Changes

Ռոբինզոն Կրուզո

Ավելացվել է 299 809 բայտ, 21:14, 30 Հունիսի 2013
:    «Ավելի լավ է ինձ համար նոր նավ կառուցեմ, ― մտածում էի ես, ― իսկ նախկին մակույկը թող մնա այնտեղ, որտեղ գտնվում է այժմ։ Նրա հետևից գնալը վտանգավոր է։ Ծովի այն ափերին մարդակեր վայրենիները կարող են հարձակվել ինձ վրա և անկասկած, կհոշոտեն ինձ, ինչպես իրենց գերիներին են հոշոտում»։
:    Բայց անցավ էլի մոտ մեկ տարի, և ես վերջ ի վերջո որոշեցի այնտեղից դուրս բերել իմ մակույկը։ Չէ՞ որ նորը շինելը շատ դժվար էր։ Բացի այդ, նոր մակույկը կարող էր պատրաստ լինել միայն երկու֊երեք տարուց հետո, իսկ մինչ այդ առաջվա պես զրկված պետք է լինեի ծովում նավարկելու հնարավորոյթյունից։
 
==Տասնութերորդ գլուխ==
::::Վայրենիները նորից այցելում եմ Ռոբինզոնի կղզին։ Նավի խորտակումը
 
:    Վրա հասավ դեկտեմբեր ամիսը, հարկավոր էր բերքը հավաքել։ Աշխատում էի առավոտից մինչև երեկո։ Մի օր տանից դուրս եկա շատ վաղ, երբ դեռ բոլորովին չէր լուսացել, և ինձ շատ զարմացրեց և սարսափեցրեց այն, որ իմ քարանձավից ընդամենը երկու մղոն հեռավորության վրա, ծովափին տեսա մի մեծ խարույկի բոց։
:    Նշանակում է նորից վայրենիներ են երևացել իմ կղզում, և երևացել են ո՛չ այն ափին, ուր ես համարյա երբեք չէի լինում, այլ այստեղ, ինձանից ոչ հեռու։ Զարմանքից ու վախից քար կտրեցի։
:    Ես կանգ առա իմ տունը շրջապատող անտառում և չէի համարձակվում մի քայլ անել, վախենալով, թե որտեղ որ է՝ վայրենիների կհանդիպեմ։
:    Սակայն անտառում մնալն ինձ չէր հանգստացնում․ վախենում էի, որ եթե վայրենիներն սկսեն կղզում շրջել, կտեսնեն իմ մշակած հողերը, իմ այծերի հոտը, իմ բնակարանը, իսկույն կհասկանան, որ այստեղ մարդիկ են ապրում, և չեն հանգստանա, մինչև չգտնեն ինձ։ Դանդաղել չէր կարելի։ Ես շտապ վերադարձա, անցա ցանկապատի հետևը, սանդուխքը վերցրի, որպեսզի իմ հետքը կորցնեմ և սկսեցի պատրաստվել պաշտպանության։
:    Ես լցրի իմ հրետանին (այդպես էի անավանում իմ մուշկետոնները), զննեցի ու լցրի երկու ատրճանակներս և որոշեցի պաշտպանվել մինչև վերջին շունչս։
:    Մոտ երկու ժամ մնացի իմ ամրոցում, մտածելով, թե էլի ինչ ձեռնարկեմ ամրոցի պաշտպանության համար։
:    «Ափսոս, որ իմ ամբողջ զորքը բաղկացած է միայն մեկ մարդուց, ― մտածում էի ես։ Նույնիսկ լրտեսներ չունեմ, որոնց կարողանայի ուղարկել հետախուզության»։
:     Ինչ է կատարվում թշնամու ճամբարում․ ես չգիտեի։ Այդ անհայտությունը տանջում էր ինձ։ Վերցրի դիտափողս, սանդուխքը դեմ արի ժայռին և բարձրացա կատարը։ Այնտեղ փորիս վրա պառկեցի և դիտափողն ուղղեցի այն կողմը, ուր խարույկն էի տեսել։ Պարզվեց, որ վայրենիները տասը մարդուց պակաս չեն։ Նրանք բոլորովին մերկ նստած էին խարույկի շուրջը։
:    Իհարկե, խարույկը տաքանալու համար չէին վառել․ դրա կարիքը նրանք չունեին, որովհետև շոգ օր էր։ Համոզված էի, որ այդ խարույկի վրա նրանք ճաշ էին պատրաստում մարդկային մսից։ Որսը, անտարակույս, արդեն պատրաստ էր, բայց կենդանի էր թե սպանված՝ չիմացա։
:    Մարդակերները կղզի էին եկել երկու մակույկով, որոնք այժմ կանգնած էին ավազի վրա։ Տեղատվության ժամանակն էր, և իմ զարհուրելի հյուրերն, ըստ երևույթին, սպասում էին մակընթացությանը, որպեսզի հետ գնան։
:    Այդպես էլ եղավ․ հենց որ մակընթացությունն սկսվեց, վայրենիները նետվեցին մակույկները և գնացին։ Մոռացա ասել, որ մեկնելուց մեկ, մեկուկես ժամ առաջ նրանք պարում էին ծովափին․ իմ դիտափողի օգնությամբ լավ տեսնում էի նրանց վայրենի շարժումները և ցատկրտոցը։
:    Հենց որ համոզվեցի, որ վայրենիները հեռացան կղզուց ու անհետացան, ժայռի գլխից ցած իջա, երկու հրացանն էլ ուսս գցեցի, երկու ատրճանակները գոտիս խրեցի, վերցրի իմ մեծ թուրը և առանց ժամանակ կորցնելու գնացի դեպի այն բլուրը, որտեցից իմ առաջին դիտողություններն էի կատարում ծովափին մարդու հետք հայտնաբերելուց հետո։
:    Հասնելով այդտեղ (որ տևեց առնվազն երկու ժամ, որովհետև ես ծանրաբեռնված էի զենքերով), նայեցի ծովի կողմը և տեսա էլի երկու մակույկ, որոնց մեջ վայրենիներ էին նստած և կղզու կողմից թիավարում էին դեպի մայր ցամաքը։
:    Այս բանը ինձ սարսափեցրեց։ Վազեցի ծովափ և քիչ մնաց պիտի ճչայի զայրույթից, երբ տեսա հենց նոր տեղի ունեցած դաժան խնջույքի մնացորդները․ ամենուրեք թափված էին արյուն, մարդու ոսկորներ ու մսի մնացորդներ, որոնք կերել էին այդ մարդակերները՝ պարելով և ուրախանալով։
:    Ինձ այնպիսի զայրույթ համակեց, այնպիսի ատելություն զգացի այդ մարդասպանների նկատմամբ, որ իմ մեջ ցանկություն առաջացավ անողոքաբար վրեժ առնել նրանցից այդ արյունռուշտության համար։ Ինքս ինձ երդվեցի, որ հաջորդ անգամ, եթե նորից տեսնեմ իրենց գարշելի խնջույքը ծովի ափին, հարձակվեմ նրանց վրա և ոչնչացնեմ բոլորին, քանի հոգի էլ լինեն։
:    «Թող ես զոհվեմ անհավասար կռվի մեջ, թող նրանք հոշոտեն ինձ, ― ասում էի ինքս ինձ, ― բայց հո չեմ կարող հանդուրժել, որ իմ աչքի առաջ մարդիկ մարդ ուտեն և անպատիժ մնան»։
:    Սակայն անցավ տասնհինգ ամիս, բայց վայրենիները չէին երևում։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում իմ մեջ չէր մարում մարտական ոգին․ շարունակ մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է ոչնչացնեմ մարդակերներին։
:    Որոշել էի անակնկալ կերպով հարձակվել նրանց վրա, մանավանդ եթե դարձյալ բաժանված լինեն երկու խմբի, ինչպես վերջին անգամ էին արել։
:    Այն ժամանակ չէի մտածում, որ եթե նույնիսկ ոչնչացնեմ իմ կղզին եկած վայրենիներին (ասենք թե նրանք տասը֊տասներկու մարդ լինեն), ապա հաջորդ օրը, կամ մի շաբաթ հետո, կամ գուցե մեկ ամիս հետո ստիպված պիտի լինեմ գործ ունենալ նորանոր վայրենիների հետ։ Հետո նորից նոր խմբերի հետ, և այսպես անվերջ, մինչև որ ինքս էլ դառնամ նույնպիսի անողոք մարդասպան, ինչպիսին այդ թշվառ արարածները, որոնք իրենց եղբայրակիցների միսն են խժռում։
:    Տասնհինգ թե տասնվեց ամիս ես անցկացրի անընդհատ տագնապի մեջ։ Վատ էի քնում, ամեն գիշեր սոսկալի երազներ էի տեսնում և հաճախ անկողնուց դուրս էի թռչում ամբողջովին դողալով։
:    Երբեմն ինձ թվում էր, թե կոտորում եմ վայրենիներին, և երազումս վառ պատկերացնում էի կռվի բոլոր մանրամասնությունները։ Ցերեկն էլ ոչ մի րոպե հանգիստ չունեի։ Շատ հնարավոր է, որ հոգեկան այդպիսի անհանգիստ վիճակը վերջ ի վերջո ինձ կհասցներ ցնորամտության, եթե հանկարծ տեղի չունենար մի դեպք, որն անմիջապես իմ մտքերն ուղղեց ուրիշ կողմ։
:    Այդ բանը տեղի ունեցավ կղզում գտնվելուս քսանչորսերորդ տարին, մայիսի կեսին, եթե հավատալու լինեք իմ փայտե օրացույցին։
:    Մայիսի 16֊ի ամբողջ օրը զարհուրելի փոթորիկ էր, որոտում էր շանթը, փայլատակում էին կայծակները, մրրիկը ոչ մի րոպե չէր մեղմանում։ Ցերեկվան փոխարինեց նույնպիսի փոթորկալից գիշերը։ Ուշ երեկոյան գիրք էի կարդում, աշխատելով մոռացության տալ իմ անհանգիստ վիճակը։ Հանկարծ թնդանոթի կրակոց լսեցի։ Ինձ թվաց, թե կրակոցը եկավ ծովի կողմից։
:    Վեր թռա տեղիցս, իսկույն սանդուխքս դեմ տվի ժայռին և աշխատելով թանկագին ժամանակից ոչ մի վարկայն չկորցնել՝ աստիճաններով վեր բարձրացա։ Ճիշտ այն րոպեին, երբ արդեն լեռան գագաթին էի, իմ առջև հեռու ծովում մի կրակ փայլատակեց, և իրոք, կես րոպե չանցած լսվեց թնդանոթի երկրորդ կրակոցը։
:    «Ծովում նավ է խորտակվում, ― ասացի ինքս ինձ։ ― Նա ազդանշան է տալիս, հույս ունի, որ փրկության կհասնեն։ Երևի մոտերքում որևէ ուրիշ նավ էլ կա, որին օգնության են կանչում»։
:    Ես հուզվեցի ու այլայլվեցի, սակայն ամենևին չշփոթվեցի և անմիջապես մտածեցի, որ թեև ուժ չունեմ այդ մարդկանց օգնելու, բայց կարող է պատահել, որ նրանք ինձ օգնեն։ Անմիջապես հավաքեցի մոտերքում եղած չոր փայտերը և վառեցի։ Չնայած ուժեղ քամուն՝ չոր փայտը շուտով բորբոքվեց և այնպիսի թեժ խարույկ ստացվեց, որ նավից, եթե միայն դա իրոք նավ էր, չէին կարող չնկատել իմ ազդանշանը։ Եվ, անտարակույս, իմ կրակը նկատեցին, որովհետև, հենց որ բոցը բարձրացավ, նորից ու նորից թնդանոթի կրակոցներ լսվեցին շարունակ միևնույն կողմից։
:    Ամբողջ գիշերը, մինչև առավոտ կրակը վառ էի պահում, իսկ երբ բոլորովին լուսացավ, և լուսադեմի մշուշը փոքր֊ինչ ցրվեց, ծովում, ուղիղ արևելյան կողմում տեսա մի ինչ֊որ մուգ բան։ Սակայն նույնիսկ դիտափողով չկարողացա որոշել, թե դա նավի իրա՞նն էր, թե՝ առագաստը, որովհետև շատ հեռու էր, իսկ ծոովը դեռ թողված էր մշուշի մեջ։
:    Ամբողջ առավոտը դիտում էի ծովում երևացող առարկան և շուտով համոզվեցի, որ անշարժ է։ Մնում էր ենթադրել, թե դա խարիսխ գցած նավ է։
:    Ես չդիմացա, վերցրի հրացանս, դիտափողս և վազեցի դեպի հարավ֊արևելյան ափը, այնտեղ, ուր սկսվում էր ծովի մեջ խորացող քարաժայռերի շարքը։
:    Մառախուղն արդեն ցրվել էր, և, բարձրանալով մոտակա ժայռի գագաթը, կարողացա նկատել, որ դա խորտակաված նավի իրան է։ Սիրտս կծկվեց ցավից։ Հավանորեն դժբախտ նավը գիշերը զարկվել էր ստորջրյա ժայռերին և կանգ առել այնտեղ, որտեղ այդ ժայռերը փակում էին ծովային հոսանքի ուղին։ Դրանք այն նույն ժայռերն էին, որոնք մի ժամանակ մահ էին սպառնում ինձ։
:    Եթե նավաբեկյալները կղզին նկատեին, ամենայն հավանականությամբ մակույկները կիջեցնեին և կփորձեին ափ հասնել։
:    Բայց ինչու՞ նրանք թնդանոթ արձակեցին իմ խարույկը վառվելուն պես։
:    Գուցե խարույկը տեսնելով նրանք ջուրն են իջեցրել փրկարար նավակը և սկսել են թիավարել դեպի ափը, բայց չեն կարողացել հաղթահարել կատաղի փոթորիկը և խեղդվել են ալիքների մեջ։ Կամ գուցե դեռ նավաբեկումից առաջ նրանք մնացել են առանց մակույկների։ Չէ՞ որ փոթորկի ժամանակ պատահում է, երբ նավն սկսում է սուզվել,մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ ցած թափել, որպեսզի նավը թեթևանա, երբեմն գցում են նույնիսկ մակույկները։ Գուցե այդ նավը մենակ է եղել։ Գուցե նրա հետ ծովում էլի երկու֊երեք նավ են եղել և ազդանաշանը լսելով՝ մոտեցել են անբախտ ընկերոջը և նրա անձնակազմը վերցրել են իրենց նավը։ Ասենք այդ հազիվ թե պատահած լիներ, քանի որ ուրիշ ոչ մի նավի հետք չտեսա։
:    Բայց ինչ բախտ էլ վիճակված լիներ տարաբախտներին, օգնել չէի կարող, կարող էի միայն ողբալ նրանց կործանումը։
:    Ես խճում էի և՛ նրանց, և՛ ինձ։
:    Այդ օրը առաջվանից ավելի տանջալից կերպով զգացի իմ մենակության ամբողջ սարսափը։ Հենց որ նավը տեսա, իսկույն հասկացա, թե որքան եմ կարոտել մարդկանց, որքան ուժեղ եմ ցանկանում տեսնել նրանց դեմքը, լսել նրանց ձայնը, սեղմել նրանց ձեռքերը, խոսել նրանց հետ։ Իմ կամքից անկախ շարունակ կրկնում էի․ «Ախ, եթե գոնե երկու֊երեք մարդ, կամ թեկուզ մեկ մարդ նրանցից լող տված լիներ դեպի իմ կղզին ու ազատված։ Նա կլիներ իմ ընկերն ու բարեկամը, և ես կկարողանայի նրա հետ բաժանել իմ և՛ ուրախությունը, և՛ վիշտը։
:    Մենակության տարիների ընթացքում ես ոչ մի անգամ մարդ տեսնելու այդպիսի բուռն ցանկություն չէի ունեցել։
:    ― Ախ, գոնե մեկը։ Ախ, եթե գոնե մեկը փրկված լիներ․․․ ― կրկնում էի ես հազար ու հազար անգամ։
:    Եվ այս բառերն իմ մեջ այնպիսի թախիծ էին առաջացնում, որ ես ջղաձգաբար սեղմում էի իմ բռունցքները ու ատամները, այնքան ամուր, որ հետո երկար ժամանակ բացել չէի կարողանում։
 
==Տասնիններորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը նորից փորձում է հեռանալ իր կղզուց
 
:    Կղզու վրա մնալու մինչև վերջին օրը այդպես էլ չիմացա, խորտակված նավից որևէ մարդ ազատվե՞ց, թե ոչ։
:    Նավի կործանումից մի քանի օր հետո խորտակված տեղի դիմաց ծովափին գտա մի խեղդված պատանու դիակ։ Ես նրան նայում էի անկեղծ վշտով։ Նա այնպե՛ս դուրեկան, միամիտ մանկական դեմք ուներ։ Գուցե, եթե կենդանի մնացած լիներ, կսիրեի նրան և իմ կյանքը շատ ավելի երջանիկ կանցներ։
:    Սակայն պետք չէ շատ մորմոքվել այն բանի համար, ինչ անցած է անդառնալիորեն։ Ես երկար շրջեցի ծովափին, ապա նորից մոտեցա ջրահեղձին։ Նրա հագին քաթանե կարճ վարտիք էր, կապույտ քաթանե շապիկ և նավաստիական բաճկոն։ Ոչ մի նշանով չէր կարելի որոշել նրա ազգությունը․ գրպաններում գտնվեցին երկու ոսկեդրամ և մի ծխամորճ, ուրիշ ոչինչ։
:    Փոթորիկը դադարել էր, և ես շատ էի ուզում մակույկը վերցնել ու հասնել խորտակված նավին։ Չէի կասկածում, որ այնտեղ շատ օգտակար բաներ կգտնեմ, որոնք պետք կգան։ Սակայն ինձ հրապուրողը միայն այդ չէր․ ամենից ավելի ինձ հուզում էր այն միտքը, թե կարող է նավի վրա մնացած լինի որևէ կենդանի էակ, որի կյանքը կփրկեմ ես։
:    «Եվ եթե նրան փրկեմ, ― ասում էի ինքս ինձ, ― իմ կյանքը շատ ավելի ուրախ ու պայծառ կդառնա»։
:    Այս միտքը համակեց իմ ամբողջ էությունը․ զգում էի, որ գիշեր ու ցերեկ հանգիստ չեմ ունենա, մինչև չգնամ խորտակված նավը։ Եվ ինքս ինձ ասացի․
:    «Ինչ ուզում է լինի, պիտի փորձեմ գնալ այնտեղ։ Ինչ գնով էլ լինի, պետք է ծով դուրս գամ, եթե չեմ ուզում, որ խիղճս տանջի ինձ»։
:    Այս որոշումով էլ շտապեցի վերադառնալ իմ ամրոցը և սկսեցի պատրաստվել դժվարին ու վտանգավոր ուղևորության։
:    Հետս վերցրի հաց, մի մեծ կուժ ջուր, մի շիշ ռոմ, մի զամբյուղ չամիչ և մի կողմնացույց։ Այդ ամբողջ թանկարժեք բեռը շալակելով գնացի այն ափը, որտեղ իմ մակույկն էր գտնվում։ Մակույկի միջի ջուրը դուրս թափելով, բոլոր իրերը դարսեցի մեջը և վերադարձա նոր բեռ բերելու։ Այս անգամ հետս վերցրեցի մի մեծ պարկ բրինձ, մի մեծ կուժ ջուր, մի երկու տասնյակ գարու բլիթ, մի շիշ այծի կաթ, մի կտոր պանիր և հովանոցս։
:    Այս ամենը մեծ դժվարությամբ հասցրի մակույկս և ծով դուրս եկա։ Սկզբում առաջ էի գնում թիավարելով և աշխատում էի հնարավորին չափ ափին մոտ մնալ։ Հասնելով կղզու հյուսիս֊արևելյան ծայրին, երբ հարկավոր էր առագաստը բանալ ու բաց ծովը մտնել, կանգ առա վարանմունքի մեջ։
:    «Գնա՞լ, թե՝ ոչ», ― հարցնում էի ինքս ինձ։
:    Նայեցի ծովային արագընթաց հոսանքին, որը պտտվում էր կղզու կողքով, հիշեցի, թե ինչպիսի վտանգի ենթարկվեցի իմ առաջին ուղևորության ժամանակ, և վճռականությունս քիչ֊քիչ թուլացավ։ Այստեղ երկու հոսանքները միանում էին, և ես տեսնում էի, որ հոսանքներից, որի մեջ էլ ընկնելու լինեմ, ինձ տանելու է շատ հեռու, դեպի բաց ծովը։
:    «Ախր իմ մակույկն այնքան փոքրիկ է, ― ասում էի ինքս ինձ, ― որ ամենափոքր քամու դեպքում էլ իսկույն կուլ կգնա ալիքներին, և այն ժամանակ մահն անխուսափելի է ինձ համար»։
:    Այս մտքերի ազդեցության տակ բոլորովին երկչոտացա և արդեն պատրաստ էի հրաժարվելու իմ ձեռնարկությունից։ Մտա մի փոքրիկ ծովախորշ, ափ դուրս եկա, նստեցի մի քարի վրա և խոր մտքերի մեջ ընկա, չիմանալով թե ինչ անեմ։
:    Սակայն շուտով մակընթացություն սկսվեց, և ես տեսա, որ դրությունս այնքան էլ վատ չէ․ պարզվեց, որ տեղատվության հոսանքը գնում է կղզու հարավային կողմից, իսկ մակընթացությունը՝ հյուսիսային կողմից, այնպես որ, եթե խորտակված նավից վերադառնալիս ուղղություն վերցնեմ դեպի կղզու հյուսիսային ափը, ողջ ու անվնաս կմնամ։
:    Նշանակում է՝ վախենալու բան չկա։ Նորից սիրտ առա և որոշեցի մյուս օրը լուսսաբացին ծով դուրս գալ։
:    Գիշերը վրա հասավ։ Ես գիշերեցի մակույկի մեջ, ծածկվելով նավաստիական բուշլատով, իսկ առավոտյան ճանապարհ ընկա։
:    Սկզբում ուղղվեցի դեպի բաց ծովը, ուղիղ դեպի հյուսիս, մինչև որ ընկա դեպի արևելք տանող հոսանքի մեջ։ Հոսանքն ինձ շատ արագ տարավ, և երկու ժամ չանցած՝ արդեն նավի մոտ էի։
:    Մռայլ տեսարան բացվեց իմ աչքի առաջ։ Նավը (որ ըստ երևույթին իսպանական էր) խրվել էր երկու ժայռերի արանքը։ Նավախելը փշրվել էր, անվնաս էր մնացել միայն քիթը։ Ե՛վ միջնակայմը, և՛ առաջակայմը կտրված էին մինչև հիմքը։
:    Երբ նավակողին մոտեցա, տախտակամածի վրա մի շուն երևաց։ Ինձ տեսնելով, նա սկսեց ոռնալ ու վնգստալ, իսկ երբ նրան կանչեցի, նետվեց ջուրը և լողալով հասավ ինձ։ Նրան մակույկի մեջ առա։ Նա ծարավից ու քաղցից սատկում էր։ Մի կտոր հաց տվի, և նա այնպես հարձակվեց հացի վրա, ինչպես ձմեռվա քաղցած գայլ։ Երբ հացից կշտացավ, նրան ջուր տվի, և նա սկսեց այնպես ագահաբար լակել, որ երևի կպայթեր, թե թողնեի ուզածի չափ խմեր։
:    Հետո բարձրացա նավը։ Առաջին բանը, որ տեսա, երկու դիակ էին։ Նրանք ընկած էին մի խցիկում, ձեռքերով ամուր բռնած միմյանց։ Հավանաբար, երբ նավը խցկվել է երկու ժայռերի մեջ, վիթխարի ալիքները շարունակ հարվածել են նրան, որովհետև սոսկալի ուժեղ փոթորիկ էր, և այդ մարդիկ վախենալով, թե ալիքները իրենց կքշեն֊կտանեն, պինդ բռնել են միմյանց և այդ վիճակում էլ խեղդվել։ Ալիքներն այնքան բարձր են եղել և այնքան հաճախ են հարվածել տախտակամածին, որ փաստորեն նավը շարունակ ջրի տակ է եղել, և ում որ ջուրը չի տարել, նրանք էլ խեղդվել են նավախցերի մեջ։
:    Բացի շնից, նավի վրա ոչ մի կենդանի արարած չէր մնացել։
:    Իրերի մեծ մասը ջուրը նույնպես քշել տարել էր, իսկ մնացածներն էլ թրջվել էին։ Ճիշտ է, նավամբարում գինով թե օղիյով լի տակառներ կային, բայց այնքան խոշոր էին, որ տեղից շարժելու փորձ էլ չարի։
:    Կային էլի մի քանի սնդուկ, որոնք երևի պատկանում էին նավաստիներին։ Երկու սնդուկ տարա իմ մակույկը, նույնիսկ չփորձելով բանալ դրանք։ Եթե նավի քթի փոխարեն ողջ մնացած լիներ նավախելը, հավանորեն ինձ շատ բարիք կմնար, որովհետև նույնիսկ այդ երկու սնդուկում հետագայում հայտնաբերեցի շատ արժեքավոր իրեր։ Ըստ երևույթին նավը շատ հարուստ էր եղել։
:    Բացի սնդուկներից, նավի վրա գտա մի ինչ֊որ ոգելից խմիչքով լի տակառ։ Այդ տակառի պարունակությունը քսան գալլոնից ավելի չէր լինի, բայց և այնպես մեծ դժվարությամբ փոխադրեցի իմ մակույկը։ Նավասենյակում գտա մի հրացան և մի մեծ վառոդաման, բայց նրա մեջ մի չորս ֆունտ վառոդ կար։ Հրացանները թողի, որովհետև ինձ հարկավոր չէին, իսկ վառոդը վերցրի։ Վերցրի նաև ածուխի թիակը և բուխարու ունելին, որոնց կարիքը ես շատ էի զգում։ Վերցրի երկու հատ պղնձի կաթսա և մի պղնձե սրճաման։
:    Այս ամբողջ բեռը և շունը վերցնելով՝ ես հեռացա նավից, որովհետև արդեն մակընթացությունն սկսվում էր։ Միևնույն օրը գիշերվա ժամը մեկին մոտ կղզի վերադարձա ծայրահեղորեն հոգնած ու տառապած։
:    Որոշեցի իմ այս ավարը փոխադրել ոչ թե քարանձավ, այլ նոր քարայրը, որովհետև այն ավելի մոտիկ էր։ Գիշերը դարձյալ անցկացրի մակույկի մեջ, իսկ առավոտյան մի քիչ բան ուտելուց հետո բերած իրերս ափ հանեցի և սկսեցի մանրամասն զննել։ Տակառի մեջ ռոմ էր, բայց ճիշտն ասած՝ բավական վատը, շատ ավելի վատը, քան մենք խմում էինք Բրազիլիայում։ Բայց դրա փոխարեն սնդուկների մեջ շատ օգտակար և արժեքավոր իրեր գտա։
:    Նրանցից մեկի մեջ, օրինակ, կար մի շատ գեղեցիկ ուղետուփ։ Այդ տուփի մեջ շատ շշեր կային՝ գեղեցիկ, արծաթե խցաններով։ Յուրաքանչյուր շշի մեջ կլիներ առնվազն երեք պինտ հիանալի, բուրումնավետ լիկյոր։ Այնտեղ կար նաև չորս տուփ հիանալի անուշ՝ պատրաստված շաքարով։ Դժբախտաբար դրանցից երկուսը փչացել էին ծովի ջրից, բայց երկուսն այնպես ամուր էին փակված, որ նրանց մեջ ոչ մի կաթիլ չէր թափանցել։ Այդտեղ գտա նաև մի քանի բոլորովին նոր շապիկ, և այդ ինձ շատ ուրախացրեց։ Ապա գտա մեկ ու կես դյուժին գունավոր վզնոց և նույնքան սպիտակ քաթանե թաշկինակ, որ մեծ ուրախություն պատճառեց ինձ, որովհետև շատ հաճելի բան է շոգ օրերին քրտնած երեսը սրբել քաթանե նուրբ թաշկինակով։
:    Սնդուկի հատակում գտա երեք պարկ, որոնց մեջ կար դրամ և մի քանի կտոր ձուլածո ոսկի, որոնց քաշը կարծում եմ, կլիներ մոտ մեկ ֆունտ։
:    Մյուս սնդուկում կային բաճկոններ, վարտիկներ ու կամզոլներ, որոնք կարված էին էժանագին կտորից և բավական մաշված էին։
:    Պետք է խոստովանել, որ երբ գնում էի այդ նավը, կարծում էի, որ այնտեղ շատ ավելի օգտակար ու արժեքավոր իրեր կգտնեմ։ Ճիշտ է, բավական մեծ գումարով հարստացա, բայց չէ՞ որ փողը ինձ համար անպետք աղբ էր։ Իմ ամբողջ փողը սիրով կտայի երեք֊չորս զույգ ամենասովորական ոտնամանի և գուլպայի, որպիսիք ես վաղուց արդեն չէի ունեցել։
:    Այդ բոլոր իրերը մի հուսալի տեղ դարսելուց հետո նորից մակույկ նստեցի և ափի երկարությամբ թիավարելով՝ վերադարձա տուն։ Արդեն կեսգիշեր էր, երբ տեղ հասա։ Տանը ամեն ինչ կարգին էր, խաղաղ, հանգիստ ու հաճելի։ Թութակը սիրալիր խոսքով ողջունեց ինձ, իսկ ուլիկները վազեցին ինձ մոտ այնպես ուրախ, որ ես չէի կարող չփաղաքշել նրանց և համեղ հասկեր չտալ։
:    Այդ ժամանակից սկսած իմ երկյուղը կարծես թե չքացավ, և սկսեցի ապրել առաջվա պես հանգիստ, մշակելով իմ դաշտերը, խնամելով իմ կենդանիներին, որոնց հետ կապվեցի ավելի սիրով, քան առաջ էր։
:    Այսպես ապրեցի էլի մի երկու տարի լիովին գոհ ու առանց զրկանքների։ Բայց այդ երկու տարիների ընթացքում մտածում էի միայն այն մասին, թե ինչպես հեռանամ կղզուց։ Այն րոպեից, երբ տեսել էի ինձ փրկություն խոստացող նավը, իմ մենակությունն ավելի անտանելի էր դարձել ինձ համար։ Գիշեր֊ցերեկ երազում էի այս բանտից փախչելու մասին։ Եթե իմ տրամադրության տակ լիներ, ասենք, այնպիսի մի բարկաս, որով փախա մավրերի մոտից, առանց երկար ու բարակ մտածելու ծով դուրս կգայի, նույնիսկ չէի հոգա, թե ուր կտանի ինձ քամին։
:    Վերջ ի վերջո եկա այն համոզման, որ ես ազատության հասնել կարող եմ միայն այն դեպքում, եթե ինձ հաջողվի ողջ֊ողջ բռնել իմ կղզին այցելող վայրենիներից որևէ մեկին։ Շատ ավելի լավ կլինի բռնել այն անբախտներից մեկին, որոնց բարբարոսները բերում էին այստեղ հոշոտելու և ուտելու համար։ Ես կփրկեմ նրա կյանքը և նա ինձ կօգնի ազատության հասնել։ Բայց սա շատ վտանգավոր ու դժվարին ցանկություն էր․ չէ՞ որ ինձ հարկավոր վայրենուն բռնելու համար պետք է հարձակվեի մարդակերների բազմության վրա ու կոտորեի բոլորին, մինչև վերջին մարդը, իսկ այդ հազիվ թե հաջողվեր ինձ։ Բացի դրանից, իմ հոգին ցնցվում էր այն մտքից, որ այդքան մարդկային արյուն պիտի թափեմ թեկուզ և իմ փրկության համար։
:    Երկար ժամանակ իմ մեջ պայքար էր տեղի ունենում, բայց վերջապես, ազատության բուռն ծարավը հաղթեց բոլոր դատողություններին ու խղճի խայթին։ Որոշեցի ինչ գնով էլ լինի, բռնել վայրենիներից մեկին, հենց որ նրանք կերևան կղզում։
 
==Քսաներորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը փրկում է մի վայրենու և նրան կոչում ուրբաթ
 
:    Անցավ էլի մեկ ու կես տարի։ Մի անգամ վաղ առավոտյան ուղիղ ափի մոտ հինգ թե վեց հնդկական մակույկ տեսա։ Մարդիկ չէին երևում․ նշանակում է վայրենիներն ափ էին իջել և ինչ֊որ տեղ թաքնվել։
:    Քանի որ գիտեի, թե սովորաբար յուրաքանչյուր մակույկում վեց մարդ է նստում, երբեմն նույնիսկ ավելի, ապա, խոստովանում եմ, մի փոքր շփոթվեցի։ Ամենևին չէի սպասում, թե հարկ կլինի կռվի բռնվել այդքան մեծ թվով թշնամիների հետ։
:    «Նրանք քսան մարդուց պակաս չեն լինի, գուցե նույնիսկ երեսուն մարդ։ Ես ինչպե՞ս կարող եմ միայնակ հաղթել այդպիսի մեծ բազմությանը», ― տխուր֊տրտում ասում էի ինքս ինձ։
:    Ես երկմտանքի մեջ էի, չգիտեի ի՛նչ անեմ, բայց և այնպես նստեցի իմ ամրոցում և պատրաստվեցի կռվի։
:    Շուրջս լուռ ու խաղաղ էր։ Երկար ժամանակ ականջ էի դնում, թե արդյոք չե՞ն լսվում վայրենիների ճիչեր կամ երգեր։ Վերջապես սպասելն ինձ ձանձրացրեց։ Իմ հրացանները թողի սանդուխքի տակ և բարձրացա բլրի գագաթը։
:    Գլուխս դուրս հանելը վտանգավոր կլիներ։ Ես թաքնվեցի բլրի հետևը և սկսեցի նայել դիտափողով։ Վայրենիները վերադարձել էին իրենց մակույկների մոտ։ Նրանք առնվազն երեսուն հոգի կլինեին։ Ծովափին կրակ էին վառել և, ըստ երևույթին, ինչ֊որ ուտելիք էին պատրաստում։ Ես չկարողացա ջոկել, թե ինչ էին եփում, միայն տեսա, որ պարում էին կրակի շուրջը այնպիսի կատաղի ցատկրտոցով ու ծամածռություններով, ինչպես սովորաբար պարում են վայրենիները։
:    Շարունակելով նայել դիտափողով՝ տեսա, որ նրանք վազեցին մակույկների մոտ, այնտեղից դուրս քաշեցին երկու մարդու և քարշ տվին խարույկի մոտ։ Ակներև էր, որ այդ դժբախտները դատապարտված էին մորթվելու։ Մինչ այդ նրանք երևի ընկած էին մակույկների մեջ՝ ձեռքներն ու ոտքները կապկպված։ Նրանցից մեկին անմիջապես տապալեցին գետին․ երևի գլխին խփեցին մահակով կամ փայտե սրով, որ վայրենիների սովորական զենքերն են։ Անմիջապես երկու֊երեք հոգի վրա պրծան ու գործի անցան․ նրանք պատռեցին ընկածի փորը և սկսեցին փորոտիքը թափել։
:    Մյուս գերին կողքին կանգնած նույն բախտին էր սպասում։
:    Առաջին զոհով զբաղված՝ մարդակերները մոռացել էին մյուսին։ Թշվառն իրեն ազատ էր զգում և ըստ երևույթին փրկության հույս առաջացավ նրա մեջ․ հանկարծ նա առաջ նետվեց և անասելի արագությամբ սկսեց փախչել։ Նա վազում էր ավազոտ ափով, այն ուղղությամբ, որտեղ իմ բնակարանն էր։
:    Ճիշտն ասած՝ շատ վախեցա, երբ տեսա, որ նա վազում է ուղիղ իմ կողմը։ Եվ ինչպե՞ս չվախենայի․ առաջին րոպեին ինձ թվաց, թե ամբողջ խումբը վազում է նրա հետևից։
:    Բայցևայնպես մնացի իմ տեղում և շուտով տեսա, որ փախստականի հետևից վազում էին միայն երկու֊երեք մարդ, իսկ մյուսները մի փոքր տեղ վազելուց հետո քիչ֊քիչ դանդաղեցրին և այժմ վերադառնում են դեպի խարույկը։ Այդ բանը ինձ քաջալերեց։ Բայց վերջնականապես հանգստացա այն ժամանակ, երբ տեսա, որ փախստականը շատ է առաջ ընկել իր թշնամիներից։ Պարզ էր, որ եթե նա էլի մի կես ժամ վազեր այդպիսի արագությամբ, նրանք ոչ մի դեպքում բռնել չէին կարող։
:    Վազողներն իմ ամրոցից անջատված էին մի նեղ ծովախորշով, որի մասին շատ անգամ եմ հիշատակել․ այդ այն ծովախորշն էր, ուր ես կանգնեցնում էի իմ լաստերը, երբ մեր ափից իրեր էի փոխադրում ափ։
:    «Ի՞նչ է անելու խեղճ փախստականը, երբ հասնի այդ ծովախորշին, ― մտծաում էի ես։ ― Նա պետք է լողալով անցնի, հակառակ դեպքում հալածողներից ազատվել չի կարող»։
:    Բայց ես իզուր էի անհանգստանում նրա համար․ փախստականը ծովախորշին հասնելով, իսկույն նետվեց ջուրը, արագորեն լող տալով անցավ, դուրս եկավ մյուս ափը և առանց դանդաղելու առաջ վազեց։
:    Նրան հետապնդող երեք վայրենիներից միայն երկուսը նետվեցին ջուրը, իսկ երրորդը սիրտ չարեց․ նա մի քիչ կանգնեց ափին, նայեց մյուս երկուսի հետևից, ապա շուռ եկավ և դանդաղորեն վերաարձավ։
:    Ես ուրախությամբ նկատեցի, որ փախստականին հետապնդող երկու վայրենիները կրկնակի չափով դանդաղ էին լող տալիս։
:    Եվ այդ ժամանակ մտածեցի, որ գործի անցնելու ժամանակն է։ Սիրտս բորբոքվեց։
:    «Այժմ կամ երբեք, ― ասացի ինքս ինձ և առաջ վազեցի։ ― Փրկել, ինչ գնով էլ լինի՝ փրկել այդ թշվառին»։
:    Առանց ժամանակ կորցնելու սանդուղքով ցած վազեցի դեպի լեռան ստորոտը, վերցրի այնտեղ թողած իմ հրացանը, նույն արագությամբ նորից բարձրացա սարը, իջա մյուս կողմով և վազեցի ուղիղ դեպի ծովը, որպեսզի վայրենիների առաջը կտրեմ։
:    Քանի որ լեռան լանջով ցած էի վազում ամենակարճ ճանապարհով, դրա համար էլ շուտով ընկա փախստականի և նրան հետապնդողների միջև։ Փախստականը շարունակում էր վազել առանց հետ նայելու և ինձ չնկատեց։
:    Ես ձայն տվի՝
:    ― Կանգնի՛ր։
:    Նա հետ նայեց և, կարծում եմ, առաջին րոպեին ինձանից ավելի շատ վախեցավ, քան իրեն հետապնդողներից։ Ես նշան արի, որ մոտենա ինձ, իսկ ինքս դանդաղ քայլով գնացի առաջ վազող վայրենիների դիմաց։ Երբ նրանցից առաջինն ինձ հավասարվեց, անսպասելի հարձակվեցի նրա վրա և հրացանի կոթով գետին տապալեցի։ Կրակել չէի ուզում, որպեսզի մյուս վայրենիները չլսեն, թեև նրանք շատ հեռու էին և հազիվ թե լսեին կրակոցի ձայնը, իսկ եթե լսեին էլ, միևնույն է, չէին հասկանա, թե ինչ կատարվեց։
:    Երբ հետապնդողներից մեկն ընկավ, մյուսը, երևի վախից, կանգ առավ։ Իսկ ես շարունակում էի հանգիստ մոտենալ նրան։ Բայց երբ մոտեցա և նկատեցի, որ նրա ձեռքին նետ ու աղեղ կա, և նշան է բռնել ինձ, ակամայից ստիպված եղա կրակել։ Նշան բռնեցի, ոտքը քաշեցի և նրան տեղն ու տեղը պառկեցրի։
:    Թշվառ փախստականը, չնայած սպանել էի նրա երկու թշնամիներին (համենայն դեպս այդպես պետք է թվար նրան), այնքան էր վախեցել հրացանի որոտից ու հրից, որ շարժվելու ունակությունը կորցրել էր։ Նա կանգնել էր տեղում մեխվածի պես և չէր իմանում ինչ անի․ փախչի՞, թե մնա ինձ հետ, թեև, հավանորեն, կգերադասեր փախչել, եթե կարողանար։
:    Ես նորից սկսեցի կանչել նրան և նշաններ անել, որ մոտենա ինձ։
:    Նա հասկացավ․ մի երկու քայլ արեց և կանգ առավ, հետո նորից մի քանի քայլ արեց և մեխվածի պես մնաց տեղում։
:    Այդ ժամանակ նկատեցի, որ նա ամբողջ մարմնով դողում է․ խեղճը երևի վախենում էր, որ եթե իմ ձեռքն ընկնի, նրան էլ իսկույն կսպանեմ, ինչպես մյուս վայրենիներին։ Ես նորից նշան արեցի, որ մոտենա, և ընդհանրապես ամեն կերպ աշխատում էի սիրտ տալ նրան։
:    Նա ավելի ու ավելի էր մոտենում։ Յուրաքանչյուր տասը֊քսան քայլից հետո ծունկ էր չոքում։ Երևի ուզում էր շնորհակալությունը արտահայտել իր կյանքը փրկելու համար։
:    Ես սիրալիր ժպտում էի նրան և ամենաբայրակացամ ձևերով շարունակում էի ինձ մոտ կանչել։
:    Վերջապես վայրենին բոլորովին մոտեցավ։ Նա նորից ծունկ չոքեց, գետինը համբուրեց, երեսը սեղմեց հողին, ապա իմ ոտքը բարձրացնելով դրեց իր գլխին։ Այդ երևի նշանակում էր, որ նա երդվում է մինչև իր կյանքի վերջը մնալ իմ ստրուկը։
:    Ես նրան վեր կացրի և նույնպիսի սիրալիր, բարեկամական ժպիտով աշխատեցի ցույց տալ, որ ինձանից վախենալու առիթ չունի։
:    Հանկարծ նկատեցի, որ այն վայրենին, որին խփել էի հրացանի կոթով սպանված չէ, այլ միայն ուշագանց է եղել։ Նա շարժվեց, և սկսեց ուշքի գալ։
:    Ես փախստականին ցույց տվի նրան։
:    Քո թշնամին դեռ կենդանի է, նայիր։
:    Որպես պատասխան նա մի քանի խոսք ասաց, և թեպետ ոչինչ չհասկացա, սակայն նրա խոսքի հնչյուններն ինձ երժշտությունից էլ քաղցր թվացին․ չէ՞ որ քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ այդ կղզում մարդու ձայն էի լսում։
:    Բայց այդպիսի խոհերով տարվելու ժամանակ չունեի․ ուշաթափված մարդակերն այնքան էր ուշքի եկել, որ արդեն նստել էր գետնին, և նկատեցի, որ իմ վայրենին նորից սկսել է վախենալ նրանից։ Հարկավոր էր հանգստացնել թշվառին։ Ես ուզեցի նշան բռնել նրա թշնամուն, բայց իմ վայրենին սկսեց նշաններով ինձ հասկացնել, որ իրեն տամ իմ գոտուց կախված մերկ թուրը։ Ես թուրը մեկնեցի նրան։ Նա իսկույն վերցրեց, նետվեց իր թշնամու մոտ և մի հարվածով թռցրեց թշնամու գլուխը։ Նրա այդ հմտությունն ինձ շատ զարմացրեց․ չէ՞ որ խեղճ վայրենին իր կյանքում երբեք ուրիշ զենք չէր տեսել բացի փայտե թրից։ Սակայն հետագայում իմացա, որ այստեղի վայրենիները թուր պատրաստելու համար փնտրում են այնքան ամուր փայտ և սրում են այնպես լավ, որ այդպիսի փայտե թրով գլուխը կարելի է թռցնել ո՛չ վատ, քան պողպատե թրով։ Իր թշնամու հետ այդ արյունոտ դատաստանը տեսնելուց հետո իմ վայրենին (այսուհետև նրան անվանելու եմ իմ վայրենի) ուրախ ժպիտով վերադարձավ ինձ մոտ, մի ձեռքում թուրը, մյուսում՝ սպանվածի գլուխը, և իմ առաջ մի շարք անհասկանալի շարժումներ անելով՝ զենքն ու գլուխը հանդիսավոր դրեց գետնին։
:    Նա տեսել էր, թե ինչպես սպանեցի իր թշնամիներից մեկին, և այդ շատ էր զարմացրել․ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է մարդուն սպանել այդքան հեռվից։
:    Նա ցույց էր տալիս սպանվածին և նշաններով խնդրում էր, որ թույլ տամ գնա նայի։ Ես ևս նշանների օգնությամբ աշխատեցի հասկացնել, որ չեմ արգելում կատարելու իր այդ ցանկությունը, և նա իսկույն վազեց այնտեղ։ Մոտենալով դիակին՝ նա կանգ առավ և երկար ժամանակ զարմացած նայում էր։ Հետո կռացավ դիակի վրա և սկսեց շուռումուռ տալ մերթ մեկ, մերթ մյուս կողքի վրա։ Վերքը տեսնելով՝ նա ուշադիր նայեց։ Գնդակը դիպել էր վայրենու ուղիղ սրտին, և արյուն քիչ էր հոսել։ Տեղի էր ունեցել ներքին արյունահոսություն և մահը վրա էր հասել վայրկենապես։
:    Իմ վայրենին վերցրեց սպանվածի աղեղն ու կապարճը իր նետերով և վերադարձավ ինձ մոտ։ Ես իսկույն շուռ եկա և ճանապարհ ընկա, առաջարկելով նրան՝ հետևել ինձ։ Աշխատեցի նշաններով հասկացնել, որ այստեղ մնալ չի կարելի, որովհետև ծավափին գտնվող վայրենիները կարող են գալ նրան բռնելու։
:    Նա նույնպես նշաններով ինձ հասկացրեց, որ հարկավոր է սպանվածներին թաղել ավազում, որպեսզի թշնամիներն այստեղ գալու դեպքում չտեսնեն նրանց։ Ես համաձայնություն տվի և նա անմիջապես գործի անցավ։ Զարմանալի արագությամբ ձեռքերով մի փոս փորեց ավազում այնպիսի խորությամբ, որ մի մարդ կարող էր տեղավորվել այնտեղ, ապա ապանվածներից մեկին քաշ տվեց, գցեց այդ փոսը և ավազով ծածկեց։ Մյուսի հետ էլ վարվեց ճիշտ նույն ձևով։ Մի խոսքով ընդամենը մի տասնհինգ րոպեում նա երկուսին էլ թաղեց։
:    Դրանից հետո նրան հրամայեցի հետևել ինձ, և մենք ճանապարհ ընկանք։ Քայլում էինք երկար ժամանակ, որովհետև նրան իմ ամրոցը չտարա, այլ բոլորովին ուրիշ, կղզու ամենահեռավոր կողմը, իմ նոր քարայրը տարա։
:    Քարայրում նրան հաց տվի, մի ողկույզ չամիչ և մի քիչ ջուր։ Արագ վազքից հետո նա այս ամենի կարիքը շատ էր զգում։
:    Երբ կերավ, ուժերն ամրապնդեց, նրան ցույց տվի քարայրի մի անկյունը, որտեղ ես բրնձի ծղոտ ունեի փռած, և նշաններով հասկացրի, որ կարող է այստեղ պառկել գիշերելու։
:    Խեղճը պառկեց և անմիջապես քնեց։
:    Ես առիթից օգտվելով սկսեցի ավելի լավ դիտել նրան։
:    Դա մի բարձրահասակ, գեղեցկատես, հիանալի կազմվածքով երիտասարդ էր։ Նրա ձեռքերն ու ոտքերը մկանուտ էին, արտաքուստ կլիներ քսանհինգ֊քսանվեց տարեկան։ Նրա դեմքին չնկատեցի ոչ թաղիծ, ոչ դաժանություն․ դա եվրոպացու քաջարի և միաժամանակ նուրբ ու դուրեկան դեմք էր, և հաճախ նրա դեմքին երևում էր գեղեցկության արտահայտություն, մանավանդ, երբ ժպտում էր։ Նրա մազերը սև էին ու երկար, բայց գանգուր չէին ոչխարի բրդի նման, այլ երեսին էին թափվում ուղիղ փնջերով։ Նրա ճակատը լայն էր, բաց, մաշկի գույնը սև չէր, այլ մուգ դարչնագույն, բայց ոչ այն թուխ դեղնավուն գույնը, ինչպես ունենում են Բրազիլիայի բնիկները, այլ ավելի շուտ, աչքի համար շատ հաճելի, ձիթապտղի գույն ուներ։ Նրա երեսը կլոր էր, այտերը՝ լիքը, քիթը մեծ չէր, բայց ոչ տափակ, ինչպես նեգրերինն է լինում։ Բերանը գեղեցիկ էր, շրթունքները՝ նուրբ, իսկ ատամները՝ համաչափ ու սպիտակ փղոսկրի նման։
:    Կես ժամից ավելի չքնեց, ավելի շուտ՝ ոչ թե քնել էր, այլ ննջում էր։ Հետո վեր թռավ տեղից և այրից դուրս գալով՝ մոտեցավ ինձ։
:    Ես քարայրի դռանը այծերն էի կթում։ Հենց որ ինձ տեսավ, մոտ վազեց, նորից իմ առաջ ընկավ գետնին՝ զանազան նշաններով արտահայտելով իր շնորհակալությունը, հնազանդությունն ու նվիրվածությունը։
:    Երեսի վրա գետնին փռվելով՝ նորից իմ ոտքը դրեց իր գլխին և ընդհանրապես բոլոր միջոցներով աշխատում էր ապացուցել իր անսահման ստրկական հնազանդությունը և հասկացանել, որ այդ օրվանից ամբողջ կյանքում ծառայելու է ինձ։
:    Ես նրա ասածներից շատ բան հասկացա և աշխատում էի ներշնչել, որ իրենից միանգամայն գոհ եմ։
:    Առաջին իսկ օրվանից սկսեցի նրան անգլերեն բառեր սովորեցնել։ Ամենից առաջ հայտնեցի, որ իր անունը լինելու է Ուրբաթ (այդ անունը նրա համար ընտրեցի ի հիշատակ այն օրվա, երբ փրկել էի նրա կյանքը): Հետո սովորեցրի արտասանել իմ անունը, ասել «այո» ու «ոչ» և բացատրեցի այդ բառերի նշանակությունը։
:    Ես կավե ամանով կաթ բերի նրա համար և ցույց տվի, թե ինչպես պետք է հացը թրջել մեջը և ուտել։ Նա իսկույն սովորեց և սկսեց նշաններով հասկացնել, որ իմ հյուրասիրությունն իրեն շատ դուր եկավ։
:    Մենք գիշերեցինք քարայրում, բայց հենց որ լուսացավ, Ուրբաթին հրամայեցի հետևել ինձ և նրան տարա իմ ամրոցը։ Ես հասկացրի, որ ուզում եմ նրան հագուստ նվիրել։ Ըստ երևույթին նա շատ ուրախացավ, որովհետև բոլորովին մերկ էր։
:    Երբ անցնում էինք այնտեղով, ուր նախորդ օրը թաղել էինք երկու վայրենիներին, նա ինձ ցույց տվեց գերեզմանները և ամեն կերպ ուզում էր հասկացնել, որ մենք պետք է երկու դիակները հանենք, որպեսզի իսկույն ուտենք։
:    Ես շարժումներով հասկացրի, որ նրա ասածից խիստ զայրացա, որ ինձ համար այդպիսի բաներ լսելն անգամ զզվելի է, որ դրա մասին մտածելուց անգամ սիրտս խառնում է, որ ես կատեմ ու կարհամարեմ նրան, եթե ձեռք տա սպանվածներին։ Վերջապես ձեռքով վճռական նշան արի, հրամայելով հեռանալ գերեզմաններից։ Նա իսկույն հնազանդորեն հեռացավ։
:    Դրանից հետո մենք բարձրացանք բլուրը, որովհետև ուզում էի իմանալ, թե արդյոք դեռ այնտե՞ղ են վայրենիները։ Հանեցի դիտափողը և նայեցի այն կողմը, ուր նախորդ օրը տեսել էի նրանց։ Բայց վայրենիների հետքն անգամ չէր երևում․ ափի մոտ ոչ մի մակույկ չկար։ Կասկածից դուրս էր, որ վայրենիները գնացել էին նույնիսկ նեղություն չքաշելով որոնել իրենց երկու ընկերներին, որոնք մնացել էին կղզու վրա։
:    Այդ, իհարկե, ինձ ուրախացրեց, բայց ուզում էի ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել իմ անկոչ հյուրերի մասին։ Չէ՞ որ հիմա ես մենակ չէի, ինձ հետ էր Ուրբաթը, և դրանից ավելի էի քաջացել, իսկ քաջության հետ իմ մեջ արթնացել էր նաև հետաքրքրությունը։
:    Ինչպես ասացի, մեզ մնացել էր սպանվածներից մեկի աղեղն ու նետերի կապարճը։ Ես Ուրբաթին թույլ տվի վերցնել այդ զենքը, և դրանից հետո նա գիշեր֊ցերեկ չէր բաժանվում դրանից։ Շուտով առիթ ունեցա համոզվելու, որ իմ վայրենին շատ լավ է տիրապետում նետ ու աղեղին։ Բացի դրանից նրան զինեցի նաև իմ թրով, տվեցի հրացաններից մեկը, իսկ ինքս վերցրի ուրիշ երկու հրացան, և մենք ճանապարհ ընկանք։
:    Երբ հասանք այնտեղ, ուր նախորդ օրը վայրենիներն էին խնջույք սարքել, մեր աչքի առաջ այնպիսի մի զարհուրելի տեսարան բացվեց, որ սիրտս ճմլվեց և արյունս պաղեց երակներիս մեջ։ Բայց Ուրբաթը բոլորովին չանհանգստացավ․ նման տեսարանները նրա համար զարմանալի չէին։
:    Գետինը շատ տեղ ծածկված էր արյունով։ Այստեղ֊այնտեղ թափված էին մարդկային խորոված մսի մնացորդներ։ Ամբողջ ափին ցրված էին ոսկորներ, երեք գանգ, հինգ ձեռք, երեք թե չորս ոտքի ոսկորներ և մարդու մարմնի ուրիշ շատ մասեր։
:    Ուրբաթը նշաններով ինձ պատմեց, որ վայրենիներն իրենց հետ բերել էին չորս գերի, որոնցից երեքին կերել են, իսկ չորրորդը ինքն է եղել։ (Այստեղ նա մատը դրեց իր կրծքին)։
:    Իհարկե, նրա պատմածները լրիվ չհասկացա, բայց և այնպես գլխի էի ընկնում, թե ինչ է ասում։ Նրա պատմելով մի քանի օր առաջ մի արյունռուշտ թագավորի հպատակ վայրենիները մեծ ճակատամարտ են ունեցել այն ցեղի հետ, որին պատկանում էր Ուրբաթը։ Մյուս վայրենիները հաղթել են և շատ գերիներ վերցրել։ Հաղթողները գերիներին բաժանել են իրենց մեջ և տարել զանազան տեղեր, որպեսզի սպանեն և ուտեն ճիշտ այնպես, ինչպես արեց վայրենիների այն խումբը, որը խնջույքի տեղ էր ընտրել իմ կղզու ափերը։
:    Ես Ուրբաթին հրամայեցի մի մեծ խարույկ վառել, ապա հավաքել բոլոր ոսկորներն ու մսի մնացորդները, գցել խարույկի մեջ ու այրել։
:    Նկատեցի, որ նա շատ է ուզում մարդու մսի համ տեսնել (և այդ զարմանալի էլ չէ․ նա էլ մարդակեր էր)։ Բայց նորից զանազան նշաններով հասկացրի, որ այդպիսի բանի մասին մտածելն անգամ ինձ համար գարշելի ու զզվելի է, և սպառնացի, որ եթե իմ հրամանն ամենափոքր չափով անգամ խախտի, կսպանեմ շան նման։
:    Դրանից հետո մենք վերադարձանք իմ ամրոցը, և ես առանց ուշացնելու սկսեցի հագուստ կարել իմ վայրենու համար։
:    Ամենից առաջ նրան վարտիք հագցրի։ Խորտակված նավից վերցրած սնդուկներից մեկում գտել էի մի զույգ քաթանե վարտիք, որոնք պետք եղավ միայն մի փոքր ձևափոխել։ Այնուհետև այծի մորթուց նրա համար բաճկոն կարեցի, բոլոր ջանքերս գործադրելով, որ լավ ստացվի (այդ ժամանակ արդեն բավական հմուտ դերձակ էի դարձել)։ Բացի դրանից, նրա համար այծի մորթուց մի շատ հարմար ու բավական գեղեցիկ փափախ կարեցի։
:    Այսպիսով նա ոտքից գլուխ հագնվեց և, ըստ երևույթին, շատ գոհ էր, որ իր հագուստը իմից վատը չէ։
:    Ճիշտ է, նա հագուստի մեջ իրեն ազատ չէր զգում, որովհետև ամբողջ կյանքում մերկ էր եղել․ առանձնապես նրան խանգարում էր վարտիքը։ Գանգատվում էր նաև բաճկոնից․ ասում էր, որ թևքերը ճնշում են իր կռնատակերը և սեղմում են ուսերը։ Ստիպված եղա որոշ վերափոխումներ անել, բայց կամաց֊կամաց նա վարժվեց իր հագուստին։
:    Մյուս օրն սկսեցի մտածել, թե Ուրբաթին որտեղ քնեցնեմ։ Կուզեի հարմար տեղ տալ նրան, բայց դեռ այնքան էլ վստահ չէի նրա վրա և վախենում էի իմ կողքին տեղավորել։ Ես նրա համար մի փոքրիկ վրան խփեցի իմ ամրոցի երկու պարիսպների միջև եղած ազատ տարածության մեջ, այնպես որ նա տեղավորվեց իմ բնակարանի ցանկապատից դուրս։
:    Սակայն այս նախազգուշությունը բոլորովին ավելորդ էր։ Շուտով Ուրբաթն ապացուցեց, թե որքան անձնուրաբար է սիրում ինձ։ Ես չէի կարող բարեկամ չճանաչել նրան և վերջ տվի նրանից զգուշանալուն։
:    Երբեք ոչ մի մարդ չի ունեցել այդքան սիրող, այդքան նվիրված ու հավատարիմ ընկեր։ Նա իմ նկատմամբ չէր ցուցաբերում ոչ ջղայնություն, ոչ խորամանկություն։ Միշտ սիրալիր ու պատրաստակամ՝ կապված էր ինձ հետ, ինչպես երրեխան՝ հարազատ հոր հետ։ Համոզված եմ, որ եթե հարկ լիներ, նա ուրխությամբ իր կյանքը կզոհեր ինձ համար։
:    Ես շատ բախտավոր էի զգում ինձ, որ վերջապես ընկեր ունեցա և որոշեցի սովորեցնել ամեն բան, ինչ֊որ կարող է օգուտ բերել նրան, բայց ամենից առաջ՝ սովորեցնել խոսել իմ հայրենիքի լեզվով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ միմյանց։ Եվ Ուրբաթն այնպիսի ընդունակ աշակերտ դուրս եկավ, որ ավելի լավն սպասելն չէր կարելի։
:    Ամենաարժեքավորն այն էր, որ նա սովորում էր մեծ ջանասիրությամբ, միշտ պատրաստ էր լսելու ինձ և երջանիկ էր զգում իրեն, երբ հասկանում էր, թե ինչ եմ հարցնում։ Դրա համար էլ ինձ համար մեծ բավականություն էր դասեր տալ նրան և զրուցել հետը։
:    Այն օրվանից, երբ Ուրբաթն ինձ մոտ էր, իմ կյանքն այնքան դուրեկան ու հեշտ դարձավ, որ եթե մյուս վայրենիների հարձակման վտանգը չլիներ, կարծում եմ՝ առանց ափսոսանքի կհամաձայնեի այդ կղզում մնալ մինչև իմ կյանքի վերջը։
 
==Քսանմեկերորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը զրուցում է Ուրբաթի հետ և խրատում է նրան
 
:    Իմ ամրոցում Ուրբաթին տեղավորելուց երկու֊երեք օր հետո մտածեցի, որ եթե ուզում եմ, որ նա մարդու միս չուտի, պետք է սովորեցնեմ կենդանիների միս ուտել։
:    «Թող նա այծի միսը փորձի», ― ասացի ինքս ինձ և որոշեցի ինձ հետ որսի տանել նրան։
:    Վաղ առավոտյան մենք գնացինք անտառ և տանից երկու֊երեք մղոն հեռանալուց հետո մի ծառի տակ տեսանք վայրի այծ՝ իր երկու ուլերով։
:    Ես Ուրբաթի ձեռքը բռնեցի և նշան արի, որ չշարժվի։ Հետո մեծ հեռավորության վրա նշան բռնելով՝ կրակեցի և սպանեցի ուլերից մեկին։
:    Խեղճ վայրենին չհասկանալով, թե ինչպես կարելի է կենդանի արարած սպանել առանց նրան մոտենալու (թեպետ և առաջ տեսել էր, թե ինչպես սպանեցի իր թշնամուն), բոլորովին շշմել էր։ Նա դողդողում էր, օրորվում, և ինձ նույնիսկ թվաց, թե հիմա վայր կընկնի։
:    Նա չնկատեց իմ սպանած ուլը և կարծելով, թե ուզում էի իրեն սպանել, սկսեց շոշափել իրեն, որ տեսնի, թե որևէ տեղից արյուն չի՞ գալիս։ Հետո նույնիսկ բարձրացրեց իր բաճկոնի փեշը, որպեսզի տեսնի, թե վիրավորված չէ՞, և համոզվելով, որ ինքը ողջ ու անվնաս է, իմ առաջ ծունկ չոքեց, գրկեց ոտքերս ու երկար ժամանակ ինչ֊որ բաներ էր ասում իրենց լեզվով։
:    Նրա խոսքերն անհասկանալի էին, բայց դժվար չէր կռահել, որ խնդրում է իրեն չսպանել։
:    Ցանկանալով նրան հասկացնել, որ իրեն վնասելու ոչ մի մտադրություն չունեմ՝ բռնեցի ձեռքը, ծիծաղեցի և ցույց տալով իմ սպանած ուլը հրամայեցի գնալ բերել։ Ուրբաթը կատարեց իմ հրամանը։ Մինչ նա ուլն էր դիտում և աշխատում էր հասկանալ, թե նա ինչու է սպանվել, ես հրացանս նորից լցրի։
:    Քիչ հետո ծառին, ինձանից մի հրացանի կրակոցի հեռավորության վրա, տեսա մի խոշոր թռչուն, որ նման էր մեր բազեին։ Ցանկանալով ուրբաթին բացատրել, թե ինչ բան է հրացանի կրակոցը՝ իմ վայրենուն մոտ կանչեցի, մատով ցույց տվի սկսզբում թռչունին, ապա հրացանը, հետո էլ գետինը այն ծառի տակ, որի վրա նստած էր թռչունը, դրանով ուզում էի ասել․ «Ահա, նայիր, հիմա այնպես կանեմ, որ նա վայր կընկնի»։ Ապա կրակեցի։ Թռչունն ընկավ, և պարզվեց, որ ոչ թե բազե էր, այլ՝ թութակ։ Ուրբաթն այս անգամ էլ, չնայած իմ բոլոր բացատրություններին, քարացավ վախից։
:    Այդտեղ միայն հասկացա, թե նրան ի՛նչն էր առանձնապես զարմացնում, երբ կրակում էի․ մինչ այդ նա երբեք չէր տեսել, թե ինչպես են լցնում հրացանը և, հավանորեն կարծում էր, թե այդ երկաթե մահակի մեջ ինչ֊որ չար ոգի է նստած, որն ամեն տարածության վրա մահ է բերում մարդուն, գազանին, թռչունին, ամեն մի կենդանի էակի, որտեղ էլ որ լինի՝ հեռու թե մոտիկ։
:    Հետագայում էլ նա երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել այն զարմանքը, որ պատճառում էր նրան իմ յուրաքանչյուր կրակոցը։ Ինձ թվում է, որ եթե թույլ տայի, նա կսկսեր պաշտել ինձ և իմ հրացանը՝ ինչպես աստծուն։
:    Սկզբներում նա սիրտ չէր անում ձեռք տալ հրացանին, բայց հետը խոսում էր ինչպես կենդանի էակի հետ, երբ կարծում էր, թե չեմ լսում, և երևակայում էր, թե հրացանը պատասխանում է իրեն։ Հետագայում նա խոստովանեց, որ հրացանին աղաչում էր խնայել իրեն։
:    Երբ Ուրբաթը մի փոքր ուշքի եկավ, նրան հրամայեցի գնալ բերել սպանված որսը։ Նա իսկույն վազեց թռչունի հետևից, բայց միանգամից չվերադարձավ, որովհետև ստիպված էր եղել որոնել թռչունը․ պարզվեց, որ նրան չեմ սպանել, այլ միայն վիրավորել եմ, և նա բավական հեռու է թռել։ Վերջ ի վերջո նա գտավ և բերեց թռչունը։ Իսկ ես օգտվելով նրա բացակայությունից՝ հրացանս նորից լցրի։ Կարծում էի, որ լավ կլինի միառժամանակ նրանից թաքցնել, թե այդ ինչպես է արվում։
:    Հույս ունեի, թե էլի մի որևէ որս կհանդիպի, բայց ոչինչ չհանդիպեց, և մենք վերադարձանք տուն։
:    Այդ նույն երեկոյան մաշկեցի սպանված ուլը և խնամքով մաքրեցի միսը։ Հետո մի լավ խարույկ վառեցի և մի կտոր միս կտրելով՝ եփեցի կավե կճուճի մեջ։ Շատ համով մսե արգանակ ստացվեց։ Համը տեսնելուց հետո Ուրբաթին էլ առաջարկեցի փորձել։ Եփած ճաշը նրան շատ դուր եկավ, միայն թե զարմացել էր, թե ինչու՞ ճաշի մեջ աղ լցրի։ Նա սկսեց ինձ նշաններով հասկացնել, որ իր կարծիքով աղը զզվելի, սիրտ խառնող ուտելիք է։ Մի պտղունձ աղ բերանը գցելով՝ նա սկսեց թքոտել, այնպես ցույց տալ, թե սիրտը խառնում է, իսկ հետո բերանը ջրով ողողեց։
:    Նրան առարկելու համար ես էլ իմ հերթին բերանս դրի մի կտոր անալի միս և սկսեցի թքոտել, ցույց տալով, թե առանց աղի ուտելը զզվելի է։
:    Բայց Ուրբաթը համառում էր իր ասածին։ Ինձ այնպես էլ չհաջողվեց նրան աղ գործածել սովորեցնել։ Շատ ժամանակ անց միայն սկսեց իր ուտելիքի վրա աղ ցանել, այն էլ շատ քիչ քանակությամբ։
:    Իմ վայրենուն այծի եփած մսով ու արգանակով կերակրելուց հետո որոշեցի մյուս օրը նրան հյուրասիրել խորովածով։ Միսը խարույկի վրա խորովեցի այնպես, ինչպես հաճախ անում են մեզ մոտ՝ Անգլիայում։ Խարույկի երկու կողմերին գետնի մեջ ձողեր են խրում, վերևից հորիզոնական դիրքով դրանց ամրացնում են մի ուրիշ ձող, որից կախում են մսի կտորը և այնքան են պտտում կրակի վրա, մինչև որ խորովվում է։
:    Այս ամբողջ սարք ու կարգը Ուրբաթին շատ դուր եկավ։ Իսկ երբ խորովածի համը տեսավ, նրա հիացմունքին սահման չկար։ Ամենապերճախոս նշաններով ինձ հասկացրեց, որ այդ ուտելիքը շատ հավանեց և, վերջապես, հայտնեց, որ այլևս մարդու միս չի ուտի, որ, իհարկե, ինձ շատ ուրախացրեց։
:    Հաջորդ օրը նրան ստիպեցի աշխատել․ հանձնարարեցի հատիկը կալսել ու քամուն տալ, իհարկե, նախապես ցույց տալով, թե ինչպես պետք է անել և սկսեց եռանդով աշխատել, մանավանդ, երբ իմացավ, թե ինչի համար է կատարվում այդ աշխատանքը։ Իսկ նա այդ բանը իմացավ հենց նույն օրը, որովհետև նրան կերակրեցի մեր ալյուրից թխված հացով։
:    Շատ շուտով Ուրբաթը սովորեց աշխատել ինձանից ո՛չ վատ։
:    Քանի որ այժմ պետք է կերակրեի երկու մարդու, հարկավոր էր ապագայի մասին մտածել։ Ամենից առաջ անհրաժեշտ էր վարելահողերն ընդարձակել և ավելի շատ հացահատիկ ցանել։ Մի մեծ հողամաս ընտրեցի և սկսեցի ցանկապատել։ Ուրբաթը ոչ միայն շատ բարեխղճությամբ, այլև շատ ուրախ ու մեծ բավականությամբ օգնում էր իմ աշխատանքին։ Ես նրան հասկացրի, որ դա հացաբույսերի նոր դաշտ է լինելու, որովհետև այժմ մենք երկու հոգի ենք, և հարկավոր է հացի պաշար ունենալ ոչ միայն ինձ, այլև նրա համար։ Նա շատ զգացվեց, որ այդպես հոգում եմ իր մասին․ զանազան նշաններով նա ամեն կերպ ուզում էր ինձ ասել, որ ինքը հասկանում է, թե այժմ որքան է ավելացել իր աշխատանքը և խնդրում է, որ շուտով իրեն սովորեցնեմ բոլոր անհրաժեշտ աշխատանքները և ինքը գործի կկպչի ամբողջ ուժով։
:    Այդ տարին իմ ամենաերջանիկ տարին էր կղզու վրա։
:    Ուրբաթը սովորեց բավական լավ խոսել անգլերեն լեզվով․ նա արդեն գիտեր մեզ շրջապատող բոլոր առարկաների և այն տեղերի անունները, ուր կարող էի ուղարկել նրան, ուստի և շատ լավ կատարում էր իմ բոլոր հանձնարարությունները։
:    Նա շատ սրտաբաց, մարդամոտ երիտասարդ էր, սիրում էր խոսել, և այժմ ես առատորեն կարող էի հատուցում ստանալ երկար տարիների հարկադրված լռությանս համար։
:    Սակայն Ուրբաթն ինձ դուր էր գալիս ո՛չ միայն նրա համար, որ հնարավորություն ունեի խոսելու նրա հետ։ Օրեցօր ավելի ու ավելի էի գնահատում նրա ազնվությունը, նրա պարզասրտությունը, նրա անկեղծությունը։ Կամաց֊կամաց շատ կապվեցի նրա հետ, և նա էլ իր կողմից այնպես սիրեց ինձ, ինչպես, երևի, ոչ ոքի չէր սիրել մինչ այդ։
:    Մի անգամ մտածեցի նրան հարցուփորձ անել իր անցյալ կյանքի մասին։ Ուզում էի իմանալ, թե չի՞ կարոտում իր հայրենիքին և չի՞ ուզում տուն վերադառնալ։ Այդ ժամանակ նրան արդեն այնպես լավ էի սովորեցրել անգլերեն, որ կարող էր պատասխանել համարյա իմ բոլոր հարցերին։ Եվ ահա նրան հարցրի իր ցեղի մասին։
:    ― Իսկ ի՞նչ կասես, Ուրբաթ, քա՞ջ ցեղ է ձեր ցեղը։ Պատահե՞լ է, որ հաղթի թշնամիներին։
:    Նա ժպտաց և պատասխանեց․
:    ― Օ՜, այո, մեր ցեղը շատ քաջ ցեղ, մենք միշտ հաղթենք կռվի մեջ։
:    ― Դուք միշտ հաղթու՞մ եք, ասում ես։ Հապա ինչպե՞ս եղավ, որ քեզ գերի վերցրին։
:    ― Բայց էլի մերոնք խփեցին նրանց, շատ խփեցին, սպանեցին։
:    ― Բայց չէ՞ որ ասում էիր, թե նրանք հաղթեցին ձեզ։ Չէ՞ որ նրանք գերի վերցրին քեզ և ուրիշներին։
:    ― Որտեղ ես կռվեցի, այնտեղ թշնամին շատ։ Նրանք բռնեցին մեզ մեկ, երկու, երեք և ինձ։ Բայց մերոնք խփին նրանց ուրիշ տեղ, որտեղ ես չկար։ Այնտեղ մերոնք բռնեց նրանց՝ մեկ, երկու, երեք, շատ, շատ։
:    ― Իսկ ինչու՞ ձերոնք չեկան ձեզ օգնության, ձեզ չազատեցին թշնամիների ձեռքից։
:    ― Թշնամիներ բռնեց մեկ, երկու, երեք և մեզ տարավ մակույկով, իսկ մերոնք այդ ժամանակ մակույկ չունի։
:    ― Բայց, ասա ինձ, Ուրբաթ, ինչպե՞ս են վարվում ձերոնք իրենց բռնած գերիների հետ։ Նրանք է՞լ են տանում մի որևէ հեռու տեղ և ուտում, ինչպես այն մարդակերները, որոնց ես տեսա։
:    ― Այո, իմ ցեղն էլ մարդ ուտի, բոլորը ուտի։
:    ― Իսկ ու՞ր են տանում գերիներին, երբ ուզում են նրանց ուտել։
:    ― Շատ տեղեր։ Այնտեղ տանի, ուր ուզի։
:    ― Իսկ այստեղ գալի՞ս են նրանք։
:    ― Այո, այո, այստեղ էլ գալիս են։ Շատ տեղեր գալիս են։
:    ― Իսկ դու այստեղ եղե՞լ ես նրանց հետ։
:    ― Այո, ես եղել ես, այնտեղ եղել ես․․․ ― Եվ նա ցույց տվեց կղզու հյուսիս֊արևելայն ծայրը, որտեղ, երևի, միշտ հավաքվում էին նրա ցեղակիցները։
:    Այսպիսով պարզվեց, որ իմ բարեկամ Ուրբաթը եղել է այն վայրենիների մեջ, որոնք այցելում էին կղզու հեռավոր ափերը և շատ անգամ են մարդիկ կերել այն տեղերում, ուր հետո ուրիշները ուտել էին ուզում նրան։
:    Երբ որոշ ժամանակ անց ես սրտապնդված Ուրբաթին տարա այն ափը (որտեղ առաջին անգամ տեսել էի մարդկային ոսկորների կույտեր), նա իսկույն ճանաչեց այդ տեղերը։ Նա ինձ պատմեց, որ մի անգամ, երբ նա իր ցեղակիցների հետ եկել էր իմ կղզին, նրանք սպանել ու կերել են քսան տղամարդ, երկու կին և մեկ երեխա։ Նա չգիտեր անգլերեն ինչպես են ասում «քսան» և, որպեսզի ինձ հասկացնի, թե քանի մարդ կերան, քսան հատ քար շարեց իրար մոտ։
:    Շարունակելով զրուցել Ուրբաթի հետ, ես հարցրի, թե հեռու՞ է արդյոք իմ կղզին այն երկրից, որտեղ ապրում են վայրենիները, և արդյոք հաճա՞խ են մակույկները խորտակվում այդ տարածությունն անցնելիս։ Պարզվեց, որ այստեղ գալը միանգամայն ապահով է։ Ուրբաթը չէր հիշում մի դեպք, որ այստեղ որևէ մակույկ խորտակված լինի, որովհետև մեր կղզուց ոչ հեռու անցնում է մի ծովային հոսանք․ առավոտներն այդ հոսանքն ուղղվում է մի կողմ, այն էլ միշտ համընթաց քամու հետ, իսկ երեկոյան դեմ և՛ քամին, և՛ հոսանքն ուղղվում են հակառակ կողմը։
:    Սկզբում ինձ թվում էր, թե այդ հոսանքը կախված է մակընթացությունից ու տեղատվությունից, և միայն շատ ուշ իմացա, որ դա Օրինոկո գետի զորեղ հոսանքի շարունակությունն է։ Իմ կղզին էլ գտնվում էր հենց ուղիղ այդ գետի դելտայի դիմաց։ Իսկ ցամաքի այն շերտերը, որ տեսնում էի արևմուտքում և հյուսիս֊արևմուտքում, և որոնք մայր ցամաքի տեղ էի դնում, պարզվեց Տրինիդադ խոշոր կղզին է, որ ընկնում էր միևնույն գետի֊գետաբերանի հյուսիսային մասի դիմաց։
:    Ես հազար ու մի հարց տվի Ուրբաթին այդ ցամաքի ու նրա բնակիչների մասին, հարցնում էի, թե վտանգավո՞ր են արդյոք այնտեղի ափերը, փոթորկո՞տ է այնտեղ ծովը, արդյոք շա՞տ են դաժան այնտեղի մարդիկ և ինչպիսի՞ ժողովուրդներ են ապրում մոտերքում։ Նա սիրով պատասխանում էր իմ յուրաքանռյուր հարցին և առանց որևէ բան թաքցնելու պատմում էր ամեն բան, ինչ իրեն հայտնի էր։
:    Ես հարցրի նաև, թե ինչպես են կոչվում այն կողմերում ապրող վայրենիների զանազան ցեղերը, բայց նա միայն կրկնում էր մեկ անուն․ «Կարիբե, կարիբե»։ Ես, իհարկե, առանց դժվարության գլխի ընկա, որ նա խոսում է կարաիբների մասին, որոնք, դատելով մեր աշխարհագրական քարտեզով, ապրում են Ամերիկայի հենց այդ մասում, զբաղեցնելով Օրինոկոյի գետաբերանից մինչև Գվիանա ամբողջ առափնյա շերտը և մինչև Սանտա֊Մարթա քաղաքը։
:    Բացի դրանից ինձ պատմեց, որ հեռու, «լուսնի այն կողմը», այսինքն այն կողմում, ուր մայր է մտնում լուսինը, կամ, այլ խոսքով ասած՝ նրա հայրենիքից դեպի արևմուտք ապրում են ինձ նման սպիտակ ու մորուքավոր մարդիկ (այս ասելիս նա ցույց տվեց իմ երկար բեղերը, որոնց մասին վերը խոսել ենք) և որ այդ մարդիկ «շատ, շատ մարդեր սպանել»։
:    Ես հասկացա, որ նա խոսում է իսպանական նվաճողների մասին, որոնք այդ ժամանակ հռչակված էին իրենց դաժանություններով։
:    Ես հարցրի նրան, թե արդյոք որևէ հնարավորություն ունե՞մ ծովով գնալու այդ մարդկանց մոտ։
:    Նա պատասխանեց․
:    ― Այո՛, այո՛, այդ կարելի։ Միայն պետք է լողալ երկու նավակ։
:    Ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է ուզում ասել, բայց վերջապես մեծ դժվարությամբ գլխի ընկա, որ նրա լեզվով այդ նշանակում է՝ սովորական մակույկից առնվազն երկու անգամ մեծ նավակ պետք է ունենալ։
:    Ուրբաթի այդ խոսքերը մեծ ուրախություն պատճառեցին ինձ։ Այդ օրվանից իմ մեջ հույս արթնացավ, որ վաղ թե ուշ դուրս կպրծնեմ այստեղից և որ իմ ազատությանը պարտական եմ լինելու իմ խեղճ վայրենուն։
 
==Քսաներկուերորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը և Ուրբաթը մի նավակ են շինում։
:::::Կռիվ վայրենիների հետ
 
:    Անցավ էլի մի քանի ամիս։
:    Այդ ժամանակ արդեն Ուրբաթը սովորել էր հասկանալ ամեն բան, ինչ որ նրան ասում էի։ Նա ինքն էլ անգլերեն բացատրում էր իր մտքերը, թեև անկանոն լեզվով։ Քիչ֊քիչ նրան պատմեցի իմ ամբողջ կյանքը։ Պատմեցի, թե ինչպես եմ ընկել այս կղզին, քանի տարի եմ ապրել այստեղ և ինչպես եմ անցկացրել այդ տարիները։
:    Դրանից ավելի առաջ Ուրբաթին հասկացրել էի հրացան կրակելու գաղտնիքը (որովհետև այդ նրա համար իրոք գաղտնիք էր)․ ցույց էի տվել փամփուշտը, բացատրել էի վառոդի ներգործությունը և սովորեցրել էի կրակել։ Իմ հրացաններից մեկը դրել էի նրա լիակատար տրամադրության տակ։ Նվիրել էի նրան մի դանակ և այդ նվերով բառացիորեն երջանկացրել էի նրան։ Նրա համար սուսերակալ պատրաստեցի, մոտավորապես այնպիսին, որով մեզ մոտ՝ Անգլիայում կրում են սուսերը։ Միայն թե սուսերի փոխարեն նրան տվի մի կացին, որը, ճիշտն ասած, նույնպիսի լավ զենք էր և, բացի դրանից, կարող էր պետք գալ ամեն տեսակ տնտեսական կարիքների համար։
:    Ուրբաթին շատ բան պատմեցի եվրոպական երկրների մասին, մանավանդ իմ հայրենիքի մասին։ Պատմեցի, թե ինչպես ենք մենք առևտուր անում աշխարհի բոլոր մասերում և ինչպես ենք նավարկում խոշոր նավերով։ Բացատրեցի խոշոր առագաստանավի կառուցվածքը և պատմեցի, թե ես ինչպես գնացի խորտակված նավը, հեռվից ցույց տվի այն տեղը, որտեղ նավը խրվել էր երկու ստորջրյա ժայռերի մեջ։ Իհարկե, միայն մոտավորապես կարող էի ցույց տալ, որովհետև նավը վաղուց էր փշուր֊փշուր եղել, և նրա բեկորները ցրվել էին ծովում։ Նրան ցույց տվի նաև այն կիսափտած նավակը, որով մենք ուզում էինք փրկվել, երբ փոթորիկը մեզ քշեց դեպի կղզու ափը։
:    Այդ նավակը տեսնելով՝ Ուրբաթը մտքի մեջ ընկավ և երկար ժամանակ լուռ մնաց։ Ես նրան հարցրի, թե ինչի՞ մասին է մտածում, և նա քիչ հետո պատասխանեց․
:    ― Ես տեսել ես այսպիսի նավակ, ինչպես սա։ Նա կա այնտեղ, որտեղ իմ ժողովուրդ ապրի։
:    Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է ասում նա․ արդյոք ուզում էր ասել, որ իրենց կողմերում վայրենիներն այդպիսի նավակո՞վ են նավարկում, թե՞ ուզում է ասել, որ այդպիսի մի նավակ է անցել իրենց ափերով։
:    Երկար հարցուփորձից հետո վերջապես ինձ հաջողվեց պարզել, որ ճիշտ այդպիսի մի նավակ գնացել է այն ափերը, որտեղ նրա ցեղն է ապրում։
:    ― Նրան մեզ մոտ քշել չար եղանակը, ― բացատրեց Ուրբաթը և նորից լռեց։
:    «Երևի որևէ եվրոպական նավ է խորտակվել նրանց ափերի մոտ, ― մտածեցի ես։ ― Կատաղի ալիքները կարող էին նավակը պոկել նրանից և քշել այնտեղ, ուր վայրենիներն են ապրում»։ Բայց գլխի չընկա, որ այդ նավակում կարող էին մարդիկ լինել, և շարունակելով նարցուփորձ անել Ուրբաթին՝ մտածում էի միայն նավակի մասին։
:    ― Պատմիր ինձ, Ուրբաթ, ինչպիսի նավակ է դա։
:    Ուրբաթը շատ մանրամասն նկարագրեց այդ նավակը և հանկարծ միանգամայն անսպասելի՝ ջերմ զգացմունքով ավելացրեց․
:    ― Սպիտակ մարդիկ չխեղդված․ մենք նրանց փրկած։
:    ― Բայց մի՞թե նավակի մեջ սպիտակ մարդիկ կային, ― շտապեցի հարցնել ես։
:    ― Այո, ― պատասխանեց նա, ― նավակը լիք սպիտակ մարդեր։
:    ― Քանի՞ հոգի էին։
:    Նա ինձ ցույց տվեց իր տասը մատները, ապա էլի յոթ մատ։
:    ― Իսկ որտե՞ղ են նրանք, ի՞նչ պատահեց նրանց հետ։
:    Նա պատասխանեց․
:    ― Նրանք ապրել։ Նրանք ապրել մերոնց մոտ։
:    Այստեղ հանկարծ իմ մեջ միտք ծագեց․ արդյոք այդ տասնյոթ սպիտակ մարդիկ այն նավից չե՞ն, որ այն փոթորկալի գիշերը խորտակվեց իմ կղզու մոտ։ Հնարավոր է, որ երբ նավը ժայռերին է զարնվել, և նավորդները տեսել են, որ փրկություն չկա, նավակ են նստել, իսկ հետո ալիքները նրանց քշել են վայրենիների ափերը, որտեղ և նրանք ստիպված են եղել մնալ։
:    Ես մռայլվեցի և խիստ ձայնով սկսեցի հարցուփորձ անել Ուրբաթին, թե հիմա որտե՛ղ են այդ մարդիկ։ Նա պատասխանեց նույն ջերմությամբ․
:    ― Նրանք ապրել։ Նրանք լավ ապրել։
:    Եվ ավելացրեց, թե արդեն շուտով չորս տարի է, ինչ այդ սպիտակ մարդիկ ապրում են իր հայրենակիցների մոտ և որ իր հայրենալիցները չեն նեղացնում նրանց, ձեռք չեն տալիս, այլ լիակատար ազատության մեջ են։
:    Ես հարցրի Ուրբաթին․
:    ― Ինչպե՞ս կարող էր պատահել, որ վայրենիները չսպանեն և չուտեն սպիտակ մարդկանց։
:    Նա պատասխանեց․
:    ― Սպիտակ մարդեր մեզ եղբայր դառնալ։ Մերոնք ուտել միայն նրանց, ում հաղթել կռվի մեջ։
:    Անցավ էլի մի քանի ամիս։ Մի անգամ կղզում զբոսնելիս ես և Ուրբաթը հասանք կղզու արևելյան կողմը և բարձրացանք մի բլրի գագաթը։ Այդտեղից, ինչպես արդեն ասել եմ, շատ տարիներ առաջ տեսել էի այն ցամաքի շերտը, որը Հարավային Ամերիկայի տեղն էի դրել։
:    Առաջինը բլուրը բարձրացավ միայն Ուրբաթը, իսկ ես մի փոքր հետ մնացի, որովհետև բլուրը բարձր էր և բավական դիք։
:    Ինչպես այն ժամանակ, այժմ էլ օդը շատ պարզ էր։
:    Ուրբաթը երկար ժամանակ նայում էր հեռուն և հանկարծ մի անսպասելի ճիչ արձակեց, սկսեց ցատկոտել, պարել խելագարի պես և ինձ կանչել, որ շուտ բարձրանամ բլուրը։ Վերջապես նա իր պարը դադարեցրեց ու գոչեց․
:    Շու՜տ, շու՜տ, այստե՜ղ։
:    Ես հարցրի․
:    ― Ի՞նչ է պատահել, Ուրբաթ։ Ինչու՞ ես այդպես ուրախացել։
:    ― Այո, այո, ― պատասխանեց նա։ ― Ես բախտավոր։ Այ, տես, այնտեղ․․․ այստեղից երևում է․ այնտեղ իմ երկիր, այնտեղ իմ ժողովուրդ․․․
:    Նրա դեմքին երջանկության անսովոր արտահայտություն երևան եկավ։ Թվում էր, թե նա իր ամբողջ էությամբ ձգտում է այնտեղ, այն երկիրը, ուր նրա հարազատներն ու մերձավորներն էին։
:    Տեսնելով, թե ինչպես է ցնծում և ուրախանում՝ ես խիստ վշտացա։
:    «Իզուր եմ այս մարդուն այսպես անսահմանորեն վստահել, ― ասացի ինքս ինձ։ ― Նա ձևանում է, թե իմ հավատարիմ բարեկամն է, այնինչ մտածում է միայն այստեղից փախչելու մասին»։
:    Եվ նրան նայեցի մեծ տարակուսանքով։
:    «Հիմա նա հնազանդ ու խոնարհ է, ― մտածում էի ես, ― բայց բավական է, որ ընկնի մյուս վայրենիների մեջ, իհարկե, իսկույն կմոռանա, որ ես փրկել եմ իր կյանքը և ինձ կմատնի ցեղակիցների ձեռքը, նրանց կբերի այստեղ, իմ կղզին։ Նրանք կսպանեն, կուտեն ինձ, և նա էլ մյուսների հետ քեֆ կանի այնպես ուրախ ու անհոգ, ինչպես առաջ, երբ նրանք գալիս էին այստեղ՝ տոնելու իրենց հաղթանակը թշնամական վայրենի ցեղերի դեմ»։
:    Այդ ժամանակից սկսած՝ իմ կասկածամտությունը շարունակ աճում էր։
:    Ես սկսեցի խորթանալ երեկվա բարեկամից․ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ դարձավ չոր ու պաղ։
:    Այսպես շարունակվեց մի քանի շաբաթ և, իհարկե, ես խիստ անարդար էի այդ պարզասիրտ երիտասարդի նկատմամբ։
:    Մինչ կասկածում էի, թե Ուրբաթը նենգ ու դավաճանական մտադրություններ ունի, նա շարունակում էր ինձ հետ վարվել նախկին նվիրվածությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ այնքան բարեմտություն ու մանկական դյուրահավատություն կար, որ վերջ ի վերջո ինքս ամաչեցի իմ կասկածներից։ Ես նորից զգացի, որ նա հավատարիմ ընկեր է, և աշխատեցի ամեն կերպ քավել իմ հանցանքը նրա հանդեպ։ Իսկ նա նույնիսկ չէր նկատում իմ վերաբերմունքի փոփոխությունը, և դա նրա հոգու անկեղծության բացահայտ վկայությունն էր։
:    Մի անգամ, երբ ես և Ուրբաթը նորից բարձրանում էինք բլուրը (միայն թե այս անգամ մառախուղ էր կանգնած, և դիմացի ափը չէր երևում), նրան հարցրի․
:    ― Իսկ դու, Ուրբաթ, կուզենայի՞ր վերադառնալ հայրենիք, ձերոնց մոտ։
:    ― Այո, ― ասաց նա, ― օ՜, ես որքա՜ն ուրախ լինեմ, վերադառնամ այնտեղ։
:    ― Իսկ ի՞նչ կանեիր դու այնտեղ, ― շարունակեցի ես։ ― Նորից վայրենի՞ կդառնայիր, առաջվա նման կսկսեիր մարդու մի՞ս ուտել։
:    Իմ խոսքերն, ըստ երևույթին, հուզեցին նրան։ Նա գլուխն օրորեց և պատասխանեց․
:    ― Ոչ, ոչ։ Ուրբաթը մերոնց բոլորին ասի․ ապրեցեք ինչպես է պետք, կերեք հատիկի հաց, կաթ, անասունի միս, մարդու միս ուտելը վատ։
:    ― Բայց եթե այդպես ասես, նրանք քեզ կսպանեն։
:    Նա նայեց ինձ և ասաց․
:    ― Ոչ, չսպանեն։ Նրանք ուրախ լինեն լավ բան սովորել։
:    Ապա ավելացրեց․
:    ― Նրանք շատ բան սովորել են այն մորուքավոր մարդերից, որ եկել են մեզ մոտ։
:    ― Ուրեմն դու ուզու՞մ ես վերադառնալ տուն, ― կրկնեցի իմ հարցը։
:    Նա ժպտաց և ասաց․
:    ― Ես այդքան հեռու լող տալ չի կարող։
:    ― Իսկ եթե նավակը քեզ տա՞մ, ― հարցրի ես, ― կգնա՞ս հայրենիք, ձերոնց մոտ։
:    ― Կգնամ, ― պատասխանեց նա։ ― Բայց դու էլ գաս ինձ հետ։
:    ― Ինչպե՞ս կարող եմ գալ, ― առարկեցի ես։ ― Չէ՞ որ նրանք ինձ իսկույն կուտեն։
:    ― Ո՛չ, ո՛չ, չեն ուտեն, ― վրա բերեց նա տաքացած։ Ես այնպես անեմ, որ չեն ուտեն։ Ես այնպես անեմ, որ նրանք քեզ շատ սիրեն։
:    Ուրբաթը դրանով ուզում էր ասել, որ ինքը իր հայրենակիցներին կպատմի, թե ինչպես սպանեցի նրա թշնամիներին և փրկեցի իր կյանքը։ Նա հավատացած էր, որ դրա համար նրանք շատ կսիրեն ինձ։
:    Դրանից հետո ինձ պատմեց, թե ինչպիսի բարեսրտությամբ վարվեցին նրանք այն տասնյոթ սպիտակամորթ մորուքավոր մարդկանց հետ, որոնց փոթորիկը գցել էր իր հայրենիքի ափերը։ Այդ ժամանակից, խոստովանում եմ, իմ մեջ բուռն ցանկություն առաջացավ՝ ինչ գնով էլ լինի գնալ վայրենիների աշխարհը և այնտեղ գտնել այն մորուքավոր սպիտակ «մարդերին», որոնց մասին խոսում էր Ուրբաթը։
:    Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ իսպանացիներ կամ պորտուգալացիներ են, և հավատացած էի, որ եթե ինձ հաջողվի տեսնել ու զրուցել նրանց հետ, մենք միասին այստեղից դուրս գալու հնար կգտնենք։ «Համենայն դեպս, ― մտածում էի ես, ― ազատության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն, երբ մենք տասնութ հոգի դառնանք և սկսենք համերաշխ գործել բոլորիս օգտին։ Իսկ ի՞նչ կարող եմ անել իմ կղզում մենակ, առանց օգնականների, նրանց ափից քառասուն մղոն հեռավորության վրա»։
:    Այս ծրագիրն ամուր նստեց իմ գլխում, և մի քանի օրից հետո նորից խոսեցի դրա մասին։
:    Ուրբաթին ասացի, որ մակույկը իրեն կտամ, որպեսզի նա կարողանա վերադառնալ իր հայրենիքը։ Միևնույն օրը նրան տարա այն ծովախորշը, որտեղ գտնվում էր իմ մակույկը։ Ջուրը մակույկի միջից դուրս թափելով՝ մոտեցրի ափին և ցույց տվի Ուրբաթին։ Մենք երկուսս էլ նստեցինք մակույկում, որպեսզի փորձենք նրա ընթացքը։ Պարզվեց, որ Ուրբաթը հիանալի թիավարող է, թիակներն ինձանից վատ չէր բանեցնում։ Մակույկն արագ սլացավ ջրի վրայով։ Երբ ափից հեռացանք նրան ասացի․
:    ― Դե, ի՞նչ կասես, Ոիրբաթ, գնա՞նք քո հայրենակիցների մոտ։
:    Նա նայեց ինձ տխուր ու վհատ․ ըստ երևույթին նրա կարծիքով մակույկը շատ փոքր էր այդպիսի հեռավոր նավարկության համար։ Այն ժամանակ նրան ասացի, որ ուրիշ մակույկ էլ ունեմ, որն ավելի մեծ է։ Եվ հետևյալ օրը մենք գնացինք անտառ, այնտեղ, ուր ես թողել էի իմ առաջին մակույկը, որը չէի կարողացել ջուրն իջեցնել։ Այդ մակույկն Ուրբաթին դուր եկավ։
:    ― Այսպիսին լավ, լավ, ― կրկնում էր նա։ ― Այնտեղ շատ դնենք հաց, ջուր, ամեն բան։
:    Սակայն մակույկը շինելու օրից անցել էր քսաներեք տարի։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում անխնամ ընկած էր եղել բաց երկնքի տակ և արևի ու անձրևի ազդեցությունից փտել, չորացել էր։ Այնուամենայնիվ այդ չխախտեց դեպի մայր ցամաք ճանապարհորդություն կատարելու իմ որոշումը։
:    ― Ոչինչ, մի տխրիր, ― ասացի Ուրբաթին։ ― Մենք կկառուցենք ճիշտ այսպիսի մի նավակ և դու կգնաս տուն։
:    Նա ոչ մի պատասխան չտվեց, բայց շատ մռայլվեց ու տխրեց։ Երբ հարցրի, թե ինչ պատահեց, նա ասաց․
:    ― Ինչու՞ Ռոբին Կրուզո բարկանա Ուրբաթի վրա։ Ես ի՞նչ արել եմ։
:    ― Որտեղի՞ց հնարեցիր, որ ես բարկանում եմ քեզ վրա։ Ամենևին էլ չեմ բարկանում, ― ասացի ես։
:    ― Չեմ բարկանում, չեմ բարկանում, ― կրկնեց նա վեց֊յոթ անգամ։ ― Իսկ ինչու՞ Ուրբաթը ուղարկես տուն, իր հարազատների, ցեղակիցների մոտ։
:    ― Բայց չէ՞ որ ինքդ էիր ասում, որ շատ ես ուզում գնալ տուն, ― վրա բերի ես։
:    ― Այո, շատ ուզում, ― պատասխանեց նա, ― միայն թե քեզ հետ։ Որ ես և դու միասին։ Ռոբին չգնա, Ուրբաթ չգնա։ Ուրբաթ առանց Ռոբին չգնա։
:    Ինձ մենակ թողնելու մասին նա լսել անգամ չէր ուզում։
:    ― Բայց ինքդ դատիր, ― ասացի ես, ― ինչու՞ գնամ այնտեղ։ Ի՞նչ պիտի անեմ այնտեղ։
:    Նա տաքացած առարկեց․
:    ― Դու այնտեղ ինչ անե՞ս։ Շատ բան անես։ Լավ բան անես։ Վայրենի մարդերին սովորեցնես բարի լինել, խելոք լինել, նոր կյանք, սովորեցնես նրանց։
:    ― Սիրելի Ուրբաթ, ― ասացի հառաչելով, ― ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում։ Ինձ պես խեղճ անուսը ինչպե՞ պետք է ուրիշներին բարություն սովորեցնի։
:    ― Ճիշտ չի, ― առարկեց նա բորբոքված։ ― Ինձ սովորեցրեց բարի, ուրիշ մարդերին էլ սովորեցնես։
:    ― Ոչ, Ուրբաթ, ― ասացի, ― գնա առանց ինձ, իսկ ես կմնամ այստեղ մենակ, առանց մարդկանց։ Հո ապրել եմ մինչև հիմա։
:    Ինչպես երևաց, այս խոսքերից նա շատ նեղացավ․ շտապ վերցրեց ոչ հեռու ընկած կացինը, բերեց ու մեկնեց ինձ։
:    ― Ինչու՞ ես կացինը ինձ տալիս, ― հարցրի ես։
:    Նա պատասխանեց․
:    ― Սպանիր Ուրբաթին։
:    ― Ինչու՞ սպանեմ, ― հարցրի, ― դու ինձ ոչ մի վատ բան չես արել։
:    ― Իսկ ինչու՞ Ուրբաթին քշես հեռու, ― բորբոքված բացականչեց նա։ ― Սպանիր Ուրբաթին, մի քշիր հեռու։
:    Նա ցնցված էր մինչև հոգու խորքը։ Եվ նրա աչքերում արցունք նկատեցի։ Մի խոսքով, նա այնքան ուժեղ էր կապված ինձ հետ, որ եթե նույնիսկ ցանկանայի, չէի կարող ինձանից հեռու քշել։ Այդտեղ նրան ասացի, և հետո էլ հաճախ կրկնում էի, որ երբեք այլևս չեմ խոսի նրա՝ հայրենիք վերադառնալու մասին, որքան որ ինքը կցանկանա կարող է մնալ ինձ հետ։
:    Այսպիսով վերջնականապես համոզվեցի, որ Ուրբաթն ընդմիշտ նվիրված է ինձ։
:    Եթե նա ցանկանում էլ էր հայրենիք վերադառնալ, ապա միայն նրա համար, որ ամբողջ սրտով սիրում էր իր ցեղակիցներին․ նա հույս ուներ, որ կգնամ նրանց մոտ և բարություն կսովորեցնեմ։
:    Բայց լավ էի գիտակցում, որ քարոզիչ լինելու համար ես պիտանի չեմ։ Մի ամբողջ ժողովրդի բարի ճանապարհի բերելը, իհարկե, իմ ուժերից վեր էր։ Ես ոչ մի ընդունակություն և ոչ էլ ցանկություն ունեի ձեռնամուխ լինելու այնպիսի դժվարին գործի, ինչպիսին է վայրենի ցեղերի լուսավորությունը։
:    Սակայն այդ չէր խանգարում ինձ բուռն կերպով ցանկանալ՝ որքան կարելի է շուտ գնալ Ուրբաթի հայրենիքը, որպեսզի տեսնեմ այն մորուքավոր մարդկանց, որոնք ապրում են այդ երկրում։ Վերջապես որոշեցի առանց հետաձգելու կառուցել այնպիսի մի մեծ նավակ, որով կարելի լինի դուրս գալ բաց ծովը։
:    Ամենից առաջ հարկավոր էր ընտրել մի հարմար ծառ, որը բավականաչափ հաստ բուն ունենար։
:    Սա դժվար գործ չէր․ կղզում այնքան շատ կային հսկայական ծառեր, որ նրանցից ոչ միայն նավակ, այլև մի ամբողջ հզոր նավատորմ կարելի էր կառուցել։ Բայց լավ էի հիշում, թե ինչպիսի սխալ գործեցի, երբ իմ խոշոր նավակը կառուցեցի անտառում։ Նավակը պատրաստեցի ծովից շատ հեռու և հետո չկարողացա քաշել մինչև ափը։ Այս սխալը չկրկնելու համար որոշեցի գտնել մի ծառ, որ ծովին մոտիկ լինի, որպեսզի հետագայում առանց մեծ դժվարության կարողանանք նավակը ջուրն իջեցնել։
:    Բայց ծովի ափերին մեծ մասամբ ցածր ու փոքր ծառեր էին․ շրջեցի համարյա բոլոր ափերը և համապատասխան ծառ չգտա։ Դժվարությունից ինձ դուրս բերեց Ուրբաթը․ պարզվեց, որ այս գործում նա ինձանից ավելի է հասկանում։ Մինչև օրս էլ ես չգիտեմ, թե այն ինչ ծառ էր, որից մենք շինեցինք մեր նավակը։
:    Ուրբաթը պնդում էր, որ մենք կրակով այրենք ծառի բնի ներսը, ինչպես անում են վայրենիները՝ իրենց մակույկները շինելիս։ Բայց նրան ասացի, որ ավելի լավ է փորել դուրի և այլ գործիքների օգնությամբ։ Եվ երբ նրան ցույց տվի, թե ինչպես պիտի է անել այդ, նա սիրով խոստովանեց, որ իմ եղանակն ավելի վստահելի է ու լավ։ Ուրբաթը շատ շուտ վարժվեց նաև այդ աշխատանքին։
:    Մեծ ոգևորությամբ մենք գործի անցանք, և մի ամսից հետո նավակը պատրաստ էր։ Մենք շատ աշխատանք թափեցինք դրա վրա, դրսի կողմից տաշեցինք կացիններով, և ստացվեց իսկական ծովային նավակ՝ նավախելը բարձր, կողերը՝ ամուր։ Մեր նպատակի համար շատ հարմար նավակ էր դա, որովհետև հեշտությամբ կարող էր քսան մարդ վերցնել։
:    Սրանից հետո էլի երկու շաբաթ հարկավոր եղավ, որպեսզի մեր նավակը քաշեինք դեպի ծովը։ Այդ նպատակի համար հարմարեցրինք փայտե գլաններ, սակայն նավակն այնպես ծանր էր և աշխատող ձեռքերն այնքան քիչ, որ նավակն առաջ էր գնում շատ դանդաղ, մատնաչափ առ մատնաչափ։
:    Երբ նավակը ջուրն իջեցրինք, ես ուղղակի զարմացած մնացի, տեսնելով, թե Ուրբաթն ինչպես է ճարպկորեն թիավարում, ինչպես արագ է շուռ տալիս մեկ աջ, մեկ ձախ։
:    Նրան հարցրի, թե իր կարծիքով անվտա՞նգ է այդպիսի նավակով ծով դուրս գալը։
:    ― Օ, այո, ― պատասխանեց նա, ― այդպիսի նավակը չի վախենալու, թեկուզ մեծ քամի լինի։
:    Սակայն մտադիր էի ծով դուրս գալուց առաջ էլի մի բան անել, որի մասին Ուրբաթը ոչինչ չգիտեր, այն է՝ նավակին առագաստով կայմ ամրացնել և խարիսխ ու ճոպան հարմարեցնել։ Կայմ պատրաստելը մեծ դժվարություն չէր․ կղզում շատ կային զարմանալի ուղիղ ու բարձր եղևնիներ։ Ես ընտրեցի մի ջահել ծառ, որ գտնվում էր մեր նոր նավակից ոչ հեռու, և Ուրբաթին պատվիրեցի կտրել։ Հետո իմ ղեկավարությամբ նա ծառի բունը մաքրեց ճյուղերից և խնամքով տաշեց։ Կայմը պատրաստ էր։
:    Առագաստի մասին ինքս հոգացի։ Իմ պահեստում առագաստի կտոր շատ կար, բայց այդ կտորեղենն այնտեղ մնացել էր ավելի քան քսանվեց տարի։ Եվ որովհետև երբեք հույս չունեի, թե երբևիցե կկարեմ, առանձին արժեք չէի տվել դրան և ամենևին չէի հոգացել պահելու մասին․ կարծում էի, որ իմ առագաստի կտորները վաղուց արդեն փտած կլինեն։ Եվ այդպես էլ կար․ կտորների մեծ մասը փտել էր։ Այնուամենայնիվ որոշ մասը դեռ պետք կգար, և երկու ամուր կտոր ընտրելով՝ սկսեցի առագաստ կարել։
:    Շատ ջանք թափեցի այդ գործի վրա։ Իսկապես դա կարել չէր, այլ կցմցել էր․ նույնիսկ ասեղ չունեի։ Սակայն վերջ ի վերջո պատրաստեցի նախ՝ բավական խղճուկ, եռանկյունաձև առագաստի նման մի բան, որպիսիք գործածում են Անգլիայում (այդպիսի առագաստն Անգլիայում կոչվում է «այծի ոտ»), և ապա՝ մի ուրիշ փոքրիկ առագաստ, այսպես կոչված՝ «բլինդ»։ Այդպիսի առագաստները ավելի լավ էի կարողանում վարել, որովհետև ճիշտ նույնպիսի առագաստներ ուներ այն բարկասը, որով փախա Բերբերիայի ծովահեններից։
:    Մոտ երկու ամիս նավակի վրա կայմ ու առագաստներ էի հարմարեցնում, բայց դրա փոխարեն այդ աշխատանքը կատարվեց ամենահոգատար կերպով։ Բացի երկու առագաստներից, պատրաստեցի նաև երրորդը։ Այդ առագաստն ամրացրի նավաքթի կողմը։ Նա պետք է մեզ օգներ ուղղությունը փոխելու դեպքում թեքել նավակը և գնալ քամուն հակառակ։ Հետո պատրաստեցի մի հիանալի ղեկ և հարմարեցրի նավախելի կողմը․ դա պետք է զգալիորեն դյուրացներ նավակին ուղղություն տալու գործը։
:    Ծովային նավեր կառուցելու գործում անգետ էի, բայց լավ էի հասկանում ղեկի նման հարմարանքի ամբողջ օգուտը, ուստի և ջանք չխնայեցի այդ աշխատանքի համար։ Սակայն դա հեշտությամբ գլուխ չեկավ․ հենց միայն ղեկը շինելու վրա համարյա այնքան ժամանակ գործադրեցի, որքան ամբողջ նավակի կառուցման ու սարքավորման վրա։
:    Երբ ամեն ինչ պատրաստ էր, սկսեցի Ուրբաթին սովորեցնել իմ նավակի ղեկավարումը, որովհետև նա ոչ ղեկի մասին հասկացողություն ուներ, ոչ առագաստի։ Սկզբնական շրջանում, երբ նա տեսնում էր, թե ինչպես եմ նավակը թեքում ղեկի օգնությամբ, և ինչպես է առագաստը փքվում մերթ մեկ, մերթ մյուս կողմի վրա, այնպես էր զարմանում, կարծես մի ինչ֊որ հրաշք էր տեսնում։
:    Բայց և այնպես իմ ղեկավարությամբ նա շուտով անհրաժեշտ փորձ ձեռք բերեց և հմուտ ծովագնաց դարձավ։ Մի բան միայն նրա համար անմատչելի մնաց․ կողմնացույցի գործածությունն էր։ Բայց որովհետև այն վայրերում մառախուղ լինում է միայն անձրևի ժամանակ, կողմնացույցն այնքան էլ անհրաժեշտ չէր։ Ցերեկը մենք կարող էինք նավակն ուղղել այն ափը, որ երևում էր հեռվում, իսկ գիշերը ուղղությունը պահել աստղերի օգնությամբ։ Այլ բան է անձրևային եղանակը։ Բայց անձրևների ժամանակ, միևնույն է, չէր կարելի ճանապարհորդել ոչ ծովով, ոչ ցամաքով։
:    Վրա հասավ քսանյոթերորդ տարին, ինչ ես կալանավորված էի այդ բանտում։ Ի դեպ, վերջին երեք տարին համարձակորեն կարելի էր հանել հաշվից, որովհետև կղզու վրա իմ հավատարիմ Ուրբաթի երևալուց հետո կյանքս բոլորովին փոխվել էր։
:    Մոտենում էր անձրևների շրջանը, երբ օրվա մեծ մասը պետք է նստեինք տանը։ Անհրաժեշտ էր այդ ժամանակաընթացքում սպասել և միջոցներ ձեռք առնել, որ անձրևները չվնասեն մեր նավակը։ Մենք նավակը բերինք այն ծովախորշը, որտեղ կանգնեցնում էի իմ լաստերը, և սպասելով մակընթացությանը՝ նավակը ափը քաշեցինք։ Հետո իմ հրամանով Ուրբաթը նավակի կանգնած տեղը մի բավական խոր փոս փորեց, որտեղ նավակը կարող էր տեղավորվել որպես նավաշինարանում։ Այդ փոսը մենք ծովից անջատեցինք մի հաստ պատնեշով, միայն մի նեղ անցք թողնելով ջրի համար։ Երբ հետևյալ մակընթացությանը մեր փոքրիկ նավաշինարանը ջրով լցվեց, մենք պատնեշն ամուր փակեցինք, այնպես որ նավակը մնաց ջրի մեջ, բայց ծովի ալիքները չէին կարող հասնել և մակընթացությունը չէր կարող քշել տանել։ Անձրևներից պաշտպանելու համար մենք նավակը ծածկեցինք ճյուղերի հաստ շերտով, ինչպես տանիքի տակ։
:    Այժմ մենք կարող էինք հանգիստ սպասել լավ եղանակի, որպեսզի նոյեմբերին կամ դեկտեմբերին առագաստները բանանք ու ծով դուրս գանք։
:    Հենց որ անձրևները դադարեցին և արեգակը նորից շողաց, սկսեցի առավոտից մինչև երեկո պատրաստվել առաջիկա նավարկությանը։ Նախապես հաշվեցի, թե մեզ որքան մթերք կարող է պետք գալ և սկսեցի անհրաժեշտ պաշար պատրաստել։
:    Ենթադրում էի, որ երկու շաբաթ հետո, կամ գուցե և ավելի շուտ պատնեշը կքանդենք և նավակը դուրս կբերենք։
:    Սակայն մեզ վիճակված չէր սկսելու մեր նավարկությունը։
:    Մի անգամ առավոտյան, երբ սովորականի նման զբաղված էի մեկնումի նախապատրաստությամբ, հանկարծ մտածեցի, որ լավ կլիներ բացի ուրիշ ուտելիքներից՝ հետներս վերցնենք նաև կրիայի մսի մի փոքրիկ պաշար։
:    Կանչեցի Ուրբաթին և պատվիրեցի վազել ծովափ կրիաներ բռնելու։ (Մենք ամեն շաբաթ կրիա էինք որսում, որովհետև երկուսս էլ սիրում էինք նրա և՛ միսը և՛ ձուն)։
:    Ուրբաթը վազեց իմ պատվերը կատարելու, բայց քառորդ ժամ չանցած՝ հետ վազեց, թռչունի պես ցատկեց ցանկապատի վրայով և մինչ կհարցնեի, թե ինչ է պատահել, սկսեց գոռալ․
:    ― Փորձա՜նք, փորձա՜նք, անբախտ բա՜ն, վատ բա՜ն։
:    ― Ի՞նչ կա, Ուրբաթ, ի՞նչ է պատահել, ― հարցրի անհանգստացած։
:    ― Այնտեղ, ― պատասխանեց նա, ― ափի մոտ մեկ, երկու, երեք, մեկ երկու, երեք նավակ։
:    Նրա ասածից եզրակացրի, որ վեց նավակ է տեսել, բայց հետո պարզվեց, որ միայն երեք հատ են եղել, իսկ նա հաշիվը կրկնել է, շատ հուզված լինելու պատճառով։
:    ― Պետք չէ վախենալ, Ուրբաթ, հարկավոր է քաջ լինել, ― ասացի, աշխատելով սիրտ տալ նրան։
:    Խեղճը շատ էր վախեցել։ Չգիտես ինչու նա կարծում էր, որ վայրենիները եկել են իր հետևից, որ նրանք կտոր֊կտոր կանեն իրեն և կուտեն։ Նա այնպես ուժեղ էր դողում, որ չգիտեի ինչպես վարվեմ հետը։ Ասում էի, որ համենայն դեպս ես էլ նույնպիսի վտանգի եմ ենթարկվում, ինչպես նա, որ եթե նրան ուտեն, ապա կուտեն նաև ինձ։
:    ― Բայց մենք կպաշտպանվենք, ― ասացի ես, ― մենք ողջ֊ողջ նրանց անձնատուր չենք լինի։ Մենք կռվի մեջ կմտնենք նրանց դեմ և դու կտեսնես, որ կհաղթենք։ Դու հո կռվել գիտես, այնպես չէ՞։
:    ― Ես կրակել գիտեմ, ― պատասխանեց նա, ― միայն թե նրանք շատ եկել են, շատ, շատ։
:    ― Ոչինչ, ― ասացի ես։ ― Մի քանիսին կսպանենք, մյուսները կվախենան մեր կրակոցներից և կփախչեն։ Խոստանում եմ, որ քեզ անտեր չեմ թողնի, քաջաբար կպաշտպանեմ և՛ քեզ, և՛ ինձ։ Բայց դու էլ խոստանու՞մ ես, որ նույնպես քաջաբար կպաշտպանես ինձ և կաշխատես կատարել իմ բոլոր հրամանները։
:    ― Ես կմեռնեմ, եթե դու հրամայես, Ռոբին կրուզո։
:    Դրանից հետո քարանձավից բերի մի մեծ թաս ռոմ և տվի նրան խմելու (ես այնպես խնամքով էի ծախսում իմ ռոմը, որ դեռ բավական պաշար էր մնացել)։
:    Հետո հավաքեցինք մեր բոլոր մուշկետներն ու որսորդական հրացանները, կարգի բերինք ու լցրինք։ Բացի դրանից, ամեն անգամի պես կապեցի իմ թուրը առանց պատյանի, իսկ Ուրբաթին զինեցի կացնով։
:    Այսպես կռվի պատրաստվելով, վերցրի դիտափողը և բարձրացա բլուրը՝ հետախուզելու։
:    Դիտափողն ուղղելով դեպի ծովափը՝ շուտով տեսա վայրենիներին․ նրանք մի քսան մարդ կլինեին, բացի դրանից ափին ընկած էին երեք կապկպված մարդ։ Նավակները, կրկնում եմ, միայն երեքն էին, և ո՛չ թե վեցը։ Պարզ էր, որ վայրենիների այդ ամբողջ ամբոխը կղզի էր եկել միայն մեկ նպատակով՝ տոնել թշնամու դեմ տարած իրենց հաղթանակը։ Զարհուրելի արյունոտ խնջույք էր տեղի ունենալու։
:    Նկատեցի նաև, որ այս անգամ նրանք ափ են իջել ո՛չ այնտեղ, ուր իջել էին երեք տարի առաջ, Ուրբաթի հետ հանդիպելուս առաջին օրը, այլ իմ ծովախորշին շատ ավելի մոտիկ։ Այստեղ ափը ցածր էր, և խիտ անտառը իջնում էր համարյա մինչև ծովը։
:    Ինձ խիստ վրդովեց այն ոճրագործությունը, որ այժմ պիտի կատարվի այնտեղ։ Հապաղել չի կարելի։ Բլուրից ցած վազեցի և Ուրբաթին ասացի, որ անհրաժեշտ է որքան կարելի է շուտ հարձակվել այդ արնախում գազանների վրա և կոտորել բոլորին, մինչև վերջին մարդը։
:    Այս ասելիս մի անգամ էլ հարցրի նրան, թե օգնելու՞ է արդյոք ինձ։ Այժմ նա բոլորովին ազատվել էր վախի ազդեցությունից (որին գուցե և մասամբ նպաստել էր ռոմը), և կայտառ, նույնիսկ ուրախ֊ուրախ կրկնեց, որ պատրաստ է մեռնելու ինձ համար։
:    Դեռևս զայրույթս չիջած՝ վերցրի ատրճանակներն ու հրացանները (մնացածը վերցրեց Ուրբաթը), և մենք ճանապարհ ընկանք։ Համենայն դեպս գրպանս դրի մի սրվակ ռոմ, իսկ Ուրբաթը վերցրեց մի մեծ պարկ՝ պահեստի գնդակներով ու վառոդով լի։
:    ― Եկ իմ հետևից, ― ասացի ես, ― ոչ մի քայլ հետ չմնաս և լուռ եղիր։ Ոչ մի բան չհարցնես ինձ և չհամարձակվես կրակել առանց իմ հրամանի։
:    Հասնելով անտառի այն եզրին, որ ամենից ավելի էր մոտիկ ծովափին, կանգ առա, Ուրբաթին կամացուկ կանչեցի ինձ մոտ և ցույց տալով մի բարձր ծառ, հրամայեցի բարձրանալ նրա գագաթը և նայել, երեվու՞մ են արդյոք վայրենիները և ինչ են անում։ Կատարելով իմ հրամանը՝ նա իսկույն իջավ ծառից և հայտնեց, որ վայրենիները խարույկի շուրջը նստած ուտում են իրենց բերած գերիներից մեկին, իսկ մյուս գերին ոտք ու ձեռքը կապած ընկած է ավազի վրա։
:    ― Հետո նրանք այն մեկին էլ ուտեն, ― միանգամայն հանգիստ ավելացրեց Ուրբաթը։
:    Այս խոսքերը ցասում բորբոքեցին իմ հոգու մեջ։
:    Ուրբաթն ինձ ասաց, որ երկրորդ գերին հնդկացի չէ, այլ մեկն է այն մորուքավոր սպիտակամորթներից, որոնք նավակով եկել են իրենց ափերը։ «Հարկավոր է գործել», ― որոշեցի ես։ Ապա ինքս թաքնվելով ծառի հետևը՝ հանեցի դիտափողը և պարզ տեսա ծովափին ընկած մարդուն։ Նա պառկած էր անշարժ, որովհետև ձեռքերն ու ոտքերը կապկպած էին ճկուն շիվերով։
:    Անտարակույս դա եվրոպացի էր․ նրա հագին շորեր կային։
:    Մեր առջևում թփեր էին և այդ թփերի մեջ կանգնած էր մի ծառ։ Թփերը բավական խիտ էին, այնպես որ կարելի էր այդ թփուտով գաղտագողի մոտենալ ափին։
:    Թեպետ այնքան խիստ էի զայրացած, որ ամեն րոպե ուզում էի հարձակվել մարդակերների վրա՝ նույնիսկ չմտածելով հնարավոր հետևանքների մասին, այնուամենայնիվ զսպեցի իմ ցաումը և գաղտնաբար մոտեցա ծառին։
:    Ծառը գտնվում էր թմբի վրա։ Ահա հենց այդ թմբի վրայից տեսնում էի այն ամենը, ինչ տեղի էր ունենում ծովափին։
 
==Քսաներեքերորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը ազատում է իսպանացուն։
:::::Ուրբաթը գտնում է իր հորը
 
:    Խարույկի մոտ խիտ սեղմված իրար՝ նստած էին վայրենիները։ Նրանք տասնինը հոգի էին։ Մի փոքր հեռու կապկպված եվրոպացու վրա կռացած կանգնած էին էլի երկուսը։ Երևում էր, որ նրանց հենց նոր ուղարկել էին գերու հետևից։ Նրանք պետք է գերուն սպանեին, մաս֊մաս անեին և նրա մսի կտորները բաժանեին քեֆ անողներին։
:    Ես դարձա դեպի Ուրբաթը․
:    ― Նայիր ինձ, ― ասացի, ― ինչ որ անեմ, նույնն էլ դու արա։
:    Այս ասելով ես գետնին դրի մուշկետներից մեկը և որսորդական հրացանը, իսկ մյուս մուշկետով նշան բռնեցի վայրենիներին։ Ուրբաթը միևնույնն արեց։
:    ― Պատրա՞ստ ես, ― հարցրի ես։
:    ― Այո, ― պատասխանեց նա։
:    ― Դե, կրակիր, ― ասացի ես, և մենք երկուսս էլ կրակեցինք միաժամանակ։
:    Ուրբաթը ինձանից ավելի ճիշտ էր նշան բռնել․ նա սպանեց երկու մարդու և վիրավորեց երեքին, իսկ ես միայն երկուսին վիրավորեցի և մեկին սպանեցի։
:    Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի սոսկալի շփոթություն գցեցին մեր կրակոցները վայրենիների ամբոխի մեջ։ Ողջ մնացածները ոտքի ցատկեցին՝ չիմանալով ուր փախչել և որ կողմը նայել, որովհետև թեև հասկանում էին, որ իրենց մահ է սպառնում, բայց չէին տեսնում, թե որտեղից է։
:    Ուրբաթը իմ պատվերը կատարելով՝ աչքը չէր հեռացնում ինձանից։ Առաջին կրակոցներից հետո վայրենիներին ուշքի գալու հնարավորություն չտալով՝ մուշկետը նետեցի գետին, վերցրի հրացանը, ոտքը քաշեցի և նորից նշան բռնեցի։ Ուրբաթը ճշտությամբ կրկնեց իմ յուրաքանչյուր շարժումը։
:    ― Դու պատրա՞ստ ես, Ուրբաթ, ― հարցրի նորից։
:    ― Պատրաստ եմ, ― պատասխանեց նա։
:    ― Կրակիր, ― հրամայեցի ես։
:    Երկու կրակոցները որոտացին համարյա միաժամանակ, բայց որովհետև այս անգամ մենք կրակում էինք կոտորակ լցրած հրացաններից, սպանվածներ եղան միայն երկուսը (համենայն դեպս երկուսն ընկան), բայց դրա փոխարեն վիրավորները շատ էին։ Նրանք արյունաթաթախ վազվզում էին ծովափին՝ վայրի ոռնոցով, ինչպես խելագարներ։ Երեքը, ըստ երևույթին, ծանր վերքեր էին ստացել, որովհետև շուտով ընկան։ Ի դեպ, նրանք ողջ մնացին։
:    Ես վերցրի մուշկետը, որի մեջ դեռ լիցք կար և գոռացի․ «Ուրբաթ, իմ հետևի՛ց», ապա անտառից դուրս վազեցի բաց տարածությունը։ Քաջ Ուրբաթը ոչ մի քայլ հետ չէր մնում ինձանից։
:    Նկատելով, որ թշնամիները ինձ տեսան՝ բարձրաձայն աղաղակելով առաջ նետվեցի։
:    ― Դու է՛լ գոռա, ― հրամայեցի Ուրբաթին։
:    Նա իսկույն սկսեց աղաղակել ինձանից էլ ուժեղ։ Դժբախտաբար իմ սպառազինությունն այնքան ծանր էր, որ ինձ խանգարում էր վազել։ Բայց կարծես չէի զգում այդ և ամբողջ ուժով սլացա առաջ, ուղիղ դեպի թշվառ եվրոպացին, որը, ինչպես արդեն ասացի, պառկած էր ավազոտ ափին, ծովի ու վայրենիների խարույկի միջև։ Նրա կողքին ոչ մի մարդ չկար։ Այն երկուսը, որոնք ուզում էին մորթել նրան, փախել էին առաջին իսկ կրակոցների ժամանակ։ Անասելի սարսափով նրանք վազեցին դեպի ծովը, նետվեցին մակույկի մեջ և սկսեցին թիավարել։ Այդ նույն նավակի մեջ թռան մյուս երեք վայրենիները ևս։
:    Ես դարձա դեպի Ուրբաթը և հրամայեցի հաշիվ տեսնել դրանց հետ։ Նա իսկույն հասկացավ իմ միտքը, մի քառասուն քայլ վազելով մոտեցավ մակույկին և կրակեց նրանց վրա։
:    Հինգն էլ թափվեցին մակույկի հատակին։ Կարծեցի, թե բոլորն էլ սպանվեցին, բայց երկուսը իսկույն նորից վեր թռան։ Ըստ երևույթին ընկել էին միայն վախից։ Մյուս երեքից երկուսն սպանված էին, իսկ երրորդն այնպես ծանր էր վիրավորվել, որ տեղից վեր կենալ չէր կարող։
:    Մինչ Ուրբաթը կրակում էր թշնամիների վրա, ես գրպանիցս հանեցի դանակս և կտրտեցի գերու ձեռքերի ու ոտքերի կապանքները։ Ապա նրան օգնեցի վեր կենալ և պորտուգալերեն հարցրի, թե ով է։ Նա պատասխանեց․
:    ― Էսպանոլե (իսպանացի)։
:    Շուտով նա մի փոքր ուշքի եկավ և սկսեց ձեռքի շարժումներով իր ջերմ շնորհակալությունը հայտնել ինձ իր կյանքը փրկելու համար։
:    Օգնության կանչելով իսպաներեն լեզվի իմ բոլոր գիտելիքները նրան ասացի․
:    ― Սենյոր, մենք հետո կխոսենք, իսկ այժմ հարկավոր է կռվել։ Եթե դուք դեռ փոքր֊ինչ ուժ ունեք, ահա ձեզ թուր և ատրճանակ։
:    Իսպանացին շնորհակալությամբ ընդունեց երկուսն էլ և իր ձեռքերում զենքն զգալով՝ կարծես մի ուրիշ մարդ դարձավ։ Եվ որտեղի՜ց երևան եկավ այդքան ուժ։ Մրրիկի նման նա կատաղաբար հարձակվեց չարագործների վրա և մի ակնթարթում երկուսին կտոր֊կտոր արեց։
:    Ասենք՝ դրա համար առանձին ուժ պետք էլ չէր․ խեղճ վայրենիները կրակոցների որոտից շշմած այնքան էին վախեցել, որ ոչ փախչել էին կարողանում, ոչ պաշտպանվել։ Շատերն ընկնում էին հենց սարսափից, ինչպես այն երկուսը, որոնք Ուրբաթի կրակոցներից ընկել էին մակույկի հատակին, թեև գնդակները նրանց կողքով էին անցել։
:    Քանի որ թուրն ու ատրճանակը տվել էի իսպանացուն, ինձ մոտ մնացել էր միայն մուշկետը։ Մուշկետը լցրած էր, սակայն լիցքը պահում էի ծայրահեղ կարիքի համար, ուստի և չկրակեցի։
:    Թփուտում, այն ծառի տակ, որտեղից մենք առաջին անգամ կրակել էինք, մնացել էին մեր որսորդական հրացանները։ Ես կանչեցի Ուրբաթին և հրամայեցի վազել, բերել դրանք։
:    Նա մեծ արագությամբ կատարեց իմ հրամանը։ Մուշկետը տվի նրան, իսկ ինքս սկսեցի մյուս հրացանները լցնել, իսպանացուն և Ուրբաթին ասելով, որ գան ինձ մոտ, երբ իրենց հրացան պետք լինի։ Նրանք իմ հրամաններին ենթարկվելու լիակատար պատրաստակամություն արտահայտեցին։ Մինչ հրացաններն էի լցնում, իսպանացին արտակարգ անվեհերությամբ հարձակվեց վայրենիներից մեկի վրա, և նրանց միջև կատաղի կռիվ սկսվեց։
:    Վայրենու ձեռքին մի հսկայական փայտե սուր կար։ Վայրենին շատ լավ էր տիրապետում այդ զենքին։ Հենց այդպիսի մի սրով էին նրանք ուզում սպանել իսպանացուն, երբ նա պառկած էր խարույկի մոտ։ Այժմ այդ սուրը նորից էր բարձրացել նրա գլխին։ Ես ամենևին չէի սպասում, որ իսպանացին այդքան քաջ կլինի․ ճիշտ է կրած տանջանքներից հետո նա դեռևս թույլ էր, բայց կռվում էր մեծ համառությամբ և իր թրով թշնամու գլխին երկու սոսկալի հարված իջեցրեց։ Վայրենին շատ ուժեղ ու վիթխարի մարդ էր։ Հանկարծ նա դեն նետեց իր թուրը և նրանք սկսեցին ձեռնամարտը։ Իսպանացու բանը շատ վատացավ․ վայրենին նրան իսկույն գետին տապալեց, ընկավ վրան և փորձեց թուրը դուրս քաշել ձեռքից։ Այդ տեսնելով ես վեր թռա և վազեցի օգնության։ Բայց իսպանացին իրեն չէր կորցրել․ նա թուրը բաց թողեց ձեռքից, գոտկից հանեց ատրճանակը, կրակեց վայրենու վրա և տեղնուտեղը ցած գլորեց։
:    Մինչ այդ Ուրբաթը հերոսի համարձակությամբ հետապնդում էր փախչող վայրենիներին։ Նրա ձեռքին միայն կացին կար, ուրիշ զենք չուներ։ Այդ կացնով նա արդեն սպանել էր երեք վայրենու, որոնք վիրավորվել էին մեր առաջին կրակոցից, և այժմ էլ չէր խնայում ոչ մեկին, ով իր առաջն էր ընկնում։
:    Իսպանացին հաղթելով իրեն սպառնացող հսկային՝ վեր թռավ տեղից, վազեց ինձ մոտ, վերցրեց իմ լցրած որսորդական հրացաններից մեկը և նետվեց երկու վայրենիների հետևից։ Նա երկուսին էլ վիրավորեց, բայց որովհետև վազելու ուժ չուներ, երկու վայրենիներն էլ կարողացան թաքնվել անտառում։
:    Նրանց հետևից իր կացինը թափահաարելով վազեց Ուրբաթը։ Չնայած իր վերքերին՝ վայրենիներից մեկը նետվեց ծովը և սկսեց լող տալ դեպի մակույկը, որի մեջ եղած երեք վայրենիները արդեն կարողացել էին մակույկը հեռացնել ափից։
:    Մակույկի մեջ եղած երեք վայրենիները թիավարում էին ամբողջ ուժով, աշխատելով շուտ հեռանալ կրակոցների տակից։
:    Ուրբաթը երկու թե երեք անգամ կրակեց նրանց հետևից, սակայն կարծես չդիպավ։ Նա սկսեց ինձ համոզել, որ մակույկներից մեկը վերցնենք ու հետապնդենք նրանց, քանի դեռ ափից շատ չէին հեռացել։
:    Ինքս էլ չէի ցանկանում, որ նրանք փախչեն։ Վախենում էի, որ եթե իրենց ցեղակիցներին պատմեն մեր հարձակման մասին, անթիվ֊անհամար վայրենիներ կգան այստեղ, և այն ժամանակ մեր բանը վատ կլինի։ Ճիշտ է, մենք հրացաններ ունենք, իսկ նրանք միայն նետեր ու փայտե սրեր, բայց եթե մեր ափին մոտենա թշնամու մի ամբողջ նավատորմիղ, մեզ, իհարկե, կբնաջնջեն։ Դրա համար էլ զիջեցի Ուրբաթի թախանձանքներին, վազեցի դեպի մակույկները և նրան էլ հրամայեցի հետևել ինձ։
:    Բայց որքա՜ն մեծ եղավ իմ զարմանքը, երբ մակույկի մեջ ցատկելով՝ այնտեղ էլ մարդ տեսա։ Դա մի ծերունի վայրենի էր։ Նա պառկած էր մակույկի հատակին՝ ոտքերն ու ձեռքերը կապկպած։ Երևի նրան էլ պիտի ուտեին խարույկի մոտ։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը (նրան այնպես ամուր էին կապկպել, որ նույնիսկ մակույկից դուրս նայել չէր կարողանում), խեղճը քիչ մնաց վախից մեռներ։
:    Իսկույն դանակս հանեցի, կտրատեցի նրա կապանքները և փորձեցի օգնել նրան վեր կենալու։ Բայց նա ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ Նույնիսկ խոսելու ուժ չուներ, այլ միայն նվում էր աղիողորմ․ երևի թշվառը կարծում էր, թե իր կապանքներն արձակել են, որպեսզի մորթեն և ուտեն։
:    Այդ ժամանակ մոտ վազեց Ուրբաթը։
:    ― Ասա այս մարդուն, ― դիմեցի Ուրբաթին, ― որ նա ազատ է, որ մենք ոչ մի վնաս չենք տա իրեն, և որ իր թշնամիները ոչնչացված են։
:    Ուրբաթն սկսեց խոսել ծերունու հետ, իսկ ես մի քանի կաթիլ ռոմ լցրի նրա բերանը։
:    Ազատության ուրախալի լուրը կենդանացրեց թշվառին․ նա բարձրացավ մակույկի հատակից և ինչ֊որ բան ասաց։
:    Անկարելի է պատկերացնել, թե ինչ տեղի ունեցավ Ուրբաթի հետ։ Ամենաքարասիրտ մարդն անգամ կարտասվեր, եթե տեսներ նրան այդ րոպեին։ Հենց որ նա լսեց ծերունու ձայնը և տեսավ նրա դեմքը, սկսեց համբուրել, գրկել նրան, լաց էր լինում, ծիծաղում, սեղմում էր կրծքին, գոռում, հետո սկսեց թռչկոտել նրա շուրջը, երգել, պարել, հետո նորից լաց եղավ, ձեռքերը թափահարեց, սկսեց ծեծել իր գլուխն ու երեսը, մի խոսքով կարծես խելագարված լիներ։
:    Ես հարցրեցի նրան, թե ի՞նչ է պատահել, բայց երկար ժամանակ ոչ մի բացատրություն ստանալ չէի կարողանում։ Վերջապես մի փոքր ուշքի գալով՝ ասաց, որ այդ մարդը իր հայրն է։
:    Չեմ կարող արտահայտել, թե որքան զգացվեցի որդիական սիրո այդպիսի արտահայտությունից։ Երբեք չէի կարող մտածել, որ կոպիտ վայրենին կարող է այդպես ցնցվել և ուրախանալ իր հորը հանդիպելուց։
:    Բայց միաժամանակ չէի կարող չծիծաղել այն անմիտ ցատկրտոցների ու շարժումների վրա, որոնցով նա արտահայտում էր իր որդիական զգացմունքները։ Մի տասն անգամ նա դուրս ցատկեց մակույկից և նորից ներս ցատկեց․ մերթ հետ էր քաշում բաճկոնը և հոր գլուխն ամուր սեղմում իր մերկ կրծքին, մերթ սկսում էր շփել նրա փայտացած ձեռքերն ու ոտքերը։
:    Տեսնելով, որ ծերունին բոլորովին փայտացել է, խորհուրդ տվի ռոմով շփել նրան, և Ուրբաթն իսկույն գործի անցավ։
:    Փախստականներին հետապնդելու մաասին մենք, իհարկե, մառացանք մտածել անգամ։ Մինչ այդ նրանց մակույկն այնքան էր հեռացել, որ համարյա կորել էր տեսողությունից։
:    Մենք նույնիսկ չփորձեցինք հետապնդել և, ինչպես հետո պարզվեց, շատ էլ լավ վարվեցինք, որովհետև մի երկու ժամ հետո այնպիսի կատաղի քամի բարձրացավ, որը, անկասկած, շուռ կտար մեր նավակը։ Քամին փչում էր հյուսիս֊արևմուտքից, ճիշտ և ճիշտ փախստականների դիմացից։ Դժվար թե նրանք կարողանային հաղթահարել այդ փոթորիկը և, ինչպես ենթադրում եմ, զոհ գնացած կլինեն ալիքներին, առանց տեսնելու իրենց հայրենի ափերը։
:    Անսպասելի ուրախությունն այնպես ուժեղ էր հուզել Ուրբաթին, որ չուզեցի նրան անջատել հորից։ «Պետք է թողնել, որ կարոտն առնի», ― մտածեցի ես և կանգնեցի մի կողմ, սպասելով, մինչև իջնի նրա ուրախության փոթորիկը։
:    Ուրբաթը շուտ չհանգստացավ։ Վերջապես կանչեցի նրան։ Նա մոտ վազեց ցատկոտելով, ուրախ ծիծաղով, գոհ ու երջանիկ։ Հարցրի, թե հաց տվե՞լ է հորը։ Նա տխուր գլուխն օրորեց․
:    ― Հաց չկա․ զզվելի շունը ոչինչ չի թողել, ամբողջն ինքն է կերել։
:    Այս ասելով նա ցույց տվեց իրեն։
:    Այն ժամանակ պայուսակիցս հանեցի իմ ունեցած ամբողջ պաշարը՝ մի փոքրիկ բլիթ և երկու թե երեք ողկույզ չամիչ ու տվի Ուրբաթին։ Նա հոգատար քնքշությամբ սկսեց կերակրել հորը ինչպես փաքրիկ երեխայի։ Տեսնելով, որ նա հուզմունքից դողում է, խորհուրդ տվի ռոմի մնացորդներով ամրապնդել իր ուժերը, բայց ռոմն էլ նա տվեց հորը։
:    Մի րոպե անց Ուրբաթն արդեն կատաղածի պես վազեց, չգիտեմ ուր։ Ընդհանրապես նա շատ արագ էր վազում։ Իզուր էի կանչում նրա հետևից, որ կանգնի ու ինձ ասի, թե ուր է գնում։ Նա անհետացավ։
:    Բայց մի քառորդ ժամ չանցած՝ նա վերադարձավ, և նրա քայլերը զգալիորեն ավելի դանդաղ էին։ Երբ նա մոտեցավ, տեսա, որ մի բան է բերում։ Դա խմելու ջրով լի մի կավե կուժ էր, որ բերել էր հոր համար։ Նա վազել էր տուն, մեր ամրոցը և, հետը բերել էր նաև երկու հաց։ Հացերը նա ինձ տվեց, իսկ ջուրը տարավ ծերունուն, ի դեպ, թողնելով, որ մի քանի կում խմեմ, որովհետև ես էլ շատ ծարավ էի։ Ջուրը ծերունուն ավելի ուժ տվեց, քան ոգելից խմիչքը․ նա մեռնում էր ծարավից։
:    Երբ ծերունին կուշտ խմեց, Ուրբաթին կանչեցի և հարցրի, թե կժի մեջ ջուր չի՞ մնացել։ Ասաց, որ մնացել է։ Ես կարգադրեցի ջուր տալ նաև խեղճ իսպանացուն, որը ծարավից ուժասպառ էր եղել ոչ պակաս, քան վայրենին։ Ես իսպանացուն նաև մի հաց ուղարկեցի։
:    Իսպանացին դեռևս շատ էր թույլ։ Նա նստել էր մի ծառի տակ, բոլորովին ուժասպառ։ Վայրենիներն այնպես պինդ էին կապկպել նրան, որ նրա ձեռքերն ու ոտքերը ուռել էին։
:    Երբ նա թարմ ջրով ծարավը հագեցրեց և հաց կերավ, մոտեցա նրան և մի բուռ չամիչ տվեցի։ Նա գլուխը բարձրացեց և նայեց ինձ մեծագույն երախտագիտությամբ, հետո ուզեց վեր կենալ, բայց չկարողացավ, որովհետև ուռած ոտքերը ցավում էին։ Նայելով այդ հիվանդ մարդուն՝ դժվար էր երևակայել, որ նա այդպես հոգնած լինելով՝ հենց նոր կարողացավ այնպես քաջարի կռվել այնքան ուժեղ թշնամու դեմ։ Ես նրան խորհուրդ տվեցի նստել ու չշարժվել և Ուրբաթին հրամայեցի նրա ոտքերը տրորել ռոմով։
:    Մինչ Ուրբաթը կատարում էր իմ հրամանը՝ ես ուշադիր զննում էի նրան։ Երկու րոպեն մեկ, գուցե և ավելի հաճախ, նա շուռ էր գալիս, որ տեսնի, թե իր հորը որևէ բան հարկավոր չէ՞։ Ուրբաթը տեսնում էր միայն ծերունու գլուխը, որովհետև նա նաստած էր մակույկի հատակին։ Հանկարծ մեկ էլ հետ նայելով նա տեսավ, որ գլուխն անհետացել է։ Նույն ակնթարթին Ուրբաթը ոտքի վրա էր։ Նա ոչ թե վազում էր, այլ՝ թռչում․ թվում էր, թե նրա ոտքերը գետնին չեն առնում։ Բայց երբ մակույկի մոտ վազելով տեսավ, որ հայրը պառկել է հանգստանալու և անվնաս պառկած է մակույկի հատակին, իսկույն վերադարձավ մեզ մոտ։
:    Այն ժամանակ իսպանացուն ասացի, որ իմ բարեկամը նրան կօգնի վեր կենալ և կտանի մինչև մակույկը, որով մենք նրանց կհասցնենք մեր բնակարանը։
:    Բարձրահասակ ու ամրակազմ Ուրբաթը նրան բարձրացրեց երեխայի պես, շալակն առավ ու տարավ։ Հասնելով մակույկին՝ նա զգուշությամբ իսպանացուն իջեցրեց և նստեցրեց հոր կողքին։ Հետո ափ դուրս եկավ, մակույկը հրեց ջրի մեջ, նորից ցատկեց մեջը և թիակները ձեռքն առավ։
:    Ուրբաթը հիանալի թիավարող էր և չնայած ուժեղ քամուն՝ մակույկն այնպես արագ էր սլանում ափի երկարությամբ, որ ես չէի կարողանում հասնել հետևից։
:    Ուրբաթը հաջողությամբ մակույկը հասցրեց մեր նավահանգիստը և հորն ու իսպանացուն այնտեղ թողնելով՝ ծովափով հետ վազեց։
:    ― Այդ ու՞ր ես վազում, ― հարցրի ես, երբ նա անցնում էր իմ մոտով։
:    ― Գնում եմ մյուս մակույկն էլ բերելու, ― պատասխանեց նա վազելով և քամու պես առաջ սլացավ։
:    Ոչ մի մարդ, ոչ մի ձի չէր կարող հասնել նրա հետևից, այնքան արագ էր վազում։
:    Դեռ նոր էի հասել մեր ծովախորշին, երբ նա վերադարձավ մյուս մակույկով։ Ափ ցատկելով՝ նա սկսեց մեր նոր հյուրերին օգնել դուրս գալու մակույկից, բայց նրանք երկուսն էլ այնպես էին թուլացել, որ ոտքերի վրա մնալ չէին կարողանում։
:    Խեղճ Ուրբաթը չգիտեր, թե ինչ անի։
:    Ես ևս մտքի մեջ ընկա։
:    ― Սռայժմ նրանց թող ափին, ― ասացի ես, ― և եկ իմ հետևից։
:    Գնացինք մոտակա անտառը, երկու֊երեք ջահել ծառ կտրեցինք և հապճեպ մի պատգարակ պատրաստեցինք, որով և հիվանդներին փոխադրեցինք մինչև մեր ամրոցի արտաքին պարիսպը։
:    Այստեղ արդեն մենք բոլորովին մոլորված մնացինք՝ չիմանալով, թե ինչ անենք։ Երկու մեծահասակ մարդկանց այդպիսի բարձր ցանկապատի վրայով անցկացնել չէի ուզում։ Ստիպված եղա դարձյալ ուժ տալ խելքիս և նորից հնարը գտա։ Ես և Ուրբաթը գործի անցանք, և մի երկու ժամից արդեն պատրաստ էր մի կարգին առագաստե վրան, որի վրա խիտ ճյուղեր էինք լցրել։
:    Ահա հենց այդ վրանում էլ մենք երկու անկողին պատրաստեցինք բրնձի ծղոտից և չորս վերմակից։
 
==Քսանչորսերորդ գլուխ==
:::::Կղզու նոր բնակիչները։ Անգլիացիների գալուստը
 
:    Հենց որ բնակարան պատրաստեցինք գերությունից նոր ազատված մեր հիվանդ հյուրերի համար, նրանց տարա իրենց նոր տան ծածկի տակ, որտեղ նրանք կարող էին հանգստանալ ու վերականգնել իրենց ուժերը, հարկավոր եղավ ուտելիք պատրաստել նրանց համար։ Ուրբաթն իմ ցուցումներով ճաշ պատրաստեց։ Նա գարիով ու բրնձով արգանակ եփեց, որը հիանալի սննդարար բան դուրս եկավ։ Ճաշը պատրաստվեց արտաքին պարսպից դուրս, որովհետև ամրոցի ներսում երբեք կրակ չէի վառում։
:    Նոր վրանում սեղան բաց արինք և չորսով ճաշի նստեցինք։
:    Այդ սեղանը ես էի ղեկավարում և զրույցով զբաղեցնում մեր հյուրերին։ Ուրբաթը թարգմանի դեր էր կատարում ոչ միայն այն ժամանակ, երբ խոաում էի իր հոր, այլև՝ երբ խոսում էի իսպանացու հետ, որովհետև վերջինս արդեն բավական լավ խոսում էր վայրենիների լեզվով։
:    Երբ մենք ճաշեցինք, ավելի ճիշտ՝ ընթրեցինք, Ուրբաթին պատվիրեցի մակույկներից մեկը վերցնել և գնալ բերել մեր հրացանները, որ թողել էինք կռվի վայրում։ Մյուս օրը Ուրբաթին ուղարկեցի սպանվածների դիակները թաղելու, ինչպես նաև ոչնչացնելու արյունոտ խնջույքի մնացորդները։ Ես չէի կարող առանց սարսուռի մտածել, թե ինքս կկարողանամ թաղել այդ դիակները։
:    Ուրբաթը ճշտությամբ կատարեց իմ բոլոր հրամանները։ Նա վայրենիների բոլոր հետքերն այնպես խնամքով էր ծածկել, որ միանգամից այդ տեղը չկարողացա ճանաչել։ Միայն առափնյա անտառի ծառերից գլխի ընկա, որ մարդակերները կերուխում են արել հենց այստեղ։
:    Մի քանի օրից հետո, երբ իմ նոր բարեկամները հանգստացել էին և իրենց կրած փորձություններից հետո մի փոքր ուշքի եկել, սկսեցի Ուրբաթի օգնությամբ զրուցել նրանց հետ։
:    Ամենից առաջ Ուրբաթի հորը հարցրի, թե նա չի՞ վախենում արդյոք, որ փախած մարդակերները կարող են կղզի վերադառնալ ուրիշ վայրենիների մի ամբողջ հրոսակախմբով, որը դաժան դատաստան կտեսնի մեզ հետ։
:    Ծերունին պատասխանեց, որ իր կարծիքով փախած վայրենինեը ոչ մի կերպ իրենց ափերին հասնել չեն կարող այնպիսի ուժեղ փոթորկի պահին, ինչպիսին տեղի ունեցավ այն գիշերը, որ հավանորեն նրանց մակույկը շուռ եկած կլինի և նրանք բոլորն էլ՝ խեղված։
:    ― Իսկ եթե նույնիսկ ողջ մնացած լինեն, ― ասաց նա, ― փոթորիկը նրանց քշած կլինի թշնամի ցեղերի ափերը, որտեղ նրանց անպայման կուտեն։
:    Ապա մի փոքր լռելուց հետո ծերունին ավելացրեց․
:    ― Բայց եթե նույնիսկ հաջողությամբ հասած լինեն տուն, դարձյալ սիրտ չեն անի վերադառնալ։ Ձեր անակնկալ հարձակումից, կրակոցների որոտից նրանք այնքան էին վախեցել, որ հավանորեն իրենց ցեղակիցներին կպատմեն, թե իրենց ընկերները զոհվեցին կայծակի ու շանթի հարվածից։ Իսկ ձեզ երկուսիդ՝ քեզ և Ուրբաթին նրանք կդնեն ցասումով լցված ոգիների, դևերի տեղ, որոնք երկիր են իջել իրենց պատժելու համար։ Ինքս լսեցի, թե ինչպես նրանք այդ էին ասում միմյանց։ Նրանք չեն կարող պատկերացնել, թե հասարակ մահկանացուն կարող է հուր ժայթքել, խոսել որոտներով և հեռու տարածությունից մարդ սպանել նույնիսկ առանց ձեռքը բարձրացնելու։
:    Եվ ծերունին իրավացի էր։ Հետագայում իմացա, որ նույնիսկ երկար տարիներ հետո ոչ մի վայրենի չի համարձակվել երևալ իմ կղզում։ Երևի այն փախստականները, որոնց մենք զոհված էինք համարում, համենայն դեպս վերադարձել են հայրենիք և իրենց զարհուրելի պատմություններով վախեցրել մյուս վայրենիներին։ Հնարավոր է նաև, որ նրանց ցեղի մեջ հավատ է ստեղծվել, թե ով ոտք դնի այդ կախարդական կղզու ափերին, աստվածները նրան կոչնչացնեն հրով։
:    Չկանխատեսելով այդ՝ մշտական անհանգիստ վիճակում էի, սպասելով վայրենիների վրեժխնդրությանը։ Ի դեպ, և՛ ես, և՛ իմ փոքրիկ բանակը միշտ պատրաստ էինք կռվի բռնվելու։ Չէ՞ որ մենք հիմա չորս հոգի էինք, և եթե նույնիսկ մի հարյուր թշնամի երևար մեզ մոտ, չէինք վախենա և ուզած ժամանակ կռվի մեջ կմտնեինք նրանց հետ։
:    Բայց չէ՞ որ նրանք կարող էին լինել երկու հարյուր, երեք հարյուր, և այն ժամանակ կհաղթեին մեզ։
:    Սակայն օրերն անցնում էին, իսկ վայրենիների մակույկները չէին երևում։ Դրա հետ միասին ավելի ու ավելի հաճախ էի վերադառնում դեպի մայր ցամաք ճանապարհորդելու իմ վաղուցվա բաղձանքին։ Ուրբաթի հայրը ինձ հավատացնում էր, որ լիովին կարող եմ հույս ունենալ իր հայրենակիցների սրտագին ընդունելությանը, որովհետև փրկել եմ և՛ իր որդուն, և՛ իր կյանքը։
:    Սակայն իսպանացու հետ ունեցած մի լուրջ զրույցից հետո սկսեցի կասկածել, թե արդյոք միտք ունի՞ իրականացնել իմ ծրագիրը։
:    Իապանացին ինձ ասաց, որ թեև վայրենիներն, իրոք, իրենց մոտ ապաստան են տվել տասնյոթ իսպանացիների ու պորտուգալացիների, որոնց նավը խորտակվել էր նրանց ափերի մոտ, բայց և այնպես այդ եվրոպացիներն այժմ ծայրահեղ կարիքի մեջ են և երբեմն նույնիսկ քաղցած են մնում։ Վայրենիները նրանց չեն նեղում, լիակատար ազատություն են տալիս, բայց հենց իրենք էլ այնքան աղքատիկ կյանք են վարում, որ երբեմն նորեկներին կերակրել չեն կարողանում։
:    Ես իսպանացուն հարցրի նրանց վերջին նավարկության մանրամասնությունների մասին, և նա պատմեց, որ իրենց նավը Ռեո֊դե֊լա֊Պլատայից գնալիս է եղել Հավանա, ուր պետք է տաներ արծաթ ու մորթեղեն և այնտեղից պետք է վերցներ եվրոպական ապրանքներ, որոնցից այնտեղ առատորեն կան։
:    Հավանայի ճանապարհին նրանք մի ուրիշ խորտակված նավից վերցրել են հինգ պորտուգալացի նավաստի։ Փոթորկի ժամանակ իրենց նավի անձնակազմից հինգ հոգի խեղդվել են, իսկ մյուսները բազմօրյա տանջանքներից ու սարսափներից հետո վերջապես քաղցից ու ծարավից հյուծված հասել են մարդակերների երկիրը։ Ափ իջնելով այդ երկրում՝ նրանք սոսկալի հուսահատություն էին ապրում, որովհետև րոպե առ րոպե սպասում էին, որ մարդակերները կուտեն իրենց։ Նրանք հրազեն ունեին, սակայն վառոդ ու գնդակ չկար․ իրենց հետ վերցրած համարյա ամբոջ վառոդը թրջվել էր ճանապարհին, իսկ մնացածն էլ վաղուց էին ծախսել, որովհետև սկզբնական շրջանում իրենց համար ուտելիք էին ճարում միայն որսի միջոցով։
:    Ես իսպանացուն հարցրի, թե նրա կարծիքով ի՛նչ վիճակ է սպասում նրա ընկերներին վայրենիների երկրում, և արդյոք նրանք երբևիցե փորձե՞լ են դուրս գալ այնտեղից։ Նա պատասխանեց, որ իրենք շատ անգամ են խորհրդակցել դրա մասին, բայց այդ բոլոր խորհրդակցություններն էլ վերջացել են արցունքներով ու գանգատներով։
:    ― Ախր մենք, ― ավելացրեց նա, ― ոչ նավ ունեինք, որով կարելի լիներ բաց ծով դուրս գալ, ոչ գործիքներ ունեինք այդպիսի նավ պատրաստելու համար, և ոչ էլ ուտելիքի պաշար։
:    Այն ժամանակ ասացի․
:    ― Ես ձեզ հետ պարզ կխոսեմ։ Ի՞նչ եք կարծում, կհամաձայնե՞ն ձեր ընկերները, եթե նրանց առաջարկեմ փոխադրվել այստեղ, իմ կղզին։ Ինձ թվում է, որ մենք բոլորս միասին մի միջոց կգտնենք որևէ եվրոպական երկիր հասնելու, իսկ այդտեղից էլ՝ մեր հայրենիքը։ Մի բան միայն վախեցնում է ինձ․ հրավիրելով այստեղ՝ ինձ հանձնում եմ նրանց ձեռքը։ Ի՞նչ կլինի, եթե իմ հյուրասիրությունը նրանք դավաճանությամբ պատասխանեն։ Ճիշտն ասած՝ շնորհակալությունը հատուկ չէ որոշ մարդկանց։ Իսկ դա ընդունեցեք, որ շատ ցավալի բան կլիներ, մարդկանց փորձանքից ազատել միայն նրա համար, որ գերի ընկնես նոր Իսպանիայում, որտեղ ոչ մի անգլիացի դեռ իր գլուխը չէր կարողացել ազատել։ Ավելի լավ է վայրենիներին կեր դառնալ, քան թե ընկնել տերտերների անողոք ճիրանները կամ խարույկի վրա այրվել ինկվիզիտորների ձեռքով։ Եթե ձեր ընկերները գան այստեղ, ― շարունակեցի ես, ― համոզված եմ, որ այդքան մարդկանցով մենք կկարողանանք կառուցել մի խոշոր նավ, որով կգնանք դեպի հարավ ու կհասնենք Բրազիլիա, կամ դեպի հյուսիս և կհասնենք իսպանական տիրապետությունները։ Սակայն հասկանալի է, եթե զենք տամ նրանց ձեռքը, իսկ նրանք շնորհակալության փոխարեն այդ զենքն ուղղեն իմ դեմ, եթե օգտվելով իրենց ուժեղությունից խլեն իմ ազատությունը, ապա դրանով ինձ կստիպեն շատ ափսոսալ, որ այնքան լավություն եմ արել իրենց։
:    Իսպանացին ինձ պատասխանեց լիակատար անկեղծությամբ․
:    ― Իմ ընկերներն այնպիսի ծանր նեղություններ են կրում և այնպես պարզ են պատկերացնում իրենց դրության անելանելիությունը, որ մտքով անգամ չի կարող անցնել թե նրանք վատ կվարվեն այն մարդու հետ, որ նրանց կօգնի ազատվելու գերությունից։ Եթե ուզում եք, ― շարունակեց նա, ― այս ծերունու հետ կգնամ նրանց մոտ, կհաղորդեմ ձեր առաջարկությունը և պատասխան կբերեմ։ Եթե նրանք ձեր պայմաններին համաձայնեն, նրանցից հանդիսավոր երդում կվերցնեմ, որ ձեզ հետ կգան այն երկիրը, ուր դուք կցանկանաք, և մինչև տուն վերադառնալն անտրտունջ կհնազանդվեն ձեզ որպես իրենց առաջնորդի ու պետի։ Դուք կհրամայեք, իսկ մենք կենթարկվենք։ Եթե ցանկանում եք, մենք գրավոր պայմանագիր կկազմենք, բոլորս էլ կստորագրենք և կբերեմ ձեզ։
:    Ապա նա ասաց, որ ինքը պատրաստ է անհապաղ երդվելու, որ ինձ հավատարիմ կլինի։
:    ― Երդվում եմ, որ ես մինչև մահս կծառայեմ ձեզ, ― այսպես ավարտեց նա իր ջերմ ճառը։ ― Դուք փրկեցիք իմ կյանքը, և ես ձեզ եմ տալիս այն։ Ուշի ուշով կհետևեմ, որ իմ հայրենակիցները չխախտեն ձեզ տված երդումը և միշտ կպայքարեմ ձեզ համար։
:    Այսպիսի անկեղծ խոսքերից հետո, իմ բոլոր կասկածները չքացան, և որոշեցի այդ մարդկանց փրկելու փորձ անել։ Իսպանացուն ասացի, որ իրեն ու ծերունուն կուղարկեմ նրանց մոտ։
:    Բայց երբ ամեն ինչ պատրաստ էր նրանց մեկնելու համար, իսպանացին ասաց, որ ավելի լավ է մեր մտադրությունը հետաձգել մի քանի ամսով, կամ գուցե մեկ տարով։
:    ― Նախքան հյուրերին բերելը, ― ասաց նա, ― հարկավոր է հոգալ նրանց սննդի մասին։
:    Նա միանգամայն իրավացի էր։ Մեր պաշարը քիչ էր։ Չորսիս հազիվ կբավականացներ, իսկ եթե հյուրերն էլ գային, մի շաբաթում ամբողջ պաշարը կսպառվեր, և մենք սովի կմատնվեինք։
:    ― Դրա համար էլ, ― ասաց իսպանացին, ― խնդրում եմ թույլ տաք նոր հողամասեր վարել։ Հանձնարարեցեք մեզ՝ երեքիս, մենք իսկույն գործի կանցնենք և կցանենք այն ամբողջ հացահատիկը, որ դուք կարող եք հատկացնել ցանքին։ Հետո կսպասենք բերքին, հացը կհավաքենք, և եթե պարզվեց, որ նորեկներին կերակրելու համար բավական է, այն ժամանակ ես և Ուրբաթի հայրը կգնանք նրանց բերելու։ Իսկ եթե նրանք հենց հիմա գան այս կղզին, ծանր կարիքի մեջ կընկնենք, իսկ այդ ամենևին ցանկալի չէ, որովհետև կարիքը կարող է պառակտումներ և փոխադարձ ատելություն ծնեցնել նրանց մեջ։
:    Այդ մարդու խելացի հեռատեսությունն ինձ դուր եկավ։ Հասկացա, որ նա իրոք հոգում է իմ բարօրության մասին և ամբողջ սրտով նվիրված է ինձ։
:    Մենք անմիջապես չորսով սկսեցինք նոր հողեր վարել։ Եռանդով փխրեցնում էինք հողը(որքան այդ հնարավոր էր փայտե գործիքներով), և մի ամսից հետո, երբ ցանքի ժամանակը եկավ, մենք արդեն խնամքով հերկած մի մեծ հողամաս ունեինք, որտեղ ցանեցինք քսաներկու բուշել գարի ու բրինձ, այսինքն այն ամենը, ինչ կարող էի հատկացնել ցանքին։
:    Այժմ, երբ մենք չորս հոգի էինք, վայրենինեը մեզ համար կարող էին երկյուղալի լինել միայն այն դեպքում, եթե գային շատ մեծ թվով։ Վայրենիներից մենք չէինք վախենում և ազատորեն շրջում էինք ամբողջ կղզում։ Եվ քանի որ բոլորս էլ միայն մտածում էինք այստեղից շուտ հեռանալու մասին, ապա մեզանից յուրաքանչյուրը սիրով աշխատում էր այդ հույսի իրականացման համար։ Կղզում շրջելու ժամանակ հարմար ծառեր էի ընտրում նավ կառուցելու համար, Ուրբաթը հոր հետ կտրում էր այդ ծառերը, իսկ իսպանացուն հանձնարարում էի ղեկավարել նրանց աշխատանքը։
:    Ես նրանց ցույց տվի, թե ինչպիսի աներևակայելի դժվարություններով եմ տաշել յուրաքանչյուր տախտակը մի ամբողջական ծառի բնից, և մենք բոլորս միասին սկսեցինք տախտակների պաշար պատրաստել։ Տաշեցինք մոտ մի դյուժին տախտակ։ Դրանք ամուր կաղնի տախտակներ էին երեսունհինգ ոտնաչափ երկարությամբ, երկու ոտնաչափ լայնությամբ և երկուսից չորս մատնաչափ հաստությամբ։ Հասկանալի է, թե ինչպիսի աներևակայելի աշխատանք էինք թափում այդ գործի վրա։
:    Միաժամանակ աշխատում էի հնարավորին չափ մեծացնել իմ այծերի փոքրիկ հոտը։ Դրա համար մեզանից երկուսն ամեն օր գնում էին վայրի այծեր որսալու, այնպես որ շուտով հոտն ավելացավ մինչև քսան գլուխ։
:    Այնուհետև մենք մի կարևոր գործ էլ ունեինք․ հարկավոր էր հոգալ չամիչ պատրաստելու մասին, որովհետև խաղողն սկսում էր հասնել։ Մենք մեծ քանակությամբ խաղող հավաքեցինք և չորացրինք։ Չամիչը հացին հավասար հիմնական սնունդ էր։ Բոլորս էլ շատ էինք սիրում չամիչ։ Իսկապես, դրանից ավելի համեղ ու սննդարար ուտելիք չգիտեմ։
:    Հնձի ժամանակը հասավ։ Բրնձի ու գարու բերքը վատ չէր, ասեք, շատ առատ չէր, բայց այնքան կար, որ հիմա արդեն կարող էինք կերակրել թեկուզ հիսուն մարդու։ Մեկին տասը բերք ստացանք։ Այդ քանակությունը մեզ լիովին պետք է բավականացներ ոչ միայն մինչև եկող տարվա բերքը մեր համայնքը կերակրրելու համար, այլև ուտելիքի այդպիսի պաշարով մենք համարձակորեն կարող էինք ճանապարհ ընկնել և հասնել Հարավային Ամերիկայի ափերը։
:    Բայց որտե՞ղ պետք է լցնեինք ամբողջ բրինձն ու գարին։ Դրա համար հարկավոր էին խոշոր կողովներ, և մենք սկսեցինք կողովներ հյուսել, ըստ որում, պարզվեց, որ իսպանացին այդ գործի հմուտ վարպետ է։
:    Այժմ, երբ արդեն սպասվող հյուրերին կերակրելու համար բավականաչափ միս ու հաց ունեի, իսպանացուն թույլ տվի մակույկը վերցնել և գնալ նրանց բերելու։ Նրան խիստ պատվիրեցի չբերել ոչ մի մարդ, առանց նախապես երդումով խոստում անելու, որ ոչ միայն ինձ ոչ մի չարիք չի անի, զենքը ձեռքին ինձ վրա չի հարձակվի, այլև, ընդհակառակն, կպաշտպանի ինձ բոլոր թշնամիներից։ Այդ երդումը նրանք պետք է գրի առնեն թղթի վրա, և յուրաքանչյուրը պետք է ստորագրի։
:    Բայց ես մոռացել էի, որ խորտակված նավից ազատված իսպանացիները ոչ թանաք ունեն, ոչ գրիչ, ոչ թուղթ։
:    Այս պատվերներն ստանալով իսպանացին և ծերունի վայրենին ճանապարհ ընկան այն նույն մակույկով, որով իրենց բերել էին իմ կղզին։
:    Ինչպիսի՜ ուրախություն էր ինձ համար պատրաստել նրանց այդ ճանապարհորդութունը։ Չէ՞ որ այդ կղզում բանտարկվելուս քսանյոթ տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ կարող էի հուսալ, թե ազատություն ձեռք կբերեմ։ Այդ մարդկանց հացի ու չամիչի առատ պաշար տվեցի, որպեսզի բավականացնի և՛ իրենց, և՛ մեր ապագա հյուրերին։
:    Վերջապես նրանց մակույկ նստեցրի և բարի ճանապարհ մաղթեցի։ Հրաժեշտ տալիս նրանց հետ պայմանավորվեցի, որ երբ իրենց մակույկով իսպանացիներին բերելուս կլինեն, դեռ բաց ծովում թող դրոշակ բարձրացնեն, որպեսզի հեռվից ճանաչեմ իրենց մակույկը։
:    Նրանք հոկտեմբեր ամսին ճանապարհ ընկան մի այնպիսի լիալուսին գիշեր, երբ զով քամի էր փչում։ Դժբախտաբար օրն ավելի ճշգրիտ նշել չեմ կարող, որովհետռ օրերի ու շաբաթների հաշիվը մի անգամ կորցրած լինելով՝ այլևս վերականգնել չկարողացա։
:    Մեր ուղևորների մեկնելուց հետո բավական ժամանակ անցավ։ Ես օրըստօրե սպասում էի նրանց։ Ինձ թվում էր, որ ուշանում են, որ արդեն ութ օր առաջ պետք է վերադարձաց լինեին կղզին։ Հանկարծ տեղի ունեցավ մի չտեսնված դեպք, որպիսին երբեք չէր եղել իմ կղզում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում։
:    Մի օր վաղ լուսաբացին, երբ դեռ խոր քնած էի տանը, Ուրբաթը ներս վազեց բարձր գոռալով․
:    ― Գալի՜ս են, գալի՜ս են։
:    Ես վեր թռա, իսկույն հագնվեցի, ցանկապատի վրայով իջա և ամեն մի վտանգ մոռացած՝ վազեցի դեպի պուրակ (որը, ի դեպ ասած, այդ ժամանակ այնպես էր աճել, որ ավելի շուտ անտառ կարելի էր անվանել)։ Վտանգի մասին այնպես էի մոռացել, որ սովորությանս հակառակ ոչ մի զենք չէի վերցրել հետս։ Լիովին հավատացած էի, որ իսպանացին է վերադառնում իր ընկերների հետ։
:    Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ծովում, ափից մի հինգ մղոն հեռավորության վրա, տեսա եռանկյունի առագաստով մի անծանոթ մակույկ։ Այդ մակույկը գալիս էր ուղիղ դեպի իմ կղզին և համընթաց քամուց մղվելով՝ մոտենում էր արագորեն։ Նա գալիս էր ոչ թե մայր ցամաքի կողմից, այլ կղզու հարավային ծայրից։
:    Մի խոսքով դա բոլորովին այն մակույկը չէր, որին այնքան երկար սպասում էի։
:    Համենայն դեպս հարկավոր էր պատրաստվել պաշտպանության։
:    Ուրբաթին հրամայեցի պուրակում թաքնվել և ուշադիր հսկել մակույկում գտնվող մարդկանց, որովհետև մեզ հայտնի չէ՛ թշնամինե՞ր են դրանք, թե՝ բարեկամներ։ Հետո վերադարձա տուն, վերցրի դիտափողս և սանդուղքի օգնությամբ բարձացա լեռան գագաթը, որպեսզի առանց նկատվելու դիտեմ ամբողջ շրջակայքը․ այդպես էի անում միշտ, երբ թշնամիների հարձակաման երկյուղ էի կրում։
:    Հենց նոր էի լեռը բարձրացել, մեկ էլ հանկարծ մի նավ տեսա։ Նա խարիսխ գցած կանգնած էր կղզու հարավ֊արևելյան կողմը, իմ բնակարանից ութ մղոն հեռավորության վրա։ Ափից մինչև նավը հինգ մղոնից ավելի չէր լինի։ Նավը, անտարակույս, անգլիական էր։ Մոտեցող մակույկը ևս, ինչպես արդեն կարողացա համոզվել, անգլիական բարկաս էր։
:    Դժվար է արտահայտել, թե ինչպիսի բազմապիսի զգացմունքներ հարուցեց իմ մեջ այդ հայտնությունը։
:    Աննկարագրելի էր իմ ուրախությունը, երբ նավ տեսա, այն էլ անգլիական նավ, երբ արդեն հույս չունեի, թե շուտով կհանդիպեմ իմ հայրենակիցներին (ուրեմն և բարեկամ մարդկանց)։
:    Բայց միաժամանակ մի գաղտնի անհանգստություն, որ ես ոչ մի կերպ բացատրել չէի կարողանում, ինձ ստիպում էր զգույշ լինել։
:    Ամենից առաջ ինքս ինձ հարց տվի, թե անգլիական առևտրական նավն ինչու՞ է եկել այս կողմերը, որոնք, որքան ինձ հայտնի էր, հեռու էին անգլիացիների առևտրական ճանապարհներից։ Ես գիտեի, որ չի կարող փոթորիկը քշած լինել այստեղ, քանի որ վերջին ժամանակներս փոթորիկ չէր եղել։ Եթե նույնիսկ նավի վրա իսկապես անգլիացիներ լինեն, ես չպետք է միառժամանակ երևամ նրանց աչքին, որովհետև շատ հավանական էր, որ նրանք բարի նպատակով չեն եկել։ Ավելի լավ է մնամ կղզում, քան վստահեմ կասկածելի մարդկանց և գողերի ու մարդասպանների ձեռք ընկնեմ։
:    Լեռան վրա կանգնած շարունակում էի դիտել կղզուն մոտեցող նավակը։
:    Հանկարծ այդ մակույկը կտրուկ թեքվելով ափի երկարությամբ գնաց դեպի այն ծովախորշը, որտեղ մի ժամանակ իմ լաստերն էի կանգնեցնում։ Հավանորեն մակույկում նստած մարդիկ նկատել էին, թե որտեղ ավելի հարմար է կանգ առնել։ Նրանք ծովախորշը չտեսան, այլ կանգ առան մի ուրիշ տեղ, նրանից կես մղոն հեռավորության վրա։
:    Ուրախ էի, որ նրանք հենց այդտեղ ափ իջան, որովհետև, եթե մտնեին ծովախորշը, կհասնեին, ինչպես ասում են, իմ տան շեմին և, ով գիտե, գուցե դուրս կանեին ինձ իմ ամրոցից և կկողոպտեին եզած֊չողածը։
:    Մարդիկ ափ իջան, և ես կարողացա համոզվել, որ իրոք դրանք, համենայն դեպս դրանց մեծամասնությունն անգլիացիներ են։
:    Ճիշտ է, մեկ֊երկուսին հոլանդացու տեղ դրի, սակայն, ինչպես հետո պարզվեց, սխալվել էի։ Ընդամենը տասնմեկ մարդ էին։
:    Նրանցից երեքը, ըստ երևույթին, այստեղ էին բերվել որպես գերիներ, որովհետև նրանց ձեռքին ոչ մի զենք չտեսա և ինձ թվաց, որ նրանց ոտքերը կապկպած են։ Տեսա, թե ինչպես հինգ մարդ, որոնք առաջինը դուրս ցատկեցին մակույկից, դուրս բերին նաև այն երեքին։
:    Գերիներից մեկը, ըստ երևույթին, ինչ֊որ բան էր խնդրում․ նրա ձեռքերի շարժումներն արտահայտում էին և՛ աղերսանք, և՛ հուսահատություն։
:    Երևում էր, որ նա բոլորովին կորցրել էր գլուխը։ Մյուս երկուսը նույնպես ինչ֊որ բան էին աղերսում և նույնպես ձեռքերը վեր էին բարձրացնում, բայց ընդհանրապես կարծես ավելի հանգիստ էին և այնքան բուռն կերպով չէին արտահայտում իրենց վիշտը։
:    Ես նայում էի նրանց և ոչինչ չէի հասկանում։ Հանկարծ Ուրբաթը իր կոտրտված անգլերենով գոչեց․
:    ― Օ՜, Ռոբին Կրուզո, տես սպիտակ մարդերն էլ մարդեր ուտեն, ինչպես վայրենիները։
:    ― Խելագարվե՞լ ես, Ուրբաթ, ― ասացի ես։ ― Մի՞թե դու կարծում ես, թե ուտելու են նրանց։
:    ― Իհարկե ուտելու են, ― պատասխանեց նա։
:    ― Ոչ, ոչ, Ուրբաթ, սխալվում ես, ― շարունակեցի ես։ ― Վախենում եմ, որ կսպանեն նրանց, բայց ուտելը՝ կարող ես համոզված լինել, որ չեն ուտի։
:    Ես դեռևս չէի հասկանում, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց ամբողջ մարմնով դողում էի այն սոսկալի մտքից, որ ահա, իմ աչքի առաջ արյունոտ ոճիր է կատարվելու։
:    Ինձ նույնիսկ թվաց, թե ավազակներից մեկը իր զոհի գլխին բարձրացրեց մի զենք, որ կարծես թուր լիներ կամ սուսեր։ Սրյունը կանգ առավ երակներիս մեջ։ Ես համոզված էի, թե հիմա դժբախտը գետին կտապալվի։ Այդ րոպեին որքա՜ն էի ափսոսում, որ իսպանացին ու ծերունի վայրենին մեզ հետ չեն։
:    Ես նկատեցի, որ ավազակներից ոչ մեկի մոտ զենք չկար։
:    «Լավ կլիներ, ― մտածեցի ես, ― հիմա գաղտագողի մոտենանք նրանց, դեմառդեմ կրակ բաց անենք և ազատենք գերիներին»։
:    Սակայն հանգամանքներն ուրիշ ընթացք ստացան։
:    Ավազակներն, ըստ երևույթին, մտադիր չէին սպանելու իրենց գերիներին։ Նրանց ահ տալուց և ծաղրի ենթարկելուց հետո չարագործները ցրվեցին կղզում, երևի ցանկանալով իմանալ, թե ինչ տեղ են ընկել։
:    Գերիներին թողին իրենց երկու ընկերների հսկողության տակ։ Բայց, ըստ երևույթին, նրանք հարբած էին․ հենց որ մյուսները գնացին, մտան մակույկ և իսկույն քնեցին։
:    Այսպիսով գերիները մնացին մենակ։ Սակայն առիթից օգտվելու փոխարեն նրանք նստել էին ավազի վրա և անելանելի հուսահատության մեջ շուրջն էին նայում։
:    Այդ ինձ հիշեցրեց կղզին ընկնելու իմ առաջին օրը։ Ճիշտ այդպես ես նստել էի ափին և ահը սրտումս շուրջս էի նայում։ Ես էլ ինձ կորած էի համարում։ Այն ժամանակ ես վախենում էի, որ ինձ կհոշոտեն գիշատիչ գազանները, բարձրացա ծառը և այնտեղ գիշերեցի։ Չկային այնպիսի սարսափներ, որոնք չպաշարեին ինձ սկսզբնական շրջանում։ Այնինչ որքա՜ն խաղաղ ապրեցի այսքան տարիների ընթացքում։ Բայց այն ժամանակ այսպիսի բան ես նախատեսել չէի կարող։
:    Ահա ճիշտ այդպես էլ այդ երեք դժբախտները հուսահատության մեջ էին ընկել, չիմանալով, որ փրկությունը մոտիկ է։
 
==Քսանհինգերորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը հանդիպում է անգլիական նավի նավապետին
 
:    Ավազակները կղզին էին ընկել մակընթացության ժամանակ։ Մինչ նրանք թափառում էին այս ու այն կողմ, բավական ժամանակ անցավ, սկսեց տեղատվությունը, և մակույկը մնաց ծանծաղուտի վրա։
:    Ինչպես արդեն ասացի, մակույկում մնացել էին երկու մարդ, որոնք քնած էին։
:    Մի ժամ հետո նրանցից մեկն արթնացավ և տեսնելով, որ մակույկն ծովափին է մնացել, փորձեց ավազի վրայով քաշել դեպի ջուրը, բայց չկարողացավ։ Այն ժամանակ սկսեց կանչել մյուսներին։ Նրանք վազեցին ու սկսեցին օգնել։ Սակայն մայույկը ծանր էր, իսկ ավազն այնպես թաց էր ու փխրուն, որ նրանք ուժ չունեին մակույկը ջուրն իջոցնել։
:    Այն ժամանակ նրանք որպես իսկական ծովայիններ, ― իսկ ծովայիններն ինչպես հայտնի է, անհոգ մարդիկ են և գալիքի մասին ամենևին չեն մտածում, ― մակույկը թողին ու նորից գնացին զբոսանքի։ Գնալուց առաջ նրանցից մեկը բարձրաձայն ասաց մյուսին․
:    ―Թող կորչի, Ջեկ, ձեռքերդ կոշտուկ առաջացնելու հավե՞ ս ունես։ Շուտով մակընթացություն կսկսվի, և մակույկը ինքն իրեն ջուրը կընկնի։
:    Այս խոսքերը նա աասց անգլերեն։ Նշանակում է, որ նրանք իրոք իմ հայրենակիցներն էին։
:    Քանի դեռ նրանք չէին գնացել, ես կամ իմ ամրոցի ցանկապատի հետևը նստած թաքնվում էի, կամ բլրի գլխից դիտում էի, նրանց։
:    Մինչև մակընթացության սկսվելը առնվազը տասը ժամ կար։
:    Նշանակում է՝ այդքան ժամանակ մակույկը մնալու էր ավազի վրա։
:    Երեկոյան, երբ մութն ընկնի, ես դուրս կգամ թաքստոցից, գաղտագողի կմոտենամ այդ նավաստիներին, կհետևեմ նրանց յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր շարժումին և գուցե նույնիսկ կհաջողվի լսել, թե ինչի մասին են խոսում։
:    Իսկ քանի դեռ չի մթնել, հարկավոր է կռվի պատրաստություն տեսնել։ Այժմ իմ հակառակորդն ավելի ուժեղ էր ու վտանգավոր, քան առաջ, ուստի հարկավոր էր ավելի լուրջ պատրաստվել։
:    Երկար ժամանակ կարգի էի բերում հրացանները, մաքրեցի ու լցրի դրանք, ապա Ուրբաթին, որն արդեն մինչ այդ լավ հրաձիգ էր դարձել, հրամայեցի զինվել ոտքից մինչև գլուխ։ Ես վերցրի երկու որսորդական հրացան, իսկ նրան տվի երեք մուշկետ։ Մնացած զենքերը մենք ևս բաժանեցինք մեր միջև։
:    Պետք է ասել, որ սպառազինված վիճակում ես շատ մարտական տեսք ունեի։ Հագիս իմ անճոռնի բաճկոնն էր՝ կարված այծի մորթուց, գլխիս՝ սրածայր փափախս, կողքիցս կախված էր մերկ սուրս, երկու ատրճանակ խրված էին գոտիս, և ամեն ուսիս մի հրացան կար։
:    Ինչպես ասացի, որոշել էի ոչ մի բան չնախաձեռնել, մինչև մութն ընկնի։ Սակայն ժամը երկուսին մոտ, երբ արևն սկսեց առանձնապես ուժեղ դաղել, նկատեցի, որ նավաստիները գնացին անտառ, և չվերադարձան։ Հավանորեն շոգը զոռել էր նրանց, և ծառերի ստվերում պառկել քնել էին։
:    Բայց գերիների աչքին քու՞ն կգար։ Նրանք իրենց դառը բախտից ճնշված՝ տխուր֊տրտում նստել էին մի մեծ ծառի տակ։
:    Ոչ ոք նրանց չէր հսկում, և որոշեցի չսպասել մինչև երեկո, մոտենալ նրանց և հետները խոսել։ Չէի համբերում, ուզում էի շուտ իմանալ, թե ինչ մարդիկ են նրանք և ինչու են այստեղ։ Գնացի նրանց կողմը այն նույն արտառոց հագուստով, որ հենց նոր նկարագրեցի։ Իմ հետևից կրնկակոխ քայլում էր Ուրբաթը։ Նա ևս զինված էր ոտքից գլուխ, թեև այնպիսի խրտվիլակի տեսք չուներ, ինչպես իր տերը։
:    Ես բոլորովին մոտեցա երեք գերիներին (նրանք նստած էին մեջքները իմ կողմն արած, ուստի ինձ տեսնել չէին կարող) և իսպաներեն բարձրաձայն հարցրի․
:    ― Ո՞վ եք դուք, սինյորնե՛ր։
:    Նրանք ցնցվեցին այդ անակնկալից, սակայն թվում է, որ է՛լ ավելի վախեցան, երբ հետ նայեցին ու տեսան, թե ինչ զարհուրրելի արարած է մոտեցել իրենց։
:    Նրանցից ոչ ոք ոչ մի բառ չպատասխանեց, և ինձ թվաց, թե ուզում են փախչել ինձանից։
:    Այն ժամանակ խոսեցի անգլերեն։
:    Ջենթլմեննե՛ր, մի՛ վախենաք, ― ասացի ես։ ― Գուցե դուք բարեկամ կգտնեք այնտեղ, որտեղ ամենից ավելի քիչ եք սպասում։ Ես անգլիացի եմ և ուզում եմ օգնել ձեզ։ Տեսնու՞մ եք․ մենք ընդամենը երկու հոգի ենք՝ ես և իմ ծառան։ Մենք զենք էլ ունենք, վառոդ էլ։ Ասացեք ուղղակի․ ինչո՞վ կարող ենք թեթևացնել ձեր վիճակը, ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ։
:    ― Մեր դժբախտությունն այնքան մեծ է, որ նկարագրելը շատ երկար կտևեր, ― պատասխանեց գերիներից մեկը, ― այնինչ մեզ տանջողները մոտիկ են և ամեն րոպե կարող են հայտնվել։ Բայց ահա, սըր, համառոտակի ասեմ մեր ամբողջ պատմությունը։ Ես այս նավի նավապետն եմ։ Բայց հիմա նավի անձնակազմը խռովություն է բարձրացրել։ Ես միշտ սիրել եմ իմ նավաստիներին, և նրանք էլ ինձ են սիրել։ Իմ հրամանատարության տակ նրանք շատ լավ էին ապրում։ Սակայն նրանց ճանապարհից շեղեց սրիկաների մի խումբ, որը վերջերս է ընդունվել իմ նավը։ Այդ սրիկաները նավաստիներին համոզել են դառնալ ծովահեններ և ուրիշ նավեր հրկիզել ու կողոպտել։ Իմ ընկերները, որոնց դուք տեսնում եք այստեղ (մեկը իմ օգնականն է, մյուսը՝ ուղևոր), հազիվ համոզեցին այդ մարդկանց, որ մեզ չսպանեն, և նրանք, վերջապես, համաձայնեցին այն պայմանով, որ մեզ երեքիս իջեցնեն մի որևէ անմարդաբնակ ցամաք։ Եվ այդպես էլ արին։ Մենք հավատացած էինք, որ այստեղ մեզ սովամահություն է սպասում, որովհետև այս կղզին անմարդաբնակ էինք համարում։ Այնինչ, ահա, պարզվում է, որ այստեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են անձնվիրաբար փրկել մեզ մահից։
:    ― Որտե՞ղ են այդ չարագործները, ― հարցրի ես։ ― Ու՞ր գնացին նրանք, ո՞ր կողմը։
:    ― Նրանք պառկած են, ահա այն ծառերի տակ, սըր, ― պատասխանեց նավապետը՝ մատնացույց անելով մոտակա անտառը։ ― Սիրտս թփրտում է վախից, որ հիմա ձեզ կտեսնեն և կլսեն, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ եթե այդպես լինի, մենք կորած ենք․ նրանք կսպանեն մեզ բոլորիս, ոչ ոքի չեն խնայի։
:    ― Հրացան ունե՞ն նրանք, ― հարցրի ես։
:    ― Երկուսը միայն, այն էլ մեկը մակույկի մեջ է։
:    ― Շատ լավ, ― ասացի ես։ ― Ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում։ Նրանք բոլորն էլ քնած են, և մեզ համար դժվար չէ գաղտագողի մոտենալ ու բոլորին ոչնչացնել։ Բայց ավելի լավ չի՞ լինի ողջ֊ողջ բռնենք, գուցե թե կզղջան, վերջ կտան ավազակությանը և ազնիվ մարդիկ կդառնան։
:    Նավապետն ասաց, որ նրանց մեջ կան երկու վտանգավոր չարագործ, որոնց հազիվ թե հարկ լինի խնայել։ Եթե այդ երկու մարդուց ազատվենք, մյուսները կզղջան և կվերադառնան իրենց նախկին աշխատանքին։
:    Ես նրան խնդրեցի ցույց տալ այդ երկու մարդուն։ Նա պատասխանեց, որ այսքան հեռու տեղից հազիվ թե կարողանա ճանաչել նրանց, բայց երբ առիթը եկավ, իհարկե, ցույց կտա։
:    ― Ընդհանրապես ես և իմ ընկերները, ― ասաց նա, ― պատրաստ ենք ամեն բանում ենթարկվել ձեզ։ Մենք մեզ դնում ենք ձեր լիակատար տրամադրության տակ։ Ձեր ամեն մի հրամանը օրենք կլինի մեզ համար։
:    ― Եթե այդպես է, ― ասացի ես, ― մի փոքր հեռու քաշվենք, որպեսզի նրանք մեզ չտեսնեն ու մեր խոսակցությունը չլսեն։ Թող նրանք իրենց համար քնեն, իսկ մենք որոշենք, թե ի՛նչ ենք անելու։
:    Երեքն էլ վեր կացան և հետևեցին ինձ։
:    Ես նրանց տարա անտառի թավուտը և այնտեղ նավապետին դիմելով ասացի․
:    ― Ես կփորձեմ ձեզ փրկել ծովահեններից, սակայն մինչ այդ երկու պայման եմ դնում։
:    Նա չթողեց, որ խոսքս ավարտեմ։
:    ― Ընդունում եմ ամեն տեսակ պայման, սըր, ― ասաց նա։ ― Եթե ձեզ հաջողվի խռովարարների ձեռքից խլել նավը, ապա ես ու իմ նավը կլինենք ձեր լիակատար տնօրինության տակ։ Իսկ եթե այդ մտադրությունը ձեզ չհաջողվի, կմնամ այստեղ ձեզ հետ միասին և մինչև կյանքիս վերջը կլինեմ ձեր ջանասեր օգնականը։
:    Նույնպիսի խոստում տվին նաև նրա ընկերները։
:    ― Եթե այդպես է, ― ասացի ես, ― ահա իմ պայմանները։ Նախ՝ քանի դեռ ձեր նավը չեք վերադարձել, պիտի մոռանաք, որ դուք նավապետ եք և առանց առարկության պիտի ենթարկվեք իմ յուրաքանչյուր հրամանին։ Եվ եթե ձեզ զենք տամ, ոչ մի դեպքում այն չեք ուղղելու իմ ու իմ հպատակների դեմ և պետք է վերադարձնեք առաջին իսկ պահանջով։ Երկրորդ, եթե նավը ձեզ վերադարձվի, դուք պետք է առանց որևէ վարձատրության Անգլիա տանեք ինձ և իմ ընկերոջը։
:    Նավապեետն ամեն տեսակ երդումներով, ինչպիսիք կարող է հնարել մարդկային միտքը, երդվեց, որ իմ երկու պահանջն էլ սրբությամբ կկատարեն և՛ ինքը, և՛ իր ընկերները։
:    ― Եվ ոչ միայն նրա համար, ― ավելացրեց նա, ― որ ես այդ պահանջները լիովին հիմնավոր եմ գտնում, այլև գլխավորապես նրա համար, որ ձեզ եմ պարտական իմ կյանքը և մինչև մահս երխտապարտ եմ ձեզ։
:    ― Այդ դեպքում չդանդաղենք, ― ասացի ես։ ― Ահա ձեզ երեք մուշկետ, ահա վառոդ և գնդակներ։ Իսկ հիմա ասացեք, ձեր կարծիքով ի՞նչ պետք է անենք։
:    ― Շնորհակալ եմ ձեազնից, որ դիմում եք իմ խորհրդին, ― ասաց նավապետը, ― բայց մի՞թե կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Դուք մեր պետն եք։ Ձեր գործն է հրամայել, մերը՝ ենթարկվել։
:    ― Ինձ թվում է, ― ասացի ես, ― մեզ համար ավելի հեշտ կլինի հաշիվ մաքրել նրանց հետ, եթե աննկատելիորեն մոտենանք, քանի դեռ նրանք քնած են, և միանգամից կրակենք մեր բոլոր հրացաններից։ Ում վիճակված է սպանվել, կսպանվի, իսկ եթե ողջ մնացածներն անձնատուր լինեն և ներողամտություն խնդրեն, նրանց թերևս կարելի կլինի ներել։
:    Նավապետը համեստությամբ առարկեց, ասելով, որ ինքը չէր ցանկանա այդքան արյուն թափել, և որ, եթե կարելի է, ինքը կգերադասեր չդիմել այդպիսի խստության։
:    ― Այդ մարդկանցից միայն երկուսն են անուղղելի սրիկաներ, ― ավելացրեց նա, ― և հենց նրանք են խռովության նախաձեռնողներն իմ նավի վրա։ Եթե նրանք մեր ձեռքից փախչեն ու նավ վերադառնան, մենք կորած ենք, որովհետև այստեղ կգան մյուս բոլոր նավաստիների հետ և բոլորիս կկոտորեն։
:    ― Նշանակում է, պետք է ընդունել իմ խորհուրդը, ― ասացի ես։ ― Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ մենք ակամայից պետք է անողոք լինենք․ դա մեր փրկության միակ միջոցն է։
:    Բայց երևում էր, որ նա բոլորովին չէր ուզում այդքան շատ մարդկանց արյուն թափել, թեև այդ մարդիկ նրան սովամահության էին դատապարտել։
:    Նկատելով այդ՝ ասացի, որ նա մյուս ընկերների հետ առաջ գնա և տնօրինի ինչպես ուզում է։
:    Մինչ մենք այս խոսակցությամբ էինք զբաղված, ծովահեններն սկսեցին արթնանալ։ Անտառից լսվեցին նրանց ձայները։ Ես տեսա, որ նրանցից երկուսն արդեն ոտքի վրա են, և նավապետին հարցրի, թե արդյոք դրանք չե՞ն խռովություն սկսողները։
:    ― Ոչ, ― պատասխանեց նա։ ― Այդ մարդիկ մինչև վերջին րոպեն հավատարիմ էին իրենց պարտքին և խռովարարներին են միացել սպառնալիքների ազդեցության տակ։
:    ― Ուրեմն թող իրենց համար հեռանան, ― ասացի ես, ― չենք խանգարի նրանց։ Երևում է, ինքը՝ բախտն է հոգացել, որ անմեղները փրկվեն գնդակներից։ Բայց ինքներդ ձեզ վրա զայրացեք, եթե մյուսներին հնարավորություն տաք դուրս պրծնելու։ Նրանք կբռնեն ձեզ, և փրկության հույսը իսպառ կկորչի։
:    Այս խոսքերը նավապետի մեջ վճռականություն արթնացրին։ Ե՛վ նա, և՛ իր ընկերները հրացանները վերցրին, ատրճանակները գոտիները խրեցին և առաջ նետվեցին։
:    Ավազակներից մեկը ոտքերի աղմուկի վրա հետ նայեց և իրենց գերիների ձեռքին զենք տեսնելով՝ տագնապ բարձրացրեց։
:    Սակայն արդեն ուշ էր․ նրա գոռալուն պես որոտացին երկու կրակոց։ Կրակողները չվրիպեցին․ ավազակներից մեկն իսկույն սպանվեց, մյուսը ծանր վիրավորվեց։ Բայց նա նորից ոտքի թռավ և սկսեց օգնություն կանչել։ Սակայն այդ րոպեին նրան մոտեցավ նավապետը։
:    ― Ուշ է, ― ասաց նա։ ― Այժմ արդեն քեզ ոչ ոք չի փրկի։ Ահա քեզ քո դավաճանության վարձատրությունը։
:    Այս ասելով, նա մուշկետը բարձրացրեց և կոթով այնպես խփեց ավազակի գլխին, որ նա լռեց հավիտյան։
:    Այժմ, չհաշված այն երեքը, որոնք, հավանորեն, գնացել էին անտառի մյուս մասը, մեզ մնում էր միայն երեք հակառակորդ, որոնցից մեկը թեթև վիրավորված էր։ Այդ ժամանակ մոտեցանք նաև ես և Ուրբաթը։ Թշնամիները տեսան, որ իրենց փրկություն չկա, սկսեցին գթություն աղերսել։ Նավապետը պատասխանեց, որ ինքը պատրաստ է նրանց կյանը խնայելու, եթե գործով կապացուցեն, որ զղջում են իրենց ուխտադրժությունը և կերդվեն, որ կօգնեն տիրելու նավին։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և սկսեցին ջերմորեն հավատացնել նրան, որ անկեղծորեն զղջում են։
:    Նավապետը հավատաց նրանց երդումներին և հայտարարեց, որ սիրով նրանց խնայում է։ Ես չառարկեցի դրան, բայց պահանջեցի, որ գերիների ձեռքերը և ոտքերը կապկպեն։
:    Հենց որ բանակցությունները վերջացան, ես Ուրբաթին և նավապետի օգնականին հրամայեցի վազել բարկասի մոտ և այնտեղից վերցնել առագաստն ու թիերը։
:    Շուտով վերադարձան նաև այն երեք նավաստին, որոնք թափառում էին կղզում։ Նրանք հեռու էին գնացել և մեր կրակոցների ձայնը լսելով՝ վազելով հետ եկան։
:    Երբ տեսան, որ նավապետը գերի վիճակից հաղթողի դրության մեջ է ընկել, նույնիսկ չփորձեցին դիմադրել, այլ լուռումունջ անձնատուր եղան, թույլ տվին իրենց կապկպել։
:    Այսպիսով հաղթությունը մնաց մեզ։
 
==Քսանվեցերորդ գլուխ==
:::::Ընդհարում ավազակների հետ
 
:    Այժմ, երբ ազատ էինք, կարող էի նավապետին պատմել իմ բոլոր արկածների ու նեղությունների մասին և հարցուփորձ անել նրան այն տխուր դեպքերի մասին, որոնց հետևանքով նա զրկվել էր իր նավից։
:    Ես առաջինն սկսեցի։ Պատմեցի նրան իմ կյանքի վերջին քսանյոթ տարվա ամբողջ պատմությունը։ Նա լսում էր ագահ հետաքրքրությամբ և զարմանում, թե ինչպիսի հրաշք պատահականություն է ինձ հնարավորություն տվել ազատվելու անխուսափելի մահից։
:    Այժմ, երբ նա գիտեր անմարդաբնակ կղզում անցկացրած իմ կյանքի բոլոր մանրամասները, նրան ու իր ընկերներին հրավիրեցի իմ ամրոցը, ուր մենք մտանք իմ սովորական ճանապարհով, այսինքն՝ շարժական սանդուղքով։ Ես իմ հյուրերին առատ կերակրեցի, ապա նրանց ցույց տվեցի իմ տնտեսությունը այն բոլոր հնարամիտ հարմարություններով, որոնք պատրաստել էի իմ մենակության երկար տարիների ընթացքում։
:    Այն ամենը, ինչ այդ մարդիկ տեսան այստեղ, հրաշք էր թվում նրանց։ Այն ամենը, ինչ ես պատմում էի իմ մասին, նրանք լսում էին ինչպես կախարդական հեքիաթ։ Բայց նրանց ամենից ավելի զարմացրեց իմ կառուցած ամրությունը և այն, թե ինչպես վարպետորեն էի իմ բնակարանը թաքցրել խիտ անտառում։ Որովհետև ծառերն այստեղ ավելի արագ են աճում, քան Անգլիայում, քսան տարվա ընթացքում իմ պուրակը մի խիտ ու մթին անտառ էր դարձել։ Դեպի իմ տունը գնալ կարելի էր միայն մի նեղ, գալարուն կացանով, որ թողել էի ծառերը տնկելիս։
:    Նավապետին բացատրեցի, որ այս ամրոցը իմ գլխավոր նստավայրն է, սակայն, ինչպես ամեն մի թագավոր, մայրաքաղաքից հեռու ունեմ իմ ամառային պալատը, որին երբեմն արժանացնում եմ իմ այցելությանը։
:    ― Ես, իհարկե, սիրով իմ ամառանոցը ցույց կտամ, ― ասացի, ― բայց այժմ մեր առաջ շատ ավելի կարևոր խնդիր է դրված․ պետք է մտածել, թե նավը ինչպես խլենք թշնամիների ձեռքից։
:    ― Ուղղակի չեմ կարողանում մտածել, թե ինչպես պիտի անենք, ― ասաց նավապետը։ ― Նավի վրա մնացել են էլի քսանվեց մարդ։ Նրանք բոլորն էլ խառն են դավադրությանը, այսինքն այնպիսի մի հանցանքի, որի համար մեր օրենքներով մահապատիժ է սպառնում։ Ավազակներին շատ լավ հայտնի է, որ եթե անձնատուր լինեն, Անգլիա վերադառնալուն պես կախաղան են բարձրանալու։ Քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեն, ուրեմն կպաշտպանվեն մինչև վերջին շունչը։ Իսկ այդպիսի պայմաններում մեզ համար, մեր թույլ ուժերով, անհնարին է կռվի մեջ մտնել նրանց հետ։
:    Ես մտքի մեջ ընկա։ Նավապետի ասածներն ինձ լիովին հիմնավոր էին թվում։ Հարկավոր էր հնարավորին չափ շուտ մի որևէ վճռական բան մտածել։ Ամեն մի հապաղում մեզ մահ էր սպառնում։ Նավից կարող էր ավազկների մի նոր խումբ գալ և մեզ բոլորիս կոտորել։ Ամենից ավելի լավն էր խորամանկությամբ նրանց քաշել ծուղակի մեջ և անակնկալ հարձակում գործել։ Բայց ինչպե՞ս անել։ Ամեն րոպե նրանք կարող էին կղզի գալ։
:    ― Հավանորեն, ― ասացի նավապետին, ― նավի վրա արդեն անհանգստացած կլինեն, թե ինչու այսքան ժամանակ մակույկը չի վերադառնում։ Շուտով կուզեն իմանալ, թե ինչ եղան ափ ուղարկված նավաստիները և մի ուրիշ մակույկ էլ կուղարկեն։ Այս անգամ զինված մարդիկ կգան, և մեզ համար հեշտ չի լինի կռվել նրանց դեմ։
:    Նավապետը լիովին համաձայնեց ինձ հետ։
:    ― Ամենից առաջ, ― շարունակեցի ես, ― մենք պետք է հոգանք, որ ավազակները չկարողանան հետ տանել բարկասը, իսկ դրա համար հարկավոր է այն անպետքացնել նավարկության համար, այսինքն՝ հատակը ծակել։
:    Մենք իսկույն շտապեցինք բարկասի մոտ։ Դա մի խոշոր նավակ էր՝ կլոր կողերով։ Նրա մեջ շատ բարիք գտնվեց։ Այնտեղ կար զենք, վառոդ, երկու շիշ՝ մեկը օղի, մյուսը՝ ռոմ, մի քանի պաքսիմատ, մի մեծ կտոր շաքար (մոտ հինգ֊վեց ֆունտ), որ փաթաթված էր քաթանի մեջ։ Այս ամենը շատ անհրաժեշտ էր, մանավանդ օղին ու պաքսիմատը․ երկար ժամանակ ոչ օղի էի խմել, ոչ էլ պաքսիմատ կերել։
:    Այս ամբողջ բեռը ափ հանեցինք, վերցրինք մեզ հետ թիերը, առագաստը և ղեկը, ապա բարկասի հատակում մի մեծ ծակ բացինք։ Այսպիսով, եթե թշնամին մեզանից էլ ուժեղ դուրս գար, և մենք չկարողանայինք հաղթել, այնուամենայնիվ բարկասը կմնար մեր ձեռքում, իսկ ես, ճիշտն ասած, ամենից ավելի հենց դրա վրա հույս ունեի։
:    Խոստովանում եմ, այնքան էլ չէի հավատում, թե մեզ կհաջողվի նավը խլել ավազակներից։ «Բայց թող բարկասը մեզ մնա, ― ասում էի ինքս ինձ։ Հետո նորոգելը դժվար չի լինի, իսկ այդպիսի նավով հեշտությամբ կարող եմ հասնել Հողմահար կղզիներին։ Ճանապարհին նույնիսկ կարող եմ այցելել իմ իսպանացուն և նրա հայրենակիցներին, որոնք տառապում են մարդակերների մեջ»։
:    Երբ մենք միացյալ ուժերով բարկասը քաշեցինք այնպիսի մի ապահով տեղ, ուր մակընթացությունը չէր հասնի, նստեցինք հանգստանալու և խորհրդալցելու, թե էլի ի՛նչ պիտի անենք։
:    Հանկարծ նավից թնդանոթաձգություն լսեցինք։ Նավի վրա սկսեցին դրոշակներ թափահարել։ Դա, ըստ երևույթին, բարկասը հետ կանչելու ազդանշան էր։
:    Քիչ անց էլի մի քանի կրակոց լսվեց։ Դրոշակները թափահարում էին անդադար, բայց այդ բոլոր ազդանշանները մնում էին անպատասխան․ բարկասը տեղից չէր շարժվում։ Վերջապես նավից մի նոր մակույկ իջեցրին (այս ամենը դիտափողով շատ լավ երևում էր)։ Մակույկն ուղղվեց դեպի ափ և երբ մոտեցավ, մենք տեսանք, որ նրա մեջ առնավազն տասը մարդ կա՝ զինված հրացաններով։
:    Նավից մինչև ափը վեց մղոն էր, այնպես որ մենք առանց շտապելու կարող էինք դիտել մակույկում նստած մարդկանց։
:    Մենք նույնիսկ կարող էինք տեսնել նրանց դեմքերը, որովհետև հոսանքը մակույկը քշել էր մի փոքր դեպի արևելք այն տեղից, որտեղ կանգնած էր բարկասը, իսկ թիավարողներն, ըստ երևույթին, ուզում էին հենց բարկասի մոտ ափ դուրս գալ, դրա համար էլ միառժամանակ թիավարում էին ափի երկարությամբ։ Ահա հենց այդ ժամանակ էլ մենք լավ դիտեցինք նրանց դեմքերը։ Նավապետը ճանաչում էր յուրաքանչյուրին և ամեն մեկի մասին իր կարծիքն էր հայտնում։
:    Նավապետի ասելով նրանց մեջ կային երեք շատ ազնիվ նավաստի․ նա հավատացած էր, որ նրանց դավադրության մեջ են քաշել իրենց կամքին հակառակ, սպառնալիքների ու բռնության միջոցով, բայց բոցմանը և մյուս նավաստիները իսկական չարագործներ ու ավազակներ են։
:    ― Վախենում եմ, որ սրանց ընկճել չկարողանանք, ― ավելացրեց նավապետը։ ― Բոլորն էլ կատաղի մարդիկ են և այժմ, երբ իմանան, որ մենք դեռ դիմադրում ենք, էլ մեզ գթություն չի լինի։ Նույնիսկ մտածելը սոսկալի է, թե ինչ կանեն մեզ։
:    Ես քմծիծաղ տվի և պատասխանեցի․
:    ― Ինչու՞ եք խոսում վախի մասին։ Մի՞թե մենք վախենալու իրավունք ունենք։ Չէ՞ որ ապագան ինչ էլ որ բերելու լինի, մեր ներկա կյանքից լավը կլինի, հետևապես, այս դրությունից ամեն մի ելք, նույնիսկ մահը, մենք պետք է փրկություն համարենք։ Հիշեցեք թեկուզ միայն այն, թե ես ինչ ապրումներ եմ ունեցել այստեղ, միայնության մեջ։ Հե՞շտ բան է քսանյոթ տարի կտրված լինել աշխարհից։ Մի՞թե, սըր, դուք չեք գտնում, որ արժե կյանքը վտանգի ենթարկել փրկության համար։ Ոչ, ― շարունակեցի ես, ― վտանգը ինձ չի մտահոգում․ մտահոգում է ուրիշ բան։
:    ― Ի՞նչ բան, ― հարցրեց նա։
:    Այն, որ դուք ասում եք այս մարդկանց մեջ կան երեք թե չորս ազնիվ նավաստիներ, որոնց մենք պետք է խնայենք։ Եթե նրանք բոլորն էլ ոճրագործ լինեն, ես ոչ մի րոպե չէի տարակուսի, որ իրավունք ունեմ բոլորին ոչնչացնելու։ Իսկ որ մենք կարող ենք հաղթել նրանց, դրան լիովին հավատացած եմ, որովհետև ով էլ մտնի այս կղզին, մեր իշխանության տակ է, և մեզանից կախված կլինի՝ սպանել նրան, թե շնորհել կյանքը։
:    Ես խոսում էի բարձր ձայնով և ուրախ դեմքով։ Հաղթանակի իմ համոզմունքը հաղորդվեց նաև նավապետին և մենք ջերմորեն գործի անցանք։
:    Դեռ առաջուց, երբ նավից սկսեցին մակույկ իջեցնել, մենք հոգացել էինք, որ գերիներին հեռու տեղ թաքցնենք։ Երկուսին, որոնք նավապետի ասելով ամենավտանգավորն էին, ես Ուրբաթի ու նավապետի օգնականի ուղեկցությամբ ուղարկել էի իմ քարայրը։ Այդ բանտից դուրս պրծնելը հեշտ բան չէր, իսկ եթե նույնիսկ որևէ հրաշքով նրանց հաջողվի դուրս գալ, միևնույն է, կմոլորվեն ամրոցը շրջապատող անտառում։ Նրանց գործակիցների ձայնն այստեղ հասնել չէր կարող, և այստեղից անկարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում կղզու վրա։ Այստեղ նրանց նորից կապկպեցին, բայց Ուրբաթը լավ կերակրեց և մի քանի մոմ վառեց նկուղում, իսկ նավապետի օգնականը հայտարարեց, որ եթե իրենց լավ պահեն, երկու֊երեք օրից ազատություն կստանան։
:    ― Սակայն, ― ավելացրեց նա, ― եթե ցանկանաք փախչել, ապա առաջին իսկ փորձի ժամանակ ձեզ անխնա կգնդակահարեն։
:    Նրանք խոստացան համբերությամբ տանել իրենց բանտարկությունը և ջերմ շնորհակալություն հայտնեցին, որ իրենց չթողեցին անսնունդ ու անլույս։
:    Կալանավորների վրա դուռը փակելով՝ Ուրբաթն իսկույն վերադարձավ ինձ մոտ․ բայց նրանք կարծում էին, թե նա դուրսը կանգնած իրենց է հսկում։
:    Մյուս չորս գերիների հետ այդքան խիստ չվարվեցինք։ Ճիշտ է, երկուսին միառժամանակ կապկպած թողինք, որովհետև նավապետը նրանց համար չէր երաշխավորում, բայց մյուս երկուսին նույնիսկ նավապետի հատուկ հանձնարարությամբ ես ծառայության ընդունեցի։ Երկուսն էլ ինձ երդում տվին, որ կծառայեն ազնվաբար ու հավատարիմ։
:    Այսպիսով, հաշված այդ երկու նավաստիներին և նավապետին՝ իր երկու ընկերներով, այժմ մենք յոթ հոգի էինք, լավ զինված, և չէի կասկածում, որ առանց դժվարության կհաղթենք այն տասը քաջերին, որոնք հիմա պիտի գային։ Մանավանդ որ, նավապետի ասելով, նրանց մեջ կային չորս մարդ, որոնց նկատմամբ կարող էինք հույս ունենալ, որ մեր կողմը կքաշենք։
:    Մոտենալով կղզու այն ափին, որտեղ իրենց բարկասն էր կանգնած, ավազակները կանգ առան, նավակից դուրս եկան և քաշեցին ափը, որ ինձ շատ ուրախացրեց։ Ճիշտն ասած՝ վախենում էի, որ նրանք զգուշության համար խարիսխ կգցեն առանց ափին մոտենալու և երկու֊երեք նավաաստի կթողնեն նավակը պահելու համար, իսկ այդ դեպքում մենք նավակը գրավել չէինք կարողանա։
:    Ափ դուրս գալով՝ նրանք ամենից առաջ վազեցին իրենց բարկասի մոտ։ Դժվար չէ պատկերացնել նրանց զարմանքը, երբ տեսան, որ բարկասի սարքերը չկան, ամբողջ բեռը չքացել է, իսկ հատակին էլ մի մեծ ծակ է բացված։
:    Նրանք խմբվեցին բարկասի շուրջը և երկար ժամանակ խոսում էին իրար հետ, տաք֊տաք քննարկելով, թե ինչ աղետ է պատահել իրենց նավակին, ապա սկսեցին բարձր ձայնով կանչել իրենց ընկերներին։ Սակայն ոչ մի պատասխան չստացան։
:    Այն ժամանակ նրանք կանգնեցին շրջանաձև և մի հրամանով համազարկ տվին բոլոր հրացաններից։ Անտառի արձագանքն ընդունեց նրանց կրակոցը և կրկնեց մի քանի անգամ։ Սակայն այդ էլ արդյունք չտվեց․ նկուղում նստածները կրակոցը լսել չէին կարող, իսկ նրանք, որոնք մեզ հետ էին, թեև լսում էին կրակոցը, բայց չէին համարձակվում պատասխանել։
:    Ավազակները համոզվելով, որ իրենց կանչերին պատասխանող չկա, շատ վախեցան և որոշեցին անմիջապես վերադառնալ նավ և մյուսներին հայտնել, որ բարկասի հատակը ծակված է, իսկ կղզին գնացած մարդիկ սպանված են, հակառակ դեպքում նրանք կպատասխանեին կանչերին։
:    Նավապետը, որ մինչ այդ դեռ հույս ուներ, որ մեզ կհաջողվի նավը գրավել, այժմ վերջնականապես վհատվեց։
:    ― Ամեն ինչ կորած է, ― ասաց նա թախիծով։ ― Հենց որ նավի վրա իմանան, որ կղզին եկած նավաստիները անհետացել են, նոր նավապետը խարիսխը քաշելու հրաման կտա և այն ժամանակ՝ մնաս բարով, իմ նավ։
:    Սակայն շուտով պատահեց մի դեպք, որն ավելի վախեցրեց նավապետին։
:    Դեռ տասը րոպե չանցած՝ մեկ էլ տեսանք, որ ափից հեռացող նավակը հանկարծ հետ դարձավ և նորից ուղղվեց դեպի մեր կղզին։ Երևի ճանապարհին նավաստիները խոսել էին միմյանց հետ և մի նոր ծրագիր կազմել։
:    Մենք լուռ դիտում էինք նրանց։
:    Կանգ առնելով ափի մոտ՝ նրանք երեք հոգի թողին մակույկում, մյուս յոթը քարքարոտ ափով վեր բարձրացան և ուղղվեցին դեպի կղզու խորքը՝ երևի կորած ընկերներին որոնելու։
:    Այդ բանը մեզ խիստ անհանգստացրեց։
:    Եթե նույնիսկ մեզ հաջողվեր ափ իջաց յոթ հոգուն բռնել, մեր հաղթությունը շատ անպտուղ կլիներ, որովհետև մեր ձեռքից կփախչեր մակույկը՝ մյուս երեքի հետ։ Իսկ նրանք նավ վերադառնալով կպատմեին ընկերներին տեղի ունեցած դժբախտության մասին։ Նավն անհապաղ խարիսխը կքաշեր ու կգնար, և մեր հույսն էլ ընդմիշտ կկորչեր։
:    Ի՞նչ պետք է անել։ Մեզ ուրիշ բան չէր մնում բացի այն, որ համբերությամբ սպասում էինք, թե ինչով կվերջանա այս ամենը։ Յոթ նավաստիների ափ իջնելուց հետո նավակը մյուս երեք նավաստիները բավական հեռացրին ափից և խարիսխ գցեցին, այնպես որ մեզ համար անհնարին դարձավ գրավելն ու թաքցնելը։
:    Ափ իջաց նավաստիներն, ըստ երևույթին, որոշել էին չցրվել։ Նրանք քայլում էին կողք կողքի, բարձրացան մի թմբի, ապա սկսեցին մագլցել այն բլուրը, որի տակ գտնվում էր իմ տունը։ Մենք նրանց շատ լավ տեսնում էինք, բայց նրանք մեզ տեսնել չէին կարող։ Մենք շատ ուրախ կլինեինք, եթե այնքան մոտենային մեզ, որ մենք կարողանայինք կրակել նրանց վրա։
:    Մենք հույս ունեինք, որ նրանք, համենայն դեպս, կգնան կղզու հակառակ ափը, որովհետև, քանի դեռ նրանք այս կողմումն էին, մենք ամրոցից քթներս դուրս հանել չէինք կարող։ Սակայն, հասնելով բլրի գագաթը, որտեղից տեսարան էր բացվում դեպի կղզու հյուսիս֊ արևելյան մասը, դեպի անտառներն ու հովիտները, նրանք կանգ առան և նորից սկսեցին բարձր ձայնով կանչել։
:    Վերջապես, պատասխան չստանալով և, երևի վախենալով, որ կարող են շատ հեռանալ ափից, նրանք նստեցին մի ծառի տակ և սկսեցին խորհրդակցել։ Շատ լավ կլիներ, եթե պառկեին և քնեին, ինչպես արին առավոտյան եկած ավազակները, որի շնորհիվ մենք հեշտությամբ հաշիվ տեսանք նրանց հետ։ Բայց սրանք քնելու մասին չէին էլ մտածում։ Զգում էին, որ կղզու վրա ինչ֊որ վատ բան է կատարվում, և որոշել էին զգույշ լինել, թեկուզ և չգիտեին ինչ վտանգ է սպառնում իրենց և որտեղից կարող է գալ։
:    Տեսնելով, որ նրանք խորհրդակցում են, նավապետը մի շատ կարևոր միտք հայտնեց։
:    ― Շատ հնարավոր է, ― ասաց նա, ― որ նրանք կորոշեն մեկ անգամ էլ ազդանշան տալ իրենց կորած ընկերներին և բոլորը միասին կկրակեն հրացանները։ Լավ կլինի, որ մենք նրանց վրա հարձակվենք հենց այդ պահին, երբ նրանց հրացանները դատարկ կլինեն։ Այդ դեպքում նրանք ուրիշ անելիք չեն ունենա, բացի անձնատուր լինելուց և գործը կվերջանա առանց արյունի։
:    Այդ ծրագիրը իմ կարծիքով վատ չէր, սակայն, որպեսզի մեզ այդ հաջողվեր, հարկավոր էր, որ այժմ մենք շատ մոտիկ լինեինք թշնամիներին։ Չէ՞ որ պետք է նրանց վրա հարձակվեինք ճիշտ այն րոպեին, երբ նրանք համազարկ կտային։ Բայց նրանք այնքան էին հեռու մեզանից, որ հարձակվելու մասին մտածելն էլ ավելորդ էր։
:    Ասենք՝ նրանք համազարկ էլ չտվին։
:    Երկար ժամանակ մենք նստել էինք դարանում և չգիտեինք՝ ինչ անենք։
:    Վերջապես ես ասացի․
:    ― Իմ կարծիքով մինչև մութն ընկնելը մենք ոչինչ չենք կարող անել։ Իսկ գիշերը, եթե այս յոթ նավաստին նավակ չվերադառնան, մենք կարող ենք աննկատելիորեն մոտենալ ծովին և որևէ խորամանկությամբ նավակում եղած երեք հոգուն դուրս բերել ու բռնել։
:    Երկար ժամանակ մենք նստել էինք դարանում և անհամբերությամբ սպասում էինք, թե ավազակները երբ տեղից կշարժվեն։ Թվում էր, թե նրանց խորհրդակցությունը վերջ չի ունենալու։
:    Հանկարծ նրանք բոլորը միանգամից վեր թռան տեղից և ուղիղ դեպի ծովափ գնացին։ Հավանորեն մտածել էին, որ կղզում մնալը վտանգավոր է և որոշել էին վերադառնալ նավ, առանց գտնելու իրենց կորած ընկերներին։
:    «Մեր բանը վատ է, ― մրածեցի ես։ ― Ինչպես երևում է, մենք պետք է ընդմիշտ հրաժեշտ տանք նավին»։
:    Ես իմ այդ կարծիքը հայտնեցի նավապետին։ Նա այնպես հուսահատվեց, որ քիչ մնաց պիտի ուշաթափվեր։
:    Բայց այդ ժամանակ մտածեցի մի ռազմական խորմանկություն, որը և գործի դրեցի։ Սա մի բարդ խորամանկություն չէր, բայց իմ ծրագիրը հիանալի հաջողվեց։
:    Ինձ մոտ կանչելով Ուրբաթին ու նավապետի օգնականին՝ նրանց հրամայեցի իջնել ծովախորշը (այն նույն ծովախորշը, որով մի ժամանակ լողալով անցել էր Ուրբաթը, երբ մարդակերները հետապնդում էին նրան), ապա կես մղոնաչափ գնալ դեպի արևմուտք, բարձրանալ բլուրի գլուխը և ամբողջ ուժով գոռալ այնպես, որ նավակի մոտ վերադարձող նավաստիները լսեն նրանց։ Իսկ երբ նավաստիները ձայն կտան, վազել մի ուրիշ տեղ ու նորից գոռալ, կանչել, և այդպես շարունակ տեղը փոխելով, թշնամիներին ավելի ու ավելի դեպի կղզու խորքը քաշել, մինչև որ նրանք կմոլորվեն անտառում, որից հետո կարճ ճանապրհով վերադառնալ այստեղ, ինձ մոտ։
:    Նավաստիներն արդեն նավակ էին նստել և պատրաստ էին մեկնոլու, երբ հանկարծ ծովախորշի կողմից բարձր աղաղակներ լսվեցին․ գոռում էին Որբաթն և նավապետի օգնականը։
:    Հենց որ ավազակները նրանց ձայնը լսեցին, իսկույն արձագանքեցին և ամբողջ ուժով սկսեցին վազել ձայների կողմը, սակայն ծովախորշը նրանց առաջը կտրեց, որովհետև մակընթացության պահն էր, և ծովախորշում շատ բարձր ջուր էր կանգնած։ Այն ժամանակ նրանք մակույկում մնացածներին կանչեցին և պահանջեցին մակույկը բերել, որպեսզի անցնեն ծովախորշը։
:    Ես հենց դրան էլ սպասում էի։
:    Նրանք մակույկով ծովախորշն անցան և առաջ վազեցին՝ իրենց հետ վերցնելով ևս մեկ մարդու։ Այսպիաով մակույկում մնացին միայն երկու հոգի։ Տեսա, ինչպես նրանք մակույկը տարան ծովախորշի ծայրը, ցամաքին մոտիկ և այնտեղ կապեցին մի բարակ ծառից։
:    Այդ բանն ինձ շատ ուրախացրեց։ Որբաթին ու նավապետի օգնականին թողնելով, որ իրենց գործն անեն՝ մյուսներին հրամայեցի հետևել ինձ։
:    Բարձր ու խիտ թփուտի մեջ թաքնվելով մենք շրջանցեցինք ծովախորշը և անակնկալ կերպով դուրս եկանք այն ավազակների առաջ, որոնք մնացել էին ծովափին։ Նրանցից մեկը նստած էր մակույկում, մյուսը ափին պառկած՝ ննջում էր։ Մեզ տեսնելով իրենից երեք քայլ հեռավորությանբ վրա՝ նա ուզեց վեր թռչել և փախչել, սակայն առջևում գտնվող նավապետը հարձակվեց նրա վրա և հրացանի կոթով հարվածեց նրա գլխին։ Ապա մյուս նավաստուն ուշքի գալու ժամանակ չտալով՝ բղավեց նրա վրա․
:    ―Անձնատուր եղի՛ր, եթե չես ուզում մեռնել։
:    Այդ այն նավաստիներից մեկն էր, որոնց մասին նավապետն ասում էր, որ դավադիրներին միացել են ոչ թե իրենց կամքով, այլ՝ բռնությանը ենթարկվելով։ Նա մեր առաջին իսկ պահանջով ոչ միայն անձնատուր եղավ, այլև ինքն իսկույն ցանկություն հայտնեց մտնելու մեր ջոկատը։ Շուտով նա իր արարքներով ապացուցեց, որ արժանի էր մեր վստահությանը։
:    Այդ միևնույն ժամանակ Ուրբաթը և նավապեետի օգնականը շարունակում էին գոռալ ու կանչել։ Արձագանքելով նավաստիների կանչերին՝ նրանք բլուրից բլուր, անտառից անտառ անցան, մինչև որ հասցրին այնպիսի մի թավուտ, որտեղից մինչ մութն ընկնելը ափ դուրս գալ անհնար էր։ Կարելի է երևակայել, թե նրանք որքա՜ն էին տանջել ու հոգնեցրել թշնամուն, երբ մեզ մոտ վերադարձան սոսկալի հոգնած։
:    Այժմ մեզ մնում էր միայն հսկել ավազակներին, մինչև նրանք վերադառնան մակույկի մոտ և խավարի մեջ անակնկալ հարձակում գործելով շշմեցնել նրանց ու ստիպել գերի հանձնվել։
:    Նրանք շուտ չվերադարձան։ Մենք ստիպված եղանք սպասել մի քանի ժամ։ Մեկ էլ լսեցինք, որ նրանք դանդաղորեն մոտենում են ափին։ Քայլում էին զատ֊զատ, միմյանցից հեռու։ Առջևինները հետ մնացողներին ձայն էին տալիս․
:    ― Արա՛գ եկեք։
:    Իսկ նրանք պատասխանում էին․
:    ― Չենք կարող, հոգնածությունից վայր ենք ընկնում։
:    Այդ մեզ ձեռնտու էր։
:    Վերջապես նրանք մոտեցան ծովախորշին։ Այդ մի քանի ժամվա ընթացքում տեղատվություն էր սկսվել, և ծառից կապված մակույկը մնացել էր ցամաքի վրա։
:    Անկարելի է նկարագրել, թե ինչպես շշմեցին ավազակները, երբ տեսան, որ նավակը ծանծաղուտի մեջ է խրվել, իսկ մարդիկ անհետացել են։ Զարհուրելի աղաղակներով նրանք վազվզում էին ծովափին և անիծում իրենց բախտը։ Ասում էին, որ իրենք ընկել են կախարդված կղզի, որ այստեղ կամ ավազակներ կան, որոնք իրենց բոլորին կկոտորեն, կամ սատանաներ, որոնք բոլորին ողջ֊ողջ կխժռեն։
:    Մի քանի անգամ նրանք ձայն տվեցին իրենց ընկերներին, կանչելով նրանց անուն առ անուն, սակայն, հասկանալի է, պատասխան չստացան։
:    Երեկոյան աղջամուղջի մեջ երևում էր, թե ինչպես նրանք հետ ու առաջ էին վազվզում՝ հուսահատությունից տրորելով իրենց ձեռքերը։ Այս աննպատակ վազվզոցից հոգնելով՝ ավազակները նետվեցին մակույկի մեջ, որպեսզի մի փոքր շունչ առնեն, բայց դեռ մի րոպե չանցած՝ նորից ափ ցատկեցին և էլի սկսեցին հետ ու առաջ վազվզել։
:    Իմ ընկերները ինձ խնդրում էին թույլատրել, որ մութն ընկնելուն պես հարձակվեն նրանց վրա։ Բայց ես չէի ուզում այդքան արյուն թափել և որոշեցի խռովարարների հետ հաշիվ մաքրել ավելի խաղաղ ճանապարհով։ Իսկ գլխավորն այն է, որ գիտեի՝ թշնամին զինված է ոտքից գլուխ, և չէի ուզում իմ մարդկանցից որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկել։ Հարկավոր էր սպասել, գուցե թշնամու ուժերը կբաժանվեն երկու֊երեք խմբի, իսկ մինչ այդ իմ զորքին հրամայեցի պաշարել թշնամուն։
:    Ուրբաթին ու նավապետին առաջ ուղարկեցի։ Նրանք պետք է չոքեչոք, գաղտագողի մոտենային ավազակներին, որպեսզի պետք եղած դեպքում դեմ առ դեմ կրակեն։
:    Բայց նրանք երկար չսողացին․ հանկարծ դեմ առան մյուսներից պատահաբար անջատված երեք ավազակի, որոնց մեջ էր նաև բոցմանը, որը, ինչպես ասել ենք, խռովության գլխավոր նախաձեռնողն էր եղել, իսկ այժմ իրեն պահում էր որպես ամենահետին վախկոտ։
:    Հենց որ նավապետը լսեց իր բոլոր ձախորդությունների գլխավոր հանցավորի ձայնը և հասկավավ, որ նա բռի մեջ է, այնպիսի կատաղության հասավ, որ տեղից վեր թռավ և կրակեց ուղիղ ոճրագործի կրծքին։ Այդ ժամանակ, իհարկե, կրակեց նաև Ուրբաթը։
:    Բոցմանը տեղնուտեղը սպանվեց, մյուս ավազակը ծանր վիրավորվեց (նա մեռավ երկու ժամ հետո), իսկ երրորդին հաջողվեց փախչել։
:    Կրակոցները լսելուն պես առաջ տարա իմ բանակի գլխավոր մասը, որի թիվն այժմ հասնում էր ութ մարդու։ Ահա նրա լրիվ կազմը․ ես՝ առաջին ֆելդմարշալ, Ուրբաթը՝ գեներալ֊լեյտենանտ, ապա նավապետը երկու սպաների հետ և երեք շարքային, այն գերիները, որոնց մենք զենք էինք վստահել։
:    Երբ մենք մոտեցանք թշնամուն, արդեն բոլորովին մութն էր, այնպես որ չէր կարելի որոշել, թե մենք քանի հոգի ենք։
:    Ինձ մոտ կանչեցի ռազմագերիներից մեկին, այն նույն նավաստուն, որին ավազակները թողել էին մակույկում (այժմ նա կռվում էր մեր շարքերում), և հրամայեցի անուն առ անուն կանչել իր նախկին ընկերներին։
:    Ուզում էի կրակելուց առաջ բանակցությունների մեջ մտնել նրանց հետ և հաջողության դեպքում գործը խաղաղությամբ վերջացնել։ Իմ փորձը լիովին հաջողվեց։ Ասենք, ուրիշ կերպ լինել չէր էլ կարող․ թշնամիները հուսահատության էին հասել, նրանց մնում էր միայն անձնատուր լինել։
:    Եվ այսպես, իմ նավաստին կոկորդով մեկ գոռաց․
:    ― Թոմ Սմի՜տ, Թոմ Սմի՜տ։
:    Թոմ Սմիտն իսկույն պատասխանեց․
:    ― Ո՞վ է կանչում։ Այդ դու՞ ես, Ջիմմի Ռոյ։
:    Նա երևի ձայնից ճանաչեց նավաստուն։ Ջիմմի Ռոյը պատասխանեց․
:    ― Ես եմ, ես, Թոմ Սմի՜թ։ Նետիր զենքդ և անձնատուր եղիր, թե չէ՝ դուք կորած եք։ Մի րոպեում ձեզ բոլորիդ կկոտորեն։
:    ― Բայց ու՞մ անձնատուր լինենք։ Ո՞վ կա, որտե՞ղ են նրանք, ― ձայն տվեց Թոմ Սմիթը։
:    ― Այստեղ, ― պատասխանեց Ջիմմի Ռոյը։ ― Հիսուն մարդ են այստեղ, նրանց հետ էլ մեր նավապետն է։ Ահա արդեն երկու ժամ է, որ նրանք հետապնդում են ձեզ։ Բոցմանն սպանված է, Բիլ Ֆրեյը վիրավորված է, իսկ ինձ գերի են վերցրել։ Եթե հենց այս րոպեին անձնատուր չլինեք, հրաժեշտ տվեք կյանքին․ ձեզ փրկություն չի լինի։
:    Այն ժամանակ Թոմ Սմիթը ձայն տվեց․
:    ― Հարցրու դրանց, կներե՞ն մեզ արդյոք։ Եթե այո, մենք իսկույն անձնատուր կլինենք։ Այդպես էլ ասա իրենց։
:    ― Լավ, կհարցնեմ, ― պատասխանեց Ջիմմի Ռոյը։
:    Բայց այդ ժամանակ բանակցությունների մեջ մտավ ինքը՝ նավապետը։
:    ― Է՛յ, Սմիտ, ― կանչեց նա։ ― Դու ճանաչու՞մ ես իմ ձայնը։ Դե լսի՛ր, եթե դուք իսկույն զենքը ցած դնեք և անձնատուր լինեք, խոստանում եմ խնայել բոլորիդ կյանքը, բացի Բիլլ Ատկինսից։
:    ― Նավապետ, աստծու սիրուն, ի՛նձ էլ ողորմացեք, ― աղաղակեց Բիլլ Ատկինսը։ ― Ես ինչո՞վ եմ վատ մյուսներից։ Ուրիշներն էլ այնպես հանցավոր են, ինչպես ես։
:    Դա կատարյալ սուտ էր, որովհետև Բիլլ Ատկինսը որպես իսկական ծովահեն ու ավազակ՝ վաղուց նավաստիներին համոզում էր զբաղվել ծովային կողոպուտներով, իսկ երբ խռովություն սկսվեց, առաջինը նա էր, որ հարձակվեց նավապետի վրա և կապկպեց ձեռքերը, հայհոյելով և վիրավորելով նրան։ Դրա համար էլ նավապետը Բիլլ Ատկինսիսն ասաց, որ նա անձնատուր լինի առանց որևէ պայմանի, իսկ հետո արդեն կղզու պետը կվճռի, թե կյանք կտա նրան, թե՝ մահ։ (Կղզու պետը ես էի․ այժմ բոլորն ինձ այդպես էին հորջորջում)։
:    Բիլլ Ատկինսն ստիպված եղավ զիջել։
 
==Քսանյոթերորդ գլուխ==
:::::Նավապետը նորից դառնում է իր նավի հրամանատարը։ Ռոբինզոնը թողնում է կղզին
 
:    Այսպիսով ծովահենները զենքները ցած դրին և հլու հնազանդ սկսեցին ողորմածություն խնդրել։
:    Այն նավաստին, որը խոսում էր ծովահենների հետ և էլի երկու ուրիշ մարդ իմ հրամանով կապկպեցին բոլորի ձեռքերը, որից հետո իմ ահարկու բանակը, բաղկացած հիսուն մարդուց (իսկ իրականում ընդամենը ութ մարդ էր, հաշված նաև երեք գերիներին), շրջապատեց նրանց և գրավեց մակույկը։ Ես ինքս, սակայն, քաղաքական որոշ նկատառումներով չէի երևում նրանց աչքին։
:    Այժմ արդեն նավապետը կարող էր ազատ խոսել իր նավաստիների հետ։ Նավապետը նրանց մեղադրում էր, որ դավաճանեցին և խիստ կշտամբում էր ուխտադրժության համար։
:    ― Դուք ուզում էիք իմ նավը խլել ինձանից, որպեսզի ծովահեն դառնաք և ծովային ավազակությամբ զբաղվեք, ― ասաց նա։ ― Դա ստոր ու գարշելի գործ է։ Դուք հավետ խայտառակեցիք ձեզ, դուք ինքներդ եք փորել ձեր գերեզմանը և պետք է շնորհակալ լինեք բախտից, եթե կախաղան չբարձրանաք։
:    Ոճրագործներն, ըստ երևույթին, սրտանց զղջում էին և աղերսում էին միայն մի բան․ որ իրենց կյանք շնորհվի։
:    ― Այդ իմ իշխանությունից դուրս է, ― պատասխանում էր նավապրտը։ ― Այժմ ձեր բախտը կախված է կղզու պետից։ Դուք կարծում էիք, թե մեզ իջեցնում էիք ամայի ափեր, անմարդաբնակ կղզի, սակայն նախախնամությանը հաճելի է եղել, որ ձեզ բերի այս բնակեցված վայրը, որի կառավարիչն անգլիացի է։ Նա իր մեծահոգությամբ ներում է շնորհել ձեզ և, հավանորեն, կուղարկի Անգլիա, որտեղ ձեզ հետ կվարվեն օրենքի համաձայն։ Բայց Բիլլ Ատկինսիսն կղզու պետը հրամայել է մահվան պատրաստվել․ վաղը առավոտյան նրան կախաղան կհանեն։
:    Այս ամենը նավապետն ուղղակի հնարում էր, բայց նրա այդ հնարածը ցանկալի ազդեցություն ունեցավ։ Ատկինսը ծունկ չոքեց նավապետի առաջ և խնդրեց կղզու պետի մոտ միջնորդել, որ իրեն չկախեն, իսկ մյուսները խնդրում էին, որ աստծու սիրուն իրենց Անգլիա չուղարկեն։
:    Տեսնելով մահվան սպառնալիքից սարսափահար եղած այդ ողորմելի մարդկանց այդպիսի հնազանդությունը՝ ինքս ինձ ասացի․
:    «Ահա թե ինչպես եկավ իմ փրկության ժամը։ Այս թշվառներն այնպես են վախեցած, որ, իհարկե, կկատարեն մեր ամեն մի պահանջը․ բավական է, որ մենք հրամայենք, և նրանք մեզ կօգնեն տիրելու նավին»։
:    Եվ մի փոքր հեռանալով, անցնելով ծառի հետևը, որպեսզի նրանք չկարողանան տեսնել, թե ինչպիսի ողորմելի տեսք ունի կղզու ահարկու պետը, գոչեցի․
:    ― Կանչել ինձ մոտ նավապետին։
:    Մեր մարդկանցից մեկը հանդիսավոր կերպով մոտեցավ նավապետին և ասաց․
:    ― Կղզու պետը կանչում է ձեզ։
:    Իսկ նավապետը նույնպիսի հանդիսավորությամբ պատասխանեց․
:    ― Հաղորդեցեք նորին պայծառափայլությանը, որ իսկույն կներկայանամ։
:    Այս խոսակցությունը լսելով՝ խռովարարները վերջնականապես հնազանդվեցին։ Նրանք հավատացին, որ իրրենցից ոչ հեռու գտնվում է ինքը՝ նահանգապետը, հիսուն մարդուց բաղկացած իր ջոկատով։
:    Երբ նավապետը մոտեցավ ինձ, նրան հայտնեցի, որ ուզում եմ նավին տիրել մեր գերիների օգնությամբ։ Նավապետը ցնծության մեջ էր։ Որոշեցինք հենց վաղը առավոտյան իրականացնել այդ ծրագիրը։
:    ― Սակայն, հաջողության հաստատ հույսով գործելու համար, ― ասացի ես, ― հարկավոր է գերիներից ոմանց անջատել մյուսներից։ Ատկինսին իր նման երկու ոճրագործների հետ կգցենք նկուղը։ Թող Ուրբաթը և ձեր օգնականը նրանց տանեն այնտեղ։ Իսկ մյուսների համար համապատասխան տեղ կգտնեմ։
:    Այդպես էլ արեցինք․ երեքին տարանք քարանձավ, որն իսկապես նման էր մռայլ բանտի, իսկ մյուսներին ուղարկեցի իմ անտառային ամառանոցը, որտեղ իմ քողտիկն էր գտնվում։ Վերջինիս բարձր ցանկապատը հուսալի բանտ էր, մանավանդ որ կալանավորները կապկպված էին և գիտեին, որ իրենց բախտը կախված է իրենց վարքից։
:    Մյուս օրն, առավոտյան, նավապետին ուղարկեցի այդ նավաստիների մոտ։ Նա պետք է զրուցեր նավաստիների հետ, իմանար նրանց իսկական վերաբերմունքը և մանրամասն հաշիվ տար իր խոսակցության մասին։ Ես ուզում էի պարզել, թե որքան կարելի է վստահել այդ մարդկանց, և վտանգավոր չի լինի նրանց մեզ հետ նավ տանել։
:    Նավապետը գործեց խելացի ու վճռական։ Նա հիշեցրեց նավաստիներին, թե իրենց հանցանքով ինչպիսի ողբալի վիճակի մեջ են ընկել և ասաց, որ թեև կղզու պետը հիմա իր իշխանությամբ ներում է շնորհել, սակայն երբ նավը հասնի Անգլիա, նրանց կդատեն որպես դավաճանների և անպայման կախաղան կհանեն։
:    ― Բայց, ― ավելացրեց նա, ― եթե ինձ օգնեք ծովահեններից հետ խլելու իմ նավը, այն ժամանակ կղզու պետը նկատի առնելով, որ դուք կամովին մասնակցել եք արդար գործի, կաշխատի ձեզ համար Անգլիայում ներում ստանալ։
:    Դժվար չէ հասկանալ, թե այդ մարդիկ ինչպիսի ցնծությամբ ընդունեցին նավապետի առաջարկությունը։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և երդվեցին, որ մինչև վերջին կաթիլ արյունը կկռվեն, եթե նա իրենց համար ներում ստանա, ամբողջ կյանքում պարտական կմնան, թեկուզ աշխարհի ծայրն էլ կգնան նրա հետ և կհարգեն հարազատ հոր պես։
:    ― Շատ լավ, ― ասաց նավապետը, ― այդ բոլորի մասին կզեկուցեմ կղզու պետին և իմ կողմից էլ կխնդրեմ, որ ներում շնորհի ձեզ։
:    Հետո նա վերադարձավ ինձ մոտ, մանրամասն հաշիվ տվեց նավաստիների հետ իր ունեցած խոսակցության մասին և ավելացրեց, որ իր կարծիքով մենք կարող ենք լիովին հույս դնել այդ մարդկանց վրա։
:    Սակայն ես այն կարծիքին էի, որ զգուշությունը երբեք չի խանգարի, ուստի և նավապետին ասացի․
:    ― Ահա թե ինչ կանենք․ կվերցնենք առայժմ միայն հինգին։ Թող չկարծեն, թե մենք մարդկանց կարիք ենք զգում։ Գնացեք և ասացեք նրանց, որ թեև մենք բավական թվով մարդիկ ունենք, բայց թող այդպես լինի․ փորձի համար կվերցնենք հինգ մարդու։ Մյուս երկուսը ամրոցում (այսինքն իմ քարայրում) բանտարկված երեքի հետ կղզու պետի կողմից կթողնվեն որպես պատանդներ, և եթե նրանց ընկերները, որոնք կմասնակցեն մեր կռիվներին, կդրժեն իրենց երդումը, բոլոր հինգ պատանդներն էլ կախաղան կբարձրանան։
:    Սա խիստ դաժան միջոց էր։ Երբ նավապետը գերիներին հաղորդեց իմ պատասխանը, նրանք հասկացան, որ կղզու պետի հետ կատակ անել չի լինի։ Եվ, իհարկե, նրանց մնում էր մեկ բան․ ընդունել իմ պայմանը։
:    Պատանդներն էլ սկսեցին իրենց ընկերներին աղաչել ու համոզել, որ նավապետին չդավաճանեն։
:    Ահա մեր բանակի լրիվ կազմը՝ մեծ ճակատամարտի նախօրյակին․
:    Առաջին՝ նավապետը, նրա օգնականը և ուղևորը։
:    Երկրորդ՝ նավապետի երաշխավորությամբ ազատված երկու գերիները։
:    Երրորդ՝ դարձյալ երկուսը, նրանք, որոնք գտնվում էին իմ քողտիկում (նավապետի խնդրանքով այժմ նրանց էլ ազատություն էր տրվել)։
:    Չորրոդ՝ երկրորդ խմբից գերի վերցրած այն հինգ հոգին, որոնց մենք ամենից ուշ ազատություն տվինք։
:    Ընդամենը տասներկու մարդ, բացի այն հինգից, որոնք մնում էին նկուղում որպես պատանդներ։
:    Ես հարցրի նավապետին, թե արդյոք հնարավո՞ր է համարում այդպիսի փոքրիկ ուժերով հարձակվել նավի վրա։ Ես և Ուրբաթը չէինք կարող կղզուց բացակայել․ մեր ձեռքին մնում էր յոթ մարդ, որոնց մենք պետք է հսկեինք ու կերակրեինք։
:    Որոշեցի քարանձավում բանտարկված հինգ պատանդների դրությունը չթեթևացնել։ Օրական երկու անգամ Ուրբաթը նրանց համար ուտելիք և ջուր էր տանում և ինքն իր ձեռքով էլ կերակրում, որովհետև նույնիսկ նրանց ձեռքերը չէինք արձակել։ Իսկ մյուսներին մենք որոշ ազատություն էինք տվել։
:    Վերջապես որոշեցի այդ երկուսին երևալ։ Նրանց մոտ եկա նավապետի հետ։ Նավապետը նրանց ասաց, որ կղզու պետի կողմից լիազորված անձ եմ, որ կղզու պետը ինձ հանձնարարել է հսկել ռազմագերիներին, ուստի նրանք առանց իմ թույլատրության իրավունք չունեն հեռանալու և չհնազանդվրլու առաջին իսկ փորձին շղթայակապ կարվեն ու կնետվեն նահանգապետական բանտը։
:    Այդ ժամանակից ես երբեք ռազմագերիներին չէի երևում որպես կղզու պետ, այլ՝ ներկայանում էի որպես նրա կողմից լիազորված ամձ, ըստ որում ամեն անգամ խոսում էի պետի մասին, կայազորի, թնդանոթների ու ամրոցի մասին։
:    Այժմ միայն մնում էր նախապատրաստվել առաջիկա կռվին․ հիմնովին նորոգել երկու նավակները, սարքավորել դրանք և յուրաաքանչյուրի համար անձնակազմ նշանակել։
:    Այս բոլոր պարտականությունները դրեցի նավապետի վրա։
:    Նա մակույկի հրամանատար նշանակեց իր ուղևորին և նրան տվեց չորս մարդ։ Ինքը նավապետը, օգնականը և նրանց հետ հինգ նավաստի կազմում էին բարկասի անձնակազմը։
:    Նավապետը պնդում էր (և միանգամայն իրավացի), որ ավելի լավ է նավին մոտենալ մութ ժամանակ և հենց առաջիկա երեկոյան ճանապարհ ընկան։
:    Երբ կեսգիշերին մոտ նավի վրա լսեցին թիակների ճղփոցը և նավաստիների սովորության համաձայն ձայն տվին մակույկին, նավապրտը Ջիմմի Ռոյին ասաց, որ միայն նա պատասխան տա, իսկ մյուսներին հրամայեց լռել։
:    Ջիմմի Ռոյը ձայն տվեց, թե ինքը բերել է բոլոր նավաստիներին, բայց ուշացել են, որովհետև ստիպված են եղել երկար որոնել նրանց, ապա սկսեց երկար ու բարակ պատմել այդ կարգի զանազան մատացածին բաներ։
:    Մինչ նա այդպես շատախոսում էր, բարկասը ու մակույկը մոտեցան նավակողին։
:    Նավապետն ու նրա օգնականը առաջինը զենքը ձեռքին բարձրացան տախտակամած և իսկույն հրացանների կոթերի հարվածով տապալեցին երկու խռովարարի, որոնք ոչինչ չկասկածելով՝ դուրս էին եկել նրանց ընդառաջ։ Դրանցից մեկը նավի ատաղձագործն էր, երկրորդը՝ նավապետի մյուս օգնականը, որ անցել էր ծովահենների կողմը։
:    Նավապետի ամբողջ ջոկատը գործում էր համերաշխ ու քաջաբար։ Տախտակամածի վրա եղած բոլոր նավաստիները բռնվեցին, որից հետո նավապետը հրամայեց դռնակները փակել, որպեսզի մյուսները ներքևից վերև բարձրանալ չկարողանան։ Մինչ այդ, վրա հասան երկրորդ մակույկի հրամանատարն ու նավաստիները։ Նրանք գրավեցին նավի խոհանոցի մուտքը և գերի վերցրին երեք մարդու։
:    Երբ տախտակամածում և վերևի հարթակաում այլևս ոչ մի թշնամի չմնաց, նավապետն իր օգնականին հրամայեց անձնակազմից երեք մարդ վերցնել և ջարդել գլխավոր նավախցի դուռը, որտեղ տագնապի առաջին իսկ ձայները լսելուն պես թաքնվել էր խռովարարների ընտրած նոր նավապետը և նրա հետ երկու նավաստի ու նավի փոքրավորը։
:    Նրանք իրենց հետ զենք էլ էին վերցրել,այնպես որ, երբ նավապետի օգնականն իր մարդկանցով հասավ նավախցի դռանը, նրանց դիմավորեցին կրակոցներով։ Գնդակը ջարդեց նավապետի օգնականի թևը, երկու նավաստի նույնպես վիրավորվեցին, սակայն ոչ ոք չսպանվեց։
:    Նավապետի օգնականը գոչեց․ «Օգնությու՜ն»։ Ապա, ուշադրություն չդարձնելով իր ծանր վերքին, ատրճանակը ձեռքին ներխուժեց նավախուցը և կրակեց նոր նավապետի գլխին։ Նա վայր ընկավ առանց մի ճիչ արձակելու․ գնդակը դիպել էր բերանին։ Դրանից հետո մյուս խռովարարներն անձնատուր եղան առանց կռվի, այնպես որ այլևս ոչ մի կաթիլ արյուն չթափվեց։
:    Հենց որ նավապետը իր նավի տերը դարձավ, հրամայեց յոթ անգամ թնդանոթ կրակել։ Դա պայմանական նշան էր, որով ինձ իմաց էր տալիս գործի հաջող վախճանի մասին։ Այդ ազդանշանին սպասելով ես երկու ժամ նստել էի ծովի ափին և անասելի ուրախացա, երբ լսեցի այն։
:    Հանգստացած սրտով իսկույն վերադարձա տուն, պառկեցի և անմիջապես քնեցի, որովհետև այդ տագնապալից օրվա ընթացքում շատ էի հոգնել։
:    Ինձ արթնացրեց մի նոր կրակոց։ Ես վեր թռա և լսեցի, որ մեկը կանչում է ինձ․
:    ― Պե՛տ, պե՛տ։
:    Իսկույն ճանաչեցի նավապետի ձայնը։ Նա կանգնած էր իմ ամրոցի վերևը, բլրի գլխին։ Ես շտապ դրեցի սանդուխքը և բարձրացա նրա մոտ։ Նա ինձ գրկեց և ասաց․
:    ― Իմ թանկագին բարեկամ, իմ փրկիչ։ Ահա ձեր նավը։ Ձերն է այդ նավը և այն ամենը, ինչ կա մեջը։ Ձերն ենք նաև մենք բոլորս, սկսած նավապետից։
:    Իմ հայացքն ընկավ այն կողմը, որ նա ցույց էր տալիս․ նավն արդեն կանգնած էր ուրիշ տեղ, ափից ամենաշատը կես մղոնաչափ հեռու։
:    Պարզվեց, որ ծովահենների հետ հաշիվ մաքրելուց հետո իմ բարեկամ նավապետն իսկույն հրամայել է խարիսխը քաշել և համընթաց քամուց օգտվելով՝ մոտեցել էր այն ծովախորշին, որտեղ մի ժամանակ կանգնեցնում էի իմ լաստերը, ապա սպասելով մակընթացությանը՝ նա մակույկով մտել էր ծովախորշը ու շտապել ինձ մոտ, հաղորդելու, որ նավը գտնվում է, այսպես ասած, իմ դռան առաջ։
:    Այդ անակնկալ ուրախությունից քիչ մնաց ուշաթափվեի։
:    Չէ որ իմ աչքով տեսնում էի վաղուց սպասված ազատությունը։ Նա այստե՛ղ էր, ի՛մ ձեռքի մեջ։ Իմ տրամադրության տակ էր մի խոշոր նավ, որ պատրաստ էր տանելու ինձ, ուր ցանկանայի։
:    Ես այն աստիճան ուրախացա, որ առաջին պահին ոչինչ չկարողացա ասել նավապետին, և գետին կընկնեի, եթե նա չբռներ ինձ։
:    Նկատելով, որ անակնկալ երջանկությունից ուժասպառ եմ եղել, նա գրպանից հանեց ինչ֊որ դեղ, որ բերել էր ինձ համար։ Այդ դեղից մի կում անելով ես կամաց նստեցի գետնին։ Եվ թեպետ գիտակցությունս վերադարձավ, բայց և այնպես երկար ժամանակ խոսել չէի կարողանում։
:    Խեղճ նավապետը ինձանից պակաս չէր հուզված։
:    Իմ հոգեկան ուժերը վերադարձնելու համար նա հազար ու մի փաղաքշական խոսքեր էր շշնջում։ Սակայն իմ կուրծքը լիքն էր երջանկությամբ, և դժվար էի հասկանում, թե ինչ է ասում նա։ Վերջապես ուրախությունից լաց եղա և միայն դրանից հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ։ Այդ ժամանակ ես էլ իմ հերթին գրկեցի նոր բարեկամիս և ամբողջ սրտով շնորհավորեցի նրան։ Երկուսս էլ ուրախ ցնծության մեջ էինք։
:    Երբ մի փոքր ուշքի եկանք, նավապետն ասաց, որ ինձ համար մի քանի բան է բերել, որ բարեբախտաբար, չեն կարողացել կողղոպտել չարագործները, որոնք այնքան երկար ժամանակ նավի տերն ու տիրականան էինն դարձել։
:    ― Կարծում եմ, որ այս իրերը այնքան էլ անօգուտ չեն լինի ձեզ համար, ― ասաց նավապետը։
:    Նա ձայն տվեց մակույկում մնացած իր նավաստիներին․
:    ― Է՛յ, այստեղ քաշեցեք այն հակերը, որ մենք բերել ենք կղզու պետի համար։
:    Այդ իրոք որ հարուստ նվեր էր։ Նավապետն այնքան շատ բազմապիսի բաներ էր բերել ինձ համար, որ կարծես ամբողջ կյանքումս պիտի մնայի կղզու վրա։
:    Այդ հակերի մեջ կային տսներկու խոշոր կտոր աղած միս, վեց կտոր ապուխտ, մի պարկ սիսեռ, մոտ հարյուր ֆունտ պաքսիմատ։ Նա ինձ համար բերել էր նաև մի արկղ շաքար, մի արկղ ալյուր, մի պարկ կիտրոն և երկու շիշ կիտրոնահյութ։
:    Բայց, իհարկե, ինձ համար հազար անգամ ավելի կարևոր էր հագուստը։ Ուստի շատ ուրախացա, երբ պարզվեց, որ իմ բարեկամ նավապետը ինձ համար բերել է վեց դյուժին նոր, բոլորովին մաքուր շապիկ, վեց հատ շատ լավ վզնոց, երկու ղույգ ձեռնոց, գլխարկ, կոշիկներ, գուլպաներ և մի հիանալի զգեստ, որ նավապետինն էր եղել, բայց բոլորովին նոր էր։ Մի խոսքով նա ոտից գլուխ ինձ նոր շորեր հագցրեց։
:    Այս նվերը շատ հաճելի էր ու օգտակար, բայց դուք չեք կարող երևակայել, թե ինչպիսի անճոռնի, անտաշ տեսք ստացա, երբ հագա այդ նոր շորերը, և թե որքան անհարմար էի զգում ինձ սկզբանական շրջանում։
:    Նվերները դիտելուց հետո հրամայեցի դրանք տանել իմ ամրոցը և սկսեցի նավապետի հետ խորհրդակցել, թե ինչպես վարվենք մեր գերիների հետ․ վերցնե՞նք մեզ հետ, թե թողնենք այստեղ։
:    ― Մեզ հետ վերցնելը շատ վտանգավոր է, ― ասաց նավապետը։ ― Դրանք կատաղի արնախումներ են։ Առանձնապես անհուսալի են երկուսը, որոնք անուղղելի չարագործներ ու ավազակներ են։ Եթե նույնիսկ նրանց տանելու լինեմ ինձ հետ, ապա միայն շղթայված և դատական իշխանությունների ձեռքը պետք է հանձնել անգլիական առաջին իսկ գաղութում։
:    ― Այդ դեպքում, ― ասացի ես, ― ստիպված կլինենք նրանց թողնել այստեղ։ Եվ ես խոստանում եմ այնպես անել, որ այդ երկու ավազակներն իրենք խնդրեն մնալ կղզում։
:    ― Եթե ձեզ հաջողվի այդ, ― պատասխանեց նավապետը, ― ես անչափ գոհ կլինեմ։
:    ― Լավ, ― ասացի, ― հիմա կխոսեմ նրանց հետ ձեր անունից։
:    Ապա ես ինձ մոտ կանչեցի Ուրբաթին և երկու պատանդներին (որոնց այժմ մենք ազատել էինք, քանի որ նրանց ընկերները կատարել էին իրենց տված խոստումը) և հրամայեցի հինգ գերիներին քարանձավից բերել քողտիկ։
:    Քիչ հետո ես ու նավապետն էլ գնացինք այնտեղ․ իմ նոր հագուստով էի, այս անգամ արդեն որպես կղզու պետ։ Մոտենալով ամառանոցիս ցանկապատին՝ հրամայեցի մոտ բերել կալանվորներին և հետևյալն ասացի նրանց․
:    ― Ձեր բոլոր հանցագործութունները հայտնի են ինձ։ Ես գիտեմ, որ դուք հարձակվել եք նավի անպաշտպան ուղևորների վրա և սպանել նրանց։ Գիտեմ և այն, որ դուք ուզում էիք ծովահեն դառնալ, որպեսզի խաղաղ նավեր կողոպտեք։ Թող հայտնի լինի ձեզ, որ իմ կարգադրությամբ նավը վերադարձված է նավապետին և այն կգնա իր ճանապարհով։ Բավական է, որ հրամայեմ, և ձեզ մահապատիժ կտան որպես հանցանքի մեջ բռնված ավազակների։ Ուստի, եթե որևէ բան ունեք ասելու ձեզ արդարացնելու համար, ասացեք, որովհետև ձեզ մտադիր եմ պատժել որպես մարդասպանների ու դավաճանների։
:    Նրանցից մեկը բոլորի փոխարեն պատասխանեց, որ իրենց արդարացնելու համար ոչինչ չունեն ասելու։
:    ― Բայց երբ մենք կալանավորվեցինք, նավապետը գթություն խոստացավ, և մենք խոնարհաբար խնդրում ենք ձեզ՝ ողորմած լինել, մեզ շնորհել մեր կյանքը։
:    ― Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչպիսի ողորմածություն կաարող եմ ցուցաբերել ձեզ, ― պատասխանեցի ես։ ― Մտադիր եմ իմ բոլոր մարդկանցով հեռանալ այս կղզուց։ Մենք մեկնում ենք Անգլիա։ Ինչ վերաբերում է ձեզ, ապա նավապետի ասելով, նա պարտավոր է ձեզ շղթայակապ անել և Անգլիա հասնելուն պես դատի տալ դավաճանության և խռովարարության համար։ Իսկ դատարանն իսկույն մահվան կդատապարտի ձեզ։ Ուրիշ դատավճիռ լինել չի կարող։ Կախաղան՝ ահա թե ինչ է ձեզ սպասում Անգլիայում։ Եվ ուրեմն, հազիվ թե ուրախ լինեք, եթե ձեզ վերցնենք մեզ հետ։ Ձեզ համար կա մեկ փրկություն․ պետք է մնաք կղզում։ Միայն այդ պայմանով կարող ենք ներում շնորհել ձեզ։
:    Նրանք ուրախությամբ համաձայնեցին իմ առաջարկին և երկար շնորհակալություն էին հայտնում ինձ։
:    ― Ավելի լավ է ապրել անապատում, ― ասացին նրանք, ― քան վերադառնալ հայրենիք, որտեղ մեզ կախաղան է սպասում։
:    Ես հրամայեցի նրանց կապերն արձակել և ասացի․
:    ― Գնացեք անտառ, որտեղ ձեզ բռնեցին, և մնացեք այնտեղ, մինչև ձեր հետևից մարդ կուղարկեմ։ Ես կհրամայեմ ձեզ համար թողնել որոշ զենքեր, ուտելիքի պաշար և անհրաժեշտ խորհուրդներ կտամ սկզբնական շրջանի համար։ Այստեղ դուք շատ լավ կարող եք ապրել, եթե համառորեն աշխատելու լինեք։
:    Այս բանակցություններից հետո տուն վերադարձա և սկսեցի պատրաստվել հեռավոր ճանապարհորդության։ Նավապետին ասացի, որ պատրաստությունների համար ինձ որոշ ժամանակ է հարկավոր և խնդրեցի, որ նա մենակ գնա նավ, իսկ առավոտյան մի մակույկ ուղարկի իմ հետևից։
:    Երբ նավապետը գնաց, հրամայեցի ինձ մոտ կանչել գերիներին և նրանց հետ լուրջ խոսակցություն ունեցա։
:    Նորից նրանց ասացի, որ իմ կարծիքով խելացի են վարվում կղզում մնալով, որովհետև եթե նավապետը նրանց տաներ հայրենիք, անպայման կախաղանի կարժանանային։
:    Նրանց մանրամասն պատմեցի, թե ես ինչպես եմ ընկել այս կղզին, ինչպես եմ քիչ֊քիչ բարելավել իմ տնտեսությունը, ինչպես եմ խաղող հավաքել, բրինձ ու գարի ցանել, հաց թխել սովորել։
:    Նրանց ցույց տվի իմ ամրությունները, իմ պահեստները, իմ դաշտերն ու արոտները, մի խոսքով ամեն ինչ արի, որ կյանքը կղզու վրա ծանր չլինի նրանց համար։
:    Նրանց թողի իմ ամբողջ զենքը (այսինքն հինգ մուշկետ, երեք որսորդական հրացան և երեք թուր)։ Նրանց թողի մեկ ու կես տակառ վառոդ և մանրամասն բացատրեցի, թե ինչպես կարելի է այծ որսալ, ինչպես կթել և կերակրել այծերին, որպեսզի նրանք ավելի գիրանան, ինչպես յուղ ու պանիր պատրաստել։
:    Այսպիսով, ստիպված եղա այդ մարդկանց պատմել կղզու վրա անցկացրած իմ քսանութ տարվա ծանր ու միայնակ կյանքի երկար պատմությունը։
:    Նրանցից բաժանվելիս ասացի, որ նավապետին կխնդրեմ նրանց համար թողնել էլի երկու տակառ վառոդ և բանջարեղեի սերմեր և հայտնեցի, թե ինձ համար որքան դժվար էր այդպիսի սերմեր չունենալը։
:    Այն մի պարկ սիսեռը, որ նավապետը բերել էր ինձ համար, նույնպես թողեցի նրանց և խորհուրդ տվեցի ամբողջ սիսեռը ցանել, որպեսզի ավելի շատանա։
:    Այս խոսակցության հենց հաջորդ օրը վաղ առավոտյան տեղափոխվեցի նավ։
:    Թեպետ և մենք շատ էինք շտապում առագաստները բարձրացնել և ճանապարհ ընկնել, այնուամենայնիվ էլի մի ամբողջ օր մնացինք խարիսխ գցած։ Հետևյալ օրը վաղ առավոտյան տեսանք, որ երկու մարդ լողում են դեպի նավը։ Պարզվեց, որ դրանք կղզում թողած հինգ մարդկանցից երկուսն էին։
:    ― Մեզ վերցրեք ձեզ հետ, ― գոռում էին նրանք։ Ավելի լավ է կախաղան հանեցեք, բայց կղզում մի թողեք․ միևնույն է, մեր ընկերները կսպանեն մեզ։
:    Նավապետը նրանց խնդրանքին պատասխանեց, որ առանց իմ թույլատրության վերցնել չի կարող։ Վերջ չ վերջո մենք նրանց ընդունեցինք նավի վրա, ստիպելով հանդիսավոր երդում տալ, որ կուղղվեն և կարգին կպահեն իրենց։
:    Շուտով սկսվեց մակընթացությունը և ափ ուղարկեցինք մի նավակ, բարձաց այն իրերով, որ խոստացել էինք աքսորականներին։ Իմ խնդրանքով նավապետն այդ իրերին ավելացրեց նաև մի սնդուկ՝ լիքն ամեն տեսակ հագուստներով։ Աքսորականներն այդ նվերն ընդունեցին մեծ շնորհակալությամբ։
:    Պետք է ասել, որ աքսորականներին հրաժեշտ տալիս նրանց խոստացա չմոռանալ իրենց, ասացի, որ եթե որևէ նավահանգստում հանդիպենք նավի, որի ճանապարհն այս կողմով լինի, այդ նավի նավապետին կխնդրեմ անցնել այս կղզին և նրանց փոխադրել հայրենի երկրները։
:    Կղզուց հեռանալիս հիշատակի համար ինձ հետ վերցրի իմ սրածայր մեծ փափախը, որ իմ ձեռքով պատրաստել էի այծի մորթուց, վերցրի իմ հովանոցը և իմ թութակներից մեկը։ Չմոռացա վերցնել նաև դրամներս, թեև նրանք երկար ժամանակ ընկած մնալուց բոլորովին ժանգոտել էին։ Միայն հիմնովին մաքրելուց հետո նորից նմանվեցին արծաթի։ Հետո վերցրի նաև այն ոսկեդրամները, որ գտել էի իսպանական նավում։
:    Ինչպես նավի մատյանով պարզվեց, իմ մեկնումը տեղի ունեցավ1686 թվականի դեկտեմբերի 19֊ին։ Այսպիսով, ես կղզում ապրել էի քսանութ տարի, երկու ամիս և տասնինը օր։
:    Ճանապարհին նավը կանգ առավ հարևան կղզում, իսպանացիների մոտ և նրանց էլ վերցրինք։ Նրանք շատ էին ուրախացել և արցունքն աչքներին շնորհակալություն էին հայտնում ինձ։
:    Սակայն, կարծում եմ, ամենից ավելի իրեն երջանիկ էր զգում Ուրբաթը, որովհետև նրա զառամայալ հայրն էլ մեզ հետ միասին ուղևորվեց հեռավոր ճանապարհորդության։
Վստահելի
593
edits