Այդպիսի շավիղներ ու նեղլիկ բացատներ շատ պատահեցին նրանց, որտեղ նապաստակները ճոճվում էին վերևը օդում, և գայլերի այդ զույգը հետազոտում էր բոլորին էլ։ Էգը միշտ էլ առաջից էր գնում, իսկ Միակնանին հետևում էր նրան, դիտում ու սովորում, թե ինչպես պետք է կողոպտել թակարդները։ Եվ այդ ուսումնառությունը հետագայում լավ ծառայություն մատուցեց նրան։
=== Գլուխ II։ Որջը ===
Երկու ցերեկ ու երկու գիշեր էգ գայլն ու Միակնանին թափառում էին հնդկացիների ավանի շուրջը։ Միակնանին անհանգստանում էր ու երկնչում, իսկ էգին ավանը ինչ-որ բանով քաշում էր, ուստի և սա ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ։ Բայց երբ մի անգամ, առավոտյան, նրանցից շատ քիչ հեռու, օդում կրակոց որոտաց, և գնդակը դիպավ ծառին՝ Միակնանու գլխից ընդամենը մի քանի մատնաչափ հեռու, գայլերն այլևս չերկմտեցին և երկար ու հավասար ոստյուններով ճանապարհ ընկան՝ արագությամբ ավելացնելով իրենց ու վտանգի միջև եղած տարածությունը։