Changes
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Վասիլ կայսրի ծագման այս վերսիան ծանոթ է նաև հայ աղբյուրներից։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ հայկական 325 (մ. թ. 876) թվականին, Վասիլը հատուկ դեսպանի միջոցով թագ է խնդրել իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուց։ Կայսրը, հարում է Վարդանը, իմացել էր հայ մի եպիսկոպոսից իր մոր Արշակունի ծագումը, ուստի և կամենում էր ստանալ իշխանաց իշխանի համապատասխան վավերացումը<ref>Վարդակ Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 116։</ref>։
Չգիտենք իսկապես Աշոտի պատասխանը Վասիլին։ Սակայն Վարդանի պատմածից պարզվում է, որ կայսրի առաջարկը նոր թափ էր հաղորդել Հայաստանում Սահակ Պարթևի անունով նվիրագործված երազանքին. «ԵԼ կատարիլ թուէր տեսլեանն Սահակայ սրբոյն՝ նստիլ թագաւոր Արշակունի»— հարում է Վարդանը<ref>Վարդան, ն. տ., էջ 116։</ref>։ Հավանական է թվում մեզ արդեն իսկ հայտնված այն միտքը, թե բյուգանդական հավակնությունները կանխելու և Աշոտ Բագրատունուն իր հետ ամուր կապած լինելու համար է, որ խալիֆ Մութամիդը Հայաստանի թագ հղեց նրան։ Մերձիմահ Վասիլ կայսրին մնում էր միայն ողջունել ու վավերացնել իր «սիրեցյալ որդի» Աշոտի թագադրությունը<ref>„История СССР с древнейших времен до образования древне-русского государства”, изд. ГАИМК. М. и Л., ч. III-IV, էջ 314։</ref>։
Վարդանի հաղորդածը հասկանալու համար պիտի վերհիշել, որ ժամանակին Բագրատունիներն էին հենց Արշակունիների թագադիրները<ref>Հմմտ. Մ. Խորենացի, գիրք 4, գլ. Գ։</ref>: Մտադրված լինելով արաբներից հետ ստանալ երբեմն Բյուզանդիային պատկանած հայ երկրամասերը և միաժամանակ նաև իրազեկ դարձնել հայերին այդ մասին՝ Վասիլը ճիշտ էր հասցեագրում իր դիմումը։ Այլ խնդիր է, թե որքան կարող էր դուրեկան լինել այդ դիմումը Արշակունիների թագադրին։ Հայկական գահի ժառանգ համարելով իրեն՝ վերջինս տրամադիր չպիտի լիներ ուրիշին զիջելու Արշակունյաց թագի իրավունքը։
Նույն այս լեգենդի Հայաստանում առաջ բերած արձագանքի հետքերը մնացել են նաև Ներսես Պարթևի տեսիլքի և Ագաթոնի գուշակությունների մեջ։ Շոշափելի և ակնառու են այդ հետքերը այն ամենի մեջ, ինչ պատմում են մեզ այս աղբյուրները «որմանք», «արմանք», իսկ երբեմն նաև «ալամանք» ազգի մասին։ Ինչպես ակներև է նաև Բ. Սարգիսյանի մատնանշած օտար աղբյուրներից՝ աղճատված այդ բառը առաջացել է պարզապես «արմենք» կամ հունական աղբյուրների «armеnoi»=հայք բառից։ Տեսլական գրականության մեջ այդ անունով նշված ազգին վերագրված ազատարար սխրագործությունները վկայում են այն արձագանքի մասին, որ ունեցել էին Հայաստանում հայ կայսերական դինաստիայի՝ արաբների դեմ վարած հաղթական պատերազմները IV—V դարերից ի վեր Հայաստանի քաղաքական անկախության անկման պայմաններում։ Այդ նախարարական և մասնավորապես հայ Արշակունյաց տան ժառանգները ապավինում էին Բյուզանդիա՝ գրավելով այնտեղ հատկապես Արմենիակ թեմում զինվորական և վարչական բարձր պաշտոններ։ VI դարում Իրիսի գետահովտում կայսերական Բյուզանդիայի Արմենիակոն թեմում կայան ունեցող զորաբանակը հիմնականում կազմված էր հայերից և գլխավորված հայ զորահրամանատարներից։ Տասնյակների էր հասնում սրանց միջից ելած այն մարդկանց թիվը, որոնք ձեռք կարկառեցին Կոստանդինոսի թագին կամ բազմեցին Բյուզանդիոնի գահին։ «Արմեն»-ներից էին ծագում ոչ միայն կայսերական Բյուզանդիայի IX—XI դարերի բազմաթիվ տիրակալներ, այլև հաճախ բյու-գանդական կայսրուհիները։ Նշենք Թեոփիլես կայսեր կնոջը, Մամիկոնյան ծագում ունեցող նշանավոր Թեոդորա կայսրուհուն և համանուն ուրիշներին։ Ոչ պակաս ազդեցություն պիտի գործած լինեին արաբների դեմ վարած պատերազմների ընթացքում հռչակ ստացած և մասնավորապես Արշակունի ծագում ունեցած կամ Արշակունի տոհմանուն առինքնած հայ զորավարները։