Changes
Տղաները հագնվեցին, թաքցրին իրենց զենքերը և գնացին վշտանալով, որ այլևս ավազակներ չեն։ Նրանք մտածում էին, թե ինչ կարող էր տալ ժամանակակից քաղաքակրթությունը իրենց այդ կորստի դիմաց։ Նրանք ասացին, որ կնախնտրեին մի տարի Շերվուդի անտառում ավազակ լինել, քան Միացյալ Նահանգների պրեզիդենտ՝ առհավետ։
==Գլուխ IX==
Այդ երեկո, ըստ սովորության, Թոմն ու Սիդը քնելու ուղարկվեցին ժամը ինն անց կեսին։ Նրանք աղոթեցին, և շուտով Սիդը քնեց։ Թոմն արթուն պառկած սպասում էր տագնապալից անհամբերությամբ։ Երբ նրան թվաց, թե համարյա լուսաբաց է, լսեց ժամացույցի տասը զարկ։ Դա հուսահատական էր․ նա ուզեց վեր կենալ ու անհամբերությունից շարժումներ անել։ Գրգռված ջղերը այդպես էին պահանջում։ Բայց վախեցավ Սիդին արթնացնելուց, անշարժ պառկեց և նայեց մթությանը։ Ամեն ինչ ծանր լռության մեջ էր։ Կամաց֊կամաց սկսեցին լսելի դառնալ անորսալի ձայներ, ժամացույցի թիք֊թաքը իրեն զգալ տվեց։ Հին գերաններ սկսեցին խորհրդավոր կերպով ճարճատել։ Սանդուղքները թույլ ճռռացին։ Անկասկած, ոգիները շրջում էին։ Մորաքույր Պոլիի սենյակից լսվում էին թույլ ու համաչափ խռմփոցներ։ Այնուհետև սկսվեց ծղրիդների հոգնեցուցիչ ճռռոցը, որի տեղը մարդկային ոչ մի հնարամտություն չէր կարող որոշել։ Ապա լսվեց ժամագործ բզեզի թիք֊թաքը պատի մեջ՝ մահճակալի գլխավերևում, որից Թոմը սառսռաց։ Դրան հաջորդեց մի շան հեռավոր ոռնոցը, որին արձագանքեց մի ուրիշ թույլ ոռնոց, ավելի հեռվից։ Թոմը մղձավանջի մեջ էր։ Ի վերջո, նա զգաց, որ ժամանակը դադարեց գոյություն ունենալուց, և սկսվեց հավիտենականությունը։ Հակառակ իր կամքի՝ նա սկսեց ննջել։ Ժամացույցը տասնմեկը խփեց, բայց Թոմը չլսեց։ Հանկարծ, կիսաերազի մեջ, նա լսեց կատվի տխուր մլավոց։ Մոտիկ տեղում լուսամուտը թրխկաց։ Ինչ֊որ ձայն կանչեց․ «Կորի սատանա»։ Մի դատարկ շիշ խփվեց մորաքրոջ պատին, և Թոմը միանգամից արթնացավ։ Նա վայրկենապես հագնվեց և լուսամուտից դուրս եկավ։ Չորեքթաթ սողաց տանիքի վրայով։ Գնալիս զգուշությամբ մի երկու անգամ մլավեց, հետո թռավ փայտանոցի տանիքը, հետո՝ գետին։ Հեքլբերի Ֆինն այնտեղ էր իր սատկած կատվի հետ։ Տղաները շարժվեցին և անհետացան խավարում։ Կես ժամ հետո նրանք քայլում էին գերեզմանատան բարձր խոտերի միջով։
Արևմուտքի երկրներին հատուկ հին ձևի մի գերեզմանատուն էր դա, բլրի վրա, քաղաքից մոտ մեկուկես մղոն հեռու։ Շրջապատված էր մի հիմար ցանկապատով, որը ընդհանրապես դեպի դուրս էր ընկած, տեղ֊տեղ դեպի ներս, բայց ոչ մի տեղ ուղիղ չէր կանգնած։ Ամբողջ գերեզմանատանը աճել էր փարթամ խոտը։ Բոլոր հին գերեզմանները իջել էին, ոչ մի դամբարան չէր երևում։ Փտած, վերևի մասերը կլորացած, որդերի կեր դարձած տախտակները թեքվել էին դեպի հողը՝ հենարանի կարիք զգալով, բայց չգտնելով։ Դրանց վրա մի ժամանակ գրված էր եղել․ «Հավերժ հիշատակ այսինչին», բայց դրանց մեծամասնության վրա, եթե նույնիսկ մի ժամանակ տապանագրեր եղել էին, նույնիսկ ցերեկը այլևս չէին կարդացվում։
Մի թույլ քամի նվում էր ծառերի արանքում, և Թոմը վախեցավ, որ գուցե մեռելների ոգիներն էին դրանք և բողոքում էին իրենց հանգիստը վրդովելու համար։ Տղաները քիչ էին խոսում և այն էլ շշնջոցով, որովհետև վայրը, ժամանակը, տիրող հանդիսավորությունը և լռությունը ճնշում էին նրանց։ Նրանք գտան իրենց փնտրած նոր հողաթումբը և թաքնվեցին երեք մեծ թեղիների հովանու տակ, հողաթմբից մի քանի քայլ հեռու։
Հետո նրանք լուռ սպասեցին, ինչպես նրանց թվաց, շատ երկար ժամանակ։ Հեռվից լսվող բվի վայոցը միակ ձայնն էր, որ խզում էր մեռելային լռությունը։ Թոմի մտածումները ճնշող դարձան։ Տղան խոսելու կարիք զգաց։ Նա ասաց փսփսոցով․
― Հեքի, կարծո՞ւմ ես, որ մեր այստեղ լինելը մեռելներին դուր կգա։
Հեքլբերին փսփսաց․
― Երանի իմանայի։ Դրությունը սարսափելի լուրջ է, չէ՞։
― Այդպես է։
Բավական երկար լռություն տիրեց, մինչև տղաներն այդ հարցը ուսումնասիրում էին իրենք իրենց մեջ։ Հետո Թոմը շշնջաց․
― Լսիր, Հեքի, կարծո՞ւմ ես, որ Հոս Ուիլյամսը լսում է մեզ։
― Անշուշտ լսում է, գոնե նրա հոգին լսում է։
Որոշ լռությունից հետո Թոմն ասաց․
― Երանի ես միստր Ուիլյամս ասեի։ Բայց ես նրան վիրավորելու միտք չունեի։ Բոլորը նրան Հոս էին անվանում։
― Մարդ այնքան էլ զգույշ չի լինում մեռելների մասին խոսելիս, Թոմ։
Այդ վստահեցուցիչ էր, և զրույցը շարունակվեց։
Հանկարծ Թոմը բռնեց ընկերոջ թևը և ասաց․
― Սուս։
― Ի՞նչ է, Թոմ։ ― Եվ երկուսը իրար կպան թպրտացող սրտերով։
― Սուս։ Այ նորից․ չե՞ս լսում։
― Ես․․․
― Ահա, դու էլ լսեցի՞ր։
― Աստված իմ, Թոմ, նրանք գալիս են, անկասկած գալիս են։ Ի՞նչ անենք։
― Չգիտեմ։ Կարծո՞ւմ ես, որ մեզ կտեսնեն։
― Ահ, Թոմ, նրանք կարող են մթության մեջ տեսնել կատուների նման։ Երանի եկած չլինեի։
― Է՜, մի վախեցիր։ Չեմ կարծում, որ նրանք մեզ ձեռք տան։ Մենք ոչ մի վնաս չենք տալիս։ Եթե լրիվ անշարժ մնանք, գուցե մեզ բոլորովին չնկատեն։
― Կփորձեմ, Թոմ, բայց աստված իմ, ամբողջ մարմնով դողում եմ։
― Լսիր։ ― Տղաները գլուխներն իրար կպցրին։ Հազիվ էին շնչում։ Գերեզմանատան հեռավոր ծայրից խուլ ձայներ էին լսվում։
― Նայիր, այնտեղ նայիր, ― շշնջաց Թոմը, ― այդ ի՞նչ է։
― Սատանայի կրակ է։ Օ՜յ, Թոմ, դա սարսափելի է։
Խավարի միջով անորոշ կերպարանքներ մոտեցան, օրորելով հնաձև մի թիթեղե լապտեր, որը լույսի անհամար շողեր էր սփռում գետնին։ Հանկարծ Հեքլբերին ցնցվելով շշնջաց․
― Անկասկած սատանաներ են։ Երեքը, աստված ջան, Թոմ, մենք կորած ենք։ Կարո՞ղ ես աղոթել։
― Կփորձեմ, բայց դու մի վախեցիր։ Նրանք մեզ չեն վնասի։
― Հըշշշ․․․
― Ի՞նչ է, Հեք։
― Մարդիկ են։ Առնվազն մեկը։ Մեկի ձայնը Մըֆ Պոտերսի ձայնն է։
― Չի կարող պատահել, մի՞թե։
― Ես ճանաչում եմ նրան։ Մի շնչիր և մի շարժվիր։ Նա մեզ տեսնելու չափ սրատես չէ։ Հարբած է, ինչպես միշտ։ Լխկած ծերուկ։
― Շատ լավ, անշարժ կմնամ։ Ահա կանգնեցին։ Չեմ տեսնում։ Ահա նորից գալիս են։ Արդեն արագ են շարժվում․ նորից դանդաղեցին։ Նորից շտապում են․ շատ են շտապում։ Այս անգամ ուղիղ այստեղ են գալիս։ Լսիր, Հեք, մի ուրիշի ձայնն էլ եմ ճանաչում։ Հնդկացի Ջոն է։
― Ճիշտ է, անիծյալ խառնածինն է։ Ավելի լավ է սատանաներ լինեին։ Տեսնես ինչո՞ւ են այստեղ եկել։
Շշնջոցներն այժմ բոլորովին լռեցին, որովհետև երեք հոգի հասան հողաթմբին և կանգնեցին տղաների թաքստոցից մի քանի քայլ հեռու։
― Ահա սա է, ― ասաց երրորդ ձայնը, և ձայնի տերը լապտերը բարձրացրեց, երևան հանելով երիտասարդ բժիշկ Ռոբինսոնի դեմքը։
Պոտերը և Հնդկացի Ջոն թոկերով կապված մի պատգարակ էին բերում, վրան երկու բահ։ Բժիշկը լապտերը դրեց գերեզմանի գլխավերևը և նստեց, մեջքը հենելով թեղիներից մեկին։ Նա այնքան մոտ էր, որ տղաները կարող էին դիպչել նրան։
― Շտապեք, ― ասաց նա ցածրաձայն, ― լուսինը կարող է հանկարծ դուրս գալ։
Նրանք ինչ֊որ պատասխան փնթփնթացին և շարունակեցին փորել։ Որոշ ժամանակ ոչ մի ձայն չկար բացի հողը մի կողմ նետող բահերի ձայնից։ Այդ ձայնը շատ միօրինակ էր։ Ի վերջո, մի բահ կպավ դագաղին խուլ, փայտային աղմուկով, և մի քանի րոպե հետո նրանք դագաղը դուրս հանեցին։ Բահերով բարձրացրին կափարիչը, դուրս հանեցին մարմինը և կոպտորեն գետին գցեցին։ Լուսինը ամպերի տակից դուրս եկավ ու լուսավորեց գունատ դեմքը։ Պատգարակը պատրաստ էր։ Մարմինը դրեցին վրան, ծածկեցին բարակ վերմակով և պարանով կապեցին։ Պոտերը հանեց ծալովի մեծ դանակը և կտրեց պարանի կախված ծայրերը, հետո ասաց․
― Այժմ անիծյալ գործը պատրաստ է, միստր։ Դե՛, մի հնգանոց էլ տվեք, թե չէ այստեղ էլ կմնա։
― Ճիշտ է ասում, ― ասաց Հնդկացի Ջոն։
― Լսեք, դա ի՞նչ է նշանակում, ― ասաց բժիշկը, ― դուք ձեր վարձը կանխիկ պահանջեցիք, և ես վճարեցի։
― Այո, բայց դուք դրանից ավելին եք արել, ― ասաց Հնդկացի Ջոն մոտենալով բժկին, որը վեր էր կացել, ― հինգ տարի առաջ դուք ինձ վռնդեցիք ձեր հոր խոհանոցից, երբ ես եկել էի ուտելու բան խնդրելու։ Դուք ասացիք, որ ես վատ գործի համար էի եկել, և երբ ես երդվեցի վրեժ լուծել ձեզնից նույնիսկ հարյուր տարի հետո, ձեր հայրը ինձ ձերբակալել տվեց որպես թափառաշրջիկի։ Կարծում եք մոռացե՞լ եմ։ Իզուր չէ, որ ես հնդկական արյուն ունեմ։ Իսկ այժմ դուք իմ ձեռքին եք և իմացեք, որ պետք է հաշիվ տաք։
Մինչ այդ Ջոն բռունցքը նրա դեմքին մոտեցնելով, սպառնում էր։ Բժիշկը հանկարծ հարվածեց և հնդիկին գետին գլորեց։ Պոտերը դանակը գետին գցեց և գոչեց․
― Է՜, ընկերոջս չխփե՞ս․․․ ― հաջորդ պահին նա կպավ բժշկին, և երկուսը պայքարում էին ամբողջ ուժով ու բոլոր միջոցներով, կանաչ խոտը տրորելով և կրունկներով գետինը քանդելով։ Հնդկացի Ջոն վեր թռավ, աչքերը ատելությունից վառվելով, վերցրեց Պոտերի դանակը, կատվի նման գաղտագողի և կուզեկուզ մոտեցավ կռվողներին ու սկսեց նրանց շուրջը պտտվել՝ հարմար առիթ որոնելով։ Հանկարծ բժիշկն իրեն ազատեց, վերցրեց Ուիլյամսի գերեզմանի ծանր տախտակը և Պոտերին դրանով գետին տապալեց։ Նույն պահին խառնածինը հարմար առիթը գտավ և դանակը մինչև կոթը խրեց երիտասարդի կուրծքը։ Բժիշկը երերաց և կիսով չափ ընկավ Պոտերի վրա, նրան իր արյամբ ողողելով։ Նույն պահին ամպերն այդ սարսափելի տեսարանը ծածկեցին, և երկու վախեցած տղաները մթության մեջ փախան։
Երբ լուսինը նորից դուրս եկավ, Հնդկացի Ջոն կանգնած էր երկու մարմինների վերև և նրանց էր դիտում։ Բժիշկն անհասկանալի բառեր շշնջաց, մի երկու անգամ խորը շնչեց և անշարժացավ։ Խառնածինը մռմռաց։
― Հաշիվը մաքրված է, անիծված լինես։
Հետո նա կողոպտեց դիակը։ Այնուհետև ճակատագրական դանակը դրեց Պոտերի բաց աջ ձեռքին և նստեց շուռ տված դագաղի վրա։ Անցավ երեք, չորս, հինգ րոպե, և Պոտերը սկսեց շարժվել ու տնքալ։ Նա դանակը սեղմեց, բարձրացրեց, նայեց և դողալով ձեռքից ցած գցեց։ Հետո նստեց, բժշկի մարմինը իրենից հեռու գլորեց և շփոթված նայեց դրան, հետո իր շուրջը։ Նրա աչքերը հանդիպեցին Ջոյի աչքերին։
― Աստված, այս ի՞նչ բան է, Ջո, ― ասաց նա։
― Կեղտոտ գործ է, ― ասաց Ջոն առանց շարժվելու, ― ինչո՞ւ արեցիր։
― Ե՞ս, ես չեմ արել, երբե՛ք։
― Լռիր, այդպիսի խոսքերով չես ազատվի։
Պոտերը դողաց և գույնը գցեց։
― Կարծում էի հարբածությունս անցել է։ Այս գիշեր ես չպետք է խմեի։ Բայց դեռևս գլուխս պտտվում է՝ ավելի վատ, քան այստեղ գալիս։ Ամեն ինչ խառնվել է․ ոչինչ չեմ կարողանում հիշել։ Ասա, Ջո, անկեղծ, ասա, հին ընկեր, ե՞ս արեցի այդ։ Ջո՛, ես երբեք չէի ուզում, հոգիս ու պատիվս վկա, ես երբեք այդպիսի նպատակ չունեի։ Ասա, ինչպե՞ս պատահեց, Ջո։ Ա՛հ, սարսափելի է, որքա՜ն երիտասարդ ու ապագա խոստացող էր նա։
― Դուք երկուսդ կռվում էիք։ Նա տախտակով խփեց քո գլխին, և գետին տապալվեցիր։ Հետո վեր կացար երերալով և դանակն առար ու խրեցիր նրա կուրծքը։ Մինչ այդ նա մի ուրիշ սարսափելի հարված հասցրեց։ Մինչև այժմ էլ մեռածի նման պառկած էիր։
― Օ՜հ, չեմ իմացել, թե ինչ եմ անում։ Կուզենայի այս պահին մեռած լինել, եթե ես եմ արել։ Այդ բոլորը վիսկիից է և հուզմունքից։ Կյանքումս զենք չեմ գործածել, Ջո։ Կռվել եմ, բայց ոչ զենքով։ Բոլորը կվկայեն այդ բանը։ Ջո, չմատնես, խոստացիր, որ չես մատնի, Ջո։ Դու լավ տղս ես։ Ես միշտ սիրել եմ քեզ, Ջո, պաշտպանել են քեզ։ Չե՞ս հիշում։ Չես մատնելու, չէ՞, Ջո։ ― Եվ խեղճ արարածը մարդասպանի առաջ ծունկի եկավ և պաղատող ձեռքերը մեկնեց նրան։
― Այո, դու իմ նկատմամբ միշտ արդար ես եղել, Մըֆ Պոտեր, և ես քեզ չեմ դավաճանի։ Այժմ հանգստացիր․ տղա մարդու խոսք եմ տալիս։
― Ջո, դու հրեշտակ ես։ Դրա համար ես քեզ օրհնելու եմ, որքան ապրեմ։ ― Եվ Պոտերը սկսեց լաց լինել։
― Դե, հերիք է։ Լաց լինելու ժամանակը չէ։ Դու այս ճամփով գնա, ես՝ այս։ Դե՛, շարժվիր և հետևիցդ հետքեր մի թող։
Պոտերն սկսեց վազել նախ դանդաղ, հետո ամբողջ ուժով։ Խառնածինը նայեց նրա ետևից։ Նա քրթմնջաց․
― Եթե իսկապես նա շշմել է հարվածից ու խմելուց, ինչպես երևում էր տեսքից, նա դանակի մասին չի մտածի, մինչև այնքան հեռացած լինի, որ կվախենա դրա համար մենակ վերադառնալ այսպիսի մի տեղ։ Հավի սիրտ ունի։
Երկու կամ երեք րոպե հետո սպանված մարդը, վերմակի մեջ փաթաթված դիակը, առանց կափարչի դագաղը և բաց գերեզմանը մնացել էին միայն լուսնի հսկողության տակ։ Նորից խոր լռություն էր տիրում։