Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 38 972 բայտ, 21:07, 9 Հունվարի 2015
/* Անահիտ դիցուհի */
Ինչպես արդեն հիշեցինք, Անահիտի և բոլոր հայ դիքերի ամենահռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում՝ Մեծ ու Փոքր Հայքերի միջև, ինչի շնորհիվ մերձավոր ու ծանոթ էր Փոքր Ասիայի հույներին։ Այստեղ պաշտվածն էլ Արտաշեսն էր բերել Հելլադայից, և նրա հանկարծահաս մահվան պատճառով այն մնացել էր Անի բերդում, որտեղից հանեց ու այս ավանում՝ բերդի մոտ, կանգնեցրեց որդին՝ Տիգրանը։ Եվ տեղի պաշտամունքը ու հանդիսությունները այնքան հռչակվեցին, որ մինչև իսկ Անահտական գավառ կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին։ Ստրաբոնից զատ՝ այլ օտար պատմինչր էլ են հիշատակում (Դիոն, XXXVI, 5, Պլինիուս, V, 24) հարյուրավոր սպասավորներով շրջապատված դիցուհուն, որոնց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, սրբանվեր կամ սրբապաշտ են կոչում (հիերոդուլոս)։ Մեհյանի կամ մեհյանների մոտ ընդարձակ, անմշակ դաշտ ու մարգ էր թողնված նվիրական երինջների արածելու համար, որոնց ճակատը խարանում էին ջահաձև դրոշմով, որ օտարները չմոտենան, և դրանք ժամանակին զոհաբերվեն։ Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, կատարվում էին մեծ տոնահանդեսներ։ Իսկ ըստ մեր պատմիչների՝ մեծ տոնական օրը նավասարդ ամսի 15֊ն էր՝ նմանությամբ սակայն տոների, որ բարեկենդանի նման մի բան էր։ Այդ օրը քրմապետը, թագավորակերպ հագնված ու խույրը գլխին, քուրմերին ու բազմաթիվ ուխտավորներին առաջնորդում էր, և Անահիտի կուռքը վերցնելով՝ թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը՝ աղոթանման երգեր երգելով։ Հետո աշխարհիկ հանդիսություններ, պարեր էին կատարվումՀույներն էլ ունեին մի այսպիսի տոնահանդես, որ կոչվում էր կորդակ՝ ի պատիվ նրանց էլիսյան Անահիտի։ Նույնիսկ Արտեմիսը այնտեղ կամ մեկ այլ վայրում ուներ Կորդաքս մականունը, որ նշանակում էր էլիսացիների և դորիացիների պարելու մի տեսակ։ Մեր լեզվով կորդակ նշանակում է «գլխանոց, սաղավարտ»՝ գուցե առնված օտար լեզվից։ բոլոր սարերում, և զգեստներն էլ փոխում էին ու հանգնվում սակերի նման անխտիր բոլորը՝ տերերը և ծառաները։ Եվ երբ կերուխում էլ էր հաջորդում, իհարկե, լինում էին նաև հեթանոսական անկարգություններ։ Եվ ըստ Ստրաբոնի՝ ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի եկվոր պաշտամունքասերներին և սա համարելով սրբազան արարողություն՝ հետո հարսնացնում էին նրանց՝ զգաստության Տիկնոջը մատուցելով այդպիսի մի անզգաստ պաշտամունք, թեպետ ասում են, որ հետագայում այդ նվիրյալները ապրում էին պարկեշտությամբ։ Գուցե այս երևույթի մի պատճառը կամ մեծ պատճառը Անահիտի՝ խնամակալության ու բեղմանվորության պաշտպան համարվելն էր։ Ըստ Ստրաբոնի՝ Փոքր Ասիայի հույների արձակաբարո ցեղերին (Զելա և Կոմանա քաղաքներին) մերձակա Անահտական գավառի մեջ էլ էր մտել համարձակությունը, բայց կամ ոչ միշտ, կամ ոչ ուրիշ կողմերում։ Տրդատի տված գաղափարը և Անահիտին <i>զգաստության մայր</i> կոչելը շատ է հեռու Ստրաբոնի գրածից, թեպետ և անհնար էլ էր, որ չաստվածը լիներ զգաստ և զգաստություն ներշնչող՝ քրիստոնեական ըմբռնումով։ Եվ «Հայսմավուրք»֊ի հեղինակն էլ պախարակում է Անահիտին՝ նրան կոչելով Արամազդի կին։ Պախարակում է նաև ս․ Գրիգորը․ «Խափանեաց զգարշելի անունն․․․ այլ մի՛ յիշեսցին զազրալիքն և չարաչար գարշութիւնք իւրեացն»։
 
 
Ինչպես որ վկայում են օտար պատմիչները (Պլինիուս, XXXIII, 24․ Դիոն, XXXVI, 5․ Ստրաբոն, XI, 4), հայոց մեծահարգի պաշտպամունքասիրության համեմատ՝ մեծահարգի էր նաև Անահիտի կռածոն, և այն հիշատակում են որպես առաջին ոսկեղեն անդրի, որ խնայեց այն կողմերի առաջին տիրակալ հռոմեացին՝ Պոմպեոսը, և թերևս պատվի արժանացրեց նաև ընծաներով, ինչպես արել էր Զելայում։ Բայց ագահ ու անգութ Մարկոս Անտոնիոսը այն կողոպտեց և հանձնեց զորքի ավարառությանն ու ավերմանը։ Հռոմեացիները պատմում են, որ նա, ով առաջինը ձեռք զարկեց Անահիտին, կուրացավ ու դարձավ անդամալույծ։ Ընդհակառակը, բոլոնիացի մի հարուստ զորական, Օգոստոս կայսերը մեծ խնջույքի հրավիրելով, պատմում էր, թե ինքն առաջինն է զարկել ու կոտրել ոսկեղեն անդրիի սրունքը և նրա փշուրներով է հոգացել այդ օրվա հրավերքը։ Բայց գուցե սա լինի Զելայի Անահիտը։
 
Սակայն հայոց Անահիտի պաշտամունքնասերները շինեցին ոսկեղեն մի նոր կուռք և կանգնեցրին Երիզայում, որի համար Տրդատը Գրիգորին հրամայում էր, «զի պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին»։ Իսկ Գրիգորը ասում էր․ «Զոր դուդ կոչես Մեծ Անահիտ Տիկին, լեալ իցեն արդեօք մարդիկ ոք յայնժամ երբեմն ժամանակի․ քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամ էին՝ ցնորիւք կերպս կերպս լինելով դիւացն, հաւանեցուցին զմեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել, որ ոչ իսկ են» և այլն։ Ինչպես պատմությունից բոլորը գիտեն, այն ժամանակ այս և այսպիսի խոսքերը Տրդատին թվացին շատ օտարոտի, բայց և տասներեք տարի անց այլ կերպ ազդեցին նրա վրա, և «զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերն Անահտականաց դիցն, և ամենեւին զտեղին քանդել վատնէին, և զոսկին և զարծաթն աւար առեալ» և եկեղեցու սեփականությունը դարձրին ոչ միայն կուռքերը, այլև մեհյանին նվիրվածները։ Այդ դրվատելով՝ Անանիա վարդապետը ասում է․ «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ, որ շքեղաճոխ նազանօք զօրացար ի վերայ պատկերացն դրօշելոց, և հարեալ խորտակեցեր զսնոտի պաճուճանս դիւանուէր և քաջապերճ պանծանաց Անահիտն տիկնոջ»<ref>Պրոկոպիոսը (Պատմություն պարսից պատերազմի, I, 17) Տավրիական Անահիտի պատկեր է համարում Երիզայի Անահիտը՝ կանգնեցված իբր Ագամենոնի որդւո և դստեր՝ Օրեստեսի ու Իփիգենիայի կողմից։ Մեկ այլ գրքում (Գոթերի պատերազմը, IV, 5) ասվում է, որ երկու մեհյանները՝ մեկը Արտեմիսի, մյուսը Իփիգենիայի, կոչվում էին Ոսկի Կոմանա և առանց շինվածքի փոփոխության վերածվեցին եկեղեցու։</ref>։ Ինչպես վերը հիշատակեցինք, Փոքր Հայքին սահմանակից Պոնտոսի Զելա ու Կոմանա քաղաքներում էլ կային Անահիտի մեծաժողով ուխտատեղիներ ու մեհյաններ (Ստրաբոն, XII, 3, 36-37)։ Ըստ Պրոկոպիոսի՝ Օրեստեսը նախ շինեց Կոմանայի մեհյանը և ապա փոխադրեց Երիզա։ Բայց հայերը բազմությամբ գալիս էին և՛ Կոմանա, և՛ Զելա, որտեղ հաղթվեցին ու ջարդվեցին սակերը, և որտեղ հաղթողները, մի հողաբլուր սարքելով, վրան հիմնեցին Անահիտի, Օմանի և Անադատի մեհյան ու բագիններ և հաստատեցին սակայն տոներ, որոնք մեծ շուքով կատարում էին տեղի բնակիչները։ Պոմպեոսն էլ ընդարձակեց տեղը և Զելան դարձրեց քաղաք, որը հետո համարվեց քրմերի սրբազան ու ազատ քաղաք, իսկ քրմապետը՝ թագավոր։ Սրանից ոչ միայն հետ չէր մնում նաև Եվդոկիայի (Թոքադ) մոտ գտնվող Կոմանան (Կյումենե), այլև զեխությամբ է՛լ ավելին էր, և այն նմանեցնում էին մինչև անգամ Կորթնոսի Աստղիկին։ Նույնը և մյուս Կոմանան Կապադովկիայում՝ Ջահանի կողմերում, որի չաստվածը անվանվում էր <i>Մա</i> կամ <i>Ենիոս</i> և քրմապետի իշխանության ներքո ուներ 6000 պաշտամունք մատուցող՝ տղամարդ ու կին, նաև մեհյանին շրջակա ընդարձակ տարածքներ և համարվում էր թագավորից հետո երկրորդը կամ նրա փոխանորդը, քրմերն էլ արքայազուններ էին համարվում։
 
Այս տեղի Անահիտի մեհյանը Տավրիկյան կոչվածն էր, որի կառուցողը՝ Իփիգենիան, սրան նվիրեց իր սգո մազերը, դրա համար էլ այն անվանվեց Կոմանա, որ հունարեն նշանակում է «գիսակ, գլխի մազեր» (чпмйпн, որից և՝ <i>կոմիսատ</i>՝ «վարսավոր», Comete՝ «գիսավոր»)։ Սրանք իր աչքով է տեսել ամասիացի մեծ աշխարհագիր Ստրաբոնը և նկարագրել է հավատարմությամբ։ Բայց ո՞վ կարող է հաստատել, թե մեհյանների հիմնարկողը կիսով չափ առասպելական Ագամենոնի դուստրն է։ Նոր ժամանակներում հին կրոնների մասին գրող Մորին (III, 183) իբր անտարակույս է համարում այն, որ Անահիտի պաշտամունքը հայերը մտցրին ոչ միայն Կապադովկիա, այլև Լիդիա։
 
Անկարելի է, որ իրենց բնիկ սահմաններից այդքան հեռու Անահիտին փայլեցնող հայերը իրենց կենտրոնում էլ նույնպես և գուցե ավելի չփայլեցնեին նրան։ Եվ ինձ շատ հավանական է թվում, որ Աշտիշատի երկրորդ՝ Ոսկեմայր Ոսկեծին դիքի մեհյանը, որի բագինն է Ոսկեհատը, լինի Անահիտի, թեև մի հին վարդապետ (Սիմեոն) այն համարում է Դեմետրինն ու Գիսանեինը։ Եթե կուռքն ու բագինը ոսկեձույլ չէին, գոնե ոսկեպատ էին։ Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը, Чсхупчьччпт ասելով, իմացնում է, որ <i>ոսկեհատը</i> ոսկեղեն հատիկներ են, որոնք, թվում է, թափել է ինքը՝ դիցուհին, կամ ինչպես Սաթենիկի հարսնության ժամանակ, «տեղ ոսկի տեղայր» (Խորենացի, Բ․Ծ)։ Հայոց այս Ոսկեմոր նման՝ բուլղարացիները իրենց լուսատուների ծնողներին անվանում են <i>Ոսկեմայր</i> (Զլոտնա մայիկա)։ Կեսարիայից վերադառնալիս ս․ Լուսավորիչը կործանեց նաև այս բագինն ու դրա վրայինը և այդտեղ կանգնեցրեց առաջին եկեղեցին՝ տոնի օր սահմանելով սահմի ամսի յոթերորդ օրը (հոկտեմբերի 15)։
 
Անահիտի մեհյանների տեղերը, կուռքերը ու նյութը բավական հայտնի են, իսկ ձևն ու նշանները՝ ոչ այնքան։ Եվ որովհետև համապատասխանում էր հույների Արտեմիսին, նրան էլ նման էր կարծվում։ Այժմյան հնագետները, արևելյան գլանաձև քարերի կամ ակների վրա տեսնելով մի դիցուհի՝ ուսին երկու կապաճ և ձեռքերին սուր ու մական, համարեցին, որ Անահիտն է, որովհետև եգիպտացիների Նիիթն էլ է կերպարանավորված աղեղնավոր ու նետավոր։ Հայտնի է հույների աղեղնավոր կամ որսորդ Արտեմիսը, որի համար էլ կոչվում էր Եղջերվահար։ Իսկ պարսից քանդակներում նրա գլխին երևում են գունդ և մահիկ, ձեռքին էլ՝ ծաղիկ։ Պարսկադեն գրքերը Անահիտին նկարագրում են որպես լանջագեղ, ոսկեպաճույճ, ոսկեղեն վերարկուով, քառամանյակով, գոտիով, ոսկեթիթեղ բոլորաձև գլխանոցով, իսկ պատմուճանը՝ կարված երեսուն քառածին ջրշների մորթիներից։ Այս վերջին ավանդության պատճառը այն է, որ ջրշունը կամ կուղբը չորս ձագ է ունենում կամ չորս ամիս հղի է լինում (<i>չադուրդ֊ծիծանադամ</i>)։ Ապա՝ Նահիտը ջրի դիցուհի էր կամ ոգի, իսկ կուղբը ջրում է բնակվում և ջրասույզ դևերի թշնամի է։ Ոմանք էլ այս կենդանու մորթու փայլունության պատճառով համարել են Անահիտին վայել զգեստին համապատասխանող։
 
Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է։ Բայց չենք կարող զանց առնել Ս․ գրքի նշանավոր հիշատակությունը՝ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, թե Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, և ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց՝ ասելով․ «Ո՞վ է ի մարդկանէ՝ որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքն՝ մեհենազարդ՝ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա և տիեզերք պաշտեն»։ Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը։
 
===Նանե===
 
Այս անունով հույները առասպելում են մի հավերժահարսի՝ Սանգարիս գետի դստերը, որը ծննդաբերության ոգի էր կամ զորություն։ Սկանդինավյան ազգերն էլ ունեին մի դիցուհի՝ Նաննա, որ Օդինոսի որդու՝ Բլադրի կինն է։ Բալդրը համարվում էր նրանց Ապոլոնը, և Նաննան, ըստ այսմ, մերձավոր էր հունական Աթենասին, որ Արամազդի ուղեղից ծնված կույս էր՝ իմաստություն, գիտություններ և արիություն ներշնչողը՝ նախկինում երբեմն էլ համարված ջրերի և շոգիների չաստված։ Հայերն էլ Նանեին էին համարում Արամազդի դուստր ու Աթենասի փոխնակ, որովհետև նրա ճարտարարվեստ անդրին, որ բերեց Արտաշեսը, և Թիլ ավանում տեղադրեց Տիգրանը, Ագաթանգեղոսը անվանում է Նանեական։ Գրիգոր Լուսավորիչը նախքան Կեսարիա գնալը կործանեց այն նրան մերձակա Անահիտ քրոջ հետ և տեղը գանձերով հանդերձ դարձրեց կառուցվելիք եկեղեցու սեփականություն։ Նանեն կամ Նանան՝ որպես չաստվածների մայր, ծանոթ էր նաև այլ ասիացիների, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ» (Նանե, Նինե)։ Թիլ ավանից զատ՝ Հայաստանի ոչ մի վայրում Նանեի մեհյան չի հիշատակվում։ Երիզայի Անահիտից վերոհիշյալի տարբեր լինելը անտարակույս է, բայց օտարները սրան երբեմն շփոթում են Արտեմիսի, երբեմն էլ՝ Կիբելեի հետ, մանավանդ այնտեղ, որտեղ Ս․ գրքում հիշատակվում են չաստվածներ, ինչպես հիշատակվում է (Ա․ Մակաբայեցիների, Զ, 1) Ելիմայիսի կամ, ըստ մեզ, Լիմնոսի մեհյանը, որ էր «մեծագանձ յոյժ, և կուռք ոսկեղէնք ձուլվածոյք մեծամեծք ի նմա»։ Եվ հիրավի, Անահիտը սրանց գլխավորն էր։ Իսկ Պարսկաստանում եղածի մասին հիշատակածը (Բ․ Մակաբայեցիների, Ա, 13, Թ, 12), ըստ մեր թարգմանության, Նանեն է, որի գանձերը կողոպտել էր ուզում Անտիոքոսը, բայց նրա «անհամար զօրքն անկան կործանեցան շուրջ զՆանեայ տաճարաւն», որ գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաքում, որ Պասարգատն էր։ Ըստ Պլուտարքոսի վկայության՝ սրանց Նանեն հաղթության չաստված էր, և նրա տաճարում էին պսակադրվում թագավորները․ և ըստ այսմ ևս՝ զուգորդվում է հույների Աթենաս֊Պալլասի հետ։
 
===Աստղիկ===
 
Հայոց երրորդ դիցուհին է՝ մեծարված ավելի, քան երկրորդը (Նանեն), թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինը, որովհետև թեև ոմանք Աստղիկին էլ են համարում Արամազդի դուստր, բայց Անահիտի հետ շփոթելով են այդ անում։ Ազգային ավանդությունը Աստղիկին՝ սեփական հայկական անվամբ և օտարներին ոչ նման համարում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո, ինչպես և իր եղբայրը՝ Մանիտոնը։ Թե սրանց հայրը հայոց առասպելներում ինչ անունով էր կոչվում, հայտնի չէ։ Եվ եթե նույնպես հայտնի կամ ընդունելի չէ Նոյի դուստրը լինելը, հավանական է, որ լինի մի հին նահապետի դուստրը՝ իրական անձ և ոչ մտացածին մեկը։ Բերոսոսյան Սիբիլլան (Խորենացի, Ա․ Զ) Աստղիկին համարում է Քսիսուսթրոսի, որ նույն Նոյն է, դստեր դուստր և նկարագրում է, որ հաշտարար էր իր եղբայրների՝ Տիտանի և Հաբեթի՝ Զրվանի դեմ ունեցած կռվի ժամանակ և վերջինի զավակներից մի քանիսին փրկելով՝ տարավ֊ձգեց Օլիմպոս լեռան վրա, ինչի համար էլ կոչվեց <i>դիցընկեց</i>։ Բայց հայերը ավելի հաշտ են ցույց տալիս եղբայրներին ու քրոջը, որը նրանց հավասար ժառանգեց մի երկիր հարավային կողմում՝ ըստ ոմանց՝ Երջանիկ Արաբիան։ Սակայն իրենց Աստղիկին չեն թողել այդքան հեռու գնալ, այլ պահել են Տարոնի կողմերում, որտեղ առաջ բնավկում էին նաև եղբայրները։ Այնտեղ է Աստղնաբերդը կամ Աստղիկի բերդը՝ համառոտելով Ասղնաբերդ կոչված, որը կառուցել է տվել նույն ինքը՝ Աստղիկը, որ ասում են, իր Զրվան եղբոր ապահովության համար․ հետագայում՝ պատմական ժամանակներում, կոչվել է Մոկաց բերդ և գտնվում է Մուշի արևելյան կողմում, իսկ արևմտյան կողմում՝ Հաշտենից գավառի մոտ, կա մեկ այլ Աստղբերդ։ Անշուշտ, Անահիտի պես սա էլ լեռների վրա ուներ այլևայլ աթոռներ։ Հիշվեց նաև Պաշատ լեռան վրա գտնվող նրա կուռքը կամ պատկերը, որ գտնվում էր Արամազդի կուռքի մոտ, որի հետ և կատարում էին նրա տոնը Նավասարդին՝ ամանորին։ Արտաշես Բ֊ն, Վանի կողմերում իր համար զբոսարաններ շինելով, Արտամետի մոտերքում կանգնեցրեց Աստղիկի տաճարը, որի պաշտամունքը շատ սիրող են թվում ինքն էլ, իր ընտանիքն էլ։ Եվ նրա Սաթենիկ տիկնոջ մասին ասվում է, թե իր ազգակից Սուքիասեցն քրիստոնեական քարոզը լսելուց հետո իսկ չկարողացավ բաժանվել Աստղիկի պաշտամունքից։
 
Այս դիցուհու գլխավոր մեհյանը գտնվում էր Հաշտիշատում։ Այն մեկն էր երեքից, որոնք մեկ անունով կոչվում էին <i>վահեվահյան</i>, և որոնցից մեկն էլ վերոհիշյալ Ոսկեծին Ոսկեմայր Անահիտի մեհյանն էր։ Իսկ Աստղիկինը առանձին կոչվում էր Սենյակ Վահագնի․ վերջինիս էլ նվիրված էր երրորդը։ Այս երկուսի պատկերների՝ Հունաստանից բերված լինելու պատչառով նրանց Հերակլեսը հայերի մեջ Վահագն համարվեց, իսկ Ափրոդիտեի անդրին՝ Աստղիկինը։ Սրանց՝ իբրև իր սիրելիների, Տիգրանը դնել տվեց իրար մոտ (Խորենացի, Բ․ ԺԴ), և այնուհետև այս երկու դիցուհիների գաղափարները միացան, և Աստղիկը համարվեց ցանկասիրության գարշելի չաստված, որին նրա սիրեկանի և Անահիտի հետ մեկտեղ ավերեց ու անհետացրեց ս․ Գրիգորը ու դրանց տեղում կառուցեց Աշխարհամատրան տաճարը։ Ագաթանգեղոսը այսպես է նկարագրում այդ մեհյանի բնաջնջվելը ու իբր աներևույթ լինելը՝ ինչպես գուշակվում է, այնտեղ կատարված անառակ պաշտամունքն ու հանդեսները մոռացնել տալու համար, ինչպես Վարդան վարդապետն է երգիծաբանելով ասում Լուսավորիչին ուղղված ներբողում․ «Աստղիկ՝ զբոզութիւնն առեալ փախչէր առ նմանիս իւր»։ Լամբրոնացին էլ 67֊րդ սաղմոսի մեկնության մեջ, «որպէս պակասի ծուխ» և այլն, այդպես էլ Քրիստոսի հրի զորությամբ ջնջված է համարում․ «Զի թէ ոչ էր պակասեալ, զբազում ամաց մեհեանն շինեալ Վահեւանեան Դիցն, և դիւօքն ի մարդկային հնարից պարսպեալ, Ս․ Գրիգոր՝ ո՞րպէս մի տեառնագրելովն՝ կործանեալ անհետ արար»։ Մեկ այլ տեղում էլ (Ձ, 14) գրում է․ «Ս․ Գրիգոր՝ զի ձգեաց զձեռն ի Վահեւանեանն մեհեան, և իբրեւ զոչինչ՝ զամենայն զդեւսն ցրուեաց»։
 
Մինչ հունական խայտառակ անդրիների բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևույ, և ըստ անունի՝ լուսավոր ու պայծառ մի էակ կամ իր էր՝ հավանորեն Արուսյակը՝ նման հռոմեացիների Venus-Urania կոչվածին։ Հետագայում դարձավ ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ, որոնց հայտարան են և՛ նրա նկարագրությունը որպես <i>ոսկեծղի</i> և <i>վարդամատն</i>, ինչպիսին էին հույների Արշալույսն ու Հերան, և՛ Ափրոդիտեին նվիրված վարդը, որ և հայերն էին վիրում իրենց Աստղիկին՝ Վարդավառ ասելով ու անելով և տարեվերջին՝ Ավելյաց օրերին, որ օգոստոսի սկիզբն է, կատարելով իրենց Բարեկենդանի մեծամեծ հանդեսները, երբ Հայաստանի բարձրավանդակներում դեռ առկա էր գարնանային զովությունը։ Վանական վարդապետը որոշ շփոթությամբ (գրվածքի սխալ օրինակումից) ասում է, որ այս տոնը Քրիստոսի խաչելության հիշատակից 40 օր առաջ էր, իսկ քրիստոնյաները այն դրեցին Այլակերպության տոնից 40 օր հետո՝ խափանելով Աստղիկի և Հեփեստոսի կամ Միհրի պիղծ տոները և դրանց հետ մեկտեղ՝ արեգակի ու լուսնի կրոնական հիշատակները։ Ասվում է, որ ինքը՝ ս․ Գրիգոր Լուսավորիչը, պատվիրեց այս հեթանոսական մեծապայծառ տոնը փոխարինել Թաբոր լեռան վրա Քրիստոսի ամենապայծառ երևումով։
 
===Միհր, Միթրա===
 
Այս անունը պարսկական հնչում ունի։ Վերջին մասը հիշեցնում է հայերեն <i>հուր</i>֊ը, ինչպես ինքն էլ համարվում էր հրի ու արեգակի չաստված։ Նույն էր և հույների Հեփեստոս կոչվածը։ Եվ առավել, քան շատ չաստվածներինը, նրա պաշտամունքը տարածված էր և՛ արևելքում, և՛ արևմուտքում։ Այս վերջին (Եվրոպական) մասում՝ ոչ միայն հույների ու հռոմեացիների կողմերում, այլև Գերմանիայում, գտնվում են <i>միհրական</i> կոչված քանդակներ։ Մինչև իսկ իսլանդացիների գերագույն չաստվածը կոչվում էր <i>Մաեդր֊աս</i>։ Արևելքում Միհրի պաշտամունքի նշաններ կան Փոքր Ասիայից մինչև Հնդկաստան։ Այս մեծ աշխարհում Միդրա էին անվանում <i>արեգակը</i> կամ մեկը 12 արեգակնազուններից, որոնք կոչվում էին <i>ատիդիյաս</i>։ Մեր 5֊րդ դարի մատենագիրների՝ Եզնիկի, Եղիշեի, Խորենացու ըթերցողները հիշում են սրանց գրածները և պարսից Միհրի ինչ լինելու բացատրությունը։ Նրանցից առաջ դրա մասին հիշատակում են նաև սուրբ հայրերը, մանավանդ Գրիգոր Աստվածաբանը, որի ճառերի մեկնիչ Նոննոսը գրում է․ «Միթրոս կարծի ի Պրասիցն՝ Արեգակն գոլ, և զոհս առնէին նմա և կատարէին․ արդ ոչ կարէ ոք ձօնել նմա՝ եթէ ոչ յառաջագոյն ընդ աշտիճանսն տանջանաց անցանիցէ, և աշտիճանքն են թուով ութսուն»։ Հայտնի է, որ աստիճանակարգերը, ինչպես որ կան նաև այլ կրոնների ու աղանդների մեջ, զուգորդվում են նոր ժամանակների աշակերտության կամ նվիրապետության կարգերին՝ մեկը մյուսից բարձր՝ ըստ հետևողների իմացության և կրթության։ Նույն հեղինակը մեկ այլ տեղում ասում է․ «ԶՄիթրոսէ այլեւայլ տան կարծիս․ քանզի Արեգակն զնա գոլ ասէին, ոմանք վերատեսուչ Հրոյ, և այլ յատուկ ինչ գոլ զօրութիւն․ լինէին և Միթրոսի տելէդք ոմանք [պաշտօնասէրք], և մանաւանդ առ ի Քաղդէացւոցն․ քանզի որք սովաւ կատարեալ կամէին լինել՝ տանջանաց կարօոտանային, ըստ աստիճանաց ի վեր ելեալք, ի թեթեւագունիցն տանջանացն սկսեալ՝ ի դժնդակագոյնսն կատարէին․ յառաջագոյն՝ սովով ճնշել զանձինս՝ իբրեւ աւուրս 50․ և յայնմ ժուժկալք՝ ի քերանս արկանէին աւուրս երկու, ապա ի ձեան կացուցանէին աւուրս 20․ յետոյ ի հուր անցուցանէին․․․ և զչարըմբերն որ կատարեալն եղեւ՝ հատուցել այնուհետեւ ի կատարելագոյն տելետն [կարգէին]»։
 
Վերոհիշյալ միհրական քանդակները (Mithriaques) Միհրին կերպարանավորում են որպես հայագդակ կամ փռյուգագդակ երիտասարդ՝ քարայրի մեջ ծնկով կռթնած կամ հեծած մի ցուլի, որին ուզում է մորթել․ ցուլի ներքին անդամներին կպած են օձեր, կարիճներ, մրջյուններ․ մոտը կա մի շուն, վերևում՝ մի քաջ՝ ձեռքին երկու ջահ՝ մեկը վեր պարզած, մյուսը դեպի վար։ Այս ամենը ցույց են տալիս տարվա եղանակները՝ արևի շրջանով, գիշերն ու ցերեկը։
 
Զրադաշտական կրոնում Միհրը Որմիզդի ծնունդ էր՝ ոչ չաստված, այլ ազատ և ազատների գլխավորը, Որմիզդի ու Ահրիմանի միջնորդը։ Բայցհետո ոչ միայն չաստված համարվեց, այլև գրեթե բովանդակ աստվածություն, բայց այլանդակ կերպով աստվածացված, ինչպես ծաղրանքով ասում էին մեր հայրերը պարսից վզրուկ Միհրներսեհին պատասխանելիս․ «Եւ ոմն քաջ ի ձերոց իմաստնոցն ասաց, եթէ Միհրն աստուած մայրածին է ի մարդկանէ և թագաւոր աստուածազաւակ է, և համհարզ քաջ եօթներորդաց»։ Ավելորդ եմ համարում այս առասպելաց առասպելները քննել, քանզի սրանք հին պարսից և հայոց հավատքը չէին, այլ Սասանյաններինը։ Իսկ հները, ինչպես արդեն ասացինք, Միհրին համարում էին արեգակի, կրակի, եղանակների տեսուչ ոգի, որին նվիրված էին մարտ ամիսը, նաև ամիսների 16-րդ օրը և մի քանի այլ տոնական օրեր։
 
Ինչպես հիշված չաստվածների հավատքն ու կերպարանքը այլայլվեցին կամ խառնվեցին հունականին, երբ սրանց կուռքերը բերվեցին Հայաստան, այնպես էլ Հեփեսոսը զուգորդվեց Միհրի ու հռոմեացիների Վուլկանի հետ ու դարձավ Արամազդի որդին գուցե «ոչ բնութեամբ՝ այլ կոչմամբ», ինչպես ասում է Նոննոսը Միհրի նվիրյալների մասին։ Այս արեգակնային հրային չաստվածի կուռքը կանգնեցվեց Բագառիճում՝ Եկեղյաց և Դարանաղյաց գավառներին սահմանակից Դերջան գավառում, որտեղ, ինչպես գյուղի անունից է գուշակվում, կային նաև այլ կուռքերի բագիններ։ Եվ ս․ Գրիգորը «գայր հասանէր ի Մրհական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, և․․․ ի հիմանց բրեալ խլէին, և զգանձս մթերեալս աւար հարկանէին, և աղքատաց բաշխէին, և զտեղինս նուիրէին եկեղեցւոր»։ Ներկայումս ենթադրում են, որ այս մեհյանի տեղը նույն անունը կորղ գյուղում բարձրացած քարաբլուրի արևելյան կողմում է, որտեղ փորված են երեք փոքրիկ քարանձավներ, դրսում էլ՝ գավիթ։ Բլուրի գագաթին, որտեղ բուն բագինն է եղած համարվում, երևում են հիմքերի նշաններ։
 
Միհրի տոնի ժամանակը մեր ազգակիցները չեն հիշատակում, բայց թվում է, թե արեգ ամիսն է, որ համապատասխանում է պարսից միհր ամսին։ Արևմուտքում՝ գոնե Իտալիայում, տոնը կատարվում էր դեկտեմբերի 25֊ին․ դրա փոխարեն ուղղահավատները այդ օրը նվիրեցին Քրիստոսի ծնունդին, որի մարդեղության օրը զուգադիպում է գարնանամուտի օրերին։ Միհրի պաշտամունքասիրության՝ նրա հավատքից հետո էլ մնացած նշանակ են նրա անունից բարդված հատուկ անձնանունները Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ինչպես՝ Միհրան, Միհր֊Ներսեհ, Միհրանշապուհ, Միհր֊Արտաշես, Միհրազատ, Միհրիշատ, Միհրհորիկ և այլն։
 
===Տիր===
 
Թեպետ սա հիշյալ չաստվածների պես հաճախ չի հիշատակվում, բայց և աննշան չէ թե՛ արևելցիների և թե՛ հյուսիսցիների մոտ, թեև այլևայլ կերպով է ճանաչվում։ Համապատասխանում է հույների Ապոլոն և Հերմես դիքերին։ Կելտերի ու սկանդինավցիների մոտ Տիրը կամ Տյուրը (Tyr) պատերազմի ոգի է, ինչպես և Տին է ֆրիզների մոտ, Զիոն՝ շվեդների մոտ։ Մեր լեզվում Տիր անունը նշանակում է «ուժ, պնդություն, քաջություն»։ Պարսիկները <i>Տիր</i> են կոչում նետը և, ըստ աստղաբաշխության, Փայլածու մոլորակն ու Դաշդեր աստղը, ինչպես և երկրի արևելյան կողմի պահապան ոգուն, նաև ամիսների՝ տոներով հանդերջ <i>տիրական</i> կոչվող 13֊րդ օրվա և ամբողջ դեկտեմբեր ամսվա պաշտպանին, ինչպես հայերիս մեջ էլ տարվա 4֊րդ ամիսը կոչվում է <i>տրե</i> կամ <i>տրյա</i>։ Մեր դրացիները Տիրին ճանաչում էին նաև որպես ամպերի ու անձրևների համար հոգացողի։ Բացի ամսանուններից՝ ունենք նաև Տրյա գյուղ և Տիրառիճ գյուղ, Տիրինկատար լեռ, որը հիշատակեցինք որպես Անահիտին նվիրված, նաև մարդկանց շատ հատուկ անուններ՝ Տիրան, Տիրոց, Տրդատ, Տիրատուր և այլն։ Այս ամենը հայտնի է դարձնում, որ հայերի մեջ Տիրը ուներ բավականին տարածված պաշտամունք և համարվում էր գիտությունների, դպրության, պերճախոսության պաշտպան ու ներշնչող։ Հունաստանից բերված Ապոլոնի պղնձաձույլ, ոսկեզօծ անդրին, որ դրված էր Արմավիրում և ապա Արտաշատում, Ագաթանգեղոսը կոչում է <i>Տիր</i> կամ <i>Տյուր</i>, իսկ վայրը համարում է քաղաքից դուրս՝ քաղաքադռան մոտ՝ ճանապարհի վրա, և հատկությունը՝ «դիք դպրի գիտութեան քրմաց», մեհյանն էլ «անուանեալ դիւան գրչի Որմզդի ուսման ճարտարութեան մեհեան»։ Որքան էլ այս բառերի շարքերը փոքր֊ինչ շփոթում են իմաստը, բավարար են ահյտնի դարձնելու, որ գիտությունների խնամակալ էր և Արմազդրի դպիր, ինչպես որ հույների Հերմեսը և հռոմեացիների Մերկուրին Դիոսի պատգամավորն ու դպիրն էին, և պարսից Դիք֊Քելեքը բախտի, երկրագնդի ու գիտությունների ոստիկանն էր։
 
«Գործք Առաքելոց» սրբազան գրքում էլ, որտեղ հիշատակվում է Հերմեսը (որին իր ճարտարախոսության համար հեթանոսները նմանեցրին Պողոս առաքյալին), մեր ձեռագրերի մի մասին լուսանցքում գրված է <i>Տիր դիք</i>։ Հերմեսը ոչ միայն ճարտարախոս էր, այլև հնարախոս կամ պատգամախոս, յուրաքանչյուրի կարիքի համար բան ասող, միով բանիվ՝ հարցուկ և տարակույսներ լուծող ու երազներ մեկնաբանող, որի համար էլ հունարեն կոչվում էր ´Пнейсьрпмрпт կամ ЙгЮфщс ´пнеЯсщн, ինչը բացատրում է Ագաթանգեղոսը՝ Տիրի մասին ասելով․ «Երազացոյց երազընդհան պաշտօն Տիւր դից»։ Այս է պատճառը, որ մեհենատեղին էլ կոչվեց Երազմույն։ Եվ քանի որ գտնվում էր մայրաքաղաքի դռան մոտ, ճշմարիտ Աստծուն հայերիս հավատալու պատճառով նախ սրան «արկեալ ձեռն՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին․․․ ուր և երեւեալ կերպարանօք դիւացն ի նմանութեան առն և ձիոյ բազմութեան և կազմութիւն գնդի և հետեւակազօր մկնդաւորք և սունաւորք, առաջի ընթացեալք ի կերպարանս մարդկան նմանութեան, նիզակօք և նշանօք ի զէն և ի զարդ վառեալք, մեծաւ գոչելով զաղաղակ հարեալք՝ փախստեայք յԱնահտական ի մեհեանն անկանէին․ ուստի՝ ընդ հասեալսն մարտ եդեալ կռուէին, նետս անոյժս և քարավէժս թանձրաթափ ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին․ զոր փոքր սակաւ մի զարհուրեցուցեալ զնորահաւատս մարդկանն։ Իսկ Ս․ Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ նշան տէրունական առնէր․ և դիմեալ՝ ի դուռն մեհենին, և ամենայն շինուածք մեհենին ի հիմաց դղրդեալ տապալեցան․․․ և ամեայն դեւքն ի փախուստ դարձալ առաջի մարդկանն՝ երեւացան զօձիս արկեալ և զճակատս հերալ, և զճիկ բարձալ մեծաձայն գոչելով ասէին, թե վա՜յ մեզ․ զի յամենայն երկրէ փախստական արար զմեզ Յիսուս՝ որդի Մարիամու․․․ արդ ի յո՞ դիմեալ փախիցուք․․․ երթաք մեք ի բնակիչս լերինն Կաւկաս․․․ Եւ զյաս ասացեալ․․․ սեւագունդ դիւացն՝ աներեւոյթք եղեալ չքոտեալք ի տեղւոյն՝ իբրեւ զծուխ պակասեցան», և այլն։ Փոխանակ «մարդակերպ դևեր»֊ի՝ փախչողները պիտի կոչվեն <i>դիվակերպ մարդիկ, խաբեբա քուրմեր</i>, որոնց դիզած գանձերը տրվեցին աղքատներին ու եկեղեցուն․ երազացույցն էլ երազի պես ցնդեց։
 
Նշանավոր է, որ մեր ու պարսիկների մեջ Տիրի՝ գիտության դիք համարելու պես մոգերին <i>տրի</i> կամ <i>տրա</i> են անվանում նաև սաքսերը։ Արդյոք կելտերի <i>դրուիդ</i>֊ը (Druide<ref>Ոմանք սա համարում եմ Drew կամ <i>դերու</i> բառից, որ կաղնին է․ իբր պաշտամունքավարները ապրում էին կաղնի ծառերի կամ անտառների մեջ։</ref>) և սկանդինավցիների Derot֊ը, որ նշանակում են «քահանա և գիտուն», <i>տրի</i>֊ից չե՞ն ծագել։
== Ծանոթագրություններ ==
<references>