Բոլորը զարմացած շրջվեցին դեպի Սամը:
— Իսկ շարունակությու՞նը,— հարցրեց Մերին:
— Շարունակությունն արդեն չեմ հիշում,— խոստովանեց Սամը: — Ես լսել եմ պարոն Բիլբոյից, երվ դեռ փոքր տղա էի. նա գիտեր, որ էլֆերի համար գժվում եմ և նրանց մասին ամեն ինչ ինձ պատմում էր: Նա ինձ գրագիտություն էլ է սովորեցրել, իսկ ինչքա՜ն է իր հորինած ոտանավորներից արտասանել՝ թիվ ու համար չկա:
— Դա ինքը չի հորինել,— ասաց Պանդուխտը: — Դա «Գիլ-Գալադի մահը» հին երգի սկիզբն է, միայն Բիլբոն էլֆերենից թարգմանել է համընդհանուր լեզվի:
— Էնտեղ դեռ շատ կար, երգը երկար էր ու անընդհատ Մորդորի մասին,— ասաց Սամը: — Հիշում եմ, վախից շարունակությունը միտս չպահեցի: Ի՞նչ գիտենայի էն ժամանակ, որ ինձ բաժին կընկնի գնալ էնտեղ:
— Դե, առայժմ դեռ ո՛չ Մորդոր,— ասաց Փինը:
— Կամաց,— նրա թևքը քաշեց Պանդուխտը,— այդ բառի հետ զգույշ եղեք:
Զավերտի գագաթին, ինչպես գուշակում էր Պանդուխտը, նրանք խիտ խոտով ծածակված հինավուրց ավերակներ տեսան: Բայց տափակ կատարի կենտրոնում քարերի մեջ կրակի թարմ հետքեր կային: Իսկ շուրջը մռայլ ու չարագույժ լռություն էր:
— Ահա քեզ, խնդրե՛մ,— ասաց Մերին: — Արժեր շտապել այստեղ՝ ոչ քեզ ծառ ու թուփ, ոչ առվակ, ոչ թաքստոց: Իհարկե, Գանդալֆն էլ չկա՝ և, իհարկե, ի՞նչ պետք է աներ այստեղ:
— Այո, նա այստեղ ոչինչ չունի անելու,— մտածկոտ համաձայնեց Պանդուխտը: — Չնայած, եթե նա մեզնից երկու օր հետո լիներ Լեռնամոտում, ուրեմն կարող էր ավելի շուտ հասնել այստեղ և սպասել: