Changes
/* 17 */
Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեի, թե ինչու նրան այդ բոլորը ասացի։ Մասաչուսետս, Վերմոնտ մեկնելու մասին, ընդհանրապես ամեն ինչ։ Հավանաբար, նրան չտանեի էլ ինձ հետ, եթե նույնիսկ ինքը խնդրեր։ Մի՞թե նրա նման մարդու հետ կարելի է ճանապարհորդել։ Բայց ամենասարսափելին այն է, որ ես անկեղծորեն էի առաջարկում մեկնել ինձ հետ։ Դա՛ է ամենասարսափելին։ Չէ, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ, ազնիվ խոսք։
==18==
Երբ դուրս եկա սահադաշտից, քաղց զգացի, վազեցի բուֆետ, պանրով բուտերբրոդ և սուֆլե կերա, ապա մտա հեռախոսախցիկ։ Մտածեցի գուցե, այնուամենայնիվ, մի անգամ էլ զանգեմ Ջեյնին, իմանամ՝ եկե՞լ է տուն, թե ոչ։ Չէ՞ որ ամբողջ երեկոն ազատ եմ, և մտածեցի զանգ տամ նրան, ու եթե արդեն տանն է, հրավիրեմ մի որևէ տեղ պարելու։ Ես նրա հետ ոչ մի անգամ չեմ պարել մեր ամբողջ ծանոթության ընթացքում։ Բայց մի անգամ տեսել եմ, թե ինչպես է պարում։ Նա շատ լավ էր պարում։ Դա հուլիսի չորսին էր, ակումբում։ Այն ժամանակ դեռ լավ ծանոթ չէինք իրար, ու ես սիրտ չէի անում նրան խլել կավալերի ձեռքից։ Նա մի գարշելի տիպի հետ էր, Էլ Փայքի հետ, որը Չոուտում էր սովորում։ Ես սրան էլ լավ ծանոթ չէի, բայց սա ամբողջ օրը ավազանի մոտ էր լինում։ Նեյլոնե լողավարտիք էր հագնում և անընդհատ ցանտկում էր աշտարակից։ Ամբողջ օրը ցատկում էր ինչ֊որ հիմար ձևով։ Ուրիշ բան չէր կարողանում անել, բայց, երևում է, իրեն լավագույն սպորտսմեն էր համարում։ Ամբողջը մկաններ էր, ուղեղի ոչ մի նշույլ, մի խոսքով։ Ջեյնն այդ երեկո նրա հետ էր պարում։ Ինձ համար դա անհասկանալի էր։ Ազնիվ խոսք, բոլորովին անհասկանալի։ Երբ բարեկամացանք, ես հարցրի, թե նա ինչպես էր հանդիպում այնպիսի մեծամիտ տիպի հետ, ինչպիսին այդ Էլ Փայքն էր։ Բայց Ջեյնն ասաց, թե նա բոլորովին էլ մեծամիտ չէ, թե ընհակառակը, թերարժեքության կոմպլեքսով է տառապում։ Ընդհանրապես երևում էր, որ Ջեյնը խղճում էր նրան, և չէր կեղծում։ Լրջորեն խղճում էր նրան։ Տարօրինակ մարդիկ են այդ աղջիկները։ Ամեն անգամ, երբ հիշատակում ես մի որևէ զտարյուն սողունի, որ շատ ստորն է կամ խիստ ինքնահավան, երբ խոսում ես այդպիսի մեկի մասին, անպայման ասում են՝ «նա թերարժեքության կոմպլեքս ունի»։ Գուցեև ճիշտ է, բայց դա չի խանգարում, որ այդ անձնավորությունը սողուն լինի։ Այդպես են այդ աղջիկները։ Երբեք չես հասկանա, թե նրանց գլխին ինչ քամի կարող է փչել։ Մի անգամ ես Ռոբերտա Ուոլշի ընկերուհուն ծանոթացրի իմ մի բարեկամի հետ։ Տղայի անունը Բոբ Ռոբինսոն էր։ Այ նա իսկապես թերարժեքության կոմպլեքս ուներ։ Անմիջապես երևում էր, որ ամաչում է իր ծնողներից, որովհետև նրանք ասում էին՝ «ոզըմ եք» ու նման բաներ, և բացի այդ էլ, նրանք շատ աղքատ էին, բայց նա ինքը բոլորովին էլ ետ ընկածներից չէր։ Շատ լավ տղա էր, այդ Ռոբերտա Ուոլշի ընկերուհուն նա բոլորովին դուր չեկավ։ Նա Ռոբերտային ասել էր, թե Բոբը մեծամիտ է, որովհետև սա պատահմամբ ասել էր, թե նա բանավեճային ակումբի պետն է։ Այդպիսի մանրուք, և նա որոշել էր, որ տղան մեծամիտի մեկն է։ Ամբողջ դժբախտությունն այն է, երբ տղան դուր է գալիս դրանց, թեկուզ հարյուրապատիկ անգամ էլ սողուն լինի, անպայման կասեն՝ նա թերարժեքության կոմպլեքս ունի, իսկ եթե տղան զուր չի գալիս, թեկուզ աշխարհիս ամենալավ մարդը լինի, միևնույն է, կասեն՝ մեծամիտի մեկն է։ Նույնիսկ խելացի աղջիկներն են այդպիսին։
Մի խոսքով, ես նորից զանգահարեցի Ջեյնին, բայց ոչ ոք չմոտեցավ հեռախոսին, ստիպված կախեցի լսափողը։ Սկսեցի որոնել ծոցատետրիս մեջ, թե ում հետ կարելի է անցկացնել երեկոն։ Դժբախտաբար իմ ծոցատետրում ընդամենը երեք համար էր գրված՝ Ջեյնինը, միստր Անտոլինիինը, որ իմ ուսուցիչն էր եղել Էլքտոն֊հիլլում, և հորս աշխատանքային համարը։ Հեռախոսի համարները միշտ մոռանում եմ։ Վերջապես ստիպված եղա զանգահարել մի տղայի։ Կառլ Լյուսին։ Նա Հուտտոնի դպրոցն է ավարտել, երբ ես արդեն այնտեղից հեռացել էի։ Նա ինձնից երեք տարով մեծ էր, և առանձնապես չէի սիրում նրան, բայց շատ խելոք էր, մտավոր զարգացման գծով ամենաբարձր ցուցանիշը նրանն էր ամբողջ դպրոցում։ Մտածեցի գուցե ինձ հետ ճաշի, ու մենք որևէ խելացի բանի մասին զրուցենք։ Երբեմն նա շատ հետաքրքիր բաներ էր պատմում։ Որոշեցի զանգահարել նրան։ Նա արդեն սովորում էր Կոլումբիայի համալսարանում, բայց ապրում էր Վաթսունհինգերորդ փողոցում, ու ես գիտեի, որ տանն է։ Երբ զանգ տվի, նա ասաց, որ ճաշին զբաղված է, բայց երեկոյան տասին կարող է ինձ հետ հանդիպել Վիկեր֊բարում, Հիսունչորսերորդի վրա։ Կարծում եմ, նա շատ զարմացավ, լսելով իմ ձայնը։ Մի անգամ ես նրան հաստաքամակ կոտրատվող էի անվանել։
Մինչև երեկոյան տասը հարկավոր էր մի կերպ սպանել ժամանակը, և ես գնացի Ռադիո֊սիթի՝ կինո նայելու։ Ավելի վատ բան հնարավոր չէր մտածել, բայց դե շատ մոտ էի դրան և անելիք էլ չունեի։
Ներս մտա այն ժամանակ, երբ դիվերտիսմենտ էր սկսվում։ Ռոկետի խումբը աստված ազատի թե ինչ օյիններ էր անում, գիտեք, նրանք ինչպես են պարում՝ բոլորը կողք֊կողքի կանգնած, միմյանց գոտկատեղից բռնած։ Հասարակությունը խելագարի պես ծափ էր տալիս, իսկ իմ ետևում նստած մի տիպ ամբողջ ժամանակ կրկնում էր․ «Գիտե՞ք, ինչպես է կոչվում սա։ Մաթեմատիկական ճշգրտություն»։ Սպանե՜ց։ Իսկ Ռոկետի խմբից հետո, անվաչմուշկներով ֆրակավոր մի մարդ դուրս եկավ, սկսեց մտնել փոքրիկ սեղանների տակ և այդ ընթացքում սրամտել։ Նա շատ լավ էր սահում, բայց ձանձրանում էի, որովհետև մտածում էի, որ նա ամբողջ օրը մարզվում է, որպեսզի հետո բեմի վրա վարժ սահի։ Հիմար զբաղմունք է։ Իսկ հետո սկսվեց Ծննդյան մնջախաղը, որ ամեն տարի Ծննդյան տոներին ցուցադրում են Ռադիո֊սիթիում։ Բազմապիսի հրեշտակներ էին դուրս գալիս արկղերից, հետո ինչ֊որ տիպեր բեմով խաչելություն էին տանում շալակած, հետո բոլորը միասին երգում էին․ «Եկեք, հավատացյալներ»։ Շատ հին բան է։ Գիտեմ, այդ ամենը խիստ կրոնական և գեղեցիկ է համարվում, բայց ո՞ւր է այստեղ կրոնը և գեղեցկությունը, գրողը տանի, եթե արտիստների մի խումբ խաչելությունը քարշ է տալիս բեմում։ Իսկ երբ ավարտեցին երգն ու ցրվեցին իրենց տեղերը, երևում էր, թե ինչպես են շտապում, որ գնան ծխեն, հանգստանան։ Անցյալ տարի ես այդ ներկայացումը տեսել էի Սալլի Հեյսի հետ, և նա շատ էր հիացած՝ ախ, ի՞նչ կոստյումներ են, ախ, ինչպիսի՜ գեղեցկություն։ Իսկ ես կասեի, որ խեղճ Քրիստոսի սիրտը կխառներ, հավանաբար, եթե նա տեսներ այդ դիմակահանդեսային լաթերը։ Սալլին ասում էր, թե ես աստվածանարգող եմ ու աթեիստ։ Հավանաբար, դա այդպես է։ Բայց, ա՛յ, մի բան, երևի, դուր կգար Քրիստոսին․ դա նվագախմբի թմբկահարն էր։ Ես նրան հիշում եմ դեռ ութ տարեկանից։ Երբ ծնողներս ինձ ու եղբորս՝ Ալլիին բերում էին այստեղ, մենք աշխատում էինք մոտ նստել նվագախմբին, որպեսզի նայենք այդ թմբկահարին։ Ես նրան հիշում եմ այն ժամանակվանից ի վեր։ Նրանից լավին դեռ չեմ տեսել։ Ճիշտ է, ամբողջ համարի ընթացքում նրան միայն երկու անգամ է վիճակվում խփել այդ բանին, այնուամենայնիվ, նրա դեմքին ձանձրույթի հետք անգամ չես նկատում, քանի դեռ սպասում է։ Բայց երբ խփում է, փոխարենն զգում ես, թե դա ինչպես է նրան հաջողվում, որքան մաքուր, լավ է ստացվում, նույնիսկ դեմքից ես զգում, որ նա ջանք է թափում։ Երբ հորս հետ գնացինք Վաշինգտոն, Ալլին այդ թմբկահարին բացիկ ուղարկեց, բայց երևի նա չստացավ։ Մենք հասցեն կարգին չգիտեինք։
Վերջապես Ծննդյան մնջախաղն ավարտվեց, ու սկսվեց այդ երիցս անիծյալ ֆիլմը։ Այնքան գարշելի ֆիլմ էր, որ աչքս չէի կարողանում կտրել։ Մի անգլիացու մասին էր՝ Ալեքի։ Նա պատերազմ էր գնացել և հոսպիտալում զրկվել հիշողությունից։ Հոսպիտալից դուրս է գալիս ձեռնափայտով, կաղալով շրջում է քաղաքում՝ Լոնդոնում, ու չի իմանում, թե որտեղ է գտնվում։ Իրականում նա հերցոգ է, բայց դա չի հիշում։ Հետո հանդիպում է մի տգեղ, հասարակ ու ազնիվ աղջկա, ավտոբուս բարձրանալուս է հանդիպում։ Աղջկա գլխարկը թռչում է, նա բռնում է, հետո երկուսով բարձրանում են վերև ու սկսում զրուցել Չարլզ Դիկենսի մասին։ Պարզվում է, որ նա երկուսի էլ սիրած գրողն է։ Տղամարդը նույնիսկ իր հետ ման է ածում «Օլիվեր Թվիստը», աղջիկը՝ նույնպես։ Սիրտս ուղղակի խառնում էր։ Մի խոսքով, նրանք անմիջապես սիրահարվում են, որովհետև երկուսն էլ գժվում են Չարլզ Դիկենսի համար, և տղամարդը օգնում է աղջկան աշխատանքի անցնել հրատարակչությունում։ Մոռացա ասել, որ աղջիկը հրատարակիչ է։ Բայց աղջկա գործերը լավ չեն գնում, որովհետև եղբայրը հարբեցող է ու ամբողջ փողերը խմում է։ Նա շատ է դաժան դարձել, այդ եղբայրը, որովհետև պատերազմի ժամանակ վիրաբույժ է աշխատել, իսկ հիմա չի կարողանում վիրահատություն կատարել, նյարդերը չեն դիմանում, դրա համար էլ իրեն խմելու է տվել, խմում է գիշեր֊ցերեկ, թեև ընդհանրապես խելացի մարդ է։ Մի խոսքով, Ալեքը գիրք է գրում, իսկ աղջիկը հրատարակում է, և նրանք երկուսով շատ փող են կուտակում։ Քիչ է մնում որ ամուսնանան, մեկ ուրիշ աղջիկ է լույս ընկնում, ոմն Մարսիա։ Այդ Մարսիան Ալեքի հարսնացուն է եղել մինչև նրա հիշողությունը կորցնելը, և ճանաչում է տղային, երբ սա գրախանութում իր գրքերի վրա մակագրություն էր անում սիրողների համար։ Մարսիան խեղճ Ալեքին ասում է, որ նա իրականում հերցոգ է, բայց սա չի հավատում և չի ուզում աղջկա հետ հյուր գնալ իր մորը։ Իսկ Ալեքի մայրը կույր է խլուրդի պես։ Բայց մյուս աղջիկը՝ տգեղը, ստիպում է գնալ։ Նա շատ երախտապարտ է զգում իրեն և այլն։ Տղան գնում է, բայց միևնույն է, հիշողությունը չի վերականգնվում, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա վիթխարի դանիական դոգը գժի պես նետվում է նրա վրա, իսկ մայրը ափերով բռնում է նրա դեմքը ու նրան տալիս թավշյա արջուկը, որով տղան խաղացել է երեխա ժամանակ։ Բայց մի անգամ երեխաները մարզադաշտում կրոկետ խաղալիս գնդակով խփում են այդ Ալեքի գլխին։ Նրա հիշողությունն անմիջապես վերականգնվում է, նա վազում է տուն, համբուրում մոր ճակատը։ Նա կրկին իսկական հերցոգ է դառնում ու բոլորովին մոռանում հասարակ աղջկան, որն իր հրատարակչությունն ունի։ Ես ձեզ կասեի, թե հետո ինչ է լինում, բայց սիրտս խառնում է։ Բանն այն չէ, որ վախենում եմ ձեր տպավորությունը փչացնել, այստեղ փչացնելու բան էլ չկա։ Մի խոսքով, բանն ավարտվում է նրանով, որ այդ Ալեքը ամուսնանում է այդ հասարակ աղջկա հետ, իսկ նրա եղբայրը՝ վիրաբույժը, որ խմում էր, բուժում է իր նյարդերը և վիրահատում Ալեքի մոր աչքերը, ու այդ ժամանակ նախկին հաբեցողն ու Մարսիան սիրահարվում են։ Իսկ վերջին տեսարանում պատկերված է, թե ինչպես բոլորը նստած են երկար սեղանի շուրջ ու քրքջում են ուրախ, որովհետև դանիական դոգը հանկարծ մի ամբողջ կույտ քոթոթներ է բերում։ Բոլորը կարծում էին, թե նա արու է, պարզվում է՝ էգ է։ Մի խոսքով, մի բան կարող եմ խորհուրդ տալ․ եթե չեք ուզում, որ ձեր սիրտը խառնի ուղղակի ձեր հարևանների վրա, մի՛ գնացեք այդ կինոն։
Բայց դե ես չկարողացա հասկանալ կողքիս նստած կնոջը, որ ամբողջ կինոյի ընթացքում լաց եղավ։ Ու որքան շատ կեղծիք էր ցուցադրվում, այնքան դառն էր լալիս նա։ Կարելի էր կարծել, թե նա շատ գթառատ է, բարի, բայց ես նստած էի կողքին և տեսնում էի, թե ինչքանով է բարի։ Նրա հետ եկել էր որդին, փոքրիկ մի տղա, որի համար տխուր էր, ձանձրալի, և ամբողջ ժամանակ նվնվնում էր, թե զուգարան է ուզում, իսկ մայրը նրան չտարավ։ Ամբողջ ժամանակ ասում էր․ հանգիստ նստիր, քեզ կարգին պահիր։ Գայլը թերևս նրանից բարի լիներ։ Ընդհանրապես, եթե վերցնենք կեղծ կինոնկար նայելիս սրտակեզ արտասվող տասը մարդ, հաստատ կարելի է ասել, որ նրանցից ինը կյանքում ամենաթունդ սրիկաներ են։ Լուրջ եմ ասում։
Երբ ֆիլմն ավարտվեց, գնացի Վիկեր֊բար, որտեղ պետք է հանդիպեի Կառլ Լյուսի հետ, ու գնալիս անընդհատ մտածում էի պատերազմի մասին։ Պատերազմական նկարները միշտ այդպիսի մտորումների առիթ են տալիս։ Հավանաբար, ես չէի դիմանա, եթե հարկ լիներ պատերազմ գնալ։ Ընդհանրապես սարսափելի չէ, եթե քեզ ուղարկեն մի որևէ տեղ ու այնտեղ սպանեն, բայց ախր հարկավոր է բանակում մնալ աստված գիտի, թե որքան։ Դա է ցավը։ Իմ եղբայր Դ․ Բ֊ն չորս տարի մնացել է բանակում։ Նա պատերազմում էլ է եղել, մասնակցել է երկրորդ ճակատի մարտերին, բայց, կարծում եմ, բանակում ծառայելն ավելի էր ատում, քան պատերազմը։ Ես դեռ բավական փոքր էի, երբ նա գալիս էր տուն, ամբողջ ժամանակ մահճակալին պառկած էր լինում։ Նա նույնիսկ հյուրասենյակ հազվադեպ էր մտնում։ Հետո գնաց Եվրոպա, պատերազմ, բայց չի վիրավորվել, նրան չի վիճակվել նույնիսկ կրակել որևէ մեկի վրա։ Նրա արածն այն է եղել, որ շտաբի մեքենայով ամբողջ օրը ման է ածել մի կովբոյական գեներալի։ Նա մի անգամ ինձ ու Ալլիին ասաց, որ եթե ստիպված լիներ կռվել, չէր իմանա, թե ում վրա կրակի։ Նա ասաց, թե մեր բանակում էլ քիչ շան որդիներ չկան, քան ֆաշիստների մոտ։ Հիշում եմ, Ալլին հարցրեց նրան, թե գուցե լա՞վ է, որ նա եղել է պատերազմում, որովհետև գրող է, ու հիմա գրելու նյութ ունի։ Իսկ նա Ալլիին ստիպեց բերել բեյսբոլի այն ձեռնոցը, որի վրա բանաստեղծություններ էր արտագրել, և հարցրեց․ ո՞վ է ավելի լավ գրել՝ Ռուպերտ Բրո՞ւկը, թե Էմիլի Դիքինսոնը։ Ալլին ասաց՝ Էմիլի Դիքինսոնը։ Ես ոչինչ չէի կարող ասել, որովհետև առհասարակ բանաստեղծություններ չեմ կարդում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ես հավանաբար կխենթանայի, եթե հարկադրված լինեի ծառայել, ապրել Էկլիի, Ստրեյդլեյթերի և այն վերելակավարի՝ Մորիսի նման տիպերի հետ։ Մի անգամ մի ամբողջ շաբաթ ես բոյսքաութ էի, և գլուխս արդեն պտտվում էր, երբ նայում էի իմ առջև կանգնած տղայի ծոծրակին։ Իսկ մեզ հարկադրում էին նայել առջևը կանգնածի ծոծրակին։ Ազնիվ խոսք, եթե պատերազմ լինի, թող ինձ տանեն ու գնդակահարեն։ Ես չեմ դիմադրի։ Բայց մի հարցում ինձ վրդովում է իմ ավագ եղբայրը․ ատում է պատերազմը, բայց անցյալ ամառ տվեց ինձ կարդալու «Մնաս բարով, զենք» գիրքը։ Ասաց, թե հրաշալի գիրք է։ Այ թե ինչն է ինձ համար անհասկանալի։ Այնտեղ հերոսը, այդ լեյտենանտ Հենրին, հրաշալի տղա է համարվում։ Չեմ հասկանում, թե Դ․ Բ֊ն ինչպե՞ս է ատում պատերազմը, ատում բանակը և, այնուամենայնիվ, հիանում այդ կոտրտվածով։ Չեմ կարողանում հասկանալ, թե նրան ինչո՞ւ է դուր գալիս այդպիսի կեղծիքը, և միաժամանակ դուր են գալիս նաև Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Դ․ Բ֊ն ինձնից նեղացավ և ասաց, թե դեռևս ես շատ փոքր եմ «Մնաս բարով, զենքը» գնահատելու համար, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Ես նրան ասացի․ չէ՞ որ ինձ դուր է գալիս Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Հատկապես՝ «Մեծ Գետսբին»։ Այո, Գետսբին։ Այ դա մար՜րդ է։ Ո՜ւժ է։
Մի խոսքով, ես ուրախ եմ, որ հայտնագործել են ատոմային ռումբը։ Եթե երբևէ պատերազմ սկսվի, ես կնստեմ ուղղակի այդ ռումբի վրա։ Կամավոր կնստեմ, ազնիվ, անկեղծ խոսք։