Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 34 566 բայտ, 16:53, 23 Մայիսի 2015
/* Գլուխ XLII */
― Այո՛, մենք լսում ենք, սինյոր, ― պատասխանեց Դորոթեան։
Կարդենիոն հեռացավ, իսկ Դորոթեան, ամբողջապես լսողություն դառած, լսեց հետևյալ երգը։   ==Գլուխ XLIII== Որ զրուցում է ջորեպանի հաճելի պատմությունը, պանդոկում պատահած այլ արտասովոր անցքերի հետ միասին  <poem>Ես ծովային եմ, սիրո ծովային,Եվ փոթորկալի ծովի հոսանքումԹափառում եմ արդ, անհույս ու նկուն,Որևէ մի տեղ կառչել պինդ հողին։ Աստղ֊ուղեցույցով, ջրում հորդազեղԵս լողում եմ և տեսնում անայլայլ,Որ միայն չքնաղ և ճաճանչափայլՊարինուրան է ամենից լուսեղ։ Բայց ո՞ւր է գնում ուղիս, դեպի ո՞ւր,Չգիտեմ, բայց ես, ծովում ալեկոծՁգտում եմ դեպի նա ― ամբողջ հոգով, ―Եվ սրտով անվիշտ, և սրտով տխուր։ Եվ համեստությո՛ւնը իմ վրդովված,Եվ քմահաճույքն իմ բարեսքող,Ինձանից նրան, ինչպես թուղպի քող՝Տանում եմ նրա առաջ ծավալած։ Օ՜, ճառագայթող ա՛ստըղ լուսատու՝Լուսավորում եմ հոգով լույսդ ես,Եթե դու մի պահ քե դեմքը ծածկես՝Հոգուս կլինի պահըդ մահացու։</poem>  Երբ երգիչը հասավ այս տեղին, Դորոթեան խորհեց, թե պետք չէ զրկել Կլարային այդպիսի չքնաղ ձայն լսելու հաճույքից և սկսեց նրան արթնացնել, թափահարելով նրա ուսը։ ― Ների՛ր, մանկիկս, ― ասաց նա, ― որ քեզ արթնացնում եմ, բայց ուզում եմ, որ դու վայելես ձայնի հնչյունները, որից ավելի սիրունը, հավանաբար, դու քո օրում այլևս չես լսի։ Կլարան զարթնեց և սկզբում, քնաթաթախ, չհասկացավ, թե ինչ է ասում Դորոթեան, և երբ որ Դորոթեան կրկին բացատրեց բանի էությունը, Կլարան սկսեց ականջ դնել։ Հազիվ էր երգի երկու տողը լսել, որ երիտասարդը շարունակում էր երգել, որ բռնվեց սաստիկ դողով, ասես թե ջերմի տենդի մեջ ընկած լիներ։ Նա ամուր հպվեց Դորոթեային և ասաց․ ― Ա՜խ, հոգուս ու կյանքիս տիկինդ, ինչո՞ւ ինձ արթնացրիք։ Ինձ համար հիմա ամենամեծ բարիքը կլիներ աչք ու ականջս փակել՝ այդ դժբախտ երգչին չտեսնելու և չլսելու համար։ ― Ի՞նչ ես խոսում, մանկիկս։ Ասում են, թե երգիչը ինչ֊որ ջորեպան է։ ― Ոչ, նա բազմաթիվ կալվածների և իմ սրտում փոքրիկ մի անկյունի տերն է։ Նա այնքան հաստատ է տիրում իմ սրտում, որ առհավետ տեր էլ կմնա, եթե ինքը չկամենա լքել։ Դորոթեան սաստիկ զարմացավ աղջկա սահուն ոճից․ նրան թվաց, թե աղջիկը ավելի է զարգացել իր տարիքի համեմատ, ուստի ասաց․ ― Սինյորա, Կլարա, այնպես բացատրեցեք, որ ես բան հասկանամ, պարզ ասացեք ինձ սրտի, կալվածների և երգչի մասին, որի ձայնը ձեզ այնպիսի շփոթմունքի մեջ է գցում, ձեր ասելն ի՞նչ կնշանակի։ Ասենք, հիմա միք խոսի, թեև ես պատրաստ եմ օգնության հասնելու ձեր տագնապին, սակայն չեմ ուզում երգչին լսելու հաճույքից զրկվել՝ նա, կարծես, նոր երգ նոր ձայնով սկսելու վրա է։ ― Շատ բարի, ― պատասխանեց Կլարան, և երգը չլսելու համար երկու ձեռքով փակեց ականջները։ Դորոթեան, որին այդ բանը զարմացրեց, սկսեց ունկնդրել երգին և լսեց հետևյալը․  <poem>Ո՜վ իմ հույս ու ապավեն,Որ անցնում ես թավուտներով, վիհերովՈւ քայլում ես վեհորենՔեզ կախարդող շավիղներով ծաղկաթով,Օ՜, թող հոգիդ չսոսկա,Որ ամեն քայլ կարող է քեզ բերել մահ։ Ծույլին բաժին չեն ընկնիՀաղթանակներ, հաղթահանդես փառահեղ,Նա բախտավոր չի լինի,Ում չեն կոփել փորձությունները ահեղ,Ով հավատ է ընծայումԾուլությանը, որից սիրտն է թառամում։ Ամուրն ինքն էլ շարունակՎայելքներն է ամեն ինչից վեր դասել,Ամենաթանկ ու միակԻր գանձն է այդ, ուրիշ գանձ չի երազել։Այդպես է միշտ աշխարհում,Արժեք չունի, ինչ որ էժան է տրվում։ Համադրությունը սիրոԸնդունակ է սխրանքների անհնար։Արքայության հետ սիրոԹող իմ ոգին մենամարտի քաջաբար,Գիտեմ, ոգով իմ արիԵս կհասնեմ ոլորտներին աստղերի։</poem>  Երգը վերջացավ և Կլարան նորից հեկեկաց։ Դորոթեայի հարցասիրությունը բորբոքվեց և, կամենալով իմանալ այնքան քաղցր երգի ու այնքան դառը լացի պատճառը, սկսեց հարց ու փորձ անել, թե ինչ են նշանակում Կլարայի խոսքերը։ Վերջինս, երկյուղ կրելով, թե մի գուցե Լյուսինդան լսի, ամուր գրկեց Դորոթեային և հպեց իր շուրթը նրա ականջին։ Վստահ, որ ուրիշն իրեն չի լսի, նա սկսեց այսպես․ ― Այն մարդը, որ հիմա երգեց, տիրուհի, Արագոնի թագավորության մի կաբալյերոյի հարազատ զավակն է, երկու կալվածքի տիրոջ, որի տունը մայրաքաղաքում հորս տան դեմուդեմ է։ Եվ թեև հայրս ձմեռը միշտ փակում էր լուսամուտները քաթանե վարագույրներով, իսկ ամառը փայտե ցանցակերպ փեղկերով․․․ չգիտեմ, թե ինչպես եղավ՝ մի անգամ այդ երիտասարդը, որ սովորում էր դպրոցում, ինձ տեսավ ― գուցե՝ եկեղեցում, գուցե՝ այլ տեղ։ Մի խոսքով՝ նա ինձ սիրեց և սկսեց բացատրել ինձ այդ իր տան լուսամուտից զանազան և անթիվ նշանների միջոցով, և ես նրան հավատացի և նույնպես սիրեցի նրան, թեև դեռևս չգիտեի, թե նա ինձնից ինչ է ուզում։ Ի թիվս այդ նշանների, նա ուներ մի այսպիսին՝ մեկ ձեռքով բռնում էր մյուսը՝ կամենալով դրանով ցույց տալ, թե ուզում է ամուսնանալ ինձ հետ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ տեղի ունենար, բայց որովհետև ես մենակ էի ապրում, առանց մորս, և մարդ չկար, որին ես բացվեի, ապա նրան ոչ մի շնորհ չէի անում, այն բացառությամբ, որ երբ հայրս տանը չէր լինում և նրա հայրն էլ էր բացակայում, ես մի քիչ բաց էի անում վարագույրը կամ փեղկերը, և նա կարողանում էր ինձ տեսնել ամբողջ հասակովս։ Նա այնպիսի թափով էր արտահայտում իր ուրախությունը, որ թվում էր, թե խելագարվելու վրա է։ Վրա հասավ հորս մեկնելու ժամանակը, և նա բանն ինձնից իմացավ, որովհետև ես նրան հաղորդելու ոչ մի հնար չունեի։ Ես լսեցի, թե նա դարդից հիվանդացել է, այնպես որ մեր մեկնելու օրը ես նրան չտեսա և անգամ հայացքով նրան հրաժեշտ չտվի։ Սակայն երկու օրվա ճամփից հետո, մոտենալով մի գյուղական իջևանի, որ այստեղից մեկ օրվա ճամփի վրա է, ես նրան տեսա դարպասի մոտ։ Նա այնքան ճարպկորեն էր ջորեպանի զգեստ հագել, որ եթե նրա պատկերը դրոշմված չլիներ իմ հոգում, անկարելի կլիներ ճանաչել։ Սակայն ես ճանաչեցի նրան, զարմացա և ուրախացա։ Նա հորիցս թաքուն նայեց ինձ։ Նա միշտ թաքնվում է հորիցս, երբ որ ճամփին կամ պանդոկում, որտեղ մենք իջևանում ենք, պատահում է մեզ։ Եվ որովհետև ես գիտեմ, թե ով է նա և հասկանում եմ, որ նա ոտով է ճամփորդում և այնպիսի դժվարություններով միմիայն սիրուց դեպի ինձ, ապա ես մեռնում եմ թախծից և աչքերով հետևում նրա յուրաքանչյուր քայլին։ Ես չգիտեմ, թե ինչ մտադրություններով է նա ուղեկցում մեզ և ինչպես է հաջողել իրեն ջերմագին սիրող հոր տնից փախչել, որովհետև նա միակ ժառանգն է և ընդհանրապես արժանի է սիրվելու, ինչպես ձերդ ողորմածությունը կհամոզվի, հենց որ տեսնի նրան։ Կավելացնեմ, որ բոլոր երգերը նա իրենից է հնարում, և նրա մասին ինձ ասել են, թե նա առաջադիմում է գիտությանց մեջ և շատ լավ բանաստեղծ է։ Այն էլ իմացեք, որ ամեն անգամ նրան տեսնելուց կամ նրա երգը լսելուց ես ամբողջ մարմնով դողում ու սարսափում եմ, որ հայրս նրան կճանաչի և կիմանա, մեր սերը։ Ես իմ օրում նրան մի խոսք ասած չկամ, այնուհանդերձ ես նրան այնքան սաստիկ եմ սիրում, որ չեմ կարող ապրել առանց նրան։ Ահա և բոլորը, տիրուհի, ինչ որ կարող եմ պատմել ձեզ երգչի մասին, որի ձայնը ձեզ այնքան հիացրել էր։ Միայն նրա երգից դուք կարող էիք կռահել, որ նա ոչ թե ջորեպան է, ինչպես ասում եք դուք, այլ կալվածների և սրտերի տեր, ինչպես ես ասացի ձեզ։ ― Այդքանը բավական է, սինյորա դոնյա Կլարա, ― ընդհատեց նրան Դորոթեան՝ սփռելով նրա երեսին հազար համբյուր։ ― Կրկնում եմ, բավական է։ Սպասեցեք մինչև օրը բացվի և, հուսով եմ, մեր գործն այնպիսի ուղիով կընթանա, որ երջանիկ վախճանը կպսակի այդքան անարատ սկիզբը։ ― Ա՜խ, տիրուհի, ― ասաց դոնյա Կլարան, ― ես ինչպես՞ երջանիկ վախճան հուսամ, երբ նրա հայրը այնքան ազնվատոհմ ու հարուստ է, որ ոչ միայն իր որդուն թույլ չի տա ամուսնանալ ինձ հետ, այլ թույլ չի տա վերցնել ինձ իբրև սպասուհի։ Միաժամանակ ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի պսակվել նրա հետ իմ հորիցս ծածուկ։ Ես կկամենայի, որ այդ երիտասարդը վերադառնար տուն և ինձ հանգիստ թողներ։ Թերևս անջատումը և ահագին տարածությունը, որ կփռվի մեր միջև, մի քիչ կթեթևացնեն իմ հիմիկվա տառապանքը։ Ասենք, ես լավ գիտեմ, որ իմ խորհած դեղը շատ քիչ կօգնի ինձ։ Չգիտեմ, թե ինչ սատանայի մեղքն է և որտեղից եկավ մտավ մեջս այդ սերը։ Չէ՞ որ ես էլ եմ դեռևս այնքան երիտասարդ, նա էլ։ Մենք, կարծեմ, մի տարվա ծնունդ ենք, իսկ իմ տասնվեցն էլ դեռ չի լրացել, հայրս ասում է, թե ես տասնվեց տարեկան կդառնամ սուրբ Միքայելի օրը։ Դորոթեան չկարողացավ ծիծաղը պահել՝ լսելով սինյորա Կլարայի մանկամիտ դատողությունները և ասաց․ ― Հանգստացեք, սինյորա, մինչև առավոտ, կարծեմ, քիչ է մնացել, իսկ վաղը, Աստված տա, մի բան կհնարենք ― ես կաշխատեմ ձեզ համար։ Այս խոսքերից հետո նա քնեց և ողջ պանդոկն ընկղմվեց խորին լռության մեջ։ Քնած չէին միայն տանտիկնոջ աղջիկն ու Մարիտորնեսը, որոնք, ճանաչելով դոն Կիխոտի տարօրինակ բնույթը և տեսնելով, որ նա, պահակի պես, ձիով, սպառազինված պտտում է պանդոկի շուրջը, վճռել էին կատակ անել և առնվազն զվարճանալ նրա ցնդաբանություններից։ Ողջ տունը ոչ մի լուսամուտ չուներ դեպի դաշտը, բացի դարմանատան լսանցքից, որտեղից ներս էին ածում դարմանը։ Մեր երկու կիսակույսերը<ref>Այն իմաստով, որ նրանցից օրիորդ էր միայն մեկը՝ տանտիրոջ աղջիկը։</ref> կանգնեցին այդ լսանցքի մոտ և տեսան դոն Կիխոտին ձիու վրա, հենված նիզակին, ժամանակ առ ժամանակ այնպիսի խոր ու ցավագին հոգվոց հանելիս, որ կարծես ամեն մի հոգվոցի հետ նրա սիրտը կտրատվում էր։ Եվ լսեցին նրանք, թե ինչպես նա քաղցր ու քնքույշ ձայնով ասում էր․ ― Օ՜, տիրուհիդ իմ, Դուլսինեա Տոբոսցի, սահման ամեն գեղեցկության, ծայր ու եզր իմաստության, սրամտության բուն, անոթ առաքինության, մարմնացում վայելչության և խնդության աշխարհիս երեսին։ Ի՞նչ է անում հիմա քո ողորմությունը։ Չե՞ս մտաբերում դու արդյոք պատահմամբ քեզնով գերված ասպետին, որ հոժարակամ ենթարկում է ինքն իրեն այսքան վտանգների՝ միայն, միմիյան քեզ ծառայելու համար։ Օ՜, եռադեմ լուսատու,<ref>Եռադեմ լուսատու ― Լուսինը, որին հները հաճախ անվանում էին «եռադեմ» աստվածուհի, որը միացնում էր իր մեջ երեք առասպելական ասպեկտ՝ Լուսին, Դիանա և Հեկատա։</ref> լուր բեր ինձ նրանից։ Թերևս այս րոպեիս դու նախանձով նայում ես նրա դեմքին այն միջոցին, երբ նա ման է գալիս իր շքեղ պալատի պատշգամբում, կամ թե կրծքով հենած պատշգամբի մահաջարին՝ խորհում է, թե ինչ անի, որպեսզի առանց իր մեծությունն ու պատիվը նվաստացնելու մեղմացնի ցավերը, որոնց ենթարկվում է իմ սիրտը նրա՛ պատճառով։ Եվ խորհում է նա, թե ինչ վայելքներով պսակի նա ինձ տառապանքներիս համար, ինչ հույս ներշնչի հուսահատությանս համար, ինչ կյանք տա մահվանս փոխարեն, ինչ պարգև՝ ծառայությանս համար։ Եվ դո՛ւ, արև, որ շտապում ես նժույգներդ լծես, որպեսզի արշալույսին ընդառաջ ելնես իմ տիրուհուն, աղաչում եմ՝ երբ որ նրան տեսնես, ինձնից ողջույն տուր նրան։ Սակայն ողջագուրելով նրան՝ զգուշացիր համբուրել նրա դեմքը, թե չէ ես կխանդեմ ավելի, քան դու էիր խանդում արագոտն ու անզգա կույսին, որի ետևից քրտնաթոր վազ էիր տալիս Թեսսալիայի տափարակներով կամ Պենե՛ոյի ափերով (հաստատ չեմ հիշում, թե որ տեղում), սիրահարված ու խանդոտ։<ref>Սիրահարված ու խանդոտ ― ակնարկում է Ապոլլոնի մասին եղած առասպելը, Ապոլլոնի, որը իր սիրով հալածել է հավերժահարս Դաֆնային։</ref> Երբ որ դոն Կիխոտը հասավ իր սրտառուչ ճառի այդ տեղին, տանտիկնոջ աղջիկը նրան կամացուկ կանչեց ու ասաց․ ― Բարի եղեք, ձերդ ողորմածություն, այստեղ գալ։ Դոն Կիխոտը գլուխը դարձրեց նրա ձայնին և լուսնի լույսով, որ ողողել էր շուրջը իր փայլով, տեսավ, որ մեկն իրեն կանչում է լսանցքից (լսանցքն էլ նրան մեծ լուսամուտ թվաց՝ ոսկեջրած վանդակով պատած, ինչպես լինում են հարուստ դղյակներում, որովհետև, ինչպես մենք գիտենք, նա պանդոկը դղյակի տեղ էր դնում) և նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ ինչպես և անցյալ անգամ, թե դղյակի տիրուհու չքնաղ դուստրը, կրքով բռնված, դարձյալ նրա սերն է հայցում։ Այդպես խորհելով և չկամենալով, որ իրեն անուշադիր կամ անքաղաքավարի համարեն, նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, մոտեցավ լուսանցքին և, դիմելով աղջիկներին, ասաց․ ― Շատ ցավում եմ, սիրունագեղ սինյորա, որ դուք ձեր միտքը դարձրել եք մի մարդու վրա, որը չի կարող ձեզ չպատասխանել այնպես, ինչպես արժանի է ձեր սիրալիրությանն ու մեծամեծ արժանիքներին։ Սակայն դուք չպիտի մեղադրեք դժբախտ թափառական ասպետին, որովհետև սերը թույլ չի տալիս նրան ծառայել ոչ ոքի, բացի տիկնոջից, որ այն վայրկյնաից, որ նրան տեսավ իր աչքերով, ― իր սրտի ինքնիշխան տիրուհին դառավ։ Ներեցեք ինձ, բարի սինյորա, հեռացեք ձեր սենյակը և միք հայտնի այլևս ինձ ձեր զգացմունքը, որովհետև այլ կերպ դուք ինձ հարկադրած կլինեք ավելի մեծ անքաղաքավարություն ցուցադրելու։ Սակայն եթե, չնայած ձեր սիրուն դեպի ինձ, կարող եմ որևէ այլ բանով, բացի սիրուցն իսկ, բավարարել ձեր ցանկությունը, ներեցեք ինձ և, երդվում եմ իմ բացակա քնքուշ թշնամու անունով, ես անհապաղ կկատարեմ ձեր խնդիրքը, անգամ եթե դուք ինձնից Մեդուզայի մազերից մի հյուս ուզենալու լինեք, որ հյուսված լիներ օձերից կամ թե սրվակի մեջ ներփակված արևի ճառագայթներ։ ― Ոչ մի դրա պես բան իմ տիրուհուն պետք չէ, սինյոր ասպետ, ― ընդհատեց նրան Մարիտորնեսը։ ― Իսկ ի՞նչ է պետք ձեր տիրուհուն, պարկեշտ տիկին, ― հարցրեց դոն Կիխոտը։ Նա միայն խնդրում է, որ դուք մեկնեք իրեն ձեր գեղեցիկ ձեռներից մեկը, ― պատասխանեց Մարիտորնեսը, ― որովհետև նրան քսվելը կհանգստացնի կիրքը, որ դրդել է նրան, վտանգի ենթարկելով պատիվը, երևալ այս լուսամուտից։ Չէ՞ որ եթե նրա հայրը իմանա նրա վարմունքի մասին, առնվազն նրա ականջը կկտրի։ ― Տեսնեմ, թե ինչպես կանի՜, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե նա հանդգնի այդ անել, ապա նրան վրա կհասնի այնպիսի ցավալի վախճան, որ մինչև օրս իր սիրասուն դստեր քնքուշ անդամների վրա ձեռք բարձրացնել խիզախող ո՛չ մի հոր գլխին եկած չի եղել։ Մարիտորնեսն, համոզվելով, որ դոն Կիխոտն իր խնդիրքը կկատարի և ձեռքը կմեկնի, իսկույն գլխի ընկավ, թե ինչ պիտի անի։ Նա ցած իջավ, վազեց գոմը, այնտեղից վերցրեց Սանչո Պանսայի էշի նոխտան և սաստիկ արագությամբ վերադարձավ այն րոպեին, երբ դոն Կիխոտը, երկու ոտով Ռոսինանտի թամքի վրա կանգնելով, ձգվել֊հասել էր վանդակապատ լուսամուտին, որի ետևը, ինչպես նա երևակայում էր, նստած էր սիրուց խոցված աղջիկը և արդեն մեկնել էր իր ձեռքն ու ասում․ ― Ընդունեցեք, սինյորա, այս ձեռքը, կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, աշխարհիս բոլոր չարագործների այս խարազանը։ Կրկնում եմ՝ ընդունեցեք ձեռքը, որին դեռևս ոչ մի կին դիպած չկա, անգամ նա, որ անբաժան տիրում է իմ ամբողջ էությանը։ Ես նրա համար չեմ մեկնում ձեզ, որ դուք համբուրեք, ― ո՛չ․ նայեցեք ջիլերի հյուսվածքին, մկանունքների կազմվածքին, նրա երակների հաստությանն ու ամրությանը։ Ինքներդ դատեցեք՝ ի՜նչ ուժ պիտի ունենա այդպիսի թաթ ունեցող ձեռքը։ ― Իսկույն մենք այդ կտեսնենք, ― պատասխանեց Մարի Տորնեսը։ Նախտայի մեկ ծայրը հանգույց կապելով, նա գցեց դոն Կիխոտի ձեռքին, ապա, լսանցքից դեն վազելով, մյուս ծայրը կապեց դարմանատան դռան փակիչից։ Ցավ զգալով ձեռքը սեղմող թոկից՝ դոն Կիխոտն ասաց․ ― Ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունը ոչ թե շոյում է իմ ձեռքը, այլ քերիչ է քսում։ Այդպես դաժան միք վարվի։ Ձեռքս մեղավոր չէ, որ իմ սառնությունը ձեզ ցավ է պատճառում։ Պետք չէ ձեր ողջ զայրույթը թափեք իմ մարմնի այդքան փոքր մասի վրա։ Իմացած եղեք, որ ով սիրում է, նա չպիտի այդքան խիստ վրեժխնդիր լինի։ Սակայն դոն Կիխոտի խոսքերը լսող չկար, որովհետև հենց որ Մարիտորնեսը նրան կապեց, երկու աղջիկն էլ փախան ծիծաղից մեռնելով և թողեցին նրան այնպիսի դրության մեջ, որ ազատվելու հնար չկար։ Ինչպես մենք ասացինք, մեր ասպետը ողջ հասակովը մեկ կանգնած էր Ռոսինանտի վրա, ձեռքը կոխած լսանցքի մեջ, որ նախտայով կապված էր դռան փակիչից։ Նա ահ ու դողի մեջ էր, որովհետև Ռոսինանտի թեթև շարժումից դեպի աջ կամ ձախ կողմը նա կախ կընկներ մեկ ձեռքի վրա, ուստի նա զգուշանում էր շարժվելուց և հույսն այն էր, որ Ռոսինանտը այնքան հանգիստ ու համբերատար է, որ կարող է դարերով անշարժ կանգնած մնալ։ Վերջապես, գլխի ընկնելով, որ իրեն կապել են և տիկինները գնացել, նա երևակայեց, թե այդ անցքում դարձյալ կախարդության մատը խառն է, ինչպես անցյալ անգամ, երբ որ նույն այս դղյակում նրան ջարդեց մի մավր, որ հրաշալի կերպով կերպարանափոխ եղավ և ջորեպան դառավ։ Դոն Կիխոտը սկսեց անիծել հապճեպությունն ու անխոհեմությունը՝ ինչո՞ւ է իջևանել երկրորդ անգամ մի դղյակում, երբ որ առաջին իսկ անգամը նա այնքան ցավալի դրության մեջ դուրս եկավ այնտեղից։ Չէ՞ որ թափառական ասպետության կանոնադրության մեջ ասված է, թե եթե որևէ ասպետի արկածն անհաջող է ավարտվում, ապա դա կնշանակի, որ ուրիշի համար է նախորոշված եղել և, հետևաբար, կարիք չկա այդ գործին նորից ձեռնամուխ լինել։ Խորհելով այդ՝ նա շարունակ քաշ էր տալիս ձեռքը՝ աշխատելով արձակել, բայց այնքան ամուր էր կապած, որ նրա բոլոր ճիգերը ապարդյուն անցան։ Ճիշտ է, նա ձեռքը զգույշ էր քաշում վախենալով, թե միգուցե Ռոսինանտը տեղից շարժվի։ Եվ թեպետ նա շատ կուզենար իջնել և նստել թամքին, բայց պետք է կամ կանգնած մնար կամ պոկեր ձեռքը։ Նա սկսեց երազել Ամադիսի թրի մասին, որի դեմ անզոր են բոլոր կապքի խոսքերը։ Նա սկսեց անիծել իր բախտը։ Սկսեց դարդ անել այն վնասի համար, որ կհասնի աշխարհին իր բացակայության ժամանակ, և երբ նա կախարդված անց կկացնի այստեղ (իսկ որ նա կախարդված էր ― հաստատ համոզված էր)։ Նորից սկսեց մտաբերել իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցուն։ Սկսեց կանչել իր բարի զինակիր Սանչո Պանսային, որ այդ միջոցին, մեկնված էշի փալանի վրա, այնպիսի խոր քուն էր մտել, որ չէր հիշում նույնիսկ մորը, որ իրեն աշխարհ էր բերել։ Սկսեց կոչ անել իմաստուն Լիրզանդեոյի և Ալկիֆեի օգնության։ Իսկ երբ վերջապես առավոտը բացվեց, դոն Կիխոտն այնքան հուսահատվեց ու շշմեց, որ եզան պես բառաչեց, որովհետև այլևս հույս չուներ, որ լույսը բացվելուց հետո իր աղետը կավարտվի։ Նրան թվում էր, թե սաստիկ կախարդված է, և նրա տառապանքը կտևի առհավետ։ Այդ համոզումը նրա մեջ զորանում էր այլև այն պատճառով, որ Ռոսինանտը ամբողջ այդ ժամանակի ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ չերերաց և ահա, խորհում էր նա, վիճակվում է իրե՛ն էլ, ձիո՛ւն էլ այսպես կանգնած մնալ, առանց ուտելու, խմելու, քնելու, մինչև որ համաստեղությունների չար ազդեցությունը վերջանա կամ մինչև որ մի ուրիշ, ավելի իմաստուն կախարդ իրեն կախարդաթափ անի։ Սակայն նա չարաչար սխալվում էր իր ենթադրություններում, որովհետև հենց որ լույսն սկսեց բացվել, իջևան եկան չորս ձիավոր՝ լավ հագնված, կարգ ու սարքը տեղը, թամքերի առջևից պատրույգավոր հրացան կախած։ Պանդոկի դուռը դեռ փակ էր, և եկվորներն սկսեցին ամուր բախել։ Դոն Կիխոտը, որ այնուհանդերձ շարունակում էր պահակի պարտականություն կատարելը, տեսավ նրանց և բարձր ու զայրացած ձայնով բղավեց․ ― Ասպետնե՛ր, զինակիրնե՛ր, կամ ով որ եք, դադարեցեք այս դղյակի դուռը թակելուց։ Պարզ չէ՞ միթե ձեզ համար, որ այս վաղորդյան ժամին բնակիչները դեռ քնած են և որ ամրոցների դարպասները սովորաբար բացվում են ոչ առաջ, քան արևը սփռում է իր ճառագայթները երկրի վրա։ Գնացե՛ք և սպասեցե՛ք մինչև օրը բացվի, այն ժամանակ մենք կտեսնենք՝ պե՞տք է ձեզ ներս թողնել, թե՞ ոչ։ ― Այս ի՞նչ սատանայի ամրոց կամ դղյակ է, ― ասաց ձիավորներից մեկը, ― և ի՞նչ արարողություններ կարող են լինել այստեղ։ Եթե դուք իջևանի տերն եք, կարգադրեցեք, որ դուռը բաց անեն, մենք ճամփորդներ ենք, պետք է ձիերին գարի տանք և շարունակենք մեր ուղին, մենք շատ շտապում ենք։ ― Մի՞թե ձեզ, կաբալյերո, թվում է, թե ես նման եմ իջևանի տիրոջ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Չգիտեմ, ումն եք նման, ― պատասխանեց ձիավորը, ― միայն գիտեմ, որ դատարկ բաներ եք դուրս տալիս՝ պանդոկը դղյակ անվանելով։ ― Այո՛, սա դղյակ է, ― ասաց դոն Կիխոտը, ― այն էլ այս վայրերում լավագույններից մեկը, մեջն էլ մարդիկ կան, որ ձեռքին գայիսոն են կրել և գլխին թագ դրել։ ― Ավելի լավ կլիներ, ― պատասխանեց ճամփորդը, ― ընդհակառակ՝ եթե գայիսոնը գլխին լիներ, իսկ թագը՝ ձեռին։<ref>Իսկ թագը՝ ձեռին, ― ակնարկ է այն մասին, որ հանցագործների ձեռքին թագի ձև ունեցող խարան էին դնում։</ref> Ըստ երևույթին, այդտեղ պարզապես դերասանական խումբ կա, որ, ինչպես հայտնի է, հաճախ թագ է ունենում, գայիսոն էլ, որովհետև ես չեմ կարծում, որ այսպիսի փոքրիկ, խորին լռության մեջ ընկղմված մի պանդոկում թագ ու գայիսոնի արժանի մարդիկ գիշերելիս լինեն։ ― Վատ եք ճանաչում աշխարհս, ― առարկեց դոն Կիխոտը, ― եթե ձեզ անհայտ են թափառական ասպետներին պատահող արկածները։ Դոն Կիխոտի հետ խոսակցության բռնված ձիավոր ուղեկիցների զահլան վերջապես գնաց այդ վեճից, և նրանք նորից սկսեցին այնքան կատաղի դուռը բախել, որ պանդոկում բոլորը զարթնեցին, և տերը դուրս եկավ իմանալու, թե ով է դուռը թակում։ Այդ միջոցին ձիվորների չորս ձիերից մեկը մոտեցավ և սկսեց հոտոտել Ռոսինանտին, որ ականջները կախ արած, տխուր ու մտազբաղ և անշարժ պահում էր իր կախ ընկած տիրոջը։ Սակայն թեև նա փայտ էր թվում, այնուամենայնիվ, նրա երակներում արյուն էր հոսում։ Նա անզգա չմնաց փաղաքշանքին և իր հերթին ձգվեց, բարեկամին հոտոտելու համար։ Սակայն հենց որ նա թեթև շարժում արեց, դոն Կիխոտի ոտները տեղաշարժ եղան և սահեցին թամքից, այնպես որ նա գետին կթրմփար, եթե կախ ընկած չմնար նոխտայից։ Նա իսկույն սարսափելի ցավ զգաց, ասես թե նրա թաթը կտրելիս լինեին կամ թե ձեռքը պոկելիս՝ ուսից։ Նա այնքան մոտիկ էր կախվել գետնից, որ ոտով դիպչում էր, բայց դրանից ավելի վատ էր՝ որովհետև, տեսնելով, որ կարող է ողջ ոտով կանգնել գետնի վրա, նա բոլոր ուժով աշխատում էր հասնել գետնին այն մարդկանց պես, որոնց տանջում են իր առանցքի շուրջը պտտող գործիքով, երբ որ նրանք, աշխատելով ձգվել, ավելացնում են իրենց տանջանքը, որովհետև նրանց խաբում է ոտներով գետնին հասնելու հույսը։
Ադմին, Վստահելի
1876
edits