Changes
/* III — Կոլտնտեսություն */
: Ուրեմն, մեկ օրվա ծախսը կազմում է 16.50 ֆրանկ։ Բայց կոլտնտեսության բրիգադիրը, որի հետ երկար զրուցում եմ, մինչ իմ ընկերները գնում են լողանալու (այս կոլտնտեսությունը ծովափին է), ինձ բացատրում է, որ այն, ինչ կոչվում է «աշխատանքային օր», պայմանական չափի միավոր է, եւ որ լավ բանվորը կարող է մի օրում կատարել կրկնակի կամ նույնիսկ եռակի «աշխատանքային օր»<ref>Այս հաշվարկներում «օրերը» ենթարկվում են տասնորդական բաժանումների։</ref>։ Նա ինձ ցույց է տալիս անհատական օրագրերը, հաշվարկման թղթերը, որոնք բոլորն անցնում են նրա ձեռքի տակով։ Այնտեղ հաշվի է առնվում ոչ միայն քանակությունը, այլ նաեւ աշխատանքի որակը։ Օղակավարները նրան հաշվետվություն են տալիս, եւ դրանց հիման վրա նա կազմում է վճարման փաստաթղթերը։ Դա բավականաչափ բարդ հաշվապահություն է պահանջում, եւ նա չի թաքցնում, որ փոքր֊ինչ գերհոգնած է, բայց եւ այնպես շատ գոհ է, քանզի ակտիվ անձնակազմի համար արդեն հաշվվում է երեք հարյուր աշխատանքային օր՝ տարվա սկզբից (հիմա օգոստոսի 3֊ն է)։ Այդ բրիգադի ավագը ղեկավարում է 56 մարդ։ Նրանց եւ իր միջեւ կան առանձին օղակների ավագներ։ Այսպիսով, ստեղծվում է աստիճանակարգ։ Սակայն «աշխատանքային օրվա» հիմնավճարը նույնն է բոլորի համար։ Բացի այդ, յուրաքանչյուրն ունի սեփական այգի, որը մշակում է կոլտնտեսության աշխատանքը ավարտելուց հետո։
: Այդ աշխատանքի համար սահմանված ժամեր չկան․ յուրաքանչյուրը, եթե այլ շտապ գործ չունի, աշխատում է, երբ կամենա։
: Դա ինձ ստիպում է մտածել, թե արդյոք սա այն կոլտնտեսականներից չէ, որոնք ավելի քիչ են մատակարարում, քան «աշխատանքային օրվա» նախատեսված միջին քանակը։ Բայց ոչ, այդպես չի պատահում, պատասխանում են ինձ։ Այդ «աշխատանքային օրը» ոչ թե միջին, այլ շատ հեշտ ստացվող նվազագույն չափն է։ Ավելին, չափազանց ալարկոտներն արագ հեռռացվում հեռացվում են կոլտնտեսությունից, որի առավելություններն այնքան մեծ են, որ յուրաքանչյուրը, ընդհակառակը, ձգտում է մտնել այնտեղ, դառնալ նրա անդամը։ Բայց իզուր, կոլտնտեսականների թիվը սահմանափակ է։
: Այդ արտոնյալ կոլտնտեսականները, փաստորեն, ամսական վաստակում են 600 ռուբլի։ «Որակյալ» բանվորները երբեմն ավելին են ստանում։ Իսկ «ոչ որակյալները», որոնք մեծ թիվ են կազմում, օրական ստանում են 5֊6 ռուբլի<ref>Պե՞տք է արդյոք հիշեցնել, որ տեսականորեն ռուբլին հավասար է 3 ֆրանսիական ֆրանկի, այսինքն՝ օտարերկրացին, գալով ԽՍՀՄ, 3 ֆրանկով գնում է յուրաքանչյուր ռուբլու թղթադրամը։ Բայց ռուբլին իր գնողունակությամբ բոլորովին չի գերազանցում ֆրանկին։ Ավելին, որոշ ապրանքներ (եւ ամենաանհրաժեշտները) դեռ շատ բարձր գին ունեն (ձու, կաթ, միս, հատկապես կարագ եւ այլն), ինչ վերաբերում է հագուստին…</ref>։ Հասարակ աշխատավորներն ավելի քիչ են վաստակում։
: Թվում է՝ պետությունը կարող էր ավելին վճարել։ Բայց քանի դեռ սպառման առաքվող հումքի քանակը չի ավելացել, աշխատավարձի ավելացումը կհանգեցնի միայն գների աճի։ Իսկ դա ամեն դեպքում անընդունելի է։