Changes
/* VII. Կա՞ն արդյոք ճանաչողության սահմաններ (76) */
=== VII. Կա՞ն արդյոք ճանաչողության սահմաններ (76) ===
Մենք պարզեցինք, որ իրականության բացատրման համար անհրաժեշտ տարրերը վերցվում են երկու ոլորտներից՝ ընկալողությունից և մտածողությունից։ Մեր կազմակերպվածքով է պայմանավորված, ինչպես տեսանք, որ ողջ, բովանդակ իրականությունը, մեր սեփական սուբյեկտը ներառյալ, մեզ նախ երևութանում է որպես երկակիություն։ Ճանաչողությունը հաղթահարում է այս երկակիությունը, ընդսմին կազմելով ամբողջական իրը իրականության երկու տարրերից՝ ընկալումից և մտածողությամբ ձևավորված հասկացությունից։ Կերպը, որով մեր առջև է հառնում աշխարհը, մինչ ճանաչողությամբ իր ճշմարիտ կերպարանքը ձեռք բերելը, անվանենք երևույթի աշխարհ ի հակադրություն ընկալումից ու հասկացությունից միասնաբար կազմված էության։ Այդ դեպքում կարող ենք ասել աշխարհը մեզ տրված է որպես երկակիություն (դուալիստորեն), իսկ ճանաչողությունն այն վերամշակում է միասնության (մոնիստորեն)։ Այս հիմնադրույթից ելնող փիլիսոփայությունը կարելի է անվանել մոնիստական փիլիսոփայություն, կամ ''մոնիզմ '': Սրան հակադրվում է կրկնաշխարհի մասին տեսությունը, կամ դուալիզմը։ Վերջինս ընդունում է ոչ թե միասնական իրականության երկու, սոսկ մեր կազմակերպվածքով երկփեղկված կողմերը, այլ երկու իրարից բացարձակապես տարբեր աշխարհներ։ Այնուհետև մի աշխարհի համար բացատրման սկզբունքներ է որոնում մյոաի մեջ։
Դուալիզմը հիմնվում է այն բանի թյուր ըմբռնման վրա, ինչ մենք ճանաչողություն ենք կոչում։ Այն բաժանում է ողջ կեցությունը երկու ոլորտների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական օրենքները, և այդ երկու ոլորտներն արտաքոատ հակադրում իրար։
Նման դուալիզմի արդյունք է ընկալման օբյեկտի և ինքնին իրի՝ Կանտի կողմից գիտություն ներմուծված և մինչ օրս վերստին դուրս չբերված տարբերակումը։ Համաձայն մեր դատողությունների, մեր ոգեղեն կազմակերպվածքի բնույթից է, որ առանձին իրը կարող է տրված լինել միայն որպես ընկալում։ Այնուհետև մտածողությունը հաղթահարում է առանձնացումը՝ ընդսմին յուրաքանչյուր ընկալմանը հատկացնելով իր օրինական տեղը աշխարհի ամբողջության մեջ։ Քանի դեռ աշխարհի ամբողջության առանձնացված մասերը
որոշարկվում են որպես ընկալումներ, մենք այդ առանձնացման մեջ պարզապես հետևում ենք մեր սուբյեկտիվության ինչ-որ օրենքի։ Բայց եթե մենք բոլոր ընկալումների գումարը դիտարկում ենք որպես մի մաս և այնուհետև վերջինիս հակադրում «ինքնին իրերի» մեջ արտահայտված մի երկրորդ մաս, ապա փիլիսոփայում ենք վայրիվերո։ Այդ դեպքում պարզապես խաղ ենք անում հասկացություններով։ Մենք կառուցարկում ենք արհեստական մի հակադրություն, բայց չենք կարողանում շահել այդ նույն հակադրության երկրորդ անդամի համար և ոչ մի բովանդակություն, քանզի բովանդակություն առանձին իրի համար կարելի է քաղել միայն ընկալումից։
Ընկալման և հասկացության տիրույթից դուրս ենթադրվող կեցության ամեն մի ձև պետք է դասել անհիմն վարկածների շարքը։ Այս կատեգորիայի մեջ է մտնում «ինքնին իրը»։ Պարզապես միանգամայն բնական է, որ դուալիստորեն մտածողը չի կարող գտնել վարկածայնորեն ենթադրված աշխարհասկզբունքի և փորձով տրվածի կապը։ Վարկածային աշխարհասկզբունքի համար բովանդակություն կարելի է ձեռք բերել միայն այն դեպքում, եթե վերջինս փոխառենք փորձի աշխարհից և չտեսնելու տանք այդ փաստը։ Այլապես այդ սկզբունքը մնում է բովանդակությունից զուրկ մի հասկացություն, մի ոչ-հասկացություն, որ հասկացության սոսկ ձևն ունի։ Նման դեպքերում դուալիստ մտածողը սովորաբար պնդում է, թե այդ հասկացության բովանդակությունն անմատչելի է մեր ճանաչողությանը, մենք կարոդ ենք ընդամենը գիտենալ, ''որ '' առկա է այդպիսի բովանդակություն, ոչ թե ''ինչ '' է առկա։ Երկու դեպքում էլ անհնար է հաղթահարել դուալիզմը։ Եթե ինքնին իրի հասկացության մեջ ներբերենք փորձաշխարհի մի քանի վերացական տարրեր, ապա միևնույն է, անհնար է փորձի հարուստ կոնկրետ կյանքը հանգեցնել մի քանի հատկությունների, որոնք ևս ընդամենը փոխառված են այդ ընկալումից։ Դյու Բուա-Ռեյմոնը կարծում է, թե մատերիայի անընկալելի ատոմներն իրենց դիրքով և շարժմամբ առաջ են բերում զգայություն ու զգացմունք, որպեսզի այնուհետև գա հետևյալ եզրահանգմանը՝ մենք երբեք չենք կարող հասնել այն բանի գոհացուցիչ բացատրությանը, թե ինչպես են մատերիան և շարժումը առաջ բերում զգայություն և զգացմունք, քանզի «միանգամայն ու մեկընդմիշտ անըմբռնելի է, որ ածխածնի, ջրածնի, ազոտի, թթվածնի և այլնի ատոմների ինչ-որ քանակության համար միևնույնը չպետք է լիներ, թե ինչպիսի դիրք ունեն և ինչպես են շարժվում իրենք, ինչպիսի դիրք ունեին և ինչպես էին շարժվում, ինչպիսի դիրք կունենան և ինչպես կշարժվեն։ Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե դրանց փոխազդեցությունից ինչպես կարող է առաջանալ գիտակցություն»։ Այս եզրակացությունը բնութագրական է մտքի այդ ողջ ուղղությանը։ Ընկալումների հարուստ աշխարհից առանձնացվում է դիրքը և շարժումը։ Սրանք փոխադրվում են ատոմների հորինյալ աշխարհ։ Ապա սկսում են զարմանալ, որ անկարելի է այս ինքնաշեն ե ընկալումների աշխարհից փոխառնված սկզբունքից դուրս բերել կոնկրետ կյանքը։
Որ ինքնին-ի (An-sich) լիովին բովանդակազուրկ հասկացությամբ աշխատող դուալիստը չի կարող հասնել աշխարհի և ոչ մի բացատրության, արդեն իսկ հետևում է նրա սկզբունքի վերոնշյալ սահմանումից։
Յուրաքանչյուր դեպքում դուալիստը իրեն ստիպված է համարում անհաղթահարելի սահմաններ դնել մեր ճանաչողական կարողությանը։ Մոնիստական աշխարհայեցողության կողմնակիցը գիտի, որ այն ամենը, ինչ իրեն հարկավոր է աշխարհի իրեն տրված որեէ երևույթը բացատրելու համար, պիտի որ գտնի աշխարհի տիրույթում։ Այդ բանին հասնելու համար նրան կարող են խանգարել պատահական ժամանակային կամ տարածական սահմանները կամ նրա կազմակերպվածքի թերությունները միայն։ Եվ հենց ոչ թե առհասարակ մարդու, այլ միայն նրա առանձին անհատական կազմակերպվածքի։
ճանաչողության հասկացությունից, ինչպես մենք այն որոշարկեցինք, բխում է, որ իմացության սահմանների մասին խոսք լինել չի կարող։ Ճանաչողությունը ընդհանուր համաշխարհային գործ չէ, այլ գործարք, որ մարդը պետք է կնքի հենց իր հետ։ Իրերը ոչ մի բացատրություն չեն պահանջում։ Դրանք գոյություն ունեն և ներգործում են իրար վրա համաձայն օրենքների, որոնք հայտնաբերելի են մտածողությամբ։ Դրանք գոյություն ունեն այդ օրենքների հետ անքակտելի միասնության մեջ։ Ահա դրանց դեմ է ելնում մեր Ես-ությունը (Ichheit), դրանցից սկզբում ըմբռնում է միայն այն, ինչ մենք նշեցինք որպես ընկալում։ Բայց այդ Ես-ության ներսում կա իրականության նաև մյուս մասը գտնելու ուժը։ Երբ Ես-ությունը իրականության այն երկու տարրերը, որոնք աշխարհում անքակտելիորեն կապված են իրար, միավորում է նաև իր համար, միայն այդ դեպքում ճանաչողությունը գոհացում է ստանում. Ես-ը դարձյալ հասել է իրականությանը։
Այսպիսով, ճանաչողության առաջացման նախապայմանները կան Ես-ի ''միջոցով '' և Ես-ի ''համար''։ Վերջինս ինքն է իրեն առաջադրում ճանաչողության հարցերը։ Իսկ վերցնում է այդ հարցերը մտածողության իր մեջ լիովին պարզ ու թափանցիկ տարրից։ Եթե մեզ հարցեր ենք տալիս, որոնց չենք կարող պատասխանել, ապա հարցի բովանդակությունը չի կարող իր բոլոր մասերում պարզ ու հստակ լինել։ Ոչ թե աշխարհն է մեզ հարցեր տալիս, այլ՝ մենք ինքներս ենք դրանք դնում։
Ես կարող եմ պատկերացնել, թե զրկված եմ ամեն հնարավորությունից պատասխանելու մի հարցի, որ հայտնաբերում եմ ինչ-որ տեղ գրառված անծանոթ լինելով այն ոլորտին, որից վերցվել է հարցի բովանդակությունը։
Մեր ճանաչողության պարագայում խոսքը հարցերի մասին է, որոնք մեզ առաջադրվում են շնորհիվ այն բանի, որ տեղով, ժամանակով ու սուբյեկտիվ կազմակերպվածքով պայմանավորված ընկալումային մեկ ոլորտի հակադրված է աշխարհի ընդհանրությունը մատնանշող հասկացութային մեկ ոլորտ։ Իմ խնդիրը այդ երկու ինձ միանգամայն ծանոթ ոլորտները հաշտեցնելն է։ Այստեղ խոսք չի կարող լինել ճանաչողության որևէ սահմանի մասին։ Ինչ-որ պահ այս կամ այն բանը կարոդ է չպարզաբանված մնալ, որովհետև կենսասպարեզը խոչընդոտում է մեզ՝ ընկալելու այդտեղ խաղի մեջ եղած իրերը։ Բայց ինչ այսօր չի գտնված, կարոդ է գտնվել վաղը։ Սրանով պայմանավորված սահմանները սոսկ անցողիկ սահմաններ են, որոնք ընկալման ու մտածողության առաջընթացով կարող են հաղթահարվել։
Դուալիզմն անում է հետևյալ սխալը՝ միայն ընկալման ոլորտի ներսում որևէ նշանակություն ունեցող օբյեկտ-սուբյեկտ հակադրությունը փոխադրում է այդ հակադրությունից դուրս գտնվող զուտ հորինյալ էությունների վրա։ Բայց քանի որ ընկալման հորիզոնի ներսում առանձնացված իրերն այնքան ժամանակ են առանձնացված, քանի դեռ ընկալողը ձեռնպահ է մնում մտածողությունից, որը վերառում է ամենայն առանձնացում ու երևան հանում դրա սուբյեկտիվորեն պայմանավորված լինելը, այդ պատճառով դուալիստը որոշարկումներ է փոխադրում ընկալումների ետևում գտնվող էությունների վրա, որոնք այդ ընկալումների համար ոչ թե բացարձակ, այլ միայն հարաբերական արժեք ունեն։ Դրանով նա, ճանաչողական պրոցեսի համար խնդրո առարկա երկու գործոնները՝ ընկալումն ու հասկացությունը, տրոհում է չորսի՝ 1. ինքնին օբյեկտի, 2. օբյեկտից սուբյեկտի ունեցած ընկալման, 3. սուբյեկտի, 4. ընկալումը ինքնին օբյեկտին վերաբերեցնող հասկացության։ Օբյեկտ-սուբյեկտ հարաբերությունը իրական է. սուբյեկտն, իրոք, (դինամիկ) ազդեցություն է կրում օբյեկտից։ Այդ իրական պրոցեսը չպետք է հայտնվի մեր գիտակցության մեջ։ Բայց սուբյեկտի մեջ այն պետք է առաջ բերի հակազդեցություն օբյեկտից եկող ազդեցությանը։ Այս հակազդեցության արդյունքը պիտի ընկալումը լինի։ Միայն սա է գիտակցություն մուտք գործում։ Օբյեկտն ունի օբյեկտիվ (սուբյեկտից անկախ), ընկալումը՝ սուբյեկտիվ իրականություն։ Այս սուբյեկտիվ իրականությունը սուբյեկտը վերաբերեցնում է օբյեկտին։ Վերջին վերաբերությունը գաղափարային է։ Սրանով դուալիզմը ճանաչողության պրոցեսը կիսում է երկու մասի։ Մեկը՝ ընկալման օբյեկտի առաջացումն «ինքնին իրից», տեղի ունենալ է տալիս ''գիտակցությունից դուրս '', մյուսը՝ ընկալման միացումը հասկացության հետ և վերջինիս վերաբերությունը օբյեկտին, ''գիտակցության ներսում ''։ Այս նախադրյալների պարագայում պարզ է, որ դուալիստն ի դեմս իր հասկացությունների կարծում է, թե ձեռք է բերում սոսկ սուբյեկտիվ ներկայացուցիչներ այն բանի, ինչ ընկած է իր գիտակցության ''առջև''։ Սուբյեկտում տեղի ու-նեցող օբյեկտիվորեն ռեալ պրոցեսը, որի շնորհիվ իրագործվում է ընկալումը, և առավել ևս «ինքնին իրերի» օբյեկտիվ հարաբերությունները նման դուալիստի համար մնում են ուղղակի անիմանալի. նրա կարծիքով, մարդն օբյեկտիվորեն ռեալի համար կարող է ձեռք բերել ընդամենը հասկացութային ներկայացուցիչներ։ Իրերն իրար հետ և օբյեկտիվորեն մեր անհատական ոգու (որպես «ինքնին իրի») հետ միացնող միասնական կապն ընկած է գիտակցությունից այն կողմ մի ինքնին էակի մեջ, որից մենք մեր գիտակցության մեջ նմանապես կարող ենք ընդամենը հասկացութային ներկայացուցիչ ունենալ։
Դուալիզմը կարծում է, թե ամբողջ աշխարհը կվերածվի վերացական հասկացությունների սխեմայի, եթե ինքը առարկաների հասկացութային կապերի կողքին ի լրումն չտեղակայի ռեալ կապեր։ Այլ կերպ ասած՝ մտածողությամբ հայտնաբերելի գաղափարային սկզբունքները դուալիստին թվում են չափազանց օդեղեն, և նա ի լրումն փնտրում է ռեալ սկզբունքներ, որոնց վրա առաջինները կարող են հենվել։
Հապա մոտիկից դիտարկենք այդ ռեալ սկզբունքները։ Նաիվ մարդը (նաիվ ռեալիստը) արտաքին փորձի առարկաները դիտարկում է որպես ռեալություններ։ Այդ իրերը սեփական ձեռքերով բռնել, սեփական աչքերով տեսնել կարողանալու հանգամանքը նրա համար ռեալության վկայություն է։ «Չկա ոչինչ, ինչ չի կարելի ընկալել»,- սա պետք է ուղղակի համարել նաիվ մարդու առաջին աքսիոմը, որը նույն հաջողությամբ կարելի է ընդունել նան հակադարձորեն. «Ամեն բան, ինչ կարելի է ընկալել, գոյություն ունի»։ Այս պնդման լավագույն ապացույցը նաիվ մարդու հավատն է անմահության ե ոգիների հանդեպ։ Նա հոգին պատկերացնում է որպես նուրբ զգայական մատերիա, որն առանձնահատուկ պայմաններում նույնիսկ սովորական մարդու համար կարող է տեսանելի դառնալ (միամիտ հավատ առ ուրվականները)։
Իր այս ռեալ աշխարհի համեմատությամբ նաիվ ռեալիստի համար մնացյալ ամեն բան, այն է՝ գաղափարների աշխարհը, անիրական է, «սոսկ գաղափարային»։ Ինչ մենք մտածողությամբ հավելում ենք առարկաներին, սոսկ միտք է իրերի ''մասին '': Միտքը ռեալ ոչինչ չի ավելացնում ընկալմանը։
Բայց նաիվ մարդը զգայական ընկալումը համարում է իրականության միակ վկայություն ոչ միայն իրերի կեցության, այլ նաև իրադարձության վերաբերությամբ։ Իրը, ըստ նրա, կարող է ազդել մեկ ուրիշ իրի վրա միայն այն դեպքում, եթե զգայական ընկալման համար առկա որևէ ուժ ելնում է մեկից և համակում մյուսին։ Հին ֆիզիկան կարծում էր, թե մարմիններից շատ նուրբ նյութեր են արտահոսում ե մեր զգայարաններով ներթափանցում մեր հոգու մեջ։ Դրանք իրապես տեսնելու անհնարինությունը պայմանավորված է նյութերի նրբության համեմատ մեր զգայարանների կոպտությամբ։ Սկզբունքորեն այդ նյութերին իրականություն էր վերագրվում այն նույն պատճառով, ինչ պատճառով զգայական աշխարհի առարկաներին է իրականություն վերագրվում, այն է՝ իրենց կեցության ձևի համար, որ կարծվում էր, թե համանման է զգայելի իրականության կեցության ձևին։
Գաղափարայնորեն ապրելիի ինքն իր վրա հիմնվող էությունը նաիվ գիտակցության համար չի համարվում ռեալ նույն իմաստով, ինչ զգայությամբ ապրելին։ «Սոսկ գաղափարում» ըմբռնված առարկան այնքան ժամանակ է համարվում ուղղակի քիմեռ, քանի դեռ զգայական ընկալմամբ չի հաջողվի համոզվել նրա իրականության մեջ։ Կարճ ասած՝ նաիվ մարդը պահանջում է ի լրումն իր մտածողության գաղափարային վկայության նաև զգայությունների ռեալ վկայություն։ Նաիվ մարդու այս պահանջմունքն է հայտնության հավատի պարզունակ ձևերի առաջացման պատճառը։ Մտածողությամբ տրված աստվածը նաիվ գիտակցության համար միշտ էլ ընդամենը ''«մտածված» '' աստված է։ Նաիվ գիտակցությունը հայտնավորում է պահանջում այնպիսի միջոցներով, որոնք մատչելի են զգայական ընկալմանը։ Աստված պետք է մարմնապես երևութանա, մարդ շատ քիչ է ուզում ապավինել մտածողության վկայությանը, թերևս միայն այնքան, որ աստվածայնությունն ապացուցվում է ջրի գինու զգայականորեն հաստատելի փոխարկմամբ։
Նաիվ մարդը նաև բուն ճանաչողությունն է պատկերացնում իբրև զգայական պրոցեսներին համանման մի գործընթաց։ Իրերը հոգում ''տպավորություն '' են թողնում կամ առաքում են պատկերներ, որոնք ներթափանցում են զգայարաններով և այլն։
Նաիվ մարդը զգայարաններով ընկալածն է համարում իրական, իսկ այն, ինչ չի ընկալում (Աստված, հոգի, ճանաչողություն և այլն), պատկերացնում է ընկալվածին համանման։
Եթե նաիվ ռեալիստն ուզում է հիմնել գիտություն, ապա տեսնում է այն որպես ընկալման բովանդակության ճշգրիտ ''նկարագրություն ''։ Նրա համար հասկացություններն ընդամենը նպատակին հասնելու միջոց են։ Դրանք կոչված են ստեղծելու ընկալումների գաղափարային նմանակներ։ Բուն իրերի համար դրանք ոչինչ չեն նշանակում։ Ըստ նաիվ ռեալիստի՝ իրական արժեք ունեն միայն առանձին կակաչները, որ տեսնում ենք կամ կարող ենք տեսնել. կակաչի միասնական գաղափարը վերացարկում է, ոչ-ռեալ մտապատկեր, որ հոգին իր համար համակցում է բոլոր կակաչներին ընդհանուր հատկանիշներից։
Ամենայն ընկալվածի իրական լինելու վերաբերյալ իր հիմնադրույթով նաիվ ռեալիզմը հերքվում է փորձի կողմից, որն ուսուցանում է ընկալումների բովանդակության անցողիկ բնույթը։ Կակաչը, որ տեսնում եմ, այսօր իրական է. մեկ տարի անց այն կլինի անհետացած, անէացած։ Պահպանվողը կակաչ ''տեսակն '' է։ Բայց այդ տեսակը նաիվ ռեալիզմի համար ''«ընդամենը» գաղափար '' է, ոչ թե իրականություն։ Այսպիսով այս աշխարհայեցողությունը ընդունակ է միայն տեսնելու իր իրականությունների հայտնվելն ու անհետանալը, մինչդեռ իրականությանը հակառակ պահպանվում է այն, ինչ ըստ նրա անիրական է։ Ուրեմն, նաիվ ռեալիզմը ընկալումների կողքին պիտի արժևորի նաև ինչ-որ գաղափարային բան. նա իր մեջ պետք է ներառի էություններ, որ չի կարող ընկալել զգայարաններով։ Նա համակերպվում է ինքն իր հետ նրանով, որ այդ էությունների կեցության ձևը համանման է մտածում զգայական օբյեկտների կեցության ձևին։ Վարկածայնորեն ընդունված նման ռեալությունները այն անտեսանելի ուժերն են, որոնց միջոցով իրար վրա են ներգործում զգայականորեն ընկալելի իրերը։ Այդպիսի մի իր է և ժառանգականությունը, որ շարունակում է գործել անհատից դուրս և անհատից նույնանման մի նոր անհատի ձևավորման հիմքն է, ինչի շնորհիվ պահպանվում է տեսակը։ Նման մի իր է օրգանական մարմինը հեղեղող կենսական սկզբունքը՝ հոգին, որի համար նաիվ գիտակցությունը մշտապես գտնում է զգայական ռեալությունների համանմանությամբ կազմված մի հասկացություն, և վերջապես այսպիսին է նաիվ մարդու աստվածային էակը։ Այս աստվածային էակի գործունեությունը մտածվում է միանգամայն համապատասխան այն բանին, ինչը կարող է ''ընկալվել '' որպես բուն մարդու գործելաձև՝ մարդակերպական։
ժամանակակից ֆիզիկան զգայությունները բխեցնում է մարմինների փոքրագույն մասնիկների և անվերջորեն նուրբ մի նյութի՝ եթերի պրոցեսներից կամ նման մի բանից։ Օրինակ, ինչ մենք զգայում ենք որպես ջերմություն, ջերմահարուցիչ մարմնի գրաված տարածության ներսում նրա մասերի շարժումն է։ Այստեղ ևս անընկալելին պատկերացվում է ընկալելիի համանմանությամբ։ «Մարմին» հասկացության զգայական համանմանությունն այս իմաստով բոլոր կողմերից փակ տարածության ներսն է, որտեղ բոլոր ուղղություններով առաձգական գնդեր են շարժվում՝ բախվելով իրար, խփվելով պատերին ու ետ գալով, և այլն։
Առանց նման ենթադրությունների նաիվ ռեալիզմի համար աշխարհը կտրոհվեր փոխադարձ հարաբերություններից զուրկ ընկալումների անկապ մի զանգվածի, որը ոչ մի միասնության չի գալիս։ Բայց պարզ է, որ նաիվ ռեալիզմը միայն անհետևողականության շնորհիվ կարող է գալ այս ենթադրությանը։ Եթե այն ուզում է հավատարիմ մնալ իր «իրական է միայն ընկալվածը» հիմնադրույթին, ապա իրավունք չունի ենթադրելու որևէ իրական բան այնտեղ, որտեղ ոչինչ չի ընկալում։ Ընկալելի իրերից գործող անընկալելի ուժերն, ըստ էության, չարդարացված վարկածներ են նաիվ ռեալիզմի դիրքերից։ Եվ որովհետև սա ուրիշ ռեալություններ չի ճանաչում, այդ պատճառով իր վարկածային ուժերը հանդերձում է ընկալումային բովանդակությամբ։ Այդպիսով, սա կեցության մի ձևը (ընկալումային գոյությունը) կիրառում է մի ոլորտում, որտեղ չունի կեցության այդ ձևի վերաբերյալ ինչ-որ բան ասող միջոցը՝ զգայական ընկալողությունը։
Իր մեջ հակասական այս աշխարհայեցողությունը տանում է մետաֆիզիկական ռեալիզմի։ Վերջինս ընկալելի ռեալության կողքին կառուցարկում է նաև մի անընկալելի ռեալություն, որն ինքը պատկերացնում է առաջինի համանմանությամբ։ Մետաֆիզիկական ռեալիզմն այդ պատճառով անհրաժեշտաբար դուալիզմ է։
Մետաֆիզիկական ռեալիզմը որտեղ ընկալելի իրերի միջև որևէ հարաբերություն է նկատում (մերձեցում շարժմամբ, օբյեկտիվի գիտակցում և այլն), այնտեղ էլ դնում է ռեալություն։ Սակայն իր նկատած հարաբերությունը նա կարող է արտահայտել միայն մտածողությամբ, բայց ոչ՝ ընկալել։ Գաղափարային հարաբերությունը կամայականորեն նմանեցվում է ընկալելիին։ Այսպես, մտածողության այս ուղղության համար իրական աշխարհը բաղկացած է ընկալման օբյեկտներից, որոնք գտնվում են հավերժ պտույտի մեջ (հայտնվում են և անհետանում), և անընկալելի ուժերից, որոնք առաջ են բերում ընկալման օբյեկտներ և որոնք մնայուն են։
Մետաֆիզիկական ռեալիզմը նաիվ ռեալիզմի և իդեալիզմի հակասական մի խառնուրդ է։ Նրա վարկածային ուժերն անընկալելի էություններ են ընկալումային որակներով։ Աշխարհի այն ոլորտից զատ, որի գոյաձևի համար ճանաչողական միջոց է համարում ընկալողությունը, նա վճռել է արժևորել ևս մեկ ոլորտ, որի դեպքում այդ միջոցը չի գործում և որը կարելի է հայտնաբերել միայն մտածողությամթ։ Բայց միաժամանակ նա չի կարողանում որպես ընկալմանը իրավահավասար գործոն ընդունել նաև կեցության այն ձևը, որ մտածողությունն է հաղորդում իրեն՝ հասկացությունը (գաղափարը)։ Եթե ցանկանում ես խուսափել անընկալելի ընկալման հակասությունից, ապա պետք է խոստովանես, որ ընկալումների միջև մտածողությամբ հաղորդված հարաբերությունների համար մեզ տրված չէ գոյության մեկ այլ ձև, քան հասկացության ձևն է։ Աշխարհը կներկայանա որպես ընկալումների և դրանց հասկացութային (գաղափարային) վերաբերությունների գումար, եթե մետաֆիզիկական ռեալիզմից դեն նետենք անհարկի բաղադրիչը։ Այդպիսով, մետաֆիզիկական ռեալիզմը վերածվում է մի աշխարհայացքի, որն ընկալման համար պահանջում է ընկալելիության սկզբունք, իսկ ընկալումների միջև հարաբերությունների համար՝ մտածելիություն։ Այդ աշխարհայացքն ընկալումային և հասկացութային աշխարհի կողքին չի կարող ընդունել աշխարհի մի երրորդ ոլորտ, որի համար միաժամանակ գործեն երկու սկզբունքն էլ՝ այսպես կոչված ռեալ սկզբունքը և իդեալային սկզբունքը։
Երբ մետաֆիզիկական ռեալիզմը պնդում է, որ ընկալման օբյեկտի և դրա ընկալման սուբյեկտի միջև գաղափարային հարաբերության կողքին պետք է գոյություն ունենա նաև ռեալ հարաբերություն ընկալման «ինքնին իրի» և ընկալելի սուբյեկտի (այսպես կոչված անհատական ոգու) «ինքնին իրի» միջև, ապա այդ պնդումը հիմնվում է զգայական աշխարհի պրոցեսներին համանման, անընկալելի կեցութային ինչ-որ պրոցեսի սխալ ընդունման վրա։ Այնուհետև, երբ մետաֆիզիկական ռեալիզմն ասում է՝ իմ ընկալումային աշխարհով ես մտնում եմ գիտակցված-գաղափարային հարաբերության մեջ, իսկ իրական աշխարհով ես կարող եմ մտնել միայն դինամիկական (ուժային) հարաբերության մեջ,- ապա ավելի պակաս չափով չի գործում արդեն այպանված սխալը։ Ուժային ինչ-որ հարաբերության մասին խոսք կարող է լինել միայն ընկալումների աշխարհի (շոշափելիքի զգայարանի ոլորտի) շրջանակներում, բայց ոչ դրանից դուրս։
Վերևում բնութագրված աշխարհայեցողությունը, որին ի վերջո հանգում է մետաֆիզիկական ռեալիզմն իր հակասական տարրերից ազատվելուց հետո, մենք կամենում ենք անվանել ''մոնիզմ '', որովհետև այն մի առավել բարձր միասնության մեջ է միավորում միակողմանի ռեալիզմն ու իդեալիզմը։
Նաիվ ռեալիզմի համար իրական աշխարհը ընկալման օբյեկտների գումար է. մետաֆիզիկական ռեալիզմի համար ընկալումներից բացի ռեալություն է շնորհվում նաև անընկալելի ուժերին, մոնիզմը ուժերի փոխարեն դնում է այն գաղափարային կապերը, որ ձեռք է բերում իր մտածողությամբ։ Բայց այդպիսի կապերը ''բնության օրենքներն '' են։ Չէ՞ որ բնության օրենքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասկացութային արտահայտություն ինչ-ինչ ընկալումների կապի համար։
Մոնիզմն ամենևին կարիք չունի ընկալումից ու հասկացությունից զատ փնտրելու իրականության բացատրության այլ սկզբունքներ։ Նա գիտի, որ իրականության ողջ ոլորտում դրա համար չի գտնվի ''և ոչ մի առիթ '': Ի դեմս ընկալման աշխարհի, ինչպիսին սա անմիջականորեն տրված է ընկալման համար, այն տեսնում է կես իրական բան. ամբողջական իրականությունը նա գտնում է հասկացութային աշխարհի հետ ընկալման աշխարհի միավորման մեջ։ Մետաֆիզիկական ռեալիստը կարող է առարկել մոնիզմի կողմնակցին՝ հնարավոր է, քո կազմակերպվածքի համար քո ճանաչողությունն իրենով կատարյալ է, և ոչ մի անդամ չի բացակայում. բայց դու չգիտես, թե ինչպես է արտացոլվում աշխարհը մի ինտելեկտի մեջ, որն այլ կազմակերպվածք ունի, քան քոնն է։ Մոնիզմի պատասխանը կլինի՝ եթե կան մարդկայինից բացի այլ ինտելեկտներ, եթե նրանց ընկալումներն ունեն այլ ձև, քան մեր ընկալումները, ապա ինձ համար նշանակություն ունի միայն այն, թե նրանցից ինձ ինչ է հասնում ընկալողության ու հասկացության միջոցով։ Իմ ընկալողությամբ, և հենց այդ առանձնահատուկ մարդկային ընկալողությամբ ես, որպես սուբյեկտ, հակադրված եմ օբեկտին։ Իրերի կապը դրանով խզված է։ Սուբյեկտը մտածողության շնորհիվ վերականգնում է այդ կապը։ Դրանով սուբյեկտը վերստին մտնում է աշխարհի ամբողջության մեջ։ Քանի որ այդ ամբողջությունը մեր ընկալման և մեր հասկացության միջև ընկած հատվածում կտրված է երևում միայն մեր սուբյեկտի միջոցով, ապա այդ երկուսի միավորմամբ էլ տրված է ճշմարիտ ճանաչողություն։ Ընկալումային այլ աշխարհ (օրինակ՝ զգայարանների կրկնակի քանակ) ունեցող էակների համար կապը խզված կերևար մեկ այլ տեղում, իսկ վերականգնումն էլ, ըստ այդմ, կունենար այդ էակներին հատուկ կերպ։ Ճանաչողության սահմանի վերաբերյալ հարցը գոյություն ունի միայն նաիվ ե մետաֆիզիկական ռեալիզմի համար, որոնք երկուսն էլ հոգու բովանդակության մեջ տեսնում են ընդամենը աշխարհի գաղափարային դրսևորումը։ Այսինքն՝ նրանց համար սուբյեկտից դուրս գտնվողը բացարձակ բան է, ինքն իր վրա հիմնվող մի բան, իսկ սուբյեկտի բովանդակությունը՝ դրա պատկերը, որ պարզապես գտնվում է այդ բացարձակից դուրս։ Ճանաչողության կատարելությունը հիմնվում է բացարձակ օբյեկտի հետ պատկերի փոքրիշատե նմանության վրա։ Մարդուց ավելի քիչ քանակությամբ զգայարաններ ունեցող էակը աշխարհից քիչ բան կընկալի, իսկ ավելի մեծ քանակությամբ զգայարաններ ունեցողը՝ ավելի շատ։ Ըստ այդմ էլ առաջինի ճանաչողությունն ավելի քիչ է կատարյալ, քան վերջինինը։
Այլ է բանը մոնիզմի համար։ Ընկալող էակի կազմակերպվածքով որոշարկվում է այն պատկերը, թե որտեղ է աշխարհի կապը տարբաժանվում սուբյեկտի և օբյեկտի։ Օբյեկտը բացարձակ չէ, այլ սոսկ հարաբերական՝ այդ որոշակի սուբյեկտի վերաբերությամբ։ Ոատի և հակադրության հաղթահարումն էլ իր հերթին կարող է տեղի ունենալ միանգամայն ուրույն, հենց մարդկային սուբյեկտին հատուկ ձևով։ Երբ ընկալողության ժամանակ աշխարհից բաժանված Ես-ը մտածական դիտարկման դեպքում վերստին ագուցվում է աշխարհին, ապա վերանում է ամեն տեսակի հարց, որ բաժանման հետևանք էր միայն։
Այլ տեսակի էակը կունենար այլ տեսակի ճանաչողություն։ Մեր ճանաչողությունը բավարար է մեր սեփական էության բարձրացրած հարցերին պատասխանելու համար։
Մետաֆիզիկական ռեալիզմը ստիպված է հարցնել՝ ինչի՞ շնորհիվ է որպես ընկալում տրվածը տրված, ինչի՞ շնորհիվ է սուբյեկտը գրգռվում։
Մոնիզմի համար ընկալումը որոշակի է սուբյեկտի շնորհիվ։ Բայց այդ սուբյեկտը ի դեմս մտածողության միաժամանակ ունի նաև իր իսկ առաջ բերած որոշակիությունը վերստին վերառելու միջոցը։
Մետաֆիզիկական ռեալիզմը բախվում է ևս մի դժվարության, երբ ուզում է բացատրել մարդկային տարբեր անհատների աշխարհապատկերների նմանությունը։ Այն պետք է հարց տա իրեն՝ ինչպե՞ս է իմ սուբյեկտիվորեն որոշարկված ընկալումից և հասկացություններից կառուցած աշխարհապատկերը նմանվում մեկ այլ մարդկային անհատի այդ նույն երկու սուբյեկտիվ գործոններից կառուցածին։ Ինչպե՞ս կարող եմ ընդհանրապես իմ սուբյեկտիվ աշխարհապատկերից ելնելով եզրակացություն անել մեկ այլ մարդու աշխարհապատկերի վերաբերյալ։ Մետաֆիզիկական ռեալիստը կարծում է, թե մարդկանց սուբյեկտիվ աշխարհապատկերների նմանությունը կարելի է դուրս բերել այն բանից, որ նրանք գործնականում համաձայնության մեջ են միմյանց հետ։ Այնուհետև այդ աշխարհապատկերների նմանությունից ելնելով նա հանգում է ընկալման առանձին մարդկային սուբյեկտների հիմքում ընկած անհատական ոգիների կամ սուբյեկտների հիմքում ընկած «ինքնին Ես»-ի նմանությանը։
Այսպիսով, այս եզրահանգումը հետևանքների գումարից բխեցնում է դրանց հիմքում ընկած պատճառների բնույթը։ Մենք կարծում ենք, թե դեպքերի բավարար չափով մեծ քանակությունից իրերի դրությունը ճանաչում ենք այնքան, որ գիտենք, թե բացահայտված պատճառներն այլ դեպքերում ինչպես կդրսևորեն իրենց։ Նման եզրահանգումը մենք անվանում ենք ինդուկտիվ։ Մենք ստիպված կլինենք այդ եզրահանգման՝ արդյունքները ձևափոխել, եթե հետագա դիտարկման մեջ ինչ-որ անսպասելի բան ստացվի, որովհետև արդյունքի բնույթը որոշարկված է միայն կատարված դիտարկումների անհատական պատկերով։ Բայց պատճառների այս պայմանական իմացությունը լիովին բավարար է գործնական կյանքի համար,- այսպես է պնդում մետաֆիզիկական ռեալիստը։
Ինդուկտիվ եզրահանգումը ժամանակակից մետաֆիզիկական ռեալիզմի մեթոդական հիմքն է։ Կար ժամանակ, երբ կարծում էին, թե հասկացություններից կարելի է դուրս կորզել մի բան, ինչն այլևս հասկացություն չէ։ Կարծիք կար, թե հասկացություններից կարելի է ճանաչել մետաֆիզիկական ռեալ էակներին, որոնց կարիքը մետաֆիզիկական ռեալիզմն ունի։ Փիլիսոփայման այս տեսակն այսօր արդեն հաղթահարված է։ Բայց փոխարենը կարծում են, թե ընկալումային փաստերի բավարար չափով մեծ քանակությունից կարելի է հանգել այդ փաստերի հիմքում ընկած ինքնին իրի բնույթին։ Ինչպես նախկինում հասկացություններից, այսօր էլ ընկալումներից են ուզում դուրս կորզել մետաֆիզիկականը։ Քանի որ հասկացություններն առկա են թափանցիկ հստակությամբ, կարծում էին, թե դրանցից բացարձակ վստահությամբ կարելի է ածանցել նաև մետաֆիզիկականը։ Ընկալումներն առկա չեն նույնքան թափանցիկ հստակությամբ։ Յուրաքանչյուր հաջորդը ներկայանում է փոքր-ինչ այլ ձևով, քան նույնանման նախորդները։ Այդ պատճառով նախորդ ընկալումներից յուրացվածն, ըստ էության, փոքրիշատե ձևափոխվում է յուրաքանչյուր հաջորդով։ Ուրեմն, մետաֆիզիկականի համար այս կերպ ստացված պատկերը պետք է անվանել սոսկ հարաբերականորեն ճիշտ. այն ենթակա է ճշգրտման հետագա դեպքերով։ Այս մեթոդական հիմնադրույթով որոշարկված բնույթ է կրում Էդուարդ ֆոն Հարթմանի մետաֆիզիկան, որն իր առաջին հիմնական երկի անվանաթերթի վրա որպես բնաբան գրել է. «Մտահայեցական արդյունքներ ըստ ինդուկտիվ բնագիտական մեթոդի»։
Իր ինքնին իրերին մետաֆիզիկական ռեալիստի շնորհած տեսքը ձեռք է բերված ինդուկտիվ եզրահանգման ճանապարհով։ Ընկալմամբ և հասկացությամբ ճանաչելի «սուբյեկտիվ» կապի կողքին նա ճանաչողական պրոցեսի վերաբերյալ կշռադատումների միջոցով համոզվում է նաև աշխարհի օբյեկտիվ-ռեալ կապի առկայության մեջ։ Թե ինչպիսին է այդ օբյեկտիվ ռեալությունը, նա կարծում է, թե կարող է որոշարկել ինդուկտիվ եզրահանգումների միջոցով՝ ելնելով իր ընկալումներից։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում ''։ Ընկալման և հասկացության մեջ ապրումի անաչառ դիտարկմանը, ինչպես փորձեցինք ներկայացնել նախորդ դատողություններում, շարունակ խանգարելու են որոշ պատկերացումներ, որ ծագում են բնության դիտարկման հոդի վրա։ Կանգնած լինելով այս հոդի վրա՝ ասում են, թե լույսի սպեկտրում աչքը գույներ է ընկալում կարմրից մինչև մանուշակագույնը։ Բայց մանուշակագույնից այն կողմ սպեկտրի ճառագման տիրույթում կան ուժեր, որոնց համապատասխանում է ոչ թե աչքի կողմից ինչ-որ գունային ընկալում, այլ քիմիական ազդեցություն, նմանապես և կարմրի ազդեցության սահմաններից այն կողմ կան ճառագումներ, որոնք միայն ջերմային ազդեցություններ ունեն։ Այս և նման երևույթներին ուղղված խորհրդածություններով գալիս են հետևյալ հայեցակերպին՝ մարդու ընկալման աշխարհի ծավալը որոշարկված է մարդու զգայարանների ծավալով, իսկ մարդն իր առջև կունենար միանգամայն այլ մի աշխարհ, եթե ի լրումն իր ունեցածի նաև այլ, կամ եթե ընդհանրապես այլ զգայարաններ ունենար։ Ով ուզում է տրվել անսանձ ֆանտազիաների, որոնց համար, այս ուղղությամբ, մասնավորապես նոր ժա-մանակների բնագիտության փայլուն հայտնագործությունները իսկական գայթակղիչ առիթ են տալիս, նա թերևս կարող է գալ հետևյալ խոստովանությանը. մարդու դիտարկման դաշտի մեջ թերևս ընկնում է միայն այն, ինչ ի զորու է ներգործելու նրա կազմակերպվածքով պայմանավորված զգայարանների վրա։ Նա իրավունք չունի իր կազմակերպվածքով սահմանափակված այդ ընկալվածը դիտելու որպես իրականության չափանիշ։ Յուրաքանչյուր նոր զգայարան նրան կդներ իրականության մեկ ուրիշ պատկերի առջև։- Այս ամենը, համապատասխան սահմաններում մտածելու դեպքում, միանգամայն արդարացի կարծիք է։ Բայց եթե որևէ մեկը այս կարծիքի ազդեցությամբ կասկածի տակ դնի ընկալման և հասկացության հարաբերության մեր դատողություններում արժևորված անաչառ դիտարկումը, ապա դրանով կփակի իր ճանապարհն առ իրականության մեջ արմատավորված աշխարհիմացություն և մարդիմացություն։ Մտածողության էության ապրումը, այսինքն՝ հասկացությունների աշխարհի գործուն յուրացումը, միանգամայն այլ բան է, քան զգայարանների միջոցով որևէ ընկալելի բանի ապրումը։ Մարդն ինչպիսի զգայարաններ էլ որ ունենա, դրանցից ոչ մեկը նրան իրականություն չի տա, եթե զգայարանով ընկալվածը մտա-ծողության միջոցով չհագեցվի հասկացություններով, իսկ այդկերպ հագեցված ցանկացած զգայություն մարդուն ընձեռում է իրականության մեջ ապրելու հնարավորություն։ Ընկալումային միանգամայն այլ պատկերի մասին ֆանտազիան, ընկալումային պատկեր, որ հնարավոր կլիներ այլ զգայարանների դեպքում, ընդհանուր ոչինչ չունի այն հարցի հետ, թե ինչպիսին է մարդու դիրքն իրական աշխարհում։ Պետք է հենց գիտակցել, որ ''յուրաքանչյուր '' ընկալումային պատկեր իր տեսքը ստանում է ընկալվող էակի կազմակերպվածքից, սակայն մարդուն դեպի իրականություն տանում է ապրված մտածող դիտարկմամբ հագեցված ընկալումային պատկերը։ Աշխարհի հետ իր հարաբերության ճանաչողություն փնտրելուն կարող է դրդել մարդուն ոչ թե ֆանտաստիկ պատկերումը, թե որքան տարբեր տեսք կունենար աշխարհն ուրիշ, մարդու զգայարաններից տարբեր զգայարանների համար, այլ այն բանի գիտակցումը, որ ''յուրաքանչյուր '' ընկալում տալիս է իր մեջ եղած իրականության միայն մի մասը, այսինքն՝ որ այն հեռացնում է իր ''սեփական իրականությունից '': Այս գիտակցմանը այնուհետև միանում է մյուսը՝ այն, որ մտածողությունը տանում է դեպի իրականության ընկալմամբ քողարկված մասը։ Ընկալման ե մտածողությամբ ձևավորված հասկացության մեր ներկայացրած հարաբերության անաչառ դիտարկման համար խանգարիչ կարող է լինել նաև, եթե ֆիզիկական փորձի ոլորտում անհրաժեշտություն է առաջանում խոսելու ոչ թե անմիջականորեն հայելի-ընկալելի տարրերի, այլ էլեկտրական կամ մագնիսական ուժագծերի և այլնի նման ոչ հայելի մեծությունների մասին։ Կարող է ''թվալ '', թե իրականության տարրերը, որոնց մասին խոսում է ֆիզիկան, ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ ընկալելիի, ոչ էլ գործուն մտածողությամբ ձևավորված հասկացության հետ; Բայց նման կարծիքը հիմնված կլիներ ինքնախաբեության վրա։ Նախ կարևորն այն է, որ ֆիզիկայում մշակված ''ամեն բան '', որքանով չի ներկայացնում բացառելի, չարդարացված վարկածներ, ձեռք է բերվել ընկալմամբ և հասկացությամբ։ Այն, ինչ թվացյալորեն ոչ հայելի բովանդակություն է, ֆիզիկոսի ճիշտ ճանաչողական բնազդից անպայման տեղափոխվում է ընկալումների դաշտ և մտածվում հասկացություններով, որոնցով մարդ գործում է այդ դաշտում։ Էլեկտրական և մագնիսական դաշտում եղած ուժային մեծությունները և այլն, ''ըստ էության '', ձեռք են բերվում ընկալման և հասկացության միջև ընթացող, և ոչ թե որևէ այլ ճանաչողական պրոցեսի միջոցով։- Մարդկային զգայարանների ավելացումը կամ այլաձևությունը կտար մեկ այլ ընկալումային պատկեր, մարդկային փորձի հարստացում կամ այլաձևություն, բայց և ''այս '' փորձի պարագայում իրական ճանաչողությունը պիտի ձեռք բերվեր հասկացության և ընկալման փոխազդեցության միջոցով։ Ճանաչողության ''խորացումը '' կախված է ինտուիցիայի՝ մտածողության մեջ դրսևորվող ուժերից (հմմտ. էջ 64)։ Այդ ինտուիցիան մտածողության մեջ ձևավորվող ապրմամբ կարող է սուզվել դեպի իրականության առավել կամ պակաս խորը նախահիմքերը։ Ընկալումային պատկերի ընդլայնմամբ այդ խորասուզումը կարող է նոր ազդակներ և այս կերպ միջնորդավորված խթանում ստանալ։ Միայն թե դեպի խորքերը սուզվելը՝ որպես հասանում իրականությանը, ''երբեք '' չպետք է շփոթել առավել լայն կամ առավել նեղ ընկալումային պատկերի դիմակայության հետ, ընկալումային պատկեր, որի մեջ մշտապես առկա է միայն կես իրականություն պայմանավորված ճանաչողական կազմակերպվածքով։
Ով չի տրվում ''վերացարկումների '', նա կգիտակցի, թե մարդկային էակի ճանաչողության համար ինչպես է կարևորվում նաև այն փաստը, որ ֆիզիկայի համար ընկալումային դաշտում պետք է ''բացահայտվեն '' տարրեր, որոնց համապատասխանեցված չէ որևէ զգայարան, ինչպես գույնի կամ հնչյունի դեպքում է։ Մարդու ''կոնկրետ '' էությունը որոշարկված է ոչ միայն այն բանով, թե իր կազմակերպվածքով նա ինչ է իրեն առադրում որպես անմիջական ընկալում, այլև նրանով, որ այդ անմիջական ընկալումից նա բացառում է այլը։ Ինչպես գիտակից արթնությունից զատ կյանքին անհրաժեշտ է նաև անգիտակից քնի վիճակը, այդպես էլ իր զգայական ընկալման շրջապատից բացի մարդու ինքնաապրմանը անհրաժեշտ է զգայականորեն ոչ ընկալելի տարրերի,- նույնիսկ է՛լ ավելի մեծ,- շրջանակ այն դաշտում, որից սերում են զգայական ընկալումները։ Այս ամենը անուղղակիորեն արդեն ասվել է տվյալ աշխատության սկզբնական տարբերակում։ Հեղինակն այստեղ հավելում է այս լրացուցիչ նյութը, որովհետև փորձով գիտի, որ որոշ ընթերցողներ բավականաչափ ճշգրտությամբ չեն կարդացել այս գիրքը։- Հարկավոր է նաև նկատի առնել, որ այս աշխատության մեջ զարգացված ''ընկալման '' գաղափարը չպետք է շփոթել արտաքին զգայական ընկալման գաղափարի հետ, ինչը ընդամենը առաջինի մասնավոր դեպքն է։ Արդեն նախորդ շարադրանքից երևում է, բայց ավելի շատ հետագայում շարադրվելիքից կտեսնենք, որ այստեղ որպես ընկալում է ըմբռնվում մարդուն զգայապես և ''ոգեպես '' տրված ամեն բան, մինչ այն կյուրացվի ակտիվորեն ձեռք բերված հասկացության կողմից։ Հոգեկան կամ ոգեղեն կարգի ընկալումներ ունենալու համար անհրաժեշտ են ոչ սովորական իմաստով զգայարաններ։ Թերևս ասեն, թե ընդունված բառագործածության նման ընդլայնումն անընդունելի է։ Միայն թե այն ''անպայմանորեն անհրաժեշտ '' է, եթե չենք ուզում որոշ ոլորտներում հենց բառագործածությամբ կապանքվել ճանաչողության ընդլայնման հարցում։ Ով ընկալման մասին խոսում է ''միայն '' զգայական ընկալման իմաստով, նա չի հասնում նաև ''այդ '' զգայական ընկալման վերաբերյալ ճանաչողության համար պետքական որևէ հասկացության։ Երբեմն ''ստիպված ենք '' ընդլայնել որևէ հասկացություն, որպեսզի վերջինս ավելի նեղ մի ոլորտում ստանա իրեն պատշաճ իմաստը։ Երբեմն հարկ է լինում նաև հասկացության մեջ սկզբնապես մտածվածին ավելացնել մեկ այլ բան, որպեսզի այդպես մտածվածը գտնի իր արդարացումը կամ նաև հարմարեցումը։ Այսպես, այս գրքի 73-րդ էջում գրված է. «Պատկերացումն, այսպիսով, անհատականացված հասկացություն է»։ Այս առումով ինձ առարկեցին, թե դա անսովոր բառագործածություն է։ Բայց այդ բառագործածությունն անհրաժեշտ է, եթե ուզում ենք պարզել, թե ինչ է ըստ էության պատկերացումը։ Ինչ կստացվեր ճանաչողության հետագա ընթացքից, եթե յուրաքանչյուրին, ով կարիք ունենար հարմարեցնելու հասկացությունները, առարկեին. «Դա անսովոր բառագործածություն է»։
== ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (91) ==
=== VIII. Կյանքի գործոնները (93) ===