== Գլուխ IV։ Անվրեպ մահ ==
Սիրուն Սմիթը հանեց նրա շղթան ու ետ քաշվեց։ Եվ իր կյանքում առաջին անգամ Սպիտակ Ժանիքը իսկույն չխոյացավ մարտի մեջ։ Նա կանգնել էր ասես քարացած, ականջները տնկած և հետաքրքրությամբ զննում էր իր առաջ կեցած տարօրինակ արարածին։ Այդպիսի շուն երբեք չէր տեսել նա։ Թիմ Քինենը բուլդոգին մղեց առաջ ու ասաց. — Բոնի՛ր դրան։ Գետնամած, անդյուրաթեք շունը երերաքայլ պտտվեց շրջանի մեջտեղը և աչքերը թարթելով՝ կանգ առավ Սպիտակ Ժանիքի դիմաց։ Բազմությունից ոմանք գռռացին. — Բռնի՛ր դրան, Չերոկի։ Մի լա՜վ հասցրու դրան։ Բռնի՛ր, բռնի՛ր դրան։ Բայց Չերոկին ըստ երևույթին կռվելու նվազագույն ցանկություն իսկ չուներ։ Նա շրջեց գլուխը, նայեց գոռացող մարդկանց և բարեհոգի կերպով խաղացրեց կարճլիկ պոչը։ Չերոկին Սպիտակ Ժանիքից չէր վախենում, պարզապես ալարում էր կռիվ սկսել։ Բացի դրանից, նա հավատացած չէր, թե պետք է մարտնչել իր առաջ կանգնած շան հետ։ Չերոկին վարժված չէր հանդիպելու այդպիսի հակառակորդների և սպասում էր թե իսկական մարտիկ ե՛րբ կհանեն իր դեմ։ Թիմ Քինենը մտավ շրջան և կռանալով բուլդոգի վրա՝ սկսեց շոյել մազերին հակառակ ու թեթևակի առաջ հրել նրան։ Այդ շարժումները պետք է գրգռեին Չերոկիին, և դրանք ոչ միայն գրգռեցին, այլև կատաղեցրին նրան: Լսվեց մի ցածրաձայն խուլ մռնչյուն։ Մարդու ձեռքերի շարժումները ճշգրիտ համընկնում էին շան մռնչոցին։ Երբ ձեոքերը Չերոկիին հրում < < էջեր 156֊157 > > նությունը՝ փրկեց իրեն միայն անսպասելի ոստյուն կատարելով դեպի հակադիր կողմը։ Ժամանակն անցնում էր։ Սպիտակ ժանիքը պարում ու պտտվում էր Չերոկիի շուրջը՝ ստեպ֊ստեպ կծելով նրան և անմիջապես մի կողմ նետվելով։ Իսկ բուլդոգը մռայլ համառությամբ շարունակում էր վազել նրա հետևից։ Վաղ թե ուշ, մեկ է, նա իր ուզածը կանի և բռնելով Սպիտակ Ժանիքի կոկորդը, կլուծի գոտեմարտի ելքը։ Իսկ հիմա այլ բան չէր մնում անել, եթե ոչ համբերությամբ կրել հակառակորդի հարձակումները։ Նրա կարճ ականջները կախվել էին ծոպերի նման, վիզն ու ուսերը ծածկվել էին բազմաթիվ վերքերով, և նույնիսկ շրթունքները պատառոտված էին ու արյունաշաղախ, իսկ այդ ամենը արել էին Սպիտակ ժանիքի կայծակնային խածումները, որոնք չէր կարելի նախատեսել և որոնցից կարելի չէր խուսափել։ Շատ անգամ Սպիտակ Ժանիքը փորձեց գետին տապալել Չերոկիին, սակայն հասակների տարբերությունը շատ մեծ էր։ Չերոկին ամրակազմ Էր ու գետնին կպած։ Եվ այս անգամ բախտը դավաճանեց Սպիաակ Ժանիքին։ Ոստոստելով ու հոլի պես պտտվելով Չերոկիի շուրջը՝ նա գտավ մի հարմար պահ, երբ հակառակորդը չկարողանալով ընդոստ պտույտ գործել գլուխը տարավ մի կողմ և ուսը թողեց անպաշտպան: Սպիտակ Ժանիքը նետվեց առաջ, բայց նրա սեփական ուսը բավական բարձր մնաց հակառակորդի ուսից, և չկարողանալով կանգ առնել ամբողջ թափով թռավ նրա մեջքի վրայով։ Եվ Սպիտակ Ժանիքի մարտական գործունեության ամբողջ ընթացքում մարդիկ ականատես եղան, թե ինչպե՛ս «մարտական գայլը»՝ չկարողացավ ոտքի վրա կանգնած մնալ։ Նա կատվի նման պտտվեց օդում և հենց այդ էլ չթողեց, որ ընկնի մեջքին։ Սպիտակ Ժանիքը շրմփաց կողքի վրա և հաջորդ ակնթարթին էլ վեր թռավ, բայց Չերոկիի ատամներն արդեն խրվել էին նրա կոկորդը։ Այնքան էլ հաջող չէր բռնված նրա կոկորդը՝ ցած էր, կրծքին մոտ, բայց Չերոկին ծնոտները չէր բացում։ Սպիտակ Ժանիքը նետվում էր այս ու այն կողմ՝ ջանալով դեն գցել բուլդոգին իր վրայից։ Իր հետ քարշ եկող այդ ծանրությունը կատաղեցնում էր նրան. կաշկանդում էր նրա շարժումները, զրկում ազատությունից, կարծես ընկել էր թակարդը։ Նրա բնազդը ըմբոստանում էր դրա դեմ։ Խելքը կորցրել էր նա։ Կյանքի ծարավն էր համակել նրան։ Մարմինը տիրակալորեն ազատություն էր պահանջում։ Ուղեղն ու բանականությունը չէին մասնակցում այդ պայքարին, նահանջել էին ապրելու, շարժվելու կույր ձգտումից, նախ և առաջ շարժվելու ձգտումից, որովհետև հենց դրա մեջ էր արտահայտվում կյանքը։ Առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու Սպիտակ Ժանիքը պտտվում էր, ցատկում առաջ ու ետ ջանալով դեն գցել վզից կախված հիսուն ֆունտանոց բեռը։ Իսկ բուլդոգի համար կարևոր էր միայն մի բան՝ ծնոտներր չբացել։ Շատ հազվադեպ, երբ կարողանում էր մի ակնթարթ թաթերը դիպցնել գետնին, նա ջանում էր դիմադրել Սպիտակ ժանիքին և իսկույն էլ մի շրջան էր գծում օդում՝ ենթարկվելով խելացնոր հակառակորդի յուրաքանչյուր շարժմանը։ Չերոկին վարվում էր այնպես, ինչպես հրամայում էր նրան բնազդը. գիտեր, որ ճիշտ է վարվում, որ չի կարելի ծնոտները թուլացնել, և մերթ֊մերթ հաճույքից ցնցվում էր։ Այդ պահերին նա նույնիսկ փակում էր աչքերը և հաշվի չառնելով ցավերը՝ թույլ էր տալիս Սպիտակ Ժանիքին թափ տալ իրեն մերթ աջ, մերթ ձախ։ Այս ամեմը նշանակություն չուներ. հիմա Չերոկիի համար կարևոր էր մի բան՝ ատամները չբացել, և նա չէր բացում։ Սպիտակ ժանիքը դադարեց այս ու այն կողմ նետվել, երբ վերջնականապես ուժասպառ եղավ։ Նա արդեն ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Իր ամբողջ կյանքում երբեք առիթ չէր ունեցել այդպիսի բան զգալու։ Այն շները, ում հետ կռվել էր մինչև այդ, բոլորովին այլ կերպ էին վարվում։ Նրանց հետ պետք էր գործել այսպես՝ բռնել, ատամներով պատռել, ետ ցատկել, դարձյալ բռնել, ատամներով պատռել ու ետ ցատկել։ Սպիտակ Ժանիքը կիսապառկած էր դետնին և ծանր շնչում էր։ Չերոկին, առանց ատամները թուլացնելու, ամբողջ մարմնով ընկել էր նրա վրա ու ճգնում էր մեջքի շրջել։ Սպիտակ Ժանիքը դիմադրում էր ու զգում, որ բուլդոգի ծնոտները ասես ծամելով իր մորթին՝ հետզհետե վեր են բարձրանում։ Րոպե առ րոպե դրանք մոտենում էին կոկորդին։ Բուլդոգը հաշվով էր գործում։ Ջանալով բաց չթողնել իր բռնածը՝ նա օգտագործում էր նվազագույն հնարավորությունը, որպեսզի ավելի շատ բռնի։ Այդպիսի հնարավորություն ունենում էր նա, երբ Սպիտակ Ժանիքը պառկում էր հանգիստ, բայց հենը որ նա սկսում էր դուրս պրծնել, բուլդոգն անմիջապես սեղմում էր ծնոտները։ Սպիտակ Ժանիքը դունչը կարող էր հասցնել միայն Չերոկիի վզակոթին։ Նա ատամները խրեց նրա ուսից վեր, բայց վերուվար անել, ասես մաշկը ծամելու համար, չկարողացավ, այդ եղանակը ծանոթ չէր նրան, մանավանդ որ նրա ծնոտներր վարժված չէին այդպիսի սեղմումի համար։ Նա ատամներով ջղաձգորեն պատառոտում էր Չերոկիին ու մեկ էլ զգաց, որ իրենց դիրքը փոխվել է։ Չերոկին գցեց նրան մեջքի վրա ու դեռ ծնոտները չբացելով՝ հակառակորդի վրա կանգնելու ճարը գտավ։ Սպիտակ Ժանիքը ծալեց հետևի ոտքերը և կատվի պես սկսեց ճիրաններով պատառոտել իր թշնամուն։ Չերոկին ենթարկվում էր փորը ճեղքվելու վտանգին և փրկվեց միայն նետվելով մի կողմ՝ Սպիտակ Ժանիքի նկատմամբ ուղիղ անկյուն կազմելով։ Նրա ծնոտների սեղմումից ազատվելն անիմաստ էր․ դա կաշկանդում էր նրան ճակատագրի անողոքությամբ։ Չերոկիի ատամները դանդաղորեն շարժվում էին վեր, երակի երկայնքով։ Սպիտակ Ժանիքին մահանալուց զերծ էին կացուցում միայն մորթի լայն ծալքերը և վզի խիտ մազերը։ Չերոկին նրա մորթիով ամբողջովին խցկել էր բերանը, բայց դա չէր խանգարում նրան օգտվելու նվազագույն հնարավորությունից և էլ ավելի ներս առնելու։ Նա խեղդում էր Սպիտակ Ժանիքին, որի համար շնչելը րոպե առ րոպե դժվարանում էր։ Ըստ երևույթին պայքարը մոտենում էր վախճանին։ Չերոկիի վրա գրազ եկած մարդիկ հիացմունքից խելահեղ հսկայական գրազներ էին առաջարկում։ Սպիտակ Ժանիքի կողմնակիցները ընկճվել Էին և հրաժարվում էին մեկի դիմաց տասը և մեկի դիմաց քսան դնելուց։ Սակայն եղավ մեկը, որ գրազ եկավ մեկի դիմաց հիսուն։ Սիրուն Սմիթն էր դա։ Նա մտավ շրջանի մեջ և մատնացույց անելով Սպիտակ Ժանիքին՝ սկսեց արհամարհանքով ծիծաղել նրա վրա։ Դա իր ազդեցությունն ունեցավ։ Սպիտակ ժանիքը զայրույթից խելքը թռցրեց։ Եվ հավաքելով վերջին ուժերը՝ ոտքի ելավ։ Բայց բավական էր, որ այս ու այն կողմ նետվի շրջանի մեջ՝ հիսուն ֆունտանոց բեռը վզից կախ, որ այդ զայրույթին փոխարինի սարսափը։ Կյանքի ծարավը նորից համակեց նրան, և բանականությունը մարեց՝ ենթարկվելով մարմնի հրամաններին։ Նա վազում էր շրջանի մեջ՝ գայթելով, ընկնելով, նորից վեր կենալով, ծառս Էր ելնում, իր թշնամուն վեր նետում, և այնուամենայնիվ զուր էին անցնում իրեն փակչած մահը թոթափելու նրա բոլոր փորձերը։ Վերջապես Սպիտակ Ժանիքը փռվեց մեջքի վրա, և բուլդոգը անմիջապես ատամներով բռնեց ավելի վեր և երախն առնելով նրա մաշկր՝ համարյա թույլ չէր տալիս նրան շունչ քաշել։ Ծափահարությունների որոտով դիմավորեցին հաղթողին, բազմությունից զոռում էին. «Չերոկի՜, Չերոկի՜»։ Բուլդոգը եռանդագին խաղացնում էր կճատ պոչը։ Բայց ծափահարությունները չէին խանգարում նրան։ Պոչը և զանգվածային ծնոտները գործում էին միմյանցից բոլորովին անկախ։ Պոչը տարուբերվում էր մի կողմից մյուսը, իսկ ծնոտները ավելի ու ավելի ուժգին էին սեղմում Սպիտակ Ժանիքի կոկորդը։ Եվ այդ միջոցին հանդիսատեսների ուշքը շեղվեց այդ զվարճությունից։ Հեռվից լսվեցին շնասահնակ վարողների ճիչեր, զանգուլակների զնգզնգոց։ Ամենքն էլ, բացի Սիրուն Սմիթից, աչալրջացան՝ կարծելով, թե ոստիկանությունն է վրա տալիս։ Բայց ճանապարհի վրա շուտով երևացին սահնակի կողքից վազող երկու մարդ։ Նրանք ոչ թե քաղաքից էին դուրս գալիս, այլ գիմում էին քաղաք՝ ամենայն հավանականությամբ վերադառնալով մի որևէ հետախուզական արշավից։ Խռնված բազմություն տեսնելով՝ անծանոթները կանգնեցրին շներին և, մոտեցան իմանալու, թե ինչ է կատարվում այդտեղ։ Նրանցից մեկը մի բարձրահասակ երիտասարդ էր, մաքուր ածիլած դեմքը ցրտում արագ շարժվելուց կարմրած էր։ Մյուսը՝ սահնակավարը, ավելի կարճահասակ էր ու բեղավոր։ Սպիտակ Ժանիքը դադարեցրել էր պայքարը։ Ժամանակ առ ժամանակ նա սկսում էր ջղաձգորեն թպրտալ, բայց հիմա աննպատակ էր ամենայն դիմադրություն։ Բուլդոգի անողոք ծնոտները հետզհետե ավելի ուժգին էին սեղմում նրա կոկորդը, օդը չէր հերիքում, նրա շնչառությունը ավելի էր ընդհատ դառնում։ Չերոկին վաղուց կկծեր նրա երակը, եթե նրա ատամները սկզբից էլ կրծքին այնքան մոտ չլինեին։ Նա դրանք ավելի ու ավելի վեր էր տանում՝ հասնելով կոկորդին, բայց դրա վրա շատ ժամանակ էր վատնում, մանավանդ որ նրա երախը ամբողջովին թխմված էր Սպիտակ Ժանիքի մորթու հաստ ծալքերով։ Այդ միջոցին Սիրուն Սմիթի գազանային դաժանությունը մի կողմ մղեց նրա բանականության վերջին մնացորդը։ Տեսնելով, որ Սպիտակ Ժանիքի աչքերն արդեն փառ են կապում, նա հասկացավ, որ կռիվը տանուլ է տված։ Ասես թոկից պոկված՝ նա խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա և սկսեց կատաղաբար քացիներ տալ նրան։ Հանդիսատեսները գոռացին, սուլոց լսվեց, բայց դրանով էլ բանը վերջացավ։ Ուշք չդարձնելով այդ բողոքներին՝ Սիրուն Սմիթը շարունակում էր ծեծել Սպիտակ Ժանիքին։ Բայց հանկարծ բազմության մեջ շարժում առաջացավ․ բարձրահասակ երիտասարդը առաջ էր գալիս՝ առանց այլևայլության աջ ու ձախ հրելով բոլորին։ Նա մտավ շրջան ճիշտ այն րոպեին, երբ Սիրուն Սմիթը բարձրացրել էր աջ ոտքը հերթական քացին տալու համար. ամբողջ ծանրությունը ձախ ոտքի վրա գցած՝ նա անկայուն հավասարակշռության մեջ էր: Այդ վայրկյանին երիտասարդը ամեհի ուժով բռունցքի հարված հասցրեց նրա դեմքին։ Սիրուն Սմիթը չկարողացավ ոտքի վրա մնալ և ոստնելով օդ շրմփաց ձյան վրա։ Երիտասարդը շրջվեց դեպի ամբոխը․ — Վախկոտնե՛ր,— գոռաց նա,— սրիկանե՛ր։ Նա խելքը թռցրել հր զայրույթից, այն զայրույթից, որով միայն ողջախոհ մարդն է բռնկվում։ Նրա գորշ աչքերը պողպատե փայլ էին արձակում։ Սիրուն Սմիթը վեր կացավ և վախվխելով առաջացավ դեպի նա։ Անծանոթը չհասկացավ նրա մտադրությունը։ Չկասկածելով, որ իր առաջ կանգնած է մի չտեսնված վախկոտ, նա կարծեց, թե Սիրուն Սմիթը ուզում է կռվել և գոռալով «Սրիկա՛», երկրորդ անգամ գլորեց նրան մեջքի վրա։ Սիրուն Սմիթը ըմբռնելով, որ ձյան վրա պառկելն ավելի անվտանգ է, այլևս չփորձեց վեր կենալ։ — Մե՛թ, օգնեց եք ինձ,— ասաց անծանոթը սահնակավարին, որը նրա հետ մտել էր շրջանի մեջ։ Եվ երկուսն էլ կռացան շների վրա։ Մեթը պատրաստվեց Սպիտակ Ժանիքին քաշել մի կողմ, հենց որ Չերոկին թուլացնի իր մահաբեր սեղմումը։ Երիտասարդն սկսեց բացել բուլդոգի ծնոտները։ Բայց նրա բոլոր ջանքերը զուր էին։ Ճգնելով բացել շան ծնոտները՝ նա անդադար կրկնում էր կիսաձայն․ «Սրիկանե՜ր»։ Հանդիսատեսները իրար անցան, և ոմանք էլ արդեն սկսեցին բողոքել այդպիսի անկոչ միջամտության դեմ։ Սակայն բավական էր, որ անծանոթը բարձրացնի գլուխը և նայի բազմությանը, որպեսզի բողոքող ձայները լռեն։ — Ի՜նչ սրիկաներ եք,— նորից գոռաց նա ու գործի անցավ։ — Զուր է ձեր ջանքը, միստր Սքոթ։ Այս ձևով երբեք չենք կարող անջատել դրանց,— ասաց ի վերջո Մեթը։ Նրանք ուղղվեցին և նայեցին իրար կառչած շներին։ — Քիչ արյուն է հոսել,— ասաց Մեթը,— դեռ չի կարողացել հասնել կոկորդին։ — Մեկ էլ տեսար հասավ,— պատասխանեց Սքոթը։— Տեսա՞ք, ավելի վերից բռնեց։ Րոպե առ րոպե աճում էր երիտասարդի հուզմունքը և Սպիտակ Ժանիքի ճակատագրի համար զգացած վախը։ Նա մի երկու անգամ խփեց Չերոկիի գլխին, բայց ապարդյուն։ Չերոկին խաղացրեց կճատ պոչը ի նշան այն բանի, թե շատ լավ հասկանալով հանդերձ այդ հարվածների իմաստը՝ այնուամենայնիվ մինչև վերջը կկատարի իր պարտականությունը ու չի թուլացնի ծնոտները։ — Օգնեցեք մեկնումեկդ,— գոչեց Սքոթը հուսահատորեն դիմելով բազմությանը։ Բայց ոչ մի մարդ տեղից չշարժվեց։ Հանդիսատեսներն սկսում էին ձեռ առնել նրան և ամեն տեսակ խայթող խորհուրդներ տալիս։ — Մի որևէ բան կոխեցեք դրա երախը,— խորհուրդ տվեց Մեթը։ Սքոթը ձեռքը տարավ գոտուց կախված պատյանին, հանեց ատրճանակը և փորձեց փողը մտցնել բուլդոգի սեղմած ծնոտների արանքը։ Նա ճգնում էր ամենայն ուժով, լսվում էր, թե ինչպես պողպատը ճռռում է Չերոքիի սեղմած ատամներին դիպչելով։ Նա ու սահնակավարը ծնկաչոք կռացել էին շների վրա։ Թիմ Քինենը մտավ շրշան և մոտենալով Ս քո թին՝ ձեռքը դրեց նրա ուսին և սպառնալի շեշտով ասաց. — Ատամները չջարդեք, անծանո՛թ։ — Եթե ոչ ատամները, ուրեմն վիզը կջարդեմ,— պատասխանեց Սքոթը՝ շարունակելով ատրճանակի փողը կոխել Չերոկիի երախը։ — Ասում եմ՝ ատամները մի ջարդեք,— ավելի համառորեն կրկնեը Թիմ Քինենը։ Բայց եթե նա միտք ուներ վախեցնել Սքոթին, ապա բան չստացվեց։ Շարունակելով ատրճանակը ներս մտցնել՝ Սքոթը բարձրացրեց գլուխը և սառնասրտորեն հարցրեց. — Շունը ձե՞րն է։ Թիմ Քինենը քթի տակ մի բան մրթմրթաց։ — Որ այդպես է, ետ տարեք սրա ատամները։ — Գիտե՞ք ինչ, եղբա՛յր պատվական,— չարամտորեն ասաց Թիմը,— այնքան էլ հեշտ չէ դա, ինչպես ձեզ է թվում։ Չեմ իմանում, թե ինչ կարելի է անել։ — Որ այդպես է՝ չքվեցե՛ք,— լսվեց պատասխանը,— և մի՛ խանգարեք ինձ։ Հո տեսնում եք, որ զբաղված եմ։ Թիմ Քինենը չէր գնում, բայց Սքոթն արդեն ամենևին ուշք չէր դարձնում նրան։ Նա մի կերպ փողը մտցրեց ատամների միջև և աշխատում էր ավելի ներս կոխել, որպեսզի մյուս կողմից դուրս գա։ Այդ բանին հասնելուց հետո Սքոթն սկսեց զգուշությամբ, կամաց֊կամաց բացել բուլդոգի ծնոտները, իսկ Մեթը այդ միջոցին նրա երախից ազատում էր Սպիտակ Ժանիքի մաշկի ծալքերը։ — Բռնեցեք ձեր շանը,— հրամայեց Սքոթը Թիմին։ Չերոկիի տերը հլու֊հնազանդ կռացավ ու զույգ ձեռքով բռնեց բուլդոգին։ — Դե՛,— գոռաց Սքոթը՝ վերջին ճիգը գործադրելով։ Շներին քաշեցին այս ու այն կողմ։ Բուլդոգը անզուսպ դիմադրում էր։ — Տարեք դրան,— հրամայեց Սքոթը, և Թիմ Քինենը Չերոկիին տարավ բազմության մեջ։ Սպիտակ Ժանիքը փորձեց վեր կենալ, ապա կրկնեց փորձը, բայց թուլացած ոտքերը ծալվեցին, և նա դանդաղ փռվեց ձյան վրա։ Նրա կիսափակ աչքերը աղոտացան, կզակը կախվեց, լեզուն դուրս ընկավ... Խեղդված մի շուն։ Մեթը զննեց նրան։ — Հազիվ կենդանի է, բայց այնուամենայնիվ շնչում է,— ասաց նա։ Սիրուն Սմիթը վեր կացավ ու մոտեցավ նայելու Սպիտակ Ժանիքին։ — Մե՛թ, ի՞նչ արժի լծկան լավ շունը,— հարցրեց Սքոթը։ Սահնակավարը մի փոքր մտածեց և առանց վեր կենալու պատասխանեց. — Երեք հարյուր դոլլար։ — Լավ, իսկ այսպիսի՞ն, որի վրա ողջ տեղ չի մնացել,— հարցրեց Սքոթը ոտքը դիպցնելով Սպիտակ Ժանիքին։ — Կեսը,— եզրակացրեց սահնակավարը։ Սքոթը շրջվեց դեպի Սիրուն Սմիթը։ — Լսեցի՞ք, գազա՛ն։ Ես առնում եմ ձեզնից շունը և վճարում եմ նրա համար հարյուր հիսուն դոլլար։ Եվ հանեց դրամապանակն ու համրեց այդ գումարը։ Սիրուն Սմիթը ձեռքերը դարսեց մեջքին՝ հրաժարվելով վերցնել պարզած դրամը։ — Չեմ ծախի,— ասաց նա։ — Ո՛չ, կծախեք,— հայտարարեց Սքոթը,— որովհետև ես առնում եմ։ Ստացեք փողը։ Շունն իմն է։ Սիրուն Սմիթը ձեռքերը դեռ մեջքին պահած՝ ետ֊ետ գնաց։ Սքոթը առաջացավ ու բռունցքը բարձրացրեց։ Սիրուն Սմիթը գլուխը քաշեց փորը։ — Շունն իմն է...— փորձեց շարունակել նա։ — Դուք կորցրել եք այս շան վրա ունեցած ձեր բոլոր իրավունքները,— ընդհատեց Սքոթը։— Վերցրեք փողը, կամ ուզում եք մի անգա՞մ Էլ խփեմ ձեզ։ — Լավ, լավ,— վախեցած մրթմրթաց Սիրուն Սմիթը։— Բայց դուք հարկադրում եք ինձ։ Այս շունն անգին է։ Ես թույլ չեմ տա, որ կողոպտեն ինձ։ Ամեն մարդ իր իրավունքներն ունի։ — Ճիշտ է,— պատասխաենց Սքոթը՝ փողը տալով նրան։— Ամեն մարդ իր իրավունքներն ունի։ Բայց դուք մարդ չեք, այլ գազան։ — Բավական է, որ վերադառնամ Դոուսոն, այնտեղ ես ձեր դատաստանը կտեսնեմ,— սպառնաց Սիրուն Սմիթը։ — Հապա մի փորձեք բերան բաց անել․ ես ձեզ անմիջապես Դոուսոնից կվռնդեմ, հասկացա՞ք։ Սիրուն Սմիթը մի անհասկանալի բան մրթմրթաց։ — Հասկացա՞ք,— գոռաց Սքոթը գազազելով։ — Այո,— փնչաց Սիրուն Սմիթը՝ ընկրկելով նրանից։ — Ինչպե՞ս։ — Այո, սը՛ր,— գոռաց Սիրուն Սմիթը։ — Զգույշ, կծում է,— գոռաց մեկը, և բազմությունից շատերը հռհռացին։ Սքոթը մեջքը շրջեց դեպի Սիրուն Սմիթը և մոտեցավ սահնակավարին, որ դեռ զբաղված Էր Սպիտակ ժանիքով։ Հանդիսատեսներից ոմանք արդեն գնում Էին, ոմանք Էլ խումբ֊խումբ հավաքվել Սքոթին էին նայում ու խոսում իրար հետ։ Այդ խմբերից մեկին մոտեցավ Թիմ Քինենը։ — Ի՞նչ պտուղ Է սա,— հարցրեց նա։ — Ուիդոն Սքոթն Է,— պատասխանեց մեկը։ — Ինչացո՞ւ Է այդ Ուիդոն Սքոթը։ — Հանքերի ինժեներն Է։ Տանու մարդ Է այստեղի ղեկավարների շրջանում։ Թե չես ուզում անախորժությունների մեջ ընկնել, հեռու կաց դրանից։ Հանքերի պետն անգամ նրա սրտակից բարեկամն է։ — Իսկույն հասկացա, որ կարևոր անձ Է,— ասաց Թիմ Քինենը։— Չէ, կարծում եմ, ավելի լավ է էդպիսի մարդու հետ գործ չունենալ։
== Գլուխ V։ Անզուսպը ==