Changes

Դատավարություն

Ավելացվել է 11 152 բայտ, 14:30, 1 Դեկտեմբերի 2013
Կնոջն առնչվող մտքերը վանելուց հետո Կ֊ն սկզբում մատներով, ապա բռունցքով բախեց պատվանդանը, որովհետև պատուհանի մոտ կանգնածների զրույցը նրան շատ երկար թվաց։ Ուսանողը կնոջ ուսի վրայով կարճ հայացք նետեց, սակայն կարևորություն չտվեց թակոցին, նույնիսկ ավելի մոտ կանգնեց կնոջը և գրկեց նրա իրանը։ Կինը խոր հակեց գլուխը։ Նրան նայողը կմտածեր, թե ուշադիր լսում է դիմացինին, և երբ կինը խոնարհեց գլուխը, ուսանողը՝ առանց խոսքը ընդհատելու, աղմուկով համբուրեց նրա պարանոցը։ Շարունակ կնոջ գանգատների տպավորության տակ՝ ուսանողի համբույրը կնոջ հանդեպ դրսևորված բռնություն թվաց Կ֊ին, և նա ոտքի կանգնեց ու սկսեց սենյակում ետ ու առաջ քայլել։ Ուսանողի կողմը հայացքներ նետելով՝ նա մտածում էր, թե ինչպես կարող է հնարավորին չափ շուտ ազատվել նրանից, և այնքան էլ հաճելի չէր, երբ ուսանողը Կ֊ի՝ դոփյունի վերածվող քայլերից սրտնեղած, նկատեց․
 
 
― Եթե չեք համբերում, կարող եք հեռանալ։ Դուք կարող էիք ավելի շուռ հեռանալ, ոչ ոք ձեզ չէր խանգարի։ Այո, նույնիսկ պետք է արդեն հեռացած լինեիք․ հենց իմ ներս գալուց հետո, և շատ արագ։
 
Այդ դիտողության մեջ նա պետք է որ հանդես բերած լիներ իր ողջ զայրույթը, սակայն նրա բառերում երևում էր նաև չսիրված մեղադրյալի հետ խոսող ապագա պաշտոնյայի գոռոզամտություն։
 
― Ես չեմ համբերում, ճիշտ է։― Նրա կողքին կանգնեց ու ժպտալով ասաց Կ֊ն։― Բայց իմ անհամբերությանը Դուք կարող եք հանգիստ վերջ դնել, եթե թողնեք մեզ։ Թե ինչ֊որ բան ուսումնասիրելու համար եք ներս եկել (լսել եմ, որ ուսանող եք), ապա հաճույքով Ձեզ տեղ կտրամադրեմ ու տիկնոջ հետ կհեռանամ։ Ի դեպ, Դուք սովորելու դեռ շատ բան ունեք, մինչև որ դատավոր դառնաք։ Ես թեև արդարադատության այս համակարգին լավ ծանոթ չեմ, սակայն ենթադրում եմ, որ միայն կոպիտ խոսելաձևը, որին Դուք՝ առանց անհարմար զգալու լավ տիրապետում եք, դեռ բնավ բավական չէ։
 
― Նրան չպետք է թողնեին, որ այդպես ազատ շրջի։― Կարծես Կ֊ի վիրավորական բառերի համար բացատրություն տալու ցանկությամբ՝ կնոջը դիմեց ուսանողը։― Սխալ քայլ թույլ տվեցինք։ այդ մասին ասել եմ քննիչին։ Նրան պետք էր գոնե հարցաքննությունների միջակա ժամանակահատվածում սենյակից դուրս չթողնել։ Քննիչը երբեմն անհասկանալի բաներ է անում։
 
― Իզուր խոսքեր են,― ասաց Կ֊ն և ձեռքը պարզեց կնոջ կողմը։― Գնանք։
 
― Ախ այդպե՞ս,― ասաց ուսանողը։― Ո՛չ, ո՛չ։ Դուք նրան չեք ստանա։
 
Դժվար էր հավատալ, թե նա այդքան ուժ ունի, սակայն կնոջը գիրկն առավ և, կռացած՝ քնքուշ հայացքով նրան նայելով, վազեց դեպի դուռը։ Չէր կարելի ասել, թե նա վախոնում որ Կ֊ից․ Կ֊ին գրգռելու համար նա համարձակվեց նույնիսկ ազատ ձեռքով շոյել կնոջ թևն ու սեղմել։ Կ֊ն մի քանի քայլ վազեց նրա կողքով, պատրաստ բռնել և, բռնելու դեպքում, խեղդել նրան, սակայն կինն ասաց․
 
― Ոչինչ չի օգնի, քննիչն է պատվիրել տանել ինձ։ Ես Ձեզ հետ գնալու իրավունք չունեմ։ Այս փոքրիկ հրեշը,― միաժամանակ նա ձեռքը սահեցրեց ուսանողի դեմքի վրայով,― այս փոքրիկ հրեշը ինձ չի թողնի։
 
― Եվ Դուք չե՞ք ուզում ազատված լինել,― բղավեց Կ֊ն ու ձեռքը դրեց ուսանողի ուսին (վերջինն ուսում էր ատամներով բռնել ձեռքը)։
 
― Ո՛չ։― Կանչեց կինը և երկու ձեռքով ետ մղեց Կ֊ին։― Ո՛չ, ո՛չ։ ՄԻայն ոչ այդ։ Ինչի՞ մասին եք մտածում։ Դա ինձ համար կործանում կլիներ։ Թողեք նրան, խնդրում եմ, թողեք նրան։ Նա, ախր, միայն քննիչի հրամանն է կատարում և ինձ նրա մոտ է տանում։
 
― Որ այդպես է, թող վազի, և Ձեզ էլ չեմ ուզում այլևս տեսնել։― Հիասթափությունից կատաղած Կ֊ն այնպես խփեց ուսանողի մեջքին, որ վերջինս սայթաքեց, բայց հաջող վայրկյանին, բեռը ձեռքին, չընկնելու ուրախությունից ավելի վեր ցատկեց։ Կ֊ն դանդաղ գանց հետևներից։ Նա հասկացավ, որ սա, անկասկած, այս մարդկանցից կրած առաջին պարտությունն էր։ Անշուշտ վախ ներշնչելու ոչ մի պատճառ չկար, ինքը պարտություն կրեց, որովհետև միայն պայքար էր փնտրում։ Եթե տանը մնար ոը իր առօրյա կյանքով ապրեր, այս մարդկանց հանդեպ հազար անգամ ավելի լավ վիճակում կլիներ և դեմն ելնող ամեն մեկին մի քացիով իսկ դեն կնետեր իր ճանապարհից։ Նա մի շատ ծիծաղելի տեսարան պատկերացրեց, որը կներկայանար, եթե, օրինակ, այս խեղճուկրակ ուսանողը, այս փքված երեխան, ծուռտիկ մորուքավոր ծնկի գար Էլզայի մահճակալի մոտ ու ծալած ձեռքերով ներողություն հայցեր։ Այս միտքը այնքան դուր եկավ Կ֊ին, որ նա մտադրվեց հենց առաջին իսկ հնարավորության դեպքում ուսանողին մի անգամ Էլզայի մոտ տանել։
 
Հետաքրքրությունից մղված, նա շտապեց դռան կողմը և ուզեց տեսնել, թե ուսանողը ուր տարավ կնոջը․ հո չէր կարող գրկած անցնել փողոցներով։ Պարզվեց, որ ճանապարհը շատ ավելի կարճ էր։ Անմիջապես բնակարանին դեմ հանդիման փայտե նեղ աստիճաններ կային, որ, հավանաբար, ձեղնահարկ էին տանում։ Վերևում աստիճանը պտույտ էր գործում, և ներքևից հնարավոր չէր նրա վերջը տեսնել։ Որովհետև մինչև այդտեղ վազելուց թուլացել էր, ուսանողն արդեն դանդաղ ու փնչացնելով էր վերև տանում կնոջը։ Կինը վերևից ձեռքով արեց Կ֊ին և, ուսերը վերուվար շարժելով, փորձեդց ցույց տալ, թե իրեն տանում են, ինքը մեղք չունի, սակայն այդ շարժումների մեջ այնքան էլ շատ ափսոսանք չկար։ Կ֊ն անարտահայտիչ դեմքով, ինչպես օտարին կնայեին, նայեց կնոջը, չէր ուզում ոչ իր հիասթափությունը մատնել, ոչ էլ ցույց տալ, թե կարող է հանգիստ հաղթահարել այդ հիասթափությունը։
 
Երկուսն էլ արդեն կորել էին տեսադաշտից, սակայն Կ֊ն դեռ կանգնել էր դռան մեջ։ Նա պետք է ընդուներ, որ կինը ոչ միայն խաբել է, այլ, ասելով, թե իրեն քննիչի մոտ են տանում՝ նաև ստել է։ Քննին, ախր, չէր նստի ձեղնահարկում և սպասի։ Փայտե աստիճանը, ինչքան էլ Կ֊ն նայելու լինեչ, ոչինչ չէր կարող բացատրել։ Այդ ժամանակ սանդուղքի կողքին գրություն տեսավ, մոտ գնաց ու կարդաց մանկական անվարժ ձեռագիրը․ «Դատարանի գրասենյակների մուտք»։ Այստեղ, վարձակալվող տան ձեղնահարկո՞ւմ էին, ուրեմն, դատարանի գրասենյակները։ Պատկառանք ազդող հաստատությանը վայել բան չէր դա, և ցանկացած մեղադրյալ՝ պատկերացնելով, թե ինչպիսի միջոցներ կան այս դատարանի տրամադրության տակ (ամենահետին աղքատներին տրամարդված շենքի ձեղնահարկն էր օգտագործվել գրասենյակների համար, մինչդեռ կենվորներն իրենց անպետք հնոտին էին նետում այնտեղ), կարող էր հանգիստ շնչել։ Համենայնդեպս, բացառված չէր, որ բավական փող կար, բայց և որ պաշտոնյաներն էին վրա տալիս, մինչև փողը կարողանային օգտագործել դատարանի ծախսերի համար։ Կ֊ի մինչայժմյան փորձը հուշում էր, որ նման պատկերացումը շատ հավանական էր, ու թեև դատարանի նման բարոյական անկումը մեղադրյալի համար շատ նվաստացուցիչ էր, սակայն ավելի հանգստացնող էր, քան կարող էր լինել աղքատությունը։ Նույն պահին Կ֊ն հասկացավ նաև, որ առաջին հարցաքննության ժամանակ ամաչել են դատապարտյալին ձեղնահարկ առաջնորդել և նախընտրել են անհանգստացնել իր իսկ բնակարանում։ Ինչ դրության մեջ կլիներ Կ֊ն, եթե կանգներ ձեղնահարկում նստած դատավորի դիմաց, այն դեպքում, երբ ինքը բանկում մի մեծ սենյակ ուներ՝ նախասենյակով հանդերձ, իսկ լայն պատուհանը նայում էր քաղաքի աղմոտ հրապարակին։ Համենայնդեպս, նա ոչ կաշառակերությամբ, ոչ էլ զերծարարությամբ կողմնակի միջոցներ չէր կորզում և չէր կարող ծառային պատվիրել, որ նա որևէ կնոջ գրասենյակ բերեր գրկած։ Կ֊ն, առնվազն այս կյանքում, հաճույքով կհրաժարվեր նման բաներից։
 
Նա դեռ կանգնած էր գրասենյակի ցուցանակի մոտ, երբ աստիճաններով մի մարդ բարձրացավ, բաց դռնից նայեց հյուսրասենյակ (այնտեղից նիստերի դահլիճն էլ էր երևում) և վերջապես հարցրեցԿ֊ին՝ արդյոք քիչ առաջ այստեղ մի կոնջ չի՞ տեսել։
 
― Դուք դատարանի կատարածուն եք, չէ՞։
 
― Այո,― ասաց մարդը։― Ախ, հա։ Դուք մեղադրյալ Կ֊ն եք։ Նոր միայն ճանաչեցի Ձեզ։ Բարով եք եկել։― Նա, Կ֊ի համար անսպասելի, պարզեց ձեռքը։― Այսօր, սակայն, ոչ մի նիստ նշանակված չէ։― Խոսեց կատարածուն, մինչ Կ֊ն շարունակում էր լռել։