Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 8827 բայտ, 10:49, 13 Հունիսի 2014
Ու Շարիկն սպասեց լուսանկարչական ապարատին այնպես, ինչպես երեխաներն սպասում են Մայիսի մեկի տոնակատարությանը։
 
==Գլուխ տասնվեցերորդ — Հորթուկը==
 
Այն օրվանից, երբ Մատրոսկինը ընդհատակ անցավ, Քեռի Ֆեոդորի համար կյանքը դժվարացավ։ Մուռկային դաշտ էր քշում Քեռի Ֆեոդորը։ Խանութ էր գնում Քեռի Ֆեոդորը։ Ջրհորից ջուր էր բերում դարձյալ Քեռի Ֆեոդորը։ Իսկ առաջ այդ ամենով զբաղվում էր կատուն։ Շարիկից էլ առանձնապես օգուտ չկար։ Որովհետեւ նրա համար ֆոտոապարատ էին գնել։ Առավոտից անտառ էր գնում եւ մինչեւ կեսօր վազվզում նապաստակների ետեւից, որ նրանց նկարի։ Մյուս կեսն էլ վազվզում էր, որ նկարները բաժանի։
 
Ինչ֊ինչ, բայց ձանձրանալու ժամանակ չուներ Քեռի Ֆեոդորը։ Եվ ահա մի նոր պատմություն տեղի ունեցավ։ Առավոտյան, երբ դեռ քնած էին, մեկը դուռը թակեց։ Մատրոսկինը լեղաճաք եղավ․ չլինի՞ պրոֆեսորն է եկել իր ետեւից։ Եվ վառարանից ցատկեց ու մտավ հատակի տակ։ (Հիմա նա հատակի անցքը միշտ բաց էր պահում։ Իսկ նկուղում մի փոքրիկ պատուհան կար, որով նա կարող էր փախչել բանջարանոց, այնտեղից էլ՝ անտառ)։ Անկողնում պառկած Քեռի Ֆեոդորը հարցնում է․
 
— Ո՞վ է։
 
Թակողը Շարիկն էր․
 
— Աչքներդ լույս, մեր կովը հորթուկ է ծնել։
 
Քեռի Ֆեոդորն ու կատուն վազեցին գոմ։ Եվ իսկապես․ կովի կողքին մի հորթուկ էր կանգնած։ Իսկ երեկ չկար։
 
Մատրոսկինն անմիջապես սկսեց երեւակայել․ իբր թե տեսեք, իր կովն էլ է օգուտ տալիս։ Ոչ թե միայն սփռոց ուտել գիտի։ Իսկ հորթուկը նայում էր նրանց ու շրթունքները չփչփացնում։
 
— Հարկավոր է սրան տուն տանել,— ասում է կատուն։— Այստեղ կմրսի։
 
— Մո՞րն էլ պետք է տուն տանենք,— հարցնում է Շարիկը։
 
— Չէ մի՜, էդ էր պակաս,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Տանը սավան ու սփռոց չի թողնի, բոլորը կուտի։ Թող այդտեղ մնա։
 
Հորթուկին տարան տուն եւ սկսեցին ուշադիր զննել։ Հորթուկն ամբողջապես ծածկված էր մազերով ու թաց էր։ Իսկ ընդհանրապես, նա ցլիկ էր։ Սկսեցին միտք անել, թե անունը ինչ դնեն։ Շարիկն ասում է․
 
— Մտածելու ի՞նչ կա, եկեք անունը Բոբիկ դնենք։
 
Կատուն ծիծաղից թուլացավ․
 
— Քիչ մնա, Ռեքս էլ կդնես։ Կամ թե չէ՝ Տուզիկ։ Կուզիկ, Տուզիկ, կեր մի թուզիկ։ Ախր նա ցուլ է, ոչ թե ինչ֊որ սպանիել։ Նրան լուրջ անուն է պետք։ Օրինակ՝ Արիստոֆան։ Ե՛վ գեղեցիկ անուն է, ե՛ւ պարտավորեցնող։
 
— Իսկ ո՞վ է Արիստոֆանը,— հարցնում է Շարիկը։
 
— Չգիտեմ,— ասում է կատուն։— Միայն թե այն շոգենավը, որով նավարկում էր տատս, այդ անունն էր կրում։
 
— Շոգենավն ո՜ւր, հորթուկն ուր,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Համ էլ ո՞ւմ դուր կգա, որ հորթուկին իր անունով կոչեն։ Եկեք այսպես անենք։ Թող մեզնից յուրաքանչյուրը մի անուն մտածի եւ թղթի վրա գրի։ Որ թուղթը որ հանենք գլխարկի միջից, դա էլ թող լինի հորթուկի անունը։
 
Առաջարկը բոլորին դուր եկավ։ Եվ սկսեցին մտածել։ Կատուն գրեց՝ Սրընթաց։ Ե՛վ ծովային է, ե՛ւ գեղեցիկ։ Քեռի Ֆեոդորը գրեց՝ Գավրյուշա։ Դա շատ էր սազում հորթուկին։ Իսկ երբ մեծանա, ցուլ դառնա, նրանից ոչ ոք չի վախենա։ Որովհետեւ Գավրյուշա անունով ցուլը չար չի լինի, միայն բարի կարող է լինել։
 
Իսկ Շարիկը մտածեց, մտածեց ու ոչ մի բան չկարողացավ գտնել։ Եվ որոշեց․
 
— Ես էլ կգրեմ այն, ինչ կանցնի մտքովս։
 
Եվ նրա մտքով անցավ «թեյնիկ» բառը։ Նա այդպես էլ գրեց ու շատ գոհ մնաց։ Նրան դուր եկավ այդ անունը՝ Թեյնիկ։ Ինչ֊որ ազնիվ բան կար դրա մեջ, իսպանակա՜ն։ Ու երբ սկսեցին գլխարկից անունները հանել, հենց «Թեյնիկն» էլ դուրս քաշեցին։ Կատուն նույնիսկ հոգոց հանեց․ ա՜յ թե անուն է, հա՜։ Միեւնույն է, թե նրա անունը Կաթսա կամ Թավա դնեիր։ Քիչ մնա փլավքամիչ կասես։
 
— Դո՞ւ ինչ անուն ես մտածել, Քեռի Ֆեոդոր,— հարցնում է Շարիկը։
 
— Գավրյուշա։
 
— Իսկ ես՝ Սրընթաց։
 
— Ինձ Գավրյուշան է դուր գալիս,— հանկարծ ասում է Շարիկը։— Թող նրա անունը Գավրյուշա լինի։ Ես շտապելուց Թեյնիկ գրեցի։
 
Կատուն համաձայնում է։
 
— Թող Գավրյուշա լինի։ Շատ լավ անուն է։ Հազվադեպ։
 
Ու այդպես հորթուկը դարձավ Գավրյուշա։ Այդ ժամանակ մի հետաքրքիր խոսակցություն սկսվեց։ Այն մասին, թե հորթուկն ումն է։ Չէ՞ որ կովը վարձով էին բերել։ Քեռի Ֆեոդորն ասում է․
 
— Կովը պետական է։ Նշանակում է հորթուկն էլ է պետական։
 
Իսկ կատուն համաձայն չէ։
 
— Կովը իսկապես պետական է։ Բայց այն ամենը, ինչ֊որ նա տալիս է՝ կաթ կամ հորթուկ, մերն է։ Դե, Քեռի Ֆեոդոր, ինքդ ասա։ Ա՛յ եթե սառնարան վարձած լինեինք, ո՞ւմը կլիներ։
 
— Պետական։
 
— Ճիշտ է, իսկ սառույցը, որ նա արտադրում է, ո՞ւմն է։
 
— Սառույցը մերն է։ Մենք նրան հենց սառույցի համար ենք վերցնում։
 
— Այստեղ էլ այդպես պետք է լինի։ Բոլորը, ինչ կովը տալիս է, մեզ է պատկանում։ Դրա համար էլ, վերցրել ենք նրան։
 
— Բայց մենք մի կով ենք վերցրել։ Իսկ հիմա երկուսն է դարձել։ Եթե կովը մերը չի, նշանակում է հորթուկն էլ մերը չի։
 
Մատրոսկինը նույնիսկ բարկացավ։
 
— Վերցրե՜լ ենք։ Բայց վերցրել ենք անդորրագրով։— Ու անդորրագիրը բերեց։— Ահա՛, տեսեք, թե ինչ է գրված․ «Կով։ Շիկամազ։ Մեկ հատ»։ Հորթուկի մասին ոչինչ գրված չէ։ Եվ քանի որ կովը վերցրել ենք անդորրագրով, անդորրագրով էլ կվերադարձնենք՝ մեկ հատ։
 
Այստեղ Շարիկը մեջ ընկավ․
 
— Չեմ հասկանում, թե ինչու եք վիճում։ Չէ՞ որ դու ուզում էիր կովը գնել, Մատրոսկին։ Եթե քեզ դուր գար։ Դե գնիր։ Հորթուկն էլ կմնա մեզ։
 
— Ես իմ Մուռկայից ոչ մի դեպքում չեմ բաժանվի,— ասում է կատուն։— Անպայման կգնեմ։ Դա հենց այնպես կսզբունքի համար էի վիճում։ Որովհետեւ Քեռի Ֆեոդորը իրավացի չէր։
 
Մինչ նրանք վիճում էին, հորթուկը ժամանակն անտեղի չկորցրեց։ Կերավ Քեռի Ֆեոդորի երկու թաշկինակը։ Նա սեւուկ էր, իսկ մայրիկը՝ շիկամազ։ Բայց բնավորությամբ մորն էր քաշել․ ինչ պատահեր՝ ուտում էր։