Changes

Պահապանները

Ավելացվել է 4989 բայտ, 14:14, 1 Մայիսի 2015
/* Գլուխ տասներկու․ Գետանցում */
Դա իրոք այդպես էր, և Ֆրոդոն համաձայնեց նստել սպիտակ ձին: Փոխարենը՝ պարկերը բարձեցին պոնիին և արագ քայլեցին, թեպետ էլֆի հետևից երբեք չես հասնի... Նա առաջ էր տանում հոբիթներին. սկզբում՝ երեկոյան դժգույն մթնշաղով, հետո՝ անձրևային գիշերվա մթության միջով. ոչ աստղ կար, ոչ լուսին: Գլորֆինդելը կանգ առավ առավոտյան: Փինը, Մերին ու Սամը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էլ էր ինչ-որ կուզիկացել, Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին՝ ծանր քուն էր մտել:
Նրանք Ուղուց իջան հավամրգու մացառուտը, ընկան գետնին ու տեղնուտեղը քնեցին: Սակայն, ինչպես նրանց թվաց, պահակության կանգնած Գլորֆինդելը իսկույն էլ արթնացրեց իրենց: Առավոտյան արևը խփում էր ուղիղ աչքերի մեջ, պղտոր մեգը ցրվել էր:
 
— Հապա մի խմե՛ք,— ասաց Գլորֆինդելը իր արծաթե տափաշշից նրանց գավաթների մեջ ինչ-որ հեղուկ լցնելով:
 
Նրանք մեկը մյուսի հետևից խմեցին՝ ջու՞ր էր, թե ջուր չէր, ոչ տաք էր, ոչ սառը, անհամ, բայց մարմնով մեկ ուժ էր հորդում և աշխուժություն ներարկում: Դրանից հետո կերած խնձորի չիրն ու հնացած հացը քաղցն ավելի հագեցրին:
 
Ճամփորդները քնեցին հինգ ժամից պակաս, իսկ հետո գնում էին Ուղու անվերջանալի ժապավենով: Գլորֆինելը միայն երկու անգամ թույլ տվեց նրանց հանգստանալ: Երեկոյան կողմ նրանք հաղթահարել էին համարյա քսան լիգ: Ճանապարհը թեքվում էր աջ, դեպի Բրուինենյան ծանծաղուտները. Գլորֆինդելը հաճախ էր նայում հետ ու ավելի էր տագնապում: Երկու անգամ Պանդուխտի հետ խոսեց էլֆերեն:
 
Հոբիթներն արդեն ուժասպառ էին եղել: Նրանք օրորվում էին ու սայթաքում՝ երազելով միայն հանգստի մասին: Ֆրոդոյի ցավն ավելի էր ուժգնացել:
 
Հաջորդ առավոտյան, լուսաբացից առաջ, հոբիթներն առաջ էին գնում քնատ ու հոգնած: Իսկ Գետանցումը դեռ հեռու էր, և նրանք մի կերպ իրենց պահելով, որ չընկնեն, ինչ-որ հրաշքով հասնում էին ուղեկցի հետևից:
 
— Գնում ենք գլխավոր վտանգին ընդառաջ,— ասաց Գլորֆինդելը,— սիրտս զգում է, որ կրնկակոխ հետապնդում են մեզ, իսկ Գետանցման մոտ դարան են մտել:
 
Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ հետո ճանապարհը մտավ կիրճը, գրանիտե ուղղաձիգ ժայռերի արանքը: Արձագանքը հետևում էր ճամփորդներին: Հետո ճանապարհը նեղ կիրճից դուրս թռավ բաց տարածք. նրանց առջև փռված էր դեպի ծանծաղուտ իջնող թեք վայրեջքը, իսկ մյուս ափին արահետը գալարվում էր վեր, դեպի հսկա լեռները:
 
Գլորֆինդելը շրջվեց, ականջ դրեց ու սրընթաց նետվեց դեպի ճամփորդները:
 
— Արա՛գ,— ճչաց նա Ֆրոդոյին,— թշնամին այստեղ է:
 
Սպիտակ ձին առաջ սուրաց. հոբիթները լանջով ներէև վազեցին, Գլորֆինդելն ու Պանդուխտը՝ նրանց հետևից: Կիրճից դուրս եկան երեք Սև Հեծյալ:
 
— Առա՛ջ սլացիր,— նորից գոռաց Գլորֆինդելը:
 
Բայց Ֆրոդոյին տարօրինակ թուլություն էր պատել: Ձին քայլքի անցավ, և նա շրջվեց: Հեծյալները սև արձանների պես կանգնած էին բլրի գագաթին: Հանկարծ հոբիթի մեջ վախ ու ցասում արթնացավ: Նա ձեռքից բաց թողեց սանձն ու թուրը մերկացրեց:
 
— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. «''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...''»: Ձին սուրաց: Այդ նույն պահին բլրից սլացան սև ձիերը: Ֆրոդոն սահմռկեցուցիչ ոռնոց լսեց, այն նույն ոռնոցը, որ վերջերս տարածվում էր Հոբիթստանի Հարավային նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, իսկ ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը ճանապարհը կտրելով՝ դեպի Գետանցում:
 
Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits