Changes
/* Գլուխ XL */
Մենք իսկույն տվինք դավանափոխին հինգ հարյուր էսկուդո, որ նավակ առնի։ Ութ հարյուր ես հանձնեցի մի վալենսիացի վաճառականի, որ այն միջոցում Ալժիրում էր, և նա ազատեց ինձ, խոստանալով թագավորին փրկանքը վճարել, հենց որ նավ գա Վալենսիայից։ Միանգամից վճարել նա սիրտ չարեց, որովհետև թագավորը կարող էր կասկածել, որ իմ փրկանքը վաղուց հետև իր մոտ պահված է եղել և նա լռել է այդ մասին՝ կամենալով շահվել դրանից։ Մի խոսքով, իմ տերն այնքան կասկածկոտ էր, որ ես ոչ մի դեպքում չէի կարող փրկանքը վճարել նրան անմիջապես։ Ուրբաթ օրը Զորաիդան պետք է գնար քաղաքից դուրս գտնվող տունը, իսկ հինգշաբթի նա մեզ մեկ հազար էսկուդո ևս հանձնեց և հաղորդեց իր մեկնելու մասին, խնդրելով, որ ես ծանոթանամ այն տան տեղադրությանը, հենց որ փրկանքը մուծեմ և հնար գտնեմ նրա հետ տեսակցելու։ Ես նրան կարճ պատասխանեցի, որ նրա ցանկությունը կկատարեմ և խնդրում եմ դիմել Լելա Մարիենին այն բոլոր աղոթքներով, որ նրան սովորեցրել է ստրկուհին։ Այնուհետև ես փրկանք վճարել տվի մեր բոլոր երեք ընկերների համար, որպեսզի բանյոյից մեր դուրս գալը դյուրանա և որպեսզի նրանք չհուզվեն։ Որովհետև, տեսնելով, որ ինձ համար փրկանքը վճարված է, իսկ նրանց համար ոչ, թեև փողը դրա համար բավական էր, ― նրանք կարող էին ենթարկվել դիվային գայթակղության և որևէ կերպ վնասել Զորաիդային։ Ճիշտ է, ես նրանց շատ լավ էի ճանաչում, որպեսզի երկյուղ կրեի դրանից, այնուհանդեձ ես չէի կամենում վտանգի ենթարկել մեր գործը։ Ուստի ես նրանց համար փրկանքը մուծեցի նույն ձևով, ինչ որ ինձ համար։ Փողը հանձնեցի վաճառականին, որ կատարյալ վստահությամբ և միանգամայն անվատանգ երաշխավորվեց։ Սակայն մենք մեր գաղտնի ծրագիրը բաց չարինք նրան, որովհետև այդ վտանգավոր էինք համարում։
==Գլուխ XLI==
Գերու պատմության շարունակությունը
Տանհինգ օր չանցած մեր դավանափոխն արդեն երեսուն մարդ տանող նավակ ուներ։ Եվ ամեն կասկած փարատելու համար նա վճռեց ճամփա ելնել Սարջել կոչվող նավահանգիստը, Ալժիրից քսան մղոն հեռու, Օրանի ուղղությամբ, որտեղ չոր թզի խոշոր առուտուր տեղի ուներ։ Այդ ճամփորդությունը նա արեց երկու թե երեք անգամ, արդեն հիշատակածս տագարինի ուղեկցությամբ։ Բերբերիայում այդպես են կոչում Արագոնի մավրերին, իսկ Գրանադայի մավրերին մուդեխար են ասում։ Ֆեսի թագավորության մեջ մուդեխարներին էլշ են ավանում, և այդ երկրի թագվորը նրանցից է կազմում իր զորքը։ Սարջենի ճամփին դավանափոխը ամեն անգամ խարիսխ էր գցում մի փոքրիկ ծովածոցում, որ արբալետի երկու զարկի հեռավորության վրա էր այն տնից, որտեղ մեզ սպասում էր Զորադիան։ Եվ այնտեղ իր թիավարող֊մավրերի հետ նա ասես թե պատահաբար կատարում էր իր զալան կամ թե չէ կատակով անում էր այն, ինչ որ հետագայում մտադիր էր իրոք անելու, այսինքն՝ գնում էր Զորաիդայի պարտեզը և պտուղ էր խնդրում, և նրա հայրը, թեև նրան չէր ճանաչում, այնուհանդերձ չէր մերժում նրան։ Հետագայում նա ինձ հայտնեց, որ փորձել է տեսնել Զորաիդային և ասել նրան, որ ես պատվիրել եմ իրեն նրան քրիստոնեական երկիր տանելու և որ նա անհոգ լինի։ Սակայն նրան ոչ մի անգամ չի հաջողվել հանդիպել Զորաիդային, որովհետև մավրուհիները երևան չեն գալիս ո՛չ տաճիկներին, ո՛չ էլ մավրերին, բացառությամբ միայն հոր կամ ամուսնու հրամանով (իսկ քրիստոնյա գերիների հետ նրանք հանդիպում ու զրուցում են նույնիսկ ավելի, քան հարկն է)։ Ինձ համար տհաճ կլիներ, եթե նրան հաջողեր խոսակցել Զորաիդայի հետ, որովհետև Զորաիդան, տեսնելով, որ իր գործը վստահել եմ դավանափոխի, կարող էր անհանգիստ լինել։ Սակայն տերը, որ այլ կերպ էր տնօրինել, թույլ չտվեց, որ դավանափոխի բարի ցանկությունը բավարարվի։ Վերջինս, համոզվելով, որ միանգամայն ապահով կարող է գնալ֊գալ Սարջել, խարիսխ գցել, որտեղ կամենա, որ իր ընկերը, մավր֊տագարինը ամբողջապես ենթարկվում է իր կամքին, որ ես արդեն ազատված եմ և մնում է միայն գտնել մի քանի քրիստոնյա֊թիավարներ, խնդրեց, որ ես գերիներից ընտրեմ մի քանիսին, որոնց կկամենայի հետս տանել, բացի արդեն ազատված երեք ընկերներիցս և պայմանավորվել նրանց հետ, որպեսզի նրանք առաջիկա ուրբաթ օրը պատրաստ լինեն, քանի որ մեր մեկնումը նշանակված էր այդ օրը։ Ես համաձայնության եկա տասներկու իսպանացիների հետ, շատ լավ թիավարողների, որ բոլորն էլ կարող էին ազատ կերպով քաղաքից դուրս գալ։ Այդքան մարդ գտնելը մեծ հաջողություն էր, որովհետև արդեն քսան նավ նավագնացության մեջ էին և տարել էին բոլոր ազատ թիավարներին։ Ես այդ իսպանացիներին էլ չէի գտնի, եթե նրանց տերը ամառը մնացած չլիներ ափին՝ թիանավի կառուցումն ավարտելու նպատակով։ Ես նրանց կարճառոտ կարգադրեցի, որ առաջիկա ուրբաթ օրը թաքուն և մեկ֊մեկ դուրս գան քաղաքից Հաջի Մորատոյի տունը գնան և սպասեն այնտեղ իմ գալստյան։ Այս հրամանը ես տվի ամեն մեկին առանձին և ավելացրի, որ եթե նրանք այնտեղ ուրիշ քրիստոնյաների հանդիպելու լինե, ապա թող նրանց միայն ասեն, թե ես կարգադրել եմ, որ այդտեղ սպասեն ինձ։
Ավարտելով այդ գործը՝ ես ձեռնամուխ եղա իմ սրտին ավելի մոտ մի գործի՝ պետք էր հայտնել Զորաիդային, թե ինչ վիճակի մեջ է մեր գործը, որպեսզի նախազգուշացնեմ և տեղյակ պահեմ նրան, որ մեր հանկարծակի հարձակումից չվախենա, որովհետև նա չէր կարող ենթադրել, որ նավը այդքան շուտ կգա քրիստոնեական երկրներից։ Այսպիսով, ես վճռեցի գնալ նրա մոտ պարտեզը և փորձել տեսակցել նրա հետ։ Եվ ահա, իմ մեկնելու նախօրյակին, ես գնացի այնտեղ, ինբրև թե նրա համար, որ կանաչի հավաքեմ։ Առաջին մարդը, որին ես հանդիպեցի, Զորաիդայի հայրն էր։ Նա հետս խոսեց այն լեզվով, որով ողջ Բերբերիայում և անգամ Կոստանդնուպոլսում բացատրվում են իրար հետ մավրերը և գերիները։ Այդ լեզուն ո՛չ մավրական է, ո՛չ իսպանական, ոչ էլ այլ լեզվի բարբառ, այլ պարզապես բոլոր լեզուների խառնուրդ, բայց և այնպես մենք իրար շատ լավ հասկանում ենք։ Ահա այդ լեզվով նա հարցրեց, թե ո՞վ եմ ես և ի՞նչ եմ որոնում պարտեզում։ Ես պատասխանեցի, թե ես առնաուտ Մամիի գերին եմ<ref>Այդպես էին կոչում հրամանատարին թուրքական նավատորմի, որի կազմի մեջ էր Սերվանտեսին գերի բռնած ծովահենը։</ref> (այդպես ասացի, որովհետև իմ ստույգ տեղեկությունների համեմատ առնաուտ Մամին նրա մոտ բարեկամն էր) և ավելացրի, որ զանազան կանաչեղեն եմ որոնում սալաթ պատրաստելու համար։ Նա հարցրեց ինձնից, կարելի՞ է արդյոք փրկանք վճարելով ազատել ինձ, թե՞ ոչ և ինչքան է ինձ համար պահանջում տերս։ Մինչդեռ նա հարց ու փորձ էր անում, իսկ ես նրան պատասխանում, տնից պարտեզ ելավ չքնաղ Զորաիդան, որ վաղուց արդեն նկատել էր ինձ։ Եվ որովհետև մավրուհիները, ինչպես արդեն ասացի, բոլորովին չեն քաշվում և չեն խուսափում քրիստոնյաներից, ապա նա առանց քաշվելու, մոտեցավ հորը, որ հետս խոսում էր։ Ավելին՝ հենց որ Հաջի Մորատոն տեսավ, որ նա դանդաղ դիմում է դեպի մեզ, ինքը կանչեց և ասաց, որ շտապի մոտ գա։
Անհնար կլիներ նկարագրել իմ սիրեցյալ Զորաիդայի արտասովոր գեղեցկությունն ու գրվաչությունը, նրա արդուզարդի շքեղությունն ու նրբությունը։ Կասեմ միայն, որ նրա ծամերի մեջ այնքան մազ չկար, որքան մարգարիտ կար նրա չքնաղ կրծքին, ականջներին ու գլխին։ Նրա, ըստ տեղական սովորության, ոտների մերկ կոճերին հագցրած էին երկու կարկաջի (այսպես են կոչվում մավրերի լեզվով օղերը կամ ապարանջանները, որ կրում են ոտներին) զուտ ոսկուց, մարգարտակուռ։ Ինչպես հետագայում նա ինձ ասաց, նրա հայրը գնահատում էր այդ մարգարիտները տասը հազար դուբլոն։<ref>Դուբլոն ― հինավուրց ոսկեդրամ, որը զանազան ժամանակներում ունեցել է տարբեր արժեք։</ref> Ասենք՝ նրա ձեռների ապարանջաններն էլ պակաս չարժեին։ Վրան էլ շատ շքեղ մարգարիտ կար, որովհետև մավրերի կանայք խոշոր ու մանր թանկագին մարգարիտները համարում են ամենաշքեղ զարդը։ Այդ պատճառով մավրերն ավելի մարգարիտ ունեն, քան բոլոր մնացյալ ազգերը։ Զորաիդայի հոր մասին լուր էր պտտում, որ նա ոչ միայն ողջ Ալժիրում ամենալավ մարգարիտի մեծագույն քանակի տերն է, այլև երկու հազար իսպանական էսկուդոյի և այդ ամենի տերն նա էր, որ հիմա դառել է իմ ամուսինը։ Եթե բոլոր կրած աղետներից հետո նա մնացել է այնպես, ինչպես դուք նրան տեսնում եք, ինքներդ, սինյորներ, դատեցեք, թե ինչ տեսք պիտի ունենար նա փարթամ արդուզարդով իր բարեկեցության ժամանակ։ Հայտնի է, որ կանանցից շատերի գեղեցկությունը փոխվում է ժամանակի և պարագաների ազդեցությունից, ավելանում կամ պակասում։ Եվ միանգամայն բնական է, որ հոգեկան կրքերը մերթ վեհացնում, մերթ ստորացնում, իսկ ավելի հաճախ կործանում են։ Մի խոսքով՝ այն վայրկյանին նրա գեղեցկությունն էլ, արդուզարդն էլ հասնում էին կատարելության սահմանին, գոնե ես մինչ այդ ավելի չքանղ բան դեռ չէի տեսել և, հիշելով, թե որքան շատ եմ ես պարտական նրան, վճռեցի, որ դա դիցուհի է՝ երկնքից երկիր իջաց, որպեսզի փրկի և երջանկացնի ինձ։
Երբ որ նա մոտ եկավ, հայրը բացատրեց նրան՝ նրանց լեզվով, որ ես իր բարեկամի առնաուտ Մամիի գերին եմ և եկել եմ սալաթի համար բանջարեղեն քաղելու։ Նա խոսեց այն խառը լեզվով, որ ես արդեն հիշատակեցի և հարցրեց ինձնից՝ ազնվակա՞ն եմ ես արդյոք և ինչու ես դեռ փրկանք չեմ վճարել, որ ազատվեմ։ Ես պատասխանեցի նրան, որ ես արդեն ազատ եմ և իմ փրկանքի չափից դժվար չէ եզրակացնել, թե որքան բարձր է գնահատելիս եղել ինձ իմ տերը՝ ես հարկադրված եմ եղել հազար հինգ հարյուր սոլտանի<ref>Սոլտանի՝ (բառացի «սուլթանական դրամ»), հավասար էր մոտավորապես 6 ռեալի։</ref> վճարելու։ Նա ասաց․
― Եթե դու իմ հորը պատկանելիս լինեիր, ես թույլ չէի տա, որ նա քեզ ծախեր անգամ երկուտակ մեծ գումարով, որովհետև ձեր՝ քրիստոնյաներիդ բոլոր ասածները սուտ են, դուք աղքատներ եք ձևանում, որ խաբեք մավրերին։
― Գուցե և այդպես է, տիրուհի, ― պատասխանեցի ես, ― բայց ես իմ տիրոջ հետ խճմտանքով վարվեցի, այդպես եմ վարվում և այդպես էլ վարվելու եմ յուրաքանչյուր ոքի հետ։
― Իսկ դու ե՞րբ ես մեկնում, ― հարցրեց Զորաիդան։
― Հույս ունեմ՝ վաղը, ― պատասխանեցի ես, ― որովհետև նավահանգիստում ֆրանսիական նավ կա, որ վաղը խարիսխը կհանի, և ես մտադիր եմ նրանով գնալ։
― Ավելի լավ չէ՞ր լինի միթե, ― առարկեց Զորաիդան, ― սպասել, որ Իսպանիայից նավ գա և նրանով էլ գնալ, քան թե մեկնել ֆրանսիացիների հետ, որոնք քեզ բարեկամ չեն։
― Ոչ, ― պատասխանեցի ես, ― եթե հաստատվելու լիներ այն լուրը, որ շուտով Իսպանիայից նավ կգա, ապա ես, իհարկե, կսպասեի, բայց և այնպես, հավանական է, որ ես վաղը կգնամ, որովհետև հայրենիքիս և սրտիս մոտ մարդկանց տեսնելու ցանկությունն իմ մեջ այնքան ուժեղ է, որ եթե գնալու ուրիշ՝ ավելի հարմար առիթն ուշանա, ես այլևս չեմ սպասի։
― Դու, ըստ երևույթին, հայրենիքում կին ես թողել, ― ասաց Զորաիդան, ― և շտապում ես գնալ, որ տեսնես նրան։
― Ոչ, ― պատասխանեցի ես, ― կին չեմ թողել, բայց ամուսնանալու խոսք եմ տվել, հենց որ հայրենիք վերադառնամ։
― Իսկ գեղեցի՞կ է նա, որին դու խոսք ես տվել, ― հարցրեց Զորաիդան։
― Այնքան գեղեցիկ, ― պատասխանեցի ես, ― որ ավելի մեծ գովասանք ես չեմ գտնի, քան եթե ասեմ, որ նա, ճշմարիտ, շատ նման է քեզ։
Լսելով այդ՝ Զորաիդայի հայրը բարձր ծիծաղեց և ասաց․
― Երդվում եմ ալլահով, քրիստոնյա՛, քո նշանածն իրոք գեղեցիկ է, եթե նման է իմ աղջկան։ Զորաիդան մեր թագավորության գեղագույն աղջիկն է։ Թե չես հավատում, ապա նայի՛ր նրան և դու կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։
Գրեթե ողջ խոսակցության ընթացքում Զորաիդայի հայրը մեր միջև թարգման էր հանդիսանում, որովհետև ավելի հմուտ էր լեզուներին։ Իրավ, թեև աղջիկը կոտրատում էր լեզուն, որ, ինչպես ես արդեն ասացի, գործածական էր այդ երկրներում, դարձյալ ավելի նշաններով էր բացատրվում, քան բառերով։ Այսպես մենք դեսից֊դենից զրույց էինք անում, հանկարծ ներս վազեց մի մավր և ճչաց, թե պարտեզի պատերից ներս են մտել չորս տաճիկներ, որ քաղում են խակ֊խակ պտուղները։ Ծերունին էլ, Զորաիդան էլ խիստ հուզվեցին, որովհետև բոլոր մավրերը սովորաբար և բնակաբար երկյուղ են կրում տաճիկներից, մանավանդ, զինվորներից, որոնք այնքան հանդուգն են և այնքան մեծ իշխանություն ունեն իրենց հպատակ մավրերի վրա, որ նրանց հետ ավելի վատ են վարվում, քան իրենց ստրուկների հետ։ Ուստի հայրն ասաց Զորաիդային․
― Աղջիկս, գնա տուն և մի լավ փակվիր, իսկ ես գնամ խոսեմ այդ շների հետ։ Իսկ դու՛, կանաչիդ քաղիր֊պրծիր և գնա բարով, և թող Ալլահը օգնի քեզ բարեհաջող հայրենիք վերադառնաս։
Ես գլուխ տվի նրան, և նա գնաց տաճիկների մոտ՝ թողնելով ինձ ու Զորաիդային մենակ։ Զորաիդան տուն դառնալու ձև արեց, ինչպես կարգադրված էր նրան, սակայն հենց որ նրա հայրը աներևութացավ պարտեզի ծառերի ետևում, ետ դարձավ ինձ մոտ և արտասվաթոր աքչերով ասաց ինձ․
― Տա՞մշիշի, կրիստիանո, տա՞մշիշի, ― որ կնշանակի՝ գնո՞ւմ ես, քրիստոնյա, գնո՞ւմ։
Ես նրան պատասխանեցի․
Այո՛, տիրուհի, բայց առանց քեզ՝ ո՛չ երբեք։ Առաջիկա ջումա օրն սպասիր ինձ և մի վախենա, երբ մեզ տեսնես։ Մենք անպատճառ կմեկնենք քրիստոնեական երկրներ։
Ես ամեն ինչ բացատրեցի նրան այնպես, որ նա խոսքս հասկացավ։ Ապա թե մի ձեռքով փաթաթվեց վզիս և հենվելով ինձ վրա, դողդոջ քայլերով դիմեց դեպի տուն։ Մեզ համար դա կարող էր շատ վատ վերջանալ, եթե բախտը չհաճեր այլ կերպ տնօրինել։ Որովհետև երբ որ մենք գնում էինք գրկախառնված, ինչպես ես նոր ասացի, Զորաիդայի հայրը, քշելով տաճիկներին, ետ եկավ և տեսավ, որ նա ձեռքը փաթաթել է պարանոցիս։ Ասենք մենք էլ տեսանք, որ նա մեզ տեսնում է։ Սակայն հնարագետ և խելացի Զորաիդան ձեռքը չքաշեց, այլ ընդհակառակը՝ ավելի հպեց ինձ, գլուխը դրեց կրծքիս և մի քիչ խոնարհեց ծնկները, կարծես թե պարզապես ցուցադրելով, որ քիչ է մնում ուշագնաց լինի, իսկ ես, ասես թե ակամա նրան նեցուկ լինելու ձև արի։ Հայրը մոտ վազեց և, տեսնելով աղջկա վիճակը, հարցրեց, ի՞նչ եղավ նրան և, պատասխան չստանալով, ասաց․
― Դե, իհարկե, նա վախեցավ այդ շների ներխուժումից, և ուշքը գնացել է։
Ապա թե վերցնելով իմ ձեռքերից՝ նրա գլուխը դրեց իր կրծքին, իսկ աղջիկը, բանալով իր արտասվալից աչքերը, ասաց ինձ․
― Ա՛մեշի, կրիստիանո, ա՛մեշի՝ գնա՛, քրիստոնյա, գնա՛։
Հայրը դրան պատասխանեց․
― Քրիստոնյան ինչո՞ւ գնա։ Չէ՞ որ նա քեզ վատ բան չի արել, իսկ տաճիկները արդեն կորան֊գնացին։ Մի՛ վախենա, քեզ ոչ ոք չի վիրավորի։ Ասում եմ քեզ, որ տաճիկներն իմ խնդրանոք գնացին, որտեղից որ եկել էին։
― Հենց նրա՛նք վախեցրին ձեր աղջկան, սինյոր, ― ասացի ես Զորաիդայի հորը։ ― Բայց քանի որ նա հրամայում է ինձ գնալ, ես չեմ ուզում նրան նեղացրած լինեմ։ Աստված ձեզ հետ, իսկ ես, եթե դուք թույլ տաք, կգամ մեկ էլ, երբ որ սալաթի համար կանաչեղեն հարկավոր գա, որովհետև իմ տերն ասում է, թե ոչ մի պարտեզում ավելի լավ կանաչի չկա, քան ձերում։
― Կարող ես գալ, երբ որ քեֆդ տա, ― ասաց Հաջի Մորատոն, ― որովհետև աղջիկս այդ նրա համար չասաց, որ դու կամ մի այլ քրիստոնյա նրան անհաճո եք։ Նա տաճիկներին է կամեցել ասել՝ «գնացեք», իսկ ասաց քեզ։ Գուցե թե կամեցել է ասած լինել քեզ՝ ժամանակն է գնաս, կանաչի հավաքես։
Այստեղ ես նրանց հրաժեշտ տվի։ Զորաիդան, որ ըստ երևույթին, սրտակտուր էր լինում, հետևեց հորը, իսկ ես կանաչի հավաքելու պատրվակով խնամքով և ուզածիս չափ պտտեցի ողջ պարտեզը, մի լավ նայեցի բոլոր մուտք ու ելքերը, տան բոլոր փականքները և ուսումնասիրեցի բոլոր մանրամասները, որ կարևոր էին մեր գործի հաջողության համար։ Այդ անելուց հետո ես գնացի դավանափոխի և ընկերներիս մոտ և հաղորդեցի նրանց պատահածի մասին։ Անհամբեր սպասում էի այն րոպեին, երբ ինձ թույլատրած կլինի անարգել վայելել երջանկությունս, որ ի դեմս չքնաղ Զորաիդայի, առաքել էր ինձ կյանքը։ Վերջապես հասավ ժամանակը և այնքան երկար սպասած օրն ու ժամկետը։ Գործելով համաձայն ծրագրի, որ մենք մշակել էինք երկար մտորումներից և խուրհրդածություններից հետո, մենք հեշտությամբ հասանք ցանկալի հաջողության։ Զորիադայի հետ պարտեզում ունեցածս տեսակցության հետևյալ օրը, այն է՝ ուրբաթ, դավանափոխը, հենց որ մութն ընկավ, խարիսխ գցեց չքնաղ Զորիադայի տան դեմ։
Քրիստոնյաները, որ պիտի մեր նավակը թիավարեին, արդեն նախազգուշացված էին և թաքնվել էին զանազան տեղերում՝ տնից ոչ հեռու։ Նրանք անհամբեր ու տագնապալից սպասում էին ինձ, պատրաստ հարձակվելու հենց իրենց աչքի առջև կանգ առած նավի վրա, որովհետև իմ ու դավանափոխի պայմանադրման մասին բան չգիտեին և ենթադրում էին, թե պիտի սեփական ձեռքերի ուժով նվաճեն ազատություն և կոտորեն նավի վրա եղած բոլոր մավրերին։ Հենց որ ես ընկերներիս հետ երևան եկա, թաքստյան մեջ բոլոր նստածները, տեսնելով մեզ, ընդառաջ վազեցին։ Քաղաքի դարպասների կապելու ժամն էր, և ողջ ծովափին մարդ չէր երևում։ Հավաքվելով մեկտեղ՝ մենք չէինք կարողանում որոշել՝ առաջ Զորաիդայի ետևի՞ց գնանք, թե՞ նավակի թիավար մավր֊բագարիններին<ref>Բագարիններ ― կամովին վարձված թիավարներ մավրերի մոտ։</ref> բռնոտենք։ Մինչդեռ մենք տատանվում էինք, հասավ դավանափոխը և հարցրեց, թե ինչու ենք մենք հապաղում, չէ՞ որ պետք է գործի անցնել, մավր թիավարները միամիտ քնած են։ Մենք հաղորդեցինք նրան մեր տարակուսանքները, և նա պատասխանեց, որ ամենագլխավորը նավի գրավումն է, մի բան, որ կարելի է կատարել ամենայն հեշտությամբ և առանց որևէ վտանգի, իսկ հետո արդեն պետք է գնալ Զորաիդայի ետևից։ Մենք բոլորս հավանություն տվինք նրա որոշմանը և առանց հապաղելու նրա առաջնորդությամբ շարժվեցինք դեպի նավը։ Առաջինը նա թռավ նավի վրա և քաշելով իր կեռ խանչալը, արաբերեն գոչեց․
― Ով որ ձեզնից տեղից շարժվի, կվճարի իր կյանքը։
Նույն միջոցին բոլոր քրիստոնյաներն արդեն տախտակամածի վրա էին։ Երկչոտ մավրերը, լսելով իրենց արրաեսի<rer>Արրաես (արաբերեն արրաիս, «հրամանատար» ― մավրիտանական նավի կապիտան։</ref> նման խոսքերը, վախեցան և առանց զենքի դիմելու, ասենք՝ գրեթե զենք չունեին էլ, լռելյայն թույլ տվին, որ քրիստոնյաները կապկպեն նրանց ձեռները։ Քրիստոնյաները արագ֊արագ արին այդ, սպառնալով անխտիր բոլորին կոտորել, եթե մեկն ու մեկը ճչալու լինի։ Այս գործն ավարտելուց հետո մերոնցից կեսը մնաց՝ որպես պահակ կապկպածների մոտ, իսկ մնացյալները դավանափոխի գլխավորությամբ ուղևորվեցին Հաջի Մորոտայի պարտեզը և, հենց որ մենք ուզեցինք դարպասը ջարդել, դարպասը բաց եղավ այնպես հեշտ, կարծես երջանիկ դիպվածով իսկի փակված էլ չէր եղել։ Ապա լուռ ու մունջ մենք մոտեցանք տանը, այնպես, որ ոչ ոք չլսեց։
Չքնաղ Զորաիդան մեզ սպասում էր՝ լուսամուտի առջև կանգնած և, լսելով մեր քայլերը, կամացուկ ձայնով հարցրեց՝ հո նիզարանի<ref>Նիզարանի ― նազովրեցի։</ref> չե՞նք, այսինքն՝ ասում ու հարցնում էր՝ քրիստոնյա հո չե՞նք։ Ես նրան պատասխանեցի՝ այո՛ և խնդրեցի, որ իջնի ներքև։ Ճանաչելով ինձ՝ նա, ոչ մի րոպե չտատանվելով և ոչ մի խոսք չարտասանելով, իսկույն ցած իջավ, բաց արեց դուռը և ներկայացավ մեզ գեղեցկության և փարթամ զուգսերի այնպիսի փայլով, որ անկարելի է նկարագրել։ Նրան տեսնելուն պես ես բռնեցի նրա ձեռքը և սկսեցի համբուրել։ Դավանափոխն ու իմ երկու ընկերներն արին նույնը, ասենք՝ մնացյալներն էլ հետևեցին մեր օրինակին, որովհետև, թեև նրանք չգիտեին բանի էությունը, բայց նրանց համար պարզ էր, որ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ազատագրման համար և ճանաչում նրան՝ որպես մեր տիրուհուն։ Դավանափոխը հարցրեց Զորաիդայից արաբերեն՝ տա՞նն է արդյոք նրա հայրը։ Նա պատասխանեց, թե տանն է և քնած է։
― Ի՜նչ արած, պետք կլինի նրան արթնացնել և հետներս տանել, ― ասաց դավանափոխը, ― վերցնելով մեզ հետ այն ամեն արժեքավոր բաները, որ կան այս գեղեցիկ տանը։
― Ոչ, ― պատասխանեց Զորաիդան, ― իմ հորը ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, իսկ այն ամենը, ինչ որ այս տանը արժեքավոր է, ես հետս կվերցնեմ։ Հավատացեք, որ դա հերիք կանի, որպեսզի ձեզ բոլորիդ հարստացնի և բավարարի։ Սպասեցեք մի քիչ, դուք հիմա կտեսնեք։
Այս խոսքերով նա նորից տուն մտավ՝ խնդրելով մեզնից, որ չշարժվենք և աղմուկ չհանենք, որովհետև ինքն իսկույն կվերադառնա։ Ես հարցրի դավանափոխից, թե ինչի՞ մասին էր խոսում Զորաիդայի հետ, և նա հաղորդեց ինձ իրենց խոսակցությունը։ Ես ասացի նրան, որ նա պարտավոր է անել միայն այն, ինչ որ նրան է հաճելի։ Այդ միջոցին հայտնվեց Զորաիդան, հետը՝ մի տուփ, լիքը ոսկե էսկուդոներով։ Նա դժվարությամբ էր բերում, այնքան շատ էր ոսկին։ Սակայն մեր չար բախտին հաճելի էր, որ այդ վայրկյանին զարթներ Զորաիդայի հայրը և լսեր աղմուկը պարտեզում։ Դուրս նայելով լուսամուտից՝ նա իսկույն նկատեց, որ պարտեզում քրիստոնյաներ կան և սկսեց բարձր ու սուր ձայնով ճչալ արաբերեն․
― Քրիստոնյանե՜ր, քրիստոնյանե՜ր, գողե՜ր, գողե՜ր։
Այս աղաղակը մեզ բոլորիս սաստիկ շփոթմունքի մեջ գցեց։ Այնուամենայնիվ, դավանափոխը, տեսնելով, թե ի՜նչ վտանգի ենք ենթարկվում մենք և ըմբռնելով, որ պետք է վերջ տանք դրան նախքան ծառաները կհավաքվեն կանչի վրա, նա սաստիկ արագ ներս վազեց Հաջի Մորատոյի սենյակը։ Մեր ուղեկիցներից մի քանիսը հետևեցին նրան, իսկ ես սիրտ չարի Զորաիդային մենակ թողնելու, որ գրեթե ուշագնաց ընկավ իմ ձեռքերի վրա։ Վեր բարձրանալով սանդուղքով՝ նրանք այնպիսի ճարպկությամբ գործը գլուխ բերին, որ վայրկյենաբար հետները բերեցին Հաջի Մորատոյին՝ ձեռները կապկպած, բերնի մեջ թաշկինակ կոխած։ Նա չէր կարող բառ անգամ արտասանել, և նրանք մահ էին սպառնում նրան, եթե նա անգամ խոսելու փորձ անելու լինի։ Տեսնելով հորը՝ Զորաիդան երեսը ծածկեց ձեռներով, որպեսզի վրան չնայի, իսկ նա սաստիկ զարմացած էր մնացել դեռևս չիմանալով, որ նա կամովին է անձնատուր եղել մեզ։ Սակայն այն վայրկյանին մենք միմիայն փախուստի մասին էինք մտածում, ուստի արագ֊արագ հասանք նավակին, որտեղ մնացյալները տագնապալից սպասում էին մեզ՝ վախենալով, թե միգուցե մի աղետ է պատահել մեզ։
Գիշերվա ժամի երկուսը դեռ չկար, իսկ մենք բոլորս էլ արդեն նավակի վրա էինք։ Այստեղ Զորաիդայի հոր ձեռներն արձակեցին և բերնից հանեցին թաշկինակը, բայց դավանափոխը կրկնեց, թե եթե նա գեթ մի խոսք ասելու լինի, իսկույն նրան կսպանեն։ Իսկ նա, տեսնելով աղջկան, սկսեց քնքույշ հոգվոց քաշել, և նրա հեծեծանքն ավելի սաստկացավ, երբ որ նկատեց, որ ես նստած եմ նրա հետ գրկախառնված, իսկ աղջիկը չի պաշտպանվում, չի տրտնջում, չի հրում ինձ և ընդունում է հանգիստ կերպով։ Այնուամենայնիվ, նա լուռ էր՝ երկյուղ կրելով, թե միգուցե մենք կատար ածենք դավանափոխի սարսափելի սպառնալիքը։ Զորաիդան, տեսնելով, որ մենք բոլորս արդեն նավի վրա ենք և մտադիր նավարկելու՝ տանելով հետներս նրա հորը ու ձեռները կապկպած մավրերին, խնդրեց դավանափոխից, որ ինձ հաղորդի, թե աղերսում է ինձնից մի շնորհ՝ բաց թողնել մավրերին և ազատել հորը, որովհետև նա ավելի շուտ ծովը կընկնի, քան իր աչքերով տեսնի, թե իր պատճառով գերի են վարում իր ջերմագին սիրած հորը։ Դավանափոխը հաղորդեց ինձ նրա խոսքերը, և ես հավանություն տվի։ Բայց նա պատասխանեց, թե դա լավ չի լինի, որովհետև եթե մենք նրանց հիմա բաց թոնելու լինենք, նրանք օգնության կկանչեն և ողջ քաղաքը ոտի կկանգնեցնեն։ Մեր ետևից մի քանի թեթև նավակներ կուղարկեն, կշրջապատեն ծովից ու ցամաքից, այնպես որ մենք արդեն փրկվելու տեղ չենք գտնի։ Միակ բանը, որ կարելի կլինի անել՝ դա գերիներին առաջին իսկ քրիստոնեական նավահանգստում ափ աջեցնելն է։ Այդպես էլ մենք վճռեցինք։ Երբ Զորաիդային բացատրեցին, թե ինչ պատճառներով մենք ի վիճակի չենք անմիջապես նրա խնդիրը հարգելու, նա էլ մեզ հետ համաձայնեց։ Ահա՛, ուրախ թափով և մեղմ խնդությամբ մեր ղոչաղ թիավարները գործի անցան և բոլոր սրտով իրենց Աստծու կամքին հանձնելով, նավարկեցին Մայորկա կղզիների ուղղությամբ, որ քրիստոնեկան հողին ամենամոտ կղզիներն են։ Սակայն հուսիսային քամին փչեց, ծովը հուզվեց և անհնար եղավ ուղղակի Մայորկա գնալը։ Ստիպվեցինք լողալ ափի երկարությամբ Օրանի ուղղությամբ, մի բան, որ մեզ սաստիկ անհանգստացնում էր, որովհետև վախենում էինք, թե միգուցե մեզ Սարջելից նկատեն, որովհետև Սարջել նավահանգիստն էլ նույն ափի վրա է, Ալժիրից վաթսուն մղոն հեռավորության վրա։ Բացի այդ, այդ ջրերում մենք վախենում էինք որևէ թիանավի դեմ առնել, որ վերադառնալիս լինի Տետուանից՝ ապրանքով բեռնված։ Ասենք՝ մեզնից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին կարծում էինք, թե առևտրական թիանավը ռազմանավ չէ, ուստի հանդիպումը մեզ ոչ միայն չի կործանի, այլ ընդհակառակը՝ նավը գրավելու հնարավորություն կտա, և նրանով մենք կարող կլինենք առավել ապահով ավարտել մեր ճամփորդությունը։ Զորաիդան շարունակ պառկած էր, երեսը ծածկած իմ ձեռներով՝ հորը չնայելու համար, և ես լսում էի, թե ինչպես նա աղոթում էր Լելա Մարիենին և օգնություն հայցում։
Մենք առաջ ընթացանք մոտ երեսուն մղոն, լուսաբացը վրա հասավ, երբ որ մենք ափից հրացանի երեք զարկի հեռավորության վրա էինք։ Ափն ամայի էր, և մեզ ոչ ոք չէր կարող նկատել։ Այնուամենայնիվ, մեր թիավարները բոլոր ուժով զոռ էին տալիս թիերին, որպեսզի բաց ծով գնանք, որ այդ միջոցին մի քիչ հանգստացել էր։ Մի երկու մղոն անցնելուց հետո մենք առաջարկեցինք թիավարներին աշխատել չորս հերթով, որպեսզի հանգստացողները կարողանան բան ուտել, մանավանդ, որ մեր նավակը շատ լավ էր գնում։ Բայց թիավարները պատասխանեցին, որ հանգիստ առնելու ժամանակ չէ և թող իրենց կերակրեն չթիավարողները, իրենք, ինչ էլ լինի, ուզում են շարունակել թիավարել։ Այդպես էլ արվեց, իսկ այդ միջոցին բարեհաջող քամի փչեց և մենք, թիերը թողած, առագաստները բաց արինք և բռնեցինք Օրանի ուղղությունը, որովհետև ուրիշ ուղղությամբ ընթանալն անհնար էր։ Մենք այդ կատարեցինք մեծ արագությամբ և առագաստներով կտրում էինք ավելի քան ութ մղոն մեկ ժամում։ Մի բանից էինք միայն վախենում մենք՝ ծովահենների նավակի հանդիպումից։ Մենք մավրերին ուտելու բան տվինք, և դավանափոխը հանգստացրեց նրանց՝ ասելով, թե նրանց ստրուկ չենք դարձնի, այլ կազատենք առաջին իսկ հարմար առիթով։ Նույնն ասեց նաև Զորաիդայի հորը, որ դրան պատասխանեց․
― Ես պատրաստ եմ շատ բանի հավատալ և շատ բան ակնկալել ձեր բարությունից ու վեհանձնությունից, օ՜ քրիստոնյաներ, սակայն երբ որ դուք ինձ ազատություն եք խոստանում, ես այնքան էլ պարզամիտ չեմ, որպեսզի երևակայեմ, թե դուք, այնպիսի վտանգի ենթարկելով ձեզ և խլելով իմ ազատությունը, հիմա ինձ հետ կդարձնեք։ Չէ՞ որ դուք գիտեք, թե ով եմ ես և, ինձ ձեռք գցելով, ինչ շահ կարող եք քաղել։ Եթե դուք որոշելու լինեք չափը, ապա ես պատրաստ եմ անմիջապես վճարելու ինչ որ պահանջելու լինեք՝ իբրև փրկանք ինձ և իմ դժբախտ դստեր համար կամ թե սոսկ նրա համար, որ նա իմ հոգու լավագույն և մեծագույն մասն է։
Ասելով այդ՝ նա այնպես դառնագին լաց եղավ, որ բոլորս խղճահարվեցինք, իսկ Զորաիդան նայեց նրան և տեսնելով նրա արցունքները, սրտաշարժված վեր թռավ իմ գոգից և փաթաթվեց հորը։ Հպելով իր դեմքը նրա դեմքին՝ աղջիկը լաց եղավ հոր հետ, և շատերը մեզնից չկարողացան զսպել արցունքները՝ այնքան սրտաշարժ էր տեսարանը։ Սակայն, երբ որ հայրը նկատեց, որ աղջիկը տոնական հագուստ է հագել, պճնվել իր թանկագին քարերով, ասաց նրան իրենց լեզվով․
― Ի՞նչ կնշանակի, դուստրս, որ երեկ երեկոյան, նախքան այս սարսափելի դժբախտության պատահելը, ես քեզ տեսա տնային հասարակ շորով, իսկ այսօր հագիդ ամենափարթամ արդուզարդերն եմ տեսնում, որ ես նվիրել եմ քեզ երբևիցե լավագույն օրերում։ Չէ՞ որ զգեստ փոխելու ժամանակ էլ չես ունեցել դու, համ էլ ոչ մի բարի նորություն չի եղել, որ ստիպեր քեզ տոնելու՝ զուգվելով ու զարդարվելով։ Դե, պատասխանիր ինձ, որովհետև այդ հանգամանքը շփոթեցնում ու զարմացնում է ինձ ավելի, քան ինձ վրա հասած աղետը։
Մավրի բոլոր ասածները դավանափոխը թարգմանում էր մեզ։ Իսկ աղջիկը ոչ մի խոսք չէր պատասխանում։ Սակայն Հաջի Մորատոն, նկատելով նավի կողքին դրած տուփը, որի մեջ իր աղջիկը սովորաբար պահում էր իր թանկագին իրերը և մտաբերելով, որ Զորաիդան թողած է եղել Ալժիրում և հետը չէր տարել քաղաքից դուրս գտնվող տունը, շփոթվեց ու հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է եղել, որ տուփը մեր ձեռքն է ընկել և ի՞նչ կա մեջը։ Դավանափոխը առանց սպասելու Զորաիդայի պատասխանին ասաց․
― Նեղություն մի քաշիր, տեր իմ, աղջկանդ այդքան հարցեր տալու։ Ես կարող եմ մեկ խոսքով բոլոր հարցրերի պատասխանը տալ։ Իմացած եղիր, որ նա քրիստոնյա է։ Նա է խորտակել մեր շղթաները և դուրս բերել մեզ գերությունից։ Նա իր բարի կամքով է հետևել մեզ և կարծես թե երջանիկ է ոչ պակաս, քան խավարից լույս դուրս եկողը, մահից դեպի կյանքը, տանջանքից դեպի երանությունը։
―Ճիշտ է նրա ասածը, դուստրս, ― հարցրեց մավրը։
― Ճիշտ է, ― պատասխանեց Զորաիդան։
― Եվ դու իսկապես քրիստոնյա՞ ես և մատնել ես հորդ թշնամիների ձե՞ռքը։
Զորաիդան դրան պատասխանեց․
― Ես քրիստոնյա եմ, այդ ճիշտ է, բայց քեզ չեմ մատնել։ Ես երբեք ցանկություն չեմ ունեցել քեզ լքելու և չարիք գործելու քեզ։ Ես միայն իմ բարին եմ որոնել։
― Եվ ի՞նչ բարիք ես գտել դու քեզ համար, դո՛ւստրս։
― Հարցրու Լելա Մարիենից, նա ինձնից լավ կբացատրի, ― պատասխնեց Զորաիդան։
Մավրը այդ լսելուն պես աներևակայելի արագությամբ գլխիվայր նետվեց ծովը և նա, անշուշտ, կխեղդվեր, եթե նրա երկարափեշ ու լայնարձակ շորը պահ մի չպահեր նրան ջրի երեսին։ Զորաիդան ճիչ բարձրացրեց՝ օգնության կանչելով, և մենք բոլորս վրա տվինք և, բռնելով նրա ալմալաֆայից, հանեցինք ջրից կիսակենդան և ուշագնաց։ Զորաիդան հուսակտուր լաց էր լինում ցավագին ու քնքշագին՝ որպես մեռածի վրա։ Մենք նրան պառկեցրինք երեսի վրա։ Նրա բերնից սկսեց թափվել ջուրը, և երկու ժամից հետո նա ուշքի եկավ։ Այդ ժամանակի ընթացքում քամին փոխեց իր ուղղությունը և մեզ քշում էր դեպի ափ, այնպես որ հարկադրված էին բոլոր ուժերով թիավարելու, որպեսզի ալիքը մեզ ափ չնետի։ Բայց մեր բարի բախտը հաճեց մեզ բերել ծովածոցը, որ փոքրիկ հրվանդանի ետևում էր և որ մավրերը կոչում են Կավա ոումիա, որ մեր լեզվով կնշանակի՝ քրիստոնյա վատ կին։ Մավրերն ունեն մի ավանդություն, որ այդտեղ թաղված է Կավան,<ref>Իապանական հինավուրց ավանդության համաձայն՝ կոմս Հուլիանոսը (ապրել է VIII դարի սկզբում) Իսպանիա է կանչել մավրերին, որպեսզի վրեժ առնի Ռոդրիգո թագավորից, որը պղծել է նրա աղջկան՝ Կավային (մի այլ վարկածով՝ Ֆլորինդային)։ Սակայն այս պատմազրույցը ընդհանուր ոչ մի բան չունի այստեղ հիշատակվող տեղի հետ (ներկայումս Ալբատել հրվանդան), որը արաբերեն կոչվել է Կո՛բոր ոումիա, այսինքն՝ «Հռոմեական դամբարան»՝ երկու հնադարյան տաճարների պատճառով, որոնց ավերակները մինչև այսօր էլ կարելի է տեսնել։ Նկատի առնելով Կո՛բոր (կամ Կովոր) բառի նմանությանը Կավա անվան հետ, ինչպես և այն հանգամանքը, որ նախապես «հռոմեկան» նշանակող ռումի՝ բառը այնուհետև ստացել է «Եվրոպական» (այլ կերպ ասած՝ «քրիստոնեական») բառի ընդհանուր իմաստը, ապա XVI դարի իսպանացիները այդ անվան և իրենց ազգային առասպելի միջև սխալմամբ կապ են տեսել։</ref> որի պատճառով Իսպանիան կորստյան մատնվեց։ Նրանց լեզվով Կավա կնշանակի վատ կին, իսկ ոումիա՝ քրիստոնյա։ Եվ, երբ որ նրանք ստիպված են լինում մերձենալ այդ հրվանդանին և խարիսխ գցել, վատ նշան են համարում այդ և առանց ծայրագույն անհրաժեշտության երբեք չեն անում։ Սակայն մեզ համար այդ տեղը ոչ թե վատ կնոջ ապաստան էր, այլ անվտանգ նավահանգիստ, որ փրկեց մեզ փոթորկից ծովում։ Ափին մենք պահակներ դրինք, իսկ մեր թիավարնեըը շարունակում էին թիերի մոտ նստած մնալ։ Ապա մենք ամրապնդվեցինք սնունդով, որ հետը վերցրել էր մեզ համար դավանափոխը և բոլոր սրտով աղոթեցինք Աստծուն և Սուրբ Կույսին՝ խնդրելով օգնել բարեհաջող ավարտելու այսքան երջանիկ սկսած նավարկությունը։ Զորաիդան նորից սկսեց թախանձել, որ ափ հանենք հորն ու մնացյալ կապկպած մավրերին, որովհետև նրա քնքուշ սիրտը պատառ֊պատառ էր լինում, և նա չէր կարողանում տեսնել իր առջև հորն ու հայրենակիցներին կաշկանդված։ Մենք խոստացանք նրա խնդիրքը կատարել մեկնելուց քիչ առաջ, քանի որ այս ամայի վայրերում նրանց ափ հանելը մեզ համար վտանգավոր չէր։ Մեր աղոթքներն ապարդյուն չմնացին, և երկինքն անսաց մեզ։ Քամու թափը թուլացավ և ծովը խաղաղվեց՝ հրավիրելով մեզ խնդությամբ շարունակելու սկսած ճամփորդությունը։ Այդ տեսնելով՝ մենք արձակեցինք մավրերին և մեկ֊մեկ ափ հանեցինք, մի բան, որից նրանք չափազանց զարմացած մնացին։ Սակայն երբ որ մենք ուզում էինք Զորաիդայի հորը ցամաք հանել, որ այդ միջոցին բոլորովին ուշքի էր եկել, նա ասաց․
― Ի՞նչ եք կարծում, քրիստոնյաներ, ինչու է այդ չար կինն ուրախանում, որ դուք ինձ ազատություն եք շնորհում։ Արդյոք կարծում եք, թե ցավակցությունից դրդվա՞ծ է այդպես վարվում։ Իհարկե՝ ո՛չ։ Նա չի կամենում իմ ներկայությունից շփոթվել իր վատթար մտաղհացումն ի կատար ածելու միջոցին։ Չհավատաք, թե նա հավատը փոխել է՝ համոզվելով, որ ձեր կրոնը մերից լավ է։ Ո՛չ, պարզապես նրան ասած կլինեն, թե ձեր երկրում ավելի հեշտ է անառակությամբ պարապելը, քան թե մեզ մոտ։
Ապա նա հարձակվեց Զորաիդայի վրա, իսկ ես ընկերներիցս մեկի հետ ամուր բռնել էի նրա ձեռները՝ երկյուղ կրելով, թե միգուցե նա վճռել է որևէ խելահեղ քայլ անել։
― Օ՜, անազնիվ և անմիտ կույս, ո՞ւր ես փախչում դու այս շների հետ կուրացած ու խելակորույս՝ մեր բնակա՜ն թշնամիների հետ։ Թող անիծվի՜ քո ծննդյան ժամը, թող անիծվեն փաղաքշանքն ու քնքշությունը, որոնցով ես քեզ մեծացրի։
Տեսնելով, որ նա երկար խոսելու մտադրություն ունի, ես շտապեցի նրան ափ հանել։ Այստեղ էլ նա շարունակում էր անիծել մեզ՝ աղերսելով Մոհամմեդին խնդրել ալլահին, որ բնաջինջ անի, ոչնչացնի և կործանի մեզ։ Եվ երբ որ մենք, առագաստներն արձակելով, անցանք բավական տարածություն, այնպես որ նրա ձայնը այլևս մեզ չէր հասնում, մենք դեռևս տեսնում էինք նրա շարժումները։ Նա փետում էր մորուքը, պոկում գլխի մազերը և թավալվում գետնին, իսկ մեկ անգամ այնքան բարձր աղաղակեց, որ մենք լսեցինք նրա խոսքերը․
― Իմ սիրելի դուստրս, մոտեցի՛ր ափին, ես ամեն ինչ կներեմ քեզ։ Տուր այդ մարդկանց ոսկի, մի բան, որ արդեն նրանց ձեռքին է և եկ մխիթարելու քո ցավագին հորը, որ մեռնելու է այս ամայի ափին, եթե դու նրան լքելու լինես։
Զորաիդան այդ ամենը լսում էր խորունկ զգացմունքով, լաց էր լինում և վերջապես պատասխանեց այսպես․
― Թող հաճելի լինի Ալլահին, հայր իմ, որ քեզ մխիթարի Լելա Մարիենը, որի կամքով ես քրիստոնյա դարձա։ Հայտնի է Աստծուն, որ այլ կերպ վարվել չէի կարող ես, քան վարվեցի և որ իմ վճիռը այս քրիստոնյաներից չէր կախված, որովհետև եթե անգամ ես կամենայի տանը մնալ և նրանց հետ չգնալ, անհնար կլիներ ինձ համար՝ այնքան բոցավառ ցանկություն կար մեջս բարի գործ կատարելու, որ քեզ, սիրելիդ իմ հայր, այնքան վատ է թվում։
Զորաիդան ասում էր, բայց մավրն արդեն չէր երևում, և նա չէր կարող լսել։ Ես սկսեցի մխիթարել նրան, իսկ մնացյալները գործի անցան։ Բարենպաստ քամին օգնում էր մեր նավարկության և մենք բոլորս հավատացած էինք, որ հետևյալ օրը լուսաբացին տեսնելու ենք Իսպանիայի ափերը։ Սակայն շատ հազվադեպ է (ավելի ճիշտ՝ երբեք) բարին գալիս մեզ զուտ առանց որևէ խառնուրդի, առանց ուղեկցության կամ հետևումի որևէ չարի, որ մռայլեցնում ու խավարեցնում է բարին։ Բա՞խտն է արդյոք մեղավոր, թե՞ աղջկա գլխին թափած մավրի անեծքը ― հայրը, ինչ ուզում է լինի, նրա անեծքը մի՛շտ սարսափելի է, ― միայն թե երբ որ մենք բաց ծով դուրս եկանք և առանց թիավարելու սաստիկ արագությամբ առաջ էինք լողում, ― բարենպաստ քամին թույլ տվեց թիավարներին հանգստանալու, ― գիշերվա ժամի երեքին, լուսնի լույսով, որ պայծառ շողում էր երկնքում, մենք նկատեցինք մոտիկից մի կլոր նավ,<ref>Կլոր նավ ― այսինքն՝ նավ, քառանկյունի, և ոչ թե եռանկյունի առագաստներով։</ref> որ մի քիչ թեք, սաստիկ արագությամբ սլանում էր դեմ֊հանդիման։ Նա այնքան մոտիկից անցավ, որ մենք հարկադրված էինք առագաստներն իջեցնել, որպեսզի չզարկվենք նրան, ասենք՝ դիմընթաց նավի վրա էլ բոլոր ուժերով ղեկավարում էին, որպեսզի մեզ բաց թողնեն կողքով անցնենք։ Նավից սկսեցին մեզ հարց ու փորձ անել, թե ովքեր ենք մենք, որտեղից և որտեղ ենք գնում։ Սակայն, որովհետև, նրանք ֆրանսերեն էին հարցնում, ապա դավանափոխը մեզ ասաց․
― Ոչ մի խոսք չպատասխանեք, դրանք անպայման ֆտանսիական ծովահեններ են, որ ոչ ոքի չեն խնայում։
Նման նախազգուշացումից հետո մեզնից ոչ ոք չպատասխանեց։ Մենք անցանք նավի կողքով, քամին քշում֊տանում էր նրան։ Սակայն նույն վայրկյանին երկու թնդանոթային կրակոց արձակեցին մեզ վրա։ Երևի թե գունդերը կրկնակի էին՝ մեկը մյուսին շղթայով կպցրած, որովհետև առաջինը միջից կես արեց մեր կայմը, որ առագաստի հետ ծովն ընկավ, իսկ երկորոդը, արձակված նրա ետևից, անմիջապես դիպավ մեր նավի մեջտեղին, ծակեց, բայց ուրիշ վնաս չհասցրեց։ Տենելով, որ մեր նավակն ընկղմվում է, մենք սկսեցինք աղաղակել և օգնության կանչել՝ աղերսելով, որ մեզ վերցնեն իրենց նավը, որովհետև մենք սուզվում էինք հատակը։ Նրանք հավաքեցին առագաստները և մի նավակ իջեցրին, որի մեջ պատրույգը վառած հրացանները ձեռքին տասներկու ֆրանսիացի նստեց։ Նրանք մոտ լողացին և տեսնելով, որ մենք շատվոր չենք և որ նավակը հատակն է գնում, առան մեզ իրենց նավակը և հայտնեցին, որ այդ դժբախտությունը մեզ այն պատճառով պատահեց, որ մենք այնքան անքաղաքավարի չպատասխանեցինք նրանց հարցին։ Մեր դավանափոխը վրա տվեց Զորաիդայի ակնեղենների տուփին և նետեց ծովը այնպես, որ ոչ ոք չնկատեց, թե նա ինչպես արեց։
Երբ որ մենք ֆրանսիացիների նավի վրա նստեցինք, նրանք մեզ հարց ու փորձ արին, ինչ որ ուզում էին իմանալ և ապա, իբրև ոխերիմ թշնամիներ, մեզ կողոպտեցին՝ խլելով անգամ Զորաիդայի ապարանջանները, որ նրա ոտներին էին։ Սակայն ինձ ոչ այնքան Զորաիդային հասցրած վիրավորանքն էր տանջում, որքան երկյուղը, որ խլելով նրա հարուստ ու թանկագին գանձը, նրանք կփորձեն հափշտակելու այն գանձը, որ բոլոր մնացյալներից թանկ էր և որ նա էլ ամենից բարձր էր գնահատում։ Սակայն այդ մարդիկ լոկ փողի մասին են մտածում, և նրանց ընչաքաղցությունը անհագուրդ է։ Նրանց ագահությունը այն աստիճանի էր հասնում, որ նրանք կանգ չէին առնի մեր վրայից մեր բանտային շորերն էլ հանելուց, եթե միայն մի բանի պետք գալու լիներ։ Ապա նրանք սկսեցին քննարկել՝ չկապե՞ն արդյոք մեզ բոլորիս առագաստի մեջ և ծովը չնետե՞ն, որովհետև նրանք մտադիր էին իսպանական ափերին առուտուր անելու, իրենց բրետոնացիների տեղ ծախելով, ուստի և վախենում էին, թե միգուցե իրենց կողոպուտը բացվի և նրանց պատժեն, եթե նրանք մեզ կենդանի տեղ հասցնեն։ Սակայն նավապետը ― նա՛, որ կողոպտեց իմ սիրեցյալ Զորաիդային, ― հայտարարեց, որ այդ ավարն իրեն բավական է և որ նա չի կամենում և ոչ մի իսպանական նավահանգիստ մտնել, այլ միտք ունի շարունակել ուղին և գիշերով Ջիբրալտարի նեղուցն անցնելով, վերադառնա Լա Ռոշել, որտեղից նրանք դուրս էին եկել։ Ուստի նրանք որոշեցին տալ մեզ նավից մի նավակ և ինչ որ անհրաժեշտ է մեզ մնացած կարճ ճամփի համար։
Այդպես էլ արին նրանք հետևյալ օրը, երբ որ արդեն իսպանական ափը երևում էր։ Հենց որ մենք ափը տեսանք, մեր ուրախությունն այնքան մեծ եղավ, որ մենք մոռացանք մեր բոլոր ցավերն ու տառապանքները, ասես թե մեզ ոչ մի վատ բան պատահած չլիներ։ Այդքան քաղցր էր վերստին գնտել կորցրած ազատությունը։
Երևի կեսօր կլիներ, երբ ֆրանսիացիները մեզ նստեցրին նավակ և տվին մեզ երկու փոքրիկ տակառ ջուր ու մի քիչ չորացած հաց։ Երբ որ չքնաղ Զորաիդան իջնում էր նավակը, կապիտանը, մղված հանկարծակի կարեկցությամբ, նվիրեց նրան քառասուն ոսկի էսկուդո և թույլ չտվեց, որ նավաստիները հանեն նրա շորերը, որոնց մեջ դուք հիմա տեսնում եք նրան։ Մենք նավակ նստեցինք և շնորհակալություն հայտնեցինք մեզ արած շնորհի համար՝ արտահայտելով ավելի շուտ երախտապարտություն, քան տհաճություն։ Ֆրանսիական նավն անհետացավ բաց ծովում ծովածոցի ուղղությամբ, իսկ մենք, ուղղակի մեր դիմաց երևացող ափին ճամփա բռնելով՝ որպես ուղեցույց աստղի, այնպիսի լարվածությամբ զոռ տվինք թիերին, որ մայրամուտի դեմ մոտիկացանք ցամաքին և հույս ունեինք մինչև գիշերվա վրա հասնելը ափ դուրս գալ։ Բայց, որովհետև այդ գիշեր լուսին չկար, երկինքը սև էր, և մենք ստուգապես չգիտեինք, թե որտեղ ենք գտնվում, ապա մենք համարում էինք, թե անվտանգ չէ անմիջապես մոտենալ ափին։ Շատերը թեև կարծում էին, թե դարձյալ ավելի լավ կլինի, որ ափ իջնենք անգամ ժայռերի միջև և բնակավայրից հեռու, որովհետև այն ժամանակ մենք կարող ենք երկյուղ չկրել Տետուանի ծովահեններից, որոնք երեկոյան լինում են Բերբերիայում, իսկ առավոտյան դեմ հաճախ Իսպանիայի ափերի մոտ, որտեղ ավար առնելով, ետ են գալիս գիշերելու տանը։ Իսկ այդ երկյուղը տեղին էր։ Քննարկելով այդ հակառակ կարծիքները՝ մենք ի վերջո որոշեցինք առանց շտապելու մոտենալ ափին և, եթե ծովը շատ փոթորկալից չլինի, ափ ելնել՝ որտեղ որ պատահի։ Այդպես էլ արինք մենք և կես֊գիշերին մոտ հասանք բարձր ու գիրթ լերան ստորոտին, որ, սակայն, անմիջապես ափից չէր սկսվում, այնպես որ հողի մի փոքր շերտ կար, որին կարելի էր հարմար կերպով մոտենալ։ Նավակը խրվեց ավազուտ հատակին, մենք դուրս եկանք ափ և, համբուրելով հողը, մեծամեծ խնդությամբ և արցունքներով շնորհակալ եղանք Աստծուն աննման շնորհի համար, որ առաքել էր մեզ։ Դուրս քաշելով նավը՝ մենք հանեցինք միջից մեր պաշարը և բավական բարձր վեր ելանք սարը։ Սակայն անգամ այստեղ մենք չկարողացանք հանգստացնել մեր սրտի հուզմունքը և վերջնականապես հավատալ, որ մենք ոտ ենք դրել քրիստոնեական հողի վրա։
Լուսաբացն ավելի ուշ բացվեց, քան ես կկամենայի։ Մենք հասանք սարի կատարը և սկսեցինք նայել ամեն կողմ՝ չի՞ երևում արդյոք որևէ գյուղ կամ հովվի խուղ։ Բայց ինչքան էլ լարում էինք մեր տեսողությունը, բան չէր երևում, ո՛չ մարդ, ո՛չ գյուղ, ո՛չ ճամփա, ո՛չ արահետ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք շարունակել մեր ուղին երկրի խորքը։ Հո պիտի՞ մեկն ու մեկը հանդիպեր մեզ, որ ասեր, թե որտեղ ենք գտնվում մենք։ Սակայն ամենից շատ ինձ տանջում էր այն, որ Զորաիդան ոտով էր գնում այս ծանր ճանապարհով։ Ես փորձեցի նրան ուսերիս վրա առնել, բայց նա իմ հոգնածությունից առավել էր հոգնում, քան հանգիստ էր առնում հանգստանալուց և այլևս չէր համաձայնում, որ ես նրան տանեմ։ Նա առաջ էր ընթանում համբերությամբ և ուրախ֊ուրախ՝ բռնած իմ ձեռքը։ Այսպես անցանք մենք մոտ քառորդ մղոն և հանկարծ մեր ականջին հասավ զանգակների ձայն, որ պարզ վկայում էր, թե ոչ հեռու հոտ կա։ Մենք բոլորս սկսեցինք ուշի֊ուշով նայել և վերջապես մի կաղնու տակ նկատեցինք մի երիտասարդ հովվի, որ դանակով ձեռնափայտ էր տաշում՝ խաղաղ ու անհոգ։ Մենք ճչացինք, մեր ձայնի վրա նա արագ վեր թռավ և, ինչպես մենք հետագայում իմացանք, նախ և առաջ նա դավանափոխին և Զորաիդային նկատեց։ Տեսնելով մավրիտանական տարազով մարդկանց՝ նա միտք արեց, թե նրա վրա արշավում է ողջ Բերբերիան և, փախուստ տալով մերին, որ հեռու չէր, սկսեց զիլ ձայնով գոռալ․
― Մավրեր են ափ իջել, մավրե՜ր, մավրե՜ր։ Ի զե՜ն, ի զե՜ն։
Մենք այնքան շփոթվեցինք նրա աղաղակից, որ չգիտեինք, թե ինչ անենք։ Բայց վճռելով, որ այդ աղաղակները ոտի կկանգնեցնեն ողջ աղգաբնակչությանը և որ առափնյա ձիավոր պահակախումբը կգա տեղեկանալու բանի էությունը, մենք դավանափոխին խորհուրդ տվինք հանել տաճկական վերարկուն և հագնել գերու կապա, որ մեր գերիներից մեկը զիջեց նրան, ինքը մնալով շապկանց։ Այսպիսով, հանձնելով մեզ Աստծու կամքին՝ մենք առաջ ընթացանք նույն ճանապարհով, որով փախավ հովիվը, շարունակ սպասելով, թե ահա վրա կհասնի առափնյա պահակախումբը։ Նախազգացումը մեզ չխաբեց, որովհետև հազիվ երկու ժամ գնալուց հետո մերուց դաշտավայրը դուրս գալուց մենք մոտ հիսուն ձիավոր տեսանք, որ արագ֊արագ յորդա սուրում էին մեզ վրա։ Տեսնելով նրանց՝ մենք կանգ առանք՝ սպասելու։ Նրանք մոտ քշեցին ձիերը և, համոզվելով, որ մենք մավրեր չենք, որոնց նրանք որոնում էին, այլ աղքատ քրիստոնյաներ, ըստ երևույթին շփոթվեցին, և նրանցից մեկը հարցրեց, մեր պատճառով չէ՞ արդյոք մի հովիվ «ի զեն» կոչել։ «Այո», ― պատասխանեցի ես և ուզում էի նրան պատմել, թե որտեղից ենք մենք, ովքեր և ինչ է եկել մեր գլխով, բայց այդ րոպեին քրիստոնյաներից մեկը՝ մեր ուղեկիցը, ճանաչեց ձիավորին, որ մեզ հարց ու փորձ էր անում և, կտրելով խոսքս, բացականչեց․
― Փառք տանք Աստծուն, որ մեզ այս երջանիկ աշխարհը բերեց, որովհետև, սինյորներ, եթե ես չեմ սխալվում, մենք քայլում ենք Վե՛լես Մա՛լագա<rer>Վե՛լես Մա՛լագա ― փոքրիկ քաղաք՝ գտնվում է Մալագայից 18 մղոն դեպի արևելք։</ref> քաղաքի հողի վրա։ Եվ եթե գերության տարիները տակավին չեն մթագնել իմ հիշողությունը, ապա դուք, սինյոր, որ հարցնում եք, թե ովքեր ենք մենք, Պեդրո դե Բուստամանտեն եք, իմ քեռին։
Հազիվ էր գերին արտասանել այս խոսքերը, որ ձիավորը, ցած թռչելով ձիուց, գրկեց երիտասարդին և ասաց․
― Քրոջս տղա, հոգուս ու կյանքիս բերկրությունը, ճանաչում եմ քեզ։ Ե՛ս էլ, քո՛ւյրս էլ, քո մայրը և կենդանի մնացած բոլոր ազգականներդ ողբում էին քո մահը, բայց Աստված հաճեց երկարել նրանց օրերը, որպեսզի կարողանան ուրախանալ՝ հանդիպելով քեզ։ Մենք գիտեինք, որ դու Ալժիրում ես և քո, ինչպես նաև քո ուղեկիցների տեսքից ու զգեստից գլխի եմ ընկնում, թե ի՜նչ հրաշքով եք դուք փրկվել գերությունից։
― Հենց այդպես էլ է, ― պատասխանեց երիտասարդը, ― մենք դեռ ժամանակ կունենանք ամեն ինչ մանրամասնորեն պատմելու քեզ։
Երբ որ մյուս ձիավորները լսեցին, որ մենք գերի քրիստոնյաներ ենք, վեր եկան ձիերից և առաջարկեցին մեզ իրենց ձիերը՝ Վե՛լես Մա՛լագա քաղաքը գնալու համար, որ մեկուկես մղոն հեռավորության վրա էր։ Ձիավորների մի մասը, իմանալով մեզնից, թե որտեղ ենք թողել մեր նավակը, գնացին նրա ետևից, որ քաղաք բերեն։ Մնացածները նստացրին մեզ իրենց գավակին։ Զորաիդան հեծավ մեր երիտասարդ գերու քեռու ձին։ Ամբողջ քաղաքը դուրս էր եկել մեզ դիմավորելու, որովհետև ձիավորներից մեկը, մեզնից շուտ հասնելով, արդեն մեր գալստյան լուրը հաղորդել էր։ Բնակիչներին այն չէր զարմացնում, որ իրենց առջև ազատված գերիներ են և գերված մավրեր, ― այս առափնյա բնակիչները սովոր էին թե՛ սրանց, թե՛ նրանց, ― ո՛չ, նրանք զարմացած մնացին Զորաիդայի գեղեցկությունից, որ առանձնապես փայլում էր այն րոպեին։ Երկար ճամփի հոգնածությունից և խնդությունից, որ վերջապես կատարելապես ապահով է և քրիստոնյա երկրում, նրա այտերը ալ կարմիր էին ներկվել։ Եվ, եթե սերը չի կուրացնում ինձ, ես կարող եմ հաստատել, որ ավելի չքնաղ արարած աշխարհս չէր տեսել, առնվազն, իմ աչքերը չէին տեսել։
Մենք ուղղակի գնացինք եկեղեցի, փառք տալու Աստծուն մեզ արած շնորհի համար, և Զորաիդան ներս մտնելով ասաց, որ նա տեսնում է Լելա Մարիենին նմանող դեմքեր։ Մենք նրան բացատրեցինք, թե դրանք սուրբ կույսի սրբապատկերներն են, և դավանափոխը աշխատեց, ինչպես կարող էր, հասկացնել՝ ինչ կնշանակի դա և ինչու նա պիտի պաշտի դրանց այնպես, ինչպես եթե յուրաքանչյուր պատկեր ճշմարտապես Լելա Մարիեն լիներ, որ իր հետ խոսել է։ Զորաիդայի միտքը սուր էր և, բնականից արագ ու պայծառ խելքի տեր լինելով, լուսապատկերների մասին ինչ որ ասվեց՝ հեշտ յուրացրեց։ Ապա մեզ տարան ու տեղակեցին զանազան տներում, իսկ Զորաիդային, ինձ ու դավանափոխին մեր ուղեկից գերին իր ծնողների տունը տարավ, որոնք, բավական ունևոր մարդիկ լինելով, մեզ ոչ պակաս սիրով ընդունեցին, քան իրենց սեփական որդուն։
Վեց օր մենք մնացինք Վելեսում, ապա թե դավանափոխը, հավաքելով բոլոր տեղեկանքները, գնաց Գրանադա քաղաքը, որպեսզի այնտեղ, սուրբ ինկվիզիցիայի միջոցով վերադառնա սուրբ եկեղեցու ծոցը։ Մնացած ազատված քրիստոնյաները գնացին ուր որ ամեն մեկը կամեցավ։ Մնացինք մենակ ես ու Զորաիդան, և մոտներս այն էսկուդոներն էին մնացել, որ Զորաիդան պարտական էր ֆրանսիացու սիրալիրության։ Այդ փողով ես գնեցի այն ձին, որով նա եկավ այստեղ։ Մինչև հիմա ես նրա համար հայր ու զինակիր եմ եղել, բայց ոչ ամուսին, և մենք գնում ենք ծննդավայրս՝ իմանալու՝ կենդանի՞ է արդյոք հայրս և ավելի հաջողակ չի՞ եղել եղբայրներիցս մեկն ու մեկը, քան թե ես։ Թեև, ասենք, ինձ թվում է, թե բախտը, ինձ համար Զորաիդային կենակից առաքելով, չէր կարող ավելի մեծ ու թանկագին բարիք նվիրել։ Զորաիդան այնպիսի համբերությամբ է տանում զրկանքները, որ բխում են աղքատությունից և այնքան սաստիկ է ցանկանում քրիստոնյա դառնալ, որ ես, հիացումով լեցուն, պատրաստ եմ ծառայելու նրան մինչև օրերիս վախճանը։ Սակայն ուրախությունը, որ ես զգում եմ այն մտքից, թե ես պատկանում եմ նրան, իսկ նա՝ ինձ, թունավորում ու սևանում է, որովհետև ես չգիտեմ՝ արդյոք ծննդավայրումս կգտնվի՞ մի անկյուն, որտեղ ես բնակվեի նրա հետ։ Կարող է պատահել, որ հայրս ու եղբայրներս կենդանի մնացած չլինեն կամ թե չէ այս ժամանակամիջոցում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ ինձ դիմավորող մարդ մնացած չլինի։
Ահա և իմ ամբողջ պատմությունը, սինյորներ։ Ինքներդ դատեցեք, թե որքան երևելի ու հաճելի է։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ ես կկամենայի ձեզ ավելի կարճառոտ պատմած լինել, թեև ձեզ ձանձրացնելու երկյուղը առանց այն էլ ստիպեց ինձ մի քանի մանրամասներ դուրս գցելու։