Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 17 260 բայտ, 11:10, 11 Օգոստոսի 2013
/* Գլուխ IX */
Երկու կամ երեք րոպե հետո սպանված մարդը, վերմակի մեջ փաթաթված դիակը, առանց կափարչի դագաղը և բաց գերեզմանը մնացել էին միայն լուսնի հսկողության տակ։ Նորից խոր լռություն էր տիրում։
 
 
==Գլուխ X==
 
 
Երկու տղաները վազեցին դեպի քաղաք, սարսափից կապված լեզուներով։ Ժամանակ առ ժամանակ նրանք ետ էին նայում, վախենալով, որ իրենց հետևող լինի։ Ճանապարհին պատահող յուրաքանչյուր կոճղ նրանց թվում էր մարդ և թշնամի։ Նրանց շունչը կտրվում էր, իսկ երբ հասան քաղաքի ծայրում գտնվող հյուղակներին, արթնացած մի շան հաչոցը նրանց ոտքերին թևեր տվեց։
 
― Եթե միայն մինչև կաշվի գործարան հասնելը շունչներս չկտրվի, ― շշնջաց Թոմը, երկու հևոցի արանքում։ ― Այլևս չեմ դիմանում։
 
Հեքլբերիի փնչոցները նրա միակ պատասխանն էին։ Տղաներն աչքները հառեցին իրենց հույսերի նպատակակետին և մեծ ճիգ գործ դրեցին հաղթահարելու համար այդ տարածությունը։ Նրանք մոտենում էին դրան և ի վերջո, միասին շնչասպառ ներս խոյացան բաց դռնից ու իրենց գոհ զգացին նրա փրկարար հովանու տակ։ Նրանց զարկերակները կամաց֊կամաց հանդարտվեցին, և Թոմը շշնջաց․
 
― Հեքլբերի, ի՞նչ ես կարծում, դրանից ի՞նչ դուրս կգա։
 
― Եթե դոկտոր Ռոբինսոնը մահանա, ես կարծում եմ՝ կախաղան։
 
― Այդպե՞ս ես կարծում։
 
― Անշուշտ, հաստատ բան է։
 
Թոմը մի պահ մտածեց, հետո ասաց․
 
― Ո՞վ պիտի հայտնի, մե՞նք։
 
― Ի՞նչ ես ասում։ Հապա եթե հանկարծ մի բան պատահի և Հնդկացի Ջոյին չկախեն, նա մեզ կսպանի։ Դա հաստատ բան է, ինչպես հաստատ է, որ այժմ այստեղ պառկած ենք։
 
― Ես էլ եմ այդպես կարծում, Հեք։
 
― Եթե որևէ մեկը պիտի հայտնի, թող Մըֆ Պոտերն անի, եթե այդքան խելք ունի։ Նա ընդհանրապես հարբած է լինում։
 
Թոմը ոչինչ չասաց և շարունակեց մտածել, հետո շշնջաց․
 
― Հեք, Մըֆ Պոտերը չգիտե, ինչպե՞ս կարող է հայտնել։
 
― Ինչու՞ չգիտե։
 
― Որովհետև ճիշտ այն պահին, երբ նա գլխին ստացավ փայտի հարված, Հնդկացի Ջոն արեց այդ բանը։ Կարծո՞ւմ ես․ որ նա կարող էր դա նկատել։ Կարծո՞ւմ ես, որ նա որևէ բան իմացավ։
 
― Իակապես, ճիշտ ես ասում, Թո՛մ։
 
― Եվ գուցե փայտի այդ հարվածից նրա խելքը թռած լինի։
 
― Ո՛չ, չեմ կարծում, Թո՛մ․ նա հարբած էր, ես այդ զգում էի, թեև նա միշտ հարբած է լինում։ Երբ հայրս հարբած էր լինում, կարող էիր գլխին ինչով ասես խփել, և բան չէր լինում։ Նա ինքն էր այդ ասում։ Ուրեմն նույնն է նաև Մըֆ Պոտերի համար։ Եթե հարբած չլիներ, այդ հարվածից գուցե և մեռներ։ Չգիտեմ։
 
Մտախոհ լռությունից հետո Թոմն ասաց․
 
― Հեքի, դու վստա՞հ ես, որ կարող ես լռել։
 
― Թոմ, մենք պարտավոր ենք լռել, դու գիտես։ Այդ հնդիկ սատանան մեզ կատվի ձագերից ավելի հեշտ կխեղդի, եթե խոսենք, և նրան չկախեն։ Լսիր, Թոմ, արի իրար երդվենք, այո, պետք է երդվենք, որ կլռենք։
 
― Համաձայն եմ, Հեք, դա լավագույն ձևն է․ դե՛, ձեռքդ բարձրացրու և երդվիր, որ․․․
 
― Օ՜, ո՛չ, այս դեպքում դա շատ քիչ է․ դա լավ է սովորական փոքր դեպքերի համար, հատկապես աղջիկների հետ, որովհետև պարզ է, ի վերջո խաբելու են և դուրս տալու, եթե չարանան, բայց այդպիսի մեծ դեպքի համար պետք է գրություն լինի։ Եվ արյուն։
 
Թոմն ամբողջ էությամբ ողջունեց այս գաղափարը։ Դա խորհրդավոր էր, մռայլ և սարսափելի։ Ժամանակը, պայմանները, շրջապատը համապատասխանում էին այդպիսի մի գործի։ Լուսնի լույսի տակ նա մի տաշեղ գտավ, գրապնից հանեց «կարմիր ներկի» մի կտոր և այնպես, որ լույսն ընկնի տաշեղի վրա, դժվարությամբ, դանդաղորեն գրեց այս տողերը՝ յուրաքանչյուր բառի վրա լեզուն ատամների արանքում շմփշմփացնելով։
 
«Հեք Ֆինը և Թոմ Սոյերը երդվում են,
 
որ պիտի լռեն այս գործի մասին
 
և տեղն ու տեղը թող մեռնեն, եթե երբևէ
 
ասեն և խոսք թռցնեն»։
 
Հեքլբերին հիացած էր Թոմի գրելու հեշտությամբ և ոճի ազնվությամբ։ Նա անմիջապես գնդասեղ հանեց բաճկոնի լամբակից և ուզում էր մարմինը ծակել, բայց Թոմն ասաց․
 
― Սպասիր, մի արա։ Դա պղնձե գնդասեղ է, կարող է ժանգ ունենալ։
 
― Ժանգն ի՞նչ բան է։
 
― Դա թույն է, այո, թույն է։ Մի անգամ փորձիր, դրանից կուլ տուր և կտեսնես։
 
Թոմը հանեց իր ասեղներից մեկը և տղաները ծակեցին իրենց բթամատերը ու արյուն կաթեցրին։
 
Ի վերջո, մի քանի կաթիլ արյուն հանելուց հետո ճկույթը որպես գրիչ գործածելով, Թոմը կարողացավ ստորագրել։ Հետո նա Հեքլբերիին ցույց տվեց ինչպես H և F նկարել, և երդմնագիրը պատրաստ էր։ Նրանք հանդիսավորությամբ տաշեղը թաղեցին պատի տակ և համարեցին, որ իրենց լեզուն կողպվել է, և բանալին հեռու գցվել։
 
Կիսավեր շենքի մյուս ծայրից մի կերպարանք զգուշորեն ներս մտավ, բայց նրանք չնկատեցին։
 
― Թոմ, ― շշնջաց Հեքլբերին, ― այս երդումը ընդմիշտ փակ կպահի՞ մեր լեզուն․․․
 
― Անշուշտ։ Ինչ էլ պատահի, մենք պետք է լռենք։ Տեղնուտեղը կմեռնենք, չգիտե՞ս։
 
― Այո, այդպես է։
 
Որոշ ժամանակ նրանք շարունակեցին շշնջալ։ Հանկարծ, ճիշտ դրսում, նրանցից տասը քայլ հեռու, մի շուն սկսեց ոռնալ։ Տղաները սարսափահար իրար գրկեցին։
 
― Մեզանից ո՞ր մեկին նկատի ունի, ― շշնջաց Հեքլբերին։
 
― Չգիտեմ․ շուտ արա, ծակից նայիր։
 
― Չէ, դու նայիր, Թոմ։
 
― Ես չեմ կարող, ես չեմ կարող անել, Հեք։
 
― Խնդրում եմ, Թոմ, ահա նորից․․․
 
Օ՜, աստված, շնորհակալ եմ, ― շշնջաց Թոմը, ― ես այդ ձայնը ճանաչում եմ․ Բուլ Հարբիսոնի ձայնն է։
 
― Օ՜, վերջապես, Թոմ, ես սարսափից մեռնում էի, կարծում էի, թե անտեր շուն է։
 
Շունը նորից ոռնաց։ Տղաների սիրտը նորից կանգ առավ։
 
― Օ՜յ, աստված, դա Բուլ Հարբիսոնը չէ, ― շշնջաց Հեքլբերին, ― նայիր, Թոմ։
 
Վախից դողալով Թոմը տեղի տվեց և աչքը գցեց ճեղքի վրա։ Նրա շունչը հազիվ էր լսվում, երբ ասաց․
 
― Օ՜յ, Հեք, դա անտեր, թափառական շուն է։
 
― Շուտ արա, Թոմ, նայիր, ո՞ւմ վրա է ոռնում։
 
― Հեք, նա պետք է երկուսիս նկատի ունենա, մենք միասին ենք։
 
― Օ՜յ, Թոմ, երկուսով կորած ենք․ ես գիտեմ, թե ուր պիտի գնամ։ Ես այնքան վատն եմ եղել։
 
― Ահա և պատժվում եմ․ այս բոլորը նրանից է, որ դպրոցից փախչում էի և անում այն, ինչ մարդիկ ինձ ասում էին չանել։ Ես կարող էի Սիդի նման խելոք լինել, եթե ուզեի։ Բայց, ոչ, չէի լինում։ Եթե այս անգամ ազատվեմ, ես պարզապես կիրակնօրյա դպրոցից դուրս չեմ գալու։
 
Եվ Թոմն սկսեց հեկեկալ։
 
― Դո՞ւ ես վատը, ― և Հեքլբերին նույնպես սկսեց հեկեկալ։ ― Սխալվում ես, Թոմ Սոյեր, դու պարզապես բարի հրեշտակ ես ինձ հետ համեմատած։ Օ՜հ, աստված իմ, աստված իմ, երանի ես քո կեսի չափ լավը լինեի։
 
Թոմն արցունքները կուլ տվեց և սասց․
 
― Նայիր, Հեքի, նայիր․ նա ետևը մեր կողմն է արել։
 
Հեքը նայեց հրճվանքը սրտում։
 
― Ճիշտ որ, առա՞ջ էլ այդպես էր, այո, այդպես էր, իսկ ես՝ հիմարս, այդ մասին չմտածեցի։ Է՛հ, դա շատ լավ է, գիտե՞ս։ Բայց ո՞ւմ նկատի ունի։
 
Ոռնոցը դադարեց։ Թ ոմը ականջները սրեց։
 
― Հը՛շշ․․․ Ի՞նչ է այդ, ― շշնջաց նա։
 
― Կարծես․․․ կարծես խոզ է խռնչում։ Ո՛չ, ինչ֊որ մեկը խռմփացնում է, Թոմ։
 
― Այո, բայց որտե՞ղ, Հեք։
 
― Ինձ թվում է, որ մյուս ծայրումն է։ Այսպես է թվում։ Հայրիկը երբեմն այնտեղ քնում էր խոզերի հետ, բայց նա այնպես էր խռմփացնում, որ գլուխդ առ ու փախիր։ Բայց նա, կարծում եմ, սյլևս այս քաղաքը չի վերադառնա։
 
Արկածախնդրության ոգին մի անգամ ևս արթնացավ տղաների մեջ։
 
― Հեք, ինձ հետ կգա՞ս, եթե քեզ այնտեղ տանեմ։
 
― Չէի ուզենա, Թոմ․ բա որ Հնդկացի Ջոն լինի։
 
Թոմը տատանվեց։ Բայց գայթակղությունը այնքան ուժեղ էր, որ տղաները համաձայնեցին փորձել, պայմանով, որ եթե խռմփոցը դադարի, փախչեն։ Ոտքի ծայրերի վրա, իրար ետևից նրանք առաջ գնացին։ Երբ խռմփոցից հինգ քայլ հեռու էին, Թոմը մի փոքր փայտի կտոր տրորեց, որը սուր աղմուկով ջարդվեց։ Մարդը տնքաց, մի փոքր շարժվեց, և լուսնի լույսն ընկավ նրա դեմքին։ Մըֆ Պոտերն էր։
 
Տղաների ոտքերն ու մարմիններն անշարժացան, երբ մարդը շրջվեց, բայց նրանց վախն անցավ։ Ոտքի մատների վրա դուրս եկան պատի ճեղքից և մի փոքր հեռվում կանգ առան, իրար հրաժեշտ տալու համար։ Երկար, չարագուշակ ոռնոցը նորից լսվեց գիշերային խավարում։ Նրանք շուռ եկան և տեսան, որ օտար շունը մի քանի քայլ հեռու էր կանգանած Պոտերի պառկած տեղից և երեսը Պոտերին ուղղած, քիթը՝ երկինք, ոռնում էր։
 
― Օ՜հ, աստված իմ, նրա վրա է, ― բացականչեցին տղաները միաին։
 
― Լսիր, Թոմ, ասում են, որ մի թափառական շուն ոռնալով եկել է Ջոնի Միլլերի տան շուրջը, երկու շաբաթ առաջ, կեսգիշերին, իսկ գիշերահավը նույն գիշերը մտել է նրանց տունը և սանդղաճաղի վրա կանգնած երգել է, բայց դեռևս ոչ ոք չի մեռնում։
 
― Այո, բայց մի՞թե հաջորդ շաբաթ օրը Կրեյսի Միլլերը խոհանոցի կրակը չընկավ և չվառվեց։
 
― Այո, բայց չմեռավ։ Դեռ ավելին․ լավանում է։
 
― Դե լավ, սպասիր ու տես։ Նա կմեռնի, ինչպես Մըֆ Պոտերը։ Այդպես են ասում նեգրերը, իսկ նրանք նման բաներ շատ լավ են իմանում, Հեք։
 
Հետո տղաները մտամոլոր բաժանվեցին։
 
Երբ Թոմը ննջարանի լուսամուտից ներս մտավ, գիշերը համարյա անցել էր։ Նա ծայրահեղ զգուշությամբ հանվեց և քնեց, ինքն իրեն շնորհավորելով, որ ոչ ոք չէր իմացել իր փախուստի մասին։ Նա չէր իմանում, որ մեղմորեն խռմփացնող Սիդը քնած չէր և արթնացել էր մի ժամ առաջ։
 
Երբ Թոմն արթնացավ, Սիդը հագնվել էր և գնացել։ Լույսից և մթնշաղից երևում էր, որ ուշ էր։ Նա զարմացավ։ Ինչո՞ւ իրեն չէին կանչել, ինչո՞ւ չէին տանջել մինչև արթնանալը, ինչպես սովորաբար։ Այդ մտածումը նրան վախեցրեց։ Հինգ րոպեում հագնվեց և ներքև իջավ, թեև իրեն քնատ և հոգնած էր զգում։ Ընտանիքը դեռևս սեղանի շուրջն էր, բայց նախաճաշն ավարտված էր։ Հանդիմանական ոչ մի խոսք չեղավ, բայց բոլորը խուսափում էին նրան նայելուց։ Այնպիսի լռություն ու հանդիսավորություն կար օդում, որ հանցավորի սիրտը սառեց։ Նա փորձեց ուրախ երևալ, բայց իզուր․ ոչ մի ժպիտ չառաջացրեց, ոչ մի պատասխան չստացավ և լռությունից սիրտը վախ ընկավ։
 
Նախաճաշից հետո մորաքույրը նրան մի կողմ տարավ, և Թոմը համարյա ուրախացավ, որ ծեծ է ուտելու։ Բայց սխալվեց։ Մորաքույրը լաց եղավ և ասաց, թե ինչպես է կարողանում այդպես կոտորել իր ծեր սիրտը։ Ի վերջո, նա ասաց, որ եթե այդպես շարունակվի և ինքն իրեն կործանի, իր սպիտակ մազերը կհասցնի գերեզման, որովհետև անօգուտ էին Թոմին ուղղելու փորձերը։ Այդ ավելի վատ էր, քան հազար անգամ ծեծ ուտելը։ Թոմը լաց եղավ, խնդրեց ներել, նորից ու նորից խոստացավ փոխվել և թողություն ստացավ, միաժամանակ զգալով, որ հասել էր ոչ կատարյալ ներման և շատ թույլ վստահության էր արժանացել։
 
Նա դուրս եկավ շատ դժբախտ ու փորձ անգամ չարեց եղբորից վրեժ լուծել։ Այնպես որ Սիդն իզուր էր ետևի դռնից փախել։ Թոմը դպրոց գնաց ընկճված ու տխուր և Ջո Հարպըրի հետ դասից փախչելու համար պատժվեց մի մարդու տեսքով, որի սիրտը լիքն էր ծանր վշտերով և անտարբեր էր շրջապատի նկատմամբ։ Հետո նստեց իր գրասեղանի առաջ, արմունկները դրեց սեղանին և ծնոտը առավ ձեռքերի մեջ ու պատին նայեց քարացած հայացքով մի մարդու, որի վշտերը հասել էին ծայրահեղ սահմանի և ավելին լինել չէին կարող։ Նրա արմունկը դեմ առավ մի կոշտ իրի։ Երկար ժամանակ հետո նա դանդաղ և տխրորեն փոխեց իր դիրքը և այդ առարկան վերցրեց ծանր հոգոցով։ Թղթի մեջ փաթաթված բան էր։ Նա բացեց այդ։ Մի երկար, խոր, տանջալից հոգոց հետևեց դրան, և նրա սիրտը կտոր֊կտոր եղավ։ Իր պղնձե գնդակն էր։
 
Այս վերջին փետուրը կոտրեց ուղտի մեջքը։
Ադմին, Վստահելի
1876
edits