Changes
/* VIII. Կյանքի գործոնները (93) */
== ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (91) ==
=== VIII. Կյանքի գործոնները (93) ===
Վերաամփոփենք նախորդ գլուխներում ձեռք բերվածը։ Աշխարհը մարդուն ներկայանում է որպես բազմություն, որպես առանձնությունների գումար։ Այդ առանձնություններից մեկը, էակ էակների մեջ, մարդն ինքն է։ Աշխարհի այս պատկերը մենք պարզապես բնորոշում ենք որպես ''տրված '', եթե այն չենք զարգացնում գիտակից գործունեությամբ, այլ գտնում ենք մեր առջև՝ որպես ''ընկալում ''։ Ընկալումների աշխարհի ներսում մենք ընկալում ենք նաև մեզ։ Այս ինքնաընկալումը կմնար պարզապես մեկը բազմաթիվ այլ ընկալումների մեջ, եթե այդ ինքնաընկալման միջից չհայտնվեր մի բան, որն ի հայտ է բերում ունակություն ընկալումներն ընդհանրապես, ուրեմն նաև մնացյալ բոլոր ընկալումների գումարը միացնելու մեր ինքնության ընկալմանը։ Այս հայտնվող մի բանը այլևս սոսկ ընկալում չէ. այն պարզապես չի էլ հայտնաբերվում ընկալումների նման։ Այն առաջ է գալիս գործունեությամբ։ Նախ ի հայտ է գալիս կապված նրա հետ, ինչ մենք ընկալում ենք որպես մեր ինքնություն։ Բայց իր ներքին նշանակությամբ անցնում է ինքնությունից այն կողմ։ Առանձին ընկալումներին այն կցում է գաղափարային որոշակիություններ, որոնք, սակայն, միմյանց հետ վերաբերության մեջ են և հիմնավորվում են մեկ ամբողջի մեջ։ Ւնքնաընկալմամբ ձեռք բերվածն այն որոշարկում է նույն ձևով որպես գաղափարային, ինչպես բոլոր մյուս ընկալումները, և դա հակադրում օբյեկտներին որպես սուբյեկտ կամ «Ես»։ Այդ մի բանը մտածողությունն է, իսկ գաղափարային որոշակիությունները՝ հասկացություններն ու գաղափարները։ Այդ պատճառով մտածողությունը նախ դրսևորվում է ինքնության ընկալման մեջ, բայց սոսկ սուբյեկտիվ չէ, քանզի ինքնությունը իրեն որպես սուբյեկտ է բնորոշում միայն մտածողության օգնությամբ։ Այս մտային ինքնավերաբերությունը մեր անձի կյանքի կոչումն է։ Դրա շնորհիվ մենք վարում ենք զուտ գաղափարային գոյություն։ Դրա շնորհիվ մենք մեզ մտածող էակներ ենք զգում։ Այդ կյանքի կոչումը կմնար զուտ հասկացութային (տրամաբանական), եթե չավելանային մեր ինքնության այլ կոչումները։ Այդ դեպքում մենք կլինեինք էակներ, որոնց կյանքը կսպառվեր ընկալումների, ինչպես նաև վերջիններիս ու մեր միջև զուտ գաղափարային հարաբերությունների ստեղծմամբ։ Եթե նման մտովի հարաբերության ստեղծումն անվանվի ճանաչողություն, իսկ մեր ինքնության այդ ստեղծմամբ ձեռք բերված վիճակը՝ գիտելիք, ապա վերոնշյալ նախադրյալի առկայության դեպքում մենք պետք է մեզ դիտեինք որպես սոսկ ճանաչող կամ գիտեցող էակներ։
Բայց նախադրյալը ճիշտ չէ։ Ընկալումները մեզ հետ վերաբերության մեջ ենք դնում ոչ թե սոսկ գաղափարայնորեն՝ հասկացության միջոցով, այլ, ինչպես տեսանք, նաև զգացմունքի միջո-ցով։ Այսպիսով, մենք սոսկ հասկացութային կենսական բովանդակություն ունեցող էակներ չենք։ Նաիվ ռեալիստը նույնիսկ զգացմունքային կյանքի մեջ տեսնում է անձի առավել իրական կյանք, քան գիտելիքի զուտ գաղափարային տարրում։ Եվ նա իր տեսանկյունից միանգամայն իրավացի է, երբ իր համար բանն այդ կերպ է մեկնաբանում։ Զգացմունքը սուբյեկտիվ կողմում սկզբնապես ճիշտ նույնն է, ինչ ընկալումն է օբյեկտիվ կողմում։ Ուստի և, ըստ նաիվ ռեալիզմի հիմնադրույթի, ամեն բան իրական է, ինչ կարող է ընկալվել, զգացմունքը սեփական անձի իրականության երաշխիքն է։ Բայց այստեղ ենթադրվող մոնիզմի խնդիրն է՝ շնորհել զգացմունքին այն նույն լրացումը, որ անհրաժեշտ է համարում ընկալման համար, եթե վերջինս պետք է ներկայանա որպես կատարյալ իրականություն։ Այս մոնիզմի համար զգացմունքը պակասավոր իրական բան է, որն առաջին ձևում, ինչպես տրված է մեզ, դեռ չի պարունակում երկրորդ գործոնը՝ հասկացությունը կամ գաղափարը։ Այդ պատճառով կյանքում ամենուրեք զգացողությունը, ընկալողության նման, հանդես է գալիս ճանաչողությունից ''առաջ ''։ Մենք մեզ նախ զգում ենք որպես գոյողներ. և հետզհետե զարգացման ընթացքում ենք միայն հասնում այն կետին, որտեղ մեր աղոտ կերպով զգացվող սեփական գոյության մեջ մեզ համար բացվում է մեր ինքնության հասկացությունը։ Բայց ինչ ''մեզ համար '' միայն հետո է երևան գալիս, սկզբնապես անքակտելիորեն կապված է զգացմունքի հետ։ Նաիվ մարդն այս հանգամանքի շնորհիվ գալիս է այն հավատին, թե զգացողության մեջ կեցությունն իրեն ներկայանում է չմիջնորդավորված, գիտելիքի մեջ՝ միջնորդավորված կերպով միայն։ Այդ պատճառով նրան մնացյալ ամեն բանից առաջ կարևոր է թվալու զգացմունքային կյանքի կազմավորումը։ Նա կարծելու է, թե աշխարհի կապն ըմբռնած կլինի այն դեպքում միայն, եթե այն ներառի իր զգացողության մեջ։ Նա փորձում է ճանաչողության միջոց դարձնել ոչ թե գիտելիքը, այլ զգացողությունը։ Քանի որ զգացմունքը լիովին անհատական բան է, ընկալմանը հավասարազոր, ապա զգացմունքի փիլիսոփան աշխարհի սկզբունք է դարձնում այն, ինչ նշանակություն ունի միայն իր անձի շրջանակներում։ Նա փորձում է սեփական ինքնությամբ ներթափանցել ողջ աշխարհի մեջ։ Ինչ այստեղ նշված մոնիզմը ձգտում է ըմբռնել հասկացությամբ, զգացմունքի փիլիսոփան փորձում է հասնել զգացմունքով, իսկ օբյեկտների հետ իր այդ համակեցությունը համարում առավել անմիջական։
Այս կերպ հատկորոշված ուղղությունը՝ զգացմունքի փիլիսոփայությունը, հաճախ բնորոշվում է որպես ''միստիկա '': Սոսկ զգացմունքի վրա կառուցված միստիկական հայեցակերպի մոլորությունն այն է, որ նա կամենում է ունենալ այն բանի ''ապրումը '', ինչ ինքը պարտավոր է գիտենալ, որ ուզում է համապարփակ բան դարձնել անհատականը՝ զգացմունքը։
Զգացողությունը զուտ անհատական ակտ է՝ արտաքին աշխարհի վերաբերությունը մեր սուբյեկտին, որքանով այդ վերաբերությունը իր արտահայտությունն է գտնում սոսկ սուբյեկտիվ ապրումի մեջ։
Կա մարդկային անձի մեկ այլ դրսևորում ևս։ Ես-ն իր մտածողության շնորհիվ մասնակից է դառնում ընդհանուր համաշխարհային կյանքին։ Ես-ը մտածողությամբ զուտ գաղափարայնորեն (հասկացութային ճանապարհով) ընկալումները հարաբերակցում է իրեն, իրեն՝ ընկալումներին։ Զգացմունքի մեջ Ես-ն ունի իր սուբյեկտին օբյեկտների վերաբերության ապրումը։ ''Կամքի'' մեջ հակառակն է։ Ի դեմս կամեության մենք նույնպես ունենք ընկալում մեր առջև, այն է՝ օբյեկտիվի նկատմամբ մեր ինքնության անհատական վերաբերության ընկալումը։ Ինչը կամեության մեջ զուտ գաղափարային գործոն չէ, դա ևս սոսկ ընկալողության առարկա է, ինչպես արտաքին աշխարհի որևէ իրի դեպքում։
Այդուհանդերձ, նաիվ ռեալիզմն այստեղ ևս դարձյալ կարծելու է, թե իր առջև շատ ու շատ ավելի իրական կեցություն է, քան կարելի է հասնել մտածողությամբ։ Կամքի մեջ այն կտեսնի մի տարր, որտեղ ''անմիջականորեն'' նշմարում է պատահար, պատճառում, ի հակադրություն մտածողության, որ նախ հասկացությունների է վերածում պատահարը։ Այն, ինչ Ես-ը իրագործում է իր կամքով, նման հայեցակերպի համար ներկայացնում է մի պրոցես, որն ապրվում է անմիջականորեն։ Այս փիլիսոփայությունը դավանողը կարծում է, թե ի դեմս կամեության իրոք բռնել է համաշխարհային անցուդարձի մի ծայրից։ Մյուս պատահարներին դրսից սոսկ ընկալումների միջոցով հետևելով՝ նա կարծում է, թե իր կամեության մեջ ունի իրական պատահարի միանգամայն անմիջական ապրումը։ Կեցության այն ձևը, որով նրան է ներկայանում կամքը ինքնության շրջանակներում, նրա համար դառնում է իրականության ռեալ սկզբունք։ Սեփական, կամեությունն իրեն ներկայանում է որպես ընդհանուր համաշխարհային անցուդարձի մասնավոր դեպք. իսկ այդ ընդհանուր համաշխարհային անցուդարձն էլ՝ որպես համընդհանուր կամեություն։ Կամքը դառնում է աշխարհի սկզբունք, ինչպես զգացմունքի միստիկայում զգացմունքը՝ ճանաչողության սկըզբունք։ Այս հայեցակերպը ''կամքի փիլիսոփայություն'' է (թելիզմ)։ Այդ փիլիսոփայությունը աշխարհի սահմանադիր գործոն է դարձնում այն, ինչ ապրվում է միայն անհատականորեն։
Որքան որ զգացմունքի միստիկան չի կարող գիտություն կոչվել, նույնքան էլ կամքի փիլիսոփայությունը։ Քանզի երկոան էլ պնդում են, որ չեն կարող համակերպվել աշխարհը հասկացություններով ներթափանցելու հետ։ Երկուսն էլ կեցության գաղափարային սկզբունքի կողքին պահանջում են նաև ռեալ սկզբունք։ Եվ դրա որոշակի իրավունքն ունեն։ Բայց քանի որ այդ ռեալ հորջոր ջյալ սկզբունքների համար մենք ունենք միայն ընկալողությունն իբրև ըմբռնման միջոց, ապա զգացմունքի միստիկայի և կամքի փիլիսոփայության պնդումը նույնական է հետևյալ տեսակետի հետ՝ մենք ունենք ճանաչողության երկու աղբյուր՝ մտածողության և ընկալողության. վերջինս զգացմունքի և կամքի մեջ ներկայանում է որպես անհատական ապրում։ Քանի որ մի աղբյուրի արտահոսքերը ապրումները, այդ երկու աշխարհայեցողությունները չեն կարող ներառել ուղղակի մյուսի՝ մտածողության արտահոսքերի մեջ, այդ պատճառով ճանաչողության երկու կերպերը՝ ընկալողությունն ու մտածողությունը, գոյատևում են կողք-կողքի առանց առավել բարձր միջնորդավորման։ Գիտելիքով հասանելի գաղափարային սկզբունքի կողքին գոյություն պիտի ունենա աշխարհի դեռևս ապրվելիք, մտածողության մեջ ոչ ըմբռնելի մի ռեալ սկզբունք ևս։ Այլ բառերով ասած՝ զգացմունքի միստիկան և կամքի փիլիսոփայությունը նաիվ ռեալիզմ են, որովհետև տուրք են տալիս հետևյալ դրույթին՝ անմիջականորեն ընկալվածն իրական է։ Սկզբնական նաիվ ռեալիզմի համեմատությամբ նրանք թույլ են տալիս ընդամենը այն անհետևողականությունը, որ կեցության ճանաչողության միակ միջոց են դարձնում ընկալողության որոշակի մի ձևը (զգացողությունը կամ կամեությունը), մինչդեռ դա կարող են անել միայն այն դեպքում, եթե ընդհանուր առմամբ տուրք տան «ընկալածն իրական է» հիմնադրույթին։ Դրանով նրանք ստիպված կլինեին ճանաչողության նույնպիսի արժեք վերագրել նաև արտաքին ընկալողությանը։
Կամքի փիլիսոփայությունը դառնում է մետաֆիզիկական ռեալիզմ, եթե կամքը տեղափոխվում է նաև գոյության ''այն '' ոլորտները, որտեղ անհնար է ունենալ կամքի այնպիսի անմիջական ապրում, ինչպիսին կարելի է ունենալ սեփական սուբյեկտում։ Կամքի փիլիսոփայությունը վարկածայնորեն ընդունում է սուբյեկտից դուրս գտնվող մի սկզբունք, որի համար սուբյեկտիվ ապրումը իրականության միակ չափանիշն է։ Որպես մետաֆիզիկական ռեալիզմ կամքի փիլիսոփայությունն ընկնում է նախորդ գլխում տրված քննադատության տակ, որն ստիպված է հաղթահարել և ընդունել ամենայն մետաֆիզիկական ռեալիզմի այն հակասական պահը, որ կամքը միայն այնքանով է ընդհանուր համաշխարհային անցուդարձ, որքանով գադափարայնորեն է վերաբերվում մնացյալ աշխարհին։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում ''։ Մտածողությունն իր էության մեջ դիտարկելով ըմբռնելու դժվարությունն այն է, որ այդ էությունը շատ դյուրությամբ է խույս տալիս դիտարկող հոգուց, երբ հոգին ուզում է իր ուշադրությունը սևեռել դրա վրա։ Այդ դեպքում հոգուն մնում է սոսկ անշունչ վերացականը՝ կենդանի մտածողության դիակը։ Միայն այդ վերացականը նկատի ունենալով՝ հեշտությամբ ես մխրճվում զգացմունքի միստիկայի կամ նաև կամքի մետաֆիզիկայի «կենսալի» տարրի մեջ։ Տարօրինակ կթվա, եթե որևէ մեկն ուզենա «սոսկ մտքերի» մեջ ըմբռնել իրականության էությունը։ Բայց ով հասնի ''մտածողության մեջ կյանքը '' հիրավի ունենալուն, կհասկանա, որ այդ կյանքի ներսում ներքին հարստության և իր մեջ կայանող, բայց միաժամանակ իր մեջ շարժուն ''փորձի '' հետ չի կարող անգամ համեմատվել սոսկ զգացմունքներով գործելը կամ կամային տարրի հայեցողությունը, էլ չասած, որ դրանք չեն կարող դասվել առաջիններից վեր։ Ապրումի հենց այդ հարստությունից այդ ներքին լիությունից է, որ դրա արտացոլանքը սովորական հոգեկան դիրքորոշման ճեջ ունենում է մեռած, վերացական տեսք։ Մարդկային հոգու և ոչ մի այլ գործունեություն այնքան հեշտ չի վրիպվում, որքան մտածողությունը։ Կամեությունը, զգացողությունը ջերմացնում են մարդու հոգին նույնիսկ իրենց նախնական վիճակի վերապրման մեջ։ Մտածողությունը չափազանց հեշտությամբ է մեզ անմասն թողնում այդ վերապրման մեջ. այն կարծես չորացնում է հոգեկան կյանքը։ Բայց դա հենց նրա լուսեղեն, աշխարհիս երևույթների մեջ ջերմությամբ ներսուզվող իրականության խիստ արժևորվող ստվերն է միայն։ Այդ ներսուզումը կատարվում է բուն մտածողական գործունեության մեջ հորդացող մի ուժով, որ սիրո ուժն է՝ ոգեղեն տեսակի։ Չի կարելի առարկելով ասել, թե ով այս կերպ սեր է տեսնում գործուն մտածողության մեջ, վերջինիս մեջ ներդնում է զգացմունք՝ սեր։ Քանզի այդ առարկությունն իրականում այստեղ արժևորվածի հաստատումն է։ Բանն այն է, որ ով դիմում է ''էություն ունեցող '' մտածողությանը, նա այստեղ գտնում է թե՛ զգացմունք, թե՛ կամք, վերջիններս նաև իրենց իրականության խորքերում, ով շրջվում է մտածողությունից միայն դեպի «սոսկ» զգացողություն ու կամեաթյուն, նա կորցնում է դրանց ճշմարիտ իրականությունը։ Ով ուզում է մտածողության մեջ ''ինտուիտիվ ապրում ունենալ '', նա պատշաճը կմատուցի զգացումային ու կամային ապրումին. բայց զգացմունքի միստիկան և կամքի մետաֆիզիկան չեն կարոդ արժանին մատուցել գոյության ինտուիտիվ-մտածոդական ներթափանցմանը։ Դրանք կարոդ են միայն չափազանց հեշտությամբ հանգել այն դատողությանը, թե ''իրենք '' են իրականի մեջ գտնվում, իսկ ինտուիտիվ մտածողը «վերացական մտքերով», առանց զգացմունքի և իրականությունից կտրված, ձևավորում է ստվերային, սառը աշխարհապատկեր։
=== IX. Ազատության գաղափարը (99)===
=== X. Ազատության փիլիսոփայություն և մոնիզմ (119) ===