Changes

Լեռան հառաչանքը

Ավելացվել է 52 431 բայտ, 14:46, 11 Ապրիլի 2015
/* Ձուկն աշնանը */
== Ձուկն աշնանը ==
 
<b>1</b>
 
Հոկտեմբերյան առավոտ է։ Փողկապը կապելիս, Սինգոյի ձեռքն անսպասելի կանգ առավ։
 
― Ինչպե՞ս էր։ Ինչպե՞ս էր, ախր, կապվում։― Նա ձեռքերը կախ գցեց, մոլորված տեսք ստացավ։
 
Փողկապը քանդեց, փորձեց նորից կապել, բայց հանգույցը, ինչպես պետք է, դուրս չէր գալիս։
 
Սինգոն բռնեց փողկապի ծայրերից, ձգեց պարզած ձեռքերի միջև ու գլուխը թեքելով սկսեց նայել։
 
― Այդ ինչպե՞ս է արվում, է՛։
 
Կիկուկոն, որ պիջակը պատրաստ պահած կանգնել էր Սինգոյի թիկունքում, շրջանցեց նրան, եկավ առաջ։
 
― Փողկապը ոչ մի կերպ չի կապվում։ Հանկարծ մոռացա, թե ոնց պետք է կապել։ Տարօրինակ է...
 
Նա անշնորհք շարժումով փողկապը պտտեցրեց մատների շուրջը, փորձելով մի ծայրը մտցնել հանգույցի մեջ, սակայն նրա այդ անհասկանալի գործողությունից փողկապը նմանվեց ծամծմած քյուֆթայի։ Սինգոն անընդհատ կրկնում էր․ «Տարօրինակ է։ Տարօրինակ է»։― Աչքերում սառել էին երկյուղն ու հուսահատությունը, և դա վախեցրեց Կիկուկոյին։
 
― Հայրի՜կ,― ձայն տվեց նա։
 
― Դա ինչպե՞ս է արվում։
 
Սինգոն կանգնել էր ընկճված, անզոր ու ոչ մի կերպ չէր հիշում, թե փողկապն ինչպես են հանգուցում։
 
Կիկուկոն պիջակը գցեց ուսին, ընդհուպ մոտեցավ նրան։
 
― Ախր, ինչպե՞ս են անում։
 
Փողկապը հարմարեցնելիս Կիկուկոյի անվարժ մատները ճապաղում էին նրա ծերունական աչքերի առջև։
 
― Բոլորովին մոռացա։
 
― Բայց, հայրիկ, չէ՞ որ ամեն առավոտ փողկապն ինքներդ եք կապում։
 
― Հա, իհարկե։
 
Իսկ ինչո՞ւ այսօր հանկարծ մոռացավ։ Ֆիրմայում աշխատելու ամբողջ քառասուն տարվա ընթացքում ամեն օր կապում էր սերտած շարժումներով։ Կապելիս չէր էլ մտածում, թե ինչպես պետք է անել, մատները գործում էին իրենք իրենց, մեքենաբար։
 
Սինգոն սարսափեց, շփոթահար եղավ, նրա մեջ անսպասելի ինչ-որ բան կոտրվեց։
 
― Ես էլ ամեն օր տեսնում եմ ինչպես է արվում այդ և ահա․․․― Կիկուկոն լուրջ դեմքով ու կենտրոնացած ոլորում և կրկին բացում էր փողկապը։
 
Սինգոյին թվաց, թե նորից վերադարձել է մանկությունը, և ինքն առանց կողմնակի օգնության ոչ մի բան անել չի կարող։
 
Կիկուկոյի մազերը հաճելի բույր էին արձակում։
 
Նա դադարեց չարչարել փողկապն ու շիկնեց։
 
― Չէ, բան դուրս չի գալիս։
 
― Դու ինչ է, Սյուիտիի փողկապն երբեք չե՞ս կապել։
 
― Երբեք։
 
― Միայն արձակո՞ւմ, էիր, երբ հարբած տուն էր վերադառնում։
 
Կինուկոն մի կողմ քաշվեց և հայացքը խոժոռելով՝ հառեց Սինգոյի կախ ընկած փողկապին։
 
― Երևի մայրիկը գիտե,― նա, խոր շունչ քաշելով, կանչեց,― մայրի՜կ, մայրի՜կ, հայրիկի փողկապը չի կապվում, չե՞ք օգնի մեզ։
 
― Չեմ հասկանում դրա մեջ ի՞նչ կա։
 
Յասուկոն ներս մտավ դժգոհ դեմքով։
 
― Մի՞թե ինքդ կապել չես կարող։
 
― Հայրիկը կապելու ձևը մոռացել է։
 
― Ես միշտ այդ անում էի մեքենայորեն, իսկ հիմա հանկարծ մոռացա։ Տարօրինակ է։
 
― Իսկապես տարօրինակ է։
 
Կիկուկոն ետ քաշվեց․ Յասուկոն կանգնեց ամուսնու առջև։
 
― Հը՜մ․․․ Ոնց որ ես էլ չեմ իմանում։ Հավանորեն մոռացել եմ,― ասաց Յասուկոն, փողկապը սեղմող ձեռքը դիպցնելով Սինգոյի կզակին։ Սինգոն աչքերը փակեց։
 
Յասուկոն անհմուտ շարժումներով փորձեց փողկապը հանգուցել։
 
Սինգոն որովհետև գլուխը ետ էր գցել, արյունը հավաքվեց ծոծրակին, նա հանկարծակի սկսեց գիտակցությունը կորցնել, աչքերի մեջ արծաթի նման ձյան փոշի փայլատակեց։ Փոշին իրիկնային արևի ճառագայթների տակ լեռներից սրընթաց վայր գլորվող ձյան խոշոր զանգվածակույտից էր։ Սինգոն մինչև անգամ լսեց դղրդյունը։
 
Երևի արյան զեղում է, վախեցավ նա ու աչքերը բացեց։
 
Կիկուկոն, շունչը պահած, ուշադիր հետևում էր Յասուկոյի յուրաքանչյուր շարժումին։
 
Դա այն ձյունակույտի ուրվականն էր, որ Սինգոն վաղուց, շատ վաղուց, դեռ իր ծննդավայրում եղած ժամանակ, տեսել էր լեռներում։
 
― Դե ինչպե՞ս, ոնց որ թե վատ չստացվեց։
 
Յասուկոն արդեն կապել էր փողկապն ու ծայրերն էր ուղղում։
 
Սինգոն ինքն էլ մատներով քաշքշեց հանգույցը և պատահաբար կպավ Յասուկոյի ձեռքին։
 
― Օ՜հ...
 
Նա հանկարծ մտաբերեց. երբ ավարտեց համալսարանն ու կյանքում առաջին անգամ կոստյում հագավ, իր փողկապը Յասուկոյի քույրը կապեց։
 
Յասուկոյի ու Կիկուկոյի հայացքներից խուսափելու համար, նա դեմքը դարձրեց գգեստապահարանի հայելուն։
 
― Կարծես թե ամեն ինչ կարգին է։ Այո, խելքս թռցրել եմ, փողկապ կապելն էլ հանկարծ մոռացա ։ Սոսկալի է ուղղակի։
 
Դատելով այն բանից, որ Յասուկոյին հաջողվեց փողկապը բավական արագ կապել, պետք էր ենթադրել, թե նա, երբ դեռ նորապսակներ էին, ինքն էր Սինգոյի փողկապը կապում և վարժվել էր։ Բայց Սինգոն չէր հիշում՝ այդպես էր, թե ոչ։
 
Գուցե Յասուկոն կապել էր իր գեղատեսք փեսայի փողկա՞պը, երբ քրոջ մահվանից հետո գնացել էր նրա տան տնտեսությունը վարելու։
 
Կիկուկոն հագավ գետան ու տագնապած դուրս եկավ Սինգոյին մինչև դարբասը ուղեկցելու։
 
― Դուք կուշանա՞ք։
 
― Ոչ, այսօր ընդունելություն չի լինի։ Այնպես որ, շատ չեմ մնա։
 
― Շուտ վերադարձեք։
 
Օֆունե կայարանին մոտենալիս Սինգոն էլեկտրագնացքի պատուհանից տեսավ աշնանային թափանցիկ երկնքում վառ գծագրված Ֆուձի լեռը։ Շոշափելով ստուգեց փողկապը, թարս էր կապված։ Այն ծայրը, որ պետք է ավելի երկար լիներ, կարճ էր։ Յասուկոն սխալվել էր, որովհետև կապելիս կանգնել էր դեմքով դեպի Սինգոն։
 
― Դե սա ինչ բան է որ․․․
 
Սինգոն արձակեց փողկապն ու նորից առանց դժվարության կապեց։
 
Այն, որ առավոտյան չէր կարողանում հիշել, թե ինչպես է արվում այդ, այժմ անհավատալի թվաց։
 
<b>2</b>
 
Սյուիտին վերջին ժամանակներս ավելի հաճախակի էր հոր հետ տուն վերադառնում։
 
Մինչև Իոկոսուկա հասնող էլեկտրագնացքները, որ մեկնում էին ընդհանրապես կես Ժամ տևող ընդմիջումներից հետո, երեկոյան Տոկիոյից դուքս էին գալիս տասնհինգ րոպեն մեկ, և վագոնները երբեմն կիսով չափ դատարկ էին լինում։
 
Տոկիոյում Սինգոյի ու Սյուիտիի դիմաց մի երիտասարդ կին նստեց։
 
― Խնդրում եմ, նայեցեք, եթե կարելի է,― դարձավ նա Սյուիտիին և, թավշեկաշու նմանողությամբ, պլաստմասսայից սարքված կարմիր պայուսակը դնելով նստարանին, վեր կացավ։
 
― Ձեզ երկու տե՞ղ է հարկավոր։
 
― Գիտեք ինչ, ես․․․
 
Կինը պատասխանեց մանվածապատ, դրանից նրա թանձր շպարված դեմքն ամենևին չկարմրեց, ապա, թիկունքը դարձնելով նրանց կողմը, դուրս եկավ կառամատույց։ Ուսագլխները փոքրինչ վեր բարձրացրած, փափուկ ծալքերով վար իջնող վերարկուն նրա նրբագեղ մարմնի վրա խիստ պերճաշուք տեսք ուներ։
 
Սինգոն շշմել էր, Սյուիտին այդ ինչպես իսկույն ամեն ինչ համադրելով, հասկացավ ու հարցրեց՝ ձեզ երկու տե՞ղ է հարկավոր։ Արագ է գլխի ընկնում։ Ինչի՞ց կռահեց, որ կինը սպասում է մեկին, պայմանավորվել է ինչ֊որ մեկի հետ հանդիպել։
 
Սյուիտիի տված հարցերից հետո Սինգոն ևս որոշեց, որ կինը դուրս էր եկել հանդիպելու իր ուղեկցին։
 
Հետաքրքիր է, թե ինչու պատուհանի մոտ, ուղիղ իր դիմաց նստող այդ կինը դիմեց ոչ թե իրեն՝ Սինգոյին, այլ Սյուիտիին։ Որովհետև տեղից վեր կենալիս նայում էր Սյուիտիի կո՞ղմը, թե նաև այն պատճառով, որ Սյուիտին միշտ սիրալիր է, և կանայք նրա հետ իրենց ազատ են զգում։
 
Սինգոն նայեց որդու կիսադեմին։
 
Սյուիտին կարդում էր երեկոյան լույս տեսնող թերթը։
 
Շուտով կինը ետ եկավ վագոն և, բաց դռան մոտ մի պահ կանգ առնելով, մեկ անգամ էլ հայացքով ստուգեց կառամատույցը։ Այն մարդը, որի հետ պայմանավորվել էին հանդիպել, ըստ երևույթին, այնտեղ չէր։ Երբ վերադառնում էր իր տեղը, նրա բաց գույնի վերարկուն, որ կոճկված էր վզի տակ միայն մի խոշոր կոճակով, օձիքից մինչև փեշերը թեթևակի ծածանվում էր։ Գրպանների կտրվածքները բավական ցածր էին արված, և կինը ձեռքերը գրպանները դրած քայլելիս կարծես ճոճում էր վերարկուն։ Փոքր-ինչ անսովոր ձևվածքի այդ վերարկուն սազում էր նրան։
 
Այս անգամ նստեց Սյուիտիի դիմաց։ Երեք անգամ շրջվեց դռան կողմը։ Նոր տեղից մուտքը ավելի լավ էր երևում։
 
Սինգոյի դիմացի նստարանը զբաղեցրել էր նրա գլանաձև, կլորացրած անկյուններով ու մեծ փականքով պայուսակը։
 
Ադամանդե ականջօղերը, չնայած կեղծ էին, բայց փայլփլում էին իսկականի պես։ Նրա նեղ դեմքին աչքի էր ընկնում հաստավուն քիթը։ Բերանը փոքր էր, գեղեցիկ։ Վեր ձգված խիտ հոնքերը թեթևակի սափրված էին։ Մի քիչ ուռած կոպեր, կլորավուն կզակ... Մի խոսքով, շատ գեղեցիկն էր։
 
Աչքերի մեջ հոգնածություն կար, տարիքը դժվար էր որոշել։
 
Մուտքի մոտ իրարանցում սկսվեց։ Երիտասարդ կինն ու Սինգոն նայեցին դռան կողմը։ Թխկու հսկայական ճյուղերը ձեռքներին վագոն մտան մի հինգ֊վեց տղամարդ։ Նրանք ուրախ հրմշտում էի իրար․ երևի վերադառնում էին տուրիստական շրջագայությունից։
 
Թխկու այդպիսի բոսորագույն տերևներ լինում են հյուսիսային մասում, մտածեց Սինգոն։
 
Տղամարդիկ, առանց քաշվելու, իրար հետ խոսակցում էին բարձրաձայն։ Պարզվեց, որ թխկու ճյուղերը բերել էին Էտիգոյից։
 
― Երևի Աինսյուում էլ թխկիներն արդեն կարմրել են,― ասաց Սինգոն։
 
Բայց նա հիշեց ոչ այնքան իր ծննդավայրի լեռներում աճող թխկիները, որքան բոսորագույն սաղարթներով գաճաճ թխկին, որ Յասուկոյի ավագ քրոջ մահից հետո դրել էին զոհասեղանի մոտ։
 
Սյուիտին այն ժամանակ դեռ ծնված չէր։
 
Սինգոն ակնապիշ նայում էր նստարանի վրա դարսված թխկու ճյուղերին, որոնք ուղևորներին ակամա հիշեցնում էին տարվա եղանակը։
 
Սթափվելով մտքերից, նա հանկարծ նկատեց, որ իր դիմաց նստել է երիտասարդ կնոջ հայրը։
 
Ուրեմն նա հո՞րն էր սպասում։ Չգիտես ինչու, այդ հանգամանքը Սինգոյին հանգստացրեց։
 
Հայրն էլ, դուստրն էլ միատեսակ հաստ քթեր ունեին և կողքեկողքի թվում էին ծիծաղելի։ Նույնիսկ մազերն էլ էին միատեսակ աճել։ Հայրը դրել էր մուգ շրջանակով ակնոց։
 
Հայր ու դուստր նստած էին միմյանց նկատմամբ անտարբեր, անշարժ դեմքերով և իրար հետ չէին զրուցում։ Սինագավա հասնելուց առաջ հայրը քնեց։ Աղջիկը նույնպես փակեց աչքերը։ Նրանց թարթիչներն անգամ նման էին։
 
Սյուիտին Սինգոյին այդքան նման չէր։
 
Սինգոն շատ էր ուզում, որ հայր ու աղջիկ թեկուզ մի խոսք փոխանակեին, բայց միևնույն Ժամանակ մի քիչ նախանձում էր նրանց այն բանի համար, որ նստած էին իրար հանդեպ օտարների պես անտարբեր։
 
Հավանաբար նրանց տանը ևս ամեն ինչ հաշտ ու խաղաղ է։
 
Երր Իոկոհամայում կինը մենակ ցած իջավ, Սինգոն ապշեց։ Ա՜յ քեզ հայր ու դուստր, իրար միանգամայն անծանոթ մարդիկ են եղել։
 
Սինգոյի տրամադրությունը նույնիսկ ընկավ։
 
Իոկոհամայում հարևանը միայն աչքերը թեթևակի բաց արեց ու նորից շարունակեց ննջել։
 
Կնոջ իջնելուց հետո, նրա տարեց «հայրը» Սինգոյին մի տեսակ անդուր թվաց։
 
<b>3</b>
 
Սինգոն արմուկով հրեց Սյուիտիին ու շշնջաց.
 
― Ուրեմն նրանք հայր ու աղջիկ չէին։
 
Բայց Սյուիտին այդ հանգամանքը Սինգոյի սպասած վերաբերմունքին չարժանացրեց։
 
― Տեսա՞ր։ Թե՞ չտեսար։
 
Սյուիտին գլուխն արհամարհանքով թափահարեց։
 
― Արտառոց բան էր։
 
Սյուիտին, հավանաբար, դրա մեջ արտառոց բան չէր տեսնում։
 
Նման էին, ճի՞շտ է։
 
― Թերևս,― նետեց Սյուիտին։
 
Տարեց տղամարդը քնած էր։ Թեև գնացքը դղրդում էր, բայց միևնույն է, հարկ չկար դիմացը նսաած ուղևորի մասին բարձրաձայն խոսել։
 
Դա անվայելուչ էր։ Սինգոն խոնարհեց աչքերն ու հանկարծ տխրեց։
 
Թվում էր այդ մարդու մասին պետք է թախիծով մտածեր, այնինչ թախիծը, չգիտես ինչու, բուն էր դրել իր մեջ։
 
Հոդոկետանի կայարանից մինչև Տոցուկա բավական երկար ճանապարհ էր, և աշնան երկինքը հասցրեց մթնել։
 
Հնարավոր է, որ տղամարդը Սինգոյից երիտասարդ էր, բայց ոչ շատ, կլիներ երևի վաթսունին մոտ։ Իսկ Իոկոհամայում իջած կինը թերևս Կիկուկոյի հասակին էր։ Կիկուկոյի աչքերն ավելի գեղեցիկ էին։
 
Եվ, այնուամենայնիվ, մի՞թե այն կինը այս մարդու աղջիկը չէր։
 
Սինգոյի տարակուսանքը գնալով սաստկանում էր։
 
Իհարկե, կան մարդիկ, որ այնքան նման են իրար, կարծես հարազատներ լինեն։ Սակայն այդպիսիների թիվն առանձնապես շատ չէ։ Կարող է պատահել այս տղամարդը այն կնոջ միակ եզակի նմանակն է, այն կինն էլ սրա։ Ամեն ոք ընդամենը մեկ նմանակ ունի։ Գուցե սա աշխարհում երկու իրար անծանոթ մարդկանց ապշեցուցիչ նմանության միակ դեպքն է։ Գուցե յուրաքանչյուրն ապրում է հարազատ չունենալով։ Նույնիսկ չիմանալով մյուսի գոյության մասին։
 
Էլեկտրագնացքում հանդիպեցին միանգամայն պատահաբար։ Առաջին անգամ դեմ դիմաց եկան և հազիվ թե երբևիցե նորից տեսնեն իրար։ Սա միակ երեսուն րոպեանոց հանդիպումն էր նրանց ամբողջ երկար կյանքի ընթացքում։ Եվ հեռացան իրարից ոչ մի բառ չարտասանելով։ Նստել էին կողքեկողքի, սակայն, ըստ երևույթին, ինչպես հարկն է, չնայեցին էլ միմյանց, էլ չասենք, որ ընդհանրապես չնկատեցին իրենց ապշեցնող նմանությունը։ Մարդիկ, որոնց մեջ մարմնավորվել էր հրաշքը, բաժանվեցին, այնպես էլ չիմանալով, որ իրենց մեջ հրաշք էր մարմնավորվել։
 
Ցնցվողը կողմնակի մարդ էր՝ Սինգոն։
 
Բայց գուցե ինքս էլ,― մտածում էր Սինգոն,― պատահաբար վկա լինելով հրաշքին, ակամա դարձել եմ այդ հրաշքի մի մասնիկը։
 
Տեսնես այդ ի՞նչ ուժ է, ի՞նչ զորություն, որ ստեղծեց տղամարդուն ու կնոջը նման իրար, ինչպես հայր ու դուստր, նրանց ընդամենը երեսուն րոպեով հանդիպեցրեց միմյանց ու ցույց տվեց Սինգոյին։
 
Չէ՞ որ երիտասարդ կինը այդ մարդու, որին կարելի էր հայր համարել, կողքին նստեց լոկ այն պատճառով, որ նա, ում սպասում էր, չեկավ։
 
― Այդ ուժը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքը՝ կյանքը,― շշնջաց Սինգոն։
 
Երբ էլեկտրա գնացքը Տոցուկայում կանգ առավ, քնած տղամարդը հապճեպով վեր ցատկեց տեղից։ Նրա լայնեզր գլխարկը իրերի դարակից ընկավ Սինգոյի ոտքերի տակ։
 
Սինգոն գետնից վերցրեց։
 
― Օ՜, շնորհակալություն։
 
Տղամարդը գլխարկն առանց թափ տալու դրեց գլխին ու գնաց։
 
― Արտառոց դեպք էր, չէ՞։ Կնոջը միանգամայն անծանոթ մարդ դուրս եկպվ,― այլևս չքաշվելով, բարձրաձայն ասաց Սինգոն։
 
― Նրանք իսկապես նման են, բայց կերպարները բոլորովին տարբեր են։
 
― Կերպա՞րը․․․
 
― Աղջիկը աշխույժ է, կայտառ, իսկ «հայրը» մի տեսակ ընկճված ու վհատ։
 
― Աղջիկը պարզապես զուգված է, իսկ տարեց մարդը հագնվել է ինչպես պատահի, առանց ընտրության։ Կյանքում այդպես հաճախ է լինում։
 
― Համաձայն եմ, միայն թե նրանց հագուստի ոճը, ինչ-պես ասեմ, բոլորովին տարբեր է։
 
― Հը՛մ,― գլխով արեց Սինգոն,― եթե հիշում ես, կինը իջավ Իոկոհամայում։ Եվ տղամարդը հենց որ մենակ մնաց, ինձ թվաց թե միանգամից կարծես թոշնեց․․․
 
― Հա, բայց նա մինչև կնոջ իջնելն էլ այդպիսին էր։
 
― Եվ, այնուհանդերձ, ինձ համար տարօրինակ է, թե նա ինչու թառամեց։ կուչ եկավ։ Կարծես հանկարծ թախիծով համակվեց, թե ինչ։ Նա, ախր, ինձանից ջահել է և ահա․․․
 
― Այդպես լինում է, լինում է, բավական է ծերունու կողքին երիտասարդ կին հայտնվի, իսկույն ինքնագոհ-հաղթական տեսք է ընդունում։ Դու ինքդ էլ այդպիսին ես, չէ՞, հայրիկ,― կատակեց Սյուիտին։
 
― Ի՜նչ արած, եթե քեզ նման երիտասարդը նախանձում է ծերունուն․․․
 
― Չէ, ես չեմ նախանձում։ Գեղեցիկ երիտասարդի և դեռատի գեղեցկուհու միությունը շատ է անկայուն, իսկ տգեղ տղամարդը գեղեցկուհու կողքին խղճալի տեսք ունի։ Չէ, գեղեցկուհիներին ես զիջում եմ ծեր տղամարդկանց։
 
Սինգոն չէր դադարում զարմանալ իրենց դիմաց նստածների ապշեցուցիչ նմանության վրա։
 
― Բայց և այնպես չի բացառվում, որ նրանք հայր ու աղջիկ էին։ Ա՛յ, թե ինչ մտածեցի, հանկարծ ու այդ կինը ապօրինի զավակ է։ Հանդիպելիս նրանք իրենց անունները չտվին և այնպես էլ չիմացան, որ հայր ու դուստր են...
 
Սյուիտին երեսը շրջեց։
 
Սինգոյի ասածից հետո նա նույնիսկ հայհոյեց քթի տակ։
 
Չէր սպասում, որ հայրը իրեն խայթոցներ կնետի։
 
― Մի քսան տարի անց քեզ հետ էլ կարող է նույնը պատահել։
 
― Ամբողջ ժամանակ խոսքդ ուզում էիր այդ կողմը շուռ տալ, այնպես չէ՞, հայրիկ։ Ոչ, ես ամենևին էլ սենտիմենտալ ճակատագրապաշտ չեմ։ Թշնամու արկերը սուլում էին իմ գլխավերևում և դրանցից ոչ մեկն ինձ չդիպավ։ Թե՛ Չինաստանում, թե՛ հարավային ծովերի երկրներում ես գուցեև ունեմ ապօրինածին երեխաներ։ Իսկ հանդիպել ապօրինի զավակին և բաժանվել նրանից առանց ճանաչվելու, դա գլխավերևում սուլացող արկերի համեմատությամբ դատարկ բան է։ Կյանքի համար անվտանգ է։ Շատ հնարավոր է, որ Կինուկոն աղջիկ բերի, և եթե ինքը հավատացնում է, որ այդ աղջիկը ինձնից չի, ես ևս գերադասում եմ այդպես մտածել։
 
― Խաղաղ կյանքն ու պաաերազմական ժամանակը ամենևին էլ միևնույն բանը չեն։
 
― Գուցե մեզ արդեն հետապնդում է մի նոր պատերազմ, կամ թերևս հենց անցածի ուրվականը, որ դեռ այսօր էլ ձեռք չի քաշում մարդկանցից,― ասաց Սյուիտին։― Եվ միայն նրա համար, որ այդ կինը մի քիչ տարբերվում է մյուսներից,― ավելացրեց նա կշտամբանքով,― դու, հայրիկ, նրա մեջ տեսար ինչ֊որ առինքնող բան ու սկսեցիր պատրանքներ հյուսել։ Եթե կինը թեկուզ չնչին չափով տարբերվում է մյուսներից, տղամարդն ընկնում է նրա ցանցը։
 
― Իսկ դու, եթե կինը թեկուզ չնչին չափով տարբերվում է մյուսներից, նախընտրում ես նրան երեխա պարգևել, և թող հետո այդ երեխային դաստիարակի ինչպես կարող է, դա արդեն քեզ չի վերաբերում։
 
― Ես չէի ուզում, որ լիներ։ Նա էր ուզում։
 
Սինզոն չպատասխանեց։
 
― Ես համոզված եմ, որ Իոկոհամայում իջած այն կինն ազատ է,― խոսքը փոխեց Սյուիտին։
 
― Հնարավոր է։
 
― Անկասկած ամուսին չունի, և եթե հրավիրես, կգա։ Իրեն անմատչելի է պահում, բայց այնքան էլ բարեվարք կին չէ, ոչ էլ նյութական վիճակն է շատ կայուն։
 
Որդու դիտողությունը Սինգոյին շշմեցրեց.
 
― Ահավոր մարդ ես, Սյուիտի։ Ե՞րբ հասցրիր այդպես անպատկառ դառնալ։
 
― Կիկուկոն ազատ է։ Բառիս բուն իմաստով ազատ է։ Ես չեմ ուզում ոչ պահակ, ոչ էլ կալանավոր լինել,― մարտահրավեր նետեց Uյուիտին։
 
― Հայտարարելով, որ կինդ ազատ է, ի՞նչ նկատի ունես։ Դու Կիկուկոյի՞ն էլ ես այդ ասել։
 
― Ոչ։ Ավելի լավ է նրան ինքդ հայտնես, հայրիկ։
 
― Ուզում ես ասել,― կտրուկ շեշտեց Սինգոն,― Կիկուկոյին այլևս քո հարսը մի՞ համարիր։
 
― Չէ, ինչու,― տոնը մեղմացրեց Սյուիտին։― Խոսակցությունը սկսվեց այն բանից, որ Իոկոհամայում իջած կինն ազատ է․․․ Այդ կինը մոտավորապես Կիկուկոյի հասակին է և ինչ֊որ բանով նույնիսկ հիշեցնում է նրան, դրա համար էլ, երևի, քեզ թվաց, թե տարեց տղամարդն ու ջահել կինը հայր ու դուստր են։
 
― Ի՞նչ։
 
Սինգոն, անակնկալի եկած, բոլորովին շփոթվեց։
 
― Ամենևին, ճիշտ չես ասում։ Ինչ էլ որ գան իրար, նրանց այդպիսի նմանությունը հրաշքի պես բան է։
 
― Անկեղծ խոստովանած, դա այնպիսի արտակարգ ցնցող դեպք չէ, ինչպիսին պատկերացնում ես։
 
― Ոչ, ես իրոք ապշել էի,― պատասխանեց Սինգոն, բայց երբ զգաց, որ Սյուիտին հասկացել է, թե հայրն ինչպես այդ պահին, առանց իրեն հաշիվ տալու, մտածում էր Կիկուկոյի մասին, նրա շունչը քիչ մնաց կտրվեր։
 
Թխկու ճյուղերով բեռնված ուղևորները իջան Օֆունեում։ Նայելով կառամատույցի վրա թափահարվող այդ ճյուղերին, Սինգոն ասաց.
 
― Գուցե մի անգամ գնայինք Սինսյու, հիանայինք թխկիներով։ Մայրիկիդ ու Կիկուկոյի հետ։
 
― Չգիտեմ։ Թխկիներն ինձ քիչ են հետաքրքրում։
 
― Կուզենայի նորից տեսնել հարազատ լեռները։ Եվ Յասուկոյի տունը։ Երազում տեսել էր, իբր, տունը հիմնահատակ փլվել էր։
 
― Իսկապես քանդվում է։ Եթե, քանի դեռ ուշ չէ, վերանորոգենք, բոլորովին կավերվի։ Հիմքը, ճիշտ է, բավական ամուր է, դրա համար էլ կանգուն է մնում, բայց եթե նորոգենք․․․ Իսկ, իրապես ասած, ինչի՞ համար։
 
― Ինչպե՞ս թե, ինչի։ Երբ ես կենսաթոշակի անցնեմ, մորդ հետ կարող ենք մեկնել գյուղ։ Ո՞վ է իմանում, որոշ ժամանակից հետո մեկ էլ տեսար դուք էլ տեղափոխվեցիք։
 
― Ես կարող եմ մնալ ու հսկել մեր այստեղի տունը, իսկ Կիկուկոն... Նա դեռ մայրիկի գյուղական տունը չի տեսել, թող ձեզ հետ գա։ Կարծում եմ այդպես շատ ավելի լավ կլինի։
 
― Ինչպե՞ս է հիմա Կիկուկոն։
 
― Այն կնոջ հետ իմ բոլոր կապերը կտրելուց հետո, դարձել է մի տեսակ տրտում, ամեն ինչի նկատմամբ անտարբեր։
 
Սինգոն դառնությամբ քմծիծաղեց։
 
<b>4</b>
 
Կիրակի առավոտյան Սյուիտին դարձյաl գնաց ձուկ որսալու։
 
Չորացնելու համար պատշգամբ դուրս բերած աթոռի բարձերը իրար վրա դարսելով, Սինգոն գլուխը ձեռքին հենած պառկեց դրանց վրա, արևի տակ տաքանալու։
 
Շեմքի մեծ քարին փռվել էր Տերուն։
 
Յասուկոն նստել էլ սեղանատանը․ տաս օրվա թերթերը ծնկներին դրած ուշադրությամբ թերթում էր։
 
Որևէ, ըստ նրա, հետաքրքիր հոդվածի հանդիպելիս ձայնում էր Սինգոյին ու սկսում բարձրաձայն ընթերցել։ Այդ կրկնվում էր բավական հաճախ, և Սինգոն մի քանի անգամ ի պատասխան կնոջը ինչ֊որ անհասկանալի բաներ փնթփնթալուց հետո չհամբերեց։
 
― Յասուկո, արի դու կիրակի օրերը թերթ մի կարդա,― ասաց ու ծուլորեն շրջվեց մյուս կողքին։
 
Կիկուկոն հյուրասենյակում, որմնախորշի առջև ծաղկամանի մեջ պատատվող զարդադդում էր դնում։
 
― Կիկուկո, այդ դդումը տան ետևի սարից ես քաղե՞լ։
 
― Այո։ Գեղեցիկ է, չէ՞։
 
― Այնտեղ երևի էլի կա, հա՞։
 
― Այո, մի հինգ, թե վեց հատ մնացել է։
 
Կիկուկոն բարձրացրեց շիվը, որից վառ գույնի երեք պտուղ էին կախվել։
 
Ամեն առավոտ լվացվելիս Սինգոն տեսնում էր, թե ինչպես տան ետևի լեռան վրա վարդագույնի էին տալիս զարդադդումները, իսկ այժմ, երբ քաղել բերել էին հյուրասենյակ, պարզվեց, որ ոչ թե վարդագույն են, այլ կարմիր։
 
Սինգոն դիտում էր զարդադդումը։ Նրա տեսադաշտի մեջ էր ընկնում նաև Կիկուկոն։
 
Որքան անաղարտ գեղեցիկ է պարանոցից կզակը տանող գիծը։ Ոչ, այդ սքանչելի գիծը չէր կարղղ մի սերնդի ընթացքում ի հայտ գալ, դա ստեղծվել է բազմաթիվ սերունդների դժվարին ցանքերով,― թախծոտ մտորում էր Սինգոն։
 
Գուցե նրանից, որ մազերը հավաքած սանրվածքը պարանոցը մերկացրել էր, Կիկուկոն նիհարած էր թվում։
 
Սինգոն միշտ էլ գիտեր, որ հարսի վիզը անչափ գեղանի է՝ երկար, նրբաողորկ, բայց այժմ, պառկած տեղից դիտելիս շատ ավելի գեղեցիկ էր երևում։
 
Հնարավոր է, որ Կիկուկոն աշնան արևի շողերից էր այդպես սիրունացել։
 
Կզակից սկիզբ առնող պարանոցի գիծը շեշտում էր հարսի անաղարտ մաքրությունը։
 
Չնայած պարանոցը փոքրինչ գիրացել էր արդեն, և աղջկական փխրունությունը սկսել էր անհետանալ։
 
― Միայն այս մեկն էլ կարդամ,― ներսից ձայն տվեց Յասուկոն,― անչափ հետաքրքիր է։
 
― Դե լավ, կարդա։
 
― Ամերիկայի մասին է։ Կա Բուֆալո անունով մի քաղաք, Նյու Յորքի նահանգում։ Բուֆալոյում մի մարդ ավտոմոբիլային վթարի ժամանակ կորցնում է ձախ ականջն ու իրեն հապշտապ գցում է բժշկի մոտ։ Բժիշկը գլխապատառ դուրս է վազում տանից դեպի վթարի վայրը, գտնում արնոտ ականջը և վերադառնալով, դնում է տուժածի վրա ու կարում։ Ականջը հիանալի կպչում է։ Այստեղ ասվում է, որ կտրած մատն էլ կարող է կպչել, եթե անմիջապես տեղը կարեն։
 
― Այ թե ինչ։
 
Յասուկոն միառժամանակ լուռ կարդում էր մյուս հոդվածները, հետո հանկարծ հայտարարեց.
 
― Նույն բանն է լինում նաև ընտանեկան կյանքում։ Եթե մարդ ու կին դեռ լրիվ չբաժանված նորից են միանում, նրանց կյանքն այնուհետև ընթանում է բարեհաջող։ Իսկ եթե պառակտումից հետո անցնում է երկար ժամանակ, ապա․․․
 
― Խոսքդ ինչի՞ մասին է,― ասաց Սինգոն, հարցն ուղղակի չտալով։
 
― Ինչ է, Ֆուսակոյի հետ նույն բանը չպատահե՞ց։
 
― Աիխարան մեռած է, թե ողջ, հայտնի չէ։ Անհայտ է նաև, թե այժմ որտեղ է,― պատասխանեց Սինգոն։
 
― Թե նա որտեղ է, ցանկացած դեպքում կարելի է պարզել, բայց դա գործին ինչո՞վ կօգնի։
 
― Հերիք է ախուվախ անես։ Ապահարզանի դիմումն արդեն ուղարկված է։ Այդ բանի հետ պետք է հաշտվել ու վերջ։
 
― Ջահել հասակից ես սովորել եմ ամեն ինչին համակերպվել, բայց երբ անընդհատ աչքիս առջև է երկու երեխայով Ֆուսակոն, ինչ անելը շարունակ գլխիս մեջ է։
 
Սինգոն լռում էր։
 
― Ֆուսակոյի արտաքինը գրավիչ չէ, ինքդ էլ ես տեսնում։ Բայց եթե նույնիսկ որևէ մեկը նրան առաջարկություն անի, ու նա ամուսնանա, երեխաները, միևնույն է, կմնան մեզ մոտ, և նրանց հոգսը կընկնի Կիկուկոյի վրա, Կիկուկոն մեղք է։
 
― Եթե այդպիսի բան լինի, Կիկուկոն ու Սյուիտին մեզանից կհեռանան, առանձին կապրեն, և երեխաներին ստիպված ինքդ կմեծացնես։
 
― Ասում ես՝ ի՞նքս։ Դու շատ լավ գիտես, որ գործից վախեցողը չեմ, միայն մի մոռանա, արդեն վաթսունն անց եմ։
 
― Գործերը մարդկային որոշվում են երկնքում։ Ֆուսակոն ո՞ւր է։
 
― Գնացել է Մեծ Բուդդայի տաճարը։ Երեխաները տարօրինակ արարածներ են։ Չնայած Սատոկոն Մեծ Բուդդայի տաճարից վերադառնալիս քիչ էր մնում ավտոմոբիլային վթարի ենթարկվեր, բայց սիրում է այդ Բուդդային և շարունակ խնդրում է, որ իրեն նրա մոտ տանեն։
 
― Հազիվ թե հատկապես Մեծ Բուդդային սիրելիս լինի։
 
― Չէ, ճիշտ, իրոք սիրում է նրան։
 
― Տարօրինակ է։
 
― Ինչ ես կարծում, Ֆուսակոն կուզենա՞ գյուղ տեղափոխվել. մեր տունը կժառանգենք նրան․․․
 
― Դե չէ, ինչ մի տուն է որ,― կտրուկ ընդհատեց Սինգոն։
 
Յասուկոն խորասուզվեց թերթերի ընթերցանության մեջ։
 
― Հայրի՜կ,― այս անգամ ձայն տվեց Կիկուկոն,― մայրիկի պատմածը ականջի մասին ինձ հիշեցրեց ձեր ասածը, թե ինչպես երազում էիք գլուխն անջատել մարմնից, տալ հիվանդանոց, որպեսզի այնտեղ մաքրեն ու վերանորոգեն։
 
― Այո՛, այդ ասացի արևածաղիկներին նայելու ժամանակ։ Դրա անհրաժեշտությունը գնալով սաստկանում է։ Մեկ էլ տեսար մոռացա, թե փողկապն ինչպես են կապում կամ, ով գիտե, հանկարծ կսկսեմ թերթը վարից վեր կարդալ։
 
― Ձեր ասածը հաճախ եմ մտաբերում։ Ինքս էլ եմ շարունակ ուզում գլուխս հիվանդանոց հանձնել։
 
Սինգոն նայեց Կիկուկոյին։
 
― Հըմ։ Ամեն գիշեր իմ գլուխը հանձնում եմ երազներիս հիվանդանոցին։ Այն, որ անվերջ երազներ եմ տեսնում, երևի կապված է տարիքի հետ։ Մեկ անգամ մի բանաստեղծություն կարդացի. «Երբ մեր հոգին թախիծով է պարուրվում, տեսնում ենք երազներ, որոնք իրականության շարունակությունն են...»։ Իսկ, այն իմ երազները ամենևին էլ իրականության շարունակությունը չեն։
 
Կիկուկոն զարդադդումը դրել էր ծաղկամանն ու տարբեր կողմերից նայում էր վրան։
 
Սինգոն նայում էր Կիկուկոյին։
 
― Կիկուկո, մեզանից մի գնա,― անսպասելի ասաց նա։
 
Կիկուկոն վեր կացավ, մոտեցավ Սինգոյին ու նստեց մոտը։
 
― Ես մենակ վախենում եմ ապրել։ Վախենում եմ Սյուիտիից,― կամացուկ, որպեսզի Յասուկոն չլսի, ասաց նա։
 
― Մի՞թե դու մտադիր ես Սյուիտիից հեռանալ։
 
Կիկուկոն մռայլվեց,
 
―Եթե հեռանամ էլ, մեկ է, ձեր մասին միշտ հոգ կտանեմ։
 
― Դա քեզ միայն դժբախտություն կբերի։ ՝
 
― Ոչ։ Որևէ բան սիրով անելը ինչպե՞ս կարող է դժբախտություն համարվել։
 
Սինգոն ապշել էր։ Կիկուկոն առաջին անգամ էր այդպիսի տաքարյունություն դրսևորում։ Եվ զգաց, թե իրենց խոսակցությունը որքան վտանգավոր էր։
 
― Կիկուկո, քո լավ վերաբերմունքն իմ նկատմամբ արդյո՞ք պետք է բացատրել այն բանով, որ ես քեզ համար մի տեսակ փոխարինում եմ Սյուիտիին։ Ինձ թվում է դուք վերջերս միմյանցից ավելի եք հեռացել։
 
― Ես նրան հաճախ չեմ հասկանում։ Երբեմն այնպես մռայլ է դառնում, մոտենալն անհնարին է։― Կիկուկոն գունատված նայում էր Սինգոյին, ասես օգնություն աղերսելով։
 
― Այո, պատերազմը Սյուիտիին շատ է փոխել։ Երբեմն ես էլ չեմ կարողանում ըմբռնել, թե հետն ինչ է կատարվում։ Նա ամեն ինչ հակառակն է անում։ Որքան ուրախ կլինեի, եթե ձեզ հաջողվեր առանց բռնություն գործադրելու երկուսիդ կյանքը նորից միացնել, ինչպես այն արյունոտված ականջը...
 
Կիկուկոն նստած էր անշարժ, մթնած դեմքով։
 
― Քեզ Սյուիտին չի՞ ասել, Կիկուկո, դու ազատ ես։
 
― Ո-ո՜չ,― Կիկուկոն տարակուսանքով նայեց Սինգոյին։― Ազա՞տ․․․ Ինչպե՞ս հասկանալ...
 
― Ես նույնպես հարցրի Սյուիտիին, թե հայտարարելով, որ իր կինն ազատ է, ինչ նկատի ունի։ Եթե մտամուխ լինենք, դա, ըստ երևույթին, կարելի է բացատրել այսպես՝ Կիկուկոն պետք է ազատվի ինձանից, և ես նույնպես պետք է Կիկուկոյին ավելի մեծ ազատություն տամ։
 
― Դուք «ես» ասելով նկատի ունեք ձե՞զ։
 
― Այո։ Սյուիտիի խոսքերը ըստ էության նշանակում են՝ Կիկուկոն ազատ է, այդ մասին ինքդ հայտնիր նրան։
 
Խոսակցության ժամանակ գլխավերևում ինչ֊որ հնչյուններ լսվեցին։ Սինգոյին թվաց, թե դա երկնքի ձայնն է։
 
Նայեց վեր ու տեսավ՝ ծառերի կատարներին աղավնիներ են ճախրում։
 
Կիկուկոն երևի ինքն էլ լսեց թևերի շփշփոցը․ մոտեցավ պատշգամբի եզրին։
 
― Մի՞թե իրոք ես ազատ եմ,― արտասվալից ձայնով հարցրեց նա, հայացքն ուղղած հեռացող աղավնիներին։
 
Շեմքի քարին հանգիստ պառկած Տերուն, թևաբախումներ լսելով, սլացավ այգի։
 
<b>5</b>
 
Այդ կիրակի ընթրիքի նստեցին հանդերձ ընտանյոք․ բոլորը միասին՝ յոթ հոգի։
 
Տուն վերադարձած Ֆուսակոն և նրա երկու երեխան այժմ նույնպես դարձել էին ընտանիքի անդամներ։
 
― Ձկնեղենի կրպակում ընդամենը երեք կարմրախայտ կար։ Երեքից մեկը կտամ Սատոկոյին,― ասաց Կիկուկոն և ձկները բաժանեց Սինգոյի, Սյուիտիի ու Սատոկոյի միջև։
 
― Երեխաները կարմրախայտ չեն ուտում,― ձեռքով ամանի ձուկը ետ հրեց Ֆուսակոն։― Տուր տատիկին։
 
― Չէ՛,― վրա պրծավ, ափսեն ճանկեց Սատոկոն։
 
Յասուկոն հանգիստ ասաց․
 
― Կարմրախայտերը մեծ են և այս տարի վերջինը։ Ես մի կտոր կվերցնեմ պապիկից, Կիկուկոն էլ՝ Սյուիտիից․․․
 
Նրա խոսքերը ընտանիքը տրոհեցին երեք մասի և ասես միանգամից վերածեցին երեք առանձին ընտանիքների։
 
Սատոկոն սկսեց ձկան կտորները փայտիկներով վրա-վրա բերանը խոթել։
 
― Համե՞ղ է։ Կանոնավոր կեր,― դեմքը կնճռոտեց Յասուկոն, նրա ափսեից փայտիկների ծայրերով վերցրած ձկնկիթի հատիկները դնելով կրտսեր թոռան բերանը։ Uատոկոն չառարկեց։― Խավիար է․․․― փնթփնթաց Յասուկոն և փայտիկներով կարմրախայտի ձկնկիթ վերցրեց Սինգոյից։
 
― Վաղո՜ւց, դեռ մեր գյուղում եղած ժամանակ, Յասուկոյի մեծ քույրը ինձ խնդրեց եռատող ոտանավոր հորինել։ Համա թե չարչարվեցի։ Թեման ինքն էր տվել ոչ այն է կարմրախայտն աշնանը, ոչ յն է՝ կարմրախայտը գետի միջով լողում է ցած խավիար դնելու կամ թե՝ կարմրախայտը ձկնկիթ ածելիս․․․― սկսեց Սինգոն և, նայելով Յասուկոյին, շարունակեց,― եռատողի մեջ պետք է կարմրախայտ լիներ, կարմրախայտ, որը խավիար ածելուց հետո, գետի հոսանքով դժվարությամբ իջնում է ծով. հյուծված և ուժասպառ։
 
― Ոնց որ ե՛ս,― արագ ասաց Ֆուսակոն։― Թեև ես երբեք կարմրախայտի նման հրապուրիչ չեմ եղել։
 
Սինգոն ձևացրեց՝ իբր չի լսում։
 
― Այս թեմայով գրված հնամյա եռատող բանաստեղծություններ շատ կան. «Ժամանակը վրա հասավ, ալիքների կամքին հանձնվեց աշնանային կարմրախայտը»։ Կամ․ «Կարմրախայտը հորձանուտով սլանում է դեպի սեփական մահը»։
 
― Հա, էլի, եթե այդ եռատողերը վերաբերում են որևէ մեկին, ապա այդ մեկը ես եմ։
 
― Ոչ, իմ մասին են,― ասաց Յասուկոն։
 
― Մի՞թե խավիար ածելուց ու ծով իջնելուց հետո կարմրախայտը ոչնչանում է։
 
― Կարծում եմ, որ ոչնչանում է։ Երբեմն լինում է և այնպիսին, որը ամբողջ տարին թաքնված մնում է գետախորշերում։ Դրան անվանում են ծույլ կարմրախայտ։
 
― Ես, հավանաբար, պատկանում եմ ծույլերի տեսակին,― փնթփնթաց Յասուկոն։
 
― Իսկ ես ծույլ կարմրախայտ լինել էլ չեմ ուզում,― ասաց Ֆուսակոն։
 
― Բայց դու տուն վերադառնալուց հետո կազդուրվել ես, և դեմքիդ գույնն էլ լավացել է,― աղջկան նայեց Յասուկոն։
 
― Ես հաստանալու կարիք չունեմ։
 
― Վերադառնալ հայրական տուն, մեկ է թե թաքնվել խաղաղ գետախորշում,― ասաց Սյուիտին։
 
― Երկար թաքնվելու մտադրություն չունեմ։ Նողկալի է։ Գերադասում եմ իջնել ծովը։― Ֆուսակոյի ձայնը ծակող էր։― Սատոկո, ափսեում միայն փշերն են մնացել, ձեռք քաշիր,― հարձակվեց նա դստեր վրա։
 
Յասուկոն դեմքը կնճռոտեց։
 
― Հայրիկի արած պատմությունից այս հրաշալի կարմրախայտի մեջ իսկի համ չմնաց։
 
Ֆուսակոն գլուխը կախ գցելով նորից խոսեց.
 
― Հայրիկ, ինձ չե՞ս օգնի, թեկուզ փոքր մի կրպակ բացել։ Կոսմետիկական կամ գրենական պիտույքների... Կարելի է և ծայրամասում։ Ես պատրաստ եմ նույնիսկ ոգելից խմիչքների բաժակածախ կամ տարածախ վաճառք կատարել։
 
Uյուիտին ապշեց․
 
― Եվ դու կկարողանաս նման ստորացուցիչ գործով զբաղվե՞լ։
 
― Կկարողանամ։ Դրա մեջ ինչ կա որ, հաճախորդները կգան ոչ թե ինձանով հիանալու, այլ սակե խմելու։ Ասենք նրանք ինձ հետ խոսելու բան էլ չեն ունենա, նրանք համոզված են, որ իրենց կանայք գեղեցկուհիներ են։
 
― Ես այդ մտքով չեմ ասում։
 
― Քույրիկն, անշուշտ, կկարողանա։ Ամեն կին էլ ընդունակ է զբաղվել պատահած նույնիսկ ամենաստորացնող գործով,― անսպասելի միջամտեց Կիկուկոն։― Եթե քույրիկը որևէ բան ձեռնարկի, ես պատրաստ եմ օգնել նրան։
 
― Օհ՜ո, սա արդեն դառնում է հետաքրքրակա՜ն։
 
Սյուիտին ամբողջ իր տեսքով փորձեց ցույց տալ, թե ինչ աստիճան զարմացած է։ Սեղանի շուրջը լռություն տիրեց։
 
Կիկուկոն մինչև ականջները կարմրատակել էր։
 
― Ինչ եք կարծում, մյուս կիրակի չմեկնե՞նք գյուզ, աշնանային թխկիներով հիանալու,― առաջարկեց Սինգոն։
 
― Թխկիներով հիանալո՞ւ։ Ես սիրով կգայի։― Յասուկոյի աչքերը փայլեցին,― Կիկուկո, արի մեզ հետ։ Ախր մենք քեզ դեռ ցույց չենք տվել մեր հարազատ վայրերը։
 
― Կգամ, ինչու չէ։
 
Ֆուսակոն ու Սյուիտին փքվեցին։
 
― Իսկ ո՞վ կմնա տունը հսկելու։
 
― Ես կմնամ,― ասաց Սյուիտին։
 
― Ոչ, ե՛ս,― ընդդիմացավ Ֆուսակոն։― Սինսյո մեկնելուց առաջ, հայրիկ, կուզենայի, որ պատասխանեիր իմ հարցին։
 
― Լավ, մի բան կորոշենք,― ասաց Սինգոն ու հիշեց Կինուկոյին, որ երեխայի սպասելով, Նումաձուում կարի փոքրիկ արհեստանոց էր բացել։
 
Ընթրելուց հետո սեղանից առաջինը Սյուիտին վեր կացավ, գնաց դուրս։
 
Սինգոն նույնպես ոտքի ելավ, տրորելով թմրած ծոծրակը։ Հետո մտավ հյուրասենյակ, լույսը վառեց։
 
― Կիկուկո՛,― կանչեց հարսին,― քո զարդադդումը կախ է ընկել, հասել գրեթե մինչև հատակ։ Երևի շատ է ծանր։
 
Կիկուկոն ամաններն էր լվանում, հավանաբար չլսեց։
Վստահելի
1318
edits