— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. «''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...''»: Ձին սուրաց: Այդ նույն պահին բլրից սլացան սև ձիերը: Ֆրոդոն սահմռկեցուցիչ ոռնոց լսեց, այն նույն ոռնոցը, որ վերջերս տարածվում էր Հոբիթստանի Հարավային նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, իսկ ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը ճանապարհը կտրելով՝ դեպի Գետանցում:
Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Հեծյալները հետ էին մնացել. սև ձիերը չէին կարողանում մրցել ճերմակ նժույգի հետ: Բայց հետո նա նայեց առաջ և վերջին հույսն էլ կորցրեց. իրեն կբռնեն: Հիմա նա Հեծյալներին հստակ տեսնում էր. թրերն առկայծում էին ոսկրոտ ձեռքերում, աչքերը պսպղում էին սաղավարտների տակից, իսկ ոռնոցը չէր դադարում: Ֆրոդոն մեկ անգամ էլ հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Հեծյալները մի քիչ հետ էին մնացել, նույնիսկ նրանց սև նժույգները չէին կաողանում մրցել Գլորֆինդելի ճերմակ ձիու հետ: Բայց հետո նա նայեց առաջ և վերջին հույսն էլ կորցրեց: Ինքը Գետանցումին չի հասնի, այն երկուսը իրեն կբռնեն: Սարսափը պատեց Ֆրոդոյին: Նորից նրան խոցեց մահացու սառնությունը, բայց էլֆական ձին ծառացավ ու սլացավ դեպի գետը՝ ուղիղ առաջապահ Հեծյալի քթի տակով: Ջուրը ճողփաց, փրփրեց ոտքերի մոտ, հետո ասես մեկը նրան բարձրացրեց, և նա աչքերը բացեց: Ձին բարձրանում էր քարքարոտ արահետով, Ծանծաղուտը հեռու էր մնացել: Հետապնդողները հետ չէին մնում: Զառիկող լանջին Ֆրոդոյի ձին կանգ առավ: Մյուս ափին, ջրի մոտ սև շարքով կանգնած էին Ինը Հեծյալը, և Ֆրոդոյին հուսահատություն տիրեց: Վայրկենապես գետը կանցնեն, ինքը չի փրկվի: Եվ սարսափելիորեն հստակ հնչեց լռին հրամանը՝ տեղիցդ չշարժվես: Դիմադրելու ոչ մի ուժ չկար: Առաջին Հեծյալը ձին քշեց՝ այն վախեցած ծառացավ ջրի մոտ: Անհավատալի ճիգով Ֆրոդոն մեջքն ուղղեց ու թուրը բարձրացրեց. — Հեռացե՛ք,— գոռաց նա սուր ու զրնգուն ձայնով: — Հեռացե՜ք ձեր Մորդորը, ես ձեզ չե՛մ հանձնվի՜... Հեծյալները կանգ առան ու չարախինդ քրքջացին. — Արի՜ այստեղ, արի՜ այստեղ... — խմբով կանչեցին նրանք: — Մերն ես դու, քո տեղը Մորդորն է... — Հեռացե՛ք,— կիսաձայն կրկնեց Ֆրոդոն: — Մատանի՜ն, տուր Մատանի՜ն,— պատասխանեցին անդրշիրիմյան ձայները: — Էլբերեթի և հրաշագեղ Լութիենի անունով եմ երդվում,— ասաց Ֆրոդոն թուրը բարձրացնելով,— մատանին չե՛ք ստանա: Ես էլ ձերը չեմ: Պարագլուխն արդեն գետի մեջտեղում էր: Նա կանգնեց ասպանդակների վրա, ձեռքն ահեղ բարձրացրեց ու՝ Ֆրոդոն քարացավ, թուրը կոտրվեց ու դողացող ձեռքից վայր ընկավ: Էլֆական ձին խռխռոցով ծառացավ. թվում էր, առաջին Հեծյալը ուր որ է կհասնի ափ: Հանկարծ խլացուցիչ դղրդոց լսվեց: Հորդացող հորձանքը դղրդացող գլաքարեր էր բերում: Գետը բարձրացավ ու փոթորկվող ալիքները սառս եղան: Ֆրոդոյի աչքին ճերմակ հեծյալներ, ճերմակ նժույգներ, շքեղ բաշեր երևացին: Ջրի զանգվածը փլվեց երեք Սևերի վրա ու տապալեց նրանց: Մնացած վեցը ընկրկեցին: == ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ == === Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ === Ֆրոդոն արթնացավ, բաց արեց աչքերն ու իսկույն հասկացավ, որ մահճակալի վրա է պառկած: Սկզբում մտածեց, որ արթնացել է երկար ու տհաճ երազից հետո. նա հիմա էլ դեռ լրիվ ուշքի չէր եկել: Այսպես, ուրեմն նա տանն է, և ճանապարհորդությունը երազու՞մ է տեսել: Կամ, գուցե, նա երկար ժամանակ հիվանդ է եղել: Բայց նրա վերևում անսովոր ու տարօրինակ առաստաղ էր. բարձր, տափակ, վարպետորեն փորագրանախշված գերաններով:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]