Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 10 279 բայտ, 14:47, 13 Հունիսի 2014
Նրանց էլ հենց այդ էր պետք։ Երբ Պեչկինը գնաց, փակեցին դուռն ու ծանրոցը բացեցին։
 
==Գլուխ քսաներորդ — Արեւը==
 
Ծանրոցի երեսին մի նամակ կար դրված․
 
«Սիրելի կատու։
 
Բոլորս քեզ հիշում ենք։ Ափսոս, որ դու կորել ես»։
 
— Լա՜վ եմ կորել,— ասում է Մատրոսկինը։— Տնտեսվարն է ինձ վռնդել։
 
«Ուրախ ենք, որ լավ ես ապրում։ Իսկ անտառի ծառերը չպետք է կտրել։ Քո տերն իրավացի է։
 
Քեզ համար փոքրիկ, տնային արեւ ենք ուղարկում։ Թե ինչպես պետք է վարվել դրա հետ, դու գիտես։ Տեսել ես մեզ մոտ։ Կարգավորիչ էլ ենք ուղարկում, որով կարող ես ջերմաստիճանը ավելացնել կամ պակասեցնել։ Եթե ինչ֊որ բան մոռացել ես, գրիր, ամեն ինչ կբացատրենք։
 
Հաջողություն։ Արեւի ֆիզիկայի ինստիտուտ։ Պատուհանի մոտ նստող գիտնական Նիկոլաեւ, որի խալաթի կոճակները կտրված են»։
 
Կատուն ասում է․
 
— Հիմա լսեք ինձ եւ մի՛ խանգարեք։
 
Նա արկղից հանեց խողովակաձեւ փաթաթված մի թուղթ։ Դա մի մեծ փոխադրանկար էր, որի վրա արեւ էր նկարված։ Միայն ոչ թե ներկերով էր նկարված, այլ՝ նուրբ պղնձյա լարերով։ Նկարը հարկավոր էր ամրացնել առաստաղին եւ միացնել էլեկտրականությանը։
 
Նրանք միահամուռ ուժերով սկսեցին պահարանը տեղաշարժել, որպեսզի բարձրանային նրա վրա ու արեւը ամրացնեին առաստաղին։ Իսկ ճայակին դա դուր չեկավ։ Սկսեց նրանց վրա տարբեր բաներ նետել, ֆշշացնել ու կտցահարել։ Բայց, այնուամենայնիվ, նրանք պահարանը տեղաշարժեցին։ Կատուն վերցրեց արեւը, թրջեց ու կպցրեց առաստաղին։ Իսկ հաղորդալարերը էլեկտրականությանը միացրեց։ Բայց ոչ թե անմիջապես, այլ նախ՝ սեւ արկղին, ապա արկղից՝ էլեկտրականությանը։ Այդ արկղը բռնակ ուներ։ Կատուն բռնակը մի քիչ թեքեց, եւ ա՜յ քեզ հրաշք․ արեւը սկսեց լուսավորել։ Նախ՝ եզրերը, հետո սկսեց տարածվել։ Եվ սենյակը միանգամից տաքացավ ու լուսավորվեց։ Բոլորն ուրախացան ու ցատկոտեցին։ Ցատկոտեց նաեւ պահարանի վրա նստած ճայակը։ Բայց ոչ թե ուրախությունից, այլ այն պատճառով, որ շոգել էր։ Նրանք շտապ պահարանն իր տեղը հրեցին։
 
Քեռի Ֆեոդորն ասում է․
 
— Դուք ոնց կուզեք, բայց ես պետք է արեւառվեմ։
 
Նա ծածկոցը փռեց հատակին, տրուսիկով պառկեց վրան ու մեջքն արեւին արեց։ Կատուն էլ պառկեց կողքին ու սկսեց տաքանալ։
 
Տանն ամեն ինչ կենդանացավ։ եվ ծաղիկները թեքվեցին դեպի արեւը, եւ թիթեռներ հավաքվեցին ինչ֊որ տեղից։ Գավրյուշա հորթուկն էլ սկսեց թռչկոտել, ինչպես բացատում, եւ ուրախությունից ինքն իրեն հարու տալ։
 
Իսկ բակում խոնավ է, ցուրտ ու ցեխ։ Շուտով ձմեռ կլինի։ Նրանց տունը փողոցի կողմից փայլում է խաղալիքի նման։ Նույնիսկ մի ինչ֊որ երաշտահավիկ եկավ ու սկսեց ծեծել պատուհանը։ Բայց նրան ներս չթողեցին։ Չպետք է երես տալ։ Ա՛յ, երբ սառնամանիք լինի, խնդրեմ, թող գա։
 
Այդ ժամանակից ի վեր նրանց կյանքը շատ երջանիկ դարձավ։ Առավոտյան միացնում էին արեւը եւ ամբողջ օրը տաքանում։ Դրսում սառնամանիք է, իսկ նրանց տանը՝ շոգ ամառ։
 
Փոստատար Պեչկինը շատ հետաքրքրասեր էր։ Տեսնում է, որ գյուղի բոլոր տների ծխնելույզներից ծուխ է դուրս գալիս, իսկ Քեռի Ֆեոդորի տան ծխնելույզից դուրս չի գալիս։ Դարձյալ ինչ֊որ բան կարգին չէ։ Որոշում է իմանալ, թե ինչն ինչոց է։ Գնում է Քեռի Ֆեոդորի մոտ եւ ասում․
 
— Բարեւ ձեզ։ «Ժամանակակից փոստատար» թերթ եմ բերել ձեզ համար։
 
Իսկ աչքերը հառել է վառարանին։ Տեսնում է, վառարանում փայտը չի վառվում, բայց տունը տաք է։ Ոչինչ չի հասկանում, իսկ տնային արեւն էլ չի տեսնում։ Որովհետեւ կախված է անմիջապես իր գլխավերեւում, առաստաղից։ Գլուխն այրում է։
 
Քեռի Ֆեոդորն ասում է․
 
— Մենք «Ժամանակակից փոստատար» թերթ չենք բաժանորդագրվել։ Դա մեծերի համար է։
 
— Ա՜խ, ափսոս,— տխրում է փոստատար Պեչկինը։— Ուրեմն ինչ֊որ բան խառնել եմ։— Ու աչքերով չորս կողմն է փնտրում․ սալօջախ կամ բուխաիր չկա՞ արդյոք։
 
Արեւը նրան տաքացնում է։ Նա քրտնում է, ջուր դառնում, բայց տեղից չի շարժվում։ Ուզում է գաղտնիքը պարզել։
 
— Ուրեմն դուք «Ժամանակակից փոստատար» չե՞ք բաժանորդագրվել։ Շատ ափսոս։ Պետքական թերթ է։ Աշխարհի նորությունները այնտեղ են գրում։
 
— Իսկ հեքիաթներ չե՞ն տպում։ Կամ պատմվածքներ կենդանիների մասին,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։
 
Մատրոսկինը թեքում է արեւային արկղի բռնակը։ Արեւն ավելի է ուժեղանում։ Պեչկինը նույնիսկ գլխարկն է հանում շոգից։ Բայց ավելի վատ է զգում, արեւն ուղղակի այրում է ճակատը։
 
— Կենդանիների մասին հեքիաթնե՞ր,— հարցնում է։— Ոչ, այնտեղ ավելի շատ գրում են, թե ինչպես պետք է փոստը բաժանել եւ ինչպես են ավտոմատները դրոշմանիշ կպցնում։
 
Պեչկինը շոգից սկսեց ամեն ինչ շփոթել։ Ասում է․
 
— Ոչ, ընդհակառակն, ավտոմատներն են փոստը բաժանում եւ դրոշմանիշ կպցնում, ինչպես կենդանիները։
 
— Ո՞ր կենդանիներն են դրոշմանիշ կպցնում,— հարցնում է Շարիկը։— Ձիերը հո չե՞ն։
 
— Ի՞նչ գործ ունեն այնտեղ ձիերը,— ասում է փոստատարը։— Ես ձիերի մասին ոչինչ չեմ ասել։ Ասացի, որ կենդանիները ավտոմատների վրա են աշխատում եւ հեքիաթներ են գրում այն մասին, թե ինչպես պետք է ձիերը փոստը բաժանեն։— Նա լռեց ու սկսեց մտքերը ժողովել։
 
— Մի ջերմաչափ տվեք ինձ։ Ոնց որ թե ջերմություն ունեմ։ Ուզում եմ չափել։
 
Կատուն բերում է ջերմաչաճը եւ աթոռը դնում ուղիղ արեւի տակ։
 
Պեչկինը թխկացնում է ջերմաչափին, որ ջերմաստիճանը իջեցնի։ Իսկ ճայակը հարցնում է․
 
— Ո՞վ է․
 
— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։
 
— Ի՞նչ գործ ունի այստեղ «Մուրզիլկան»,— հարցնում է կատուն։
 
— Ա՜խ, հա։ Ես «Ժամանակակից փոստատար» թերթն եմ բերել, որը դուք չեք բաժանորդագրվել։ Որովհետեւ փաստաթուղթ չունեք։
 
Նա արդեն բոլորովին հալից ընկել էր։ Նույնիսկ գոլորշի էր բարձրանում նրանից, ինչպես ինքնաեռից։ Պեչկինը հանում է ջերմաչափն ու ասում․
 
— Երեսունվեց ու վեց է ջերմությունս։ Կարծես թե ամեն ինչ կարգին է։
 
— Ի՞նչն է կարգին,— գոռում է կատուն։— Դուք քառասուներկու աստիճան տաքություն ունեք։
 
— Ինչո՞ւ,— սարսափում է Պեչկինը։
 
— Որովհետեւ երեսունվեց ու էլի վեց է։ Բոլորը միասին ինչքա՞ն է անում։
 
Փոստատարը թղթի վրա հաշիվ է անում։ Ստացվեց քառասուներկու։
 
— Վա՜յ, մայրիկ ջան, նշանակում է, ես արդեն մեռել եմ։ Շուտ անեմ, հիվանդանոց վազեմ։ Ինչքան ձեր տուն եմ եկել, միշտ հիվանդանոց եմ ընկել… Չեք սիրում դուք փոստատարներին։
 
Բայց նրանք փոստատարներին սիրում էին։ Ուղղակի Պեչկինին չէին սիրում։ Արտաքնապես նա բարի էր թվում, բայց շատ չար էր ու հետաքրքրասեր։
 
Իսկ արեւը ամեն հարցում չէ, որ լավ էր։ Այդ արեւի պատճառով նրանք մեծ անախորժություն ունեցան։ Քեռի Ֆեոդորը հիվանդացավ։