Changes
— Անձամբ ես գտնում եմ, — նման դեպքերում ասում է նա Թուխին, — անձամբ ես գտնում եմ, որ նա առանց այդ էլ չափազա՛նց ամրակազմ է։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ==
::Որտեղ Ճագարը խիստ
:::զբաղված է, եւ մենք
:առաջին անգամ հանդիպում
:ենք Բծավոր Շուտովգամին
Ամեն ինչից երեւում էր, որ Ճագարը դարձյալ խիստ զբաղված է լինելու։ Հազիվ էր աչքերը բացել, երբ զգաց, որ այսօր ամեն ինչ կախված է իրենից, եւ բոլորն իր վրա են հույս դնում։ Դա այնպիսի օր էր, երբ անհրաժեշտ էր, ասենք, նամակ գրել (ստորագրությունը՝ Ճագար), երբ պետք էր ամեն ինչ ստուգել, ամեն ինչ պարզաբանել, ամեն ինչ բացատրել եւ, վերջապես, ամենակարեւորը՝ ինչ֊որ բան կազմակերպել։
Նման մի առավոտ անպայման հարկավոր էր գոնե մեկ րոպեով մտնել Թուխի մոտ եւ ասել․ «Դե ինչ արած, հիանալի է, ես դա կհայտնեմ Դնչիկին», իսկ հետո անցնել Դնչիկի մոտ եւ հայտնել․ «Թուխը գտնում է, որ… Բայց, ավելի լավ է, նախ Բուին տեսնեմ»։ Սկսվում էր այնպիսի օր, երբ բոլորն ասում են․ «Այո՛, Ճագար», Շա՛տ լավ, Ճագար», «Կատարված կլինի, Ճագա՛ր» եւ ընդհանրապես սպասում են հետագա կարգադրությունների։ Ճագարը դուրս եկավ տնից եւ, քիթը գարնանային տաք քամուն պահած, մտածում էր, թե ինչից սկսի։
Ամենից մոտիկ Կենգուի տունն էր, իսկ Կենգուի տանը ապրում էր Ճստիկ Ռուն, որը Անտառում, թերեւս, բոլորից լավ էր ասում՝ «Այո՛, Ճագար» կամ «Շա՛տ լավ, Ճագար», բայց, ավաղ, վերջերս այնտեղ մշտական բնակություն էր հաստատել անհնազանդ ու երես առած Վագրը։ Իսկ նա, ինչպես գիտեք, այնպիսի Վագր էր, որ միշտ էլ ամեն ինչ ձեզանից լավ գիտի, եւ եթե ասում եք նրան, որ հարկավոր է այսինք տեղը գնալ, նա միշտ առաջինն է տեղ հասնում։ Եվ երբ վերջապես դուք հասնում եք, նրա հետքն անգամ չեք գտնում, եւ չի լինում մեկը, որին կարողանայիք հպարտությամբ ասել՝ «Դե ահա, մենք տեղ հասանք»։
— Չէ, Կենգուի մոտ չարժե գնալ,— ոլորելով բեղերը, մտահոգ ասաց Ճագարը։ Եվ որպեսզի վերջնականապես համոզվի, որ այնտեղ չի գնում, շրջվեց դեպի ձախ եւ կարճ ճանապարհով վազեց Քրիստոֆեր Ռոբինի տան ուղղությամբ։
«Ինչ ուզում ես ասա,— համոզում էր իրեն Ճագարը,— Քրիստոֆեր Ռոբինը միայն ինձ վրա է հույս դնում։ Նա, իհարկե, սիրում է Թուխին, Դնչիկին էլ, Իային նույնպես․ ես էլ եմ նրանց սիրում, բայց, ախր, նրանց գլխում թեփ է։ Դա հայտնի բան է։ Նա հարգում է Բուին, որովհետեւ չի կարելի չհարգել նրան, ով կարողանում է գրել «Շաբաթ» բառը, թեկուզեւ սխալ՝ «Շափաթ», բայց ուղղագրություն իմանալը կամ չիմանալը դեռ ոչինչ չի նշանակում։ Լինում են օրեր, երբ «Շաբաթ» գրելը պարզապես կարեւոր չի։ Իսկ Կենգուն շատ է զբաղված Ճստիկ Ռույով, իսկ Ճստիկ Ռուն շատ է փոքր, իսկ Վագրը շատ է անհնազանդ, այնպես որ, երբ գալիս է պատասխանատու րոպեն, միայն ինձ վրա կարելի է հույս դնել։ Ես կգնամ ու կիմանամ, թե ինչով է պետք օգնել Քրիստոֆեր Ռոբինին, եւ ես, իհարկե, կօգնեմ նրան։ Այսօր հենց նման զբաղմունքների օր է»։
Նա անցավ գետակի մյուս ափը եւ շուտով հայտնվեց այն շրջանում, որտեղ ապրում էին իր Ազգականներն ու Ծանոթները․ այսօր նրանք սովորականից շատ էին թվում։ Գլխի հազիվ նկատելի շարժումով բարեւելով ոզնիներից մի քանիսին (ձեռք տալու համար, հասկանալի է, նա ժամանակ չուներ), մի երկուսին էլ անփութորեն «Բարի լո՛ւյս, բարի լո՛ւյս» նետելով եւ ներողամտորեն ողջունելով ամենափոքրիկներին՝ «Ախ, այդ դուք եք», Ճագարը հրաժեշտ տվեց բոլորին՝ թափահարեց թաթիկը եւ անհետացավ։ Այս ամենը այնպիսի հուզմունք ու հիացմունք առաջացրեց նրա Ազգականների ու Ծանոթների մեջ, որ Բզեզիկների ընտանիքի որոշ ներկայացուցիչներ, ներառյալ Ամենափոքրիկին, անմիջապես Թավուտ Անտառ գնացին եւ սկսեցին ծառերը մագլցել, հուսալով, կատարին հասնել, նախքան Այդ Բանը կկատարվի, եւ վերեւից ամեն ինչ տեսնել։
Ճագարը սլանում էր Թավուտ Անտառով, զգալով, որ ամեն րոպե իր առաջադրանքի կարեւորությունը մեծանում է եւ, վերջապես, նա մոտեցավ այն ծառին, որտեղ ապրում էր Քրիստոֆեր Ռոբինը։
Ճագարը թակեց դուռը։
Մի երկու անգամ կանչեց Քրիստոֆեր Ռոբինին։
Հետո մի քիչ հետ գնաց, թաթիկով աչքերը ծածկեց արեւից եւ, նայելով ծառի կատարին, նորից կանչեց։
Հետո մոտեցավ մյուս կողմից ու նորից ձայն տվեց․ «Հե՜յ» եւ «Լսի՛ր» եւ «այդ ես եմ՝ Ճագա՛րը», բայց նորից ոչինչ տեղի չունեցավ։ Դրանից հետո նա լռեց ու սկսեց ականջ դնել, նրա հետ միասին լռեց ամեն ինչ, խոր լռություն տիրեց արեւով ողողված Անտառում, եւ այդ անհավատալի լռության մեջ քիչ հետո ինչ֊որ տեղ հանկարծ երգեց ճնճղուկը։
— Ափսո՜ս, — ասաց Ճագարը, — նա գնացել է։
Հիանալի սկսված օրը փչացել էր։ Ճագարը պատրաստվում էր հեռանալ եւ հեռանալուց առաջ հենց այնպես, մի վերջին անգամ, նայեց կանաչ դռանը ու հանկարծ գետնին թղթի մի կտոր տեսավ։ Թղթին քորոց կար․ երեւի ընկել էր դռան վրայից։
— Օհո՛,— ասաց Ճագարը, որի տրամադրությունը կրկին բարձրացել էր։— Ես նամակ ունեմ։
Իսկ թղթի վրա ահա թե ինչ էր գրված։
:::<b>ԳՆԱՑԻ
:ՇՈՒՏՈՎԳԱՄ
:ԶԲԱՂԱԾԵՄ
:ՇՈՒՏՈՎԳԱՄ
::Ք․Ռ․</b>
— Օհո՛, — կրկնեց Ճագարը։ — Պետք է անհապաղ հայտնել մյուսներին։
Ամենից մոտ Բուն էր ապրում, եւ Ճագարը քայլերն ուղղեց նրա տան կողմը։ Ճագարը մոտեցավ Բուի դռանը եւ քաշեց զանգի պարանն ու բախեց․ հետո նորից բախեց ու նորից զանգահարեց։ Մի խոսքով, նա զանգահարում էր ու բախում, բախում էր ու զանգահարում այնքան ժամանակ, մինչեւ, վերջապես, երեւաց Բուի գլուխն ու ասաց․
— Կորիր այստեղից, ես մտորում եմ։ Ա՜խ, այդ դո՞ւ ես։
Բուն միշտ այդպես էր դիմավորում հյուրերին։
— Բու,— գործարար տեսքով ասաց Ճագարը,— ես եւ դու ուղեղ ունենք, մյուսների գլխում թեփ է։ Եթե այս Անտառում որեւէ մեկը պարտավոր է մտածել, իսկ «մտածել» ասելով, ես հասկանում եմ իսկապես մտածելը, ապա դա մեր երկուսի գործն է։
— Այո,— ասաց Բուն,— հենց դրանով էլ զբաղվում եմ։
— Խնդրում եմ, կարդա ահա այս։
Բուն Ճագարից վերցրեց Քրիստոֆեր Ռոբինի գրությունը եւ փոքր֊ինչ շփոթված նայեց թղթին։ Նա, իհարկե, կարողանում էր ստորագրել՝ «Փու» եւ կարողանում էր գրել «Շափաթ» այնպես, որպեսզի հասկանայիք, որ դա երեքշաբթի չէ, եւ վատ էլ չէր կարդում, եթե, իհարկե, նրա ուսի վրայից աչքերը չէին չռում ու րոպեն մեկ հարցնում․ «Դե, ի՞նչ կասես»։ Այո, նա կարողանում էր․ բայց…
— Դե, ի՞նչ կասես,— հարցրեց Ճագարը։
— Այո,— ասաց Բուն շատ խելացի ձայնով։— Ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես։ Անտարակո՛ւյս։
— Դե, ի՞նչ կասես։
— Միանգամայն ճիշտ է,— ասաց Բուն եւ քիչ մտածելուց հետո ավելացրեց։— Եթե դու չգայիր, ստիպված պիտի լինեի ինքս քեզ մոտ գալ։
— Ինչո՞ւ,— հարցրեց Ճագարը։
— Այս նույն պատճառով,— ասաց Բուն, հուսալով, որ վերջապես կկարողանա պարզել, թե խոսքն ինչի մասին է։
— Երեկ առավոտյան,— հանդիսավորությամբ հայտարարեց Ճագարը,— ես այցելեցի Քրիստոֆեր Ռոբինին։ Նա տանը չէր։ Եվ նրա դռանը գրություն էր փակցված։
— Հենց այս գրությո՞ւնը։
— Ոչ, ուրիշը։ Բայց նույն բովանդակությամբ։ Այս ամենը շատ տարօրինակ է։
— Ապշեցուցիչ է,— ասաց Բուն, աչքը չկտրելով գրությունից։ Մի պահ, չգիտես ինչու, նրան թվաց, որ ինչ֊որ մեկը կծել է Քրիստոֆեր Ռոբինին։— Եվ դու ի՞նչ արեցիր։
— Ոչինչ։
— Դա լավ է,— պատասխանեց իմաստուն Բուն։
Նա սարսափով սպասում էր նոր հարցի, եւ այդ հարցը իրեն սպասել չտվեց։
— Դե, ի՞նչ կասես,— կրկնեց համառ Ճագարը։
— Իհարկե, սա միանգամայն անվիճելի է,— մռթմռթաց Բուն։
Մի րոպեի չափ նա անօգնական բացուխուփ էր անում կտուցը, ի վիճակի չլինելով որեւէ բան հորինել։ Եվ հանկարծ նրա միտքը պայծառացավ։
— Ասա ինձ, Ճագար, ինչ էր գրված առաջին գրության մեջ։ Միայն թե բառ առ բառ։ Դա շատ կարեւոր է։ Դրանից է կախված ամեն ինչ։
— Նույնը, ինչ որ այստեղ, ազնիվ խոսք։
Բուն նայեց Ճագարին, հազիվ զսպելով իրեն, որ նրան ծառից ցած չգցի, բայց մտածեց, որ երբ էլ ասես կհասցնի այդ անել, ուստի մի անգամ էլ փորձեց պարզել, թե ինչի մասին է խոսքը։
— Խնդրում եմ կրկնել ճիշտ տեքստը,— ասաց նա, ուշադրություն չդարձնելով Ճագարի խոսքերին։
— Նույնը, ինչ որ այստեղ․ «Գնացի շուտովգամ»։ Միայն թե այստեղ ավելացված է՝ «Զբաղածեմ շուտովգամ»։
Բուն թեթեւացած շունչ քաշեց։
— Դե ահա, — ասաց նա,— հիմա մեր վիճակը պարզվեց։
— Այո, բայց ինչպիսին է Քրիստոֆեր Ռոբինի վիճակը,— ասաց Ճագարը։— Որտե՞ղ է նա։ Սա՛ է հարցը։
Բուն նորից գրությանը նայեց։ Նրա պես կրթված անձնավորության համար, իհարկե, դժվար չէր գրությունը կարդալ․ «Գնացի շուտովգամ։ Զբաղածեմ շուտովգամ»։ Ուրիշ էլ ի՞նչ կարող էր գրված լինել։
— Իմ կարծիքով, սիրելի Ճագար, ամեն ինչ շատ պարզ է,— ասաց նա։ — Քրիստոֆեր Ռոբինը ինչ֊որ տեղ է գնացել Շուտովգամի հետ։ Նա եւ այդ… Շուտովգամը հիմա ինչ֊որ բանով են զբաղված։ Դու վերջերս Անտառում չե՞ս հանդիպել որեւէ Շուտովգամի։
— Ը֊ը֊ը,— ասաց Ճագարը,— ես էլ նույնը քեզ էի ուզում հարցնել։ Դրանք ի՞նչ տեսք ունեն։
— Դե,— ասաց Բուն,— բծավոր կամ խոտակեր Շուտովգամը, կարելի է ասել ծայրահեղ դեպքում,— ասաց նա,— նրանք ավելի շուտ նման են… Դե, իհարկե,— շարունակեց նա,— դա խիստ կախված է այն բանից… Դե…— ասաց Բուն։— Մի խոսքով, ես վատ եմ պատկերացնում նրանց արտաքին տեսքը,— վերջապես անկեղծորեն խոստովանեց նա։
— Շատ շնորհակալ եմ,— ասաց Ճագարը։
Եվ Ճագարը վազեց Վինի֊Թուխի մոտ։ Դեռ հեռվից նա հանելուկային աղմուկ լսեց։ Կանգ առավ ու սկսեց ականջ դնել։ Այդ աղմուկը Վինի֊Թուխն էր բարձրացրել, իսկ աղմուկը այսպիսին էր․
<poem>
:<b>ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ԱՂՄՈՒԿ</b>
Դարձյալ ոչ մի բան ես չեմ հասկանում,
Գլխումս ամեն ինչ իրար է խառնվել,
Ամեն քայլափոխ եւ ամեն ինչում,
Շրջապատում են ինձ հանելուկներ։
Հենց թեկուզ բառում այս <b>յոթանասուն</b>,
Մի հարցնող լինի, ինչ ենք մենք տեսել,
Իսկ <b>վեցանասուն</b> կամ <b>հինգանասուն</b>,
Չենք ասում, թեեւ կարող ենք ասել։
Լուռ է <b>դռնակը</b>, լուռ է <b>դանակը</b>,
Նրանք քեզ երբեք պատասխան չեն տա՝
Ինչու մեկ <b>դըռ</b> ենք մենք կոչում <b>նակը</b>,
Իսկ մյուս դեպքում անվանում ենք <b>դա</b>։
Հաճախ եմ լսում՝ <b>մեղրոտ</b>, հա <b>մեղրոտ</b>,
Սակայն եթե նա՝ մեղրը, սիրելիս,
Իսկապես ունի թեկուզ եւ կարճ ոտ,
Ինչո՞ւ իր ոտքով ինձ մոտ չի գալիս։
Թե հասկանայի, ինչ լավ կլիներ,
Եվ այս ամենը, չէի տանջի ինձ։
Ա՛յ քեզ հանելուկ, ուզում եմ քնել,
Հոգնած այս Դժվար Հանելուկներից։
</poem>
— Ողջույն, Թո՛ւխ,— ասաց Ճագարը։— Հիանալի՛ էր։
— Բարեւ, Ճագար,— քնկոտ պատասխանեց Թուխը։
— Այդ բոլորը քո՞ մտքերն են։
— Կարծես թե այո,— պատասխանեց Թուխը։— Չեմ ուզում ասել, թե ես մտածել գիտեմ,— համեստորեն շարունակեց նա,— դու լավ գիտես, որ երբեմն վրաս նման բան է գալիս։
— Ըհը,— ասաց Ճագարը, որ երբեք թույլ չէր տալիս ինչ֊որ բան գա իր վրա, այլ ինքն էր միշտ գտնում ու բռնում ամեն ինչ։— Ուրեմն, այսպես։ Ասա ինձ, Թուխ, երբեւիցե մեր Անտառում դու հանդիպե՞լ ես Բծավոր կամ Խոտակեր Շուտովգամին։
— Չէ,— ասաց Թուխը,— չեմ հանդիպել։ Բայց Վագրին քիչ առաջ տեսա։
— Նա մեզ պետք չի։
— Այո,— ասաց Թուխը,— ես էլ եմ այդպես կարծում։
— Իսկ Դնչիկին տեսե՞լ ես։
— Այո,— ասաց Թուխը,— բայց, կարծում եմ, հիմա նա էլ մեզ պետք չի,— շարունակեց նա քնկոտ։
— Դա կախված է նրանից, որեւէ մեկին նա տեսե՞լ է թե՞ ոչ։
— Ինձ տեսել է,— ասաց Թուխը։
Ճագարը նստեց Թուխի կողքին, բայց, զգալով, որ դա իր արժանապատվությունից ցածր է, նորից ոտքի կանգնեց ու ասաց․
— Եթե մեր խնդիրը ձեւակերպենք, ապա կարելի է արտահայտել այսպես․ «Ինչո՞վ է զբաղված Քրիստոֆեր Ռոբինը առավոտյան ժամերին»։
— Ինչո՞վ է նա զբաղված։
— Այո, այո։ Կարո՞ղ ես ինձ պատմեք, թե վերջին ժամանակները առավոտյան նա ինչ է անում։ Ինձ պետք է վերջին մի քանի օրվա ականատեսի վկայությունը։
— Այո,— ասաց Թուխը,— երեկ մենք նախաճաշեցինք միասին։ Վեց Սոճիների մոտ։ Ես մի փոքրիկ զամբյուղ հյուսեցի, շատ փոքրիկ, բայց հարմար զամբյուղ, շատ սիրուն, կարգին զամբյուղ, լիքը…
— Այո, այո,— ասաց Ճագարը,— հասկանալի է։ Բայց ես ուրիշ բան եմ հարցնում։ Դու երբեւիցե տեսե՞լ ես նրան առավոտյան ժամը տասնմեկի ու տասներկուսի արանքում։
— Ժամը տասնմեկին… Տասնմեկին, հասկանում ես, ես սովորաբար տուն եմ գնում։ Այդ ժամին որոշ գործեր ունեմ…
— Իսկ տասնմեկն անց տասնհինգի՞ն։
— Ոնց ասեմ…— սկսեց Թուխը։
— Իսկ տասնմեկն անց կեսին։
— Այո,— ասաց Թուխը,— տասնմեկն անց կեսին կամ մի քիչ ավելի ուշ ես սովորաբար տեսնվում եմ նրա հետ։
Եվ այդտեղ Թուխը հանկարծ հիշեց, որ իսկապես, արդեն վաղուց այդ ժամին չի տեսնում Քրիստոֆեր Ռոբինին։ Ճաշից հետո՝ այո, երեկոյան՝ այո, նախաճաշից առաջ՝ այո, նախաճաշից անմիջապես հետո՝ նույնպես, իսկ դրանից հետո Քրիստոֆեր Ռոբինը իսկապես որ ասում է․ «Դե, Թուխ, շուտով կտեսնվենք», եւ իսկույն հեռանում է։
— Բանն էլ հենց այդ է,— ասաց Ճագարը,— ո՞ւր է գնում։
— Գուցե ինչ֊որ բա՞ն է փնտրում։
— Ի՞նչ։
— Ես էլ դա էի ուզում ասել,— ասաց Թուխը, ապա ավելացրեց․— Գուցե փնտրում է այդ… այդ…
— Բծավոր կամ Խոտակեր Շուտովգամի՞ն։
— Այո,— ասաց Թուխը,— նրանցից մեկին։ Եթե նա տեղում չի…
Ճագարը խստությամբ Վինի֊Թուխին նայեց։
— Տեսնում եմ քեզնից օգուտ չկա,— ասաց նա։
— Չկա,— ասաց Թուխը։— Բայց ես ճգնում եմ,— համեստորեն ավելացրեց նա։
Ճագարը նրան շնորհակալություն հայտնեց ճգնելու համար եւ ասաց, որ ինքը պետք է Իային այցելի եւ եթե Թուխն ուզում է, կարող է գալ իր հետ։ Բայց Թուխը, որի գլխում ծնվում էր Աղմուկիկի նոր քառատողը, ասաց, որ ինքը Դնչիկին կսպասի։
— Հաջողություն, Ճագար,— ասաց նա։
Եվ Ճագարը գնաց։
Բայց պատահեց այնպես, որ Դնչիկին առաջինը Ճագարը տեսավ։ Այդ օրը Դնչիկը շատ֊շատ վաղ էր արթնացել ու գնացել էր մանուշակներ հավաքելու։ Երբ նա մի մեծ փունջ էր կազմել, բերել տուն եւ դրել ծաղկամանի մեջ, չգիտես ինչու հանկարծ մտածեց, որ երբեք Իային մանուշակներ չի նվիրել։ Եվ որքան շատ էր այդ մասին մտածում, այնքան շատ էր զգում, թե ինչքան տխուր բան է իշուկ լինելը, այն էլ այնպիսի իշուկ, որին ոչ ոք ոչ մի անգամ մանուշակ չի նվիրել։ Եվ նա նորից մարգագետին վազեց, մտքում շարունակ կրկնելով՝ «Իա, մանուշակներ», իսկ հետո՝ «Մանուշակներ, Իա֊Իա», որպեսզի հանկարծ չմոռանա։ Ահա թե ինչպիսի օր էր Դնչիկի համար։
Դնչիկը մի մեծ փունջ կազմեց եւ վազեց այնտեղ, որտեղ սովորաբար արածում էր Իան։ Ճանապարհին նա փնջից հոտ էր քաշում եւ իրեն անսահման երջանիկ էր զգում։
— Բարեւ, Իա,— անվստահ սկսեց Դնչիկը, որովհետեւ նրան թվաց, որ Իան զբաղված է։
Իան բարձրացրեց ոտքը եւ թափահարելով հասկացրեց, որ հեռանա։
— Վաղը արի,— ասաց նա,— կամ մյուս օրը։
Բայց Դնչիկը հետաքրքրությունից մոտ եկավ։ Իայի առջեւ դրված էին երեք փայտիկներ, որոնցից նա աչքը չէր կտրում։ Փայտիկներից երկուսը զուգահեռ էին դրված, իսկ երրորդը տակից միացնում էր նրանց։ Դնչիկը մտածեց, որ դա, երեւի, ինչ֊որ Ծուղակ է։
— Իա,— նորից ասաց նա,— ես ուզում եմ…
— Դա փոքրիկ Դնչի՞կն է,— հայացքը փայտիկներից չկտրելով, հարցրեց Իան։
— Այո, Իա, ես…
— Դու գիտե՞ս, թե սա ի՞նչ բան է։
— Ոչ։
— Սա «Ա» է։
— Օ՜,— ասաց Դնչիկը։
— Ի՞նչ «Օ»։ Սա «Ա» է, «Ա՛»,— խիստ ձայնով ասաց Իան։— Վատ ես լսում, ի՞նչ է։ Թե կարծում ես ավելի կրթված ես, քան Քրիստոֆեր Ռոբինը։
— Այո,— ասաց Դնչիկը։— Ո՛չ, ո՛չ,— շտապեց սխալն ուղղել նա եւ ավելի մոտեցավ։
— Քրիստոֆեր Ռոբինն ասաց, որ սա «Ա» է, եւ նշանակում է, սա կլինի «Ա»։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի տրորել,— մռայլ ասաց Իան։
Դնչիկը շտապեց հետ ցատկել ու հոտոտեց իր մանուշակները։
— Իսկ դու գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում «Ա»֊ն, փոքրիկ Դնչի՛կ։
— Չէ, Իա, չգիտե՛մ։
— Նշանակում է Ուսո՛ւմ, նշանակում է Կրթությո՛ւն, Գետությո՛ւն եւ նման ուրիշ բաներ, որոնց մասին ոչ Թուխը, ոչ էլ դու գաղափար անգամ չունեք։ Ահա թե ինչ է նշանակում «Ա»֊ն։
— Օ՜,— նորից ասաց Դնչիկը,— ես ուզում էի ասել՝ մի՞թե,— նա շտապեց ուղղել իր սխալը։
— Լսիր ինձ, փոքրիկ Դնչիկ։ Այս Անտառում հազար ու մի տեսակ խաժամուժ կա, եւ նրանք սիրում են կրկնել․ «Դե, Իան, ընդամենը Իան է, նրան բանի տեղ դնող չկա»։ Նրանծ թրեւ են գալիս այս կողմերում եւ ասում են՝ «Հա֊հա՛»։ Բայց ի՞նչ գիտեն նրանք «Ա» տառի մասին։ Ոչինչ։ Նրանց համար սրանք սովորական փայտիկներ են եւ ուրիշ ոչինչ։ Բայց կրթվածների համար, սա ականջիդ օղ արա, փոքրիկ Դնչի՛կ, կրթվածների համար, ես չեմ խոսում Թուխերի ու Դնչիկների մասին, սա նշանավոր ու հզոր «Ա» տառն է։ Այո, սա այնպիսի բան չէ,— ավելացրեց նա, որից ով ասես կարողանա հոտ քաշել։
Դնչիկը շփոթված շուրջը նայեց եւ մանուշակները թաքցրեց հետեւում։ Հենց այդ պահին էլ երեւաց Ճագարը։
— Ահա եւ Ճագարը,— ուրախացավ Դնչիկը, որ սկսել էր օգնության կարիք զգալ։— Բարեւ, Ճագա՛ր։
Ճագարը մեծամտորեն գլուխ տվեց Դնչիկին եւ ասաց՝ «Ողջույն, Իա», այնպիսի տեսքով, որից զգացվում էր, որ ընդամենը երկու րոպե հետո նա ասելու է՝ «Ցտեսություն»։
— Իա, ես քեզ միայն մի հարց ունեմ տալու։ Վերջին ժամանակներս Քրիստոֆեր Ռոբինը առավոտյան ինչո՞վ է զբաղվում։
— Իմ առջեւ ի՞նչ եմ տեսնում,— հայացքը գետնից չկտրելով, հարցրեց Իան։
— Երեք փայտիկ,— առանց մտածելու պատասխանեց Ճագարը։
— Ահա տեսնո՛ւմ ես, — ասաց Իան Դնչիկին։ Հետո Ճագարին նայեց։— Այ, հիմա ես կպատասխանեմ քո հարցին,— հաղթական ավելացրեց նա։
— Շնորհակալություն,— ասաց Ճագարը։
— Քրիստոֆեր Ռոբինը առավոտյան ինչո՞վ է զբաղվում։ Նա սովորում է։ Նա կրթություն է ստանում։ Նա տարեպետում է… իմ կարծիքով, նա օգտագործեց հենց այս բառը, բայց հնարավոր է, որ սխալվում եմ… մի խոսքով, նա տարեպետում է գիտելիքներին։ Իմ համեստ ուժերի չափով ես նույնպես… եթե ճիշտ եմ յուրացրել այս բառը՝ տարե… անում եմ նույնը, ինչ նա։ Օրինակ այս տառը…
— Դա «Ա» է,— ասաց Ճագարը, — բայց մի քիչ անհաջող է ստացվել։ Դե լավ, ես պետք է գնամ ու հայտնեմ մյուսներին։ Ցտեսությո՛ւն։
Իան նայեց իր փայտիկներին, հետո Դնչիկին։
— Ինչպե՞ս ասաց Ճագարը։ Ի՞նչ է սա,— հարցրեց նա։
— «Ա»,— ասաց Դնչիկը։
— Այդ դո՞ւ նրան հուշեցիր։
— Ոչ, Իա, ես չեմ հուշել։ Ես կարծում եմ, ինքը գիտեր։
— Ի՞նքը գիտեր։ Ուզում ես ասել, որ մի ինչ֊որ Ճագար ճանաչում է «Ա» տա՞ռը։
— Այո, Իա։ Գիտե՞ս, նա շատ խելացի Ճագար է։
— Խելացի՛,— արհամարհանքով ասաց Իան եւ ինչքան ուժ ուներ սմբակով խփեց երեք փայտիկներին։
— Կրթությո՛ւն,— վշտացած բացականչեց Իան, ցատկելով իր փայտիկների վրա (նրանք արդեն վեց հատ էին)։
— Ի՞նչ բան է Գետությունը,— հարցրեց Իան եւ այնպես քացահարեց փայտիկները (որոնք արդեն տասներկու հատ էին), որ սրանք օդ թռան։— Մի ինչ֊որ Ճագարը գիտե այդ բոլո՛րը։ Հա֊հա՛։
— Ես կարծում եմ…— վարանելով ասաց Դնչիկը։
— Պետք չի՛,— ասաց Իա֊Իան։
— Ես կարծում եմ, որ մանուշակները շատ լավն են,— ասաց Դնչիկը։ Նա փունջը դրեց Իայի առաջ ու փախավ։
Հաջորդ առավոտյան Քրիստոֆեր Ռոբինի դռանը փակցված գրությունը ազդարարում էր․
:::<b>ԵՍ ԳՆԱՑԻ
:ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ
:::Ք․Ռ․</b>
Ահա թե ինչու Անտառում բոլոր բնակիչները, բացառությամբ, իհարկե, Բծավոր կամ Խոտակեր Շուտովգամի, այսուհետեւ գիտեն, թե ինչով է զբաղվում Քրիստոֆեր Ռոբինը առավոտյան։