Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 16 269 բայտ, 21:35, 9 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 16 */
==Գլուխ 16==
Ոտքերը լայն գցելով ու օրորվելով, կաշվե երկարաճիտ կոշիկները ճռճռացնելով, Մարվին Ֆլինը քայլում էր փայտե մայթով։ Օշինդրի ու չափարելի <ref>Խիտ մացառուտ (աճում է ԱՄՆ֊ի հարավ֊արևմուտքում)։</ref> խառը բուրմունքը թույլ խտղտացնում էր նրա ռունգները։ Երկու կողմից տների աղյուսե պատերը մեքսիկական արծաթի պես փայլատակում էին լուսնի տակ։ Մոտակա սալունից<ref>Կովբոյական պանդոկ ԱՄՆ֊ում (saloon)։</ref> բանջոյի ճղճղան ձայներ էին լսվում․
Կնճռոտվելով, Մարվինը ոտքը կախ գցեց։
 
Օշի՞նդր։ Սալուննե՞ր։ Ի՞նչ է կատարվում այստեղ։
 
― Բա՞ն է եղել, օտարական,― լսվեց մի խռպոտ ձայն։
 
Ֆլինը կտրուկ շրջվեց։ Գլխավոր խանութի մոտից, ստվերի միջից ինչ֊որ մեկը դուրս քայելց։ Դա մի կովբոյ֊թափառաշրջիկ էր՝ ռնգախոս, նեղթիկունք մի մուրացիկ, փոշոտ սև գլխարկը մրոտ ճակատի վրա ծիծաղաշարժ կերպով կողքի թեքած։
 
― Այո, ինչ֊որ լուրջ բան է եղել,― ասաց Մարվինը։― Ամեն ինչ տարօրինակ է թվում։
 
― Բան չկա,― հավատացրեց կովբոյ֊թափառաշրջիկը։― Պարզապես փոխվել է մետաֆորային ստանդարտների քո սիստեմը և, աստված վկա, դրանում հանցանք չկա։ Ի միջի այլոց, պետք է ուրախ լինես, որ ազատվել ես այն զարհուրելի անասնամիջատային համեմատություններից։
 
― Համեմատություններս նորմալ էին,― ասաց Մարվինը,― ի վերջո, ես Ցելսուս 5֊րդում եմ և ապրում եմ բնի մեջ։
 
― Հետո՞ ինչ,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Ի՞նչ է, երևակայությունից զո՞ւրկ ես։
 
― Երևակայությունս տեղն է, դեռ մի բան էլ ավելին,― ցասումով ասաց Մարվինը։― Բայց հարցը դա չէ։ Ես պարզապես նկատի ունեմ, որ անկախ բան է երկրային կովբոյի պես մտածելը, եթե ինչ֊որ խլուրդանման արարծ ես Ցելսուսում։
 
― Ինչ արած,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Դու գերծանրաբեռնել ես անալոգիզացիայի քո ունակությունը և «վառել ապահովիչները»։ Համապատասխանորեն, քո զգայարանները փորձում են վիճակը նորմալացնել։ Այս վիճակը հայտնի է որպես «մետաֆորային դեֆորմացիա»։
 
Այժմ Մարվինը հիշեց, որ միստր Բլանդըրսն իրեն նախազգուշացրել է այդ երևույթի կապակցությամբ։ Մետաֆորային դեֆորմացիան՝ միջաստղային ճանապարհորդությունների այդ հիվանդությունը, հանկարծակի և առանց զգուշացման համակել էր նրան։
 
Մարվինը գիտեր, որ դա վտանգավոր է, սակայն միակ զգացումը թեթևակի զարմանքն էր։ Նրա զգայությունները համընկնում էին ընկալությունների հետ, քանի որ չգիտակցված փոփոխությունը չգացված փոփոխություն է։
 
― Ե՞րբ,― հարցրեց նա,― ես կսկսեմ տեսնել իրերն այնպես, ինչպես կան։
 
― Փիլիսոփայի արժանի հարց,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Բայց քո դեպքում այդ սինդրոմը կանցնի, եթե երբևէ վերադառնաս Երկիր։ Եթե, սակայն, շարունակես ճանապարհորդել, պերցեպտուալ անալոգիազացիան ավելի ու ավելի կաճի, թեև հանարվոր է, որ քո առաջնային իրավիճակընկալային կոնտեքստում երբեմն ռեմիսիա լինի<ref>Թեթևացում։</ref>։
 
Մարվինը մտածեց, որ այդ ամենը հետաքրքիր է, բայց ոչ վտանգավոր։ Նա ջինսը վեր քաշեց և կովբոյական ժարգոնով ասաց․
 
― Էհ, բախտի բան է, եթե թուղթը բաժանել են, պետք է խաղաս, հիմա հո դրա համար ամբողջ գիշեր այստեղ չե՞նք կանգնի։ Ո՞վ ես դու, օտարական, ասա ինձ ու այդքան բան։
 
― Ես,― ինքնագոհությամբ ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― նա եմ, առանց որի քո երկխոսությունն անհանր կլիներ։ Ես անձնավորված անհրաժեշտություն եմ, առանց ինձ դու ստիպված կլինեիր ինքդ հիշել մետաֆորային դեֆորմացիայի տեսությունը, ինչն ըստ իս քեզ դժվար թե հաջողվեր։ Մի քիչ փող տուր, շարունակեմ։
 
― Այդպես գնչուներն են խոսում,― արգահատանքով ասաց Մարվինը։
 
― Կներես,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը, ընդ որում նրա ձայնի մեջ ամոթի հետք անգամ չկար։― Ծխելու բան ունե՞ս։
 
― Ինքդ պիտի փաթաթես,― ասաց Մարվինը, Բուլլ Դարհամ թութունի քիսան մեկնելով։ Նա մի րոպե ուշադիր դիտեց իր ընկերոջը, հետո ասաց․― Տեսքից քոսոտի մեկն ես, կիսով չափ էշ ու կիսով չափ բորենի։ Բայց ես երևի քո հետ գամ, ինչ էլ որ լինես։
 
― Բրա՛վո,― լրջորդն ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― լեզվական ու տեքստային փոփոխությունները հաղթահարում ես նույնքան վստահ, որքան կապիկը կհաղթահարեր բանանի կեղևները։
 
― Շատ շքեղ լեզվող ես խոսում,― ասաց Մարվինը։― Հիմա ի՞նչ ենք անելու, պրո՛ֆ։
 
― Պիտի դիմենք,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― դեպի մոտակա վատահամբավ սալունը։
 
― Յիփի՛<ref>Ցնծության բացականչություն։</ref>,― ասաց Մարվինը և ծնկները ծալելով ներս մտավ սալունի չղջիկի փևերի ձև ունեցող դռնով։
 
Մտնելուն պես իգական սեռի մի ներկայացուցիչ կպավ Մարվինի թևից։ Նա ալ բարելյեֆային ժպիտով նայեց Մարվինին։ Կնոջ քնկոտ աչքերը ներկված էին՝ զվարթություն արտահայտելով, թառամած դեմքին ստու կենդանության հիերոգլիֆներ էին նկարած։
 
― Վերև գնանք, փիսի՛կ,― գոչեց զարհորելի վհուկը։― Ուրախ ժամանակ կանցկացնենք։
 
― Զարմանալի է,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Սովորությունը կանխորոշել է այս տիկնոջ դիմակը, պահանջելով, որ հաճույք վաճառողը ձևացնի, թե ինքն էլ հաճույք է զգում։ Ծանր պահանջ է դա, իմ բարեկամներ, պահանջ՝ որը չի դրվում ոչ մի այլ գործով զբաղվողի վրա։ Օրինակ՝ ձնկավաճառին թույլ է տրվում տառեխից խորշել, բանջարեղեն ծախողը կարող է զզվել շաղգամից և նույնիսկ լրագրավաճառ տղան իրավունք ունի անգրագետ լինել։ Մինչդեռ իսկ սրբերը պարտավոր չեն հաճույք զգալ իրենց մարտիրոսություններից։ Միայն խեղճուկրակ հաճույք վաճառողները, Տանտալուսի <ref>Լիդիական արքա, Զևսի որդին։ Ի հատուցումն աստածվների հանդեպ գործած մեղքի դատապարտվել էր հավիտենական պատժի Հադեսի մոտ՝ մեռածների աշխարհում։ Նա մինչև ծնոտը կանգնած էր ջրի մեջ, բայց հենց փորձում էր ծարավը հագեցնել, ջուրը ցամաքում էր։ Քամին քշում֊հեռացնում էր գլխավերևում կախված մրգերը, երբ Տանտալուսը փորձում էր քաղել։ Միաժամանակ, մի հսկա քար ամեն րոպե սպառնում էր ջախջախել նրան։</ref> նման, պետք է հավերժ սպասեն խնջույքին, որը չի լինելու։
 
― Ընկերդ շատ հանաքչի է,― ասաց ֆուրիան<ref>Կանացի կերպարանքով ոգիներ, որոնք պատժում էին հարազատների հանդեպ հանցանք գործողներին։ Հունաստանում կոչվում էին էրինյեներ, Հռոմում՝ ֆուրիաներ։</ref>։― Բայց դու ինձ բոլորից շատ ես դուր գալիս, ջանիկս, քեզ որ նայում եմ, մեջս ամեն ինչ հալվում է։
 
Մեգերայի<ref>Վրեժի աստվածուհի։</ref> վզից շղթա էր կախված, որի վրա շարված էին մի փոքրիկ գանգ, դաշնամուր, աղեղ, երեխայի կոշիկ, դեղնած ատամ։
 
― Ի՞նչ են սրանք,― հարցրեց Մարվինը։
 
― Սիմվոլներ,― ասաց կինը։
 
― Ինչի՞ սիմվոլներ։
 
― Վերև արի և ես քեզ ցույց կտամ, թութուշիկս։
 
― Եվ այսպիսով,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― մենք գործ ունենք կանացի բնության չմտածված ու վայրի պոռթկումի հետ, որին համեմատած մեր տղամարդկային կրքերը պարզապես մանկական խաղալիք են թվում։
 
― Արի՛,― գոռում էր հարպիան<ref>Թռչնակերպ կին֊հրեշներ։ Զևսը հարպիաներին ուղարկել էր պատժելու թրակիացիների արքա Ֆինեուսին՝ նրանք պարբերաբար խլում էին արքայի կերակուրը։ Երկու արգոնավորներ՝ Հյուսիսային քամու որդեիներ Զեթեսը և Գալաիսը, որոնք նույնպես թևեր ունեին, փրկեցին Ֆինեուսին՝ հարպիաներին հետապնդելով։</ref>, հաղթանդամ մարմինը կեղծ կրքից ցնցելով, առավել ևս ահավոր, քանզի այդ կիրքն իսկական էր։― Վերև՛։ Դեպի անկողի՛ն,― ճչում էր նա, մոնղոլական դատարկ բեռնապարկի չափի ու պարունակության կուրծքը Մարվինին սեղմելով։― Գնանք, քեզ լավ բանե՛ր ցույց կտամ,― բղավում էր նա, Մարվինին փաթաթելով ծանր սպիտակ ոտքը՝ կեղտոտ և երակները լայնացած։― Երբ իմ հետ ժամանակ անցկացնես,― ոռնում էր նա,― այն ժամանակ կհասկանաս ինչն ինչոց է։― Եվ նա վավաշոտաբար Մավինին քսեց իր արտաքին սեռական օրգանները՝ պինդ ու զրահապատ, ինչպես տիրանոզավրի ճակատ։
 
― Ը՜, շատ շնորհակալ եմ,― ասաց Մարվինը,― բայց այս րոպեին այնքան էլ․․․
 
― Ի՞նչ է, չե՞ս ուզում զվարճանալ,― թերահավատորեն հարցրեց կինը։
 
― Գիտեք, առանձնապես ոչ։
 
Կինը ուռուցիկ բռունցքները դրեց տոմտոմաձև կոնքերին և ասաց․
 
― Այս օրին էլ հասանք։― Բայց հետո փափկեց ու շարունակեց․― Բարեհաճ եղիր Վեներայի քաղցրաբույր հաճույքների պալատի հանդեպ։ Եռանդ գործիր, սըր, որպեսզի հաղթահարես մարդմինդ կաշկանդող այս անվայել թուլությունը։ Եկ, եկ, պարոն։ Շեփորն է հնչում և քեզ կոչ է անում շտապ հեծնել նժույգն ու գործի անցնել։
 
― Օ ոչ, ինձ թվում է չարժե,― կեղծ ծիծաղելով ասաց Մարվինը։
 
Չիլիական պոնչո֊թիկնոցի մեծության ու ձևի ձեռքով կինը ճանկեց նրա կոկորդը։
 
― Կգաս ու կանես՝ վախկոտ, քոսոտ, ինքնասիրահարված նարցիսիստ վիժվածքի մեկը, և կանես ինչպես հարկն է, թե չէ, Արեսը վկա, այդ բարակ վիզդ ճտի պես կոլորեմ։
 
Ողբերգությունն անխուսափելի էր թվում, քանզի կնոջ կիրքը թույլ չէր տալիս, որ նա իր պահանջները չափավորեր։ Մինչդեռ Մարվինի բարեհամբավ ամենահաղթ նիզակը փոքրացել ու սիսեռի չափ էր դարձել։ (Այդպես կույր բնությունը, մի հարձակումից նրան պաշտպանելով, մի այլ տեղ ինքն էր փորձանք հրահրում)։
 
Բարեբախտաբար, կովբոյ֊թափառաշրջիկը, ավելի շատ բանականության, քան իր բնական հակումների թելադրանքով, ատրճանակի պատյանից մի հովհար հանեց, սեթևեթորեն ժպտալով առաջ հակվեց և թփթփացրեց գազազած կնոջ աջ՝ ռնգեղջյուրային թևին։
 
― Չհամարձակվե՛ս վնաս տալ նրան,― ծվծվան կոնտրալտոով ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։
 
Մարվինն արագ և նույնիսկ պատրաստակամորեն արձագանքեց։
 
― Այո, ասա որ ձեռ չգցի։ Այս ի՞նչ բան է, մարդ չի կարող նույնիսկ տնից երեկոյան դուրս գալ զբոսնելու, անպայման մի խայտառակ միջապդեպ կլինի․․․
 
― Լաց մի լինի, ի սեր աստծո, լավ մի լինի,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Գիտես, որ տանել չեմ կարող, երբ լաց ես լինում։
 
― Ես չեմ լալիս,― ֆսֆսացրեց Մարվինը։― ՈՒղղակի ափսոսս է գալիս վերնաշապիկս, որը նա պատռեց։ Քո՛ նվերը։
 
― Մի ուրիշը կգնեմ,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Բայց տեսարաններ մի սարքի, էլ չեմ կարող տանել։
 
Կինը, ծնոտը կախ գցած, հայացքը սևեռել էր նրանց։ Մարվինն օգտվեց առիթից, գործիքների իր ուսապարկից մի մետաղե լծակ հանեց և, մտցնելով կնոջ ուռած կարմիր մատների արանքը, ազատվեց նրա ճանկից։ Կարճատև այդ պահը բավական եղավ, որպեսզի Մարվինն ու կովբոյ֊թափառաշրջիկը վազեն դուրս, հեռացատկեն դեպի անկյունը, բարձրացատկեն մի մայթից մյուսը և ձոսղացատկեն դեպի ազատություն։
 
==Գլուխ 17==
<references/>