և դրա հետ մեկտեղ՝ ծանր տագնապ ու վախ, և նա, այլևս ոչինչ չասելով, շրջվեց ու դուրս եկավ դահլիճից․ իշխանը նրա հետևից դուրս եկավ։ Դրսում արդեն երեկո էր, և երկնքում բազմաթիվ աստղեր էին շողում։ Բժշկման Տների շեմի մոտ նրանք հանդիպեցին Գենդալֆին, և նրա հետ էր մոխրագույն թիկնոցով ինչ-որ մեկը։ Նրանք ողջունեցին հրաշագործին ու ասացին․ — Մենք փնտրում ենք փոխարքային, մեզ ասացին, որ նա այստեղ է։ Մի՞թե նա վիրավոր է։ Իսկ օրիորդ Էովի՞նը։ Որտե՞ղ է նա։ Եվ Գենդալֆը պատասխանեց նրանց․ Նա պառկած է ներսում, մահացած չէ, բայց մոտ է մահվան։ Իսկ Ֆարամիրը, ինչպես գիտեք, վիրավորված է թունավոր տեգով, և այժմ նա է փոխարքան, քանզի Դենեթորը հեռացավ կյանքից, և նրա տունը մոխիր դարձավ։  Նրանք լսելով այս ամենը, լցվեցին վշտով ու զարմանքով։ Եվ ասաց Իմրահիլը․ Այսպիսով, հաղթանակը զրկված է ուրախությունից և այն տրվել է մեզ ծանր գնով, քանզի Ռոհանն ու Գոնդորը զրկվել են իրենց տիրակալներից։ Էոմերը կառաջնորդի Ռոհիրիմներին։ Իսկ ո՞վ է ղեկավարելու Քաղաքը այս ընթացքում։ Չուղարկե՞նք Արագորնի հետևից։  — Նա արդեն այստեղ է,— ասաց թիկնոցավոր մարդն ու առաջ եկավ։ Լամպի լույսը լուսավորեց նրան, և նրանք ճանաչեցին Արագորնին՝ փաթաթված օղազրահի վրա հագած Լորիենի մոխրագույն թիկնոցի մեջ, և ոչ մի այլ նշան նա չուներ, բացի Գալադրիելի կանաչ քարից։ — Ես այստեղ եմ եկել Գենդալֆի խնդրանքով,— ասաց նա։ — Բայց առայժմ ես Արնորի Դունադանների հրամանատարն եմ, և Քաղաքը կղեկավարի Դոլ Ամրոթի տիրակալը, քանի դեռ Ֆարամիրը չի արթնացել։ Սակայն իմ խորհուրդն է, որ հետագա այս օրերի ընթացքում Թշնամու դեմ պայքարում մեզ բոլորիս ղեկավարի Գենդալֆը։ Բոլորը համաձայն էին, և Գենդալֆն ասաց․  — Եկեք չկանգնենք շեմին, ժամանակը թանկ է, գնա՛նք։ Քանզի Արագորնի գալուստը ներսում պառկած հիվանդների վերջին հույսն է։ Այսպես ասաց Այորեթը՝ գոնդորցի իմաստուն մի կին․ Արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, և հենց դրանով էլ ճանաչում էին իրական արքային։  Առաջինը մտավ Արագորնը, մյուսները հետևեցին նրան։ Դռների մոտ Միջնաբերդի հանդերձներով երկու պահակ էին կանգնած․ մեկը բարձրահասակ, երկրորդը՝ հազիվ տղայի հասակի։ Արագորնին տեսնելով՝ նա ուրախությունից ու զարմանքից բարձր ճչաց․ — Պանդու՜խտ, այ քեզ բան։ Ես ախր միանգամից հասկացա, որ էն սև նավերով դու ես։ Բայց նրանք բոլորը բղավում էին․ ծովահեննե՛րը, ու ինձ չէին լսում։ Էդ ինչպե՞ս ստացվեց էդպես։  Արագորնը ծիծաղեց ու բռնեց հոբիթի ձեռքը։  — Լավ հանդիպում էր,— ասաց նա։ — Բայց դեռ ժամանակը չէ պատմել ճանապարհորդությունների մասին։ Իսկ Իմրահիլն ասաց Էոմերին․ — Մի՞թե այդպես են խոսում թագավորի հետ։ Թեպետ, հույս ունեմ, որ նա այլ անունով կթագադրվի։ Լսելով այդ՝ Արագորնը շրջվեց ու ասաց նրան․  — Այո, ճիշտ ես, հնագույն մեծ լեզվով ես Էլեսար եմ կոչվում, էլֆական Քար և մեկ էլ Էլվինյաթար Կենարար։ — Նա ցույց տվեց իր կրծքին պսպղացող քարը։ — Սակայն Պանդուխտ պիտի լինի իմ տան անունը, եթե այն երբևէ ստեղծվի։ Մեծ լեզվով այն այնքան էլ վատ չի հնչում, և Թելքոնթար կկոչվեմ ես ու իմ բոլոր ժառանգները։ Նրանք մտան սենյակներ, որտեղ բուժում էին հիվանդներին, և ճանապարհին Գենդալֆը պատմեց Էովինի ու Մերիադոքի սխրանքների մասին։  — Ես երկար ժամանակ կանգնել եմ նրանց կողքին,— բացատրեց նա։ — Սկզբում շատ էին խոսում իրենց քնի մեջ, նախքան մահացու խավարի մեջ սուզվելը։ Բացի դրանից, ինձ տրված է շնորհ՝ տեսնել ինձանից հեռու կատարվող շատ բաներ։ Արագորնը նախ գնաց Ֆարամիրի, իսկ հետո օրիորդ Էովինի մոտ, և վերջում՝ Մերիի։ Նա նայեց հիվանդների դեմքին, տեսավ նրանց ցավերն ու հառաչեց։ — Այստեղ հարկավոր կլինեն իմ ողջ ուժն ու հմտությունը,— ասաց նա։ — Ափսոս, Էլրոնդն այստեղ չէ, նա մեր տոհմի ամենատարեցն է և ամենափորձառուն։ Էոմերը, տեսնելով, որ նա հոգնած է ու տխուր, ասաց․ — Սկզբում գուցե մի փոքր հանգստանաս ու սնվե՞ս։ Բայց Արագորնը պատասխանեց․ — Ոչ, այս երեքի համար ժամանակ քիչ է մնացել, Իսկ Ֆարամիրի համար՝ գուցե և չի մնացել։ Հարկավոր է շտապել։ Հետո նա կանչեց Իորեթին ու հարցրեց․  — Դուք այս Տներում բուժիչ խոտաբույսերի պահուստ ունե՞ք։ — Այո, տեր իմ,— պատասխանեց նա,— բայց ոչ այնքան շատ, որ բոլորին բավականացնի։ Իսկ թե որտեղ կարելի է էլի գտնել՝ գաղափար չունեմ․ այս սարսափելի օրերին, հրդեհների ու կրակների մեջ մեր մի քանի տղաները որտեղի՞ց հավաքեն, և ու՞ր ուղարկենք նրանց՝ ախր ճանապարհները փակ են։ Ճշմարիտ է, արդեն չեմ հիշում, թե երբ են վերջին անգամ Լոսարնախից սայլեր եկել։ Բայց մեր ունեցածով ամեն ինչ անում ենք, թող մեծապատիվ տերը վստահ լինի։ — Այդ դեռ կտեսնենք,— ասաց Արագորնը։ — Ոչ միայն խոտաբույսերի պակաս կա, այլև՝ խոսելու ժամանակի։ Ացելաս ունե՞ք։ — Հաստատ չգիտեմ, տեր իմ,— պատասխանեց կինը։ — Ամեն դեպքում ոչ այդ անունով։ Գնամ, հարցնեմ խոտերի գիտակին՝ նա գիտե բոլոր հին անունները։ — Ժողովուրդը վերջին ժամանակներս դրան նաև արքայատերև է անվանում,— ասաց Արագորնը։ — Գուցե այդ անունո՞վ իմանաս։ — Ա՜խ, դա նկատի ունեք,— բացականչեց Իորեթը։ — Միանգամից այդպես ասեիք՝ կպատասխանեի։ Ոչ, այդ խոտից մենք չունենք, համոզված եմ։ Բայց ես երբեք չեմ լսել, որ այն իր մեջ բուժիչ ուժ ունենա, ուղղակի սովորական խոտ է։ Թեև, երբ հանդիպել ենք դրանից անտառում աճելիս՝ հաճախ եմ ասել քույրերիս․ «արքայատերև, տարօրինակ անուն են դրել, հետաքրքիր է, ինչու՞ է այդպես կոչվում․ եթե ես արքա լինեի, իմ այգում ավելի պայծառ բույսեր կաճեին»։ Ճիշտ է, շատ սուր ու հաճելի բուրմունք ունի, եթե տրորես ձեռքիդ մեջ, այդպես չէ՞։ Եթե հաճելին ճիշտ բառ է․ կենարար՝ երևի այսպես ավելի ճիշտ կլինի։ — Շատ կենարար,— հաստատեց Արագորնը։ — Իսկ այժմ, տիկին, եթե սիրում ես Ֆարամիրին, լեզվիդ հանգիստ տուր ու վազիր արքայատերև գտնելու, եթե Քաղաքում գեթ մեկ տերև կա դրանից։  — Իսկ եթե չկա,— խոսեց Գենդալֆը, ես Իորեթի հետ կգնամ Լոսարնախ, և թող նա անտառում արքայատերև փնտրի, թեև քույրերի հետ տեսնվելը ստիպված կլինենք հետաձգել։ Իսկ Լուսաչը ցույց կտա նրան, թե ինչ է նշանակում շտապել։ Իորեթը գնաց, և Արագորնը կարգադրեց մյուս կանանց ջուր տաքացնել։ Հետո մի ձեռքով բռնեց Ֆարամիրի ձեռքը, մյուսը դրեց նրա ճակատին։ Նա քրտինքի մեջ կորած էր, բայց չէր շարժվում և ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Թվում էր, հազիվ է շնչում։  — Նրա վերջը մոտ է,— ասաց Արագորնը Գենդալֆին։ — Բայց պատճառը վերքը չէ։ Նայի՛ր, այն արդեն սպիացել է։ Եթե նրան Նազգուլի տեգը վիրավորած լիներ, ինչպես դուք եք կարծում, նա կմեռներ անցյալ գիշեր։ Իմ կարծիքով, նա վիրավորվել է Հարադրիմների նետով։ Այն պահպանե՞լ են։ Ո՞վ է այն հանել։ — Նետը ես եմ հանել,— խոսեց Իմրահիլը։ — Եվ վիրակապել եմ վերքը։ Բայց նետը չեմ պահել, որովհետև ճակատամարտի ժամանակ որտե՞ղ պահեի։ Այժմ սկսում եմ հիշել, որ, այո, դա Հարադրիմների նետ էր։ Սակայն ես կարծում էի, որ այն նետել են վերևում սավառնող ստվերները, որովհետև ուրիշ ինչպե՞ս կբացատրես նրա այս տենդը։ Վերքը խորը չէր ոչ էլ՝ կյանքին սպառնացող։ Ուրեմն, ի՞նչումն է բանը, քո կարծիքով։ — Մահացու հոգնածությունը, հոր վերաբերմունքը, վերքը, և գլխավորը՝ Աև Թուլությունը,— ասաց Արագորնը,— ամենքն էլ իրենց դերն են ունեցել։ Նա ամուր կամքի տեր մարդ է, որովհետև մահացու ստվերը վաղուց է կախված նրա գլխավերևում, արտաքին պատերի մոտի ճակատամարտից դեռ շատ առաջ։ Խավարը, ըստ երևույթին, դանդաղ է սողոսկել նրա մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ պայքարում էր իր դիրքերի համար։ Ափսո՛ս, որ շուտ չեմ այստեղ եկել։ Այդ պահին հայտնվեց խոտերի գիտակը։ — Ձերդ մեծությունը արքայատերև է խնդրել, ինչպես այն կոչում են գյուղացիները,— ասաց նա,— կամ ացելաս՝ ազնվական լեզվով, նրանց համար, ովքեր մի փոքր գիտեն Վալինորի լեզուն․․․ — Հենց այդպես,— պատասխանեց Արագորնը,— և ինձ համար միևնույնն է, թե դու ինչպես ես անվանում այն՝ ացէա արանիոն, թե արքայատերև, միայն թե բերած լինես հետդ։  — Ներիր, խնդրում եմ, տեր,— ասաց նա։ — Ես տեսնում եմ, որ դու ոչ միայն ռազմական հրամանատար ես, այլև հնագույն իմացությունների գիտակ։ Բայց, ավա՜ղ, մենք այդ խոտից չենք պահում Բժշկման Տներում, որտեղ բուժում են միայն ծանր վիրավորների ու հիվանդների։ Քանզի դրա մեջ ոչ մի բուժական ուժ չկա, որի մասին մենք կարող էինք իմանալ, բացառությամբ, երևի, աղտոտված օդը թարմացնելը կամ ինչ-որ անցողիկ ծանրություն քշելը։ Եթե, իհարկե, ականջ չեք դնում հինավուրց առակներին, որոնք մեր բարի Իորեթի պես կանայք դեռ կրկնում են առանց հասկանալու։ <poem>Երբ փչում է սև շունչը,Եվ աճում ստվերը մահվան,Եվ մարում են լույսեր ու երազԱրի՛ ացելաս, կյանք տուր մեռնողներինԱրքայի ձեռքերում վստահ։</poem> Բայց սա ընդամենը առակ է՝ ծեր կանանց հիշողության մեջ մնացած։ Իմաստի մասին ինքներդ դատեք՝ եթե այն գոյություն ունի։ Թեպետ, ծերունիները դեռ օգտագործում են այդ խոտի թուրմը գլխացավի համար։ — Ուրեմն, հանուն արքայի, գնա՛ ու գտիր մի որևէ ծերունու, քիչ գիտելիքներով, բայց ավելի մեծ փորձառությամբ, ով իր տանը պահում է այդ խոտից,— գոչեց Գենալֆը։ Արագորնը ծնկի եկավ Ֆարամիրի կողքին և ձեռքը դրեց նրա ճակատին։ Եվ նրանք, ովքեր նայում էին, զգացին, որ մեծ պայքար է ընթանում, քանզի Արագորնի դեմքը հոգնածությունից գորշացավ։ Ժամանակ առ ժամանակ նա տալիս էր Ֆարամիրի անունը, ամեն անգամ ավելի ցածր լսելի, ասես գնալով հեռանում էր իրեն շրջապատողներից ու տեղափոխվում ինչ-որ հեռավոր մթին հովիտ՝ փնտրելով մոլորվածին։ Վերջապես շնչակտուր հայտնվեց Բերգիլը և լաթի մեջ փաթաթված վեց տերև բերեց։ — Արքայատերև է, պարոն,— ասաց նա,— բայց, ցավոք, թարմ չէ։ Քաղել են, երևի, առնվազն երկու շաբաթ առաջ։ Հուսով եմ այն կօգնի՞, պարոն։ — Եվ նայելով Ֆարամիրի դեմքին, լաց եղավ։ Արագորնը ժպտաց։ — Ոչինչ, այդպես էլ կանցնի,— ասաց նա։ — Ամենասարսափելին արդեն անցյալում է։ Մնա այստեղ և հանգստացիր։ Հետո, երկու տերև վերցնելով ափերի մեջ, նա շնչեց դրանց վրա, ապա տրորեց ձեռքերի մեջ՝ և անմիջապես սենյակը լցվեց կենարար թարմությամբ, ասես օդն ինքը ուրախությունից տատանվեց ու շողշողաց։ Հետո նա տերևները նետեց եռացող ջրով լի ամանի մեջ, և բոլորի սրտերը միանգամից թեթևացան։ Քանզի այդ բույրը, որ հասնում էր յուրաքանչյուրին, հուշեր էր արթնացնում ինչ-որ հեռավոր երկրում անբիծ արևով ողողված ցողոտ առավոտների մասին, որի համեմատությամբ գեղեցիկ գարնանային աշխարհը պարզապես անցողիկ հիշողություն էր։ Արագորնը թարմացած, ժպտացող աչքերով վեր կացավ և ամանը մոտեցրեց ֆարամիրի քնած դեմքին։ — Հըմ, ով կմտածեր,— շշնջաց Իորեթը իր կողքին կանգնած կնոջը։ — Խոտը, պարզվում է, հասարակ չէ։ Իմլոթ Մելուիի վարդերը հիշեցի, երբ փոքրիկ աղջիկ էի․ թագավորին վայել վարդեր էին։  Հանկարծ Ֆարամիրը շարժվեց, բացեց աչքերն ու նայեց իր վրա կռացած Արագորնին՝ և ճանաչման ուրախությամբ լցվեցին նրա աչքերը, և նա ցածր ասաց․ — Իմ տիրակալ, դու կանչեցիր ինձ, և ես եկա։ Ի՞նչ կհրամայես։ — Մի խարխափիր այլևս խավարում և արթնացիր,— ասաց Արագորնը։ — Թոթափիր հոգնածությունդ, հանգստացիր մի քիչ, հաց կեր ու սպասիր իմ վերադաարձին։ — Կանեմ իչպես ասում ես, տիրակալ,— պատասխանեց Ֆարամիրը։ — Մի՞թե կարելի է անգործ պառկել, երբ վերադարձել է արքան։ — Դե, ցտեսություն,— ասաց Արագորնը։ — Ես պետք եմ մյուս հիվանդներին։ Եվ նա Գենդալֆի ու Իմրահիլի հետ դուրս եկավ սենյակից, բայց Բերեգոնդն ու նրա որդին մնացին՝ չկարողանալով զսպել իրենց ուրախությունը։ Փիփինը գնաց Գենդալֆի հետևից և, մինչև դռան փկվելը լսեց, թե ինչպես Իորեթը բացականչեց․ — Արքա՞ն։ Չէ, դու լսեցի՞ր։ Ի՞նչ էի ես ասում․ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, ահա այս չէ՞ի ասում։ Շուտով Տներում լուր տարածվեց արքայի մասին, ով վերադարձել է ու բժշկում է մարդկանց, և քիչ անց այդ մասին խոսում էր ամբողջ Քաղաքը։ Արագորնը մոտեցավ Էովինին և ասաց․ — Նա ծանր հարված է ստացել և ծանր վիրավորվել։ Սակայն կոտրված ձեռքը ձգել և կապել են պատշաճ հմտությամբ, և ժամանակի ընթացքում այն կլավանա, եթե նա ապրելու ուժ ունենա։ Կոտրված է վահան բռնած ձեռքը, բայց վտանգը գալիս է մյուս ձեռքից, որով բռնած է եղել թուրը։ Դրա մեջ այլևս կյանք չկա, թեև կոտրված չէ։ Ավա՜ղ, չար ճակատագիր բաժին ընկավ նրան։ Նա մարտնչել է իրեն թե՛ կամքով, թե՛ մարմնով բազմաթիվ անգամ գերազանցող հակառակորդի հետ։ Բոլոր նրանք, ովքեր զենք կբարձրացնեն այդպիսի հակառակորդի վրա, պետք է պողպատից ամուր լինեն, այլապես հարվածը կկործանի հենց իրենց։ Իսկ հարվածը հասցրել է աղջիկ, գեղեցիկ մի օրիորդ թագավորական տանից։ Եվ որտեղից բառեր գտնեմ՝ ասելու նրան նրա մասին։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան ու զգացի նրա տխրությունը, ինձ թվաց, թե ես սպիտակ ծաղիկ տեսա, ձիգ ու հպարտ, շուշանի պես գեղեցիկ, բայց ոչ նուրբ, այլ ամուր, ինչպես էլֆ դարբինների կռած պողպատը։ Կամ գուցե ոչ թե պողպատ, այլ սառու՞յց։ Գուցե ցուրտը սառեցրել էր այդ ծաղկի հյութը, և այն կանգնած էր արդեն դառնացած, բայց դեռ գեղեցիկ, սակայն դատապարտված չորանալու և մեռնելու։ Նրա հիվանդությունը բոլորովին էլ այսօր չի սկսել, այդպես չէ՞, Էոմեր։ — Զարմացած եմ, որ ինձ ես այդ մասին հարցնում, տեր,— պատասխանեց վերջինս։ — Ես կարծում եմ, որ քո մեղքն այստեղ չկա և ոչ էլ այլ բաներում։ Սակայն ես գիտեմ, որ ցուրտը չէր դիպել իմ քրոջը՝ մինչև քեզ իր ճանապարհին հանդիպելը։ Նա կիսում էր ինձ հետ իր անհանգստություններն ու վախը կապված թագավորի հետ այն ժամանակ, երբ Օձալեզուն կախարդել էր նրան իր զրույցներով, և աճող անհանգստությամբ էր խնամում թագավորին։ Բայց այդ չէր կարող հասցնել նրան այս վիճակին։ — Բարեկամս,— ասաց նրան Գենդալֆը,— դու արշավում էիր սիրելի նժույգիդ հեծած ու սխրանքներ գործում Ռոհանի դաշտերում, իսկ նա՝ ծնված սպասուհու մարմնում, ուներ քեզանից ոչ պակաս խիզախ սիրտ ու ամուր ոգի։ Սակայն նա ստիպված էր հոգ տանել ծերունու մասին, որին սիրում էր հոր պես, և տեսնել, թե ինչպես է նա օրեցոր ծերանում կախարդանքից ու ընկնում անպատիվ վիճակի մեջ։ Նա իրեն նվաստացած էր զգում և պակաս պետքական, քան գավազանը, որին հենվում էր Թեոդենը։ Կարծում ես, Օձալեզվի թույնը թունավոր էր միայն թագավորի ականջների համա՞ր։ «Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես խմում ու կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ»։ Հիշու՞մ ես այս բառերը։ Սա ասում էր Սարումանը, Օձալեզվի ուսուցիչը։ Չեմ կասկածում, որ Օձալեզուն ավելի խորամանկ ու շրջահայաց է արտահայտվել։ Իսկ քո քույրը լռել է քեզ սիրելով, պարտքի զգացմունքից ելնելով, այլապես դուք նրա շրթունքներից շատ դաժան բաներ կարող էիք լսել։ Բայց ով գիտե, թե ինչ է խոսել նա խավարում, մենակ, գիշերվա դառը ժամերին, երբ իր ապրած ողջ կյանքը թվում էր անիմաստ, իսկ սենյակը՝ վանդակ, և ինքն այդ վանդակում փակված։  Էոմերը լռեց ու նայեց քրոջը՝ խորհելով ասվածի շուրջ և վերհիշելով անցած տարիների համատեղ կյանքի օրերը։ Իսկ Արագորնն ասաց․ Ես տեսել եմ նույնը՝ ինչ որ դու, Էոմեր։ Եվ հավատա՝ ճակատագրի հարվածներից չկա ավելի դառը ու ամոթալի հարված տղամարդու համար՝ քան զգալ հրաշագեղ ու քաջ մի կնոջ սերը և չկարողանալ պատասխանել դրան։ Վիշտն ու խղճահարությունը հետևում են ինձ այն ժամանակից ի վեր, ինչ ես թողեցի նրան Դունհորոում՝ խորը հուսահատության մեջ, և գնացի Մեռածների Արահետով։ Եվ այդ ճանապարհի հանդեպ վախն ավելի փոքր էր, քան այն վախը, որ կարող էր ինչ-որ բան պատահել նրան։ Բայց այնուամենայնիվ, կասեմ քեզ, Էոմեր, որ նա քեզ ավելի շատ է սիրում քան ինձ, որովհետև նա գիտե քեզ և սիրում է գիտենալով, իսկ իմ մեջ նա սիրում է միայն ստվեր ու երազանք՝ հույս փառքի ու մեծ գործերի, Ռոհանի դաշտերից հեռու երկրներում։ Գուցե և ես կարողանամ բժշկել նրա մարմինն ու վերադարձնել նրան խավարի հովտից։ Սակայն ի՞նչ է նրան սպասվում արթնանալուց հետո․ հույս, մոռացում, թե հուսահատություն՝ այդ ես չգիտեմ։ Եթե հուսահատություն, ապա նա կմեռնի, եթե չլինի այլ բուժում, որովհետև ես ի զորու չեմ նրան բուժել, ավա՜ղ։ Եվ դա մեծ կորուստ կլինի, զի իր կատարած սխրանքով նա իրեն պսակել է մեծ փառքով ու իր արժանի տեղը գրավել ամենահռչակավոր թագուհիների շարքում։  Եվ Արագորնը կռացավ ու նայեց նրա դեմքին, և այն իսկապես շուշանի պես ճերմակ էր, սառույցի պես սառը և քարի պես կարծր։ Բայց նա համբուրեց նրա ճակատը և մեղմ կանչեց նրան՝ ասելով․ — Էովին, Էոմունդի դուստր, արթնացիր․ քո թշնամին ջախջախված է։ Աղջիկը չշարժվեց, բայց սկսեց խորը շնչել, այնպես, որ նրա կուրծքը ծածկոցի տակ բարձրացավ ու իջավ։ Եվ նորից Արագորնը ացելասի երկու տերև տրորեց ու գցեց եռման ջրի մեջ․ և դրանով լվաց նրա ճակատն ու աջ ձեռքը՝ անկենդան և սառը ընկած ծածկոցի վրա։  Կամ Արագորնն իսկապես տիրապետում էր հինավուրց Արևմուտքի մոռացված ինչ-որ հմայանքի, կամ Էովինի մասին ասված խոսքերը ներգործեցին ներկաների վրա, բայց երբ սենյակում տարածվեց արքայատերևի հրաշալի բույրը, բոլորին թվաց, թե պատուհանից քամի փչեց, թարմ, նորածին ու մաքուր, ասես դեռ ոչ մի կենդանի արարած չէր շնչել այդ օդը, և եկել էր այն աստղային գմբեթի տակ պսպղացող ձյունապատ բարձր լեռներից, կամ հեռավոր արծաթափայլ ափերից, որ լվացվում են փրփուրի ծովերով։ — Արթնացի՛ր, Էովին, Ռո՛հանի դուստր,— կրկնեց Արագորնը։ Նա բռնեց նրա աջ ձեռքը և զգաց, թե ինչպես է այն տաքանում ու կյանքի վերադառնում։ — Արթնացիր, ստվերը հեռացավ, և աշխարհը լվացվեց խավարից։ — Հետո նա աղջկա ձեռքը դրեց Էոմերի ձեռքի մեջ ու հետ գնաց։ — Կանչիր նրան,— ասաց նա և անշշուկ դուրս եկավ սենյակից։  — Էովի՛ն, Էովի՛ն,— կանչեց Էոմերը արցունքների միջից։ Եվ նա բացեց աչքերն ու ասաց․ — Էոմե՛ր, սա ի՞նչ երջանկություն է։ Նրանք ասում էին, որ դու սպանված ես․․․ Բայց ոչ, դրանք ընդամենը մութ ձայներ էին երազում։ Եվ երկա՞ր եմ ես քնել։ — Ոչ, քույր իմ, ոչ այնքան,— պատասխանեց Էոմերը։ — Մի մտածիր այլևս այդ մասին։ — Ես տարօրինակորեն հոգնած եմ,— ասաց աղջիկը։ — Երևի պետք է հանգստանամ։ Բայց ասա․ ի՞նչ եղավ Մարկի թագավորին։ Ավա՜ղ, մի ասա, որ երազ էր, որովհետև ես գիտեմ, որ դա այդպես չէ։ Նա մեռած է, ինչպես և կանխագուշակում էր։ — Նա մեռած է,— հաստատեց Էոմերը,— բայց ինձ խնդրեց իր փոխարեն հրաժեշտ տալ քեզ և ասել, որ իր համար հարազատ աղջկանից էլ թանկ էիր։ Նա այժմ մեծ պատվով պառկած է Գոնդորի Միջնաբերդի գահադահլիճում։  — Տխուր է ինձ համար այդ լսելը,— ասաց աղջիկը։ — Բայց նաև ուրախալի է, որովհետև այդպիսի փառավոր մահվան մասին ես նույնիսկ չէի համարձակվում հուսալ այն մութ օրերին, երբ թվում էր, թե Էորլի տունն ավելի անպատիվ է դարձել, քան որևէ հովվական խրճիթ։ Իսկ ինչպե՞ս է թագավորի զինակիր այն կոլոտիկը։ Դու պետք է նրան Ռոհիրմների ասպետի կոչում տաս, Էոմեր, իր քաջության համար։ — Նա այս Տանն է, պառկած է մեկ այլ սենյակում, ես հիմա գնում եմ նրա մոտ,— ասաց Գենդալֆը։ — Էոմերը կմնա քեզ հետ, բայց չխոսեք պատերազմի ու վշտի մասին, քանի դեռ չես առողջացել։ Մեծ ուրախություն է՝ տեսնել որ դու արթնացել ես ու շուտով կլինես առողջ ու հույսով լի, ո՜վ քաջ օրիորդ։ — Առո՞ղջ,— կրկնեց Էովինը։ — Առողջ՝ այո, համենայն դեպս քանի դեռ կա ինչ-որ հեծյալի դատարկ թամբ, որը ես կարող եմ զբաղեցնել ու գործեր, որ ես կարող եմ անել։ Բայց հույսով լի՞։ Չգիտեմ։ Գենդալֆն ու Փիփինը գնացին Մերիի սենյակ և գտան այնտեղ Արագորնին, մահճակալի մոտ կանգնած։  — Խեղճ ծերուկ Մե՛րի,— ճչաց Փիփինն ու վազեց նրա մահճակալի մոտ։ Նրան թվաց, թե իր ընկերոջ վիճակն ավելի է վատացել՝ նրա դեմքը գորշացել էր, ասես պատվել տարիների վշտի ծանրությամբ, և հանկարծ Փիփինը սարսափեց, որ նա կմեռնի։ — Մի վախեցիր,— ասաց Արագորնը։ — Ես ժամանակին եկա ու հասցրի նրան հետ կանչել։ Նա շատ հոգնած է ու լցված վշտով։ Եվ նա նույնպես Էովինի պես վիրավոր է, որովհետև համարձակվել է հարվածել մահացու ուրվականին։ Բայց այդ չարիքը հնարավոր է շտկել, որովհետև նա ուժեղ և զվարթ հոգի ունի։ Վիշտը չի մոռացվի, բայց և չի մթագնի նրա սիրտը, փոխարենը կիմաստացնի նրան։ Արագորնը ձեռքը դրեց Մերիի գլխին, զգուշորեն շոյեց նրա գանգուրները և դիպավ կոպերին՝ կանչելով նրան անունով։ Եվ երբ ացելասի բույրը տարածվեց սենյակում, ինչպես արևի տակ տարածված մեղուներով լի մրգատու այգիների ու հավամրգու բույրը, հանկարծ Մերին արթնացավ ու ասաց․ — Սոված եմ։ Ժամը քանի՞սն է։ — Ընթրիքի ժամն անցել է,— պատասխանեց Փիփինը։ — Բայց ես, թերևս, վազեմ քեզ համար մի բան բերեմ, եթե կտան։ — Կտան, կտան,— հանգստացրեց Գենդալֆը։ — Ինչպես նաև ցանկացած այլ բան, որ կարող է ցանկանալ այս ռոհանցի հեծյալը,եթե այն կարելի է գտնել Մինաս Թիրիթում, որտեղ նրա անունը փառքով է պսակված։  — Այ դա լավ է,— ասաց Մերին։ — Էդ դեպքում ես սկզբում ընթրիք եմ ուզում, իսկ հետո՝ ծխամորճ։ — Բայց հանկարծ նրա դեմքը մթագնեց։ — Ո՛չ, ո՛չ մի ծխամորճ, ես երևի էլ երբեք ծխամորճ չեմ ծխի։ — Էդ ինչու՞, որ,— զարմացավ Փիփինը։ — Դե,— դանդաղ ասաց Մերին,— որովհետև նա մեռած է։ Ես ամեն ինչ հիշեցի։ Նա ասաց, որ ցավում է, որ ժամանակ չունեցավ ինձ հետ խոսելու ծխատերևների մասին։ Դա գրեթե վերջին բանն էր, որ նա ասաց։ Ես էլ երբեք չեմ կարող ծխել՝ առանց հիշելու նրան ու այն օրը, երբ նա մոտեցավ Իզենգարդի դարպասին ու այդքան սիրալիր խոսեց մեզ հետ։ — Ուրեմն ծխիր ու մտածիր նրա մասին,— խորհուրդ տվեց Արագորնը։ Որովհետև նա քնքուշ սիրտ ուներ ու մեծ թագավոր էր, և նա պահեց իր երդումները և դուրս եկավ ստվերից, և հրաշալի էր նրա վերջին առավոտը։ Թեև քո ծառայությունը կարճ տևեց, բայց դու պետք է այն հիշես ուրախությամբ ու հպարտությամբ՝ մինչև քո օրերի վերջը։  Մերին ժպտաց։ — Դե ուրեմն, թող Պանդուխտն ինձ ծխատերև ու ծխամորճ տա, իսկ ես կծխեմ ու կմտածեմ,— ասաց նա։ — Իմ ուղեպարկում Սարումանի լավագույն պահուստներից մնացած ծխատերև կար, բայց թե ինչ եղավ այն ճակատամարտի ժամանակ՝ չգիտեմ։ — Պարոն Մերիադոք,— ասաց Արագորնը,— եթե կարծում ես, որ ես անցել եմ լեռները և կրակով ու սրով ճանապարհ հարթել դեպի Գոնդորի տիրույթներ, որ ծխատերև բերեմ մի ցրված ռազմիկի համար, ով կորցրել է իր ուղեպարկը, ապա սխալվում ես։ Եթե ուղեպարկդ չգտնվի, դիմիր այստեղի խոտագիտակին։ Նա կասի քեզ, որ քո ուզած բույսը ոչ մի օգտակար հատկություններ չունի՝ ինչքան որ ինքը գիտե, և որ հասարակ ժողովուրդը դրան անվանում է արևմտյան խոտ, իսկ գիտակները կոչում են գալենաս, իսկ ավելի ազնվական լեզուներով կոչվում է այսպես ու այնպես, հետո քեզ համար մոռացված առակ կարտասանի, որի իմաստն ինքն էլ չի հասկանում, և վերջում ցավով կտեղեկացնի, որ դրանից այս Տանը չկա ու կհեռանա՝ թողնելով քեզ խորհելու լեզուների ծագումնաբանության մասին։ Եվ ես նույնպես քեզ պետք է թողնեմ, որովհետև չեմ քնել այսպիսի փափուկ անկողնում Դունհորոուից դուրս գալուց ի վեր ու երեկ երեկոյից ոչ մի բան բերանս չեմ դրել։  Մերին բռնեց նրա ձեռքն ու համբուրեց։  — Ներիր, խնդրում եմ,— ասաց նա։ — Գնա անմիջապես, հանգստացիր։ Բրիի էն գիշերից հետո կպել ենք քեզ ու պոկ չենք գալիս։ Բայց մենք՝ հոբիթներս էդպիսին ենք, ինչ կարող ես անել․ լուրջ պահերին միշտ անհեթեթ բաներ ենք ասում։ Վախենում ենք ավելին ասել։ Երբ կատակելու տեղ չկա, մենք չգիտենք, թե ինչ խոսել։ — Ես այդ հիանալի գիտեմ, դրա համար էլ պատասխանում եմ քեզ նույն կերպով,— պատասխանեց Արագորնը։ — Թո՛ղ որ Հոբիթստանի կենսուրախ ոգին երբեք չմարի։  Եվ նա, Մերիին համբուրելով, Գենդլաֆի հետ դուրս եկավ։ Փիփինը մնաց ընկերոջ մոտ։ — Տեսնես նրա նման մեկ ուրիշը կա՞,— ասաց նա։ — Բացի Գենդալֆից, իհարկե։ Ինձ թվում է, նրանք պետք է ազգականներ լինեին։ Իմ թանկագին ավանակ, քո ուղեպարկը դրված է մահճակալիդ կողքին, և այն քո մեջքին էր, երբ ես քեզ հանդիպեցի։ Էս ամբողջ ժամանակ Պանուխտը տեսնում էր այն, իհարկե։ Եվ առհասարակ, ինձ մոտ էլ է ինչ-որ բան պահպանվել։ Վերցրու, Խորահովտի տերև է։ Լցրու ծխամորճդ, իսկ ես գնամ ուտելու բան փնտրեմ։ Հետո մեզ համար կհանգստանանք՝ հերիք է․ մենք՝ Տուկերս ու Բրենդիբաքերս, սովոր չենք բարձունքներում երկար ապրել։ — Հա, սովոր չենք,— ընդունեց Մերին։ — Համենայն դեպս առայժմ։ Բայց հիմա մենք գոնե տեսնում ենք էդ բարձունքներն ու հարգանք տածում դրանց նկատմամբ, ճի՞շտ է։ Բայց սկսզբում պետք է սիրել այն, ինչին ձգվում է սիրտդ, ունենալ ինչ-որ արմատներ, իսկ Հոբիթստանի հողը խորն է։ Այնուամենայնիվ ավելի խորը և ավելի բարձր բաներ կան, որոնք, եթե չլինեին, ոչ մի Ծերուկ չէր կարողանա հոգ տանել իր պարտեզի մասին ու սքանչանալ աշխարհով, թեև ինքն էդ մասին ոչինչ չգիտի։ Ես ուրախ եմ, որ մի փոքր գիտեմ էդ բաների մասին։ Բայց չեմ հասկանում, թե էս ինչի էսպես խորացա։ Տուր էստեղ էդ տերևը։ Եվ տոպրակիցս հանիր ծխամորճս, եթե ջարդված չէ։ Արագորնն ու Գենդալֆը գնացին Բժշկման Տների գլխավորի մոտ և խորհուրդ տվեցին նրան դեռ մի քանի օր պահել Ֆրամիրին ու Էովինին և հոգ տանել նրանց մասին։ — Օրիորդ Էովինը,— ասաց Արագորնը,— շուտով կուզենա վեր կենալ ու հեռանալ այստեղից, բայց դուք չպետք է թույլ տաք նրան այդ անել․ փորձեք ինչ-որ կերպ պահել նրան գոնե տասը օր։ — Ինչ վերաբերում է Ֆարամիրին,— շարունակեց Գենդալֆը,— նա շուտով կիմանա, որ իր հայրը մահացել է։ Բայց Դենեթորի խելագարության մասին ամբողջ պատմությունը պետք չէ նրան պատմել, քանի դեռ նա բավականաչափ չի ապաքինվել և չի անցել իր պարտականությունների կատարմանը։ Ուշադիր եղեք, որ Բերեգոնդն ու փերիանը՝ ականատեսները, բերանները փակ պահեն։ — Իսկ ինչպե՞ս վարվենք մյուս փերիանի՝ Մերիադոքի հետ, որ նույնպես պառկած է այստեղ,— հարցրեց գլխավորը։ — Նա, երևի, առավոտյան արդեն կուզենա վեր կենալ,— պատասխանեց Արագորնը։ — Եթե ուզենա՝ թույլ կտաք։ Թող զբոսնի իր ընկերների հետ։  — Զարմանալի ժողովուրդ են,— գլուխն օրորեց գլխավորը,— և զարմանալիորեն ամուր են։ Տների դռան մոտ արդեն շատերն էին հավաքվել՝ տեսնելու Արագորնին, և գնացին նրա հետևից։ Երբ նա վերջապես ընթրեց, մարդիկ եկան ու խնդրեցին, որ նա բժշկի իրենց հարազատին կամ բարեկամին, ովքեր վիրավոր էին կամ հիվանդ Սև Թուլությունով։ Եվ վեր կացավ Արագորնը ու դուրս եկավ, և ուղարկեց Էլրոնդի որդիների հետևից, և նրանք միասին մինչև ուշ գիշեր աշխատում էին։ Եվ Քաղաքով մեկ թռչում էր լուրը, որ Արքան իսկապես վերադարձել է։ Եվ նրան անվանեցին Էլֆական Քար՝ կանաչ բյուրեղի պատճառով, որ նա կրում էր, և այդպիսով, անունը, որ նախագուշակվել էր նրա ծննդյան ժամանակ, ընտրվեց հենց իր ժողովրդի կողմից։ Եվ երբ այլևս ի վիճակի չէր աշխատել, նա փաթաթվեց իր թիկնոցի մեջ ու դուրս եկավ Քաղաքից, և լուսաացից առաջ մի փոքր քնեց իր վրանում։ Իսկ առավոտյան աշտարակի վրա ծածանվեց Դոլ Ամրոթի զինադրոշը՝ ճերմակ նավը կապույտ ջրում, նման կարապի, և մարդիկ նայում էին վերև՝ մտածելով․ «Միթե երազ էր Արքայի վերադարձը»։ ====Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը==== Ճակատամարտի հաջորդ առավոտը պարզ էր, երկնքում թեթև ամպեր էին լողում, և քամին փոխվել ու փչում էր արևմուտքից։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits