Changes
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Եղավ: Պատվերը՝ պատվեր է,— ուրախացավ պանդոկպանը: — Բարի գիշեր, պարոն Պարկինս, այսինքն՝ ներեցեք, Զառիթափցի... Ա՜, այո, միայն թե ու՞ր է պարոն Բրենդիզայքը:
— Չգիտեմ,— վայրկենապես անհանգստանալով արձագանքեց Ֆրոդոն: Մերիի մասին նրանք ինչ-որ մոռացել էին, իսկ արդեն շատ ուշ էր: — Զբոսնում է երևի, ասաց, որ գնում է մաքուր օդ շնչելու:
— Հա, ձեր հետևից հարյուր աչք է պետք,— հարյուր աչք է պետք,— հառաչելով նկատեց պարոն Նարկիսը: — Մի գնամ կարգադրեմ բոլոր դռները փակեն, երբ, իհարկե, ձեր բարեկամը վերադառնա: Թող Նոբը հսկի:
Վերջապես պանդոկպանը գնաց, նորից մի թռուցիկ հայացք գցելով Պանդուխտի վրա ու գլուխն օրորելով: Միջանցքում նրա քայլերը հեռացան ու մարեցին:
— Դեհ ինչ, նամակը կարդալու՞ ես,— հարցրեց Պանդուխտը:
Ֆրոդոն ուշադիր զննեց կնիքը՝ այո, Գանդալֆի կնիքն էր, անվիճելի է, հետո պոկեց այն: Նամակը գրված էր արագ ու պարզ ձեռագրով:
''«Սիգարշավող պոնի», Լեռնամոտ: Գիշերահավասար: Հոբիթստանի թվարկության 1414-րդ տարի»:
Իմ բարեկամ Ֆրոդո...
Ինձ վատ լուրեր են հասել: Շտապում եմ, ժամանակ բոլորովին չկա, իսկ դու Պարկուտից արագ դուրս արի հուլիսի վերջին, ամենաուշը, որպեսզի Հոբիթստանում հետքդ անգամ չլինի... Հենց կարողանամ՝ կվերադառնամ, կուշանամ՝ հետևներիցդ կհասնեմ: Եթե անցնեք Լեռնամոտով, ինձ համար տեղեկություն թողեք: Պանդոկպանին (Նարկիսին) կարելի է վստահել: Հուսով եմ, ճանապարհին կհանդիպեք իմ ընկերոջը. բարձրահասակ, թխահեր, կոչում են Պանդուխտ: Նա ամեն ինչ գիտե և կօգնի: Գնացեք Ազատք՝ այնտեղ արդեն անպայման կտեսնվենք, իսկ եթե չհասցնեմ, Էլրոնդը ձեր մասին հոգ կտանի և կասի ինչ անել հետագայում: Գանդալֆ:
Հա, իդեպ, չհագնես այն, ոչ մի դեպքում չհագնես... Գնացեք ցերեկը, գիշերը թաքնվեք...
Դարձյալ ի դեպ, երբ հանդիպեք Պանդուխտին, զգույշ եղեք՝ ո՞վ գիտե, էլ ով կարող է այդպես կոչվել: Նրա իսկական անունը Արագորն է:
<poem>
Որիշ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:
Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,
Եվ սուրը նորից կշողա, կայրի,
Արքային արքա կկոչեն դարձյալ՝
Ի պատիվ անցած մի այլ արքայի:
</poem>
Դարձյալ, հուսով եմ, Լավրը նամակը ուղարկելը չի ուշացնի: Նա կարգին մարդ է, բայց հիշողությունը ծակ մաղի նման է: Որ մոռանա՝ մեծ կտորն ականջն եմ թողնելու
Հաջողություն:''
Ֆրոդոն նամակը կարդաց մտքում, հետո տվեց Փինին և գլխով արեց Սամի կողմը՝ իբր կարդա և տուր նրան:
— Այո՜... այ թե գործ է արել մեր աղավնյակ Նարկիսը... — ասաց նա: — Տես հա՜, որ Գանդալֆն իսկապես նրա մեծ կտորն ականջը չթողնի ու վերջ: Էհ, նամակը ժամանակին ստացած լինեի, հիմա վաղուց արդեն Ազատքում կլինեինք: Բայց ինչ է տեղի ունեցել Գանդալֆի հետ: Նա այնպես է գրում, ասես պատրաստվելիս է եղել կրակի մեջ թռչել: