Changes
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Դատապաշտպանս վեր կացավ։ Առանց շտապելու առաջացավ դեպի երդվյալ ատենակալները։ Նա նիհար էր և չոր։ Կարելի չէր որոշ մի տարիք տալ նրան։ Քթի վրայից հանեց ակնոցը, դանդաղորեն ու երկար մաքրեց ապակիները շապիկի թևքով, ապա տեղավորեց իր սրաթափանց աչքերի վրա․ կարծես ուզում էր այն տպավորությունր թողնել ատենակալների վրա, թե առաջին անգամ է տեսնում նրանց։ Հետո սկսեց խոսել մեղմ ձայնով, խորհրրդապահորեն՝ կանգ առնելով յուրաքանչյուր ատենակալի դիմաց։ Նրանք ութ հոգի էին՝ վեց տղամարդ և երկու կին, որոնք ուշադիր լսում էին նրան՝ աշխատելով անտարբեր մնալ։ Իմ ճակատագիրը կախված էր այն բառերից, որոնք դուրս էին գալիս դատապաշտպանիս շրթներից, նրա շարժումներից, լռությունից։ Մեղավո՞ր էին ճանաչելու ինձ, անմե՞ղ։ Մեղավոր հայտարարելու դեպքում ինձ սպասում էր մահ կամ բանտարկություն, անմեղ ճանաչելու դեպքում՝ ազատություն։ Այն տպավորությունն ունեի, թե ներկա եմ լինում ծաղրալից մի դրամայի։ Փորձում էի մտովին հեռանալ, կտրվել իրադարձություններից և այն մարդկանցից, որոնք շրջապատել էին ինձ։ Չորս ամսվա կալանքը ինձ սաստիկ թուլացրել էր։ Այն անդորրը, որին տենչում էի հոգևին, պատրանք էր սոսկ։ Վախը շշմեցրել էր ինձ։ Քրտնում էի։ Ուշադիր զննում էի այն վեց տղամարդկանց և երկու կանանց, որոնք նստած էին ճիշտ իմ դիմաց։ Տղամարդկանցից երկուսը բժիշկ էին, մեկը՝ մերսող, որ աշխատում էր մի ջրաբուժարանում, և որին հանդիպել էի երկու կամ երեք անգամ, մեկը՝ լուսանկարիչ, մեկը՝ ուսուցիչ, մեկը՝ մշակ։ Իսկ երկու կանայք ոչ մի մասնագիտություն չունեին։ Աշխատում էի Հանգիստ մնալ։