— Ձեր թույլտվությամբ, տեր իմ, ես կասեմ. ոչ, պիտանի չէ... Պանդուխտն անընդհատ վախեցնում է՝ զգուշացե՛ք, էստեղ ես նրա հետ համաձայն եմ: Միայն թե սկզբից հենց իրենից չզգուշանա՞նք: Չէ՞ որ նա Խլուտից է, իսկ էնտեղ, լսել ենք, բարի մարդիկ չեն ապրում: Մՙեր մասին մի թեթև իմացել է, էդ պարզ է: Դրա՞ համար պիտի նրան ուղեկցող վերցնենք: մեկ էլ տեսար տարավ մեզ, ոնց ինքն է ասում, էնտեղ, որտեղ իսկի օգնություն էլ չես կանչի: Ո՛չ, տեր իմ, դուք գիտեք, իհարկե, իսկ իմ սրտովը չի էդ մարդը:
Փինը ուզում էր աթոռին նստած շարժում անել, բայց լռեց: Պանդուխտը Սամին չպատասխանելով, հարցական նայեց Ֆրոդոյին: Վերջինս հայացքը փախցրեց: — Ո՛չ, Սամ, դու, երևի, ճիշտ չես,— դանդաղ ասաց նա: — Իսկ դու,— նա դիմեց Պանդուխտին,— բոլորովին այնպիսին չես, ինչպիսին երևում ես արտաքնապես, իսկ ինչու՞ ես ձևանում... Սկսեցիր խոսել, թվաց լեռնամոտցի ես, իսկ հիմա ձայնդ էլ է ուրիշ: Սամն իրավացի է՝ ինչպես ես մեզ խորհուրդ տալիս զգուշանալ ամեն մի ստվերից, իսկ ինքդ սպասում ես, որ մենք իսկույն ու անպայման վստահենք քեզ: Իրականում ո՞վ ես դու: Դու իմ մասին, իմ գործերի մասին ի՞նչ գիտես: Ինչպե՞ս իմացար: — Տեսնում եմ, դուք առանց իմ խորհուրդների էլ զգույշ եք,— քմծիծացեղ Պանդուխտը: — Բայց զգուշավորությունը մի բան է, անվճռականությունը՝ մի ուրիշ բան: Առանց ինձ դուք մինչև Ազատք չեք հասնի, այնպես որ ուզած-չուզած պետք է ինձ հավատաք: Իսկ ես ձեզանից ոչ այնքան վստահություն եմ սպասում, որքան վճռականություն: Քո հարցերին, ճիշտ է, ոչ բոլորին, գործի օգտի համար պատրաստ եմ պատասխանել: Միայն թե դրանից ի՞նչ օգուտ, եթե դուք չեք վստահում: Ես կպատասխանեմ, դուք էլի կհարցնեք: Այսպես մինչև լույս կարելի է խոսել: Ահա թե ինչ, ի դեպ... Դուռը ծեծեցին և շեմին հաըտնվեց պարոն Նարկիսը մոմերոմ, իսկ նրա թիկունքում երևաց Նոբը՝ եռացրած ջրով դույլերով: Պանդուխտը աննկատելի վեր կացավ և գնաց մութ անկյունը: — Եկա ձեզ բարի գիշեր մաղթեմ,— ասաց պանդոկպանը, մոմակալները սեղանին դնելով: — Նոբ, ջուրը ոչ թե այստեղ, այլ ննջարանները տար,— և դուռը նրա հետևից փակեց: — Ահա թե ինչ կուզեի ասել,— շարունակեց պանդոկպանը շփոթված ու անվճռական: — Եթե իմ պատճառով ինչ-որ տհաճություն է եղել, մեծահոգաբար ներեք: Ինքներդ էլ գիտեք, ախր, մեկը մյուսի վրա է թափվում, իսկ ես գործի մեջ խեղդված մարդ եմ: Գիտեք ինչ կա, ինձ կարգադրված էր Հոբիթստանից Ֆրոդո Պարկինս անունով մի հոբիթի սպասել: — Դե, իսկ ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ,— հարցրեց Ֆրոդոն: — Դե ինչ ասեմ,— գլխով արեց պանդոկպանը: — Դուք, ուրեմն, միայն տեղյակ եղեք: Ինձ ասված էր, որ նա կգա Զառիթափցի անվան տակ և նույնիսկ տրված են, կներեք, նշանները: — Այո՞, և ի՞նչ նշաններ են,— հապճեպ ընդհատեց նրան Ֆրոդոն: — Սովորական հոբիթից բոյով, ամրակազմ, կարմրաթուշ,— հաղթանակած, անգիր շարեց Լավրը: Փինը «հըմ» արեց, Սամը հոնքերը կիտեց: — «Չնայած, Լավրիկ, դա քեզ համար նշաններ չեն,— ասաց ինձ նա այդ ժամանակ: — Հոբիթները իրար նման ժողովուրդ են, բոլորն ամրակազմ են, բոլորը կարմրաթուշ: Բայց նկատի ունեցիր, այնուամենայնիվ, մյուսներից բարձրահասակ, շիկավուն և փոսիկավոր կզակով: Հայացքը մտածկոտ է, աչքերը փայլուն, նայում են ուղիղ:» Ներող կլինեք, բայց ես նրա խոսքերի համար պատասխանատու չեմ, եթե որևէ բան այնպես չէ: — Նրա խոսքերի համա՞ր, իսկ ո՞վ է նա,— հուզված հարցրեց Ֆրոդոն: — Ախ, աստված իմ, մոռացել եմ ասել, դե իմ բարեկամը, Գանդալֆը: Առհասարակ նա հրաշագործ է, բայց մենք միշտ բարեկամություն ենք արել: Իսկ հիմա, ա՜խ, իսկի չգիտեմ էլ, թե ինչ սպասեմ. կամ իմ ամբողջ գարեջուրը կթթվեցնի, կամ ինձ քոթուկ կդարձնի, նրա համար դա վարկյանի գործ է: Պատիժ տալիս հո ճապուկ է: Գուցեև հետո զղջա, բայց կոտրածը չես կպցնի: — Իսկ դուք ի՞նչ վատ բան եք արել,— անհամբեր հարցրեց Ֆրոդոն: — Հա, ինչի՞ մասին էի,— մտածմունքի մեջ ընկավ պանդոկպանը, մատները ճրթացնելով: — Ախ, դե այո, ծերուկ Գանդալֆը: Երեք ամիս առաջ նա կանգ առավ իմ պանդոկում: Եվ ահա մի անգամ գիշերը ներս է ընկնում իմ սենյակը, մոռանալով նույնիսկ դուռը թակել, և ասում է. «Առավոտյան, Լավրիկ, մենք արդեն չենք տեսնվի, մինչև լուսանալը գնալու եմ: Մի հանձնարարություն ունեմ քեզ»: — «Լսում եմ,— ասում եմ,— թեկուզ՝ տասը»: Իսկ նա ինձ. «Դու կարո՞ղ ես հարմար առիթը ներկայանալու դեպքում նամակ ուղարկել Հոբիթստան: Կարո՞ղ ես փոխանցել հուսալի մեկի հետ»: — «Դե, մեկն ու մեկին կգտնեմ,— պատասխանում եմ,— վաղը կամ մյուս օրը»: — «Մյուս օրվան,— ասում է,— մի հետաձգիր»: Եվ նամակը տվեց ինձ: Գրված է լույսի պես պարզ,— ասաց Լավր Նարկիսը: Նա գրպանից հանեց նամակը, շատ լուրջ տեսք ընդունեց (քանի որ շատ էր պարծենում իր գրագիտությամբ) և վանկերով կարդաց. ''«Հոբիթստան, Զառիթափի Պարկուտ, Ֆրոդո Պարկինսին»:'' — Նամակ, ի՜նձ Գանդալֆի՜ց,— բացականչեց Ֆրոդոն: — Ուրեմն ձեր իսկական ազգանունը Պարկի՞նս է,— հարցրեց պանդոկպանը: — Ինքներդ գիտեք,— ասաց Ֆրոդոն: — Այդ նամակը տվեք ինձ և բացատրեք խնդրեմ, ինչու՞ ժամանակին չեք ուղարկել: Դրա համար էլ երևի եկել եք... Սակայն շատ դանդաղ եք տեղից շարժվել... — Դուք ճիշտ եք, տեր իմ,— մեղավոր տեսքով խոստովանեց խեղճ Լավրը: — Ու նորից ենք ներողություն խնդրում: Թե Գանդալն ինձ ի՞նչ կանի՝ ուղղակի սարսափելի է մտածել: Մենակ թե, ես ախր, առանց հետին մտքերի. դե մի լավ տեղ պահեցի, մինչև հարմար առիթ լինի, իսկ առիթ չկա ու չկա՝ դե օրվա հոգսերի մեջ գլխիցս թռել է: Դրա փոխարեն հիմա արդեն կաշվիցս դուրս կգամ՝ ես եմ սխալմունք թույլ տվել, ես էլ պիտի տեղը հանեմ ինչով կարող եմ, միայ ասեք, իսկույն կանեմ: Դե և բացի նամակից ահա, ինչ պայման ենք ունեցել ես ու Գանդալֆը: Նա ինձ ասաց. «Լավր, էստեղ քեզ մոտ կանցնի իմ բարեկամներից մեկը, Հոբիթստանից, գուցեև ոչ մենակ, անունը կլինի Զառիթափցի: Ավելորդ հարցեր չտաս նրան: Փորձանքի մեջ կընկնի, կօգնես, ոչ ուժ կխնայես, ոչ փող, ինքդ էլ գիտես, պարտքի տակ չեմ մնա»: Ուրեմն, ահա և դուք, իսկ փորձանքն էլ կողքներիդ ֆռֆռում է: — Ինչի՞ մասին եք խոսում,— հարցրեց Ֆրոդոն: — Դե այդ Սևերի մասին,— բացատրեց պանդոկպանը, ձայնը ցածրացնելով: